Za darmo

Ոսկե աքաղաղ

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Թ

Հռիփսիմեի վերքը անվնաս էր. բժշկի հետազոտությունից երևաց, որ նա առաջ էր եկել շան ճանկռտելուց և ոչ կծելուց: Մի շաբաթից հետո նա կարողացավ ոտքի կանգնել, բայց տակավին իրան թույլ էր զգում. դեմքը գունաթափվել էր, և աչքերի մեջ փայլում էր, կարծես, մի տեսակ շրջմոլիկ հուր:

Հռիփսիմեի թևքի վերքը բժշկվեցավ, բայց նրա փոխարեն բացվեցավ մի ուրիշ վերք անմեղ աղջկա սրտումը, մի վերք, որ առաջ է գալիս Աստղիկի որդու սուր սլաքից…

Մինչև այն օր անխոցելի էր մնացել Հռիփսիմեի սիրտը, իսկ այժմ սկսեց տանջել նրան մի անորոշ, մթին ցգացմունք, որ ինքն էլ չգիտեր, թե որպես պետք էր բացատրել: Նա միշտ տխուր էր, միշտ լուռ էր և միշտ աշխատում էր փախչել ընկերությունից և առանձնանալ, և շատ անգամ ակամա արտասուքը թաց էր անում նրա գեղեցիկ, սևորակ աչքերը:

Տիկին Մարիամը չէր կարող չնկատել իր սիրելի դստեր հանկարձակի փոփոխությունը. «Ի՞նչ է պատահել քեզ, աղչի», – հարցնում էր նա: «Ոչինչ»… – լինում էր Հռիփսիմեի սովորական պատասխանը:

Քույրերը ավելի մտերիմ են լինում և շատ անգամ բաց են անում միմյանց առջև իրանց սրտերը: Այն գաղտնիքը, որին չկարողացավ հասնել մայրը, աշխատեց բաց անել երեց քույրը՝ Գայանեն:

– Այդ ի՞նչ է, Հռիփսիմե, աշնան տերևի նման օրըստօրե դեղնում ես, – մի օր հարցրեց նա, երբ միասին նստած էին իրանց տան պարտեզում:

– Ես էլ չեմ իմանում, քույրիկ, – պատասխանեց Հռիփսիմեն, գլուխը դեպի ցած խոնարհեցնելով:

– Չէ, մի բան կա, դու չես ուզում ինձ ասել. մի բան կա, ես իմանում եմ…

Հռիփսիմեն ոչինչ չպատասխանեց և տակավին գլուխը քարշ գցած, մատներով խաղում էր խոտերի հետ, աշխատելով ցրվել իր սրտի ամբոխմունքը…

– Դու խո ոչինչ չես ուզում ինձ ասել, Հռիփսիմե, հենց գիտես, որ ես չեմ իմանում, – խոսեց Գայանեն կատակի ձև տալով իր խոսքերին, – ուզո՞ւմ ես բոլորը ասեմ:

– Ի՞նչ ասես:

– Ասեմ, թե ինչու ես այսպես մաշվում:

– Չեմ ուզում լսել, ոչինչ մի՛ ասա, – պատասխանեց Հռիփսիմեն, վեր կացավ և կամենում էր հեռանալ:

– Նստի՛ր, մի գնա՛, – բռնեց նրա ձեռքից Գայանեն:

Հռիփսիմեն դարձյալ նստեց քրոջ մոտ: Գայանեն շարունակեց.

– Հռիփսիմե, քույրիկ, ինչո՞ւ ես ամաչում, ինչո՞ւ ես թաքցնում ինձանից քո ցավը, ես իմանում եմ, որ դու մեկին սիրում ես…

Հոիփսիմեն դարձյալ լուռ մնաց, միայն նրա գունաթափ դեմքի վրա երևաց թեթև կարմրություն, նրա աչքերը վառվեցան և այդ նազելի, անխոս աչքերը ամեն ինչ հայտնեցին հետաքրքիր քրոջը: Գայանեն գրկեց նրան և համբուրեց: Կրտսեր քույրը գլուխը չբարձրացրեց իր մտերմի գրկից և սկսեց խուլ կերպով լաց լինել:

Երբ մի փոքր հանգստացավ, խոսեց նա:

– Քույրիկ, խաչը վկա, որ չեմ իմ անում, արդյոք սիրում եմ թե ոչ: Բայց այն օրից, երբ պատահեց այն անցքը, երբ կատաղած շունը քիչ էր մնացել, որ ինձ պետք է պատառ-պատառ աներ, ես հանգիստ չեմ: Թե արթուն եմ լինում և թե քնած, միշտ նրան եմ տեսնում… և միշտ նրա հետ խոսում…

– Բայց արթուն ժամանակը նրա հետ չես խոսում, – նկատեց մեծ քույրը ժպտելով:

– Մտքումս խոսում եմ… – պատասխանեց Հռիփսիմեն, – բայց հենց որ տեսնում եմ նրան, ուզում եմ խոսել, մի բան ասել, լեզուս կապվում է, չեմ իմանում, թե ինչ պետք է ասել… Կարծես նա էլ ինձանից փախչում է, և այդ ավելի է տանջում ինձ… Տեսնո՞ւմ ես, վերջին օրերում նա խիստ ուշ է վերադառնում տուն և եկածին պես մտնում է իր սենյակը և դռները փակում: Առավոտյան խո նրա երեսը չես տեսնի…

Երկու քույրերի խոսակցությունը Միքայելի մասին էր: Նրանք երկար և երկար խոսում էին այսպես, մինչև երեկոյան վերջալույսը սկսեց հետզհետե աղոտանալ, և ծառախիտ պարտեզի մեջ տիրեց գիշերային մթությունը: Նա ամառային այն խաղաղ և փափուկ գիշերներից մեկն էր, երբ ցերեկվա խեղդող տոթից հետո մարդը կազդուրվում է, ազատ է շնչում, զգալով մի տեսակ ոգևորիչ զվարճություն: Երկու քույրերը դեռ նստած խոսում էին: Բայց չէին նկատում, որ մեկը ծառի ետևից լսում էր նրանց:

– Գնանք տուն, – ասաց Գայանեն կանգնելով:

– Դեռ վաղ է, մի փոքր ման գանք, շատ նստեցինք, – պատասխանեց Հռիփսիմեն ներքին վրդովմունքով:

Նրանք սկսեցին պտտել պարտեզի ճեմելիքների մեջ, ուր այժմ լուսինը ծառերի սաղարթախիտ ոստերի միջից թափում էր իր արծաթափայլ լույսը: Իսկ այն անձնավորությունը, որ ծառի ետևում թաքնված լսում էր երկու քույրերի խոսակցությունը, շարժվեցավ իր կանգնած տեղից և հանդարտ քայլերը ուղղեց դեպի տիկին Մարիամի սենյակը:

Այդ անձնավորությունը Մասիսյանի ընտանիքից կտրված, տարիներով հեռացած և աչքից ընկած անդամներից մեկն էր, որ երկար անջատումից վերջը երկու անգամ միայն հայտնվեցավ այս տան մեջ. առաջին անգամ, երբ կատարվում էր հանգուցյալ աղայի թաղման հանդեսը, երկրորդ անգամ, երբ Հռիփսիմեն հիվանդ էր: Դա այն դժբախտ զավակն էր, որի մասին աղան խոսելիս երբեք անունը չէր հիշում՝ իր բերանը չպղծելու համար, այլ միշտ ակնարկում էր այսպիսի անտարբերությամբ՝ «այն անզգամը»… Դա տիկին Մարիամի այն աղջիկն էր, որին կոչում էին Նունե, որը հասակն առնելով, երբ նկատեց, թե հայրը իրան մարդու տալու վրա չէ մտածում, երկար տանջվելեն հետո, վերջապես սիրահարվեցավ իր հոր գործակատարներից մեկի վրա և տնից փախչելով, գյուղում պսակվեցավ նրա հետ:

Մտնելով մոր սենյակը, Նունեն գտավ նրան մենակ: Ճրագի լույսը ընկնելով նրա գեղեցիկ կազմված և ուղղաձիգ հասակի վրա, երևան հանեց նազելի պատկերը: Որպի՞սի զարմանալի նմանություն նրա և Հռիփսիմեի մեջ. Հռիփսիմեն, այդ փոքր ինչ հնացած, փոքր ինչ մաշված օրիգինալի ճիշտ պատճենն էր, միայն ավելի թարմ և ավելի զվարթ, քան թե իր երեց քույրը:

Նունեն պատմեց մորը Գայանեի և Հռիփսիմեի խոսակցությունը, որ լսել էր պարտեզում:

– Ես այդ նկատում էի… – ասաց մայրը, երբ նրա աղջիկը վերջացրեց իր պատմությունը: – Բայց ի՞նչ պետք է արած:

– Այսքանը պարզ է, որ Հռիփսիմեն սիրահարված է, – խոսեց Նունեն ավելի մերձ նստելով իր մոր մոտ և ձայնը մեղմացնելով. – հիմա պետք է գիտենալ` արդյոք Միքայելն էլ նույնպես սիրո՞ւմ է նրան, թե ո՛չ:

– Ի՞նչ կերպով գիտենալ, – հարցրեց մայրը: – Միքայելը խիստ ծածկամիտ տղա է, նրանից շուտով բան հասկանալ չի կարելի:

– Սերը ծածկել չէ կարելի. նա ինքն իրան կհայտնվի. որքան էլ մարդ ծածկամիտ լինի, իրան պահել չէ կարող: Լսիր, մայրիկ, պետք է աշխատել անպատճառ այս բանը գլուխ բերել…

Մի քանի րոպեի մեջ ուրախությունը և տրտմությունը փոփոխակի կերպով արտահայտվում էին տիկին Մարիամի բազմահոգ դեմքի վրա. նրա սիրտը բաբախում էր, որպես մի տերև, որ դողդողում է քամուց:

– Միթե կարելի՞ է բանը գլուխ բերել, – հարցրեց նա, ինքն էլ իր խոսքերին չհավատալով: – Ես, իրավն ասած, Նունե, բոլորովին շվարած եմ, չեմ իմանում, թե ինչ պետք է անել… Ա՜խ, եթե – տերը մի արասցե – Հռիփսիմեն իր բաղձանքին չհասնի, ա՜խ, ինչ կլինի նրա վերջը…

– Դու անհոգ կաց, մայրիկ, նրանք իրանց բանը կշինեն, – պատասխանեց Նունեն ավելի փորձված և ավելի գործագետ կնոջ վստահությամբ. – միայն պետք է թող տալ իրանց կամքին, այն ժամանակ «ջուրը իր ճանապարհը կգտնե…»

– Դժվար է, – պատասխանեց մայրը կասկածավոր կերպով, – շատ դժվար է: Հիմա Միքայելին ձեռքից-ձեռք խլում են, ամեն կողմից աղջիկներ են առաջարկում, և ի՞նչ աղջիկներ, հարուստ տներից և ահագին բաժինքներով: Բայց մենք ի՞նչ ունենք… այն ուրիշ բան կլիներ, եթե աղան կենդանի լիներ, եթե մենք մեր առաջվա վիճակի մեջ լինեինք…

Եվ անբախտ կնոջ աչքերից վերջին խոսքերի հետ գլորվեցան արտասուքի խոշոր կաթիլներ: Նունեն սկսեց սիրտ տալ նրան:

– Ես չեմ կարծում, – ասաց նա, – որ Միքայելը փողի մտիկ տա. Հռիփսիմեն նրա համար մի մեծ հարստություն է:

– Է՜հ, որդի, բոլոր աշխարհը փողի վրա է մտիկ տալիս: Տեսնում ե՞ս, հիմա մեզ վրա ոչ ոք չի ուզում նայել, բայց առաջ… Առաջ պատիվ էին համարում, երբ մենք խոսում էինք մեկի հետ, երբ մենք մեկին արժանացնում էինք մեր հայացքին:

– Այդ ճշմարիտ է, բայց ես դարձյալ կասեմ, մայրիկ, որ Միքայելը փողով խաբվող չէ. նա, ինչպես ասում են, ինքը բավական փող ունի:

– «Ավել պատառը փոր չի ծակում», իմանում ե՞ս: Փողից ո՞վ է կշտացել, որ նա կշտանա:

– Այնուամենայնիվ, ես հույս ունեմ, որ այս բանը գլուխ կգա, – պատասխանեց Նունեն: – Պետք չէ հուսահատվել:

– Տեսնենք… – ասաց մայրը դարձյալ հուսահատ կերպով: – Տեսնենք աստված ի՛նչ կհաջողե:

Ներս մտան Գայանեն և Հռիփսիմեն բավական ուրախ դեմքերով. մոր և երեց դստեր մեջ խոսակցությունը ընդհատվեցավ:

Նույն միջոցին Միքայելը մենակ էր իր սենյակում. նրա սեղանի վրա դրած էր մի բաց նամակ. նա կրկին վեր առեց նամակը և սկսեց կարդալ: Դա նրա մի քանի ամիս առաջ գրած նամակի պատասխանն էր, որ ստացել էր Ստեփանից:

– Բոլոր տողերից արտահայտվում է նրա մեծահոգությունը, – խոսում էր Միքայելը ինքն իրան, – այս նամակի մեջ նա նույն խստասիրտ, արհամարհող և մեծամիտ Ստեփանն է, ինչ որ եղել է միշտ: Ես հայտնել էի հոր մահվան մանրամասնությունները, նրա թողած հարստության ոչնչանալը, ահա ինչ է պատասխանում ինձ. «Ես, որպես բժիշկ, իմ հոր հարստության վրա նայում էի բոլորովին բժշկական կետից: Երբ հիվանդ մարմնի վրա հայտնվում է թարախով լիքը մի պալար, ես սպասում եմ, որ նա կամ ինքն իրան ծակվի և թարախը դուրս թափվի նրա միջից, կամ գործ եմ դնում իմ նշտարը… Հավաքված նեխությունը կենդանի մարմնի մեջ միշտ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ: Իմ հոր հարստությունը մի հսկայական պալար էր՝ լցված անմաքուր շարավով և ամբարված ամեն տեսակ ապականություններով: Նրա գործակատարները, թեև չարամտությամբ, բայց կատարեցին մի տեսակ բժշկի պաշտոն, ծակեցին պալարը և դուրս թափեցին փտությունը… Հիվանդը չդիմացավ ցավին և մեռավ… բայց ժառանգները առողջացան»… Մի քանի տողից հետո շարունակում էր, խոսելով գործակատարների մասին. «Հանգիստ թողեք, ի սեր աստծո, այն ողորմելիներին. նրանք հանցավոր չեն, նրանք իմ հոր ամենալավ աշակերտներն են և գեղեցիկ կերպով իրագործեցին նրանից առած դասերը… Ո՞վ սովորեցրեց նրանց գողությունը… ես ցավում եմ այդ ողորմելի արարածների մասին: Խնայեցեք նրանց»:

Դռները բացվեցան, և ներս մտավ Հռիփսիմեն:

– Հը՛մ, ի՞նչ կա:

– Ընթրիքը պատրաստ է, մայրս խնդրեց, որ շնորհ բերեք, – պատասխանեց նա բեկբեկված ձայնով:

– Օ՛, ինչ քաղաքավարի լեզվով ես խոսում դու, Հռիփսիմե, այդ ե՞րբ սովորեցար, – ասաց Միքայելը, նստած տեղից վեր բարձրանալով և մանուկ օրիորդի երկու ձեռքերն էլ առնելով իր ափերի մեջ:

Հռիփսիմեն շառագունեցավ և ոչինչ չկարողացավ պատասխանել:

– Հանաքը մի կողմ մնա, ես դարձյալ զգուշացնում եմ քեզ, Հռիփսիմե, դու շատ վատ ես պահում քեզ. դու դեռ ոչ բոլորովին առողջ ես, կարող ես կրկին հիվանդանալ, երբ այս գիշերվա պես ման կգաս պարտեզում: Այնտեղ շատ խոնավ է, մանավանդ վերջին անձրևից հետո:

– Դու տեսա՞ր երբ ես ման էի գալիս, – հարցրեց օրիորդը, ուղիղ Միքայելի երեսին նայելով:

– Տեսա՛, Գայանեն ևս քեզ հետ էր. առաջ նստած էիք, հետո վեր կացաք և սկսեցիք ման գալ:

– Երևի դու լսեցի՞ր ևս, թե ինչ էինք խոսում մենք… – հարցրեց օրիորդը թեթև ժպիտով:

– Ես ոչինչ չլսեցի, ես սովորություն չունեմ լրտեսել ջահիլ աղջիկների գաղտնի խոսակցությունը. այդպիսի բան Նունեն է անում…

 

– Ղո՞րդ, – հարցրեց օրիորդը սուր ձայնով. – ուրեմն նա լսո՞ւմ էր… ա՛յ, սատանա…

Միքայելը, ինչպես սովորաբար ասում են «իզը գտավ», այսինքն՝ իր կորցրած առարկայի հետքերի վրա հանդիպեց: Անցնելով պարտեզի միջից, իրավ, նա տեսել էր երկու քույրերին միասին նստած և խոսելիս, այլև նկատել էր Նունեին, որ ծառի ետևում թաքնված, ականջ էր դնում նրանց խոսակցությանը: Այդ դեպքը հետաքրքրեց նրան, և մտածում էր, թե Նունեն առանց առանձին պատճառի մի այնպիսի կասկածավոր դիրք չէր բռնի իր քույրերի վերաբերությամբ: Իսկ այժմ Հռիփսիմեի շփոթությունը և նրա սիրուն դեմքի ներկը ստուգեցին Միքայելի կարծիքը:

– Տեսա՞ր, որ ես բոլորը իմանում եմ… – դարձավ նա դեպի օրիորդը:

– Դու ոչինչ չես իմանում, – պատասխանեց Հռիփսիմեն ծիծաղելով. – դու ուզում ես ինձանից խոսք քաշել…

– Ի՞նչպես խոսք քաշել:

– Որ գիտենաս, թե ինչ էինք խոսում Գայանեի հետ… բայց ես չեմ ասի, որքան էլ խնդրես, չեմ ասի…

– Դու չես ասի, բայց Գայանեն կասե, նա բարի աղջիկ է:

– Իսկ ես չա՞ր եմ:

– Դու կամակոր ես:

– Լավ, լավ, եկ գնանք, հիմա սպասում են քեզ, – ասաց օրիորդը և բռնելով Միքայելի ձեռքից, համարյա զոռով սկսեց նրան դուրս տանել:

Այժմյան Հռիփսիմեն չէր մի քանի շաբաթ առաջվա ամոթխած և երկչոտ Հռիփսիմեն, այլ նույն փոքրիկ, ուրախ և աշխուժով լի Հռիփսիմեն, ինչ որ հինգ-վեց տարի առաջ, երբ մի անգամ վարդավառի տոնին ոտքից ցգլուխ թրջեց Միքայելին, և զոռով ստիպում էր, որ իր նոր հագուստը հագնե: Իսկ այժմ Միքայելը կանգնած էր նրա առջև, ճաշակով հագնված, բարեկիրթ մի երիտասարդ, որի յուրաքանչյուր ձևերից երևում էր ազնիվ և շիտակ մարդու ուղղամտությունը: Նա ընդունեց օրիորդի հրավերը և նրա հետ մտան տիկին Մարիամի սենյակը, ուր նա իր աղջիկների հետ բոլորել էին ընթրիքի սեղանի շուրջը:

Այգու անցքից հետո Մասիսյանների ընտանեկան հարաբերությունները Միքայելի հետ բոլորովին փոխվեցան. այժմ նա վայելում էր այդ գերդաստանի անդամակցության կատարյալ ազատությունը: Տիկին Մարիամը նրան ասում էր. «Ես այժմ երկու որդի ունեմ, մեկը դու ես, մյուսը՝ Ստեփանը»: Գայանեն, Հռիփսիմեն և Նունեն առանց քաշվելու մտնում էին նրա սենյակը, մաքրում էին, կարգի էին դնում և շատ անգամ կցում էին նրա հետ փոքրիկ խոսակցություններ: Ճաշը և ընթրիքը միասին էին ուտում և երբեմն առավոտյան թեյը միասին խմում, եթե մի կարևոր գործ չէր պահում Միքայելին իր առանձնարանում: Երեկոյան զբոսանքը պարտեզում և զրույցները մանուկ օրիորդների հետ արդեն սովորական էին դարձել: Միքայելը ըստ մեծի մասին պատմում էր նրանց իր ճանապարհորդություններից և խոսում էր շատ բաներ Մոսկվայի ու Եվրոպայի կյանքից: Իսկ այն գիշեր մի առանձին խոսակցություն ընթրիքի սեղանի վրա տեղի չունեցավ, միայն Միքայելը հաղորդեց Ստեփանից ստացած նամակի բովանդակությունից այնքան միայն, որքան կարելի էր:

Ժ

Մասիսյանի ընտանիքին հասած դժբախտությունը և ահագին հարստության մի քանի օրվա մեջ ոչնչանալը՝ իսկապես այն դառն և աղետալի ներգործությունը չունեցավ թշվառ ընտանիքի վրա, որքան սպասելի էր: Կյանքը շարունակվում էր իր սովորական ընթացքով. ոչինչ չէր փոխվել, ոչինչ չէր պակասել, և կարելի էր ասել, որ այժմ ավելի կենդանի ու ավելի խաղաղ կերպարանք էր ստացել: Եվ իրավ, ի՞նչ էր կորցրել այդ միշտ անբախտ ընտանիքը: Ի՞նչ բանից էր զրկվել նա: – Ոչնչից:

Մասիսյանի հարստությունը նրա ընտանիքի համար մի երևակայական ցնորք էր, որպես նույնիսկ «ոսկի աքաղաղի» գոյությունը: Ընտանիքը միայն լսել էր, թե հարստություն ունի, իսկ այժմ լսում էր, թե այն հարստությունը այլևս չկա: Մասիսյանի հարստությունը առևտրական հրապարակի մի լոկ զարդ էր, նրա բարիքները չէին թափանցում ընտանեկան շրջանի մեջ, որ միշտ զուրկ էր կյանքի անհամեմատ վայելչություններից անգամ: Եվ որովհետև ընտանիքը մասնակից չէր հարստության վայելման մեջ, բնականաբար այժմ չէր կարող ցավ զգալ նրա կորստյան համար: Հարստությունը պատկանում էր մի մարդու միայն և նրա հետ գերեզման մտավ: Այդ մարդը «աղան» էր…

Բայց կար և մի ուրիշ պատճառ, որի մեջ Մասիսյանի ընտանիքը մխիթարություն էր գտնում: Միքայելի քաղցր վարմունքը, նրա անկեղծ անձնազոհությունը, նրա ջերմ կարեկցական սերը բոլորովին մոռանալ տվեցին դժբախտությունները: Միքայելի մեջ գտնում էին ամենը, ինչ որ կորցրել էին:

Որքան երջանկություն է բերում ընտանիքի մեջ սերը, միաբանությունը, ազատությունը, մանավանդ երբ իշխում է նա տիրող բռնակալությունից հետո: Դա ջերմ-լուսապայծառ ավուր բերկրությունն է ազդում, երբ անցել էր բքաբեր փոթորիկը: Մասիսյանի ճնշված, տանջված և տարիներով մի ուրախ օր չվայելած ընտանիքը հանկարծ իրան մի նոր աշխարհի մեջ էր գտնում, երբ Միքայելը մտցրեց այնտեղ կյանքի լույսը և ջերմությունը: Այդ ընտանիքը, ուր կինը բացի նրանից, որ կտրված էր արտաքին աշխարհից, այլ իր գերդաստանական նեղ շրջանի մեջ ևս դարձյալ զուրկ էր տղամարդի հարակցությունից, այժմ դեռ նոր էր առնում մարդկային վայելչության այն քաղցր համը, որ մատակարարում էր նրան ընկերական կյանքը: Նա դեռ նոր էր հասկանում, որ երջանկությունը և բարօրությունը միայն դրամի մեջ չէ կայանում, դրամի, որի ժանգից ամբարված և անշարժ դրության մեջ թույն է գոյանում, այլ կա և մի ուրիշ բան, որը երբ պակասում է՝ ընտանեկան օջախը դժոխքի է փոխարկվում: Հանգուցյալ աղայի օրերում այս տունը կատարյալ դժոխք էր. իսկ Միքայելը մտցրեց այնտեղ այն կենագործող զորությունը, որ դժոխքը դրախտի է փոխում, դա էր – սերը:

Անքավ ամառը, տիրեց ձմեռը: Այդ երկու եղանակները իրանց հատկություններով` ցրտություններով և ջերմություններով կարծես միևնույն բնական ներգործությունն են անում մարդերի վրա, ինչ որ անում են առհասարակ բոլոր մարմինների վրա: Վերջին դպրոցական աշակերտը գիտե, որ ջերմությունը փափկացնում է և ընդարձակում է մարմինները, իսկ ցրտությունը խտացնում է և կուչ է բերում նրանց: Նույնը պատահում է և մարդերի հետ տարվա տաք և ցուրտ եղանակներում: Ամառը իր ջերմությունով ցրվում է և բաժանում է նրանց միմյանցից, իսկ ձմեռը մոտեցնում է, մի տեղ է հավաքում և ավելի սերտ կերպով սեղմում է նրանց միմյանց հետ: Ձմեռը մարդկային ընկերական կյանքը ավելի ամբողջական կերպարանք է ստանում: Նույնը լինում է և ընտանիքի մեջ: Դրսի ցուրտը ներս է մղում բնակիչներին սենյակների չորս պատերի մեջ և ավելի սեղմում է, կպցնում է նրանց միմյանց հետ: Հարաբերությունները շոշափում են միմյանց, և առաջ է գալիս մի տեսակ շփումն: Եվ որպես մինչև անգամ անշունչ մարմինների միմյանց հետ շփվելուց և քսքսվելուց գոյանում է կրակ, այնպես էլ կենդանի մարմինների սերտ հարաբերությունից առաջ է գալիս մի ուրիշ ջերմություն, որը կոչվում է սեր: Եվ այս էր պատճառը, որ տիկին Մարիամի սենյակը, որ այժմ ծառայում էր որպես ընդունարան, շատ անգամ կենդանանում էր ուրախ և զվարթ խոսակցություններով, ուր հավաքված էին լինում նրա աղջիկները, Միքայելը և երբեմն ուրիշ հյուրեր:

Նունեն դեռ չէր հեռացել իր հայրենական տնից, այժմ նա գյուղից բերել էր տվել իր երկու զավակներին, փոքրիկ Նարգիզին և Ռոստոմին: Այդ փոքրիկների թվում ավելացել էին երկու ուրիշ երեխաներ ևս՝ Մարգարիտը և Ավետիսը, որոնք Միքայելի հորեղբոր՝ Ավետ ապոր զավակներն էին: Նրանց հայրը վաղուց մեռած էր, իսկ մայրը գյուղացի կնիկների սովորության համեմատ ուրիշ մարդու էր գնացել: Միքայելը վեր էր առել իր մոտ որբերին պահելու և խնամելու համար, որպես նրանց հայրը իրան պահել և մեծացրել էր, երբ ինքը ծնողներից որբ մնաց:

Տասն տարի կլիներ, որ Մասիսյանի տունը երեխա չէր տեսել, այժմ կրկին կենդանացավ նա անմեղ մանուկների ուրախ ճլվլոցով: Տունը առանց երեխաների ամայի անապատի նման է, որ զուրկ է լինում նոր աճող և թարմ բույներից:

Մի անձն միայն պակաս էր, որ կլրացներ ընտանեկան երջանկությունը, և դա էր Ստեփանը: Վերջին նամակներից երևում էր, որ նա տակավին չէ կարող գալ, այլ երկար կմնա արտասահմանում:

Հանգուցյալ աղայի ավերված գործերը համարյա կարգի էին դրված, որքան հնարավոր էր և որքան կարելի էր: Միքայելը բոլորովին թողեց այն բոլորը, ինչ որ արդեն գողացվել էր, ինչ որ հափշտակվել էր… «Գերեզմանից մեռելը ետ չես բերի», – ասում էր նա և միանգամայն ապարդյուն էր համարում կորածի ետևից ման գալը: Նա մտածում էր, թե վաճառականության մեջ ինքը ավելի կարող էր վաստակել, քան թե այն գումարը, որ սուդերում կյանք մաշելով և ժամանակ կորցնելով կարելի էր ետ խլել հափշտակողներից: Միայն նա աշխատեց ազատել կեղծ պարտատերերի ձեռքից Մասիսյանների տունը, այգին և մի քանի անշարժ կալվածքներ, մասամբ ապացուցանելով պարտատերերի ձեռքում գտնված թղթերի անվավերականությունը, և մասամբ վճարելով նրանց պահանջը: Միքայելի մոտ հանգուցյալի կայքից առաջուց մնացել էր մի գումար Մոսկվայի առևտրական հաշիվներից, և այդ գումարով նա թափեց նրանց անշարժ կալվածքները: Այժմ անբախտացած ընտանիքի ապրուստը ապահոված էր չափավոր եկամուտով, որով կարող էր նա վարել բավական հանգիստ և համեստ կյանք:

Մինչև այն օրը Միքայելը իրան մոռացել էր, նա իրան չէր տեսնում, որպես մի մարդ, որ հափշտակված մի ընդհանուր գաղափարով, գործում է միայն հասարակական շահերի համար, առանց մտածելու իր անձի վրա ևս, թե ինքն էլ մի փոքրիկ աշխարհ է, թե ինքն էլ իր առանձին պետքերը ու կարիքները ունի: Նա իր վիճակը այն աստիճան կապված էր տեսնում Մասիսյանների ընտանիքի ճակատագրի հետ, որ շատ բնական էր համարում իր անձնազոհությունը: «Ես պետք է բաժանորդ լինեմ այս ընտանիքի անբախտությանը, մտածում էր նա, մինչև ինձ կհաջողվի բոլորովին վերականգնել նրա բախտավորությունը»: Այդ բոլորի մեջ նրան առաջնորդում էր պարտականության մի սուրբ զգացմունք, թե ինքը այն տան տղան է եղել, նրա օդը շնչել է, նրա հոգով սնվել է, թեև այն մի կտոր հացը տվել էին նրան դառն տանջանքների գնով… Բայց ո՞վ էր տանջողը. – մի մարդ, որ այժմ չկար… բացի նրանից, բոլոր մյուսները միշտ խնամել և միշտ սիրել են նրան, իսկ նույն սերը այժմ վառվեցավ ավելի ջերմությամբ և մոռանալ տվեց սև անցյալը…

Բայց կար և մի ուրիշ բան, որ Միքայելին կապում էր այն ընտանիքի հետ. նա վերջին ժամանակներում ավելի և ավելի սաստիկ կերպով զգում էր, թե սիրում է Հռիփսիմեին, թե առանց նրան ապրել չէ կարող, և թե նա կբախտավորացնե իրան: Եվ միևնույն սերը նկատում էր նա մանուկ օրիորդի կողմից: Բայց մինչև այն օր նրանց մեջ ոչ մի բերանացի խոստովանություն չէր եղել, թե սիրում են միմյանց, միայն եղել էին խոսակցության մեջ մթին ակնարկություններ, լուռ և իմաստալից ժպիտներ, աչքերի թափանցող հայացքներ, հոնքերի խորհրդավոր շարժումներ, որոնցով Հայաստանի աղջիկը ավելի որոշ կերպով կարողանում է հայտնել իր սրտի կրքերը, քան թե լեզվով: Միքայելը որքան էլ կրթված լիներ, դարձյալ նրա մեջ մնացել էր շատ բան, որ թույլ չէին տալիս նրան շեղվել ընդունված նախապաշարմունքներից և տեղական սովորություններին հակառակ ընթացք բռնել: Իսկ Հռիփսիմեն բոլորովին համոզված էր, թե իր ձեռքի և սրտի մասին պետք էր խոսել իր մոր հետ:

Մի առավոտ նրա մոտ ներս մտավ Հռիփսիմեն, դրսի ցրտի ազդեցությունից նրա թշերը կարմիր վարդի քնքուշ գույն էին ստացել:

– Դու ասում էիր, որ շապիկներիցդ մի քանիսի կոճակները կտրված են, եկա, որ տանեմ, կպրեմ, – խոսեց նա, կանգնելով սենյակի դռան մոտ:

– Ա՜խ, որքան անքաղաքավարի ես դու, Հռիփսիմե, – ասաց Միքայելը մոտենալով նրան, – առավոտյան, երբ մարդի մոտ են մտնում, առաջ բարևում են, հետո մոտենում են, ձեռք են բռնում, հետո քեֆն են հարցնում, հետո մի քանի լավ-լավ խոսքեր են ասում, ժպտում են, ծիծաղում են, վերջը հայտնում են, թե ինչու համար են եկել:

– Ես դրանք չեմ իմանում, ես եկա շապիկները տանելու, – պատասխանեց օրիորդը, ավելի կարմրելով:

– Հանաք եմ անում, Հռիփսիմե, այսպես ավելի լավ է, ավելի պարզ և համեստ է. ես սիրում եմ պարզությունը, – խոսեց Միքայելը, բռնելով նրա երկու ձեռքից: – Բայց ո՛րքան հոգատար ես դու, Հռիփսիմե. ես գիշերը ասեցի, թե շապիկներիս կոճակները կտրված են, կարծում էի. կմոռանաս մինչև առավոտ:

– Ես մոռացկոտ չեմ…

Միքայելը դուրս բերելով շապիկները և տալով օրիորդին, ասաց.

– Ես կուզեի, որ նստեիր այստեղ, իմ սենյակումը կարեիր:

– Ինչո՞ւ, կարծում ես, որ կսխալվեի՞ կարի մեջ և կոճակները իրանց տեղումը չէի՞ն լինի, և դո՞ւ պիտի ցույց տաս ինձ, թե որպես պետք է կարել;

– Չէ, ես գիտեմ, որ դու շնորհալի աղջիկ ես, միայն ցանկանում եմ, որ այստեղ, իմ աչքերի առջև նստած, այնպես կարես:

Օրիորդը առեց կարը և լուռ նստեց լուսամուտի մոտ:

– Բայց կխնդրեմ, որ չխանգարես ինձ, – ասաց նա, սկսելով իր գործը:

– Չեմ խանգարի, միայն կպատմեմ զանազան բաներ, որպեսզի չձանձրանաս:

– Երևի դարձյա՞լ քո ճանապարհորդություններից:

– Այդ հաճելի չէ՞ քեզ:

– Հաճելի է, բայց…

– Բայց ի՞նչ:

– Այնքան չէ գրավում:

Միքայելը մտածության մեջ ընկավ:

– Ապա ի՞նչ կուզես, – հարցրեց նա, – ուզում ես, որ հեքիա՞թ ասեմ:

– Հեքիաթը պառավ կնիկներն են ասում:

– Կպատմեմ, թե ինչպես Եվրոպայում աղջիկները մարդի են գնում: Կամենո՞ւմ ես:

– Պատմի՛ր:

– Այնտեղ աղջիկները այստեղացոց նման ամաչկոտ չեն, որ տղամարդերից փախչեն, և որին սիրում են, իրանց սիրտը նրա առջև չբաց անեն: Այնտեղ աղջիկը ազատ է. սիրած տղի հետ խոսում է, ման է գալիս, պարում է և զանազան զվարճության տեղեր է գնում:

– Հետո նրանց մայրերը ի՞նչ են ասում, չե՞ն արգելում, – ընդհատեց օրիորդը Միքայելի պատմությունը:

– Չեն արգելում, որովհետև գիտեն, որ իրանց աղջիկները այնքան լավ կրթված են, որ մի վատ բան չեն անի, և թող են տալիս, որ աղջիկները իրանք տղին ճանաչեն, նրա բնավորությունը ուսումնասիրեն, նրա սովորությունները, խելքը, բարքը, վարքը, գիտությունը, պարապմունքը, մի խոսքով՝ նրան վերաբերյալ ամեն բան գիտենան, որ չսխալվեն իրանց ընտրության մեջ, արդյո՞ք նա կարող է լինել արժանավոր ամուսին, թե ո՜չ: Եվ երբ ամեն ինչ իրանց պահանջին համապատասխան են գտնում, այն ժամանակ միայն հայտնում են իրանց սերը, որովհետև ամուսնությունը խիստ ծանր լուծ է, երբ կինը խաբվում է, հետո շատ և շատ անբախտ է լինում…

– Երևի միևնույն քննությունը անում են և տղամարդիկը աղջիկների վերաբերությամբ, – հարցրեց Հռիփսիմեն խորհրդավոր կերպով:

– Իհարկե անում են:

– Այդ լավ է…

– Ես իմ պատմությունը վերջացրի, Հռիփսիմե, հիմա դու պատմի՛ր, այստեղ աղջիկները ի՞նչպես են փեսա ընտրում:

– Դ՛ու խո իմանում ես…

 

– Մոռացել եմ, լավ չեմ իմանում:

Մանկահասակ օրիորդը սաստիկ ներքին դժվարությամբ պատասխանեց.

– Այստեղ աղջկան տղի մոտ չեն թողնում. եթե պատահում է, որ նա մեկին սիրում է, պետք է իր սերը թաքցնի իր սրտում, ոչ ոքի հայտնելու իրավունք չունի… և մինչև անգամ նույն տղին, որին սիրում է…

– Ինչպես դու… – ասաց Միքայելը, առնելով օրիորդի դողդոջուն ձեռները իր ափերի մեջ:

Նա ոչհնչ չպատասխանեց, և նրա գեղեցիկ աչքերում երևացին արտասուքի խոշոր կաթիլները:

– Տա՛ր, ինձ էլ տա՛ր այն երկիրը, ուր աղջիկները ազատ են… – ասաց նա, զսպելով իր խորին վրդովմունքը:

– Կտանեմ, Հռիփսիմե, երբ դու իմ կինը կլինես, – պատասխանեց Միքայելը ոչ սակավ այլայլությամբ: – Ասա՛, համաձա՞յն ես:

– Այո… – պատասխանեց օրիորդը խուլ ձայնով:

Միքայելը կամեցավ գրկել նրան, բայց նա թողեց չվերջացրած կարը և շտապով դուրս վազեց նրա սենյակից:

Միքայելը կանգնած մնաց, որպես սառած և քար կտրած:

– Սարսափելի՛ աղջիկ, – ձայն արձակեց նա երկար ապշությունից հետո, – ամեն մի դեպքում երևում է նախապաշարմունք… մի գրկախառնություն, մի համբույր, մի գգվանք անգամ նա մեղք է համարում, քանի որ տերտերը դեռ չէր կարդացել նրա գլխին պսակի ծիսական խոսքերը:

Նույն ավուր երեկոյան պահուն, երբ դեռ նոր մայր էր մտել արեգակը, երբ սկսել էր դրսում ցուրտը սաստկանալ, Միքայելը փակված իր սենյակում և տխուր, մտահույզ կերպով, մեկ-մեկ բերանն էր դնում ընչացքի նորաբույս մազերը և ատամներով կտրատում էր նրանց ծայրերը, կարծես նրանք արգելում էին նրան խոսել և իր սրտի ցավը արտահայտել: Իսկ սենյակի մյուս կողմում Նունեն ուղղում էր վառարանի մեջ դրած փայտերը, որ վատ էին վառվում և թացությունից ծխրտում էին և սուլելով արձակում էին մի տեսակ մելամաղձական ձայն:

– Կրակը հառաչում է… – խոսեց Նունեն սնահավատությամբ, – դա վատ նշան է…

– Ինչո՞ւ, – հարցրեց Միքայելը, կարծես զարթնելով իր մտահուզությունից:

– Չեմ իմանում, այսպես ասում են, երբ կրակը տխուր ձայն է արձակում. ասում են՝ լաց է լինում, – պատասխանեց մանկահասակ կինը, չհեռանալով վառարանի մոտից:

– Ամեն մի թարմ նյութ, որի մեջ մնացել էին կյանքի նշույլները, այսպես տխուր ձայն է հանում, երբ մոտեցնում ես կրակին… – նկատեց Միքայելը:

– Ինչպես քո սիրտը… – ասաց Նունեն խորհրդական ժպիտով:

– Եվ ինչպես քո քրոջ՝ Հռիփսիմեի սիրտը… – կրկնեց Միքայելը:

– Հանաքը մի կողմը կենա, ինչո՞ւ կռվեցաք մորս հետ, – հարցրեց Նունեն, մոտենալով և նստելով Միքայելի մոտ:

– Չկռվեցանք, բայց բավական տաք կերպով վիճեցինք: Մի՞թե մայրդ ինձանից վիրավորվել է:

– Չի վիրավորվել… բայց սիրտը մի փոքր կոտրված է երևում…

– Դու ինքդ դատի՛ր, Նունե, մի՞թե կարելի է այս աստիճան նախապաշարված լինել: Մեր վիճաբանությունը այստեղից սկսվեց, ես հայտնեցի իմ սերը, համբուրեցի մորդ աջը և խնդրեցի Հռիփսիմեի ձեռքը: Նա ուրախացավ, շատ ուրախացավ, համբուրեց իմ ճակատը և օրհնեց մեզ: Հետո, երբ խոսք եղավ պսակի մասին, նա ասաց, թե ես պետք է մի քանի ամիս ևս սպասեմ, մինչև աղայի մահվան օրից մի տարի անց կենա, որովհետև մարդիկ կբամբասեն մեզ, եթե, սգավոր տարին չլրացած, մենք հարսանիք կանեինք: Դրա վրա մենք վիճեցինք:

– Ինչո՞ւ ես շտապում:

– Դու էլ քո մոր խելքին ես, Նունե, դու չես իմանում իմ նպատակները. ես պետք է կրկին վերադառնամ Մոսկվա. եթե մի քանի ամիս ես այստեղ ուշանամ, ես անպատճառ կկորցնեմ իմ կլիենտները, որոնց համար զանազան վաճառականական գործեր էի կատարում, և ես կզրկվեմ իմ շահերից, իմանում ե՞ս: Բացի դրանից, ես Հռիփսիմեին պետք է ինձ հետ վեր առնեմ. նրան պետք է աշխարհ մտցնել, որ մի փոքր կրթվի, բան սովորի: Նա շատ լավ աղջիկ է, շատ խելք ունի, բայց դեռ շատ բան պակասում է նրան օրինավոր կին լինելու համար:

– Այս բոլորը չհայտնեցի՞ք մորս:

– Ի՞նչպես չհայտնեցի, նա էլի իր ասածն է ասում՝ «աղջիկս եթե ինձանից հեռացնես, ես ցավից կմեռնեմ», և ուրիշ այսպիսի խոսքեր: Ես չեմ հասկանում, մի՞թե լավ կլինի, որ պսակվեմ, թողնեմ ու գնամ տարիներով մնամ օտարության մեջ, որպես անում են այդ մեր հայ վաճառականները: Ես կցանկանայի գիտենալ, թե Հռիփսիմեն ի՞նչ է մտածում, առավոտից նրան չեմ տեսել:

– Նա այսօր սպանվածի պես է, այս և այն անկյունն է մտնում և լուռ լաց է լինում:

– Խե՜ղճ աղջիկ:

Միքայելի խոսքերը, կարծես, բաց արեցին Նունեի հին վերքերը, և նա բավական զգալի ձայնով պատասխանեց.

– Այսպես, սիրելի Միքայել, ծնողների նախապաշարմունքը շատ անգամ պատճառ է դառնում զավակների անբախտությանը: Մեր գերդաստանի վրա, կարծես մի անեծք կա, որ նրա որդիները երբեք բախտավոր լինել կարող չեն: Մեծ քույրս ինքն իրան խեղդեց… ա՜խ, որքան բարի, որքան սիրուն աղջիկ էր նա. նրա մահվան մեջ մի այնպիսի գաղտնիք կա, որ անկարելի է առանց սարսափելու լսել… Իսկ իմ պատմությունը քեզ հայտնի է. ես ինչո՞վ եմ մեղավոր, որ այժմ աշխարհը ինձ դատապարտում է որպես վատ կին: Իմ մայրը իսկապես լավ կին է. բայց ի՞նչ անես, նա անում է այն, ինչ որ տեսել, ինչ որ սովորել է…

Խեղճ կինը իր սրտի հետ դուրս էր թափում դառն վշտերը. նա իր կյանքում այնքան տանջվել էր սև նախապաշարմունքներից, որ նրա բոլոր ճնշող զորությունը իր անձի վրա էր փորձել: Երբ ամեն ինչ ասաց, նա դարձավ դեպի Միքայելը այս խոսքերով.

– Դու անհոգ կաց, սիրելի Միքայել, ես կգնամ մորս մոտ և ամեն ինչ կվերջացնեմ, որպես դու ցանկանում ես: Մենք, բոլոր քույրերս անբախտ եղանք, գոնե թող Հռիփսիմեն բախտավորվի…

Մի շաբաթից հետո Ե… քաղաքի եկեղեցիներից մեկի մեջ կատարվում էր պսակի խորհուրդ: Հռիփսիմեն և Միքայելը ուրախ դեմքերով կանգնած էին սեղանի առջև: Մարդերի շատ փոքր բազմություն ներկա էր հանդիսին: Պսակը վերջացավ, և հանդիսականները մեկ-մեկ մոտեցան ու շնորհավորեցին հարսին և փեսային: Հետո փոքրիկ բազմությունը, ժամի դռանը սպասող կառքերի մեջ նստած, դիմեցին դեպի Մասիսյանների տունը:

Նույն գիշեր Միքայելը ստացավ Ստեփանից մի այսպիսի հեռագիր. «Շնորհավորում եմ քո բախտավորությունը. իմ հոր քանդված տունը քեզանով կրկին կյանք ստացավ. այսուհետև դու կլինես այդ ընտանիքի իսկական «ոսկի աքաղաղը»…