Za darmo

Պատմվածքներ

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Դ

– Դեդի ջան, ո՞վ էր ա՞յն սիրուն աղջիկը, որ այնպես լավ պարում ու դահիրա էր խփում, – հարցրավ Սերգոն մորը, տուն մտնելով:

– Ի՞նչ աղջիկ, ո՞րտեղ:

– Վա, չտեսա՞ր, Խոջիվանքում…

– Որդի, ինչե՞ր ես հարցնում, հնա՞րքով ես ընկել, ի՞նչ է, ե՞րբ եմ Խոջիվանքում եղել:

Սերգոն նոր մտաբերեց, որ, իրավ, յուր դեդին այսօր այնտեղ չէր:

– Ա՛խ, գլուխս բոլորովին կորցրել եմ, – ինքն իրենից տրտնջաց նա և ապա դառնալով մորը, շարունակեց, – դեդի, այսօր Խոջիվանքում մի աղջիկ տեսա, մի աղջիկ, որ ասես թե աստղերիցն էր ներքև իջել. տե՞ր աստված, այնպես էլ բան կլինե՞ր, օ՛ , հո՛ , հո՛, մի սիրուն էր, մի դահիրա էր խփում, մի հարմոն էր ածում, մի պարում էր, որ ինձ իստակ գժվեցրեց էլի… ախ, դեդի, բաս դու նրան չե՞ս ճանաչում:

– Որդի, որ չեմ տեսել ի՞նչպես կարող եմ ճանաչել:

– Ա՛խ, էլի ասում է չեմ տեսել. բաս մեր Հավլաբարումը չես իմանում, թե ով է ամենից սիրունը, նա կլինի էլի:

– Վա, սիրուն աղջկերք շատ, ես ինչպես իմանամ, թե որն է քո ասածը:

– Հա՞, մոռացել էի. անունն էլ Մաշո է:

– Որդի, Մաշո անունով մեր Հավլաբարում քի՞չ աղջկերք կան. ա՞յ, ղազազ Արութինի աղջկա անունն էլ Մաշո է. հալլաբ Սաքոյի աղջկա անունն էլ Մաշո է, մեր Փեփելի քրոջ աղջկա անունն էլ Մաշո է… Հա՞, քիչ էր մնացել, որ մոռանայի – զառափ Կակուլու քրոջ անունն էլ Մաշո է, էլ ո՞ ր մեկն ասեմ…

Հենց այս վերջի խոսքերի վերա էր Սաբեթը, երբ խարազ Օհանի տղան ներս մտավ:

– Օ՛, այս ի՛նչ լավ եղավ, որ դու եկար, Սանդրո ջան, – ուրախությամբ բացականչեց Սերգոն, – ախր դու այսօր մի ժամանակ աչքովս ընկար Խոջիվանքում, դո՞ւն էլ այնտեղ էիր, այնպե՞ս չէ՛:

– Բա՞ս, ես էլ այնտեղ էի, մատաղ էլ ունեինք: Ի՞նչ է, դո՞ւն էլ կայիր:

– Հապա՞:

– Ի՞նչ է ասում, տո հեր օրհնած, մի կմոտենայիր է՛, ո՞նց պատահեց, որ ես քեզ չտեսի:

– Լավ, Սանդրո ջան, այդ թողի՞ր, առաջ մի ինձ ասա՞՛, թե ո՞վ էր այն լավ դահիրա խփող ու պարող սիրուն աղջիկը:

– Ո՞րը, Մաշո՞ն:

– Հա՛, հա՛, Մաշոն, ես նրա հոգուն մեռնեմ. յարաբ նա ի՞նչ աղջիկ էր:

– Տո, քո թշնամու քույրն է, չե՞ս ճանաչում:

– Ի՞նչպես թե իմ թշնամու. Դարչոյի՞…

– Բա՞ս:

– Թե ախպեր ես, սիրտս մի՛ տրաքացնիլ, ղո՞րթ նրա քույրն է:

– Վա, քո արևը, նա է, սո՞ւտ եմ ասում: Ամա, հախ աստծու, ոսկի աղջիկ է, ոսկի:

Այս հայտնությունը կարծես թե Սերգոյի գլխին կայծակ իջեցրավ, նա շփոթվեցավ և ընկավ մտատանջության մեջ:

– Ա՞յ, դեդի, եթե Սերգոն այսպես թշնամություններ չաներ Դարչոյի հետ, Մաշոն նրա համար կուզեինք, – դարձավ Սանդրոն Սաբեթին, – նա մի անգին աղջիկ է, ու լավ էլ իրար սազ կգային:

– Ի՞նչ անեմ, որդի, Սերգոն իրեն էլ խայտառակեց, ինձ էլ, բաս ես չէի՞ ուզիլ, – տխրությամբ հարեց Սաբեթը:

Բայց Սերգոն այդ ժամանակ խորասուզվել էր մտածմունքների անհատակ ծովի տակ:

– Հա՞, ի՞նչ պատահեց քեզ. բաներդ մոշլա էլա՞ն, – կատակով ընդհատեց նրան Սանդրոն:

– Վա՞յ իմ մեղքը. ես իմ ձեռքով իմ տունը քանդել եմ, էլ ի՞նչ հույս կարող եմ ունենալ… – ինքն իրեն խոսում էր Սերգոն և գլուխը շարժում:

– Ի՞նչ պատահեց քեզ, ո՞րդի. ինչի՞ վերա ես ինքդ քեզ հետ խոսում, – հարցրավ Սաբեթը անհանգստությամբ: Սերգոն ոչինչ չպատասխանեց և շարունակում էր ինքն իրեն մռթմռթալ: Բայց մի քանի վայրկյանից հետո հանկարծ տեղիցը թռավ և բացականչեց.

– Դե՞դի, ես գնում եմ Դարչոյենց տուն…

– Ինչո՞ւ է համար, որդի, ի՞նչ պատահեց:

– Ոչինչ. գնում եմ, որ չոքեմ Դարչոյի առաջ, նրա ոտքերը համբուրեմ, մեղա գամ իմ գործած անիրավությունների համար և հաշտվիմ նրա հետ…

– Բայց այսպես անժամանա՞կ…

– Վնաս չունի, եթե նրանք ինձ դուրս կանեն, էլի ետ կգամ, – ասաց նա և շտապով գդակը վերցնելով դուրս գնաց:

Սանդրոն ու Սաբեթը մնացին շվարած:

Ե

Դարչոն յուր մոր և քրոջ հետ նստած դեռ թեյ էր խմում, երբ հանկարծ Սերգոն ներս մտավ: Սարսափը տիրեց ամբողջ ընտանիքին. Դարչոն ու Մաշոն անգիտակցաբար տեղերներից վեր թռան և պաշտպանողական դիրք բռնեցին. Քեթևանը մինչև անգամ մի թեթև ճիչ արձակեց: Բայց Սերգոն թույլ չտվավ, որ նրանց երկյուղը շարունակվի, նա մի քանի քայլ առաջանալով հանկարծ չոքեց Դարչոյի առաջ և անկեղծ սրտից բխած աղաչավոր ձայնով ասաց. «Դա՛րչո, քո հոգուն մեռնեմ. եկա որ մեղա գամ քեզ մոտ, և իմ գործած անիրավությունների համար թողություն խնդրեմ քեզանից: Ես մեղավոր եմ քո առաջ, ես այդ խոստովանում եմ. բայց դու ազնիվ տղա ես. ինձ պետք է ներես և պետք է հաշտվես ինձ հետ, թե կուզես ոտքդ էլ կհամբուրեմ…»: Այս ասելով նա մինչև անգամ խոնարհեց, որ Դարչոյի ոտքը համբուրե: Դարչոն զարմացած ետ քաշվեց, նա այդ բոլորից ոչինչ չէր հասկանում, նա չէր հավատում յուր աչքերին:

– Դարչո ջան, զարմանում ես հա՞, – կրկին խոսաց Սերգոն, – իրավունք ունիս, ե՛ղբայր, իրավունք ունիս ինձ չհավատալու: Աստծուց թաքուն չէ, քեզանից ի՞նչ թաքցնեմ, ես քեզ հետ մինչև այժմ արյան թշնամի էի, և կամենում էի քեզ ոչնչացնել. այս դու ինքդ էլ գիտես. բայց այսօր մի բան պատահեց, որ ինձ սաստիկ զղջալ տվավ իմ բոլոր արածների վերա. ես այժմ ինձ դատապարտում եմ ինչպես մի ավազակի, մի մարդասպանի, ես ինձ չեմ ներում, բայց աղաչում եմ քեզ, դու ների՛ր և հաշտվիր ինձ հետ…

Դարչոն մոտեցավ յուր նախկին ընկերոջը և նրա ձեռքից բռնելով.

– Վեր կա՛ց, Սերգո, մենք կանգնած է՛լ միմյանց կարող ենք լսել, – ասաց նա և երբ վերջինս ոտքի ելավ, շարունակեց. – ճշմարիտն ասա, Սերգո, սրտով կամենում ես հաշտվե՞լ ինձ հետ, թե՞ էլի մի չարություն ունիս մտքումդ:

– Դարչո ջան, ես ոչնչով չեմ երդվում, բայց հավատացիր, որ անկեղծ սրտով կամենում եմ հաշտվել քեզ հետ. իմ խիղճը տանջում է ինձ, ես կամենում եմ ազատվել այդ տանջանքից…

– Լավ, ես հավատում եմ և հաշտվում եմ քեզ հետ. ես քեզ ներում եմ, ես մոռանում եմ քո գործածները դու ոչինչ թշնամություն չես արել ինձ… – Այս ասելով նա ձեռը մեկնեց Սերգոյին և երկուսը միասին իրար գրկելով համբուրվեցան, երկուսի աչքերն էլ ուրախությունից լցվեցան արտասուքով:

Քեթևանը նույնպես մոտեցավ նրանց, ուրախությամբ գրկեց երկուսին էլ, ճակատները համբուրեց, և ապա դառնալով Սերգոյին ասաց.

– Սերգո ջան, էլի մի բան ինձ համար մութ է: Մինչև այսօր ինչ միջոցներ որ գործ դրինք, մենք քո սիրտը շահել չկարողացանք: Մի ինձ ասա տեսնեմ, թե այժմ ի՞նչ պատահեց քեզ, որ հանկարծ այդպես փոխվեցար:

Սերգոն սկսավ մանրամասնաբար պատմել նրանց այն ամենը, ինչ որ այն օրը ինքը տեսել և զգացել էր: Նա պատմեց ամեն ինչ անկեղծությամբ և առանց քաշվելու, նա հայտնեց և այն, թե քանի՛ քանի՛ անգամ ինքն իրեն անիծել էր, որ Մաշոյի նման աղջկա եղբոր հետ նա այն աստիճան տմարդությամբ էր վարվել, ուստի և մինչև այն րոպեն յուր խիղճը անգթաբար տանջում է իրեն:

Այստեղ մայր և որդի հասկացան, որ երբեմն իրենց փափագած այդ թանկագին հաշտությունը շնորհել են նրանց միմիայն Մաշոյի գեղեցկությունը և շնորհքը…

Մի ստահակ սիրտ, որ երբեմն չէր ընկճվում ո՛չ մայրական արտասուքների, ո՛չ արդարադատության, ո՛չ քահանայի և ոչ անձնվեր մտերմության առաջ, այսօր նա ծունր է դնում գեղեցկության ոտքերի մոտ…

Եվ մի՞թե բնությունը անարդարությամբ է վարվում այստեղ. բնավ: Եթե գեղեցկության համար սահման որոշենք միմիայն մարդկային դեմքը, մենք նրանից խլած կլինենք յուր մեծ զորությունը, բայց եթե գեղեցկությունը արտափայլում է և՞ սրտի, և՛ հոգվո, և՛ մտաց, և՛ բարուց, մեջ, այն ժամանակ նա հայտնվում է իբրև մի ամենակարող ուժ, որի առաջ, առանց բացառության, պիտի խոնարհեն բոլոր ապստամբ, բայց զգայուն ոգիները…

Սերգոն յուր պատմությունը վերջացնելուց ետ ամենայն պարզությամբ հայտնեց և յուր միտքը, որ նա կամենում էր Մաշոյի հետ ամուսնանալ:

Այս առաջարկությունը մի փոքր շվարացրեց թե՛ Քեթեվանին և թե՛ Դարչոյին: Եվ իրավ, ի՞նչպես կարող էին նրանք մի այդպիսի շուտափույթ վճիռ կայացնել իրենց աղջկա ապագայի մասին: Բայց ամեն դժվարություն լուծեց ինքը` գեղեցիկ Մաշոն: Երբ Քեթևանն ու Դարչոն Սերգոյի առաջարկության պատասխանեցին թե՝ «այդ բանը պետք է դեռ Մաշոյից հարցնենք և առաջուց նրա հաճությունը առնենք», Մաշոն, որ մինչև այն ծածկված էր ինքնաեռի ետքում, առաջ անցավ և լուրջ ու վճռական ձայնով ասաց. «Ես համաձայն եմ»:

– Եթե այդպես է, աստված շնորհավոր անի, – ասաց Քեթևանը, – ես չեմ ընդդիմանում:

– Աստված շնորհավոր անի, – կրկնեց Դարչոն և սեղմեց Սերգոյի ձեռքը: Մի քառորդ ժամից ետ Դարչոյի և Սերգոյի հին ու նոր համփսոնները և ազգականները հավաքվեցան այդտեղ: Սազանդարները կարծես գետնի տակից բուսան: Եկավ այդտեղ և տեր-Մինասը, որ երիտասարդ զույգերի նշանը օրհնեց և այնուհետև քեֆը սկսավ: Բայց ի՛նչ քեֆ: Մի կողմից երկարամյա խռովության վերանալը և երկու բարեկամների հաշտությունը, և մյուս կողմից գեղեցիկ զույգերի նշանադրությունը: Կարող եք այժմ երևակայել, թե ինչ տեսակ քեֆ պետք է լիներ մեր թիֆլիսցի քաջերի հնարածը:

Շշեր էին, որ հաջորդում էին միմյանց և կենացներ, որոնք դատարկվում էին մեկը մյուսի ետևից: Երգերին ու պարերին խո չափ ու սահման չկար: Հավլաբարի ա՞յն թաղը, ուր Դարչոյենց տունն էր, ամբողջ գիշեր թնդում էր ուրախության ձայներից: Շատ ընտանիքներ էլ, որոնք թեպետ այդ քեֆին մասնակից չէին, այնուամենայնիվ ստիպվեցան մասնակցողների հետ հազիվ առավոտը քնել, որովհետև սրանց աղաղակները կատարելապես խանգարում էին նրանց: Առավոտյան դեմ ամեն բան հանդարտ էր:

Այսօր ճաշից հետո ես պատահեցի տեր-Մինասին, որ պատմեց, թե մեզ հայտնի զույգի պսակը այս երեկո պիտի կատարե: Ես շատ ուրախացա: Եվ թեպետ չեմ ճանաչում ոչ իմ հերոսին և ոչ հերոսուհուն, այսուամենայնիվ ես անկեղծ և ուրախ սրտով շնորհավորում եմ նրանց միությունը և երկար ու երջանիկ օրեր եմ մաղթում նրանց համար:

ԱՆՊԱՏՃԱՌ ԻՇԽԱՆՈՒՀԻ

Ա

Օրիորդ Աննա Լազարյան. – Հարուստ ծնողաց տեր, մեծ օժիտով, տասնևութ տարեկան, ուսումնավարտ, հասակը գեղեցիկ, դեմքը գրավիչ, աչքերը կրակոտ, պչրող, նորասեր և երբեմն փիլիսոփա:

Օրիորդ Վարդուհի Սամվելյան. – Աննայի մի հեռավոր ազգականը, բայց մոտիկ բարեկամուհին, նրան հասակակից, որբ հոր կողմից, միջակ կարողության տեր նրբակազմ, գեղադեմ, խելոք հայացքով, հրապուրիչ ձայնով, համեստ և ավելի քան բարեսիրտ:

Տիրան Մարության. – Նորեկ Պետերբուրգից, կանդիդատ լեզվագիտության, երկու հազարանոց պաշտոնում, վայելչակազմ, գեղեցկադեմ, ճարտարախոս և այս բոլորից հետո՝ հայագետ:

– Ի՞նչ ես կարծում, Վարդո, չէ՞ որ մեր դրությունը ծիծաղելի է, և պետք է մի օր բարեփոխել նրան, – հարուստ բազկաթոռի վերա ընկած խոսում էր օրիորդ Լազարյանը յուր ընկերուհու հետ, որը հենց նոր էր այցելել նրան:

– Ինչո՞ւ համար է ծիծաղելի, ես այդ չգիտեմ, – հարցրեց Վարդուհին հետաքրքրությամբ:

– Մի՞թե ես այդ պետք է դեռ բացատրեմ քեզ: Ծիծաղելի է ասում եմ, և դու համոզվիր, որ այդպես է: Ինչ արարածներ ենք նույնիսկ մենք, արիստոկրատ ընտանիքի աղջիկներս: Ամեն օր անհոգությամբ ուտում ենք, խմում ենք, կամ զուգվում, փողոցներն ենք չափում: Ով է մեզանից մտածում, թե ո՞րտեղ է տանում մեզ այս ճանապարհը և կամ ո՞ւր պիտի հանգի նա:

 

– Ես էլի քեզ չեմ հասկանում, Անիչկա, – ընդհատեց նրան Վարդուհին, – խոսի՛ր ավելի պարզ:

– Ավելի պա՛րզ, շատ լավ: Դու հո գիտե՞ս, Վարդո, որ մեր ապագա բախտավորությունն ամուսնության մեջ է, այդպես չէ՞:

– Իհարկե:

– Շատ լավ. այժմ ասա, հոգիս, ո՞րքան ենք մենք մտածում մեր այդ ապագա բախտավորության համար: Ո՞վ է մեզանից հոգում, թե ի՞նչ ամուսին պետք է ընտրե յուր համար, կամ ո՞վ է հետամուտ լինում յուր սրտի ցանկացածը գտնելու: Ամեն հոգս ու դարդ մենք թողել ենք մեր ծնողների վերա, և մեր մահու ու կյանքի խնդրի լուծումը միայն նրանցից ենք սպասում: Այժմ ասա՛, իրավունք ունի՞նք միթե գանգատվել ապագայում, թե նրանց ընտրությունը մի որևէ դժբախտություն բերե մեր գլխին:

– Ուրեմն, ի՞նչպես պետք է վարվել այդ դեպքում:

– Շատ հասկանալի եղանակով: Երիտասարդներն ուղղակի իրենք են ընտրում իրենց հարսնացուներին և ծնողները խոնարհվում են նրանց ընտրության առաջ, միևնույնն էլ պետք է անենք մենք աղջիկներս և սովորեցնենք մեր ծնողներին մեր ընտրությունը հարգելու, որովհետև ամուսնությունից առաջացած չարն ու բարին միայն մեր բաժինն է լինում:

– Եվ դու կարծում ես թե մեր սահմանափակ և անփորձ կյանքում մենք էլ նույնքան ճանաչողականություն կունենանք, որքան երիտասարդները:

– Իհարկե, եթե մեր ամուսնության գործն ուղղակի մեր հոգածության առարկան կդառնա, մենք էլ նրանց պես ճանաչելու մեջ կվարժվենք:

– Քո հայտնած մտքերդ, Անիչկա, նոր վարդապետություններ են, հապա քաջ եղի՛ր, առաջին օրինակը, եթե կարող ես, ինքդ մեզ տուր, և այնուհետև մենք կհետևենք քեզ, – ասաց Վարդուհին և անհոգությամբ ծիծաղեց:

– Իզուր ես ծիծաղում, սիրելիս, այս հարցի մասին ես շատ լրջությամբ եմ խոսում, – նկատեց օրիորդ Աննան, – իմ հայտնած մտքերը վաղուց է, որ զբաղեցնում են ինձ, և առանց քո ասելուն էլ ես հաստատապես վճռել եմ իմ մեջ այսպիսի մի օրինակ տալ ձեզ:

– Եվ դու այդքան հաստատակամություն կունենա՞ս:

– Դու այդ կտեսնես…

Դեռ երկու օրիորդները իրենց խոսակցությունը չէին վերջացրել, երբ տան ծառան ներս մտավ և հայտնեց յուր տիրուհուն մի անծանոթ պարոնի գալուստը:

– Հրավիրեցեք, – հրամայեց օրիորդը և ուղղվեցավ յուր բազկաթոռի մեջ:

Երկու րոպեից ետ ներս մտավ Տիրան Մարությանը և մայրաքաղաքում ընդունված քաղաքավար ձևերով ծանոթացավ տիրուհի օրիորդի և նրա ընկերուհու հետ:

– Գուցե դուք ինձ չէիք սպասում, օրիորդ, – սկսավ խոսել պարոն Մարությանը, – բայց ես ա՛յնքան սիրեցի ձեր ծնողաց առաջարկությունը, որ մի ժամ առաջ ձեր տան հետ ծանոթանալս ինձ համար մեծ բախտ եմ համարում:

– Ընդհակառակը, իմ հորեղբայրն այնքան գովությամբ էր խոսում ձեր հայագիտության մասին, որ ես մի օր առաջ էի ցանկանում ձեզ աշակերտել: Շատ ուրախ եմ, որ բարեհաճել եք այդպես շուտ մեզ այցելելու:

Այցելող երիտասարդը հայերենի ուսուցիչ էր հրավիրված օրիորդ Աննայի համար: Այո՛, բանն, իհարկե, շատ օտարոտի չպետք է երևա ձեզ, որովհետև այդ ժամանակները հայոց թատրոնի շնորհիվ հայերեն սովորելը haute nouveaute՛ էր համարվում մեր արիստոկրատ ընտանիքների մեջ: Հայ աղջիկները բարեհաճում էին հայերեն սովորել..

– Տասը տարի առաջ, երբ ես իմ հայրենիքից եկա այստեղ, – շարունակեց պարոն Մարությանը, – Թիֆլիսը շատ վատ ազդեցություն արավ ինձ վերա: Ուր որ գնում, ուր որ հանդիպում էի, ամեն տեղ հայերը օտար լեզվով էին խոսում. մի-մի հայերեն խոսք միայն կինտոներից կամ բախալներից էի լսում, բարձր ընտանիքների մեջ հո հայերեն լեզուն չինականի նման անծանոթ էր: Իմ հայրենի քաղաքում այդպիսի բան ես տեսած չէի. այնտեղ անկարելի էր գտնել մի հայ անձն, որ հայերեն խոսել չգիտենար. եթե մինչև անգամ պատահեր, որ հարուստ ընտանիքներից մինում հայ կինը կամ աղջիկն օտար լեզվով խոսելու փորձ աներ, իսկույն յուր շրջապատողների ծաղրածության առարկա կդառնար: Ես, որ այստեղ եկած ժամանակ դեռ տասնևութ տարեկան էի, իմ հասակակից ընկերների հետ միասին հայերեն լեզուն և նրա գրականությունն արդեն մեր քաղաքում ուսած ավարտած էի: Պարզ է ուրեմն, որ այդ ժամանակվա Թիֆլիսը իմ աչքում շատ հրեշավոր կերևար: Բայց տասը տարուց ետ կրկին այստեղ վերադառնալով, ես մեծ փոփոխություն եմ նկատում: Այժմ գրեթե ամեն շրջաններումն էլ հայերեն խոսում ու կարդում են: Պակասը մեր արիստոկրատ ընտանիքներն էին, և ահա՛ դեռ իմ գալստյան հինգերորդ օրը ես դրանցից մեկի հրավերն եմ ստանում, իրենց ազնվաշուք օրիորդին դասախոսելու: Այս բոլորը, իհարկե, մխիթարական երևույթներ են: Եվ ահա, այս էր պատճառը, օրիորդ, որ ես ասացի ձեզ, թե մի ժամ առաջ ձեզ հետ ծանոթանալս ես ինձ համար մեծ բախտ եմ համարում:

Երիտասարդի վերջին հաճոյախոսությունները բոլորովին գրավեցին օրիորդ Աննային: Նա ոչ միայն մոռացավ ամուսնական խնդրի մասին ունեցած յուր նոր վարդապետությունը, այլ մինչև անգամ պատրաստ էր այդ րոպեին մոռանալ նույնիսկ ամուսնությունը, միայն թե հայերեն լեզուն ուսումնասիրելու համար բավական ժամանակ ունենար:

Մի քանի փոխադարձ հարց ու պատասխաններից հետո, արդեն սկսվում էին դասախոսության վերաբերյալ հարցերը: Օրիորդ Վարդուհին յուր բացակայությունը կարևոր համարելով, ողջունեց յուր խոսակիցներին և հեռացավ: Օրիորդ Աննան կամեցավ ճանապարհ դնել նրան մինչև սանդուղքի դուռը: Երբ նրանք հասան այնտեղ, Վարդուհին կամացուկ շշնջաց ընկերուհու ականջին.

– Եթե դու հաստատապես վճռել ես քո նոր վարդապետությանը աշակերտել, հարմար առիթը պատրաստ է. պարոն Մարությանն ամենալավ ամուսինը կարող է լինել քեզ համար, աչքի առաջ ունեցիր նրան, նրա վերա մինչև անգամ կարելի է սիրահարվել…

– Է՛հ, կատակներդ թո՛ղ, Վա՛րդո, ինձ այժմ դեռ մի բան է զբաղեցնում – սովորել իմ մայրենի լեզուն և սովորել որքան կարելի է լավ, ուրիշ էլ ոչ մի բանի վերա չեմ ուզում մտածել:

– Հավատում եմ. բայց դու իմ քեզ տված խորհուրդը չմոռանաս… – ժպտալով ասաց Վարդուհին և դուրս գնաց:

Շատ անգամ մի դատարկ խոսքը կամ մի անմեղ հայացքը մի ամբողջ ապագայի բախտն է վճռում:

Աննայի վերա յուր ընկերուհու խոսքը յուր չափով ազդեց: Վարժապետի մոտ վերադառնալիս, նա ծանրացրեց յուր քայլերը, ըստ երևույթին Վարդուհու տված խորհուրդը սկսել էր զբաղեցնել նրան, իսկ երբ ընդունարանը մտավ, նա մի ընդհանուր ակնարկ ձգեց վարժապետի վերա և ժպտաց:

Պարոն Մարությանն, իհարկե, այդ չնկատեց և սկսավ զբաղվել յուր դասատվության վերաբերյալ հարցերով:

Բ

Անցավ երկու ամիս: Այդ բոլոր ժամանակ պարոն Մարությանը կանոնավորապես այցելում էր Լազարյանների տունը և դասախոսում էր Աննային: Վերջինս յուր կողմից ոչ մի աշխատանք չէր խնայում յուր վարժապետի ասած դասերը յուրացնելու համար: Թատրոնի մեջ արդեն խոսում էին, որ օրիորդ Լազարյանը Թիֆլիսի բոլոր հայուհիների մեջ ամենալավ հայագետը և հայախոսն է:

– Այդ շատ բնական է, – նկատում էր նախանձոտ աղջիկներից մինը հեգնությամբ, – քանի որ վարժապետը միևնույն ժամանակ և օրիորդի սիրահարն է, ի՞նչպես կարելի է որ ուրիշ կերպ լինի: Մինը եռանդով կդասախոսե, մյուսն էլ եռանդով կսովորե:

– Սխալվում եք. պարոն Մարությանը Անիչկի սիրահարը չէ, այլ Վարդուհի Սամվելյանի, նրա ընկերուհու, – պատասխանում էր Լազարյանների մի բամբասասեր դրացուհին, – ես ամեն օր մեր պատուհանից դիտում եմ: Հենց որ Մարությանը գալիս է Անիչկին դասախոսելու, նրա ետևից մտնում է Վարդուհին իբրև թե յուր. ընկերուհուն այցելելու համար, բայց իսկապես Լազարյանների տունը նրա և Մարությանի ժամադրության տեղն է:

Այս և սրա նման շատ բաներ խոսվում ու լսվում էին բամբասասեր կանանց հասարակության մեջ, բայց թե ո՞րքան ճշմարտություն կար այս բոլորի մեջ, դեռ ոչ ոք հաստատապես չգիտեր:

Մի կյուրակե առավոտ, երբ խայտաճամուկ հասարակությունը խռնված էր քաղաքային այգու ճեմելիքների մեջ, երկու բարեկամուհի օրիորդները՝ Վարդուհին և Աննան հանդիպեցան միմյանց, յուրաքանչյուրը յուր մոր հետ: Վերջիններս ուրախությամբ իրար մոտեցան, ողջունեցին և խիստ բարեկամաբար միմյանց ձեռքն էին սեղմում, երկու օրիորդների մեջ, ընդհակառակը, մի ինչ-որ անսովոր փոփոխություն էր նկատվում: Օրիորդ Լազարյանը շատ սառնությամբ ընդունեց ընկերուհու ողջույնը և բոլոր զբոսանքի ժամանակ լուռ մնաց: Այս հանգամանքը միայն Վարդուհին էր նկատում և խիստ զարմանում: Ինքը՝ օրիորդը, որքան մտածում էր, նրան անհաճո մի բան արած չուներ, կամ որևէ մի վարմունքով վիրավորած չէր: Ինչո՞ւ պետք է յուր ընկերուհին այդքան սառը լիներ դեպի ինքը, այս միտքը նրան անհանգստացնում էր:

Զբոսանքից վերադառնալուց ետ, նույն օրը ևեթ Վարդուհին շտապեց ընկերուհու մոտ նրանից բացատրություն պահանջելու յուր օտարոտի վարմունքի համար, որովհետև նա Աննային շատ էր սիրում և չէր կամենում, որ իրենց բարեկամությունը մի որևէ իրեն անծանոթ գժտությամբ խախտվի:

– Դու քո վարմունքով խոսացնել ես տալիս մարդկանց թե՛ իմ և թե՛ քո վերա, – պատասխանեց Աննան ընկերուհուն: – Մենք բարեկամներ էինք, ճշմարիտ է, նույնիսկ պարոն Մարությանին ճանաչելուց առաջ, և այդ ժամանակները դու ինձ այցելում էիր հազիվ շաբաթը մի անգամ: Իսկ այն օրից սկսած, երբ Մարությանը հաճախում է մեզ մոտ, դու գրեթե՝ շաբաթվա չորս օրը նրա հետ մեր տանն ես լինում: Դրանով դու առիթ ես տալիս, որ ուրիշները բամբասեն մեզ ու հազար ու մի տգեղ պատմություններ հյուսեն մեզ համար…

– Ի՞նչ պատմություններ են հյուսում, օրինակ, – հարցրեց Վարդուհին, – պատմի՛ր ինձ գոնե մեկը:

– Ա՛յ, օրինակ, ասում են, որ դու սիրում ես նրան, որ մեր տունը ձեր սիրակցությունների ժամադրության տեղն է, որ ես ձեր սիրակցական հարաբերությունների միջնորդն եմ և այլն, և այլն: Այս բոլորը թե՞ մեր տան և թե՞ մասնավորապես ինձ համար անպատվաբեր լուրեր են. ես սաստիկ վիրավորված եմ. պետք է անպատճառ վերացնել մեջտեղից այդ խոսք ու զրույցների շարժառիթը:

– Ուրեմն ե՞ս եմ քո կարծիքով այդ բոլորի մեջ հանցավորը, – հարցրեց Վարդուհին:

– Անկասկած:

– Ի՞նչ կկամենայիր, որ ես անեի քեզ գոհացնելու համար:

– Ինձ գոհացնել հարկավոր չէ, պետք է խոսող բերանները լռեցնել:

– Իսկ դրանց լռեցնելո՞ւ համար…

– Պետք է դադարես միառժամանակ մեզ մոտ հաճախելու:

Վարդուհին լռեց և մի քանի րոպե ընկավ մտածության մեջ: Հետո աչքերը բարձրացնելով ուղղեց յուր հայացքը ընկերուհու անհանգիստ դեմքին և հարցրեց,

– Անկեղծ եղի՛ր ինձ հետ: Անիչկա՛, ինչպես անկեղծ էիր մինչև այսօր, խոսողները լռեցնելու համա՞ր ես կամենում, որ ես չհաճախեմ ձեզ մոտ, թե քո սրտի իսկական ցանկությունն է այդ:

– Խոսողները լռեցնելու համար միայն:

– Անկեղծ սրտո՞վ ես խոսում:

– Բոլորովին անկեղծ:

– Շատ լավ, ուրեմն ես դեռ կարող եմ խոստովանել քեզ իմ սրտի գաղտնիքը:

– Գաղտնի՞քը, մի՞թե դու գաղտնիք ունիս և մինչև այժմ ծածկել ես քո ընկերուհուց, – խորամանկությամբ հարցրեց Աննան:

– Այո՛, Անիչկա, հոգյակս, հասարակությունը չի խաբվում, խոսողները չեն ստում, ես սիրում եմ Տիրանին…

Աննայի դեմքը մռայլվեցավ. Վարդուհու խոստովանությունը կայծակի մի հարված էր նրա համար:

– Վերջապես դու այդ խոստովանեցիր, Վարդո՛, բայց ես վաղուց էի գուշակում քո հանցավոր դիտավորությունը, – դառնությամբ նկատեց նա ընկերուհուն, – դու ի չարն ես գործ դրել իմ տան բարեկամությունը և այդ պատիվ չէ բերում, քեզ:

– Ինչո՞վ եմ ես հանցանք գործել կամ դավաճանել ձեր տան բարեկամությունը, – վրդովված հարցրեց Վարդուհին:

– Նրանով, որ դու հափշտակում ես ինձանից իմ սիրած անձը, և այն էլ իմ տան մեջ, գաղտնի, գողունի…

Վարդուհին հասկացավ, որ յուր ընկերուհին յուր հակառակորդն էր, բայց սխալն ուղղելու էլ ճանապարհ չկար:

– Տիրանի մասի՞ն է քո խոսքը, – մեղմությամբ հարցրեց նա:

– Այո՛, նրան ես եմ սիրում և ես պիտի սիրեմ, իսկ դու նրան պիտի մոռանաս:

Վարդուհին ժպտաց յուր ընկերուհու պարզության վերա:

– Նրան մոռանա՞լ, և դու կարծում ես, թե կարելի է այդպես հեշտությամբ սրտի զգացմունքներին հրամայել:

– Կարելի է, թե ոչ, այդ ես չգիտեմ, բայց հաստատ գիտեմ, որ դու պիտի մոռանաս նրան, որովհետև նա իմ ընտրած փեսացուն, իմ ապագա ամուսինն է:

– Քո փեսացո՞ւն, քո ամուսի՞նը և դու կատակ չե՞ս անում:

– Բնավ:

– Իսկ քո ծնողները, իսկ Մարությանը, մի՞թե նրանք արդեն տվին իրենց համաձայնությունը, – անհանգստությամբ հարցրեց Վարդուհին, կարծելով թե սա արդեն վերջացած գործ է:

– Ես նրանց համաձայնության պետք չունիմ, – վճռաբար պատասխանեց Աննան:

Վարդուհին հանգստությամբ շունչ քաշեց և ապա հեգնությամբ նկատեց:

– Այո, ես մոռացել էի. չէ՞ որ դու նոր վարդապետություն էիր քարոզում, երևի իմ խորհուրդը չես մոռացել և առաջին օրինակը, ինչպես խոստացար, քեզանից ես տալիս: Ուրեմն շնորհավորում եմ: – Այս ասելով նա բարձրացավ տեղից և մի նետող հայացք ձգելով յուր պարզամիտ ընկերուհու վերա, ասաց. «Ես կատարում եմ քո ցանկությունը, Անիչկա, և հեռանում եմ քեզանից, բարեմաղթելով քեզ հաստատակամություն քո ընտրության մեջ. իսկ ես կաշխատեմ մոռանալ Մարությանին, քանի որ նա քո ընտրած փեսացուն է: Ինչ վերաբերում է մեր բարեկամությանը, մենք նրան կշարունակենք, երբ դու արդեն ամուսնացած կլինես, իսկ մինչև այն ես չեմ խանգարիլ ձեր տեսակցությունները…»: Այս ասելով նա դուրս գնաց:

Վարդուհու որոշումը մի ներքին ուրախություն պատճառեց Աննային, որովհետև նրանով նա ազատվում էր յուր վտանգավոր հակառակորդից, մանավանդ որ ճանաչում էր Վարդուհու ինքնասիրության չափը և գիտեր, որ նա այլևս հետամուտ չէր լինիլ Մարությանին»:

Թեպետ Աննայի ծնողները մեծ հարստության և հայտնի անվան տեր էին քաղաքում, իսկ ինքը՛ օրիորդը շատ հարուստ օժիտ ուներ և այս բավական էր մի աղջկան՝ մեր ժամանակի ամենալավ փեսաներին յուր ետևից քարշ տալու համար, այսուամենայնիվ օրիորդ Աննան վախենում էր կարողությամբ և անունով իրենից ստոր Վարդուհուց, որովհետև վերջինս գերազանցում էր նրան յուր գեղեցկությամբ: Օրիորդ Լազարյանն այնքան միամիտ չէր, որ չգիտենար, թե դեռ գտնվում են աշխարհում հիմարներ, որոնք գնահատում են գեղեցկությունը և գերադասում են նրան հարստությունից, և որ Մարությանը կարող է այդ հիմարներից մինը լինել: Եվ ահա՛ հենց այս տեսակետից կարևոր էր, որ Մարությանը այլևս չտեսներ Վարդուհուն: Աննայի այդ ցանկությունը կատարված էր: