Za darmo

Սալբի

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

ԺԸ
ԵՐԱԶ

Ռուստամը ամբողջ գիշեր չկարողացավ հանգիստ քնել. նրա երևակայությանը սաստիկ ջերմախտական խառնակություն էր տիրել, որով նա տանջվում էր սարսափելի երազներով – երբեմն նրան երևում էր, թե անթիվ, անհամար շներ, գայլեր, կապիկներ, իրանց հետքի ոտերի վրա կանգնած, ականջները խլուզած, փիլոնի նման մի սև վերարկու իրանց ուսերի վրա ձգած, անճոռնի և ծիծաղելի կերպով – պա՜ր են գալիս և տեսակ-տեսակ ծամածռություններ ձևացնելով իրանց երեսի վրա` իրան ջիգրեցնում էին: Շատ անգամ նրան զարհուրեցնում էր մի այլ տեսիլք, – իբր թե քուրդերը թափված իրանց գյուղի տների վրա` թալան էին անում, տղաներ, փոքրիկ երեխաներ, կին և այր մարդիկ, յուր աչքի առջև մորթում էին և նրանց գլուխները ուղտի բեռներում լցրած – տանում էին: Ինքը կամենում էր գնալ, Սալբիին որոնել, բայց շղթաներով կապված լինելով` չէր կարողանում շարժվիլ:

Բայց մի երազ, որ ավելի տպավորվեցավ նրա երևակայության վրա, մի երազ, որ նա կարող էր հիշել, եթե հազար տարի ևս կյանք ունենար՝ այսպես էր. – երազում ձևանում էին նրան Աղվանա սարերը և ինքը ձիավորված` միայնակ ման էր գալիս այդ սարերի վրա: Նրանք այնպես տրտում և այրված չէին, որպես լինում են ամեն տարի աշնան որսորդության ժամանակ, այլ հիանալի, այո՜, շատ հիանալի էին: Այն ամուլ, չոր ու ցամաք ապառաժները և քարաժայռերը ծածկվել էին կանաչ խոտերի թավշյա օթոցներով, և նրանց միջից վառվում էին ծաղիկների բյուրավոր գույներ: Անտառը, որ ձգվում էր խիստ հեռու սարերի վրա, յուր լիմոնի, նարնջի, մագնոլիայի, դափնիի և այլ մշտականաչ ծառերով լցրել էր օդը անուշ և թարմ քաղցրահոտությամբ: Փոքրիկ առվակները, գաղտուկ սողալով թավախիտ թփերի միջից, իրանց կարկաչյուն ձայնը խառնում էին երգող թռչունների ճլվլոցի հետ:

Դեռ մութ էր, դեռ գիշերը բոլորովին չէր վեր քաշել յուր խորհրրդական ծածկոցը երկրի վրայից. բայց արշալույսը արդեն սկսել էր շառագունել, և այդ սարերի հրաշալի պատկերները այնքան շռայլ և փառահեղ զարդարված բնության գրչով – սկսում էին հետզհետե տեսանելի լինել:

Հանկարծ ոսկի արևը դուրս բզբզաց թուխ ամպերի միջից: Նա հրդեհեց հանդիպակաց լճակի երեսը, և սարերի ձյունապատ գագաթները ներկվեցան ալ-վարդի գունով, և նրանց կանաչ կուրծքերը ոսկեզօծեց զառիկի փայլով: Աննկարագրելի է, թե քանի զմայլեցուցիչ նվագներով թռչունների անհամար տեսակները սկսեցին բարովել տվնջյան լուսատուի գալուստը:

Բայց արևը գնալով բարձրանում էր դեպ հորիզոնի ավելի բարձր կամարակապը: Ռուստամը թափառում էր սարերի մեջ, բայց տակավին չէր գտել և ոչ մի որս: Տոթը ավելի և ավելի բորբոքում էր, բոլոր առարկաները, որոնց բնությունը տվել էր տեղափոխվելու և շարժվելու կարողություն` սկսան փախչիլ կիզող արևի երեսից և թաքնվել անտառի հովասուն խորքում, ուր նրա լույսը չէր թափանցում:

Կեսօր էր: Կրակոտ երիտասարդը անդադար քշում էր յուր ձին, և չնայելով տոթի սաստկության՝ չէր կամենում դառնալ առանց որսի:

Հովիվները հավաքել էին իրանց հոտերը մի աղբյուրի մոտ, այն զովացուցիչ հովանիի տակ, որ լայն տարածել էր Ղարնիյարուղը: Այդ հովանին գնալով ընդարձակվում էր, քանի որ արևը դիմում էր դեպ յուր մուտքւ: Նրանց ոչխարները թուլացած տոթից, գլուխները միմյանց կողքին խթած, ծուլորեն մակաղել էին: Բայց հովիվները մի կողքի վրա ընկողմանած, գլուխները ցուպի և մախաղի վրա դրած – անհոգ և հանգիստ քնել էին, նրանց հոտերի պահպանությունը թողնելով ահագին գամփռ շներին, որոնք լեզուները երկար դուրս պարզած, արագ-արագ շունչ էին քաշում, և թոքին տալիս:

Հեռուն, հեղեղատի ափերի վրա, կանաչ արոտամարգերի մեջ, երևում էին խաշնարած ցեղի վրաններ: Նրանց մատակ ձիերը արածում էին երկայն եղեգնաբույսերի մեջ, որ այնքան խիտ աճել էին հեղեղատի եզերքին: Թափառական ցեղի մանուկ օրիորդները նստած եղեգնաբույսերի հովանիների տակ՝ մի կրակոտ, ախտաբորբոք և բարբարոսական մեղեդի երգելով, արմավենու փափուկ ճյուղերից հյուսում էին զամբյուղներ: Ռուստամը արևի տաքությանը այլևս չդիմանալով, մտածեց գնալ հեղեղատի ափը, այն չքնաղագեղ ներեիդների (ջրային հավերժահարսեր) մոտ, մի քանի րոպե զով օդ վայելել և յուր արդեն հոգնած ձիուն հանգիստ տալ այն կանաչ խոտերի մեջ:

Նա անցավ այն վրանների մոտից, բայց դրսում ո՜չ մի մարդկային էակ չէր շարժվում: Վրանների մեջ, գրկախառնված, քնած էին նրանց տեր պարոնայքը և տիկնայքը: Գեղեցիկ մանուկ աղջիկներ սիրամարգի փետուրներով հովահարելով՝ հալածում էին չար ճանճերը և հովացնում քնողների տոթից շառագունած եբեսները, որպեսզի նրանց քունը անդորր և դյուրին լիներ: Վրանների սյուներից քարշ էին ընկած քնող քաջերի զենքերը. վրանների մուտքի առջև գետնի մեջ ցցված տեսանելի էին նրանց երկայն նիզակները, որոնց գլխին փողփողում էին սև, փետրազարդ փնջեր: Վրանների դռան առաջ կանգնած էին նրանց թամքած ձիերը, ուտելով մետաքսանման փափուկ խոտը, որ դրված էր նրանց առաջ, և, ասես թե, անհամբերությամբ սպասում էին, թե երբ նրանց հզոր տերերը կնստեն և կերթան բերելու իրանց թշնամիների ավարը:

– Երջանիկ մարդիկ, – ասաց Ռուստամը ցավելով, – այո՜, քաջերի վրանները այդպես պիտի լինին… բայց մի թշվառ հայի վրանը այնչափ աղքատին և գծուծ է, որպես ինքը, հայը…:

Մի նեղ շավիղ, որ հազիվ նշմարելի էր, տեղ-տեղ կորուսանելով յուր հետքը թավ խոտաբույսերի մեջ, տանում էր դեպ հեղեղատի ափը: Ռուստամը խորասուզված ծանր մտածությունների մեջ, քշում էր յուր ձին: Հանկարծ ստվերախիտ եղեգնաբույսերի միջից երևան եկավ մի սիրուն եղջերու` նա, յուր գլուխը վեր թեքած քամակի վրա, սկսեց փախչել դեպ մոտավոր սարաձորը: Որսորդը յուր ձին սաստիկ վազեցնելով, սկսեց հալածել կենդանիին, բանիցս անգամ հասնելով նրան` ջանք արեց նիզակահար անել որսը, բայց ճարպիկ կենդանին միջոց էր գտնում այնպես սաստկությամբ սողել նիզակի տակից, որպես սև օձը թովչի դյութական գավազանի տակից: Բայց դիպվածը ձեռնտու եղավ. եղջերուն մտնելով արդեն միմյանց հետ փակված թփերի մեջ, մի վայրենի տանձենի յուր ոստերով բռնեց նրա եղջյուրները: Ռուստամը չկամենալով սպանել որսը, ձգեց պարանը նրա վզից, բայց հանկարծ ի՛նչ սարսափելի հրեշ… – գեղեցիկ եղջերուն աներևութացավ, և թփերի միջից սողաց մի հսկայական վիշապ: Սարսափելի գազանը յուր թեքուն պոչը ամրացնելով գետնի վրա, օղակ-օղակ պտտելով վեր բարձրացրեց ահագին գլուխը, և յուր ամեհի բերանը լայն բաց արած, սուր և թունավոր ժանիքներով բռնեց Ռուստամի ծոծրակից և պոչը ձիու փորի տակով անցկացնելով, երկու փաթույթ արեց նրա վրա…: Մահը յուր սև դեմքով կանգնեց Ռուստամի առաջ: Տաք արյունը սկսեց ջերմացնել նրա քամակը, ձին` երկյուղից խրտնեց, և խռռալով, սաստիկ փնչալով գետին տապալվեց: Ձին, Ռուստամը և յուր հոգեառը – խառնվեցան միմյանց…:

Անգիտելի է, թե որպիսի հոգեբանական հարված ունեցավ այդ երազի սարսափելի ներգործությունը Ռուստամի վրա, որով նա առավոտյան ծանր հիվանդությամբ բռնված` յուր մահճի մեջ վառվում էր տիֆուսյան ջերմախտով:

Մեծ պասի առաջին օրը լինելով, գյուղացիները՝ տերտերների հետ տանից տուն էին ման գալիս, պաս շնորհավորում, և ուտելով, խմելով ուրախանում էին: Բայց տեր-Առաքելենց տան մեջ ամեն ինչ միանգամայն փոխվեց: Ռուստամի ծանր և վտանգավոր հիվանդությունը ձգեց բոլորին անասելի տխրության մեջ: Տիկին Սկուհին գաղտնի լաց էր լինում. մահտեսի Ավետիսը, ձեռքերը ծալած, լուռ ու մունջ նստել էր մի անկյունում: Հուրի Խան-Դայան, այդ եփուն և փորձառու պառավը, յուր երկաթի կարծրությամբ սրտով, դա էր միայն հոգս տանում յուր բժշկական հնարներով հիվանդի ցավին մի դարման անելու:

Մերձավոր բարեկամներից և դրացիներից մի քանի մարդ և կանայք եկել էին հիվանդի մոտ, և նստած՝ շրջապատել էին նրա մահճի չորս կողմը: Հիվանդը, ջերմի սաստկությունից, խորին անզգայության մեջ, կցկտուր բառերով խոսում էր.

«Դհոլ-զուռնան ածվում է… հարսն ու աղջիկ պար են բռնել… ա՛հ. ինչ ուրախություն է… հա, այդպես վայել է իմ հարսանիքին… տղերք, ձեր հոգուն մատաղ, ուրախություն արեք… հարսանիք է… իմ հարսանիքն է… ահա ես նստած եմ թախտի վրա…խաչեղբայրս կողքիս… պսակի նարոտը իմ ճտովս գցած…: Սկուհի, մայրիկ, սիրական, դու ասում էիր` ե՞րբ հարսանիք կլինի… ահա քեզ հարսանիք… դե՜ , մայրի՜կ, հոգիս, դո՜ւ էլ պար բռնե… ինչո՞ւ ես շփոթված կանգնել…: Տո՜, մի թո ՜ղ տվեք ես ինքս պարեմ իմ սիրելի Սալբիի հետ… բա իմ ուրախությունը ո՛ր օրվա համար է պահված»:

Վերջին խոսքերի հետ հիվանդը վեր է թռչում մահճից, բայց չորս կողմից բռնում և պառկեցնում են. առժամանակ լուռ է մնում նա, թույլ և անլսելի կերպով շունչ քաշելով: Նրա երևակայական ցնորքները կերպարանափոխվում են և նա մյուս անգամ սկսում է.

«Վա՛յ, վա՛յ… տարան, տարան… վա՛յ իմ գլխին… տարան, տանում են Սալբիին…: Անդունդը պատռվեցավ, դժոխքի ոգիքն դուրս թափվեցան. խլեցին. տանում են իմ Սալբին… իմ հարսնացուն… իմ նազելին… քոռացեք աչքեր, թող ես չտեսնեմ…Թուրերը պսպղում են. խանչալները կայծակ են տալիս… արյուն է թափվում, մահ և կոտորած է…: Տո, բերեք իմ զենքերը, ես դրանց հետ կկռվեմ… ես դրանց կկոտորեմ և իմ Սալբին հետ կառնեմ…»:

Նա սկսում է արհամարհական եղանակով ծիծաղել և թույլ, նվաղած ձայնով երգել. —

«Կռվի օրում քաջ տղամարդը ուրախ է.

«Փառք կորոնե պատերազմի դաշտումը.

Թուլասիրտը յուր արյունից կվախե,

Ես հիվանդ եմ ասելով, կթաքչի յուր տան քնջումը»:

Հիվանդը դարձյալ լռում է: Հուրի Խան-Դայան և շրջապատող պառավները ունայն սնոտիապաշտությամբ երեսները խաչակնքում, աղոթքներ են կարդում, կարծելով, թե նա բռնվել էր դևերից:

Այնտեղ են գալիս տիկին Թարլանը, տիկին Սալլաթինը և մի քանի այլ բարեկամուհիներ և շրջապատում են հիվանդի անկողինը:

– Տիրուհի, այսպես են կոչվում քահանաների կանայք, – ասաց տիկին Թարլանը Հուրի-Խան-Դայային, որ երեսը թթվեցրած, ձեռքերը ծալած, նստել էր յուր թոռան բարձի մոտ. – քույրիկ, չէ՞ որ դու աշխարհ ես տեսել, ծամ ես սպիտակացրել, հոգիս, հիվանդը, այդպես անհոգ թողնելու չէ, դրան մի ճար անելու խնամք տարեք:

– Ինչ ճար, – ասաց Հուրի Խան-Դայան հոգվոց հանելով. – ճարս հատել է, խնամի, ես ինձ կորցրել եմ, ինձանում խելք չէ մնացել. մնաց, աստված ինքը մի ճար անե:

– Ճշմարիտ, – նրա խոսքը կտրեց դարձյալ տիկին Թարլանը, – առանց աստուծո կամքին տերևը ծառից վայր չի ընկնի. բայց և ա՜յնպես մարդիկ պիտի իրանց խելքը գործ դնեն:

– Աստծո կամքը թող օրհնված լինի, – պատասխանեց Հուրի Խան-Դայան լի հավատքով:

Տիկին Թարլանը ոչինչ չխոսեց:

– Շատ անգամ տեր ամենակալը մեզ փորձելու համար է ցավ տալիս, – խոսեց պառավ Մարթան, – որպես Հոբ երանելին: Բայց մենք փոխարենը պետք է փառք տանք նրա ամենաողորմությանը:

– Դրանք բոլորը ավելորդ խոսքեր են, – նրանց խոսքը կտրեց տիկին Սալլաթինը, հիվանդի մորաքույրը. – իրավ աստված ցավ է տվել, բայց ցավին էլ դարման է տվել: Դուք փոխանակ այդպիսի ունայն խոսքերով ժամանակ անցնելու, ավելի լավ է շուտով կանչել տաք մի բժիշկ:

Հուրի Խան-Դայան չէր կարող համբերել տիկին Սալլաթինի խոսքերին, յուր հնամոլ հայացքով նրա խոսքերի մեջ խիստ անհավատություն նկատելով, այդ պատճառով ամենևին ուշադրության չառնելով նրա ասածը, – խոսեց.

– Տերը և նրա սուրբերը թող ազատեն իմ թոռը այս հիվանդությունից և ջերմեռանդությամբ խաչակնքեց յուր երեսը:

 

– Դարձյա՜լ սնոտի հավատ… – ասաց տիկին Սալլաթինը:

– Ի՞նչ պետք է արած, իմ քույրեր, ա՜յն բոլորը, որ հայ-քրիստոնյայի օրենքը հրամայում է՝ անթերի կատարել եմ: Տերտերին Նարեկ և Սաղմոս կարդալ տվել եմ, սուրբ պատկերների առաջ մոմեր վառե՜լ եմ… այլևս ի՛նչ է մնացել, որ չեմ արել:

– Հիվանդությունը կրոնին ո՜չ մի վերաբերություն չունի, – դարձյալ կրկնեց տիկին Սալլաթինը տհաճությամբ. – հիվանդությանը հմուտ և փորձառու բժիշկնե՜ր են պետք:

– Վերին բժշկապետը գիտե ամենայն ցավի դարման տանել. նա ավելի հմուտ և փորձառու է, քան բոլոր ստեղծվածները:

– Այդ մի անօգուտ հույս է, որ առժամանակ կհրապուրե ձեր սնահավատությունը, իսկ դուք հետո կստանաք ձեր կամակորության վարձը՝ մի անմխիթար փոշիմանություն…: Մնաք բարյավ, ասաց նա, և գնաց հայտնելու յուր ամուսնուն, պարոն Արամ Աշխարունուն, – յուր քեռորդու, վտանգավոր հիվանդության մասին:

Տիկին Սալլաթինի մեկնելուց հետո մի նոր սնապաշտական զրույցների ասպարեզ բացվեց: Հուրի Խան-Դայան պատմեց, թե ինչեր էր արել հիվանդի առողջությունը հետ դարձնելու համար:

– Զարմանալի է. ապա այդ բոլոր զորավոր արարողությունները ոչ մի օգուտ չարեցի՞ն, – հարցրուց տիկին Թարլանը:

– Ո՜չ… – գլուխը շարժելով պատասխանեց Հուրի Խան-Դայան: – Խնամի, «խաչը տերը զորավոր կանե», և «հուսով սև քարին ապավինիս, քո մուրազը կտա»: Բայց իմ թոռը մի կասկածոտ և անհավատ տղամարդ էր. նա հերքում էր սուրբ արարողությունները: Չէ՞ որ առածը ասում է. «երբ որ չունիս հույս, բարին քեզնից կտա խույս»: Բայց դուք, իմ աչքիս լույս բարեկամներ, առաջ տարավ նա, – դուք չգիտեք իմ ընտանեկան գաղտնիքը, թե ի՞նչ էր պատճառը, որ աստված այդպես խեթ աչքով է նայում մեզ վրա. ես կպատմեմ, դուք կհասկանաք, թե ո՜րքան դժվար է կրոնքի և օրենքի հակառակ կենալը:

– Պատմիր, պատմիր, – ձայն տվին ամեն կողմից մոլեռանդ պառավները:

– Դուք, իմ քույրեր, – առաջ տարավ նա, – ձեզնից շատերը տեսել են իմ ամուսինը, այն բարի քահանան, յուր ժողովրդի այն բարեգութ նահապետը:

– Աստված յուր հոգին լուսավորեսցե, – կոչեցին ամենքը:

– Դուք գիտեք, – շարունակեց Հուրի Խան-Դայան, – որ այդ տիրոջ իմաստուն պաշտոնյան, միանգամայն յուր ժողովրդի հոգևոր և մարմնավոր մխիթարությունը, նրա բանգետ խորհրդատուն, նրա տրտմությունների և ուրախությունների կարեկիցն էր: Այս գալիք մեծ պահոց միջինքին կլրանա քսան և հինգ տարին նրա վախճանից հետո: Բայց այս քսան և հինգ տարիների ընթացքում, թեպետ նա գնացել, հեռացել է մեզանից, բնակելով երկնքում, հրեշտակների մեջ, բա՜յց հավատացնում եմ ձեզ, նրա արթուն հոգին էր իմ գերդաստանի պահապան հրեշտակը, որ խափանում էր մեզնից բոլոր չար պատահարները: Ի՞նչ էր դրա պատճառը – այն լուսահոգին երբ տեսավ թե մոտ է մահը, մտածեց պատսպարել յուր ընտանիքի ապագան զորավոր գրվածքներով: Նա դրավ յուր տունը և յուր ընտանիքը մի թիլիսմի ներգործության տակ, որը յուր զորությամբ խափան էր ամենայն չարիքի: Այդ թիլիսմանական թղթերը ապակյա սրվակների մեջ դնելով` թաղեց տան դռների շեմքում, թոնրի շրթան մոտ և ջրհորի ափում: Բայց իմ թերահավատ թոռը անարգեց յուր պապի խորհրդավոր թղթերը, և ամենևին չնայելով իմ աղաչանքին և արտասուքին, կախարդական գրվածքներ համարելով, դուրս բերեց թիլիսմը և անխնա այրեց կրակում…: Ահա այդ դժբախտությունը հանդիպելուց հետո, ասես թե, մեր աստղը խավարեց. չարը համարձակ մուտք գործեց մեր օրհնյալ բնակարանը, վիշտ, նեղություն և հազարավոր թշվառություններ անպակաս եղան մեզնից…: Մեր վարուցանքը անպտուղ եղավ, մեր տավարներն և ոչխարները արդյունք չտվին… և բախտը յուր աչքերը խփեց մեզանից: Բայց այդ վերջինը… այդ վերջինը… անիրավ կրոնափոխությունը… ահա՜, ճաշակել է տալիս յուր թունավոր պտուղները, և այդ հիվանդությունը ևս նրա հետևանքն է…:

Հուրի Խան-Դայան, բոլորովին լցված արտասուքով, նրա ձայնը խեղդվում էր սրտի զեղմունքից. երկար նա սկսեց հեկեկալ և դառնապես լալ. մյուսները նույնպես սկսեցին սուգ անել:

Ներս մտան մի քանի տղամարդիկ, որոնց թվում էին պարոն Արամ Աշխարունին, պարոն Մելիքզադեն և անգլիացի բժիշկ մըստր Սեյսունը: Բոլոր կանայք աներևութացան: Բժիշկը մոտեցավ, բռնեց հիվանդի շնչերակը և սկսեց հարցուփորձել մահտեսի Ավետիսին:

Բայց հիվանդի զգայարանները անհանգիստ խառնակության մեջ էին, և նրա լեզուն չէր դադարում երևակայական խառնափնթոր պատկերներ արտահայտելուց:

«Ա՛հ… վիշապը… դարձյա՛լ այն սարսափելի վիշապը…: Աստվա՛ծ իմ. դա չէ հեռանում ինձանից…: Ահա Սալբին, ո՛րքան զվարթ է նա… նա աներկյուղ, մի քաջ աստվածուհու նման, եկել է օգնելու ինձ… եկ, Սալբի, ե ՜կ օգնիր ինձ…»:

Մի քանի րոպե լռությունից հետո զառանցանքը դարձյալ շարունակվում է.

– «Դե՛հ, իմ նազելի, դե՛հ, մի հարված ևս… ահա սատակեց նա… սատակեց վիշապը… բեր համբուրեմ քո նուրբ ձեռքերը, իմ նազելի Պալլաս. դու քաջությամբ կռվեցար…»:

 
Եվ նա սկսեց ավելի որոշակի ձայնով երգել. —
«Քնքուշ ձեռքերը հարեմին սիրուն՝
«Հինան ներկում է վարդագույն-կարմիր.
«Նա այդ ձեռքերով հրապուրել գիտե՝
«Ամուսին խանը, ջերմ, հեշտախնդիր :
 
 
«Բայց ես սիրում եմ արյունով ներկված՝
«Նուրբ մատիկները իմ սիրուհիիս,
«Երբ որ նա ինձ հետ պատերազմում է
«Ոսոխների դեմ իմ անբախտ ազգիս»
 

Նա դարձյալ լռեց:

Բժիշկը, հեռուն, խորհրդակցում էր պարոն Աշխարունու հետ հիվանդի մասին. նա դուրս բերեց յուր փոքրիկ կաշյա պարկից մի քանի տեսակ դարմաններ, պատվիրեց խմեցնելու կերպը, և ինքը դուրս գնաց, խոստանալով գալ կեսօրվա պահուն:

Միևնույն ժամանակ ներս մտավ Ռես Վասակյան. նա թույլ ձայնով սովորական ողջույնը տալուց հետո, մոտեցավ, ապշած կանգնեց հիվանդի գլխի վերը. նրա կեղծավոր կերպարանքի վրա ձևացված էր ցավակցության պես մի բան. նրա շիլ աչքերից գլորվեցան մի քանի հատ արտասուքի կաթիլներ, և նա յուր տզրուկի նման սև շրթունքը շարժում էր, իբր թե աղոթք էր կարդում:

– Այդ ի՛նչ անբախտություն է, Մահտեսի, – ասաց նա, դառնալով դեպի հիվանդի հայրը: – Հատկապես ինձ խիստ ցավալի է տեսնել ձեր որդին, իմ սիրելի բարեկամը, այդ դրության մեջ:

– Աստծո կամքն է, – պատասխանեց ջերմեռանդությամբ մահտեսի Ավետիսը:

– Հա՜, աստծո կամքն է, իմ բարեկամ… բայց ի՞նչ հույս տվեց բժիշկը, – կամաց շշնջաց Ռեսը նրա ականջին:

– Բժիշկը մի ուրախալի հույս չտվեց… – պատասխանեց տխրությամբ մահտեսի Ավետիսը:

– Մնաք բարյավ. ես իմ հետ անչափ տրտմություն եմ տանում. երեկոյան դարձյալ կմտնեմ ձեզ մոտ, – ասաց չարագործը և հեռացավ: «Հա՜, բժիշկը մի ուրախալի հույս չտվեց…», կրկնում էր նա յուր մտքի մեջ, գոհունակ սրտով:

– Պետք է հեռու պահել հիվանդը տանեցի և դրացի այցելուներից, – ասաց պարոն Աշխարունին. – դրանք կձանձրացնեն նրան իրանց շատախոսությամբ և ավելորդ սնապաշտական արարողություններով: Թող պարոն Խոսրովը մնա այստեղ, թող նա հանձն առնե ծառայել հիվանդին, որպես յուր մտերիմ բարեկամին: Առավելապես ջանացեք հեռու պահել հիվանդից ձեր մայրը, Հուրի Խան-Դայան, որովհետև պարոն Ռուստամը յուր առողջ օրերում անգամ չէր կարողանում համբուրել նրան: Պարոն Մելիքզադեն գիտե, թե ինչպես պետք է գործադրել դեղերը: Մնաք բարյավ, առողջություն եմ մաղթում, մահտեսի:

Ռես Վասակյանը, տեր-Առաքելենց տանից դուրս գալով, իսկույն հայտնվեց մեծ ամրոցում և մտնելով պատանի Ավազակյանցի սենյակը, դիվական հրճվանքով ասաց.

– Նո ՜ր ավետիս:

– Ի՞նչպես, – հարցրուց Սոլոմոն-բեկը յուր խաժ աչքերը լայն բացելով:

– Ռուստամը ամենասաստիկ կերպով հիվանդ է. այս ժամիս ես նրա մոտ էի:

– Արդարև՜, ավետիս, – կրկնեց պատանի Ավազակյանցը նույնպես ուրախանալով:

– Բայց գիտե՞ք, որքա՜ն ձեռնտու է մեզ այդ բախտավոր հիվանդությունը. մի կովմից հեռացնում է մեզնից, Մելիքզադեի խորհրդով, առանց քահանայի պսակ կատարելու խորհուրդի երկյուղը. մյուս կողմից, օրիորդ Սալբին հեռու գտնվելով նոր ազդեցությունից, հիվանդությունը հնար է տալիս մեզ ազատաբար գործադրել մեր ծրագրները: Եվ եթե այդ հիվանդության վերջը աստուծո հաջողությամբ մի բարի մահով պսակվի՝ այն ժամանակ դուք ամենևին առիթ չէիք ունենա գանգատվելու ձեր բախտից:

– Հա՜, մահը կազատեր մեզ երկար հոգածություններից, – պատասխանեց Սոլոմոն-բեկը բոլորովին սառնասրտությամբ:

«Արդյոք չփորձե՞լ.այդ կարելի կլինի՞ բժշկի միջոցավ. թեթևամիտ անգլիացի, փողի համար հոգի կտա… »,մտածում էր յուր մեջ եղեռնագործը:

– Լսիր, աղա, – խոսեց նա լսելի ձայնով. – ժամանակը թանկ է մեզ համար. պետք է գործ սկսել. դարձյալ կրկնում եմ իմ դասը. – դուք կաշխատեք ձեզ ցույց տալ պարոն Աշխարունուն, որպես նրա համախոհ և սրտակից բարյացակամը. և սկսեցեք բարեկամական հարաբերություն ունենալ, և նրանց բոլորովին կասկածներից դուրս բերելու համար, ձեր քույրը կհանձնեք ուսանելու տիկին Սալլաթինի մոտ. ես էլ իմ քույրը կսողացնեմ այնտեղ, որպես ձրի ծառայող աղախին: Նրանք երկու կողմից կսկսեն համոզել օրիորդ Սալբիին: Եվ դուք ձեր քրոջ պատճառով միշտ գնալ գալ կունենաք աղջիկների մոտ, և կարող կլինեք տեսնել օրիորդ Աալբիին, և երբեմն գաղտուկ խոսել նրա հետ: Չմոռանաք, առաջ բարեկամանալ, հետո քույրդ հանձնել, այնուհետև սկսել երթևեկություն կատարելը: Այդ կլինի մեր առաջին փորձը: Այնուհետև` գործերի բերմունքի համաձայն կլարենք մեր որոգայթները: Այժմ մնաք բարյավ:

ԺԹ
ԿԵՂԾԱՎՈՐԸ

Առավոտյան ութ ժամին, պարոն Աշխարունին միայնակ նստած յուր առանձնասենյակում, սպասում էր ընդունել մի հյուր, որ հատկապես խնդրել էր նրանից մի գաղտնի տեսակցություն:

«Այդ զարմանալի է, մտածում էր նա. պատանի Ավազակյանցը տեսակցություն է խնդրում ինձ մոտ գալու…: Նա՜, որ յուր հոր հետ մեր վտանգավոր թշնամիներն են, որ միշտ հալածել են մեզ և ա՜յնքան ցավալի նեղություններ պատճառել, գրել է մեզ մի ա՜յնպիսի նամակ, որ արտահայտում է նրա անչափ ցանկությունը մեր գործի առաջադիմության համար»:

Նա կրկին վերցրեց նամակը, և յուր ուշադրությունը դարձրեց հետևյալ տողերի վրա.

«Մի գաղտնի զորություն իմ սիրտը քաշում է դեպ ձեր կողմը, երանի թե այդ լիներ սուրբ հոգու ազդեցությունը»: Մի քանի տողից հետո՝ «Սողոսին Դամասկոսի ճանապարհում կոչող ձայնը՝ իմ հոգու ներսից սպառնում է խղճմտանքիս, թե «Սա՜վուղ, Սա՜վուղ, ինչու կհալածես զիս»: Եվ նամակը վերջանում էր այս խոսքերով. «պատիվ եմ համարում Քրիստոսով մնալ ձեզ միշտ անձնվեր բարեկամ – Սոլոմոն-բեկ Ավազակյանց»:

Մինչ պարոն Աշխարունին տարուբերվում էր խառն մտածությունների մեջ, ծառան հայտնեց հյուրի գալուստը:

– Թող հրամայե, – ասաց նա:

Ներս մտավ մելիքի որդին, փառավոր հագնված, յուր երկու ծառաներով. նա քաղաքավարությամբ սեղմելով պարոն Աշխարունու ձեռքը, անցավ և նստեց սոֆայի վրա, յուր ծառաներին ականացի անելով, որ դուրս գնան և սպասեն դռան մոտ:

– Բարի է ձեր գալուստը, – գլուխ տալով ասաց պարոն Աշխարունին, ասիական քաղաքավարությամբ. – ձեր այցելությունն ուրախացնում է մեզ:

Սոլոմոն-բեկը, ի նշան շնորհակալության, նույնպես շարժեց գլխով:

– Ի՞նչ լուր ունիք Թեհրանից, ձեր հորից, – հարցրուց պարոն Աշխարունին սովորական ընդունելությունից հետո:

– Վերջին սուրհանդակով նամակը ցույց է տալիս, որ հայրս շնորհ է ունեցել տեսություն ստանալ շահից. թագավորը խիստ շատ բարեսրտություն է ցույց տվել և խոստացել է կատարել նրա բոլոր խնդիրները:

– Ուրախալի է… բայց ի՞նչ նպատակ ունին խնդիրները:

– Տեղույս հայերի նեղությունների մասին. մի փոքր թեթևացնել հարկերը և խաների անտանելի բռնակալությանց դեմը առնել:

Ծառան մատույց ղահվե շաքարով. և վերջացնելուց հետո տվին նրան ղեյլան. Ավազակյանցը մատուցեց ղեյլանը պարոն Աշխարունուն, բայց նա հրաժարվեց, ասելով թե ծխելու սովորություն չուներ: Ավազակյանցը միայնակ սկսեց ծխել: Բայց իմ հոր գլխավոր խնդիրը ձեր մասին է, որ ես հայտնում եմ ձեզ որպես գաղտնիք, – խոսեց Սոլոմոն-բեկը: – Ատրպատականի գլխավոր հոգևոր առաջնորդի խորհրդով, հայրս պիտի բողոքեր շահին, որ ձեր տունը արտաքսվի այս երկրից:

– Օհո՛… – բացականչեց պարոն Աշխարունին ժպտելով. – հետո :

– Հորս մի այդպիսի ձեռնարկությունը չափազանց ընդդեմ լինելով իմ կամքին, ես միշտ գրել եմ նրան, չիցե՜ թե ձեր մասին բողոքավոր լինի Թեհրանում. երկար թախանձելուց հետո, ահա այդ վերջին նամակը մի փոքր մխիթարեց ինձ:

Նա դուրս բերեց յուր թղթերի կաշյա պահարանից մի նամակ, որի վերջում գրված էին այս խոսքերը. —

«Այն մոլորեցուցիչների մասին դու այնքան երկար գրելով, իրավ, ձանձրացրիր ինձ, վերջապես, պատիվ դնելով քո որդիական սիրուն, խոստանում եմ քեզ այլևս չբողոքել նրանց մասին վսեմափառ շահին, ամենևին չհասկանալով, թե դու ի՞նչ նպատակ ունեիր նրանց այդչափ պաշտպանելու:

– Այդ կնիքը ձեր հո՞րն է, – հարցրուց պարոն Աշխարունին, նայելով մեծ կնիքին, որ դրոշմված էր նամակի վերջում թղթի վրա:

– Հրամեր եք. որովհետև հայրս գրել չգիտե, նա սովորաբար դրոշմում է յուր կնիքը յուր ստորագրության փոխարեն:

Բայց սուտ էր խոսում կեղծավորը. նամակը բոլորովին հնարված էր Ռես Վասակյանի ձեռքով. իսկ մելիք Պիլատոս Ավազակյանցը վաղուց էր խնդրամատույց եղել Աշխարունու մասին Թեհրանում: Բայց բարեսիրտ քարոզիչը յուր բոլոր պարզամտությամբ միանգամայն հավատաց, թե իրավ Սոլոմոն-բեկը իրանց մի այդպիսի բարերարություն է արել:

– Շնորհակալություն, – ասաց նա. – ձեր բարերարությունը, աստուծո գործի համար անվարձ չի մնալ տիրոջ առաջ:

– Ճշմարիտ, ես չեմ կարողանում գտնել բառեր բացատրելու, թե ի՞նչ գաղտնի զորություն է, որ միշտ գրգռում է իմ նախանձը, ո՜րքան կարելի է ուժ տալ աստուծո խոսքի քարոզությանը այս խավար երկրի մեջ. և միշտ աշխատել մեր ազգայինների լուսավորության և կրթության համար:

– Իհարկե, այդ ձեր պարտքն է. մարդասիրության և ազգասիրության պտուղները ավելի ձեզնից է պահանջելի, քան թե մի աղքատից, որ յուր գլուխը չէ կարողանում պահպանել:

Սոլոմոն-բեկը սկսեց ավելի ուժով ծխել. ծխախոտի արբեցուցիչ ազդեցությունը սկսեց բորբոքել նրա ուղեղը, և նա ավելի ոգևորված խոսեց.

– Ես վաղուց արդեն, ողորմած տեր, սրբազան նախանձ ունեի լինելու մի զորավոր շարժառիթ աստուծո գործի հառաջադիմության – այս երկրի մեջ, և դրանով կատարել իմ պարտքը դեպ աստված և դեպ մարդկությունը: Բայց դժբախտաբար իմ հոր սնոտի մոլեռանդությունը թույլ չէր տալիս երևան հանել այդ խորհուրդը, որ ա՜յնքան ծանր դրված էր իմ սրտի վրա: Բայց այժմ, իմ հոր բացակայությունը հնար է տալիս ինձ իրագործել այն՝ որի համար վաղուց մտադրված եմ – խոստովանելով ձեր առջև իմ անկեղծ համակրությունը, և խնդրելով, պարոն, ընդունել իմ ի սրտե բարեկամական ջերմեռանդությունը դեպ ձեզ…:

 

Պատանի Ավազակյանցը մոլորվեց յուր սերտած խոսքերի լաբիրինթոսի մեջ, որ արտասանում էր նա, որպես աշակերտը յուր դասը:

Իսկ պարոն Աշխարունին հասկանալով նրա միտքը, ասաց յուր սովորական սառնասրտությամբ.

– Ես ուրախ եմ… և մեծ ուրախություն է եթե, կներեք ինձ. այսպես արտասանել – աստուծո հրեշտակների առաջ, երբ մի մեղավոր դիմում էր դեպ ապաշխարություն:

Վարժատան զանգակը ընդհատեց նրանց խոսակցությունը. վարժապետը ժամացույցին նայեց – իննի կեսն էր.

– Իրա՜վ, ժամանակը թանկ է ձեզ համար. ես արգելք եղա… – խոսեց կեղծավորը. – միայն խնդրում եմ շնորհել ինձ մի քանի րոպե ևս, մի այլ խնդիր ունիմ – ես մի քույր ունիմ տասնևինն տարեկան, որին շատ եմ սիրում, յուր խելացի և սուր ընդունակության համար: Ես ափսոսում եմ, որ այդպիսի քանքարավոր բնավորության տերը մնա առանց ուսման և առանց կրթության: Երկար ստիպմունքներից հետո, վերջապես, կարողացա համոզել մորս. նա հաճեցավ Ալմաստը – այսպես է քրոջս անունը – հանձնել ձեր առաքինուհի տիկնոջ հոգաբարձության, որպես ասացի, ուսում և կրթություն սովորելու: Այժմ ա՜յդ է իմ խնդիրը, եթե դուք ևս կշնորհեք ինձ ձեր բարի հաճությունը, ընդունելով իմ սիրելի քույրս, դրանով չափազանց կպարտավորեք ինձ:

– Դուք կարծում եք մեր վարժարանները այնքան բարեկարգ դրության մեջն են, որ նրանց մեջ կարելի լիներ ընդունել փափկասուն տան որդի, – պատասխանեց պարոն Աշխարունին ցավելով. – մեր վարժատների աղքատությունը հազիվ է ներում ուսանելու նրանց մեջ մի քանի անտերունչ որբերի միայն:

– Արդարև, ձեր վարժարանի վիճակը այժմ ցավալի դրության մեջն է. և դրա պատճառը, որքան հայտնի է ինձ, չարանախանձ խավարամիտների հալածասիրոլթյունն է: Բայց ես, պարոն, հաստատ հույս եմ տալիս ձեզ, ո՜չ միայն այդ հալածանքները հեռացնել, այլ ձեր վարժարանի կատարյալ ազատությունը ապահովել, որ սկսի օրեցօր ծաղկել և կատարելագործվել:

Պարոն Աշխարունին խորին մտածությանց մեջ ընկղմվեց:

– Ես իմ քրոջ վարձը, – շարունակեց Ավազակյանցը, – կվճարեմ որքան կարելի է առատ քանակությամբ, որ ո՜չ միայն նրա ուսման և օրինական պահպանության համար բավականանա, այլև հնար կտա նրանով մի քանի խեղճ աղջիկներ կառավարել, որ դուք, չնայելով ձեր այժմյան նյութական անկարողությանը – պահպանում եք ձեզ մոտ ձրիաբար:

– Ուրեմն դուք կամենում եք ձեր քույրը գիշեր ցերեկո՞վ հանձնել մեր հոգաբարձությանը:

– Հրամե՜ր եք. ըստ իմ կարծիքի, միայն չոր և ցամաք ուսումը բավական չէ մի օրիորդի կատարելության համար. գլխավորը մի բարեկարգ կրթությունն է` Ավետարանի անաղոտ լուսով, և այդ, այլ եղանակով չի լինի, բայց միայն՝ երբ աշակերտը ամբողջովին է գտնվում յուր դաստիարակների աչալուրջ հսկողության ներքո:

– Ներեցեք, խնդրեմ, որ անմիջապես չե՜մ կարող պատասխանել ձեզ, ձեր քրոջ մասին, – ասաց պարոն Աշխարունին, – ես կհայտնեմ ձեզ վաղը առավոտ:

Վարժատան զանգակները հայտնեցին դասերը սկսվելը:

– Իրավ, ես արգելք եղա ձեզ, – ոտքի վրա կանգնելով խոսեց Ավազակյանցը. – բայց մոռացա հարցնել. ես լսեցի, տեր-Առաքելենց պարոն Ռուստամը հիվանդ է, ի՞նչպես է այժմ նրա առողջությունր:

– Խիստ վա՜տ, – պատասխանեց յուր հյուրը ճանապարհ դնելով պարոն Աշխարունին: – Եթե շուտով մի փոփոխություն դեպի լավը չէ լինի, նրա կյանքին հույս չկա:

– Ա՜հ, ցավալի է, ցավալի… բայց ես կուզեի տեսնել ձեր գրատունը, – ասաց նա կանգ առնելով նախասենյակում, – ինձ պետք է ձեզանից գնել մի հատ Աստվածաշունչ. խիստ շատ եմ սիրում այդ գիրքը: Թեպետ ես մի հատ ունիմ, բայց այն հիմար վենետիկցոց տպածն է, հին և մեռած լեզվով. բայց ինձ խիստ սիրելի է սուրբ գիրքը աշխարհաբար լեզվով:

Պարոն Աշխարունին բացեց սենյակին կից դուռը և առաջնորդեց հյուրը դեպի գրատուն: Սոլոմոն-բեկը անխորհուրդ կերպով, մեքենաբար նայում էր պատուհաններում դրած մեծ և փոքր գրքերի վրա: Նա վերցրեց մի հասարակ կազմով Աստվածաշունչ և տվեց ծառային, դնելով սեղանի վրա հինգ հատ ոսկի:

– Դուք, պարոն, գնից ավել հատուցիք, – ասաց պարոն Աշխարունին, – դրա գինը հինգ կռան է:

– Դուք առհասարակ ձեր գրքերը էժան գնով եք վաճառում, և շատ անգամ, ինչպես հայտնի է ինձ, ձրի եք բաշխում աղքատներին:

Այնուհետև նա խնդրեց, որ նրան ցույց տային վարժարանը:

– Մեր վարժարանները այնպիսի բան չեն, որ արժանի լինեին ձեր հարցասիրությանը, – առարկեց պարոն Աշխարունին:

– Ո՜չ, ո՜չ, ես կսիրեմ նրանց արդի չքավորության մեջ ևս, – պատասխանեց նա մեծահոգության հովեր առնելով – աղքատությունը պարսավելի չէ՜ :

Պարոն Աշխարունին ներս տարավ նրան մի մերկ և սառն սենյակ, որ դասատունն էր կազմում: Այնտեղ տասը նստարան կար աշակերտների համար, բայց նրանցից միայն մինի վրա նստել էին յոթն աշակերտ: Այդ փոքրիկ սենյակը միանգամայն և՜ դասատուն էր, և՜ աղոթարան, որովհետև կյուրակե օրերը այնտեղ ժողովում էին մարդիկ և կանայք աղոթքի և քարոզ լսելու համար: Այնտեղ կար մի սև գրատախտակ և մի ամբիոն, սև փայտից, որի վրա քարոզի և դասախոսության ժամանակ կանգնում էր պարոն Արամը:

Աշակերտները ոտքի կանգնելով, ցույց տվին արժանավոր հարգանք: Սոլոմոն-բեկը մոտենալով, նայում էր նրանց դասագրքերին: Նա գնալով կանգնեց պատից կախ ընկած դասացուցակի առաջ և սկսեց կարդալ ամեն մի ժամի համար որոշված դասերը.

– «Աստվածաբանություն… մեկնություն սուրբ գրոց… եկեղեցական պատմություն… բնական պատմություն… մաթեմատիկա…», էլ ի՞նչ եք ուսուցանում. շատ զարմանալի է մի այդպիսի կարճ ժամանակում այդքան հառաջադիմոլթյո՜ւն, – ասաց նա, դառնալով դեպի վարժապետը:

Այստեղից դուրս գնալով, վարժապետը նրան ներս տարավ աղջիկների դասատունը: Սոլոմոն-բեկը հազիվ էր կարողանում բռնել իրան, այնտեղ մտած ժամանակ: Այդ սենյակը յուր աղքատիկ կերպարանքով շատ նման էր տղայոց դասատանը: Այստեղ տիկին Աշխարունին միայնակ, ոտքի վրա, կանգնած սև գրատախտակի առաջ թվաբանության դասն էր բացատրում: Աշակերտուհիները թվով երեք հոգի էին: Հեռուն, լուռ և մունջ, նստել էր արդեն յուր ուսումը ավարտած չորրորդ աշակերտուհի՜ն – օրիորդ Սալբին: Պատանի Ավազակյանցը շփոթվեցավ, տեսնելով չքնազագեղ օրիորդին, որ յուր տխրամած դեմքով՝ ավելի ևս հիացուցիչ էր: Ավազակյանցը մտածեց հնար գտնել մի քանի րոպե այնտեղ ավել մնալու. նա քաղաքավարությամբ մոտեցավ տիկին Սալլաթինին, և նրա ձեռքը քնքշաբար սեղմելով, հարցրուց.

– Ձեր սիրելի աշակերտուհիները միմիայն ուսմա՞մբ են պարապում:

– Ո՜չ կեսօրից հետո ասղնագործությամբ, – պատասխանեց տիկին Աշխարունին:

– Դուք կհավանեք, պարոն, երբ որ տեսնեք, թե որպես գեղեցիկ նկարներով ասղնագործում են աշակերտուհիները թղթի և կտավի վրա, – ավելացրեց պարոն Աշխարունին:

– Ցույց տվեք, աղաչում եմ, նրանց գործերից, – ես շատ ուրախ կլինեմ տեսնելու, – ասաց Սոլոմոն-բեկը:

Տիկին Աշխարունին դուրս բերեց ահագին փայտյա պահարանից գույնզգույն թելերով նկարված թղթերի և կտավների մի ծալք, դրեց գրասեղանի վրա և սկսավ մեկ-մեկ ցույց տալ:

Պատանի Ավազակյանցը, գեղեցիկ ճարտարությանց մեջ առանց որևէ ճաշակ կամ համազգացություն ունենալու՝ ամեն մինը նայելու ժամանակ, թե լավ և թե վատ, առհասարակ բոլորի համար ասում էր.

– Ա՛խ հրաշալի՛ է, հրաշալի… իմ քրոջ խելքը կգնա, երբ իմանա թե այստեղ ուսուցանում են այսպիսի գեղեցիկ ասղնագործական նկարներ:

Վերջը նրա ձեռքը հասավ մի հատկապես պատրաստված թուղթ, որ կարված էր ծիածանի գույներով մետաքսյա երիզի վրա. թղթի վրա գույնզգույն թելերով նկարված էր մի բոցավառված սիրտ, որ կրակի ճաճանչներ էր արձակում. նրա ամեն մի կողմը կարմիր սիրուն վարդ, և վերևը՝ գեղեցիկ ասղնագործ տառերով գրված էր. «աստված սեր է». իսկ ներքևը՝ զարմանալի ճարտարությամբ` մանր, գույնզգույն տառերով «Հովասաբենց Սալբի»:

Ավազակյանցը չկամեցավ ձեռքից թողուլ այդ հրաշալի նկարը, որ օրիորդ Սալբին էր ասղնագործել, յուր սիրականին ընծայելու, գրքի մեջ դնելու համար, նա վերցրեց նշանիկը ասելով.

– Պատվելի տիկին, ես շատ հույս ունիմ, դուք ինձ առավել ուրախացնելով… հիշատակի համար կընծայեք ձեր աշակերտուհիների ձեռագործներից մինը, այն թանկագին ընծան թող լինի այս գեղեցիկ նշանիկը…:

Տիկին Աշխարունին յուր հաճությունը ցույց տվեց, և Սոլոմոն-բեկը թաքցրեց խորհրդավոր նշանիկը յուր թղթերի պահարանի մեջ:

Օրիորդ Սալբին, հեռվից նշմարելով, որ յուր նշանածի համար նկարած նշանիկը ուրիշի ձեռքը անցավ, տհաճությամբ եռում էր:

Հազարավոր կեղծավորության ցույցերով, պատանի Ավազակյանցը յուր ուրախությունն և բարեկամությունը կրկին և կրկին շեշտելուց հետո, հեռացավ վարժատնից:

Ճանապարհին, մինչև իրանց տուն հասնելը՝ նա մի քանի անգամ դուրս բերեց «սիրո հիշատակարանը», նայեց նրա վրա, և կրկին տեղավորեց պահարանի մեջ: Իսկ յուր սենյակը մտածին պես՝ նա սկսեց խելագարի նման համբուրել և սեղմել յուր սրտին, ասելով, «այդ քնքուշ սիրտը, որ այդպես բոցավառված՝ ցույց է տալիս սիրո վարդերը՝ նկարել են նրա սիրուն մատները»: