Za darmo

Սալբի

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Նա մոտեցավ ահագին երկաթյա արկղին, բաց արավ, դուրս բերավ այնտեղից հարյուր հատ ոսկի աշրաֆի, և ամեն մի հիսունը առանձին թղթի մեջ փաթաթելով, կնքեց. մինի վրա գրելով «աղջիկներին», իսկ մյուսի՝ «տղաներին»: Եվ հետո մի նամակ ևս գրեց հետևյալ բովանդակությամբ.

«Պարոն,

Ձեր սիրելի աշակերտների և աշակերտուհիների գեղեցիկ աշխատությունները իմ մեջ մի անմոռաց սեր ազդելով, ես, ի նշան իմ շնորհակալության, իբրև ընծա, ուղարկում եմ նրանց այդ չնչին արծաթը, խնդրում եմ հընդունեք ներողամտությամբ:

Սոլոմոն-բեկ Ավազակյանց»:

Նա հանձնեց նամակը ընծաների հետ – ծառային, ծառան հեռացավ, և ինքը, հափշտակված խորին հոգեզմայլությամբ, ընկողմանեցավ սոֆայի վրա և սկսեց հրճվանքով նայել հրաշալի նշանիկին:

Հանկարծ ներս մտավ Ռեսը:

– Ի՞նչպես անցավ, – հարցրուց նա:

– Շատ լավ. արդարև՜, շատ լավ, Ռես, – պատասխանեց Սոլոմոն-բեկը: – Բախտը ձեռնտու եղավ ինձ, այնտեղից այս գեղեցիկ հիշատակարանը ևս բերելու:

Նա տվեց Ռեսին նշանիկը:

Ռեսը ուշադրությամբ զննելով՝ ասաց.

– Նկարիչը չէ սխալվել. այո՜, «աստված սեր է… »: Երևում է, օրիորդի թարմ ուղեղի մեջ երևակայություն է խաղում… սերը, յուր կախարդական սլաքը դիպցրել է նրա սրտին: Եթե ես էլ ասղնագործել գիտենայի, այդ նշանիկի վրա կավելացննի մի նազելի բանաստեղծի երգը.

– Ո՞ր բանաստեղծի, ի՞նչ երգ, – հարցրուց Սոլոմոնբեկը.

– Մելիքզադեի, ահա այս երգը.

Եվ նա սկսեց յուր խռպոտ ձայնով երգել:

 
«Զի սեր է աստված,
Սիրով ստեղծեց՝
Աշխարհը հրաշակերտ»:
Այսպես մեզ խոսեց
Սեր քարոզողի
Իմաստուն աշակերտ:
 
 
Քո հոգվո՜ միջում,
Ո՞վ իմ հրեշտակ
Գտա այդ սուրբ սեր.
Ուրեմն ես քեզ
Կոչեմ համարձակ՝
«Իմ աստված, իմ տեր»:
 
 
Եթե չե՜ս աստված,
Ինչո՞ւ ես կրում
Քո հոգվո միջում
Այդ աստվածություն:
 
 
Եթե չե՞ս աստված`
Ուրեմն չկա
Երկինք և երկրում —
Բնա՜վ աստվածություն:
 

– Ճշմարիտ է ասել բանաստեղծը, – առարկեց Սոլոմոն-բեկը: – Երբ աստված սեր է, և սերը աստված է, ուրեմն, ուր կա սեր, այնտեղ կա և աստվածություն: Կարծեմ, Ռես, ես չսխալվեցա իմ տրամաբանության մեջ:

***

Նույն օրվա իրիկնապահին, օրիորդ Սալբին, տխուր և սրտաբեկ մտավ տիկին Սալլաթինի սենյակը և գտավ նրան նույնպես տխրամած դեմքով, նստած յուր գրասեղանի առաջ: Խղճալի օրիորդը դեռ նոր էր լսել Ռուստամի հիվանդությունը: Նա երկար, լուռ նստած նայում էր հատակին, ամաչելով խոսել և հարցնել յուր սիրականի հիվանդության մասին: Տիկին Աշխարունին նկատեց այդ:

– Լսե՞լ ես, Սալբի, Ռուստամը հիվանդ է, – ասաց նա: Օրիորդը պատասխան չտվեց. նրա սիրտը լցված էր:

– Դու գնա նրա մոտ, Սալբի, դո՜ւ կթեթևացնես նրա հիվանդությունը, – ավելացրեց տիկին Աշխարունին:

– Ես շատ եմ ցանկանում, – պատասխանեց օրիորդը, – բայց կարելի՞ է այդ, մի այնպիսի երկրում, ուր այնքան չարաչար դատապարտված է կանանց սեռի ազատությունը:

– Ուրիշ մարդկանց հիվանդի մոտ գնալը – արգելված է, պարոն Մելիքզադեն է մենակ նրա մոտ. ես նրան իմաց կտամ քո մասին, և նա կգտնե մի արձակ միջոց, քեզ հիվանդի մոտ գաղտնի ներս թողնելու:

– Ես շնորհակալ կլինեմ, – պատասխանեց օրիորդը, – միայն որքան կարելի է զգուշությամբ, խայտառակ չլինեմ, եթե տեսնեն մեզ:

– Այդ մասին ինքը, պարոն Մելիքզադեն կհոգա: Դու սպասիր քո սենյակում, մինչև քեզ իմաց տամ:

Գիշերվա տասն և մեկ ժամից անց էր: Օրիորդ Սալբին, տեր-Առաքելենց տանը, միայնակ նստած էր մի մերկ և ցուրտ սենյակում, մթին խավարի մեջ: Չնայելով, որ դուրսը կատաղի մրրիկն էր մռնչում, չնայելով, որ ցուրտը անվառ սենյակում սառեցնում էր, բայց և այնպես օրիորդը այնքան բորբոքված և լցված սրտով` չէր զգում ոչ մի սարսուռ:

Հանկարծ լսելի եղավ բանալիի շարժվելու ձայնը, դռները հետ գնացին, ներս մտավ պարոն Մելիքզադեն, միայնակ և ճրագը ձեռքին:

– Ներողություն, – ասաց նա, – ես ձեզ երկար սպասել տվի. այս գիշեր պարոն դոկտորը չկամեցավ շուտ գնալ:

Մերձակա սենյակում ժամացույցը զարկեց տասնևերկու:

Նրանք դուրս եկան սառցատնից: Պարոն Մելիքզադեն կրկին հանգցրեց ճրագը: Ներեցեք, – ասաց նա, – մութի մեջ ևս կարելի է գնալ. բայց ես չեմ ուզում, որ տեսնեն ձեզ:

Օրիորդ Սալբին, որպես ուշակորույս, ոչ մի պատասխան չէր տալիս, միմիայն մեքենաբար հետևում էր յուր առաջնորդին, և նրանք, մթին, ոլոր-մոլոր սանդուղքներով բարձրանում էին դեպ հիվանդի քնարանը: Պարոն Մելիքզադեն բաց արեց մի սենյակի դուռ, ուր աղոտ լուսով վառվում էր ճրագը, և ներս թողեց օրիորդ Սալբիին ասելով.

– Դուք, պատվելի օրիորդ, այստեղ կգտնեք հիվանդը: Բայց ինքը դուռը կողպելով հեռացավ:

Դեղերի դարմանների սուր հոտավետությունը, որով լցված էր հեղձուցիչ սենյակը, բավական էր զարկելու օրիորդի սրտին այն սաստիկ հարվածը, որ զգաց նա…: Նա, հազիվհազ զսպելով յուր սպառված զորությունը, մոտեցավ մահճակալին, ուր դրված էր հիվանդը` բոցավառված կրակի մեջ: Նրա դեմքը գունատ և նվաղած չէր` մաշված հիվանդների նման, այլ սաստիկ շառագունած, վառվում էր, որպես լրացած լուսինը: Նրա մեծ սևորակ աչքերը բարակացավ ունեցողների պես մեռած և խոր գնացած չէին, այլ կարմրած` փայլում էին լի կրակով: Իսկ նրա արագ-արագ շնչառությունը էր – լիքը, զորավոր և սարսափելի:

Խղճալի օրիորդը, Եղիսեի նման, յուր մարմինը տարածեց հիվանդի վրա, բերանը` բերանին դրեց, երեսը՝ երեսին քսեց, սիրտը` սրտին շոշափեց, և այսպիսով, ասես թե յուր բոցավառված սիրո էլեկտրականությամբ, կամենում էր նրան նոր շունչ տալ և կենդանություն ներշնչել: Բայց հիվանդը չզգաց այդ մարգարեական հոգու ներշնչությունը, որպես սունամացի կնոջ զավակը… նա չարթնացավ յուր անզգայությունից:

Ռուստամը վառվում էր սաստիկ տաքության մեջ: Նրա խոսքերի մեջ, որ անդադար զառանցում էր յուր երևակայական ցնորքներում, միայն բացորոշակի, հասկանալի էին – «Սալբի» – «Իմ սիրական» – բառերը:

Օրիորդը ծունկ չոքեց հատակի վրա, և յուր քնքուշ ձեռքերը փակելով կրծքի վրա, յուր ոգևորված հայացքը բարձրացրեց դեպի վեր և սկսեց խորին ջերմեռանդությամբ աղոթել… և աղոթել ա՜յնքան երկար, մինչև լուսաբացին պարոն Մելիքզադեն ներս մտավ, բռնեց նրա ձեռքից և վեր կանգնեցրեց ասելով.

– Այժմ, իմ բարեկամ, հեռացե՜ք, բժշկի գալու ժամանակն է:

Ի
ԴԵՐՎԻՇԸ

Կես օր էր:

Պարոն Աշխարունիի տանը, տղաների դասատնում, տասը նստարաններից հինգը ամբիոնի աջ, իսկ հինգը՝ ձախ կողմում էին տեղավորված – կարգով: Ձախ կողմի նստարանները, բոլորը բռնված էին կանանցով և վարժատան աղջիկներով, որոնց թվում, զուգված-զարդարված, նստել էր առաջին նստարանի վրա Ավազակ-յանց Ալմաստը՝ Սոլոմոն-բեկի քույրը, որ քանի օր առաջ ընդունվել էր իբր աշակերտուհի տիկին Աշխարունու մոտ: Նրա կողքին նստել էր միականի պառավ Գոզեն, քառասուն և հինգամյա աղջիկը՝ Ռես Վասակյանի քույրը, որի ծաղկահար եղած և թռթշնած մռայլոտ դեմքը ավելի նման էր աբեթի կամ սարադի (խարբալի): Օրիորդ Գոզեն յուր անհամեմատ տգեղության պատճառով, – ուր մնաց, որ անգութ ծաղիկը տարել էր նրա աչքերից մեկը, – մնաց միշտ աղջիկ: Ոչ ոք չկամեցավ խնդրել նրա ձեռքը, թեպետ նրա եղբայրը շատ աշխատեց մոլորեցնել մինը յուր քրոջ որոգայթի մեջ: Նա, մտադրված լինելով՝ որպես հավատացնում էր նրա եղբայրը – առանձնանալ մի վանքում, և յուր անձը նվիրել ճգնության և ապրել աստուծո համար, նախամեծար համարեց որպես կամավոր աղախին, ձրիաբար, յուր հոգու համար, ծառայել Ավետարանի դուստրներին՝ Աշխարունու տան մեջ:

Ամբիոնի աջ կողմի նստարանները բոլորը բռնված էին մարդկանցով, որոնց թվում, առաջին նստարանի վրա, փաթաթված յուր թանկագին մուշտակի մեջ, նստած է Սոլոմոն-բեկ Ավազակյանցը, թիկն տված հետակա նստարանին, ձեռքը ծնոտին դրած, միակողմանի թեք նստած, յուր աչքերը ջրած՝ անդադար նայում է յուր սրտի ամենասիրելի առարկային – օրիորդ Սալբիին, որը բոլորի հետևը նստած լուռ և տխրամած դեմքով, ասես թե նրա ուշքը ու միտքը բարձրացած, խելքը հափշտակված՝ տարվել էր մի այլ աշխարհ, և այնտեղ ողբում էր մի բոլորովին այլ առարկայի համար…:

Տիրում էր խորին լռություն: Քարոզիչը ամբիոնի վրա կանգնած թերթում էր Աստվածաշունչը, նշանակելով յուր քարոզության հարկավոր վկայությունները սուրբ գրքից:

Երբ այդ փոքրիկ եկեղեցու բոլոր անդամները հավաքված էին, քտրոզիչը ժամացույցին նայելով հայտնեց երգվելիք երգերի գլուխը: Ժողովրդի ամեն մինը յուր ձեռքի երգարանի մեջ բաց արին ցույց տված երգը և բոլորը, այր և կին, տղա և աղջիկ սկսեցին միաձայն, ջերմեռանդ և քաղցր եղանակով ներդաշնակել հոգևոր տաղերգը:

Երգից հետո կրկին տիրեց լռություն:

Քարոզիչը ոտքի ելավ, յուր ջերմեռանդ հայացքը դեպ վեր բարձրացնելով, աչքերը խփած, մտքով երկինքը վերացած, սրտառուչ և ազդու եղանակով – կարդաց մի հրաշալի աղոթք:

Աղոթքից հետո քարոզիչը բացեց նոր կտակարանում երկրորդ Կորնթացոց Ժա գլուխ 29 համարը, և սկսեց կարդալ. «Ով կտկարանա, ու ես չեմ տկարանար, ո՜վ կգայթակղի, ու իմ սիրտը չայրիր»: Եվ Պողոս առաքյալի այդ խոսքը իբրև բնաբան ընտրելով, պարոն Արամը ատենախոսեց: Նրա շրթունքներից մեղր ու կաթ էին ծորում, և քաղցրալուր ու գրավիչ խոսքերով հեղհեղում էր նա աստծո բանի քարոզությունը: Նրա արտասանությունը, ճարտաասանական ձևերը, նրա բոլոր խորհրդական շարժմունքների հետ զուգավորված՝ հալում, թափում էին Ավետարանի խրատները ունկնդիրների գլխի մեջ:

Բայց այդ հռետորի ատենախոսությունը ոչ մի ազդեցություն չարեց Սոլոմոն-բեկի բթացած և սառած ուղեղի վրա, որ նույն րոպեում, ո՞վ գիտե որպիսի երևակայական ցնորքներով էր հրապուրված: Նա, յուր ապառնի հույսերով ոգևորված, աչքերը անթարթ լարած` նայում էր օրիորդ Սալբիի վրա:

Քարոզից և կրկին տաղերգությունից հետո, պարոն Արամի նշանի վրա, եղբայրները ոտքի ելան, և պարոն Մելիքզադեն սկսեց աղոթել, միևնույն ժամանակ խնդրելով աստծուց առողջություն իրանց եղբայր Ռուստամի համար:

Այդ աղոթքը դառնացրեց Սոլոն-բեկի սիրտը, նա չէր ուզում աղոթեին այն մարդու համար, որի կյանքը այնքան անտանելի էր իրան, ա՜յնքան վայրենի և անգութ սրտով նրա մահն էր ցանկանում:

***

Միևնույն ժամուն, երբ Քրիստոսի այդ փոքրիկ հոտը հավաքված անցնում էին տիրոջ շաբաթը աղոթքով և սուրբ գրքի ընթերցանությամբ, տիկին Թարլանը, յուր փեսայի տեսության գնալով, նստած Հուրի Խան-Դայայի մոտ՝ ծանր ու բարակ խոսում էին:

– Այդ հիմարների բոլոր գործերը այնքան անխելքությամբ են, որպես իրանց բռնած ճանապարհը (կրոնքը), – ասաց վերջապես Հուրի Խան-Դայան: – Էլ ի՞նչ ասեմ, խնամի, սիրտս այրվում կրակվում է, չեմ կարում խոսել… մաշեցին, սպանեցին իմ խեղճ թոռնիկը, տալով մի ցնդած ինկլիզ բժշկի ձեռքը, որ ոչ լեզու է իմանում և ոչ էլ խոսք հասկանում:

– Հա՜, այդպես է, խնամի, – պատասխանեց տիկին Թարլանը: – Բայց նրանց ականջ դնելու չէ. դու քո գիտցածը ձեռքից մի թողուր, թոռիդ ճարն արա՜ :

– Է՛հ, եթե ինձ իմ կամքին թողնեին, հիմա Ռուստամը տասն անգամ առողջացած կլիներ: Բայց այժմ, ո՞վ է ծերին պատիվ դնողը, ո՞վ է նրա խրատը լսողը. ամեն մարդ ինքնագլուխ է դարձել. – ինչ որ խելքին փչում է` անում է. աշխարհս փոխվել է. – հույս, հավատ չէ՜ մնացե. ո՜չ աստված են ճանաչում և ո՜չ սուրբը. ո՜չ խունկ են իմանում և ո՜չ մոմը, ո՜չ խաչը, և ո՜չ պատկերը, ո՜չ մասը և ո՜չ էլ մասունքը… ամենքը դարձել են անաստված:

 

Ներս է մտնում Նազլու աղախինը:

– Աղջի, ի՞նչ եղավ, չեկա՞վ Դերվիշը, – հարցրուց Հուրի Խան-Դայան:

– Դերվիշը դռանը սպասում է, – պատասխանեց աղախինը:

– Ասա՜ թող գա, – հրամայեց տանտիկինը:

Մի քանի րոպեից հետո ներս մտավ դերվիշը, – մի բարձրահասակ և նիհար մարդ. նրա դեմքը սոսկալի էր և արևից այրված. աչքերը վառվում էին կատաղի կերպով: Նա հագած ուներ մի սպիտակ շապիկ, որ իջնում էր մինչև նրա մերկ ծնկները: Կուրծքը բաց, նույնպես այրված արևից. գլուխը առանց գդակի, երկայն ծամերը կապած էր մազե թելերից հյուսած վարսակալով: Նրա հոլանի, բոլորովին մերկ թևերի բազուկների վրա փաթաթված էին նրա սև թասբահները: Ուսին գցած ուներ յուր փոսա փալանքին (ընձու կաշին): Աջ բազուկից քարշ էր գցել փաշկուլը. կշտից կախել էր յուր նաֆիրը (եղջերափողը) և ջուլբանդը (մախաղը), որի մեջ դրած էին մի քանի գրքեր: Նա, ձեռքին բռնած յուր հաստ գավազանը, առաջ եկավ, և յուր սովորական եղանակով ողջունեց, ասելով.

– Յա՜ – հու-հակ:

Հուրի Խան-Դայան և տիկին Թարլանը տարան նրան հիվանդի մոտ: Դերվիշրը նստեց հիվանդի մոտ և աչքերը պշուցած՝ սկսեց նայել նրա երեսին. հետո ականջը դնելով նրա սրտին, խորին ուշադրությամբ սկսեց լսել:

– Դա խոսո՞ւմ է ինքը իրան, – հարցրուց նա:

– Հա՜, Բաբա՜-Դերվիշ, – պատասխանեցին պառավները, – հիվանդը ամենևին դադար չունի խոսելուց:

Դերվիշը դուրս բերավ մախաղից ռամը43 և սկսեց գցել նրան պղնձի սկուտեղի վրա:

– Հիվանդը բռնված է դևերից. չար ոգիները չարչարում են դրան, – ասաց իսլամի ճգնավորը ռամը գցելուց հետո:

– Մենք էլ գիտենք, այդպես է, – պատասխանեցին պառավները. – միայն դրա ճարը քեզնով է, աղա Դերվիշ:

– Տվեք ինձ տասը կրան, այնպես անեմ, որ առավոտյան ձեր հիվանդը վեր կենա մահճից:

– Մենք չենք խնայի քսան կրան ևս, միայն թե մեր որդին առողջանար:

– Ուրեմն բերեք ինձ ալյուր, մի թասի մեջ պաղ ջուր, մի լայն բերանով սրվակ և մի սև գույնով չարշապ:

Երբ տվին նրան խնդրած բաները, Դերվիշը վրանաձև ծածկվեց չարշապուվ և չոքեց, կզվեց բերանքսիվայր, տանելով յուր ծածկոցի տակ ալյուրը, ջուրը և սրվակը: Կես ժամի չափ զարհուրելի արտասանությամբ նա կարդում էր մի արաբերեն գիրք. այնուհետև լսելի եղան խառն ձայներ, որ նման էին բոլոր կենդանիների ձայների, և ահ ու սարսափ էին ազդում:

– Լո՜ւռ, անիծված, լո՜ւռ, ով լիրբ, – ասում էր Դերվիշը կոչելով ոգիների անծանոթ անունները:

Մի քառորդ ժամ է տևում Դերվիշի կռիվը ոգիների հետ, մինչև նա, ձգելով ծածկոցը, վեր է բարձրանում, ձեռքին բռնած սրվակը, որի բերանը պինդ կալա ծ էր մատով:

– Ահա՜ այդպես, գարշելիներ, խոսեց Դերվիշը, դուք կմնաք բանտարկված այս սրվակի մեջ մինչ խելոքանաք:

Հուրի Խան-Դայան և տիկին Թարլանը հետաքրքրությամբ նայեցին սրվակին: Բայց ինչե՛ր չկային նրանում: Թափանցիկ ապակիից երևում էին – փոքրիկ դեղին և կանաչ գորտեր, փոքրիկ մկներ, մի քանի հատ մանրիկ օձեր, կարիճներ, խեցգետին, մարախ – ինչ որ ուզես: Դերվիշը սկսեց սրվակը դրսից մատով ցույց տալ, թե այդ կենդանիներից որը՝ ո՜ր դևն էր:

– Ահա այդ կանաչ գորտը՝ Իբլիսի որդին է. այդ կարմիր օձը՝ Բելիարն է, այդ դեղին կարիճը՝ Լեգեոնն է. և այլն, և այլն:

Բայց երբ նա մոմով կալում էր սրվակի բերանը՝ հանկարծ մարախը թռավ:

– Դու փախա՞ր, ամբարիշտ, – ասաց նա, – վնաս չունի, քո ընկերները այստեղ են. դե՜ գնա, դու մենա՜կ ոչինչ չես կարող անել:

Պառավները շատ տրտմեցան, երբ փախավ դևերից մեկը: Դերվիշը նկատելով նրանց վրդովմունքը, մխիթարեց նրանց, տալով մի թիլիսմանական թուղթ, որ դնեն հիվանդի բարձի տակ, և կապեց նրա բազուկին բամբակե մի թել, որը մի քանի րոպե բերանի դեմ բռնած՝ աղոթք էր կարդում նրա վրա: Այնուհետև առնելով տասը կրանը, Դերվիշը հեռացավ միամտացնելով պառավներին, թե այդ թուղթը և թելը հեռու կպահեն հիվանդը այն մի հատ դևից, որ փախավ, և կնքելով սրվակի բերանը մոմով, դրեց յուր մախաղի մեջ:

Երեկոյան պահուն, բժիշկը գալով հիվանդի մոտ, երբ շոշափեց նրա զարկերակը, զարմացավ, տեսնելով նրա բազուկի վրա փաթաթված թիլիսմանական թելը: Նա ժպտաց, ասելով.

– Կախարդությունը դեռ չի կորցրել յուր հիմարական հետքերը խավար ազգերի միջից…:

Բայց և այնպես, Ռուստամի հիվանդությունը նույն երեկո բավական փոփոխություն էր արել – դեպ լավը: Նա կամաց-կամաց խոսում էր և հասկանում էր, ինչ որ ասում Էին նրան: Եվ Հուրի Խան-Դայան առանց տարակուսանքի հավատում էր, թե Դերվիշի ջանքերը իզուր չանցան:

Դեռ մըստր Սեյսունը նստած էր հիվանդի մոտ, երբ ներս մտան տեր Մարկոսը և Սոլոմոն-բեկը՝ Ռես Վասակյանի հետ: Հետո եկան պարոն Արամ Աշխարունին և պարոն Խոսրով Մելիքզադեն:

Տեր Մարկոսը առանց լռելու խոսում էր: Ռես Վասակյանը հանդես էր մտել յուր կեղծավոր զվարճախոսությամբ: Հիվանդը գտնվում էր յուր հոգու բարվոք տրամադրության մեջ: Ինքնաեռը եփ էր գալիս սեղանի վրա: Պարոն Մելիքզադեն ընտանեբար թեյ էր պատրաստում:

– Դե՜, բավական է, օրհնած, որքան քնեք, – ասաց քահանան հիվանդին. – հիմա, փա՜ռք աստուծո, ձեր առողջությունը լավ է:

– Եթե կարողանայի, իհարկե, ինձ ախորժելի չէ մաշվել այս տխուր ու տրտում մահճի մեջ, – պատասխանեց հիվանդը թույլ ձայնով:

– Շնորհակալություն մըստր Սեյսունին, – մյուս կողմից ասաց Սոլոմոն-բեկը ստորաքարշ մարդահաճությամբ: – Իրավ, այդ մարդը հրաշք գործեց. պարոն Ռուստամի համար ես շատ հուսահատ էի:

Բժիշկը համարյա չլսեց այդ գովասանքը. նա խոսում էր պարոն Մելիքզադեի հետ:

– Գիտե՞ք, պարոններ, ո՜րքան թշվառ էր մեր հիվանդների դրությունը, քանի որ մըստր Սեյսունը չէր եկել մեր երկիրը, – նրանց խոսքը կտրեց Ռեսը. – ա՛խ, քանի՛ հազարավորներ մեռնում էին անօգնական:

Տեր Մարկոսը նկատելով, որ անգլիացու գովասանքը չափից պատշաճից անցավ, ասաց.

– Ինչո՞ւ, մենք ևս ունեինք հմուտ բժիշկներ, որոնք իրանց իմաստությամբ հետ չէին մնում Լոկմանից:

– Արդարև, – պատասխանեց Ռեսը կատակով, – նրանց էլ շնորհակալություն, որովհետև նրանց շնորհիվ ամեն տարի, թվով շատ մարդիկ էին գնում դեպ Պլուտոնի թագավորությունը:

– Ամենայն ճշմարիտ հայ-քրիստոնյա, – ասաց քահանան, – չպիտի հավատա, թե բժիշկները կարող են փոխել օրհասը, որովհետև, ինչ որ գրված է մարդու ճակատին, այն կկատարվի: Բայց ներողություն, մըստր Սեյսուն, իմ կարծիքը թող չվշտացնե ձեզ:

Բժիշկը արհամարհական կերպով ժպտաց:

– Ըստ ձեր կարծիքի, – ասաց նա, – ճակատագիրը, որպես նախասահմանյալ դատավճիռ, առանց փոփոխության, առանց մի կետ զանց առնելու իրականությունից – եթե կատարվում է, ուրեմն այլևս ի՞նչ հարկավոր է հոգալ մեր կյանքի համար:

– Իհարկե, ի՞նչ հարկավոր է հոգալ, – պատասխանեց քահանան: – Մի՞թե չես կարդացել, ինչ է ասում Քրիստոս Մատթեոսի Ավետարանի վեցերորդ գլխում. «Մի հոգայք վասն կենաց ձերոց…: Իսկ արդ, ո՞ր ձէնջ առ հոգալ իւրում յաւելուլ կարիցէ ի հասակ իւր զկանգուն մի: » Եվ այդպես, մեր կյանքը աստուծո ձեռքումն է, առանց նրա կամքի մենք չենք կարող մեր գլխից մեկ մազ սպիտակացնել կամ սևացնել, որովհետև, առանց աստծո ոչ մի տերև չի ընկնում ծառից:

Բժիշկը դարձյալ ծիծաղեց:

– Հայր, – ասաց նա յուր սովորական հանդարտությամբ, – երեխայությանս օրերին կարդացել եմ, և տակավին իմ մտքումս են այդ խոսքերը. կարծեմ, Մատթեոսի միևնույն վեցերորդ գլխում գրված է, որ մենք մեր ապրուստի, մեր ուտելու և հագնելու մասին ևս հոգս չունենանք:

– Ճշմարիտ, այդպես է, – պատասխանեց քահանան. – «Մի այսուհետև հոգայցեք. և ասիցէք, զի՞նչ կերիցուք, կամ զի՞նչ արբցուք, կամ զի՞նչ զգեցցուք…: Հայեցարուք ի թռչունս երկնից, զի ո՜չ վարեն, ո՜չ հնձեն, և ո՜չ ժողովենի շտեմարանս և հայրն ձեր երկնատր կերակրէ զնոսա…: Եւ վասն հանդերձի մի հոգայք, հայեցարուք ի շուշանս վայրենի, ո՞րպես աճե, ո՜չ ջանայ և ո՜չ նիւթէ»:

Բժիշկը իսկույն չափեց հայ քահանայի հասկացողության ամբողջ սահմանը:

– Արդարև, – ասաց նա – եթե աստված ստեղծած լիներ մեզ երկնքի թռչունների նման, և եթե մեր արմատը դներ գետնի մեջ վայրենի շուշանների նման, մենք խիստ սակավ հոգս կունենայինք մեր կյանքի և մեր ապրուստի համար:

– Ի՞նչպես, – աչքերը լայն բացելով հարցրուց քահանան:

– Այնպես, որ բնությունը ինքը բուսցնում է վայրի շուշանները գետնից – իրանց ամբողջ զգեստավորությամբ: Նրանց հանդերձները աճում, կատարելագործվում են նրանց կյանքի հետ, այդ պատճառով նրանք կարոտություն չունին ո՜չ գործվածքի – հագուստի համար, և ո՜չ դերձակի – կտրելու համար: Բայց մարդը, բոլոր կենդանիներից ամենատկարը աստծու ձեռքով ստեղծված լինելով, կարոտ է յուր կյանքի և յուր ապրուստի հոգածությանը: Ինչո՞ւ, որովհետև նրա լերկ և մերկ մարմինը զգում է եղանակների բոլոր փոփոխությունները – արևի տոթը այրում է նրան, ցրտի սաստկությանը չէ դիմանում, որովհետև մարդուս մարմնի մերկությունը՝ կաթնակեր անասունների նման՝ բրդով կամ մազով չէ պատած, և ո՜չ երկնքի թռչունների նման՝ փետրով, որ առանց հոգածության, ինքնուրույն փոխվեր և նորոգվեր որոշյալ ժամանակներին: Ուրեմն մենք չենք կարող չհոգալ, թե «ինչ պիտի հագնենք»: Իրավ, երկնքի թռչունները չեն վարում, չեն հնձում, ոչ էլ ժողովում են իրանց ամբարներում, որովհետև բնությունը – աստծո այդ համատարած ամբարը – ձրիաբար և անաշխատ` բաշխում է նրանց կյանքի բոլոր պիտույքները: Բայց մարդը սովոր չէ ուտել խոտ, բանջար և կերակրվել հունդերով, որ ամենուրեք պատրաստի դրած են բնության սեղանի վրա. նա պիտի ճակատի քրտինքով վաստակե յուր հացը: Եվ մարդը մեքենաբար այնպես չէ կազմված, որ յուր մարմնի զենքերով կարողանա պաշտպանել յուր անձը – նա յուր եղունգներով և ատամներով – առ յուծի և արծվի նման – չէ՜ կարող պատերազմել յուր թշնամիների հետ: Եվ նրա ոտքերը այնչափ ամուր չեն, որպես ձիու և իշի սմբակները, որ կոշիկի կարոտություն չունենային և աքացիով պաշտպանեին նրան: Բայց այդ ֆիզիկական տկարությունների փոխարեն ստեղծողը իմացական կարողությամբ կատարելագործեց մարդը, ներշնչելով նրանում բանական հոգի և խելք կամ հանճար: Եվ կարիքը` եղավ մարդկության առաջին վարժապետը, որ ուսույց բանեցնել խելքը – այդ աստվածային ծանրակշիռ պարգևը, և նրանով գտնել մեր կյանքի բոլոր պիտույքները:

Բայց տեր Մարկոսը չհասկանալով մըստր Սեյսունի ասածները՝ հարցրուց.

– Ուրեմն Քրի ստոս խաբել է մեզ:

– Քրիսաոս չէ խաբել մեզ, – մյուս կողմից պատասխանեց պարոն Աշխարունին. – եթե մենք ճշմարիտ քրիստոնյաներ լինեինք, իրավ, մենք սակավ հոգս կունենայինք մեր կյանքի և մեր ապրուստի համար, ինչպես էին առաջին դարու քրիստոնյաները Քրիստոսից հետո:

– Հրաշքների ժամանակները անցել են, – ասաց մըստր Սեյսունը – այժմ ո՜վ չգործե՛, չէ կարող ուտել, և ո՜վ չուտե – կմեռնի:

Քահանան յուր կամավոր հակաճառությամբ կամենում էր առաջ տանել վիճաբանությունը, բայց տեսնելով, որ Սոլոմոն-բեկը վեր կացավ, նա ևս, հիվանդին առողջություն մաղթելով, միասին հեռացավ:

– Ռես, – ասաց Սոլոմոն-բեկը, երբ տեր Մարկոսը բաժանվեց նրանցից – հիվանդը ոչ մի վտանգ յուր կյանքի դեմ՝ չէ ցույց տալիս, մեր հույսը դարձյալ կորած է…:

– Մեր հույսը կորած չէ, – պատասխանեց Ռեսը յուր անդրդվելի հաստատամտությամբ. – բայց առժամանակ կորած է մեր հանգստությունը – նրա մահը կդյուրացներ գործը, բայց նրա կյանքը մի փոքր երկար աշխատել կտա մեզ:

– Բայց չէ՞ կարելի դյուրացնել գործը նրա մահվամբ:

– Ինչո՞ւ չէ կարելի. ամենայն անկարելին՝ արծաթը կարելի է դարձնում… ես այդ մասին մի բան մտածել եմ… միայն դուք շնորհեցեք փող, որքան հարկավոր լինի:

– Ես չեմ խնայում իմ արծաթը. միայն, Ռես, զգուշացնում եմ քեզ, այդպիսի հանգամանքներում ամենևին և երբեք չհիշել իմ անունը. չասել՝ թե ես նույնպես խորհրդակից էի քեզ, որովհետև երբ գործը ընդուներ հակառակ ընթացք՝ մեր օգտին ընդդեմ-այն ժամանակ ես չեմ կարող անպատվություն տանել, իսկ դու` անարգանքներ կրել սովորել ես…:

Ռեսը մի քսակ ոսկի ստանալով, դիմեց դեպ մըստր Սեյսունի տունը: Առաջին խաբողը, յուր խորամանկությամբ ոգևորված՝ այնպիսի ուրախությամբ չսողաց նախաստեղծների անմեղ բնակարանը – դրախտը, որպես Ռես Վասակյանը, չարության մտքերով լի՝ մտավ բժշկի տունը: Այդ եղեռնագործը կարծում էր, թե արծաթի մեջ կա այն ուժը և կարողությունը՝ ինչ որ չկա աստծո մեջ: «Թեթևամիտ անգլիացի է. մտածում էր նա հաստատ հույսով – ես նրա համոզումը կորսամ ա՜յս քսակով…»:

Նա գտավ բժշկին յուր դեղարանում միայնակ նստած:

– Դոկտոր, դուք կարո՞ղ եք լինել այնքան ողորմած, որ շնորհեք ինձ մի քանի րոպե ձեզ հետ գաղտնի խոսելու, – հարցրուց նա փաղաքշաբար բռնելով բժշկի ձեռքը:

– Խոսեցեք, – պատասխանեց նա սառնությամբ, – ոչ ոք ձեզ չի արգելի:

– Բայց նախապես, ինձ պետք է ստանալ ձեր խոստմունքը, որ իմ ասելիքս կմնա ձեզ մոտ իբրև գաղտնիք, եթե ես չկարողանամ օգտվել ձեր հաճությունից:

– Դժվար է խոստանալ մի բանի մասին, որ մեզ հայտնի չէ՜:

Ռեսը մտածության գնաց: Բժշկի սառնասրտությունը փակել էր նրա բերանը: Նա չէր համարձակվում վստահանալ և իսկույն հայտնել յուր նպատակը, բայց նրա անամոթությունը խրախույս տվեց նրա սրտին.«ինչ վնաս ունի, եթե գործը անհաջող ելք ստանա», մտածեց նա, ասելով.

– Բարեհաճեցեք, դոկտոր, լսել այդ` թեև անտանելի – հարցումը, կարո՞ղ էիք դուք ձեր դեղերը որևիցե հիվանդի համար գործադրել դեպ վատը, այսինքն` դեպ նրա մահը:

Մըստր Սեյսունի սիրտը դղրդեց այդ օտարոտի հարցումը:

– Ես բժիշկ եմ, և ո՜չ դահիճ, – պատասխանեց նա շփոթվելով:

– Բայց երբ հարկադրում էր ձեզ դեպ այդպիսի մի ձեռնարկություն մեծակշիռ նյութական օգուտը, օրինակ, ահա, այս ոսկիներով լի քսակը: – Եվ Ռեսը դրեց բժշկի առաջ հուդայան արծաթները:

Մըստր Սեյսունի աչքերը վառվեցան անսովոր բարկությամբ.

– Հեռացեք, դավաճան, – կոչեց անգլիացին, ոտքով դեն գցելով քսակը, – դուք կամենում եք կաշառել ինձ և մա՞հ գործել տալ: Կորեք այստեղից, ես չեմ կամենում տեսնել ձեզպիսի նենգավոր:

– Փա՛հ, փա՛հ, կատակը դիպավ յուր նպատակին… – ասաց Ռեսը ծիծաղելով և միաժամանակ ծածկելով յուր խորին վրդովմունքը: – Պարոն դոկտոր, դուք խիստ շուտ բարկացաք, բայց վնաս չունի, ազգային բնավորություն է այդ – անգլիական արյունը դյուրագրգիռ է…: Բայց բարեհաճեցեք հավատալ, որպես անկեղծ խոսքի, որ իմ առաջարկությունը ոչինչ չէր, բայց միայն փորձ:

 

– Որպիսի՞ փորձ, – հարցրուց բժիշկը, դեռ չհանգստացած յուր բարկությունից:

– Մի քանի օր առաջ ես գտնվեցա մի տան մեջ, որտեղ կային մի քանի անձինք. այնտեղ խոսք բացվեց ձեր մասին. մինը սկսեց չարաչար բամբասել ձեզ, ա՜յլև ամբաստանել կեղտոտ արատներով, թե դուք Պոլսում, քանի-քանի անգամ կաշառված լինելով, շատ հիվանդներ եք սպանել, և թե մեծ անխելքություն էր վստահանալ ձեր բժշկական օգնությանը: Բայց իմ խղճմտանքս չէ ներում ստախոսություններ լսելու, իսկույն այն ստախոսին հակառակ դուրս եկա, և երկար հակաճառություններից հետո պայմանադրվեցա փորձել ձեր հավատարմությունը. այժմ, պարոն, ես շատ ուրախ եմ, որ տարա մրցանակը, որովհետև սխալված չեմ եղել իմ կարծիքի մեջ:

Այդ ճարտար գյուտը, որ վայրկենապես ստեղծեց Վասակյանի հնարագետ խելքը, բոլորովին հանգստացրեց բժշկին, և նա, զզղջալով յուր շուտափույթ բարկության համար, բռնեց Ռեսի ձեռքը, ասելով.

– Նե րողություն, Ռես, հազար անգամ ներողություն:

– Վնաս չունի, որպես ասացի՝ ազգային բնավորություն է, բայց ես գիտեմ ձեր բարեսրտությունը:

– Բայց ես խնդրում եմ, եթե կարելի է, հայտնեցեք այն մարդու անունը, – ասաց մըստր Սեյսունը:

– Այդ չեմ կարող անել. բայց դուք, երկմտությունից բոլորովին դուրս գալու համար՝ կստուգեք այդ խոսքերի ճշմարտությունը Սոլոմոն-բեկից, որովհետև այդ խոսակցությունը տեղի է ունեցել նրա տան մեջ: Այժմ մնաք բարյավ:

Ռեսը հեռացավ, վշտացած յուր ձեռնարկի անհաջողության վրա: Նա շատ ուրախ էր, որ չհիշեց Ռուստամի անունը: Խորին մտահուզության մեջ, նա դիմեց դեպի Ավազակյանց տունը, որպեսզի Սոլոմոն-բեկին հայտնե այն օրվա անցքը, և պատվիրե նրան, որ նա ևս, պատահած ժամանակ, եթե բժիշկը հարցնելու լիներ, յուր խոսածին վկայություն տար:

Բայց նույն րոպեին նրա գլխում լույս ընկավ մի նոր միտք, և նրա սև տրեխի գույնով կնճռված երեսր պարզվեց: «Ա՜յն, որ չընդունեց կատարել մարմնավոր բժիշկը, անշո՜ւշտ կկատարե – հոգևոր բժիշկը…», ասաց նա յուր մտքի մեջ – դիվական հրճվանքով: