Za darmo

Պատմվածքներ

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

– Պատվելի, ես իմ փեսային խոսք եմ տվել, ես նրան հարգում եմ, իսկ իմ աղջիկը սիրում է նրան: Ես չեմ կարող դառնալ իմ խոսքից, ես չեմ կարող անպատվել իմ անունը, եթե նույն ինքը սրբազան պապը հրամայի ինձ այդ անելու…

– Մոլորյալ, – ընդհատեց նրան պատվելին, – դու համարձակվում ես սրբազան պապի սուրբ անունը հիշելու, այս հերետիկոսների ներկայությամբ,,.

Պ. Լուսինյանը երկու քայլ հետ կանգնեց, կատաղությունը մի րոպե սառեցավ նրա երակների մեջ և պատվասիրության զգացումը տիրապետեց նրա վրդովված հոգուն:

– Դուրս գնացեք այստեղից, պատեր, ես հայ եմ, և այստեղ իմ տանը հայ քահանա ունիմ, ես կարոտ չեմ ձեր ողորմածությանը:

Այս ասելով նա շուռ տվավ երեսը և մոտենալով ինձ, բռնեց իմ ձեռքից. – Գնանք սիրելիս, – ասաց, – մենք այստեղ քահանա ունինք:

Պատեր-Սիմոնը անլուր անեծքներ թափելով, կատաղությամբ դուրս գնաց սենյակից, իսկ մենք մտանք դահլիճը, հյուրերի մոտ:

Երաժշտության աղմկարար ձայնը օգնել էր մեզ. հյուրերից ոչ ոք չէր իմացել թե ի՞նչ անցք է անցել դրացի սենյակում:

Երբ ես մոտեցա Մարգարիտային, նա իսկույն նկատեց իմ վրդովմունքը և հարցրեց,

– Ի՞նչ է պատահել քեզ, քո դեմքը բոլորովին այլայլված է:

– Ոչինչ, – պատասխանեցի ես ժպտալով:

– Այդ անկարելի է. «ոչինչը» չէր կարող քեզ վրդովեցնել, – նկատեց նա:

Ես աշխատեցի հանգիստ ձևանալ, ժպտալ, ծիծաղել, բայց այս բոլորը ավելի էին մատնում իմ ներքին խռովությունը: Վերջապես ես երկար չկարողացա նրա թախանձանաց դիմանալ և բոլոր տեսածս ու լսածս պատմեցի նրան:

Մարգարիտան մի քանի վայրկյան մտածմանց մեջ ընկավ: Կնճիռները ծածկեցին նրա խոպոպներով զարդարուն ճակատը, դեմքը մռայլվեցավ, նա էլ չէր ժպտում… Ես նայում էի նրա վերա:

Անցան մի քանի վայրկյաններ, և ահա կրկին նրա ճակատը պարզվեցավ և դեմքը նորեն ստացավ յուր ծիծաղկոտ պատկերը: Այդ րոպեին նրա գեղեցիկ գլուխը նմանում էր կանաչազարդ լեռան գագաթին, որին հանկարծ շրջապատում են սևաթույր ամպերը‘ սպառնալով ծածկել նրա հսկայական մարմինը արևի լուսավոր ճառագայթներից: Բայց Հյուսիսը շարժում է յուր թևերը, և կուտակված ամպերը հալածվում են մի ակնթարթում: Կրկին երևում է կանաչազարդ գագաթը շողերով լուսավորված և հպարտ հպարտ նայում է իրեն շրջապատող ձորերի և բլրակների վերա:

– Մի՞թե դու տխրում ես այն բանի համար, – մեղմով ժպտալով հարցրեց նա:

– Եթե դու ուրախ ես, Մարգարիտա, ինձ ոչինչ չէ կարող տխրեցնել, – պատասխանեցի ես:

– Այո՛, ես այժմ ուրախ եմ. ինձ չէ վրդովում պատեր-Սիմոնի վարմունքը. ավելին նրանից սպասել անկարելի էր: Դու գիտես որ նրա համար անտանելի էր մինչև անգամ իմ քեզ հետ ման գալն, ո՞ւր մնաց, որ նա հանկարծ գալիս և տեսնում է՝ թե մենք արդեն նշանվում ենք: Այդ դիպվածում ես կատաղելուց զատ ոչ մի բանի ընդունակ լինել չէր կարող: Բայց մի ուրիշ բան իմ սիրտը լցնում է ուրախությամբ – դա իմ հոր քաջասիրտ վարմունքն է: Եվ դեռ անցյալ տարիներից ուրիշ գաղափար ունեի կազմած նրա մասին, ես կարծում էի, որ նա չափից դուրս երկչոտ և այդ պատերների ազդեցության գերի մի մարդ էր: Բացի այս երկու օրվա մեջ նա յուր անկախ բնավորության երկու փառավոր ապացույցներ տվավ. առաջին՝ որ նա արհամարհանքով ընդունեց պատեր-Սիմոնի չարախոսությունը և իմ ձեռքը տվավ քեզ. և երկրորդ էր նա պատերին արտաքսեց յուր տնից: Եթե դուք այնքան ճանաչեք իմ հորը որքան ես եմ ճանաչում, այն ժամանակ կհասկանաք, թե նրա բնավորությունը ինչ հեղափոխության պետք է ենթարկված լինի, որ նա վճռում է այսպիսի համարձակ քայլ անելու դեպի յուր դստեր բախտը:

– Եվ եթե նա կարողանա այդպես շարունակել մինչև վերջը…

0, դա ինձ համար կատարյալ երջանկություն կլրնի, – ոգևորությամբ ընդհատեց ինձ Մարգարիտան, – այն ժամանակ իմ բոլոր ցանկությունները իրագործված կլինին:

Ժամանակը մոտենում էր. պետք էր նշանադրության հանդեսը կատարեին: Պ. Լուսինյանը առաջարկեց տեր-Հովհաննեսին սկսել յուր օրհնությունը: Վերջինս արդեն ամեն բան գիտեր: Բայց Լուսինյանի դավանակիցներից մի քանիսը հետաքրքրվեցան իմանալու թե ինչու՞ համար պատեր-Սիմոնը չէր երևում այդտեղ:

– Նա գյուղումն է, – պատասխանեց նրանց Լուսինյանը, – և գրել էր, որ իրեն վերաբերյալ պաշտոնն էլ հանձնենք տեր-Հովհաննեսին: Պատվելին երևի այս դիպվածում ոչինչ խտրություն չէ դնում յուր և տեր-հոր մեջ:

– Իհարկե, ի՞նչ խտրություն պիտի դներ. մենք բոլորս էլ եղբայրներ ենք, մենք բոլորս էլ հայեր ենք. թե՞ տեր-Հովհաննես և թե՝ պատեր-Սիմոն երկուսն էլ մեր հոգևոր հայրերն են, – ձայն տվին գրեթե միաբերան Լուսինյանի դավանակիցները, – թո՞ղ տեր-Հովհաննեսը օրհնե նշանը:

«Բարի մարդիկ, մտածեցի ինքս ինձ, ձեր և տեր-Հովաննեսի գաղափարների մեջ ոչինչ խտրություն չկա. դուք բոլորդ էլ զգում եք, որ միևնույն մոր զավակներն եք, որ միևնույն արյունն եք կրում ձեր երակներում. ձեր սրտերը չեն ուզում բաժանվիլ միմյանցից, դուք ներողամիտ աչքով նայում եք ձեր եղբարց կրոնական համոզմունքների վերա, բայց չարության սերմնացանները հանգիստ չեն թողում ձեզ: Նրանք թունավորում են հարազատության արյունը, բաժանում են ձեր որդիքը, մեռցնում են ձեր քնքուշ զգացումները…»:

Հետո ես համեմատում էի տեր-Հովհաննեսի մեր տան քարոզածները պատեր-Սիմոնի կատաղի հայհոյանքների և անեծքների հետ: Առաջինը ցոլացնում էր յուր մեջ քրիստոնեական բարություն, հայրական սեր և եղբայրական անհիշաչարություն, իսկ վերջինը‘ դժոխային չարություն, պառակտիչ հոգի և վրիժառու նախանձ:

Առաջինը ապրում էր յուր ժողովրդին ծառայելու, իսկ վերջինը ժողովուրդը յուր անձին ծառայեցնելու: Տարբերությունը մեծ և շոշափելի էր: Բայց որի՞ն բողոքել, մարդկանց կորությունը իրենց անբռնաբարելի սեփականությունն է:

Պ. Լուսինյանի հրավիրանոք տեր-Հովհաննեսը մոտեցավ պատրաստած սեղանին և քահանայական շուրջառը հագնելով սկսավ կարդալ սովորական օրհնությունները: Ես և Մարգարիտան կանգնած էինք սեղանի առաջ դեմ առ դեմ, շրջան բոլորած մեզ պատել էին գլխավորապես տիկինները և օրիորդները, որոնք նշանադրության և հարսանյաց հանդեսներում միշտ հետաքրքիր հասարակությունն են հաշվվում:

Մարգարիտան աչքերը գետին խոնարհած անմռունչ կանգնած էր: Յուր ընկերուհիները զանազան կատակներ էին շշնջում նրա ականջին, բայց նա կարծես անզգա էր և ոչինչ չէր լսում: Ինչի՞ վերա էր նա մտածում. դեպի ո՞ւր էին սլանում նրա մտքերը, երևակայությունը – հայտնի չէր: Բայց այդ խորհրդավոր րոպեին ես էլ ուրախ չէի, հազար և մի տխուր մտածություններ ալեկոծում էին իմ սիրտը, չգիտեմ ինչու չարագուշակ նախազգացումը դարձյալ տանջում էր ինձ: Անախորժ դեպքի ազդեցությունի՞ց էր ճնշվում իմ հոգին, թե` մարգարեանում էր ապա չարիքները, չկարողացա իմանալ:

Միայն երբ քահանայի հրամանով նշանի մատանին հագցրի իմ հարսնացուին և համբուրվեցա նրա հետ, իսկույն տխուր մտածմունքները տեղի տվին մի ներքին ուրախության, ես տեսա, որ ինձ հետ միասին զվարթացավ և Մարգարիտան: Մեր երկուսի այս հանկարծական փոփոխությունը նկատելի եղավ մինչև անգամ հյուրերին և զվարճասեր օրիորդները սկսան կատակներ անել մեզ հետ:

– Այդ համբույրի՞ համար էիք խռովել, – շշնջաց իմ և Մարգարիտայի ականջին օրիորդ Մարանջյանը:

– Այո՛, – պատասխանեցի ես. – մի՞թե փոքր գին ունի նա ձեր աչքում:

– Ձեզ համար էլ միշտ թանկագին չի մնալ, նա դեռ առաջինն է, մի փոքր համբերեցեք, – նկատեց նա ծիծաղելով:

Հետո Մարգարիտայի ծնողները մոտեցան և համբուրեցին մեզ երկուսիս, և ապա քույրս ու փեսաս:

Այնուհետև մյուս հրավիրյալները սկսան իրենց շնորհավորությունները, որոնց երկար ժամանակ մենք ստիպված էինք մեր շնորհակալությունները կրկնելու:

Մի քանի ժամ շարունակ ընթրիքի, պարերի և ընդհանուր ուրախության նվիրելուց հետո, հյուրերը ցրվեցան: Ամենից ուշ ես դուրս եկա մերոնց հետ: Երբ անցանք առաջին փողոցը, հայոց եկեղեցու զանգակները ղողանջում էին, առավոտյան ժամերգությունը սկսելու համար: Եթե ես միայնակ լինեի այդ րոպեին ծնկի կգայի և կաղոթեի աստծուն, այնքան ջերմեռանդությունս շարժված էր. կաղոթեի, որ նա պաշտպաներ ինձ և իմ հարսնացուին, որովհետև ես դեռ երկյուղ էի կրում չարության ոգիներից: Բայց ինձ հետ ուրիշներն էլ կային, և ես շատացա միայն մի քանի աղոթքներ մրմնջալով կառքի մեջ նստած:

ՆՇՍՆԱԴՐՈԻԹՅՈԻՆԻՑ ՀԵՏ

Ես երբեք չէի կարողանում մոռանալ այն օրերը, որը մեր նշանադրությունից հետո ես անցուցանում էի Մարգարիտայի հետ: Իմ կյանքի խավար հորիզոնի վերա այդ սուղ օրերը մի-մի լուսավոր աստղեր էին: Երջանկությունը ես միայն նրանցով ճաշակեցի. երանությունը ես միայն նրանց մեջ ճանաչեցի:

Մեր նշանադրությունից հետո արդեն անցել էր երեք շաբաթ: Ես հաճախ այցելում էի Մարգարիտային. նա ինքը նույնպես գալիս էր մեր տուն: Եվ այսպես գրեթե մենք ամենայն օր միմյանց մոտ էինք գտնվում: Երբեմն ժամադիր լինելով գնում էինք քաղաքային և կամ իրենց այգին մեր ընտանիքների հետ միասին: Այդտեղ արդեն մենք բաժանվում էինք վերջիններից և զբոսնում միայնակ:

Շատ անգամ մեր մենավոր զբոսանաց ժամանակ մեզ ընկերակցում էին արծաթափայլ լուսինը‘ յուր դշխոյական նազելաճեմ ընթացքով, գիշերային մեղմ հովեր, որոնք ծառերի մեջ խաղալով ստեղծում էին մեզ համար մի սիրազվարճ սոսափյուն, հեզասահ առուներ, որոնք թփերի տակ հոսելով խառնում էին մեր սիրային զրույցների հետ իրենց ախորժալուր կարկաչն ու մրմունջը: Երբեմն էլ մենք նստում էինք ծովափի մոտ, և կամ նավահանգստի ժայռերի վերա, ուր փոքրիկ կոհակները անընդհատ մեկը մյուսի հետևից գալիս փշրվում էին մեր ոտքերի տակ:

Այդտեղ մենք երկար ժամերով խոսում էինք միմյանց հետ, խոսում էինք և չէինք կշտանում, մեր զրույցները անհատում, մեր մտքերը անսպառ էին: Գրեթե միշտ մեզ հետ միասին զբոսանքի եկողները մեզ թողնում հեռանում էին տուն, նրանք չէին ուզում մեզ խանգարել, շատ անգամ մենք վերադառնում էինք կես գիշերին:

Մարգարիտայի ծնողները այնքան վստահ էին նրա վերա և այնքան բարի դեպի իրենց դուստրը, որ չէին մերժում նրան այս տարաժամ զբոսանքները:

Այդ երանելի երեկոներից մի երկուսը ես բոլորովին չեմ մոռանում մանավանդ այն երեկոները, երբ Մարգարիտան ինձ հետ թև թևի, ծառերի տակ զբոսնելով բացատրում էր յուր գաղափարները սիրո, ամուսնության վերաբերությամբ:

Մի անգամ մենք բոլորս միասին գնացել էինք իրենց այգին այնտեղ գիշերելու դիտավորությամբ: Երեկոյան դեմ ըստ մեր սովորության մենք հեռացանք մերոնցից և զբոսնում էինք այգվո մեջ: Երբ մութը կոխեց, մենք դուրս եկանք այգուց և կամաց-կամաց առաջ էինք գնում սիզավետ լեռնադաշտի վերա, մինչև որ հասանք բարձրավանդակի ծայրը, այդտեղից մեր առաջ և բացվում էր հրաշալի տեսարան: Լուսնի շառագույն սկավառակը կիսով չափ դուրս էր եկել ծովի ալիքներից և նմանում էր մի հեռավոր կղզվո, որի մեջ հրդեհվում են բազմադարյան կաղնիների անտառները: Մենք կանգ առինք այդտեղ: Մարգարիտան յուր աջ ձեռքը իմ պարանոցով պատելով հենվել էր ինձ վերա. մենք հիացմամբ նայում էինք բնության այդ հրաշալի տեսարանին: Լուսնի սկավառակը աննշմարելի կերպով բարձրանում ծածանում էր ալիքների վրայից և մի քանի վայրկյանում ամբողջ գունդը զատվեցավ ծովի մակերևույթից:

– Նստենք այստեղ, և տեսնենք, թե ինչպես է լուսավորում նա ծովի մակերևույթը, – ասաց Մարգարիտան:

 

Մենք նստեցինք և ուշադրությամբ դիտում էինք լուսնի ընթացքը: Կամաց կամաց ծովի մակերևույթը մուգ պղնձի գույն էր ստանում և անհանգիստ ալիքները այս ու այն կողմը ծփալով՝ բեկբեկում էին նրա հավասարությունը ամբողջ մակերևույթի վերա բյուրավոր լուսնիկներ ցոլացնելով, բայց գիշերային լուսաբերը հանդարտ ընթանում էր դեպի երկնակամարը: Նրա շառագույն դեմքը տակավ առ տակավ պարզվում և լուսավորվում էր, ծովը նույնպես սկսում էր արծաթազօծվիլ, և մեզ շրջապատող բնությունը կենդանանում էր աղոտ լույսով:

– Երանի՛ թե մեր կյանքն էլ լուսնի կյանքին նմաներ, – ասաց ինձ Մարգարիտան, – և մենք երբեք չմեռնեինք՝ հավիտյան միմյանց սիրելու համար:

– Ի՞նչ, մի՞թե դու հավատում ես, թե հավիտյան ապրելով հավիտյան էլ կսիրեի՞ր, – հարցրի ես նրան:

– Մի քանի ժամանակ առաջ ես չէի հավատալ, ես այն ժամանակ մինչև անգամ չգիտեի, թե արդյոք սերը գոյություն ունի՞ աշխարհում, թե՞ բանաստեղծների գլխումն է ապրում նա: Իսկ այսօր, Արա՛մ, այսօր հավատում եմ որ նա կա, որ նա ապրում է մեր սրտի և հոգվո մեջ, որ նա նույն ինքն է երջանկություն… Ես հավատում եմ, որ եթե անմահ անգամ լինեի, հավիտյան կսիրեի, որպեսզի հավիտյան երջանիկ լինեի…

– Ես ինքս քեզ հետ համաձայն եմ, Մարգարիտա, բայց դու գիտես, որ փորձված մարդիկ սիրո հավիտենականությանը չեն հավատում, նույնիսկ մարդկային կարճատև կյանքի համար, – ասացի ես:

– Փորձված մարդի՞կ. բայց ինչ բանի մեջ փորձված ի՞հարկե նրանք, որոնք մի ամբողջ կյանք ապրել են առանց սերը ճանաչելու, նրանք ոչ միայն սիրո հավիտենականությանը, այլև նրա վայրկենական հրապույրներին չեն հավատալ:

– Ո՞չ, այդ տեսակ մարդիկները չեն սիրո հավիտենականություն չնդունողները, այլ նրանք, որոնց կյանքը անցել է սիրահարական արկածներում, որոնք առույգ երիտասարդությունը ամբողջապես նվիրված է եղել սիրո աստվածությանը:

– Այդ անկարելի է, – բացականչեց Մարգարիտան, – ամեն մարդ փափագում է երջանկությանը, իսկ երջանկությունը գտնվում է միայն սիրո մեջ… Ես չեմ կամենում հավատալ, թե կա մարդ, որ մի անգամ սիրել կարողանալուց հետո ուրանում է սիրո հավիտենականությունը…

– Պետք է հավատալ, որ կան այդպիսիները. նրանք մարդկային և ոչ մի զգացմունքների մեջ հավիտենականություն չեն ճանաչում: «Սիրո հավիտենականությունը, – ասում էր իմ բարեկամներից մինը, – գտնվում է միայն փոփոխության մեջ»:

– Օ՛, մի՞ խոսիր, մի՞ խոսիր այդ մարզիկների մասին, դրանք սիրո հավատի հերետիկոսներն են, մենք չենք հետևիլ նրանց, Արա՛մ, մենք կսիրենք միմիյանց անկեղծ և անհարամ սիրով, մենք կսիրենք մինչև մեր հետին շունչը, մինչև մեր գերեզմանը…

Այս խոսքերով նա փաթաթվեցավ իմ պարանոցին և ամուր ամուր սեղմեց ինձ յուր կուրծքին:

– Մենք հրեշտակներին նախանձ ենք բերում… – կամացուկ շնջաց նա, և մեր շրթունքները սեղմվեցան իրար…

Երկար մենք նստած էինք կանաչազարդ բարձրավանդակի վերա, մեր ոտքերի տակ վառվում էին հարյուրավոր ճրագներ, և վերևում փայփլում էր անհուն աստեղազարդը: Ծովի կողմից փչող սղոխներն էին միայն, որ իրենց շնչով խանգարում էին մեզ շրջապատող լռությունը և ընդնմին զովացնում էին մեր կրակվող երեսները: Կարծում էինք, որ լուսնից զատ էլ ոչ ոք հանդիսատես չէ մեր սիրակցություններին:

– Լուսինը սիրահարների բարեկամն է, նա մեզ չի մատնիլ, – ասում էի ես ծիծաղելով, – երբ Մարգարիտան կասկած էր հայտնում, թե մեզ կարող են լրտեսել:

Եվ որքա՜ն մեծ եղավ մեր զարմանքը, երբ տուն գնալու համար տեղից բարձրանալով‘ հիսուն քայլ հեռավորության վերա նշմարեցինք մի կնոջ կերպարանք:

– Ո՞վ է սա, – երկյուղով բացականչեց Մարգարիտան և կպավ իմ կրծքին:

– Մի՞ վախենա, այդ. ես եմ, – ձայն տվավ կերպարանքը և մոտեցավ մեզ: Դա քույրս էր. նա եկել էր մեզ վերա հեռվից հսկելու, որպեսզի մեր սիրային արբեցությանց ժամանակ հանկարծահաս վտանգներից չզարնվեինք մենք: Մարգարիտան իսկույն վազեց դեպի նրան և սեղմելով յուր կրծքին ջերմությամբ համբուրեց:

– Դու մեզ վերա չես բարկանում, այնպես չէ՞, Շուշա՛ն, – հարցրավ նա մանկական անմեղությամբ:

– Ո՛չ, սիրելիս, ես ընդհակառակը ուրախանում եմ, – պատասխանեց քույրս, – և մենք երեքս էլ թև թևի տալով շտապեցինք դեպի տուն:

Մեր նշանադրությունից հետ այսպիսի տեսակցություններ, ինչպես ասացի, մենք շատ էինք ունենում: Բայց միասին անցուցած այդ սիրազվարճ ժամերը այնպես շուտով էին սահում, և ընդհակառակը, իրարից հեռու, գտնված միջոցի ժամերը այնքան համր ընթանում, որ մենք միշտ գանգատվում էինք մեր բախտից կարծելով, թե շատ ուշ ենք հանդիպում միմյանց:

Այսպես անցան երեք ամբողջ շաբաթներ և չորրորդի վերջում արդեն մեր հարսանիքը պիտի կատարվեր:

Երկու կողմից էլ պատրաստություններ էին տեսնում. Լուսինյան այր և կին իրենց աղջկա համար, իսկ քույրս ու փեսաս՝ ինձ համար: Քաղաքի մեջ պարապ չէին և զվարճասեր աղջիկներն ու մանկամարդ տիկնայք, նրանք էլ իրենց տուալետն էին կարգավորում, որպեսզի խնդրարկուի առաջին հրավերը ստանալուն պես կազմ և պատրաստ գտնվին իրենց այցելությամբ մեր հարսանիքը պատվելու:

Եվ այսպես բոլորն էլ անխտիր ուրախ էին: Մինչև անգամ պատեր-Սիմոնի մասին Մարգարիտան պատմում էր, որ արդեն հաշտվել էր յուր հոր հետ և արդեն մի շաբաթ էր, ինչ որ նա հաճախում էր իրենց տունը և բարեկամական առանձին տեսակցություններ էր ունենում յուր հոր հետ:

Մեր բախտի երկինքը դեռ պարզ էր, ամպեր չէին երեվում, փոթորիկ չէր գուշակվում…

ԲԱԽՏԻՍ ԱՆԻՎԸ ԴԱՌՆՈԻՄ Է

Մարդիկ առհասարակ գրգռված ժամանակն են հիմարություններ գործում, այսինքն երբ կամքի ղեկավարը կիրքն է լինում: Խելքը երևան է գալիս այն ժամանակ, երբ սիրտը խաղաղ և հոգին անվրդով է մարդու մեջ: Սրա հակառակ կան և մարդիկ, որոնք սեփական կամք և հաստատուն բնավորություն չունենալով, միշտ ենթարկված են ուրիշների ազդեցության և իրենց սրտի և հոգվո խաղաղ ժամանակը՝ միայն անշունչ գործիքներ են լինում ճարպիկների ձեռքում, հետևապես և հիմարությանդ հեղինակ: Այս տեսակ մարդկանց մեջ ընդհակառակը գրգռված ժամանակն է երևան գալիս կամքի և խելքի ույժը, այսինքն, երբ կրքերի հուզվելով զարթնում է նրանց մեջ պատվասիրության զգացումը, և նրանք գործում են ինչպես անկախ մարդիկ:

Այս վերջինների տեսակին էր պատկանում պ. Լուսինյսնը, Մարգարիտայի հայրը:

Մի առավոտ ես գնում էի զբոսնելու: Ճանապարհին պատահեցի պատեր-Սիմոնին, նրա հետ կային և երկու ուրիշ պատերներ, որոնց հետ նա խոսելով բարձրանում էր դեպի այն ճանապարհը, որի վերա գտնվում էր Լուսինյանների տունը: Ես հետաքրքրվեցա իմանալու, թե արդյոք նրանք այնտե՞ղ են գնում, թե՞ ոչ. և հետևեցի նրանց քայլ առ քայլ: Երեք պատերները հասան Լուսինյանների տանը և պատեր-Սիմոնը հնչակը քաշեց: Ես շրջեցա պատվարի մյուս կողմը նրանց աչքից թաքչելու համար: Երբ նրանք ներս մտան, ես դուրս եկա և կամենում էի ճանապարհս շարունակել: Դռան առաջ Մարին կանգնած էր:

– Ովքե՞ր են այդ երկու պատերները, – մոտենալով հարցրի նրան:

– Դրանցից մինը պատեր-Պետրեն է, իսկ մյուսին չեմ ճանաչում, դրանք առաջին անգամն են գալիս մեզ մոտ, – պատասխանեց Մարին:

– Ասա Մարգարիտային, որ ես գնում եմ այգում զբոսնելու, թող իմանա ինչու՞ համար են եկել դրանք և ինձ լուր բերե, ես իրեն կսպասեմ այնտեղ, – պատվիրեցի ես և հեռացա:

Արդեն կասկածն ու երկյուղը պաշարել էին ինձ. ես տխուր գուշակություններ էի անում, որովհետև վստահ չէի իմ աներոջ հաստատակամության վերա: Թեպետ մի կողմից ես չէի մոռանում մեր հանդիսավոր նշանադրությունը, որ ամենալավ գրավական էր մեր բարեկամության հաստատությանը, բայց մյուս կողմից կաթոլիկ կղերի մեքենայությանց մասին կարդացածներս մտաբերելով սարսափում էի: Ես գիտեի, որ նրանք ամենազոր և ամենակարող են:

Մտնելով այգին ես պատահեցի պատեր-Սիմոնի ջենտլմեն սարկավագին: Նա ինքը առաջինը մոտեցավ ինձ և բարեկամաբար ողջունեց:

– Ես կամենում էի ձեզ տեսնել, – ասաց ինձ պ. Կլեմեսը, – և ուրախ եմ որ այստեղ պատահեցանք:

– Շնորհ արեք, ինչով պիտի ծառայեմ ձեզ:

– Ես եմ կամենում մի ծառայություն անել ձեզ, – ասաց նա, – լսեցեք ինձ:

Մենք նստանք մի հովանավոր ակաթենու տակ, նստարանի վերա:

– Դուք կարո ղ՞ եք հավատալ իմ անկեղծությանը. – հարցրեց նա:

– Ես վստահ եմ ձեր վերա, խոսացեք, – պատասխանեցի ես:

– Ձեր ամուսնության գործը վատ կերպարանք է առնում, – ասաց նա, – պատեր-Սիմոնը նորանոր մեքենայություններ է լարում ձեր դեմ: Ես իբրև երիտասարդ մարդ և կրոնական մոլեռանդության ատեցող՝ կամենում եմ ձեզ զգուշացնել: Ես ձեզ և օրիորդ Մարգարիտային հարգում եմ և չէի կամենալ, որ դուք թշվառանայիք:

– Դուք ինձ կատարելապես պարտավորեցնում էք, պարոն, չգիտեմ ինչով եմ արժանացել ձեր ուշադրությանը, – բացականչեցի ես:

– Գիտե՞ք որ «բոլոր դևերը չար չեն», – ասաց նա ժպտալով, – ես բախտի բերմունքով կաթոլիկ կղերի կոչումն եմ առել ինձ վրա և մտել այս սքեմի տակ, բայց երիտասարդությունը դեռ ամբողջապես չէ մեռել իմ մեջ: Ես դեռ կարող եմ մի բանով օգնել ձեզ, մանավանդ որ ես արդեն պաշտոնից հրաժարված եմ:

Այստեղ արդեն ամեն բան պարզվեցավ ինձ համար, ուրեմն Կլեմեսը վիրավորված էր այդ մարդիկներից և այդ է պատճառը, որ նա առաջարկում էր ինձ յուր նոր բարեկամոթյունը: Ես այժմ ավելի վստահությամբ կարող էի նրան լսել:

– «Ա՛յն օրը, որ ձեր նշանադրությունը կատարվում էր, – շարունակեց նա, – պատեր-Սիմոնը վաղուց արդեն տան մեջ նստած էր. նա ամեն բան գիտեր: Միայն այնքան ուշ ձեզ մոտ գալը նրա համար էր, որ ամեն բան կազմ և պատրաստ լինելուց ետ ինքը գար և խափաներ, որպեսզի յուր հաղթությունը և հայադավանների խայտառակությունը կատարյալ լիներ: Բայց այս անգամ նա յուր հաշվի մեջ սխալվել էր: Պ. Լուսինյանի վարմունքը մինչև այսօր էլ նրան ապշեցրել է, որովհետև նա մինչև այժմ այն աստիճան հլու հպատակ է եղել պատեր-Սիմոնին, որ վերջինս երբեք այդպիսի ընդդիմություն նրանից չէր կարող սպասել: Արտաքսվելով Լուսինյանի տնից նա կատաղած վերադարձավ ինձ մոտ և անդադար հայհոյում էր թե ձեզ և թե Լուսինյանին: Ամբողջ գիշեր նա քնել չկարողացավ: Առավոտյան պահուն մի հեռագիր քաշեց Սարատովի մեր եպիսկոպոսին, հայտնելով, որ այստեղ վերահաս վտանգ է սպառնում յուր հոտին, հետևապես ինքը կարոտում է երկու գործունյա քարոզիչների օգնության:

Հեռագիրը քաշելուց ետ միայն նա զղջաց յուր սխալմունքի վերա: «Ես դավաճանեցի մեր սկզբունքներին, – ասում էր նա, – ես իրավունք չունեի բռնությամբ գործ կատարելու, և եթե այսօր Լուսինյանի ընտանիքը հերետիկոսների ձեռքը մատնվի, ես եմ մեղավորը»: Բայց արդեն ուշ էր: Վախենայով ապագա քննություններից, նա միևնույն օրը մի նամակ էլ գրեց մեր եպիսկոպոսին, որի մեջ բացատրում էր յուր հեռագրի նշանակությունը և աշխատում էր արդարացնել իրեն: Որովհետև այդպիսի դեպքերում բոլոր պատասխանատվությունը պատերի վերա է մնում: Մեր օրենքով նա իրավունք չունի սխալվելու, ըստ որում սրբազան պապի հոտը պաշտպանելու համար նա վայելում է անսահման արտոնություններ, նա ազատ է գործադրելու ամեն տեսակ միջոցներ, ներելի լինին դրանք թե աններելի…

Ահա այս զղջումն էր պատճառը, որ մի քանի օր անցնելուց ետ պատեր-Սիմոնը կրկին խոնարհվելով գնաց Լուսինյանի մոտ. ինքը նախ ներումն խնդրեց և ապա նրան էլ ներումն շնորհելով հաշտվեցավ նրա հետ: Ահա մի ամբողջ շաբաթ է, որ նա քարոզում է Լուսինյանին: Երեկ երեկոյան նա ուրախությամբ վերադարձավ Լուսինյանի տնից և հայտնեց ինձ, որ ամեն բան արդեն յուր նախկին կերպարանքն է առել և Լուսինյանը զղջալով յուր արարմունքի վերա խոստացել է հետ դարձնել Բյուրատյանի նշանը և մերժել նրան յուր դստեր ձեռքը:

Այս ավետիքը ինձ տալու ժամանակ հասան արդեն այստեղ Սարատովից ղրկված երկու հոգևորականները, մինը այստեղի նախկին քահանա պատեր-Պետին և մյուսը Ֆրանկիսկոս-Լորենտանո, մի շատ ճարպիկ և փորձված քարոզիչ տեղյակ ամեն լեզուների և ամեն տեսակ մեքենայությանց: Երեկոյան հարցաքննության ժամանակ արդեն այս գործում ինձ մեղավոր ճանաչեց այդ անիծյալ քարոզիչը և ընդհանուրի հավանությամբ ինձ հրաժարեցրին իմ պաշտոնից, առարկելով, որ ես աչալրջությամբ չեմ հսկել իմ շուրջը կատարվող գործերի վերա, շուտ չեմ իմացրել պատեր-Սիմոնին գործի էությունը: Իսկ այսօր արդեն նրանք Լուսինյանի մոտ պիտի գնան:

Մնում է ինձ ասել, որ ես իմ խիղճը արդարացնելու համար միայն պատմեցի ձեզ այս բոլորը և ոչ թե պատեր-Սիմոնից վրեժխնդիր լինելու դիտավորությամբ: Որովհետև ինձ համար անտանելի է, երբ տեսնում եմ, թե՝ երկու երիտասարդ սրտերի բախտը խաղալիք է դարձած մի անխիղճ հոգևորականի ձեռքում:

Այսուհետև ինչ որ կարող եք ինքներդ անել – վտանգը ձեզանից հեռացնելու համար, արեք, ես առայժմ իմ բարոյական պարտքը կատարեցի, կարևոր դեպքում էլ ձեզ կարող եմ օգնել»:

Այս ասելով Կլեմեսը վերկացավ տեղից: Ես հայտնեցի նրան իմ խորին և անկեղծ շնորհակալությունը յուր անակնկալ բարեկամության համար և ողջունելով նրան, քայլերս ուղղեցի դեպի պարտիզի դուռը:

Սարկավագի ճշմարտախոսության վերա ես չէի կասկածում, այդ պատճառով և անհանգստութունը սկսում ալեկոծել իմ սիրտը: Այն միտքը, թե Մարգարիտային կարող էին խլել ինձանից, գրեթե խելագարեցնում էր ինձ: Ես շտապ շտապ առաջ էի գնում առանց իմանալու, թե ո՞ւր եմ գնում, առանց հիշելու, որ Մարգարիտային ժամադիր էի եղել այգում:

Բարեբախտաբար շատ չէի հեռացել պարտեզից, երբ մեր ծառան ինձ պատահեց:

– Օրիորդը մեր տանը սպասում է ձեզ, – ասաց նա: Ես սրտատրոփ դիմեցի դեպի տուն:

Երբ ներս մտի, տեսա, որ քույրս տանը չէր. Մարգարիտան միայնակ նստած էր իմ սենյակի մի անկյունում և ձեռքը կռթնած պատուհանի վերա տխրադեմ նայում էր դեպի փողոցը: Նրա աչքերը կարմրած և ուռած էին, երևում էր, որ նա շատ լաց էր եղել:

Ինձ տեսնելով ցատկեց տեղից և վազելով դեպի ինձ բացականչեց.

– Արամ, Արամ, մեզ բաժանում են միմյանցից, և դու դեռ ոչինչ չգիտես … – և խեղճ աղջիկը էլ չկարողացավ շարունակել խոսքը, նա բարձրաձայն հեկեկաց և ընկավ իմ պարանոցով:

– Մարգարիտա, իմ անգին Մարգարիտա, մի՞ լար, մեզ ո՞չ ոք չի կարող բաժանել, մեզ երկուսիս միասին գուցե կարողանան անշնչացնել, բայց բաժանել միմյանցից երբե՛ք… – մխիթարում էի ես նրան:

– Օ՛, դու դեռ ոչինչ չգիտես, շարունակեց նա, իմ հայրը արդեն յուր վճիռը տվել է. նա պատրաստվում է վերադարձնել քեզ իմ հարսնախոսության մատանին… ես չեմ կարող ապրել, ես կմեռնե՛մ…

Կլեմեսի պատմածները ճշմարտանում էին, բայց պետք էր գործին ավելի մոտ ծանոթանալ: Թեպետ իմ սրտի մեջ արդեն արյուն էր կաթում, բայց ես աշխատեցի հանգստացնել Մարգարիտային և խնդրեցի նրան պատմել ինձ ամենը ինչ որ գիտեր:

 

– Դու անշուշտ հիշում ես, – սկսավ խոսել նա, – որ ես մի երկու օր առաջ ասացի քեզ‘ թե պատեր-Սիմոնը արդեն հաշտվել է իմ հոր հետ և մի շաբաթ է, ինչ նա հաճախում է մեր տուն և առանձին տեսակցություններ է ունենում հորս հետ: Ես այս հայտնեցի՝ քեզ ուրախացնելու համար, որովհետև կարծում էի, թե այդ հաշտությամբ արդեն վերանում էր մեր ապագա միության կասկածելի արգելառիթը: Բայց, ավա՛ղ, ես չարաչար սխալվել էի: Այդ հաշտությունը կայացել էր միայն ի կորուստ մեր երջանկության: Պատեր-Սիմոնի հորս հետ ունեցած առանձին տեսակցությունները ոչ թե նախկին բարեկամությունը վերականգնելու, այլ հորս հոգին և միտքը մոլորեցնելու համար են եղել: Ամբողջ այդ շաբաթվա մեջ այդ եզվիտ պատերը հորս քարոզում է եղել, եթե նա մոլորվել է, թե նա մեծ հանցանք է գործել, թե նա աստուծո ահեղ բարկությունն շարժել է յուր վերա, որ ուղղափառ հավատին պատկանող աղջիկը հերետիկոս աղանդավորին է տվել: Այսօր իմ հայրը կատարելապես փոխվել է, նա էլ չի մտածում յուր պատվո խոստման վերա, դժոխքի ճիվաղները նրան սարսափեցնում են…

– Եթե դու առաջուց իսկ աշխատեիր պատերի դիտավորությունը հասկանալ, մենք ժամանակին և կոչնչացնեինք նրա մեքենայությունները, – նկատեցի ես:

– Իզուր դու ինձ անհոգության մեջ ես մեղադրում–պատասխանեց նա, – այդ կասկածը վաղուց ծնվել էր իմ մեջ, բայց մինչև երեկվա օրը հորս վարմունքի մեջ ես ոչինչ փոփոխություն չկարողացա նշմարել: Երևի պատերը ինքն էր այդպես կարգադրել, որպեսզի դեռ հորս համոզմունքներին չտիրած, չհայտնվեր յուր չար դիտավորությունը:

Երեկ երեկոյան մորս հետ միասին նստած էի յուր սենյակում, պատերը դարձյալ հորս մոտ էր, բավական ժամանակ էր անցել, ինչ նրանք միասին էին: Երբ նա դուրս գնաց, հայրս մտավ մեզ մոտ: Ես նկատեցի, որ նա պատրաստվում է մի ինչ-որ նորություն հայտնել մեզ, բայց չէր վստահանում. այդ բանը ինձ անհանգստացրեց: Մի քանի անգամ սենյակի մեջ անցուդարձ անելուց հետ վերջապես նա գուժեց. «Մարգարիտա, դու պետք է թողնես Բյուրատյանին, մենք մեր ընտրության մեջ չարաչար սխալվել ենք… »:

Ես էլ ավելի չկարողացա լսել նրան. ամբողջ տունը գլխիս վերա պտտվեցավ և մի վայրկյան կարծեցի թե տան ձեղունը պիտի փլչի ինձ վերա. մի ակնթարթում պատերի մեքենայությանց բոլոր շինվածքը իմ աչքի առաջ կանգնած էր.

«Այդ սարսափելի է, չկրկնես այդ խոսքը…» բացականչեցի ես և խելագարի նման դուրս ընկա դահլիճը, հետո ես մտա իմ ննջարանը և սկսա դառնապես լաց լինել: Ես չլսեցի, թե մայրս ինչ պատասխան տվավ հորս, բայց մի փոքր ժամանակից հետո նա սրդողած եկավ ինձ մոտ և երկար աշխատում էր ինձ մխիթարել. նա սպառնում էր, որ պատերին կարտաքսե մեր տնից և խոստանում էր, որ նշանակված օրը կատարել կտա մեր պսակը: Բայց իմ հոր անակնկալ հայտնությունը ինձ սարսափեցրել էր. մորս խոստումներն անգամ չկարողացան ամոքել ինձ. ես մի րոպե քնել չկարողացա և ամբողջ գիշեր լաց էի լինում… և եթե գիտենայիր թե ի՛նչ հուսահատություն էր տիրում ինձ վերա, եթե գիտենայիր թե ի՛նչ սոսկալի վճիռ էի ուզում կայացնել…:

Ես իսկույն հասկացա թե ի՛նչ վճռի մասին էր խոսում խեղճ աղջիկը:

– Մարգարիտա՛, Մարգարիտա՛, ուրեմն դու կարո՞ղ ես վճիռներ էլ կայացնել, – տխրությամբ նկատեցի ես, – ուրեմն դու չե՞ս հավատում, որ մի ուրիշ սիրտ էլ կա աշխարհում, որ քո սրտի հետ հավասար պիտի բաբախե և նրա հետ միասին անշնչանա…

– Ներիր ինձ, Արամ, – պատասխանեց Մարգարիտան, – կյանքի մեջ շատ անգամ այնպիսի րոպեներ են պատահում, երբ մարդու աչքում կյանքը կորցնում է յուր արժեքը: Ես ինքս միշտ դատապարտել եմ հուսահատ վճիռները, բայց իզո՛ւր. երբ գալիս է հուսահատությունը‘ ամենազորեղ սիրտն էլ ընկճվում է նրա առաջ… Գիտենալ, թե կարող են ինձ բաժանել քեզանից և այնուհետև ցանկանալ ապրել.. ո-հ, ո՞չ, ես չեմ կամենում քիչ-քիչ մեռնել, ես թույլ եմ և ամենից առաջ ես կին եմ…

Այս խոսքերից հետ նա կրկին հեկեկաց և ընկավ իմ պարանոցով: Իմ սիրտը մորմոքում էր. ես էլ կամենում էի լաց լինել նրա հետ, բայց իմ պաշտոնը ծանր էր, ես պետք է սիրտս սեղմեի և մխիթարեի նրան:

– Մարգարիտա, ուրեմն դու հավատում ես որ օտարի ձեռքերը կարող են շոշափել այն սրբարանը, ուր մեր սրտերը միացած են. դու հավատո՞ւմ ես, որ օտարները կարող են բռնանալ մեր սիրո վերա…

– Ես այժմ ամեն բանի հավատում եմ, – պատասխանեց նա դառնությամբ, – երբ հարազատ հայրն է առաջնորդում օտարին, իհարկե, մենք կհաղթվինք: Դու դեռ բոլորը չգիտես: Հիշո՞ւմ ես արդյոք, որ դեռ մեր նշանադրության երեկոյին իմ հոր և պատեր-Սիմոնի մեջ տեղի ունեցած կռիվը լսելով մի քանի վայրկյան սաստիկ տխրեցի, այդ նրա համար էր, որ ես ճանաչում էի իմ հոր թույլ բնավորությունը և գիտեի, թե նա յուր գրգռված ժամանակ գործած այդ հերոսական հանցանքը ինչ փոքրոգությամբ պիտի քավեր ապագայում: Եվ որքան էլ որ ես աշխատեցի հեռացնել ինձանից տխուր մտածմունքները, այսուամենայնիվ իմ կասկածները մարմին առան: Բավական չէր, որ պատեր-Սիմոնի մի շաբաթվա քարոզությունները արդեն հորս կերպարանափոխել էին, այսօր, ինչպես գիտես, մի ույժի վերա երկու ուրիշ հսկաներ էլ ավելացան. Սարատովի գերապայծառը առանց մի վայրկյան կորցնելու օգնություն է հասցրել յուր անօգնական պատերին:

Այսօր երբ Մարին հայտնեց ինձ երկու նորեկների գալուստը և յուր քեզ հետ տեսնվիլը, ես շտապեցի տեղեկանալ, թե ի՞նչ նոր դարան է լարվում մեզ համար: Ես չկարողացա իմանալ, թե ո՞վ էր պատեր-Սիմոնի երկրորդ ընկերը, բայց դռան ետևից ես զարհուրելի վճիռ լսեցի, խոսողը իմ հայրս էր. կարող ես երևակայել, թե ինչ եղա ես, երբ առաջին անգամ ականջիս զարկան նրա հետևյալ խոսքերը.

– Ես արդեն հայտնել եմ պատվելիին, որ ես հնազանդվում եմ գերապայծառի հրամանին և մերժում եմ հերետիկոսին իմ դստեր ձեռքը, երեկ երեկոյան ես հայտնեցի իմ վճիռը Մարգարիտայիս, որքան էլ նա կամ յուր մայրը գոհ չեղան այս հայտնությամբ, այսուամենայնիվ իմ վճիռը անդառնալի է. և ես այսօր իսկ մտադիր եմ վերադարձնել այն երիտասարդին յուր հարսնախոսության մատանին»:

Ես ավելի նրանց լսել չկարողացա, ոտքերս թուլացան և ես մի կերպ քարշ գալով դուրս ընկա պատշգամը, հետո Մարին օգնեց ինձ մորիցս ծածուկ կառք նստելու և ինձ այստեղ ձգելու…

Այս խոսքերից ետ Մարգարիտան մի վայրկյան նայեց ուղղակի իմ աչքերին և բացականչեց,

– Աստվա՛ծ իմ, քեզ վերա ոչինչ ազդեցություն չէ անում իմ բերած գույժը, ես խելագարվո՛ ւմ եմ…

– Մի՞ անհանգստանար, Մարգարիտա՞, – պատասխանեցի ես սեղմելով նրան իմ կրծքին, – մարդու դեմքը միշտ սրտի թարգմանը չէ, և դու գուցե սարսափես, եթե բանամ քեզ այդ սիրտը, բայց ճշմարիտ է, որ քո բերած գույժը ինձ վերա քո սպասած ազդեցությունը չարավ, այդ նրա համար է, որ ես նրան առաջին անգամ չեմ լսում…

– Ի՞նչ, մի՞թե դու այդ գիտեիր արդեն, – ընդհատեց ինձ Մարգարիտան:

– Այո, ես դեռ մի փոքր ավելին գիտեմ, – պատասխանեցի ես և պատմեցի նրան Կլեմես սարկավագի ինձ խոսածները:

Երբ խոսքս վերջացրի, մտավ մեզ մոտ քույրս: Նա յուր դրացուհվո մոտից էր գալիս և դեռ ոչինչ չգիտեր: Մեր վրդովված դեմքերը նրան գրեթե սարսափեցրին: Անհանգստությամբ հարցրեց նա մեր տխրության պատճառը, մենք պատմեցինք նրան բոլորը: Խեղճ քույրս սրտնեղությունից չկարողացավ մի բառ անգամ արտասանել և սկսավ լաց լինել, Մարգարիտան արդեն մի առիթ էր որոնում, նա էլ քրոջս ընկերացավ: Բանից երևում էր, որ նրանք ինձանից ավելի լավ էին հասկանում մեր թշվառության ծանրությունը, ըստ որում ավելի լավ էին ճանաչում իմ աներոջ բնավորությունը և կաթոլիկ կղերի զորությունը: Երկար թախանձելուց հետ հազիվ կարողացա հանդարտեցնել նրանց: Հետո քրոջս խնդրեցի, որ Մարգարիտային ընկերակցե մինչև իրենց տունը, իսկ ես պատրաստվեցա այցելել պատեր-Սիմոնին և նրա երկու նոր ընկերներին:

Ես կամենում էի հենց միևնույն օրվա մեջ որոշել իմ բախտը, կամ հաղթել և տիրել իմ սեփականությանը և կամ ընկնել առանց երկար տանջվելու: Մարգարիտան համաձայն էր ինձ հետ: