Za darmo

Սալբի

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Ը
ՄԻ ԾԱՂԻԿ, ԽԵՂԴՈՂ ՓՈՒՇԵՐԻ ՄԵՋ

Մի օր մի անծանոթ հյուր հայտնվեցավ տեր-Առաքելենց տանը, մի տղամարդ, երեսունհինգ տարեկան, վայելուչ հասակով և եվրոպական հագուստով: Նրա անունն էր Արամ Աշխարունի, բնիկ պարսկաստանցի, որը բարեբախտություն էր ունեցել իր տասնևչորս տարեկան հասակում հանդիպելու մի ամերիկացի ճանապարհորդի և նրա հովանավորությամբ տարվում է Նոր աշխարհը և յուր բարերարի շնորհիվ ընդունվում է որպես աշակերտ Նյու-Յորքի մի աստվածաբանական ճեմարանի մեջ:

Յուր ուսումն ավարտելով՝ պարոն Աշխարունին ստանում է աստվածաբանության վարդապետի տիտղոս. դուրս գալով ճեմարանից` մտնում է միսիոներական կարգը և որպես առաքյալ Ավետարանի քարոզության՝ ուղարկվում է Հնդկաստան: Այնտեղ հինգ տարի շարունակ աստծո խոսքը բարբարոսներին քարոզելով և միանգամայն լեռնաբնակներից սաստիկ վերքեր ստանալով, պարոն Աշխարունին հիվանդ տարվում է Ամերիկա: Բայց առողջանալուց հետո յուր կյանքի մնացյալ օրերը յուր ազգին պիտանի կացուցանելու մտոք, նորահաս քարոզիչը, աշխարհի երեսին երկար թափառելուց հետո դադար է գտնում Պարսկաստան:

Տեսնելով յուր ազգակիցների ցավալի վիճակը` «խեղճը եկավ նրանց վրա, որ աշխատած և ցրված էին, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեին»: Ընդունվելով տեր-Առաքելենց տանը՝ պարոն Աշխարունին մի քանի օրից հետո հայտնեց մահտեսի Ավետիսին, թե ինքը պատրաստ էր բոլորովին ձրիաբար ծառայել նրա զավակների ուսման և կրթության: Մահտեսի Ավետիսը սիրով հոժարվեցավ այդ առաջարկության: Եվ շուտով պարոն Աշխարունին աշակերտներ ունեցավ հանձին պատանի Ռուստամի և նրա մորաքույր օրիորդ Սալլաթինի: Բայց տարվա ընթացքում նա ունեցավ և այլ աշակերտներ և աշակերտուհիներ, որոնց ծնողները աղքատ մարդիկ լինելով և օգուտ քաղելով ձրի դասավանդությունից, իրանց երեխաները դուրս բերելով տերտերների և տիրացուների տնից` հանձնում էին պարոն Աշխարունուն:

Պարոն Աշխարունին տեսնելով յուր գործի հաջողակ ընդունելությունը և այն, որ օրեցօր բավական ավելանում էր նրա աշակերտների թիվը, մտածեց ավելի կազմակերպել յուր վարժարանը: Տեր-Առաքելենց վրա ծանրաբեռնություն չլինելու համար նա վարձեց մի այլ տուն, ուր հաստատեց երկու սեռի մանկանց համար երկու առանձին դպրատներ:

Բայց նրա գործին ավելի շատ ուժ և զորություն տվող մեկենասը մահտեսի Ավետիսն էր: Իսկ երբ պարոն Աշխարունու հեռավոր բարեկամները հասկացան նրա հաջողակ գործունեությունը Պարսկաստանում, խոստացան նյութապես օգնել նրան, որով ժրաջան վարժապետը միտք ուներ առավել բարեկարգել յուր վարժարաններին դրությունը: Բայց հանկարծ մի փոթորիկ բարձրացավ խառնիճաղանջ տգետների կողմից և «նրա սերմերը փուշերի մեջ բուսան, և փուշերը խեղդեցին նրանց»:

Խավարասեր տերտերները, որկրամոլ տիրացուները՝ զրկվելով արաղի (օղի) և գինու սրվակներից, քուֆտայի և տոլմայի ամաններից, և այն բոլոր պատիվներից, որ նրանք ստանում էին իրանց աշակերտների ծնողներից, որպես երկրորդական վարձք, սկսեցին չարաչար նախանձիլ, և հրեական աղմուկներ բարձրացնելով ասել, թե «դա մոլորություն է ուսուցանում»: Օգնական գտնելով իրանց վիճակային առաջնորդ տեր Սուրմակյան արքեպիսկոպոսին և Ծաղկավանի աղա Մելիք Պիղատոս Ավազակյանցին և մի քանի վասակներին և մեհրուժաններին, իրանց բոլոր կատաղությամբ մոլեգնած ամբոխը, մի բան կաշառք տալով խանին, փակեցին պարոն Աշխարունու վարժարանի դռները` արգիլելով ժողովրդին իրանց որդիքը նրա մոտ ուսանելու ուղարկելուց:

Պարոն Աշխարունին մնաց դարձյալ առանց աշակերտի, տրտում և հուսահատ, յուր պարապմունքը նվիրելով միայն տեր-Առաքելենց Ռուստամի և նրա մորաքույր օրիորդ Սալլաթինի կրթության և մի քանի այլ աշակերտների, որոնք գաղտնապես ուղարկվում էին նրա մոտ:

Պետք է չմոռանալ մահտեսի Ավետիսի ազգասիրական զոհաբերությունները, որ չնայելով թե այն տարին նրա այգին շատ վնաս էր բերել, նա միշտ պաշտպան կանգնեց գիտնական վարժապետին, ամենևին չթուլացնելով յուր մեջ ուսումնասիրության եռանդն ու փափագը:

Բայց օրիորդ Սալլաթինը աննկատելի կերպով աճում և հասունանում էր, նրա մտավոր և բարոյական կրթության հետ` օրեցօր նրա գեղեցկության վարդերը ծաղկում, փթթում և անուշահոտվում էին: Բայց պարոն Աշխարունին չգիտեր և նրա գլխով չէր անցել այն միտքը, որ մահտեսի Ավետիսը և նրա կին տիկին Սկուհին վաղուց իրանց մտքում դրել էին, որ պարոն Արամին իրանց փեսա դարձնեն: Երբ հայտնեցին նրան այդ մասին, նա համարեց մեծ սրբապղծություն՝ ամուսնանալ յուր աշակերտուհու հետ, որի վրա մինչև այն օր նայել էր եղբոր աչքով, որպես յուր հարազատ քրոջը:

Երկար ստիպմունքներից, երկար թախանձանքներից հետո, պարոն Աշխարունին, յուր նպատակները իրագործելու հեռատեսությամբ թե վատ չէր լինի այդ երկրի մեջ հաստատվել, վերջապես, անհնարին տհաճությամբ՝ ընդունեց օրիորդ Սալլաթինի ձեռքը:

Տիկին Սալլաթինը, ուսած լինելով ոչ միայն հայերեն լեզուն, այլև բավական անգղիերեն և ֆրանսերեն և մասնավորապես ուսումնասիրած լինելով մի քանի արհեստներ և առավելապես կրթված լինելով Աստվածաշնչի գիտությամբ, կարճ ժամանակվա մեջ հավաքեց մի քանի աղջիկներ յուր բարեկամներից և նրանց կրթության հոգսը յուր վրա առավ:

Այդ մի քանի աշակերտուհիները, որ տիկին Աշխարունին պահում էր յուր մոտ կար ու ձև սովորեցնելու անվամբ, խավարասերների կողմից հարուցին ոչ սակավ հալածանք դեպ նրանց ծնողները. շատ կարելի էր մյուս անգամ ցրվեին տիկին Սալլաթինի աշակերտուհիների փոքրիկ ժողովը, եթե նրանց չօգներ պարոն Խոսրով Մելիքզադեն, մի հարուստ տղամարդ յուր խելքով, ուսմամբ և արծաթով:

Յուր նոր մեկենասի՝ պարոն Մելիքզադեի շնորհիվ, տիկին Աշխարունին բավական հաստատելով յուր վարժարանի դրությունը, յուր ուշադրությունը դարձրեց դեպ օրիորդ Սալբին` յուր քրոջ` տիկին Սկուհու որդի Ռուստամի նշանածը, մտածելով, թե մեծ անհարմարություն էր մի շատ ու քիչ ուսյալ տղամարդին ունենալ մի անկիրթ կին: Այդ պատճառով նա շատ աշխատություն թափեց, մինչև կարողացավ նրա մոլեռանդ մորը՝ տիկին Թարլանին համոզել, որ նա յուր աղջիկը դո՜ւրս բերեր հնամոլ և սնահավատ Մարթայի տնից և իրան հանձներ ճշմարիտ ուսում ստանալու:

Տիկին Թարլանը, ոչ միայն աղջիկներին կրթություն և ուսում տալը համարում էր մի ավելորդ բան, այլ ավելի վնասակար, որովհետև, նրա կարծիքով, աղջիկները կարդալ ուսանելով մի ավել բան չէին ավելացնելու, այլ կլինեին խորագետ դևիկներ, կորցնելով իրենց մաքուր և առաքինի վարքն ու բարքը: Բացի դրանից, նա չէր հոժարում յուր աղջիկը մոտեցնել այն տանը, ուր ուսանում էր և նրա հանդերձյալ (ապագա) ամուսնացուն:

Օրիորդ Սալբիի բնական ընդունակությունը, տիկին Սալլաթինի անդադար ջանքը պատճառ եղան, որ նա կարճ միջոցում սովորեց ոչ միայն հայոց հին ու նոր լեզուները, այլ բավականաչափ գաղիերեն և անգղիերեն:

Պարոն Աշխարունուն չմնաց և ոչ մի աշակերտ բացի Ռուստամից, բայց, դժբախտաբար, Ռուստամը զուրկ էր այն ընդունակություններից, որ կարողանար ըմբռնել յուր վարժապետի սերմանած ազատ գաղափարները, ազատ և լուսավոր մտքերը կրոնքի մասին: Նաև թույլ էր նա արհեստներ և լեզու սովորելու մեջ. նա ուսավ միայն հայոց հին լեզվի քերականությունը, որով կարողանում էր հասկանալ յուր կարդացածը ու գիտեր մասամբ գաղիերեն: Մյուս առարկաների մեջ նա առավելապես սիրում էր բանաստեզծությունը և հին ու նոր ազգերի պատմությունը, մանավանդ հունաց և հռոմայեցվոց: Նա խիստ ատում էր մաթեմատիկան, և թվաբանությունից` առաջին չորս գործողություններից ավելի բան չգիտեր: Նա ավելի ախորժանոք կարդում էր դյուցազնական բանաստեղծությունը.Հոմերոսի աշխատությունները նրա ամենասիրելի գրքերն էին: Ինքը նույնպես վատ չէր գրում և ոտանավորներ ու երգեր շարադրելու տաղանդ ուներ:

Ճշմարիտ կրոնագիտությունը, որ նա սովորեց Ավետարանի լուսով, չենք կարող ասել, թե բոլորովին մեղմեց և թուլացրեց նրա մեջ ընդաբույս վայրենի բնավորությունը, այլ նրա փոխարեն ներշնչեց նրա մեջ քաջազնական կոչված առաքինոլթյունը: Նա չէր մեղադրում Մովսեսին՝ յուր ազգակիցը չարչարող եգիպտացին սպանելու համար, գովում էր մանուկ Դավթի քաջագործությունը, Գողիաթին սատակելու համար: Նա երբեմն հակառակում էր փրկչի այն խոսքերին, թե մի երեսին զարկելու ժամանակ՝ մյուսը պետք է դեմ տալ. առավել հավանություն էր տալիս մովսիսական փոխարինությանը. «ակն ընդ ական» – «ատամն ընդ ատաման»:

– Ինչո՞ւ, – հարցնում էին նրանից:

– Որովհետև, – պատասխանում էր նա, – քանի մարդիկ պատրաստված չեն Ավետարանի սրբազան գաղափարները ընդունելու, քանի նրանց խղճմտանքը մեռած է, քանի նրանց սրտի մեջ չարություն կա, անկարելի է այդ կերպով վարվել նրանց հետ, որովհետև, երբ նա զարկում է իմ ձախ երեսին, և ես դարձնում եմ և աջ երեսս, նա՝ իմ հնազանդությունը խոնարհության տեղ դնելով՝ չէր դադարելու չարությունից, այլ կասեր. «դե՜, գլուխդ էլ…»: Բայց մենք մարդիկ ենք, աստված ստեղծել է մեր գլուխը ուղղաբարձ դեպ վեր, ամոթ է մեզ, երբ մենք, անասուններին հավասարվելով ընդունենք այդ անարգությունը, մեր գլուխը խոնարհեցնելով և ուրիշի ոտքի տակը տալով:

Նրան ասում են թե Քրիստոս հրամայել է, ով որ շապիկդ ուզե, ապադ (վերարկու) էլ տուր:

– Տո՜, անխելք տնաքանդ, – ասում է նա, – դու կարծո՞ւմ ես, թե վերարկուս տալով գո՞հ էր լինելու նա, ոչ, ամենևին ոչ. դուք չգիտեք թե մարդիկ ո՜րքան անհագ և չկշտացող էակներ են…: Եթե վերարկուս տամ, կասե՝ «փոխանդ էլ տուր»: Այդ ևս տվի…: Դու կարծում ես ձե՞ռք կվեր առնի, մինչև բոլորովին չմերկացնե և կաշիս էլ չառնե: Բայց «ինչո՞ւ ես փրթեմ, ուրիշը քերթե». – «Ջաֆեն ես քաշեմ, ձվաձեղը Գասպարն ուտե»: Այս աշխարհում ամեն ինչ պարտք է, ո՜չ ոք չէ ցանում յուր սերմը՝ ուր հույս չունի հնձելու. ոչ ոք չէ տալիս, երբ հույս չունի առնելու. միով բանիվ, այս աշխարհում ո՜չինչ բան ձրի չէ, ո՜չ միայն մարդկանց ընկերակցության մեջ, այլև աստծո մեջ: «Շնորհ և զորություն չունեցող սրբին մատաղ չեն կտրում»: Ես երբեք աստծուն երկրպագություն չէի տալու, երբ գիտենայի, թե նա արքայություն և դժոխք չունի, կամ իմ ապրուստի խնամքը նրա ձեռքում չէ…:

Այդ խոսքերը ոչ թե բխում էին նրա սրտի ներքին զգացմունքներից, այլ նայելով մարդկանց չարությանը՝ ամենքը կամենում են իրանցից տկարները միանգամայն գերի, ստրուկ և ավանակ շինեն՝ իրանց հանգստության և վայելչության համար. – այդ պատճառով մեր ոգելից հերոսը տեսնելով մարդկանց մեջ եղած եսական անիրավությունը, տխուր հուսահատությամբ կրկնում էր, թե քրիստոնեությունը տակավին աշխարհի վրա չէ եկել. մարդիկ ապրում են բարբարոսության մեջ:

Ռուստամը կրոնքի և աստծո պաշտոնի մասին յուր հասկացողությունների մեջ նույնպես նախանձոտ և հանդուգն եղավ, որպես յուր նախկին վայրենության մեջ: Նա նայում էր յուր դրացիների սնապաշտության և մոլեռանդության վրա ինկվիզիտորի աչքով, նախատական կերպով արհամարհում էր նրանց սնահավատությունը, վիճելով ո՜չ միայն հասարակ ժողովրդականների՝ այլև եկեղեցականների հետ: Ռուստամի մի այդպիսի համարձակությունը վշտացնելով շատերի սիրտը՝ հարույց նրա դեմ հասարակաց ատելությունը, և այսպիսով նա ունեցավ բազմաթիվ թշնամիներ:

Մահտեսի Ավետիսը նույնպես չմնաց յուր նախկին գռեհկության մեջ: Պարոն Աշխարունին բազում ստիպմամբ համոզեց նրան՝ ուսանել յուր մայրենի լեզվի գրագիտությունը և նա մի կարճ ժամանակում ոչ միայն ազատ կարդում էր Աստվածաշունչը, այլև բացատրում էր նրա բազմախորհուրդ մեկնությունները: Բայց տիկին Սկուհին մնաց յուր նախկին հասկացողության մեջ, նա տակավին հետևում էր փտած հնությանը, և միշտ ենթակա լինելով յուր մոլեռանդ սկեսուրի ազդեցությանը, նրա երկյուղից, նրա նախատինքների տակ խեղճ կինը ոչինչ չկարողացավ սովորել և ըստ հայկական առածի «Աղբյուրի մոտ ծարավ մնաց»:

 

Հուրի Խան-Դայան տեր-Առաքելենց գերդաստանի մեջ մի սև անձն էր, որ չէր կարողանում տանել պարոն Աշխարունիի և նրա ամուսնու ներկայությունը, նրանց, ըստ նրա ասության, մոլար վարդապետությունը, որ ավանդում էին իրենց «Ջհուդի Քնիշտայի» մեջ, այդ պատճառով նա անհնարին տհաճությամբ հալածում էր նրանց: Նա չէր կարողանում սառն աչքով նայել օրիորդ Սալբիի վրա, երբ նա շատ անգամ արձակ համարձակ անցնում էր նրա առջևից առանց ամաչելու, առանց պատիվ դնելու նրա ծերության: Նա չէր կարողանում համբերել յուր թոռան, որպես կոչում էր «լրբություններին», երբ նա յուր աչքի առջև խոսում էր յուր նշանածի հետ, առանց յուր պառավ տատիցը պատկառելու: Հուրի Խան-Դայան մահու չափ վշտացել էր, տեսնելով յուր տան մեջ յուր պապերի հին սովորությունները խախտված և ոտնակոխ եղած, երբ նրա ընտանիքը այլևս ուշադիր չէր պաս ու ծոմ պահելու, երբ նրանք այլևս հարգանք չէին մատուցանում սրբերին և նրանց պատկերներին. այդ պատճառով նա ավելի հոժար էր մեռնել, քան կենդանի աչքով տեսնել յուր տան մեջ այդպիսի սրբապղծություն:

Մի գիշեր, երբ տեր-Առաքելենք բոլորը հավաքվել էին միասին, և Հուրի Խան-Դայայի դեմքը մի գոհունակ հանդարտություն էր ցույց տալիս, մահտեսի Ավետիսը ժամանակը հարմար գտնելով, ուզեց հասկանալ նրա կարծիքը յուր որդու հարսանիքի մասին:

– Մայր իմ, – ասաց նա, – ահա Ջրօրհնյաց (ծննդյան) զատիկն անցավ, սուրբ Սարգիսն էլ նրա հետ. մի քանի օրից հետո կգա բարեկենդանը. և նրա հետևից կգա երկար ու ձիգ մեծ պասը: Այն ժամանակ՝ մեր հայրապետադիր կանոնների համեմատ, այլևս պսակ չէ լինում: Էլ ե՞րբ պետք է կատարենք Ռուստամի հարսանիքը:

– Հարսանի՛ք… – կրկնեց խորհրդական ձայնով պառավը, գլուխը շարժելով. այդ բառը պատկերացնում է իմ գլխի մեջ անցած գնացած ժամանակների քնքուշ հիշատակները… և համեմատելով այդ՝ այս նոր և չար ժամանակի հետ, ես ակամա ստիպված եմ իմ թոռան հարսանիքի մասին բոլորովին լուռ մնալ…: Որդի, ես «իմ ձեռքերը լվացել եմ» այդ գործից և բոլորը հանձնում եմ ձեր կամքին:

Մահտեսի Ավետիսը գիտեր յուր պառավ մոր հնամոլությունը. նրան հայտնի էր, թե նա ինչպիսի աչքով էր նայում յուր տան մեջ կատարված մասնավոր վերանորոգությունների վրա. համենայն դեպս նա պատվելով նրա ծերությունը ո՜չ միայն նրա կամքի դեմ չէր գործում, այլև միշտ պատվիրում էր յուր զավակներին, հնազանդ լինել յուր մորը և շահել նրա սիրտը: Նա ավելի փաղաքշաբար առաջ տարավ.

– Իմ լուսահոգի հորս մահից հետո ես միշտ հետևել եմ ձեր կամքին, այս մեծակշիռ ընտանեկան հարցի մեջ ևս պետք է որոնել ձեր հաճությունը և ձեր ընտրողությունը:

– Ես չեմ կամենում խոսել մի հարցի մասին, որի մեջ մինչև այսօր չէ՜ եղել իմ կամքը, – սառնությամբ պատասխանեց պառավը:

– Բա՜յց, մտածեցե՜ք, որ Ռուստամի և Սալբիի նշանադրության խորհուրդը որևիցե մարդկային կամքով չէ եղել, – նրա խոսքը կտրեց Մահտեսին, – այլ, որպես ձեզ հայտնի է՝ մի հրաշալի տեսիլքով: Սուրբ Կարապետի վանքում և մի սուրբ ուխտադրության դաշնով, որ կնքվել է նույն սրբի գերեզմանի վրա:

– Այդ իրա՜վ է… միայն Ռուստամը և Սալբին պղծեցին սուրբ ուխտը:

– Ինչո՞ւ:

– Նրա համար, որ նրանք դուրս եկան այն ճանապարհից, որով գնացել էին նրանց արժանահիշատակ հարքը. նրա համար, որ նրանք իրենց անպարկեշտ և անվայել բարք ու վարքով, իրենց համարձակ և անամոթ վարվեցողությամբ` ավերեցին, փչացրին այն մաքուր, վսեմ և պատկառելի օրենքը, որ կար մանուկ տղամարդերի և նորահաս աղջիկների մեջ:

Մահտեսի Ավետիսը լուռ լսում էր, յուր մտքի մեջ ծիծաղելով յուր մոր հնոտի նեղսրտության վրա, որի համար սրբազան մի բան, էր յուր պապերի անասնական կյանքը:

– Ես անցրել եմ ավելի շատ օրեր, քան թե դուք, – առաջ տարավ պառավը. – և ես տեսնում եմ արևի լույսը ավելի հին տարիներից… մեր պապերի բարք ու վարքը այսպես չէ՜ր. մեր օրերում կույս աղջիկները և ազապ տղամարդիկը չգիտեին թե ինչ է սերը. երբ նրանք լսում էին հարսանիքի, պսակվելու անունը, ամոթխածությամբ կարմրում էին և նրանց աչքերը լցվում էին արտասուքով: Բայց ա՜յժմ… – վա՛յ մեր մեղավոր հոգիներին – աղջիկը, զուգած-զարդարած յուր մարմինը հազար ու մի պչրանքներով, հալվում, մաշվում է հաճոյամոլությամբ զինքը սիրել տալու համար: Իսկ տղամարդը այրվում և վառվում է յուր սիրուհու կրակով…: Ի՞նչ ասել է այդ – չէ՞ որ դա ազգային կյանքի մեջ մի ժանտախտ է, որ ապականում, փտեցնում է առաքինությունը, որ մահացնում է պարկեշտությունը և ողջախոհությունը…:

– Մայր իմ, – խոսեց մահտեսի Ավետիսը, – ինչո՞ւ եք դուք այդպես ծուռն աչքով նայում ձեր թոռան և նրա հարսնացուի միմյանց հետ համարձակ վարվողության վրա. չէ՞ որ աստված ինքը դրեց այդ սուրբ սերը նրանց սրտերի մեջ` երբ դեռ նրանք իրանց մայրերի արգանդումն էին: Մի՜թե մեղավոր պիտի համարվին նրանք, որ հակառակ մի կեղտոտ և տարապայման ասիական սովորության՝ համարձակվում են հայտնի կացուցանել իրանց սիրահարությունը:

– Ի՞նչ ասել է սիրահարություն, այդ ի՞նչ օտարոտի բառ է, – կոչեց պառավը բարկացած, – ի՞նչ է նշանակում մի սեր այր և կին մարդերի մեջ, որ չեն կապված որևիցե աստուծո օրենքով, եթե ո՜չ – լկտի ցանկություն, լրբություն և հեշտախոսություն:

– Ուրեմն ձեր կարծիքով աշխարհում չկա՞ և չպիտի՞ լինի սուրբ սեր, – հարցրուց մահտեսի Ավետիսը:

– Երբ մի բարի բանի գործադրությունը` մյուս շատ չար բաների առիթ է տալիս, լավ է խափանե՜լ այդ բարին. մի կաթիլ քաղցր ջուրը չէ կարող փոխել մի դառն ծովի տտիպ համը: Երբ իմդուռը բաց թողնելով` շատ բարի մարդերի հետ ներս են մտնումշատ չարեր, գողեր և ավազակներ` լավ է – փակվի այդ ճանապարհը: Ահա՜, որդի՜, դրանք անհերքելի ճշմարտություններ են: Եվ այսպես, մի սուրբ սեր, որպես դուք անվանում եք, երբ թույլատրվի,ճանապարհ կբանա անթիվ խարդախ և պիղծ սերերի… և այդնկատումով իսկ՝ խելացի Ասիան ամենայն զգուշությամբ արգելում է մարդկանց հաղորդակցությունը կանանց հետ, և այդպիսով պահպանում է մարդկության սրբությունը և մաքրությունը:

Մահտեսի Ավետիսը ոչինչ չպատասխանեց, այլ գլուխը քարշ գցած լուռ դուրս գնաց: Բայց Ռուստամը, որ մինչև այն րոպեն դռան ետևից ականջ էր դնում՝ ներս մտավ և ասաց.

– Մայրի՜կ, դուք սխալ նախապաշարման մեջ եք, պետք է հետևել լուսավոր ժամանակի պայմաններին և պահանջներին, պետք է…

– Լո՜ւռ կաց, մի խոսիր, լակո՜տ, – գոռաց պառավը, – այդ խոսքերը ժանտա՜խտ են, մահացո՜ւ են, դրանք թունավորում են իմ օրհնյալ գերդաստանի անմեղ պարզամտությունը: Իսկ քո հոգին ապականված է այդ ազգակործան գաղափարներով` ընկերանալով Արամի և Մելիքզադեի նման վտանգավոր մարդոց հետ. քո թոքերի մեջ նրա՜նց շունչն է փչում, դու հեռո՜ւ ես հայոց օրենքներից, քո մեջ մոլություն կա, դու միա՜կ պատիժն ու պատուհասն ես, որ նյութում ես իմ տան կործանումը…:

Թ
ՀԻՆ ԵՎ ՆՈՐ

Մի օր Հովասաբենց տանը ներս է մտնում մի պառավ, յուր հետ բերելով յուր յոթն տարեկան թոռը, խնդրում է տիկին Թարլանից բժշկել նրան, որովհետև մալահվոր էր եղել, այսինքն՝ ամբողջ մարմինը կարմիր բորոտած՝ սաստիկ քոր էր գալիս: Տիկին Թարլանը մերկացնում է մանուկը և մի կոշտ մազե լաթի կտոր ձեռքն առնելով` սկսում է թքել նրա մարմնի կարմրած տեղերի վրա, և այն լաթով սաստիկ քսել և տրորել` չդադարելով միևնույն ժամանակ մունջ աղոթքներ կարդալուց:

Երեխան ճչում էր, ցավից լաց էր լինում: Նրա ձայնը ներս բերեց օրիորդ Սալբիին, որը չկարողանալով զսպել յուր ծիծաղը և մի հեգնական հայացք ձգելով դեպի մոր գործողությունը, ասաց.

– Մա՜յր, փոխանակ այդ խեղճ երեխան սպանելու, ա՜յդ կոշտ մազով նրա մարմինը շփելով՝ հրամայեցեք դրան լուծողական տան, կամ երակներից արյուն բաց թողնեն, այդ ավելի օգտակար կլինի:

– Երբ հերթը ձեզ հասնի, – պատասխանեց տիկին Թարլանը բարկությամբ, – դուք ա՜յդպես արեք… բայց ես քանի կենդանի եմ, ձեռքիցս չեմ թողնի իմ գիտցածը:

Օրիորդ Սալբին ոչինչ չխոսեց, այլ հեռացավ նրանից:

Մի քանի րոպեից հետո տիկին Թարլանի մոտ մտավ պառավ Մարթան. Հովասաբենց տիկինը պատմեց նրան յուր աղջկա հանդգնությունը, որ համարձակվում էր իրան բան սովորեցնել:

– Աստված ավելի վատթարիցը ազատե, – ասաց պառավ Մարթան վշտացած ձայնով. – ձեր աղջկա այժմյան ավերված բարք ու վարքը գուշակում է մի ցավալի ապականություն նրա բարոյականության մեջ:

– Հա՜, իմ քո՛ւր, հա՜, ճշմարիտ է ձեր ասածը, – հաստատեց տիկին Թարլանը, – բայց մեղավորը ե՜ս եմ… ե՜ս իմ ձեռքով իմ տունը քանդեցի և իմ աստուծո գառ աղջիկը գազան դարձրի – տալով նրան ա՜յն մոլորեցուցիչների (Աշխարունենց) ձեռքը, որոնք իմ աղջկան խելքից, ամոթից և շնորհքից դուրս բերին:

– Իրա՜վ, այդպես է, երբ Սալբին իմ աշակերտուհիս էր, տեսնո՞ւմ էիր, թե ո՜րքան խելացի և հնազանդ էր նա, բայց ա՞յժմ, ո՛ւհ, նա արժանի չէ մինչև անգամ սատանա կոչվելու… ո՜ չ մեծ է ճանաչում, և ո՜չ փոքրը, բոլորին անպատվում է:

– Միթե մեր պապերը անխե՞լք էին, որ իրենց աղջիկներին կարդալ չէին սովորեցնում, չէ՜ , իմացե՜լ են, թե կարդա՜լ ասած բանը ինչ սև կբերե իրանց գլխին:

– Է՛հ, պապերին ո՞վ է նայում, – առարկեց Մարթան. – այժմ «նոր հավեր են եկել, երկաթե ձվեր են ածում»:

Այսպես, օրիորդ Սալբիի ո՜չ միայն կծու և համարձակ խոսքերը, ա՜յլև նրա խորթ և օտարոտի վարմունքը միանգամայն դեմ էին նրա նեղսիրտ մոր բնավորությանը և շատ անգամ առիթ էին տալիս նրա դժգոհությանը` գրգռելով նրա անտանելի տհաճությունը: Օրինակ, տեսնում ես մի գիշեր, օրիորդը ճրագի առջև հայելուն նայելով՝ սանրում էր յուր ծամերը, մայրը բարկանում էր, թե գիշերը վնասակար է այդպես անել, և ստիպմամբ խլում էր աղջկա ձեռքից սանրը: Երբ օրիորդը հարցնում էր դրա պատճառը, մայրը այնպիսի հեքիաթներ էր պատմում, որ նրա աղջիկը թուլանում էր ծիծաղելուց: Այդ արհամարհական ծիծաղները ավելի էին վշտացնում մոր սիրտը, որովհետև օրիորդը ոտնակոխ էր անում մոր խրատները, որոնց մասին ուրիշները ա՛յնքան մեծակշիռ համարում ունեին:

Ծերունի Մկրտիչը և նրա կին Մարթան, որպես մոտիկ դրկիցներ՝ ավելի գնալ գալ ունեին Հովասաբենց տան հետ, քան ուրիշները: Շատ անգամ ծերունին, ոգևորված ջերմեռանդությամբ, պատմում էր «Մանուկ ավետարանից» մի դիպված, և շրջապատողները խորին զմայլանքով լսում էին – հանկարծ` մյուս կողմից, օրիորդ Սալբին հեգնական ոճով ձայն էր տալիս – «է՛հ, գլուխներս տրաքեց… դարձյալ առասպել…»:

Ծերունին յուր բարկացկոտ հայացքը ձգելով նրա երեսին, ասում է.

– Աղջի՜, քո մշտական այդպիսի անհավատ խոսքերը առիթ են տալիս կարծելու, թե՜ անտարակույս նեռի մայրը դո՜ւ ես լինելու… քեզնի՜ց պիտի ծնվի աշխարհ ապականողը…:

– Ինչո՞ւ, – հարցնում է օրիորդը բոլորովին սառնությամբ:

– Որովհետև դու չե՜ս հավատում սուրբ պատմություններին:

– Ես չեմ հավատում այն պատճառով, որ մեր ընդունած Ավետարանի մեջ այդպիսի բաներ չե՜ն գրված:

– Միթե սակա՞վ են այն բաները, որ գրված չեն սուրբ Ավետարանի մեջ: «Եթե ամենը գրված լինեին՝ աշխարհս բավական չէր լինի գրքերը տանելու», պատասխանում է ծերունին հեղինակավոր ոճով:

– Ուրեմն մենք պիտի բավական լինինք գրվածքներով միայն, – կրկնում է օրիորդը հաստատ կերպով:

– Լո՜ւռ կաց, ա՜նհավատ, – մյուս կողմից սաստում է նրան մայրը, – քո չար լեզվին թույլ չէ՜ տրված քեզնից հասակավոր մարդերի հետ:

Շատ անգամ, օրիորդ Սալբին, բամբասանքի տեղիք չտալու համար, ամենևին ուշադրություն չէր դարձնում տան մեջ կատարվածի մասին: Բայց պատահում էր, որ նա բաց գլխով սառը ջուր էր խմում, կամ բաց գլխով դուրս էր գնում մութ ժամանակ, կամ ծամոն էր ծամում գիշերը, այդ բոլորի համար նրան հանդիմանում էին ասելով – «եթե բաց գլխով մութի մեջ դուրս գաս՝ չարքերը կզարկեն» գլխիդ. բաց գլխով սառը ջուր խմես՝ ջուրը կթռչի դեպի ուղեղը, մարդ կմեռնի և երբ գիշերապահին ծամոն ծամես՝ մեռելները կնեղանան, իբր թե նրանց միսն ես ծամում: Իսկ նրանց աղախին Նազլուն գիշերը տունը ավլելու միջոցին՝ շատ անգամ անզգուշությամբ մոռանալով տիկին Թարլանի այդ մասին պատվերը, – մոռանում էր նախապես ավելը բռնել ճրագի վրա և ծայրը այրել, «հարսանիքի տուն եմ ավելում» ասելով. և տիկին Թարլանը նշմարելով աղախնի մի այդպիսի սխալմունքը, ավելը խլում էր նրա ձեռքից և սկսում էր նրանով զարկել խեղճի գլխին: Ի՞նչպես կարող էր օրիորդ Սալբին զսպել յուր ծիծաղը: Եվ այդ լռին, խայթող ծիծաղը բավակա՜ն էր՝ մոր բարկությունը բորբոքելու, և նրա հայհոյանքների կարկուտը թափելու յուր գլխին:

Վերջին օրերը օրիորդ Սալբիի և նրա մոր մեջ մի նոր վեճ ծագեց, որ ամենօրյա խռովությունների պատճառն էր լինում: Օրիորդ Սալբին ասում էր, թե իրանց սառն և խոնավ խրճիթի մեջ ապրելը իրանց առողջության համար վնասակար էր. ասում էր, թե ինքը չէր կարող այլևս տանել թոնրի ամենօրյա վառելու չարչարանքը, բացի այդ` թոնրի դժոխային ծուխը, մուխը, որ մի քանի ամբողջ ժամ էր տևում, շատ վնասակար էր յուր աչքերին և թոքերին: Նա ստիպում էր յուր մորը, մի փոքրիկ սենյակ շինել տալ և նրա մեջ դնել մի եվրոպական երկաթե վառարան, որ բացի իրանց սենյակը լավ տաքացնելուց, կպատրաստեր նրանց ամենօրյա կերակուրները և հացը: Օրիորդը հաստատում էր, որ մի այդպիսի վառարան մաքրության և շնորհալիության հետ միասին ավելի սակավ ծախքի էր կարոտ քան թոնիրը, որի համար ամեն օր հարկավոր էր հինգ քթոց ցան և ցախ, և չնայած դրան՝ խրճիթը միշտ ցուրտ էր լինում:

Տիկին Թարլանը ամենասաստիկ կերպով ընդդիմանում էր այդ խնդիրներին, ասելով՝ թե իրանք սովոր չէին այդ եղանակով կյանք վարելու, և թե ինքը չէր կարող լքել և թողնել յուր հարց նվիրական օջախը21 (կրակարանը), որ կերակրել էր իրան և Հովասաբենց պապերին:

Վերջապես օրիորդ Սալբին, հակառակ յուր մոր կամքին, հում աղյուսներով շինել տվեց մի փոքրիկ սենյակ, և պարոն Աշխարունու միջնորդությամբ՝ Ամերիկայից մի երկաթյա վառարան բերել տվեց խոհարարության բոլոր անհրաժեշտ պիտույքներով: Այդ սենյակը ասիական ճաշակով չէր շինված: Նա ավելի նման էր մի եվրոպացի կնոջ առանձնասենյակին, մի քանի աթոռ, մեկ գրասեղան և սոֆա` բռնել էին իրենց պատշաճավոր տեղերը. մի կողմում դրած էր օրիորդի պչրանքի սեղանը, նրա հանդեպ մի մեծ հայելի, սանր և այլ կանացի պաճուճանքների գործիքներ: Պատերի վրա ամրացրած՝ երևում էին նշանավոր մարդոց պատկերներ, որ ազգերի գրականության մեջ երևելի են եղել իրանց տաղանդով: Նրա մատենադարանը ևս աղքատ չեր – մի քանի գրքեր, հայրենի և այլազգի լեզուներով, գեղեցիկ՝ ոսկեզօծ կազմերով՝ դրած էին մի անգույն փայտից շինած ապակեկազմ պահարանի մեջ: Պատուհաններում և լուսամուտներում կարգով շարված էին խեցյա ամաններով ծաղիկներ, նրանց վրա, վանդակների մեջ ճլվլում էին երկու հատ դեղձանիկ: Այդ սենյակը շինվելուց հետո տիկին Թարլանը մի անգամ ևս չէր մտել այնտեղ, ո՜չ այն պատճառով, որ դա շինվել էր իր հաճության ընդդեմ, այլ՝ որովհետև նրա միջի կահ-կարասիքը միանգամայն ատելի էին նրան: Նա չէր կարողանում անտարբեր նայել յուր աղջկա շատ ու քիչ շռայլություն ցույց տվող առանձնասենյակին:

 

– Ինչո՞ւ, – հարցնում էր նրան աղջիկը:

– Որովհետև, – պատասխանում էր մայըը, – մեչ դրացիներերտը աղքա՜տ թե հարո՜ւստ, բոլորը միօրինակ` բնակվում են մրոտ ու գծուծ խրճիտների մեջ, իրանց` աղքատ և խեղճ մարդիկ ցույց տալու համար, որպեսզի կալվածատեր խանը, կամ մյուս թուրքերը` նրանց փողատեր չհամարեին, և գիշերով չկողոպտեն նրանղց տները: Բայց մի այսպիսի շռայլություն` գողերի ևավազակների վտանգներից մեր տունը հեռու չե՜ պահելու:

Բայց օրիորդ Սալբին այդպիսի կասկածներից երկյուղ չեր կրում. «կամ ապրել լա՜վ և մարդկորեն` կամ ամենեվին ո՜չ…», կրկնում էր նա Ռուստամի սովորական ասածը:

Մի օր տիկին Թարլանը գնաց մի մոտիկ գյուղ, յուր հիվանդ ազգակցի տեսության:

Հովասաբենց տանը ոչ ոք չմնաց բացի օրորդ Սալբին և աղախին Նազլուն: Հանկարծ երևան եկավ Ռուստամը, և օրիորդ Սալբիի հետ նտավ նորակառույց սենյակը

– Բարով, շնորհավոր լինի, – ասաց պատանին ուրախությամբ, քնքշությամբ սեղմելով օրիորդի ձեռքը: – Բարով վայելես, Սալբի, ահա մարդավարի բնակարան, ես շա՜տ եմ հավանում:

– Ի՞նչ արած… մաշվեցանք խլուրդների նմանխրճիթի ծակամուտներում` ծուխ ու մուխ կուլ տալով. գոյնա՜ այսուհետև կարող ենք ազատ շունչ քաշել:

– Իսկ ձեր մայ՞րը:

– Իմ մայրը իր հին զուռնան է փչում… նա տակավին այստեղ չէ մտել. նա չէ ուզում հեռանալ յուր նվիրական ծրճիթից:

– Է՜հ… ահա՜ ինչ է նշանակում կույր նախապաշարմունք…:

– Հա՜, Ռուստամ – քնքշապար ավելացրուց սիրուն օրիորդը, – դա՜ է ամենածանր և ամուր շղթաներով կաշկանդում թույլ մտքերը:

Պատանին հեգնականապես ժպտաց:

– Լա՜վ, ի՞նչ լուսավոր զգացումներ կարող էր ունենալ մի մարդ, որ երեխայությունից բնակվում է խավար մտքով, խավար հոգով, խավար շրջակայքի մեջ, – խոսեց Ռուստամը:

– Ո՜չ մի…: Բայց երբ մարդ ունենա փառավոր բնակարան, յուր շքեղ սենյակներով, ծաղիկներով, կահ-կարասիքով և քաղցրաձայն սոխակներով, այնպես չէ՞, Ռուստամ, նա՜ յուր կյանքի սկզբից կսկսի ծանոթանալ և սիրել այն, որ գեղեցիկ է, ա՜ յն՝ որ վսեմ և ազնիվ է:

– Հա՜, իմ նազելի, նա ապրում և շնչում է պոեզիա… նրան մենք ասում ենք բախտավոր, բայց հայերի կյանքը մռայլված է տխուր և սև պրոզայի մթին աղջամուղջի մեջ…:

Այդ խոսքերի վրա ոգելից պատանիի երկաթե պնդությամբ սիրտը ակամա վրդովվեց, և նրա թշերի վրա երևեցան մի քանի կաթիլ արտասուք, օրիորդ Սալբին չնշմարեց այդ սրբազան կաթիլները, և խոսեց.

– Իմ մայրը ասում է, թե մեր այսպիսի տուն ունենալը մեզ կարող է վտանգի ենթարկե, իբր թե թուրքերը մեզ հարուստ համարելով, երկյուղ կա, որ մտնեն կողոպտեն մեզ: Բայց ես կարծում եմ, թե այս խոսքերով նա կամենում է ինձ վախեցնել:

– Չէ՜, Սալբի, նա ձեզ չէ՜ խաբում, – պատասխանեց պատանին խորին զգացողությամբ: – Այդ ճշմարիտ է… գերիների համար օտար աշխարհում ոչ մի վայելչություն չկա. նրանց աղքատը և հարուստը ապրում են միօրինակ դժբախտության մեջ. հարուստը յուր արծաթը խորում է հողի տակ և ինքը ման է գալիս հնոտի հագուստներով և բոբիկ ոտներով. երբ մինը ունի և չէ՜ կարողանում վայելել, ա՜յդ աղքատությունից ավելի ցավալի է…:

– Ինչո՞ւ, միթե, աստված անիծե՞լ է մեր ազգը, – հարցրուց օրիորդը տխրելով:

– Չէ՜, աստված չէ՜ անիծել, բայց հայերի վիճակը խիստ նման է անառակ որդու առակին, նրանք թողին իրանց հոր տունը, իրանց հայրենիքը, և ցրվեցան օտար աշխարհներ, և պանդխտության մեջ՝ նրանց մեծ մասը մյուս ազգերի անդնդին կուլ գնալուց հետո, մնացածների վիճակը տեսնում ենք. նրանց օրը միշտ սև կլինի մինչև կրկին չդառնան դեպ իրանց հոր տունը և նորոգեն իրանց բաժանված ուժը և զորությունը:

– Մի՜թե կարելի՞ էր այդ:

– Ինչո՞ւ չէ: Հայերին ո՞վ է արգելում դառնալ դեպ իրանց հայրենի երկիրը, կամ աշխարհի երեսին մի կտոր հող գտնել և բնակվել նրա վրա – ազգովին:

– Աշխարհի երեսին մի կտոր հո՞ղ, – նրա խոսքը կտրեց օրիորդը քնքշությամբ. – բայց, Ռուստամ, իմ կարծիքով, մի տունկ չի զորանալու իր կլիմայից դուրս՝ օտար հողի վրա. մեր հայրենիքի սուրբ հո՜ղը, սուրբ ջո՜ւրը և սուրբ օ՜դը միայն կարող են զորացնել հայոց որդիքը, ուժ, կյանք և հոգի ներշնչել նրանց երակներում:

– Հա՜, իմ նազելի, – կրկնեց պատանին. – ես գաղթականություն չեմ քարոզում. ես մեր սիրելի եղբայրներին չեմ առաջարկում Նոր Հոլանդիայի ափերը և Յապոնիայի կղզիները… Իհարկե պանդխտի վիճակը ցավալի է – նրա աչքը չէ չորանում արտասուքից. նրա սիրտը միշտ կոտրած է, մանավանդ երբ նա ապրում է ուրիշի դրոշի տակ, կամ թե մի այնպիսի եգիպտական ծառայության և մի այնպիսի փարավոնյան գերության մեջ, որպես մենք…: Եգիպտոսի բռնակալը Իսրայելի արուները հրամայում էր գետը նետել, բայց մեր կանայք, մեր սիրուն-սիրուն մատաղահաս աղջիկները իրանց պատվով, իրանց մաքուր կուսությամբ զոհ են գնում մեր բռնակալների հեշտախոսությանց22…:

– Մի Մովսե՜ս պետք է, իմ սիրելի, – ասաց օրիորդը անձկանոք. – մի Մովսես, որ առաջնորդեր գերիները դեպի նոր Քանան:

– Չէ՜, Սալբի, իմ կարծիքով աստված այժմ դադարել է հրաշք գործելուց, մեզ մնում է – առաջնորդ ընտրել մեր բանականությունը, մեր խելքը, և իմացական լուսավորության հրեղեն սյունը մեր առջևից տանել. մեր ազգայնությունը, մեր կրոնը և մեր լեզուն պահպանելու և աշխարհի երեսին իբրև մարդ ապրելու համար – ձեռք բերել մեր հայրերից անիրավությամբ հափշտակված հողերը, որոնց վրա մենք և մեր որդիքը կարող էինք ազատարար արմատ ձգել, աճել և զորանալ:

– Ա՛խ, երանի՛ էր այն ժամանակ, – բացականչեց օրիորդը լի զգացողությամբ, բայց հնարավոր կլինի՞ …:

– Ինչո՞ւ չէ… երբ աշխարհի մեջ առաջ կգա արդարություն և իրավունք, երբ հաղթահարվածներին, բռնադատվածներին և գերիներին կարեկցություն կցույց տա համաշխարհական մարդասիրությունը, այն ժամանակ – ամեն մի ազգ կստանա իր կորցրած ժառանգությունը:

– Այդ դժվար է… – տխրությամբ կրկնեց օրիորդը, և սկսեց երգել:

«Հայաստա՜ն, Հայաստա ՜ն,

Դու եդեմյան շքեղ բուրաստան.

Արդյոք կլինի՛, որ քեզի տեսնեմ,

Քո պայծառ օդը մի րոպե շնչեմ.

Ինձ համար այն ժամ դառն չէ՜ մահը՝

Երբ քո սուրբ հողում հանգիստ կգտնեմ»:

– Ռուստամ, դուք սիրո՞ւմ եք այդ երգը, – հարցրոլց օրիորդը դադարելով երգելուց:

– Հա՜, պարոն Խոսրով Մելիքզադեն՝ այդ նազելի մանուկ բանաստեղծը վատ չէ գրում, նրա տաղերը ազդու և ոգելից են, – պատասխանեց Ռուստամը:

Հանկարծ ներս մտավ միջահասակ մի պատանի, նիհար և գունատ երեսով, խելացի և փայլուն աչքերով, սև, մետաքսանման ծամերով. դա պարոն Խոսրով Մելիքզադեն էր:

– Բարո՜վ, – ասաց նա ծիծաղելով. – «գելը ամպ օր կուզե, գողը՝ մութ գիշեր». տիկին Թարլանի բացակայությունը հնար է տվել ձեզ այդպես հանգիստ և անվրդով միասին նստելու և զրուցելու:

– «Գելի անունն տաս, ականջները տրար կգա», – պատասխանեց Ռուստամը կատակով. – Խոսրո՜վ, այս րոպեիս քո մասին էինք խոսում:

– Արդարև, ասես թե մի այդպիսի բան ազդեց իմ սրտին. դռնից անցնում էի, երբ լսեցի օրիորդ Սալբիի երգը. իսկույն հասկացա, թե տիկին Թարլանը տանը չէ լինելու, որ դա այդպես համարձակ երգում է, մտածեցի չփախցնել հաջող առիթը:

Օրիորդ Սալբին դուրս գնաց, հրամայեց Նազլուին, որ գար իրանց մոտ, ղահվե և ղեյլան պատրաստեր հյուրերի համար: Բա՜յց աղախինը հրաժարվեց, ասելով, թե ինքը կամաչեր մտնել տղամարդկանց մոտ: Օրիորդը ստիպված էր յուր ձեռքով պատվասիրել յուր հյուրերը մատուցանելով նրանց ղահվեն և ղեյլանը:

– Դուք նեղություն մի կրեք, – արգելում էր նրան պարոն Մելիքզադեն:

– Ապա ո՞վ պիտի կրե, երբ մեր հիմար աղախինը չէ կամենում երևալ տղամարդկանց, – պատասխանեց օրիորդ Սալբին:

– Նա ձեր մոր հավատարիմ աշակերտուհին է, նրա մեջ տեղ են բռնել ձեր մոր բոլոր վարդապետությունները, – ասաց մանուկ բանաստեղծը:

Մինչ սրանք այսպես ծանր ու բարակ զրուցում էին, տեր-Առաքելենց տան մեջ տեղի էր ունենում հետևյալ խոսակցությունը:

– Դուք ո՜րքան անհոգ եք, այ մարդ, – ասաց տիկին Սկուհին յուր ամուսնուն. – չէ՞ որ մեծ պասը եկավ, բայց դուք ձե ՜ր որդու հարսանիքի մասին չե՜ք մտածում:

– Ի՞նչ մտածել, – պատասխանեց մահտեսի Ավետիսը սառնությամբ. – առավոտյան տյառընդառաջ է, գիտեմ, որ դու այս եբկրի սովորության համեմատ գնալու ես խնամատես, խոսիր տիկին Թարլանի հետ, որ նա ևս հաճություն տա, այս շաբաթ հարսանիքը կատարենք վերջացնենք: