Za darmo

Ոսկե աքաղաղ

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Է

Միքայելը, ավելի քան հինգ տարի բացակա լինելով Մասիսյանների տնից, վերջապես վերադարձավ այնտեղ: Այս հինգ տարվա ընթացքում նա գլխավորապես բնակվել էր Մոսկվայում, ամեն տարի ներկա էր գտնվել Նիժնի-Նովգորոդի տոնավաճառին և մի քանի անգամ գնացել էր Մարսելիա, որտեղից ճանապարհորդել էր զանազան եվրոպական քաղաքներ:

Նրա կրկին հայտնվելը Մասիսյանների տանը նույնպիսի հետաքրքրություն շարժեց, որպես եղավ նրա առաջին հայտնվելու ժամանակ, երբ դեռ նոր էր բերված գյուղից: Առաջ գյուղից նա եկավ այստեղ գյուղական կոշտությամբ, որի ամեն մի խոսքը, ամեն մի շարժմունքը ծաղրածության առարկա էր դառնում ամբողջ ընտանիքի համար, իսկ այժմ նա վերադառնալով, բոլորովին ուրիշ մարդ էր դարձել, կրթված, տաշված և կոկված, այժմ նրա ամեն մի վարմունքը, ամեն մի խոսքը հրավիրում էր իր վրա պատկառանք և համակրություն:

Այս հինգ տարվա ընթացքում Մասիսյանների տան մեջ շատ բան փոխվել էր, ինչպես փոխվել էր և ինքը՝ Միքայելը: Տիկին Մարիամը բավական ծերացել էր. հոգսը, տխրությունը և տանջանքը բոլորովին մաշել էին նրան: Գայանեն այժմ նմանում էր կուսանոցի պառավ ապաշխարողի, որին պակաս էին «տերողորմյան» և սև հագուստը: Իսկ Հռիփսիմեն ավելի ձևակերպվել էր, ավելի վայելչակազմ հասակ էր ստացել և ավելի գեղեցկացել էր: Նրա մանկական համառ կամապաշտությունը այժմ տեղի էր տվել խիստ նազելի և փափուկ քնքշության: Նա գտնվում էր այժմ այն բախտավոր հասակում, որին կարելի էր սիրել և որից կարելի էր սիրվել:

Տան մեջ ոչինչ չէր փոխվել, ամեն ինչ գտանվում էր իր հին ձևի մեջ, ամեն ինչ իր տեղն էր միայն մի բան պակաս էր, և դա էր – աղան:

Մի շաբաթ անցել էր, ինչ որ Միքայելը հասել էր Ե… քաղաքը, և այս մի շաբաթում Մասիսյանների համար նա համարյա աննկատելի մնաց: Ամբողջ օրը զբաղված էր հանգուցյալ աղայի գործերով: Առավոտյան վաղ դուրս էր գնում և վերադառնում էր գիշերը շատ ուշ, բոլորովին հոգնած, և երբեմն այն աստիճան վրդովված, որ անկարելի էր նրա հետ խոսել կամ տեսնվել: Նրա համար պատրաստել էին այն սենյակը, ուր մի ժամանակ բնակվում էր Ստեփանը: Ամեն անգամ, երբ տուն էր դառնում նա, տիկին Մարիամը անհամբերությամբ մտնում էր նրա մոտ և հարցնում.

– Ի՞նչ շինեցիք:

– Դեռ ոչինչ… – լինում էր Միքայելի սովորական պատասխանը:

Մի գիշեր գրում էր նա այս երկար նամակը Ստեփանին.

«Ես գտա ձեր հոր գործերը այն դրության մեջ, որպես նախագուշակում էի: Խանութները համարյա դատարկված էին, և այն ապրանքները, որոնք փոքրիշատե արժեք ունեին, հափշտակված էին: Գիտեք ո՞ւմ ձեռքով. ձեր հոր հավատարիմների, գործակատարների ձեռքով: Աղայի հանկարծակի մահը հնար էր տվել այդ ավազակներին կատարել իրանց փափագը, իսկ տեղական վարչության անհոգությունը ավելի դյուրություն էր ընծայել հափշտակության գործին:

Ես ոչ ոքի չեմ մեղադրում: «Խելացի մարդը կգողանա» – ասում էր ինձ հաճախ հանգուցյալ աղան և գողությունը ընդունում էր որպես գլխավոր պայման կյանքի մեջ: Եվ այս մտքով պատրաստեց իր ձեռքի տակ եղող մարդերից կատարյալ գողեր, վարժված և փորձված գողեր, բայց չէր հասկանում ողորմելին, որ այն զենքը, որ նա պատրաստում էր օտարների համար, մի օր ավելի սարսափելի կերպով կդառնար դեպի ինքը…

Ես պետք է հանդիպեի շատ արգելքների, մինչև կարողանայի ուղղել և կարգի դնել ձեր հոր ավերված գործերը: Ամեն ինչ այնպես խճճված է, ամեն բանի մեջ այնպիսի անլուծանելի հանգույցներ են գցել, որ հազիվ թե կարելի էր բաց անել: Եվ դժվարինն այն է, որ այս բոլորի հետ կապված են այնպիսի քրեական հանցանքներ, որ եթե պարզվելու լինեին կատարված չարագործությունները, շատերը պետք է ճանապարհ դրվեին դեպի Սիբիր, որը, կարծեմ, ոչ ձեզ և ոչ ինձ հաճելի կլիներ:

Երևակայեցեք մի այսպիսի խաբեություն. ձեր հայրը իր կենդանության ժամանակ ուներ մի փաստաբան (դուք չեք ճանաչում այդ անպիտանին), մի մարդ, ինչպես ասում են, որ ամեն ծակ մտել և դուրս էր եկել, մի «չաթուքեսան», որ իր կյանքի մեծ մասը փտեցրել ու մաշել էր ստոր ծառայությունների մեջ, ուր հաճախ գործվում են անիրավություններ, ուր ծառայողը, որքան էլ ազնիվ լիներ, չէր կարող չսովորել զանազան տեսակ խաբեություններ: Այդ մարդը ձեր հոր փաստաբանն էր, որ անխղճաբար կողոպտում էր նրա պարտականներին, իսկ աղայի մահից հետո, խելքից հանելով ձեր միամիտ մորը, դառնում է նրա և ձեր քույրերի կողմից հավատարմատար, այլև խնամակալ անչափահաս աղջիկների վրա: Ոչխարի հոտը հանձնվում է գայլի ձեռքը: Այնուհետև այս ավազակը, միանալով գործակատարների հետ, կատարում է ձեր հոր կայքի վերաբերությամբ աննկարագրելի անիրավություններ:

Մի փոքրիկ գաղափար տալու համար գործված չարությունների մասին, բավական է հիշել մի քանի փաստեր. շատ մարդկանց ձեռքում երևում են կեղծ պարտամուրհակներ, իբր թե ձեր հորից տված, որոնցով պարտավորվում է նա վճարել բավական խոշոր գումարներ այս և այն անձանց: Ինձ հայտնի է, որ հանգուցյալ աղան փողի կարոտություն չուներ և ոչ ոքից պարտքով փող չէր առնում: Բայց ո՞րտեղից հայտնվեցավ այդ պարտամուրհակները: Այդ բոլորը շինել և սարքել էին գործակատարները. նրանցից ամեն մեկը գիտեր իր ձեռագիրը ձեր հոր ստորագրությանը նմանացնել: Մեզ հայտնի է, որ հանգուցյալ աղան անգրագետ մարդ էր և, բացի իր անունը ստորագրելուց, ուրիշ ոչինչ չգիտեր, իսկ անգրագետ մարդու ստորագրությանը նմանացնելը շատ հեշտ է: Բանն այն է, որ հիշյալ պարտամուրհակները ներկայացրել են դատարանը պահանջման համար, և որբերի խնամակալը, միևնույն ժամանակ ձեր մոր փաստաբանն ու հավատարմատարը հաստատել է կեղծ պարտամուրհակների վավերականությունը:

Քրքրել այս բոլորը և երևան հանել գործված անիրավությունները, որքան դժվար են, այնքան էլ հեշտ են, միայն, որպես հիշեցի վերևում, գործերի հետ կապված են մեծ քրեական հանցանքներ, որ շատերի կորստյան պատճառ կլինեն: Ես թողում եմ ձեր վճռին և կսպասեմ ձեր հրահանգներին:

Ես դեռ հիշում եմ այն խոսքերը, որ ինձ ասեցիք Մոսկվայում, «հեղեղի բերածը էլի հեղեղը կտանե»… Այսպես էլ եղել է: Հանգուցյալը իր հարստությունը այնպիսի անհաստատ և խարխուլ հիմքերի վրա էր դրած, որ ուրիշ կերպ սպասել չէր կարելի. պետք է նրա մահից հետո ամեն ինչ ոչնչանար, և ամեն ինչ ցնդվեր օդի մեջ… Ձեր մայրը ոչ մի գործից տեղեկություն չունի. նա, որ իր ամուսնի մահից հետո պետք է տեր լիներ և պետք է պահպաներ նրա թողած ժառանգությունը, իր անփորձությունից, իր տգիտությունից մատնել է բոլորը գազանների բերանը: Եվ ինչո՞վ է մեղավոր նա: Կինը, որ իր ամուսնի կենդանության ժամանակ նրա ընկերը և գործակիցը չէ համարվում, որին փակում են տան չորս պատերի մեջ, որը չգիտե, թե ինչ է շինում իր մարդը դրսում, երբ հասնում է վերջինի մահը, շատ հասկանալի է, որ ամեն ինչ կմնա օտարների ձեռքում: Ձեր հայրը ինքն էր պատրաստել իր կործանումը… Գոնե մնացած լինեին օրինավոր հաշվետոմարներ, այդ էլ չկա. և եղածները մեջտեղից առնված են…»:

Հետո նկարագրում էր աղայի մահը և նրա տեսիլքը «ոսկի աքաղաղի» մասին, և թե այդ բախտավորության և հարստության աներևույթ պաշտպանից մնացել էր աղայի ձեռքում մի ոսկի փետուր միայն…

Եվ համեմատելով այդ տեսիլքի երազական ալեգորիան իրականության հետ, նամակագիրը ավելացնում էր. – «Ոսկի աքաղաղից» մնաց ձեր հոր ձեռքում մի ոսկի փետուր միայն… այնպես էլ «ոսկի աքաղաղի» արտադրած հարստությունից կմնա նրա ժառանգների ձեռքում մի փոքրիկ մասը միայն… Բայց ի՞նչ էր իսկապես այդ «ոսկի աքաղաղը», որ իշխում էր ձեր ընտանիքի բախտավորության վրա, որ իր բարերար ազդեցությամբ հաջողեցնում էր ձեր հոր գործերը, ուրիշ ոչինչ, բայց միայն խաբեությունը, խորամանկությունը, խարդախությունը, անազնվությունը և այլ անբարոյական հատկություններ, որոնք մարմնացած և մի աներևույթ ոգու կերպարանք ստացած, տիրում էին գործերի վրա… Մեռավ հմուտ գործադրողը. նրա հետ և մեռավ «ոսկի աքաղաղը»… ես այսպես եմ բացատրում ձեր տոհմային հին ավանդության իմաստը, թող սնահավատները այլապես մտածեն»:

Իր նամակի վերջում Միքայելը տեղեկություն էր տալիս Ստեփանի մոր և քույրերի մասին և երկար խոսում էր Հռիփսիմեի մասին, թե որքան գեղեցկացել էր նա և որքան շնորհալի աղջիկ էր դարձել և այլն:

Նամակը կնքում էր նա, երբ ներս մտավ տիկին Մարիամը. նա տխուր դեմքով եկավ, նստեց Միքայելի մոտ:

– Գրեցի՞ք Ստեփանին, որ շուտ գա, չուշանա, – հարցրեց նա:

– Իմ գրելը ավելորդ էր, նա կգա, երբ իր գործերը կվերջացնե, – պատասխանեց Միքայելը:

– Ա՜խ, ի՞նչ կլինի մեր վերջը մինչև նրա գալը…

– Ես կարծում եմ, որ շատ լավ կլինի. Ստեփանը ինքը ձեզ համար մի մեծ հարստություն է, ուրիշ ի՞նչ եք ուզում. բախտավորություն է այնպիսի որդի ունենալ:

– Ես ձեր խոսքերին հավատում եմ, – պատասխանեց տիկինը մի փոքր մխիթարվելով. – ես կցանկանայի աղքատ լինել, օրական հացի կարոտ լինել, միայն նա ինձ մոտ գտնվեր… ես վախենում եմ մեռնել առանց նրան տեսնելու…

– Կտեսնեք, շուտով կտեսնեք, տիկին, նա ձեզ կարոտ չի թողնի:

– Մեր մասին ի՞նչ գրեցիք…

– Շատ բան գրեցի… ամեն ինչ գրեցի…

– Գրեցի՞ք, որ «ոսկի աքաղաղը» մեռավ:

– Գրեցի…

– Ա՜խ, այդ ինչ դժբախտություն է… – հառաչելով գոչեց և թաշկինակը սեղմեց աչքերին:

– Բայց Ստեփանը մի նոր բախտ, մի նոր «ոսկի աքաղաղ» կստեղծի ձեզ համար, որը այն չի լինի, ինչ որ էր առաջ… – պատասխանեց Միքայելը:

Տիկինը ուրախացած դուրս գնաց:

Այն օրից, որ եկել էր Միքայելը, Գայանեն և Հռիփսիմեն մի անգամ ևս առիթ չէին ունեցել տեսնվելու և խոսելու նրա հետ. երբեմն հեռվից միայն տեսնում էին, բայց հենց որ նա մոտենում էր, նրանք փախչում, մտնում էին իրանց սենյակը: Միքայելը չէր զարմանում այդ օտարոտի վարմունքի վրա, որովհետև իր երկրի սովորությունն իրան վաղուց հայտնի էր: Տարիներով միասին ապրած, միասին մեծացած, երկու քույրերն և ընտանեցած Միքայելը այժմ այն աստիճան խորթացել և օտարացել էին, որ չէին կամենում ճանաչել միմյանց: Իսկ այդ խորթությունը առաջ չէր գալիս Միքայելի մի քանի տարվա բացակայությունից, այլ նրանից, որ նա այժմ բավական աճել և չափահաս էր դարձել, և երկու աղջիկներն ևս գտնվում էին այն հասակում, որ նրանց այժմ անպատշաճ էր թողնել օտար տղամարդի մոտ: Եվ այս պատճառով, հենց առաջին օրը, երբ եկավ Միքայելը, նրանց մայրը պատվիրեց աղջիկներին.

– Գիտե՞ք ինչ կա, թեև Միքայելը ձեր եղբոր տեղն է, բայց հիմա դուք մեծ աղջիկներ եք դարձել, ձեր հասակում ամոթ է, որ աղջիկը մեծ տղի հետ խոսե:

Երկու քույրերը մի քանի օր պահեցին հիշյալ պատվերը, բայց հետո նրանց մեջ սկսվեցավ մի այսպիսի խոսակցություն, որ շատ նման էր բողոքի:

– Գիտե՞ս, Գայանե, այսօր Միքայելը գալիս էր դրսից, ես կանգնած էի փողոցի դռան մոտ, դուռը զարկեց, ես բաց արի, «բարով, Հռիփսիմե», ասաց ինձ ժպտալով, բայց ես ոչինչ չպատասխանեցի: Նա գլուխը քարշ գցեց և անցկեցավ, գնաց իր սենյակը: Հետո ես ա՛յնքան ամաչեցի, ա՛յնքան ամաչեցի… ա՜խ, հիմա ի՞նչ կմտածե նա. չի՞ ասի՝ այս աղջիկը իստակ հիմար է:

– Չի ասի, – պատասխանեց Գայանեն սառնությամբ, – նա մեր երկրի սովորությունը լավ է իմանում:

– Ի՞նչ սովորություն, – հարցրեց Հռիփսիմեն մի փոքր զայրացած կերպով. – մի՞թե Միքայելը մեզ համար օտար է, ինչո՞ւ չպետք է խոսենք նրա հետ:

– Օտար չէ, Հռիփսիմե, քույրիկ, բայց ի՞նչ կասեն ուրիշները:

 

– Ի՞նչ պիտի ասեն, ո՞վ ինչ գործ ունի, եթե մենք մեր տան մեջ կխոսենք մեր տան տղի հետ:

Գայանեն նկատելով քրոջ վրդովմունքը, որ առաջ էր եկել այն օրվա Միքայելի հետ հանդիպելուց, իր խոսքերի մեջ ընդունեց ավելի խրատական ձև, պատասխանելով.

– Ճշմարիտ է, մենք մեր տան մեջ ում հետ որ խոսելու լինենք, այդ ոչ ոքի չէ վերաբերում, բայց դու չե՞ս իմանում, որ տան պատերն էլ ականջ ունեն, ինչ որ լսեն, խաբարը, որտեղ ասես, կտանեն:

– Հա՛ թող տանեն, ի՞նչ կա:

– Այն ժամանակ մեր անունը կկոտրվի, հազար տեսակ բամբասանքներ կշարադրեն մեր մասին:

– Ախար Միքայելը մեր եղբոր տեղն է:

– Հա՛ թող լինի, օտար հոր որդի է:

– Ուղիղն ասեմ քեզ, Գայանե, ես շատ եմ ուզում, որ խոսեմ Միքայելի հետ. տեսնո՞ւմ ես, ինչ շնորհքով տղա է դարձել:

– Տեսնում եմ… – պատասխանեց Գայանեն խորհրդավոր ձայնով:

– Ես կարծում եմ՝ նրա հատը չկա մեր քաղաքում:

– Չկա…

Այս խոսակցության միջոցին վրա հասավ նրանց մայրը, և երկու քույրերը իսկույն լռեցին:

Ը

Անցավ ձմեռը, անցավ գարունը, անցավ վեց ամիս այն օրից, որ վախճանվել էր աղան: Օրը կիրակի էր: Այն օրը նշանավոր էր Մասիսյանների համար նրանով, որ այսօր պետք է նրանք դուրս գային սգից, պետք է փոխեին իրանց սևերը և հագնեին սովորական հագուստ: Իսկ Միքայելի համար նշանավոր էր նրանով, որ Գայանեն և Հռիփսիմեն այսօր առաջին անգամ պետք է հագնեին այն հագուստը, որ ինքը կարել էր տվել նրանց համար և բերել էր Մոսկվայից:

Կնիկների մի բազմություն առավոտյան վաղ եկել էին Մասիսյանների տանը կատարելու հիշյալ ծեսը. նրանց սևերը փոխեցին, հետո եկեղեցի տարան, այնուհետև գնացին հանգուցյալ աղայի գերեզմանի վրա հոգեհանգիստ կատարելու: Գերեզմանատանից գնացին Մասիսյանների այգին, որ հեռու չէր այնտեղից, որովհետև վճռված էր այգում ճաշել: Գայանեն և Հռիփսիմեն իրանց նոր հագուստի մեջ հիանալի էին: Կնիկների հասարակության մեջ բացի Միքայելից մի ուրիշ տղամարդ չկար. նա էլ հեռվից-հեռու էր գնում և նրանց խմբի մեջ չէր խառնվում:

Մտնելով այգին, հյուրերը հավաքվեցին ճյուղերից հյուսված տաղավարի մեջ, որ հովանավորված էր ծիրանի ահագին ծառերով: Այնտեղ տիկին Մարիամը սկսեց զբաղվել կերակուրների պատրաստությամբ, և հասակավոր հյուրերից մի քանիսը, որպես ընդունված է տնից դուրս ճաշելու ժամանակ, սկսեցին օգնել նրան, իսկ ոմանք, որոնք մանկահասակներ էին, գնացին այգին պտտելու և միրգ ուտելու, մինչև սեղանը պատրաստ կլիներ: Բայց Գայանեն և Հռիփսիմեն, մի խումբ աղջիկների հետ միացած, բաժանվեցան կնիկներից և սկսեցին այգու մի ուրիշ կողմը զբոսնել:

Միքայելին զգալի եղավ իր դրության անտանելիությունը. ոչ ոք չէր մոտենում նրան բացի պառավ կնիկներից, որովհետև նա տղամարդ էր, որովհետև ջահել աղջիկների և մանկահասակ հարսների հարակցությունը նրա հետ անպատշաճ էր: Նա առանձնացավ այգու մի հեռավոր կողմը և այնտեղ գտավ ծերունի այգեպանին:

– Բարև, Խաչո:

– Աստծո բարին քեզ, աղա:

– Ծառերի պտուղները այս տարի սակավ են երևում, այսպես չէ՞, Խաչո:

– Մեր մեղքից խաղողն էլ պակաս է, աղա, – պատասխանեց այգեպանը ներքին դժգոհությամբ:

– Ի՞նչ է պատճառը:

– Ո՞վ է իմանում… աստված գիտե… բայց ես իմ կարճ խելքով այսքան գիտեմ, որ այն օրից, երբ Պետրոս աղան վախճանվեցավ, աստծո խեր-բարաքյաթը այս այգուց վերացավ: Բայց առաջ պետք էր տեսնել, կատարյալ դրախտ էր այդ այգին. ծառերի ճղները այնքան ծանրանում էին պտուղներից, որ պետք էր ամենի տակին նեցուկ տալ, որ չկոտրվեին. խաղողը խո չափ չուներ. ամեն եկող-գնացող ուտում էր, տանում էր, էլի մնացածով ամեն տարի հարյուր կարասից ավելի գինի էինք լեցնում, բայց հիմա ի՞նչ կա…

– Ես կարծում եմ, – պատասխանեց Միքայելը, – այս բոլորը նրանից է, որ այս տարի ծառերի տակը չես բրել տվել, Խաչո, խաղողի որթերն էլ, տեսնում ես, խոտի մեջ կորել են, քաղհան չես անել տվել:

– Չէ, աղա, դրանից չէ:

– Ապա ինչի՞ց է:

– Դու, երևի, չե՞ս լսել այն դժբախտությունը:

– Ո՞ր դժբախտությունը:

– «Ոսկի աքաղաղի» մահը…

– Լսել եմ…

– Հիմա իմացա՞ր, նրանից է: Նա երբ մեռավ, ամեն բան տակնուվրա ելավ, ոչ ծառն է պտուղ տալիս, ոչ որթը՝ խաղող. կարկուտը մեկ կողմից, թրթուրը մյուս կողմից սկսեցին փչացնել բոլորը:

Միքայելը ոչինչ չպատասխանեց:

– Ավելի քան քսան տարի ես այս այգում ծառայում եմ, – շարունակեց ծերունի այգեպանը. – բոլոր ծառերին այնպես եմ սիրում, որպես իմ զավակներիս. տես, այս մատներովս եմ պահել, մշակել և հասցրել բոլորը (նա ցույց տվեց իր կոշտացած մատները), բայց հիմա, ուղիղն ասած, սիրտ չէ մնացել ինձանում, ամեն բան աչքիցս ընկել է, մանավանդ այն օրից, երբ ականջիս հասավ այն ցավալի լուրը…

– Ի՞նչ լուր:

– Ասում են, այս այգին պիտի ծախվի պարտքի տեղ. հենց որ լսեցի, կարծես սրտումս մի դանակ ցցեցին: Ո՞վ էր տեսել մի այսպիսի բան: Հանգուցյալ աղայի հարստությունը այնքան շատ էր, որ եթե Արազի առջևը լցնեիր, ջուրը կկանգնացներ. ի՞նչ եղավ, ո՞րտեղ կորավ, որ հիմա այգին էլ են ծախում:

– Չի ծախվի, Խաչո, դարդ մի արա, – մխիթարում էր նրան Միքայելը:

– Ա՜խ, Խաչոն կմեռնի, եթե այս այգին ծախվի, – պատասխանեց նա հառաչանքով և կոշտացած ձեռքով սկսեց սրբել աչքերի արտասուքը:

Խաչոյի տխրությունն առանց պատճառի չէր. այգու վրա արդեն կապանք էր դրված պարտքի փոխարեն վաճառելու համար, բայց Միքայելի աշխատությամբ աճուրդը մի քանի ամսով ետ էր ձգած:

Միքայելը, ոչ սակավ տրտում, քան թե ծերունի այգեպանը, մի քանի մխիթարական խոսքեր ասավ նրան և հեռացավ:

Այսուամենայնիվ, այգումը ամեն ինչ անդորր էր և զվարճալի. օդի խաղաղության մեջ մի տերև անգամ չէր շարժվում. իսկ արեգակի այրող ճառագայթները ոսկեղեն կայծերով, թափվելով տերևախիտ ծառերի վրա, չէին անցնում նրանց անթափանցիկ և կանաչազարդ կամարներից: Նրանց հովանու տակ զովասուն օդը խիստ թարմ ու կազդուրիչ էր: Այստեղ առանձնացած երգեցիկ թռչունները ուրախ-ուրախ թռչկոտում էին մի ոստից դեպի մյուսը, և օդի խուլ լռության մեջ լսելի էր լինում նրանց քաղցր ձայնը: Բայց գեղեցիկ բնության թովիչ հրապույրը ամենևին չէր ազդում Միքայելի վրա, ամենևին չէր գրավում նրան: Նա մոլորվածի նման խիստ տխուր էր, ինքնամոռացության մեջ, պտտում էր ծառազարդ ճեմելիքներով և նրա աչքերը անխորհուրդ կերպով նայում էին տունկերի ուղիղ շարքերի վրա, որոնք երկու կողմից կազմում էին, կարծես, կանաչազարդ պատեր:

Նա տեսավ հեռվից աղջիկների խումբը, որոնք անտառային հավերժահարսանց նման վազվզում էին, ճախրում էին և զվարճանում էին ծառերի մեջ: Նա մի կողմ քաշվեցավ, որ իրան չտեսնեն: Ուրախ խմբից երկուսը բաժանվելով, հանդարտ քայլերով անցնում էին նրա մոտից: Նրանք որոնում էին խոտի մեջ թաքնված երեքթերթիկներ6 և աշխատում էին գտնել չորս թերթ ունեցողը: Մեկը Հռիփսիմեն էր, մյուսը անծանոթ աղջիկ:

– Ինչո՞ւ համար ես այսքան պտռում, – հարցրեց անծանոթը:

– Ա՜խ, թե գտնեի… – պատասխանեց Հռիփսիմեն, չդադարելով իր քնքշիկ ձեռքերով քրքրել խոտերը:

– Ախր ասա՝ ի՞նչ պիտի անես:

– Ուզում եմ բախտս փորձել:

Անծանոթ աղջկա դեմքի վրա երևաց մի հեգնական ժպիտ, և խուլ անկնարկությամբ պատասխանեց.

– Դու արդեն քո բախտին հասել ես… էլ ի՞նչ պետք է…

– Չէ, Նազանի, սուտ են խոսում, – ասաց Հռիփսիմեն շառագունելով:

– Սուտը ո՞րն է, ողջ քաղաքում խոսում են…

– Ի՞նչ են խոսում:

– Ասում են, որ ձեր տան տղան, ի՞նչ է անունը, հա՛, Միքայելը քեզ սիրում է:

– Չեմ իմանում, Նազանի, խաչը վկա, չեմ իմանում:

– Բայց դու սիրո՞ւմ ես:

– Ես…

«Եսի» պատասխանը Միքայելը չլսեց: Նրանք անցան: Բայց այս խոսակցությունը սաստիկ ազդեց Միքայելի վրա: Մինչև այն օր հանգուցյալ աղայի գործերը և նրա անբախտացած ընտանիքի հոգսերը այն աստիճան զբաղեցրել էին Միքայելին, որ նա երբեք ժամանակ չէր ունեցել խոսելու իր հոգու և սրտի հետ: Մինչև այնօր նա մի անգամ ևս չէր հետաքրքրվել Հռիփսիմեով, միանգամ ևս, ինչպես ասում են, մուշտարու աչքով չէր նայել նրա վրա: Բայց այսօր նա առաջին անգամ տեսավ նրան, որպես պետք էր. այսօր Հոիփսիմեն երևաց նրան իր գեղեցկության բոլոր հրապուրանքով, այսօր նա կախարդելու չափ աննման էր:

Կեսօրից բավական անցել էր. ժամանակ էր ճաշելու. և ամեն կողմից աղջիկների ու կնիկների բազմությունը սկսեցին հավաքվել տաղավարի մոտ, ուր պատրաստ էր սեղանը: Միքայելը սպասում էր երկու ծանոթների, որոնք խոսք էին տվել գալ այգին և նրա հետ միասին ճաշել: Վերջապես հայտնվեցան նրանք: Միքայելը իր քայլերը ուղղեց դեպի նրանց կողմը: Նրանք երկու աստիճանավոր էին, որ ծառայում էին դատարանում:

– Մենք ուշացանք, այնպես չէ՞, – ասաց նրանցից մեկը սեղմելով Միքայելի ձեռքը:

– Շատ չեք ուշացել, կնիկները դեռ նոր են նստել սեղան, – պատասխանեց Միքայելը, ձեռքը մեկնելով դեպի տաղավարի կողմը և ցույց տալով նրանց:

– Օ՜-հո, ինչ ահագին բազմություն է, – բացականչեց աստիճանավորներից մեկը, – բամենք նրանց հետ չե՞նք ճաշելու:

– Շատ ցանկալի կլիներ, բայց ո՞վ կթողնե, – ասաց Միքայելը, և միևնույն ժամանակ նրա տխուր դեմքի վրա երևացան մի տեսակ ցնցումներ:

– Ասացեք, խնդրեմ, այս ի՞նչ բանի նման կլինի, երբ մենք առանձին պիտի ուտենք, նրանք առանձին:

– Իմ կարծիքով, մի առանձին հաճություն էլ չէ կարելի զգալ մեր կանանց հասարակությունից. ի՞նչ կարող ես խոսել. ոչ դու նրանց կհասկանաս, ոչ նրանք քեզ. պիտի լուռումունջ նստես ու նայես երեսներին: Մենք ավելի կխանգարենք նրանց քեֆը, եթե խառնվելու լինենք նրանց մեջ:

Այսպես խոսելով, Միքայելը հյուրերի հետ դիմեցին ահագ տանձենու տակը, ուր նրանց համար առանձին սեղան էր պատրաստված: Ծերունի այգեպանը սպասավորի պաշտոն էր կատարում:

Սեղանի վրա խոսակցությունը ըստ մեծի մասին Մասիսյանի մահվան, «ոսկի աքաղաղի», Սիմոն Յագորիչի և աղայի գործակատարների չարագործությունների մասին էր, որոնք այն ժամանակ հասարակաց խոսակցության առարկա էին դարձել:

– Գիտե՞ք, Միքայել, – ասաց ծառայողներից մեկը. – նրանց չորսին էլ այսօր կալանավորեցին, այժմ բանտումն են:

Խոսքը Սիմոն Յագորիչի և Մասիսյանի երեք գործակատարների մասին էր:

– Այժմ շատ ուշ է… – պատասխանեց Միքայելը սառնությամբ: – Դրան ասում են «հարսանիքից հետո երաժշտություն», որովհետև կողոպտած ապրանքների մեծ մասը արդեն ոչնչացրել են:

– Բայց նրանք Սիբիր կկորչեն:

– Ի՞նչ օգուտ, դրանով Մասիսյանի զավակների փորը չի կշտանա:

– Զարմանալի է, ես մինչև այսօր երևակայել չեմ կարող այս տեսակ ավազակություն:

– Զարմանալին այն է, որ ավազակները այսքան ժամանակ պաշտոնավարում էին… – պատասխանեց Միքայելը դառն վրդովմունքով: – Ես այնքան չեմ ցավում, որ այդ չարագործները դատարկեցին Մասիսյանի հարուստ կրպակները, բայց ամենամեծ կորուստն այն է, որ գողացան մի արկղ լի պարտամուրհակներով և, չնչին վարձատրություններ ստանալով, տվեցին Մասիսյանի պարտականներին այլևս չեմ խոսում այն բանի վրա, որ հանգուցյալի անունով կեղծ պարտամուրհակներ շինեցին և տվեցին այս և այն խաբեբայի ձեռքը: Այս գործը մի այնպիսի բաղադրյալ քրեական գործ է, որ եթե օրինավոր կերպով քննվելու լինի, շատերը կմերկացվեն, որոնց վրա դեռևս ոչ ոք կասկած չէ տանում…

– Իսկ այդ անպիտանները ի՞նչ արեցին այնքան փողերը:

– Չե՞ք լսել` «գողը գողից գողացավ, աստված տեսավ, զարմացավ»: Փողերը տվեցին իրանց նման գողերին, որոնք նրանց պաշտպանում էին… Մասիսյանի տունը քանդվեցավ և նրանից տասը-քսան տուն շինվեցավ…

– Ուրեմն այդ ընտանիքը բոլորովին կաղքատանա:

– Դեռևս չգիտեմ… – եղավ Միքայելի խոսքը:

Ճաշից հետո Միքայելի հյուրերը ցանկացան լողանալ գետի մեջ, որ հոսում էր այգու կողքից: Ինքը ևս նրանց հետ գնաց, թեև լողանալու ցանկություն չուներ: Նույն միջոցին կնիկները նույնպես վերջացրել էին իրանց ճաշը, նրանք էլ տարածվեցան այգու մեջ և սկսեցին զբոսանք անել:

Միքայելը հասնելով գետի ափը, բաժանվեցավ իր ընկերներից: Նա պառկեց խոտերի վրա, հովանավոր ընկուզենու տակին, և լուռ մտախոհության մեջ մտիկ էր տալիս գետի հոսանքին, տեսցնում էր, թե որպես ջրի կոհակները զարկվելով ժայռերին, փրփրալով և կատաղելով, առաջ էին վազում:

Այս գետին նայելով, Միքայելը մտաբերում էր Արաքսը, որի ափերի մոտ անցուցել էր իր մանկության ամենագեղեցիկ օրերը, մտաբերում էր իր ընկերներին, այն սիրելի և բարեսիրտ ընկերներին, որոնց հետ այնքան երջանիկ էր, Շուշան տատին և Ավետ ապորը, որոնք վաղուց գերեզման էին դրած… Եվ մանկության օրերը երազի նման գալիս ու անցնում էին նրա հիշողության մեջ, որպես իր մոտից անցնող գետի սրընթաց հոսանքը, որ արտահայտում էր մի աղմկալի կյանք…

Այգու այդ մասը, բոլորովին սահմանափակվում էր գետով, և ծառերը տեղ-տեղ կպած էին եզերքին: Հանկարծ նրա ականջին զարկեց մի ճիչ, որ խառնվեցավ խուլ աղաղակների հետ: Կայծակի արագությամբ վեր թռավ իր տեղից և վազեց դեպի կոչող ձայնը, որ վտանգ էր գուշակում: Նրա առջև հանդիսացավ մի այսպիսի տեսարան. մի քանի աղջիկներ սարսափած, ուշակորույս եղած կուչ էին եկել թփերի մեջ… Հռիփսիմեն ընկած էր գետին… և մի ահագին կատաղած շուն առել էր նրան իր թաթերի մեջ… Որթերի տակին նեցուկ տված ցիցերից մեկը դուրս քաշելը և կատաղած գազանի գլխին խփելը մի րոպեի գործ եղավ, երկրորդ զարկին շունը գլորվեցավ և անշարժ մնաց:

Օրիորդը անվնաս էր, միայն նրա աջ թևի վրա երևում էր թեթև կեղեքվածք, որից դուրս ցայտող արյունը կարմիր բծերով ներկել էր նրա ամառային հագուստի թևքը: Միքայելը գիտեր, թե որքան վտանգավոր բան էր կատաղած շան կծելը, առանց ժամանակ կորցնելու, գրկեց ուշակորույս աղջկան և հասցրեց մոր մոտ, որի դրությունը ոչ սակավ ցավալի էր, երբ լսեց իր դստեր հետ պատահածը:

Բոլոր հյուրերի վրա տիրեց սարսափ, և ամեն մեկը շտապում էր տուն դառնալ: Հռիփսիմեին դրեցին ձիան վրա և իսկույն տարան քաղաք: