Za darmo

Պատմվածքներ

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

ՏԽՈՒՐ ՎԵՐՋԱԲԱՆ

Մթին և աստեղազարդ գիշեր էր: Լուսին չկար: Ելենան յուր շղարշի մեջ երեսը փաթաթած շտապ-շտապ դիմում էր յուր փեսացուի տունը: Միայն մի ուրիշ միտք, որի մասին նա առաջ չէր մտածել, նրան տանջելու չափ անհանգստացնում էր: «Գուցե տանը չգտնեմ նրան, ո՞ւր պիտի դիմեմ այն ժամանակ», – ասում էր նա: Բայց որքան մեծ եղավ յուր ուրախությունը, երբ հասնելով Փուլշատյանի առանձնարանը պատող պարսպապատ այգուն, ծառերի միջից նշմարեց, որ տան դեպի այգին նայող բոլոր պատուհանները պայծառ լուսավորված էին: Նա ուրախությամբ սկսեց քաշել այգվո փոքրիկ դռան հնչակը: Իսկույն ծառան հայտնվեցավ և բացավ դուռը:

– Ո՞ւմ եք կամենում, տիկին, – հարցրեց նա Ելենային:

– Սամվելին. տա՞նն է նա:

– Այո՛, տանն է, բայց ձեզ ընդունել չէ կարող:

– Դուք ինձ երևի չեք ճանաչում, – ասաց Ելենան, – բայց հոգ չէ, ես նրան կտեսնեմ: – Այս ասելով նա մտավ պարտեզը և իրեն ծանոթ ծառուղիով դիմեց դեպի տան կողմը:

– Ես ձեզ ճանաչում եմ, տիկին, – նրան հետևելով ասաց ծառան, – բայց նա ձեզ էլ չէ կարող ընդունել, նա հյուր ունի յուր մոտ:

– Հոգ չէ. ես առանձին կտեսնվեմ նրա հետ, – պատասխանեց Ելենան առանց յուր քայլերի արագությունը նվազեցնելու: Մի քանի րոպեից ետ նա իր ապագա փեսացուի ընդունարանումն էր: Բայց որքա՛ն շփոթվեցավ նա, երբ Սամվելին կանչելու համար գնացող ծառան ետ դարձավ և հայտնեց նրան, որ յուր աղան այս երեկո իրեն հետ տեսնվել չէ կարող:

– Ի՞նչպես թե տեսնվել չէ կարող. ո՞վ է այժմ նրա մոտ, – դողացող ձայնով հարցրեց ծառային Ելենան:

– Մի մեծ և պատվավոր տիկին է:

– Մի տիկի՞ն, հոգ չէ. ես կմտնեմ: – Այս ասելով նա արագությամբ վեր կացավ տեղից և առանց ծառայի թախանձանաց ուշադրություն դարձնելու, մտավ շքեղ կերպով լուսավորված դահլիճը, ուր գտնվում էր Սամվելը:

Առաջին անգամ նրա ծնկները դողացին, երբ տեսավ յուր փեսացուին: Նա թևն առած մի բարձրահասակ և գեղեցիկ կին, անցուդարձ էր անում դահլիճի մեջ. տիկնոջ կարմիր թավիշից կարած հարուստ շրջազգեստը, նրա ձեռքերի, կրծքի և ճակատի վերա փայլող շքեզ ադամանդները, նրա մեծավայելուչ հայացքն ու շարժվածքը ցույց էին տալիս, որ նա մի հասարակ կին չէր. թեպետ բարոյական և պատվավոր մի տիկին լինելու էլ ապացույց չուներ վրան: Նա Սամվել Փուլշատյանի նշանավոր և հայտնի սիրուհին էր, մի սիրուհի, որ միևնույն ժամանակ գեղեցիկ երիտասարդի բռնակալուհին էր, որ խոնարհեցնում էր յուր ոտքերի առաջ նրա բոլոր ուժը, հարստությունը և ծնողաց անսասան կամքը… Նա իտալուհի էր:

– Ի՞նչ ունիք այստեղ, ի՞նչ եք կամենում, – շփոթված հարցրեց երիտասարդը, երբ Ելենային տեսավ:

– Ես եկա քո պաշտպանությունը խնդրելու, Սամվել, ես…

– Խնդրում եմ, խնդրում եմ գնացեք. հետո կարող եք ինձ տեսնել, այս տիկնոջ հետ կարևոր գործ ունեմ, դուք ինձ կխանգարեք, – շտապով ընդհատեց նրան երիտասարդը:

– Բայց ես կարոտ եմ քո օգնությանը, ես տանջվում եմ, ի սեր աստծո, մի քանի րոպե լսիր ինձ…

– Ո՞վ է այդ աղջիկը, ի՞նչ է ասում, – բարեհաճեց հետաքրքրվել գեղեցիկ տիկինը:

– Մեր աղքատ հարևանուհիներից մինն է. օգնություն է խնդրում, չգիտեմ ո՞ւմ համար, նա մի փոքր խելագար է, – պատասխանեց նրան երիտասարդը տիկնոջ մայրենի լեզվով և ապա Ելենային դառնալով – «Գնացեք, հեռացեք, – ասաց նա մի փոքր այլայլված, – դուք ինձ ամաչացնում եք այս բարձրաստիճան տիկնոջ մոտ. գնացեք, վաղը կարող եք գալ:

– Գնա՞մ, բայց ո՞ւմ մոտ գնամ, – դողացող ձայնով խոսեց Ելենան, – ինձ ամեն տեղից արտաքսում են, ես ձեզ մոտ եմ եկել. դուք եք իմ միակ հույսը, իմ ապավենը, գթացեք ինձ վերա, աղաչում եմ. գթացեք ինձ վերա, Սամվել, դուք ինձ սիրում եք, դուք այդ ինձ ասել եք:

Երիտասարդը տեսնելով, որ գործը ծանր կերպարանք է առնում, ընդհատեց Ելենային և ծառային կանչելով բարկությամբ հրամայեց.

– Դուրս տար այս աղջկան, ես քեզ կանխավ պատվիրեցի, որ ոչ ոքին չթողնես:

– Ես չէի… ես չթողեցի… – կակազեց ծառան և մոտեցավ Ելենային:

– Հեռու ինձանից, – կանչեց նա դեպի ծառան, – չհանդգնես քայլ անգամ փոխել. – և ապա դառնալով Սամվելին, զայրացած շարունակեց. – պարո՞ ն, դուք է՞լ եք արտաքսում ինձ ձեր տանից. դուք, որ այնքան բարի և ազնիվ էիք երևում իմ աչքում, դո՞ւք, որ նենգությամբ մոտեցաք ինձ, դո՞ւք, որ ինձ սիրել կեղծեցիք, դո՞ւք, որ ինձ ամուսնություն խոստացաք և իմ անմեղությունից օգտվելով, իմ միակ հարստությունը, իմ միակ պատիվը գողացաք… պարո՞ն, դուք ցած և ստոր մարդ եք. դուք անբախտացրիք ինձ և ինձմով իմ խեղճ և աղքատ ընտանիքը. դուք մարդկանց աչքում ինձ խաղք ու խայտառակ շինեցիք և այսօր անամոթաբար դուրս եք քշում ինձ փողոց… Ասացեք ինձ, պարոն, ո՞ւր դիմեմ, ո՞ւր գնամ ես այսուհետև:

– Ի՞նչ եք սառել դուք, պարոն, ո՞վ է այս աղջիկը և ի՞նչ է ուզում ձեզանից, – կրկին հարցրավ գեղեցիկ տիկինը Սամվելից, որ հիմարացած և լուռ կոթնել էր սեղանին: Տիկնոջ ձայնը կարծես նրան սթափեցրավ և յուր տկար ախոյանին հաղթահարելու համար մի նոր ուժ տվավ իրեն. «Դո՛ւրս, դո՛ւրս գնա, քեզ ասացի», – դիմեց նա Ելենային և ձեռքից քաշելով կամենում էր զոռով արտաքսել նրան:

Ելենան կատաղությամբ խլվեցավ նրա ձեռքից և սուր ձայնով գոչեց. «Ինձ զոռո՞վ ես կամենում դուրս անել, գարշելի արարած, բայց ետ դարձրու ինձ առաջ իմ պատիվը, որ գողացար, իմ անունը, որ անարգեցիր…», – և այս ասելով կատաղաբար խլեց նա սեղանի վրայից արծաթի հինգճյուղյան աշտանակը և բոլոր ուժով զարկեց Սամվելի երեսին ու արագությամբ դուռս թռավ դահլիճից:

______________________

Ես այլևս չեմ կարող հետևել նրան. ինձ համար շատ ծանր է այդ…

Բայց իմ ընթերցողներն անշուշտ կհետաքրքրվին իմանալ, թե վերջն ի՞նչ պատահեց իմ հերոսների հետ: – Ի՞նչ պետք է պատահեր, մի՞թե այդ հայտնի չէ:

Ելենան սովորական անձնավորություն չէր, եթե նա այդպիսին լիներ, այն ժամանակ նա կերթար այն ճանապարհով, որով իրենից առաջ գնացել են հազար հազարավորները.. Բայց նրա ազնիվ և հպարտ հոգին չէր կարող տանել ամոթը և վիրավորանքը, նրա սիրտը թունավորված էր, և կյանքը կորցրել էր նրա համար յուր նշանակությունը… ամեն բարիք այժմ նրա աչքում երևում էր իբրև մի խաբուսիկ ստվեր… հուզված հոգին հանգիստ էր որոնում… նա այդ հանգիստը գտավ Քուռ գետի ալիքների մեջ…

Իսկ պարոն Սամվել Փոլշատյա՞նը… Նա այժմ էլ ապրում է, դարձյալ ուրախ, դարձյալ զվարթ: Նա հաճախում է պատվավոր հասարակություններ. նրան ամենքը հարգանքով ողջունում են. նրա հայտնած կարծիքներին ծափահարում են: Աղջիկներ ունեցող ընտանիքները մեծ պատիվներով հյուրասիրում են նրան. մանկամարդ երիտասարդուհիները հիանում են նրա գեղեցկությամբ, նրա շարժվածքով, նրա խոսակցությամբ. «он просто душка» շշնջում են ամեն անկյուններում… Իսկ նրա ամոթալի գործե՞րը… մի՞թե ոչ ոք չգիտե. – ի՞նչպես չէ. «զինչ իցէ ծածուկ, որ ոչ հայտնեսցի». բայց նա փող ունի. «կապեր» ունի. և բարեկամներ, որոնք «հասարակաց կարծիք» են կառավարում. ահա՞ այդ է պատճառը, որ «Ձայն բազմացը» նրանց չէ դատապարտում…

ՊԱՏԿԵՐ ԵՐԵԿՎԱ ԿՅԱՆՔԻՑ

Ա

Ամենից առաջ բարեհաճեցեք լսել մի փոքրիկ պատմություն, որ անմիջապես կապ ունի իմ «պատկերի» հետ:

Հինգ տարի սրանից առաջ էր. հենց միևնույն երեկվա օրը, այսինքն ս. աստվածածնա տոնին. արհեստավոր հայ երիտասարդների մի փոքրիկ խումբ Վերայի այգիներից մինում քեֆ էր անում: Թամադան դերձիկ Սերգոն էր, մի գեղեցիկ, առողջակազմ և զվարճախոս երիտասարդ: Պետք է գիտենալ, որ դերձիկ Սերգոն ինչ ընկերության մեջ ներկա գտնվեր, այնտեղ քեֆը կատարյալ կլիներ: Այդ պատճառով էլ նրան ամեն տեղ թամադա էին ընտրում:

Բացի հիշյալ բարեմասնությունները, Սերգոն հայտնի էր յուր սրտի բարությամբ և մինչև այն օրը, օրինակ, չէր պատահել, որ նա յուր ընկերներից մինին վիրավորեր, կամ նրանցից ինքը վիրավորանք ստանար: Բոլոր տղերքը Սերգոյի արևով երդվում էին:

Բայց այդ օրը բանը շատ թարս պատահեց: Չգիտեմ ինչ մի դև մտավ խարազ Օհանի տղի գլուխը, որ նա կարևոր համարեց անպատճառ մի թամադայի օգնական էլ ընտրել: Նրա ընկերներից ոչ ոք այդ բանին չընդդիմացավ. վիճակ գցեցին և վիճակը ընկավ ոսկերիչ Դարչոյի վերա: Սա էլ շատ լավ տղա էր, բայց դժբախտաբար միայն լուրջ ժամանակը. իսկ մի քանի բաժակ խմելուց ետ՝ չէր կարելի երաշխավորել թե՛ հանգիստ կարող է տեղը նստել:

Մի քանի ժամ քեֆը կանոնավոր շարունակվում էր. բավական թվով շշեր դատարկվեցան. ներկա եղողների կենացները խմվեցան. այժմ մնում է նոր-նոր կենացներ հնարել:

Կարծեմ բանը «համքյարի հաստատության» կենացի վրա էր, երբ թամադան հրամայեց օգնական Դարչոյին, իրար վրա երկու բաժակ գինի խմացնել խարազ Օհանի տղին իբր պատիժ, նրա մի ինչ որ անհնազանդության համար: Դարչոն թամադայի հրամանը կատարելու փոխարեն, սկսավ պաշտպանել Օհանի տղին, երևի շարժված երախտագիտական զգացմունքից, որովհետև վերջինս էր, որ իրեն օգնականի պաշտոն տալ տվավ: Թամադան երկրորդ և երրորդ անգամ հրամայեց, բայց Դարչոն միշտ ընդդիմացավ նրան:

Սերգոյի իշխանական պատվասիրությունը առաջին անգամն էր վիրավորվում. նա համբերությունից դուրս եկավ:

– Քեզ հրամայում եմ, որ անպատճառ խմացնես, թե չէ, կվերկենամ և այդ երկու բաժակը քու գլխին կթափեմ:

– Ես էլ քեզ ասացի, որ չեմ խմացնում, որովհետև դու անիրավ տեղն ես պատժում նրան:

Սերգոն զայրացավ և տեղից թռչելով վերցրեց երկու լիքը բաժակները, և առանց աջ ու ձախ նայելու, թափեց Դարչոյի վերա: Վերջինիս երեսն ու սպիտակ չթե արխալուղը կարմիր ներկվեցան: Է՛հ, ի՞նչ եք կարծում, Դարչոն կդիմանա՞ր: Նա էլ վերցրեց գինով լիքը շիշը և շրխկ – Սերգոյի ճակատին:

«Վա՛ յ, մեռա…», – գոչեց երիտասարդը և գլորվեց գետին:

– Քո տունը, չքանդվի, Դարչո, մեր հացը հարամ արիր, – բացականչեցին ամեն կողմից տղերքը և թափվեցան Սերգոյի վերա, որը ուշաթափվել էր: Երկար խեղճ երիտասարդները շփեցին նրան, ջուր սրսկեցին վրան և հազիվհազ մի կերպ սթափեցրին: Առաջին անգամ հենց որ Սերգոն աչքերը բացավ, մի փորձ փորձեց յուր հակառակորդի վերա հարձակվելու, բայց կրկին ուժասպառ գետին գլորվեցավ: Հարվածը խիստ զորեղ էր եղել:

Մեր տղորց քեֆը խանգարվեցավ. բոլորի սրտերն էլ կոտրվեց և սեղանը իսկույն հավաքեցին: Եվ որովհետև Սերգոյի դրությունը վտանգավոր էր երևում, շտապով դրին նրան կառքի մեջ և ուղղվեցան քաղաք: Միմյանցից բաժանվելու միջոցին Սերգոյի աչքն ընկավ Դարչոյի վերա, և նա ցած ձայնով մրմնջաց. «Լավ, Դարչո. եթե այսուհետև դու օր տեսնես, իմ հերը անիծիր», – այս խոսքերից ետ նա շուռ տվավ գլուխը մյուս կողմը, որ այլևս յուր թշնամու երեսը չտեսնե:

Երկու ամիս շարունակ մեր թամադան պառկած մնաց, երբեմն վտանգավոր և երբեմն հուսալի դիրք առնելով: Բայց ի վեջո հեքիմ Կոստոն (լիս դառնան նրա հերն ու մերը), կատարելապես առողջացրավ նրան:

Բ

Մի քանի օր էր, ինչ որ Սերգոն վեր էր կացել և գնում էր յուր գործին:

Մի մութ երեկո, Հավլաբարի կամուրջի վերա «թրխկ» մի մահակ տրաքեց մի երիտասարդի ճակատին: «Վա՛յ, մեռա…», – ճչաց երիտասարդը և ընկավ գետին: Հարված տվողը Սերգոն էր, որ իսկույն փախավ, հարված ստացողը Դարչոն էր, որին ոստիկանությունը կառքի մեջ դնելով տարավ յուր տունը:

 

Անցավ էլի մի փոքր միջոց: Դարձյալ գիշեր էր: Բերդի զառիվայրի վրա մի զորեղ աքացի երեսի վերա փռեց Դարչոյին:

Աքացի տվողը դարձյալ Սերգոն էր, որ սատանայի նման չքացավ:

Մի գեղեցիկ առավոտ (օրը կյուրակե էր), Դարչոն մի մեծ թաշկինակ ձեռքը, մեջը զանազան պաշարեղենով լիքը վերադառնում էր տուն: Դեռ իրենց մուտքին չհասած, մի ահագին քար թռավ հարևան տան կտուրի վրայից և իջավ ուղիղ խեղճ երիտասարդի ուսի վերա: Թաշկինակը ընկավ նրա ձեռքից, և մեջը եղածները ցրվեցան գետին, իսկ ինքը Դարչոն աղիողորմ կսկիծով ներս ընկավ տուն: Այս անգթությունն էլ Սերգոյի գործն էր:

Խեղճ Դարչոն ոչինչ հնար չէր գտնում յուր ոխերիմ հակառակորդի վրեժխնդրությունից ազատվելու համար, որովհետև վերջինս այնքան ճարպիկությամբ էր անում յուր հարձակումները, որ Դարչոն ոստիկանության կամ դատարանի առաջ հանելու համար ոչինչ ապացույց կամ փաստ չէր կարողանում ձեռք բերել: Ի՞նչ պետք էր անել: Մնում էր, որ յուր մայրը անձամբ գնար հակառակորդի տունը և շնորհ խնդրեր նրանից:

– Սաբեթ ջան, թե հոգիդ կսիրես, մի ասա քո անդնջում Սերգոյին թե՝ ախր ի՞նչ է հոգեհան դառել իմ խեղճ երեխայի համար: Այդպես բան չի լինիլ. քեֆի ժամանակ ամեն ինչ կպատահի. ինքը իմ տղին է վիրավորել, նա էլ հարբած, ու յուր արածը չիմանալով նրան է խփել: Փառք աստծու, Սերգոն խո տակը չմնաց: Մեկի տեղ երեք է հասցրել, ավել էլ ի՞նչ է ուզում, մի՞թե բավական չէ: Հենց աստվածդ կսիրես, Սաբեթ ջան, աղաչում եմ քեզ, այնպես արա, որ տղադ ձեոք վերառնի իմ եթիմից. մենք էլ խեղճ ենք, աչքումս մազ է բուսել, որ նրան էն բոյին եմ հասցրել. հիմա էլ մի մայր ու աղջիկ նրա աչքին ենք մտիկ տալիս. եթե նրան չէ խղճում, գոնե ինձ ու նրա քրոջը խղճա…

Այսպես պաղատում էր Դարչոյի մայր Քեթևանը Սաբեթին և խնդրում էր նրա բարեխոսությունը յուր որդու համար: Բայց Սաբեթի մեղադրական ճառին Սերգոն անտարբերությամբ պատասխանեց.

– Դեդա, ինչե՞ր ես խոսում, ո՞վ է Դարչոյին խփել, ես նրա հետ չեմ էլ խոսում. ես ինչ բան ունիմ նրա հետ. գուցե ուրիշ մարդիկ են խփել, ես ի՞նչ մեղավոր եմ… – այս վայրիվերո խոսքերով դուրս գնաց նա մոր մոտից և էլի շարունակեց յուր վրիժառու պարապմունքը:

Դարչոն այժմ դիմեց ոստիկանության և նրա պաշտպանությունը խնդրեց: Ոստիկանական պաշտոնյան կանչեց Սերգոյին և որովհետև նրան մեղադրելու համար փաստեր չուներ ձեռքին, ուստի բավականացավ լոկ սպառնալիքներ տալով նրան, որ եթե մյուս անգամ կհամարձակվի կրկնել յուր բարբարոսական վարմունքը նա անշուշտ կարգելվի բանտում և կամ կքշվի հայրենիքից դուրս:

Բայց ոստիկանության այս սպառնալիքներն էլ ոչինչ ազդեցություն չարին Սերգոյի վերա. նա միշտ մնաց նույնը:

Վերջապես Քեթևանը դիմեց իրենց ծխական քահանա տեր-Մինասին և լալով խնդրեց նրան մի ճար անել և հաշտություն կայացնել Սերգոյի և Դարչոյի մեջ:

Բայց տեր-Մինասի երկար ու բարակ քարոզները ոչ միայն ետ չկանգնեցրին ստահակ երիտասարդին, այլ ավելի ևս կատաղեցրին նրան: Հետևյալ գիշերը անհայտ չարագործներ կոտրեցին Դարչոյի խանութը, նրա արծաթեղեն ու ոսկեղեն իրեղենները գողանալու դիտավորությամբ:

Այս բանի մեջ էլ Սերգոյի ձեռքը խառն էր. և այն, իհարկե, ոչ թե մի շահադիտական, այլ լոկ վրեժխնդրության նպատակով:

Բարեբախտաբար ոստիկանությունը վերա հասավ և թեպետ գողերին բռնելու ձեռնահաս չեղավ, բայց Դարչոյի աղքատիկ հարստությունը հափշտակությունից ազատեց:

Այս անհաջողությունը ստիպեց Սերգոյին այժմ էլ ուրիշ նոր չարություններ նյութելու Դարչոյի դեմ: Վերջինս էլ հանգիստ չուներ յուր տմարդ թշնամու ձեռքից: Նա ամեն տեղ և ամեն րոպե դողալով սպասում էր նրա հարձակմանը կամ մի նոր դժբախտության՝ նրա կողմից: Մի որևէ խնջույքում, կամ հացկերության վերա անգամ մի ժամ ուրախ լինել չէր կարողանում. ամեն մի անգամ Սերգոյին հիշելով նա կորցնում էր յուր ուրախությունը և զվարթությունը: Սերգոն դարձել էր նրա սատանան: Սաստիկ երկյուղը և մտատանջությունը նրան այնքան մաշել և նիհարացրել էին, որ մայրն ու քույրը շատ անգամ նրան տեսնելով տխրում և լաց էին լինում: Մի օր, վերջապես, Դարչոն մտածեց դիմել յուր և Սերգոյի համփսոնների միջնորդության, խոստանալով մինչև անգամ դրամական վարձատրություն, եթե այդ Սերգոն կպահանջեր:

Բայց համփսոնների թախանձանաց առաջ էլ նա անդրդվելի մնաց: Միայն, իհարկե, սրանց առաջ նա չուրացավ յուր գործածները:

– Դարչոն ինձ ա՞յն վիրավորանքն է հասցրել, – ասում էր նա, – որ քանի կենդանի եմ, նրան հալածելուց չի պիտի դադարեմ. և եթե հարկ լինի այդ բանի համար աքսոր անգամ գնալ, այսուամենայնիվ ես իմ վճռից չեմ դառնալ և երբեք նրա հետ չեմ հաշտվիլ:

Եվ իրոք երկար ժամանակ նա հաստատ մնաց յուր անգութ վճռի մեջ:

Ընթերցողը մի դժվարալուծ հանելուկի նման հակասություն կնշմարե իմ պատմածների մեջ: Ես առաջ ասացի, որ Սերգոն հայտնի էր յուր սրտի բարությամբ, որ նա յուր կյանքում յուր ընկերներից ոչ ոքին վիրավորած չէր և այլն, և այլն. բայց այսօր ի՞նչ է պատճառը, որ մի ամենաչնչին դեպք նրա սրտի մեջ այնպիսի մի դժոխք է վառել, որին հանգցնել չեն կարողանում ոչ յուր ծնողը, ոչ ոստիկանությունը, ոչ խոստովանահայր քահանան և ոչ յուր սրտին և հոգվույն սիրելի համփսոնները:

Պատճառը հենց նա է, որ մարդկային սրտի և զգացմունքների հետ ըստ հաճոյից խաղալ անհնարին է. նրանց չէ կարելի հրամայել, որ սիրեն և խնդրել, որ ատեն: Սիրտը ինքն է ընտրում յուր պաշտելին և ինքն է կործանում նրան: Շատ անգամ ամենաչնչին համարված դեպքերը նրա փոքրիկ թագավորության մեջ այնպիսի հեղափոխություն են հարուցանում, որ ծանոթ մարդիկը և բարեկամները իրենց կողմնացույցը կորցնում են – հին բարեկամին ճանաչելու համար: Երբեք անբնական չէ, որ բնության ամենակատարյալ հրաշակերտը – մարդկային սիրտը, նույնիսկ մարդկության համար շատ մի անբացատրելի գաղտնիքներ է պարունակում յուր մեջ. ահա հենց այդ գաղտնիքներից մինն էր, որ Սերգոյի սիրտը չարության գործարան էր դարձել, և յուր ծանոթներին շվարացրել, և դուք կտեսնեք, որ մի օր էլ այդ գաղտնիքներից մինը, մի նոր և հաճոյական կերպարանափոխություն կստեղծե նրա մեջ:

Գ

Երեկ, այսինքն 1884 թվի օգոստոսի 12-ին, հինգ տարին լրացավ ա՛յն դժբախտ դեպքի, որ տեղի ունեցավ Վերայխ այգիներից մինում: Այս հինգ տարվա ընթացքում ս. Աստվածածնա տոնին Սերգոն և ոչ մի տեղ քեֆի չէր գնում, չնայելով որ յուր համփսոնները միշտ հրավիրում էին նրան: Հիշյալ անցքը այնպես վատ էր ներգործել նրա վերա, որ յուրաքանչյուր տարի ս. Աստվածածնի օրը մի առանձին նախապաշարմունքով տանից դուրս չէր գալիս, նմանօրինակ դժբախտության չպատահելու համար:

Բայց երեկ յուր հարևան մի երիտասարդի թախանձանաց զիջանելով, նրա հետ միասին գնաց Խոջիվանքի գերեզմանատունը և չզղջաց: Այդտեղ, ինչպես գիտեք, կա ս. Աստվածածնա անվամբ շինված մի հին եկեղեցի, ուր Աստվածածնա տոնին հավաքվում է ուխտավորների մեծ բազմություն, քաղաքի ամեն կողմերից: Այսօր էլ անցյալ տարիներից պակաս չէր այդտեղ ուխտավորների թիվը: Եկեղեցու բակը մի նորանշան կենդանություն էր ստացել: Մի քանի տեղ կրակներ էին վառած և մատաղներ կամ կերակուրներ էին եփում: Մի քանի տեղ էլ փոքրիկ վրաններ էին խփած, որոնցից մինի մեջ կանայք, աղջկերք և երեխաներ նստոտած ճաշում էին, մյուսի մեջ ընկեր, հարևան հավաքված զրույց էինք անում, և մի երրորդի մեջ չգիտես ո՞ր խմբի համար զանազան պատրաստություններ էին տեսնում: Մի ուրիշ տեղ մի քանի աշուղներ նստած ջոշ էին եկել, երգում էին, չունգուր էին ածում և հիացնում էին իրենց շրջապատող մշեցիներին և մշեցուհիներին: Իսկ մի երկու տեղ էլ երիտասարդներից, երիտասարդուհիներից և հասակավոր կանանցից և երեխաներից շրջան կազմած դահիրա էին խփում, հարմոն էին ածում և հերթով լեզգինկա էին պարում: Վերջապես եկեղեցու դռանն էլ նստած էր երիտասարդ բարեպաշտ Մազմանյանը և եկեղեցվո համար նվերներ էր հավաքում խիստ եռանդով հորդորներ տալով առատաձեռն ուխտավորներին և հանդիմանելով ժլատներին:

Սերգոն սկսավ պարող խմբերի չորս կողմը շուռ գալ և մի տեղի բոլոր պարողները և դահիրա ու հարմոն ածող հարսներն ու աղջիկները տնտղելուց ետ, մյուս տեղն էր փոխվում:

Եկեղեցու հարավային կողմը խփած մի վրանի առաջ բազմությունը խիստ շատ էր և պարողների ու դահիրա խրփողների եռանդը զգալի կերպով գերազանցում էր մյուս խմբերին: Սերգոն դիմեց այդ կողմը: Հենց այն միջոցին, որ նա յուր վիզը երկարացրավ խմբի պարողները դիտելու, դահիրան խփում էր մի բարձրահասակ, գեղեցկակազմ և նուրբ ու գրավիչ դեմքով աղջիկ: Նա թեպետ հարուստ տանից չէր երևում, բայց հագնված էր բավական ճաշակով: Նրա ամբողջ շարժվածքը ազնվական և հրապուրիչ էր. դեմքի ժպիտը քաղցր և կախարդող: Յուր փափուկ մատները ա՞յնպես ճարպկությամբ էին թրթռում դահիրայի վրա, որ ամբողջ խմբակի աչքերը ավելի նրա ձեռների վերա էին հառած, քան թե պարողների: Երկար նա խաղաց դահիրան և մի քանի պարողներ հետզհետե հաջորդեցին միմյանց:

– Հիմա հերթը Նինուցինն է. էլ պարող չլինի, – ձայնը բարձրացրեց խմբակի մեջ մի հաստ ուսերով և բարձրահասակ տիկին, որը, ինչպես երևում էր, խմբակի պարապետուհին էր: Նա ձեռքը դեպի խառնված կանանց կողմը ձգելով, բռնեց մի խիստ շքեղ հագնված, բայց ո՞չ այնքան գեղեցիկ տիկնոջ ձեռքից և սկսավ զոռով ներս քաշել նրան:

– Չեմ կարող, աստված վկա, չեմ կարող, ընդդիմանում էր շքեզ հագնված տիկինը:

– Չի լինիլ, քո արևը գիտենա, չի լինիլ, պիտիս պարգա, – պնդում էր նրան պարապետուհին:

– Վա՛, քեզ ասում եմ չեմ կարող, ես պարել չգիտեմ:

– Է՛, լավ. նազ մի անիլ, թե աստվածդ կսիրես, եթե կուզես կասեմ, որ հարմոնն էլ քու խաթրին մեր Մաշոն ածի.դու խո գիտես նա ինչպես լավ է ածում:

Մաշոն մեզ ծանոթ գեղեցիկ դեմքով և գեղեցիկ դահիրա խփող աղջիկն էր: Պարապետուհին նրան նշան արավ և Մաշոն դահիրան տվավ յուր կողքին կանգնած մի ուրիշ աղջկան և ինքը սկսավ հարմոնը: Անշունչ գործիքը կարծես իսկույն նոր հոգի և կենդանություն ստացավ Մաշոյի ձեռքում: Մինչև այժմ հանդիսատեսներին դահիրան էր գրավում, այժմ էլ բոլորի աչքերը շուռ եկան հարմոնի վրա: Նրա սպիտակ ըստեղուքները այնպես արագ և փափուկ ոստոստում էին գեղեցիկ աղջկա ճարտար մատների տակ, որ լեզգինկան‘ պար չիմացող անդամների մեջ էլ գրգիռ էր զարթեցնում:

Մաշոյի հարմոն ածելը վերջապես ամոքեց համառ Նինուցիի սիրտը և նա բարեհաճեց պարել «միմիայն Մաշոյի խաթեր համար»:

Բայց շատ քրքրվող տիկնոջ պարն էլ իսկի մի զատ չէր. հանդիսատեսներից ոչ ոքին նա ոչինչ գոհություն չպատճառեց յուր պարով, բացի պարապետուհուց, որ խիստ ամուր ծափահարում էր նրան՝ անընդհատ «տաշ-տաշի, տաշ-տաշի» բացականչելով, իսկ պարապետուհվոյն իրեն ձայնակցում էին մի քանի հին պառավներ, որոնք նույնպես իմանում էին, որ Նինուցին խիստ հարուստ և բախտավոր տան հարսն է: Վերջապես նա էլ դուրս գնաց և ասպարեզը մնաց ազատ: Պարապետուհին ձեռները այս և. այն կողմն էր ձգում, սրան էր քաշում, նրան էր քաշում, բայց ոչ ոք հանձն չէր առնում պարել, որովհետև մնացել էին միայն այն հարսներն ու աղջկերքը, որոնք ի ներքուստ թեպետ մեռնում են պարելու համար, բայց արտաքուստ սուտ համեստությունից ստիպված, այնպես են կեղծում, որ իբր թե չեն կամենում պարել: Դրա պատճառն էլ այն է, որ շատերը խնդրեն և գրեթե զոռով ներս գցեն իրենց, որ հետո ասեն թե՝ «ես սկի չէի ուզում, համա խիստ զոռեցին»: Բայց որովհետև այդպիսի դեպքերում ամեն մի առաջարկող յուր սրտումը ուզում է, որ ինքը պարե, ուստի շատ էլ չի զոռում յուր ընկերուհուն, որ ասպարեզը իրեն մնա: Բայց խիստ շատ է վրդովվում այդպիսին, երբ տեսնում է, թե մինչև յուր բանը շինելը՝ հանկարծ մի անկյունից դեդաներից մինը գդելով ներս ձգեց յուր տգեղ դեմքով ու կոպիտ հագուստով աղջկանը: Վայ ինձ. այդպիսի դեպքերում ես բնավ չեմ ծափահարում, և եթե դահիրան իմ ձեռքումը լիներ, կամ վայր կնկներ և կամ լեզգինկայի փոխարեն ես կսկսեի «երի, երի, չոբան երի» ածիլ, որով միայն արջերն ու կապիկներն են պարում: Ուրիշ բան է, իհարկե, երբ ասպարեզ է մտնում ամբողջ խմբի սիրելին, այդ ժամանակ ծափահարությունն էլ սրտաբուխ է, հիացմունքն էլ:

Վերջապես պարողների այս ընդհանուր ճգնաժամի միջոցին, չգիտեմ, ո՞ր աստծու օրհնածն էր, հանկարծ ձայն տվավ. «Հիմի էլ հերթը Մաշոյինն է»: Այդ ձայնը կարծես էլեկտրական ազդեցություն արավ ամբողջ շրջապատի վերա: Բոլորն էլ միաբերան գոչեցին, «Մա՞շոն, Մա՞շոն»: Իսկ մեր ծանոթ Սերգոն, որ մինչև այն հափշտակվել և ընդարմացել էր գեղեցիկ աղջկա դաշնահարությամբ, քնից զարթածի նման այնպես բարձր «Մաշո» կանչեց, որ բոլորն էլ երեսները դեպի իրեն դարձրին, իսկ հեգնասեր աղջիկներից մի քանիսը մինչև անգամ ծիծաղեցին նրա վերա: Երիտասարդը իսկույն կարմրեց և գլուխը թաքցրավ ընկերոջ ետքում: Բայց պետք է խոստովանել, որ միայն նրա ձայնն էր, որ կարողացավ ազդել պարապետուհու վերա, թե չէ անպիտան պառավը էլի կպել էր մի ինչ-որ փոդրաթչի Ծղալոբի մեծ քթավոր կնկա օձիքից և նրան էր ուզում ներս քաշել‘ ի ցավ և ի վիշտ շրջապատող երիտասարդների:

Այսքան ձայների և աչքերի առաջ՝ անկարելի էր, որ Մաշոն անտարբեր մնար. իսկույն մի վարդագույն կարմրություն պատեց նրա երեսը, և նա աշխատեց ծածկվիլ վրանի ետքում, բայց պարապետուհին վրա հասավ: – «Մի՛ փախչիր, պտիս պարի», – ասաց նա և ձեռքիցը բռնելով քաշեց դեպի իրեն:

Դահիրան ու հարմոնը ձեռք առին երկու ուրիշ աղջիկներ, որոնք նույնպես վարպետ դաշնահարներ էին և խիստ տակտով սկսան «լեզգինկան»: Գեղեցիկ Մաշոն ասպարեզ իջավ, ուրախության ձայները և ծափահարությունները օդը թնդացրին: Հանդիսատեսների խումբը հետզհետե սկսավ ստվարանալ, իսկ ուրիշ կողմերում պարերը դադարեցին: Մաշոն սկսավ պարել, բայց ի՞նչպես էր պարում, իհարկե դժվար է նկարագրել. արժեր, որ իմ ընթերցողները անձամբ ներկա լինեին այնտեղ: Նրա քնքշիկ ոստյունները, մերթ հապճեպ և մերթ ծանր շրջադարձը, նրա թրթռուն պտույտները և վերջապես գողտրիկ ձեռների շարժումները ա՞յնքան ճարտար, ա՞յնքան հաշված և գրավիչ էին, որ անկարելի էր չհիանալ նրանով: Ամբողջ քառորդ ժամ նա պարեց, բայց երբ վերջի պտույտը ավարտելով կամեցավ շրջապատից դուրս գալ, իրմով կախարդված և սիրահարված խմբակը ոչ մի տեղից ճանապարհ չտալով ընդհանուր աղաղակներով ու ծափահարությամբ ստիպեց նրան կրկին պարել: Մաշոն ընդդիմանալ չկարողացավ և սկսավ նորից յուր պարը, բայց խեղճը չափից դուրս վաստակած լինելով, շատ փոքր ժամանակ կարողացավ հաճույք պատճառել յուր խմբակին, և մի քանի պտույտներից ետ շառագունած և քրտնաթոր թողեց ասպարեզը:

Դաշնահարությունը իսկույն դադարեց, որովհետև նրանից հետո էլ ո՞վ կհանդգներ պարել, կամ ո՞վ մտիկ կտար այդ պարողին:

 

– Ալեքսի, քո տունը չքանդվի, սա ո՞ւմ աղջիկն է. սա ինսա՞ն է, թե հրեշտակ, – հիացմամբ հարցրավ Սերգոն յուր հարևան երիտասարդից, երբ պարողների խումբը ցրվեցավ:

– Չգիտեմ, Սերգո, ես էլ քեզ էի ուզում հարցնել:

– Է՛հ ի՞նչ դառավ… – դժգոհությամբ պատասխանեց Սերգոն և անցավ ուրիշ կողմ, որ գուցե կարողանար մի ուրիշ ծանոթից իմանալ այդ բանը:

Դժբախտաբար այնպիսի բազմաճանաչ ծանոթներ էլ չկային և եղածներն էլ, մի որոշ բան ասել չկարողացան նրան: Իսկ կանանց մոտենալ և հարցնել Սերգոն ամաչում էր, մանավանդ, երբ նկատել էր, որ մի քանի աղջիկներ յուր վերա, մատնացույց անելով՝ «ա՞յ, սա էր Մաշո կանչողը» ասելով, կրկին ծիծաղել էին:

Այսուամենայնիվ երիտասարդը եկեղեցու բակից շուտով չհեռացավ, և անընդհատ պտույտներ անելով աշխատում էր որքան կարելի է շատ անգամ տեսնել գեղեցիկ Մաշոյին:

Վերջինս էլ կարծեմ նկատել էր այդ բանը, և թեպետ յուր սիրուն հայացքներին շատ չէր արժանացնում Սերգոյին, այնուամենայնիվ պատահած ժամանակ, եթե մի անգամ աչքի տակովը նայում էր նրան խեղճ երիտասարդը, հարյուր անգամ գնում էր էն կյանքը ու մեկ էլ ետ գալիս:

Իսկի չծիծաղես մեր Սերգոյի վերա, սիրելի ընթերցող: Սա կյանքի մեջ հաճախ պատահող ա՛յն երևույթներից մինն է, որ միանգամից վճռում է մարդու բախտը դեպի երջանկություն կամ դեպի կործանումն, և սրան անվանում են սիրահարություն: Եթե երբևիցե սիրահարվել ես, դու անշուշտ կկարեկցես խեղճ Սերգոյին, որովհետև իսկույն կնկատես, որ նրա մեջ էլ արդեն սկզբնավորվում է այդ քաղցր հիվանդությունը, բայց եթե մինչև այսօր այդ ցավի համը առած չես, կուզենայի (ներիր անկեղծությանս), որ դու առանց ղալմաղալի դուրս գայիր իմ ընթերցողների շարքից, ես կամենում եմ, որ ավելի զգայուն մարդիկ լսեն իմ պատմությունը:

Արեգակը վաղուց մայր էր մտել, մութը հետզհետե կոխում էր, և ուխտավորներից շատերը պատրաստվում էին հեռանալ դեպի իրենց տները: Սերգոյի տնից ոչ ոք այստեղ չլինելով, յուր համար էլ անհարմար էր երկար դեգերել այս ու այն ընտանիքի շուրջը. ուստի երբ տեսավ, որ Մաշոն էլ պատրաստվում է մի ինչ որ ընտանիքի հետ դուրս գնալու, ինքն էլ ուղղեց յուր քայլերը դեպի տուն: