Za darmo

Պատմվածքներ

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

ԿՐԿԻՆ ՏԻԿԻՆ ԲԵՐՆԱՐԻ ԿԱՐԱՆՈՑՈՒՄ

Ժամը 12-ի մոտ էր. տիկին Բերնարը վաղուց արդեն հագնվել պատրաստվել էր: Այժմ նա հենված փափուկ բազկաթոռին լրագիր էր կարդում, իսկ առջևը գտնվող կոլորիկ սեղանի վերա դրված էր կաթով սուրճ և պաքսիմատ: Նրա դեմքը ոչինչ անհանգստություն չէր արտահայտում, նա նույնն էր, ինչ որ երեկ կամ անցյալ օրը: Յուր ամբողջ ընթերցանության ժամանակ նրա ճակատի կնճիռները միահավասար և անշարժ դրություն էին պահպանում. ամենահետաքրքիր գրվածքն անգամ նրա ուշադրությունը չէր լարում, ամենասրտաշարժ նկարագիրն անգամ նա կարդում էր անտարբերությամբ: Տիկին Բերնարը նմանում էր ա՛յն անձիքներից մինին, որ անցնելով աշխարհային կյանքի ամենաքաղցր և ամենադառն փորձերից, կանգնել է գործնական հողի վերա և յուր բոլոր առած դասերով հասել ա՞յն թշվառ եզրակացության, որ զգալը և կարեկցիլը առաջնորդում են մարդուն միմիայն դեպի թշվառություն, մինչդեռ անտարբերությունը բերում է նրան հանգիստ և խաղաղություն: Տիկին Բերնարը յուր գեղեցկությամբ հանդերձ, մի ամենօրյա կին էր, և կյանքի փորձերից պիտի հաներ այդ եզրակացությունը… մի բան, որ անում են ներքին արժանավորությունից և հոգվո մեծությունից զուրկ բոլոր մարդիկը:

Հազիվ նա վայր դրավ թերթը և պարզեց ձեռքը սուրճը առնելու, ահա կարողուհիներից մեկը ներս մտավ և հայտնեց, որ Ելենայի ծնողները և բարեկամները եկել են իրեն տեսնելու:

– Ի՞նչ է պատահել, ի՞նչ ունին նրանք ինձ հետ, – դժգոհությամբ հարցրեց տիկին Բերնարը, – չե՞ ն կամենում մի օր հանգիստ տալ մեզ: – Բայց խոսքը դեռ չէր վերջացրել, երբ խելացնորի նման ներս ընկավ Հռիփսիմեն:

– Տիկին, ո՞ւր է Ելենաս, – գոչեց նա Բերնարին դիմելով, – ինչո՞ւ նա մեզ մոտ չէ այսօր, ո՞րտեղ ես ղրկել նրան…

– Ձեր աղջիկը երեկ ես ղրկեցի ձեր տուն, – սառնությամբ պատասխանեց տիկին Բերնարը, – ես միևնույնն ասացի՝ այսօր առավոտ ձեր մարդուն, ուրեմն էլ ի՞նչ հարկ կար կրկին հարցուփորձի գալ այստեղ:

– Տիկի՛ն, իմ աղջիկը, իմ Ելենաս… նա մեզ մոտ չէ եկել… ես նրան ձեզ եմ տվել, ես պահանջում եմ իմ աղջիկը…

– Ի սեր աստծո, ես ոչ ժամանակ և ոչ ցանկություն ունեմ ձեզ լսելու, ձեր աղջիկը ինքը խնդրել և դուրս է գնացել եմ կարանոցից, ի՞նչ մեղավոր եմ ես այստեղ, հանգիստ թողեցեք ինձ, – ասաց տիկին Բերնարը և կրկին թերթը ձեռքն առնելով սկսավ կարդալ:

– Օ՛հ, տիկի՛ն, աղաչում եմ ձեզ, անգութ մի՞ լինեք, խղճացեք ինձ վրա… – այս խոսքերով նա ընկավ տիկին Բերնարի ոտքերը և նրա ծնկներին փարելով աղիողորմ ձայնով շարունակեց, – իմ Ելենան, տիկի՛ն, ասացեք, ի սեր աստծո, ո՞ւր է նա, ի՞նչպես հեռացավ նա ձեզանից, ո ՞վ գողացավ նրան, տիկին, այս բոլորը դուք կարող եք գիտենալ. դուք կարող եք նրան գտնել. դուք փորձված եք… օ՛հ, ես խելագարվում եմ, տիկին, օգնեցեք ինձ. տվեք ինձ իմ աղջիկը… իմ Ելենան…

– Դուք կարծես թե դիտմամբ ինձանի՞ց եք պահանջում ձեր աղջիկը, – բարկացած վեր թռավ սեղանից տիկին Բերնարը և մի կողմ հրեց Հռիփսիմեին:

– Այո՛, տիկին, իմ աղջիկը ես ձեզանից եմ պահանջում, – հաստատ ձայնով գոչեց Հռիփսիմեն, – ես նրան ձեզ հանձնեցի, և դուք պիտի նրան իմ ձեռքը տաք… ես ոչ ոքին չեմ ճանաչում:

Այս միջոցին գրեթե բոլոր կարողները հավաքվել էին տիկին Բերնարի սենյակը, վերջինս բարկացած անցուդարձ էր անում նրանց մեջ: Հռիփսիմեի վերջին խոսքերը լսելով՝ «Կարոլի՛նա, – դարձավ նա աղջիկներից մինին, – կանչիր այստեղ ծառային, այս մարդկանցը ես խոսք չպիտի կարողանամ հասկացնել, թող ուրիշները այդ անեն»:

Կարոլինան իսկույն դուրս գնաց: Մի րոպեից հետո ծառան ներս մտավ:

– Ա՛յ տղա, գնա՛ այս րոպեին կանչիր այստեղ ոստիկանական վերակացուին, – ասաց նրան տիկին Բերնարը, – թող նա գա և արձանագրություն կազմե մի փախստական աղջկա համար, որի պատճառով մեզ զրպարտում են այստեղ:

Ծառան դուրս գնաց:

– Փախստակա՞ն… ուրեմն իմ Ելենան մի փախստակա՞ն է… – կսկծալով խոսեց Հռիփսիմեն, – ինչպես հեշտությամբ անպատվում են նրան… օ՛հ, ո՛չ, ես չեմ հավատում, այնպես չէ՞, Անտոն, չէ՞ որ մեր Ելենան մի անմեղ, մի սուրբ աղջիկ էր. իմ սիրտս վկայում է, որ նրան գողացել են, որ նրան ծախել են… նա ինքը չէր փախչիլ…

Այդ միջոցին Հռիփսիմեի աչքն ընկավ Նինոյի և Շուշանի վերա, նա իսկույն վեր թռավ տեղից և դիմեց դեպի նրանց:

– Նինո՛, Շուշա՛ն, դուք այստե՞ղ եք. ի՞նչպես ես ձեզ չտեսի, ա՛խ, ինչպես ես ուրախ եմ, դուք կասեք ինձ, թե ո՞ւր է գնացել Ելենան, այնպես չէ՞, դուք նրա ընկերուհիներն եք.

Նա ձեզ սիրում էր… դուք անպատճառ կգիտենաք նրա տեղը ձեր տիկինը ինձ խաբում է. ասացեք սիրելիներս, ասացեք ո՞ւր է ձեր ընկերուհին… ո՞ւր է Ելենան, ասացեք, ես խելագարվոսմ եմ, ո՞ւր է իմ աղջիկը… – և նա բարձր ձայնով սկսեց հեկեկալ: Շուշանը և Նինոն չդիմացան այս աղիողորմ տեսարանին և փղձկալով ընկան Հռիփսիմեի գիրկը և սկսան լաց լինել: Բոլոր ներկա գտնվողները հետևեցին նրանց: Անտոնը սրտի կսկծից մորմոքելով կոտրատում է յուր մատները և խառատ Օսեփը սենյակի անկյունում կծկված լռիկ արտասվում էր…

Այս բոլորի մեջ անտարբեր և անողոք երեսով անց ու դարձ էր անում տիկին Բերնարը, լացի և մորմոքվելու ձայները ոչինչ չէին ազդում նրա կարծրացած սրտի վերա…

Մի քառորդ ժամից հետո ներս մտավ ոստիկանական վերակացուն:

– Ի՞նչ եք հրամայում, տիկին, – դարձավ նա Բերնարին:

– Երեկ երեկոյան իմ գիշերօթիկ կարողուհիներից մինը, Ելենա անունով, այս պարոնի և այս տիկնոջ աղջիկը, – այս խոսքերով նա մատնացույց արավ Անտոնին և Հռիփսիմեին, – խնդրեց ինձանից, որ թույլ տամ իրեն գնալ յուր հոր տունը, ինչպես միշտ սովորություն ուներ տոն օրերին գնալու, և ես արձակեցի: Այդ աղջիկը դուրս գալով իմ կարանոցից, չգիտեմ ո՞ւր է գնացել, որովհետև ինչպես սրանք ասում են, իրենց տանը չէ. այժմ նրա այս հարգելի ծնողները եկել և ինձանից են պահանջում իրենց դուստրը, հազար մի տեսակ զրպարտող ակնարկություններ անելով ինձ դեմ: Խնդրում եմ այդ բանի մասին հարցուփորձեցեք բոլոր իմ կարողներին և հարկ եղած արձանագրությունը կազմելով, ազատեցեք ինձ այս մարդիկների անիրավ և ձանձրացուցիչ պահանջներից:

Այս փաստաբանական ճառից ետ տիկին Բերնարը բարկացած գնաց և նստեց բազկաթոռի վերա և յուր փղոսկրյա հովհարը վերցնելով, երեսը շուռ տվավ դեպի պատուհանը և սկսավ արագ-արագ հովհարել երեսը, որը, իբրև թե այրվում էր բարկության սաստկությունից:

Ոստիկանական վերակացուն, ինչպես որ սպասելի էր, օտարոտի գտավ Ելենայի ծնողների պահանջը: Նա երկար հարցուփորձեց թե՞ նրանց, թե՞ ներկա գտնվող աղջիկներին և թե՞ տան ծառային, և ապա ստանալով մանրամասն ցուցումներ տիկին Բերնարի կողմից, կազմեց կարևոր արձանագրությունը: Հետո դառնալով որդեկորույս ծնողներին ասաց.

– Ձեր աղջկա կորուստի կամ փախստյան համար ամենից առաջ դուք պարտավոր էիք դիմել ոստիկանությանը. տիկին Բերնարին անհանգստացնելը բոլորովին անիրավացի է ձեր կողմից: Այսուամենայնիվ հույս ունեմ, որ նա կարեկցելով ձեր դրությանը կներե և ձեր այդ սխալմանցը, որը օրենքը կարող էր դատապարտել իբր զրպարտություն: Ինչ վերաբերում է ձեր աղջկա մասին լինելիք հետախուզությանը, այդ կկատարե ոստիկանությունը ամենայն աչալրջությամբ և եռանդով: Կարող եք հուսալ, որ նա շուտով կգտնե և կհանձնե ձեզ ձեր աղջիկը կամ գոնե կարելին եղած տեղեկությունները կհաղորդե ձեզ նրա ուր գտնվելու վերաբերությամբ: Այժմ դուք կարող եք հանգիստ թողնել տիկնոջը:

Անտոնը և Եղիսաբեթը վերցրին Հռիփսիմեին, որը ուժասպառ ընկած էր դեռ հատակի վրա, և նրա թևի տակը մտնելով, դուրս հանեցին սենյակից: Խառատ Օսեփը և ապա ոստիկանական վերակացուն հետևեցին նրանց:

ՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Առավոտյան ա՛յն ժամին, երբ Ելենայի ծնողներն անհամբերությամբ սպասում էին նրա գալստյանը, Ելենան զարթեցավ Փուլշատյանի առանձնարանում: Առաջին անգամ հենց որ աչքերը բացավ, վեր թռավ բացականչելով՝ «Աստվա՞ծ իմ, այս ո՞րտեղ եմ ես, այս ո՞ւմ տունն է…երազի մեջ եմ, թե՞ արթուն»: Եվ նա սկսավ ուշադրությամբ դիտել յուր չորս կողմը: Նա գտնվում էր մի գեղեցիկ ննջարանի մեջ, այդտեղ ոչ ոք չկար, ինքը միայնակ էր…

– «Ճշմարիտ որ սա երազ է… – կամացուկ շշնջում էր նա ինքն իրեն, – ես ինչու՞ համար պետք է այս տան մեջ լինիմ… ո՞վ բերեց ինձ այստեղ… բայց չէ, ես չեմ հավատում… ես չեմ եկել այստեղ…»: Եվ յուր սևորակ, մեծ-մեծ աչքերը նա ծանր և մտախոհ դարձնում էր այս ու այն կողմը և կես զարմացման մեջ: Մի քառորդ ժամ այս թմրած դրության մեջ մնալուց հետո նա հանկարծ բացականչեց.

– Ա՛հ, հասկանում եմ, հասկանում եմ… – և ապա կարծես ինքը յուր ձայնից սարսափելով, սկսավ կծել շրթունքները, խփել ճակատին և քաշել մազերը. – օ՛, օ՛ , այս ի՛նչ արի ես… ի՛նչ արի… և մի՞թե ճշմարիտ է… մի՞թե այս բոլորը երազ չէ… մի՞թե ես անպատված եմ.. – շարունակ հեծեծում էր խեղճ աղջիկը: Վերջապես նա դողալով ոտքի կանգնեց, մի քանի քայլ առաջ գնաց և կրկին կանգ առնելով, սկսավ ապուշ-ապուշ յուր շուրջը դիտել: Հետո հանկարծ աչքերը հառեց մի կետի վերա, որի մեջ կարծես որոնում էր մի բան, որ կորցրել էր… և մի րոպեից ետ սարսափահար շուռ տվավ երեսը, ճչաց և ուշաթափ փռվեցավ հատակի վրա:

Երևում էր, որ այդ տան մեջ ոչ ոք չլսեց խեղճ աղջկա ճիչը, որովհետև ոչ ոք էլ չմտավ նրա մոտ:

Թշվառ զոհը երկար ժամանակ զգայազուրկ ընկած էր հատակի վրա: Վերջապես նա կամաց-կամաց սթափվեցավ, բացավ աչքերը և բարձրացավ նստեց աթոռի վրա: Մի քանի վայրկյան ոգի առնելուց հետո նա արագ վեր թռավ տեղից. հագնվեցավ և դիմեց դեպի դուռը: Նա այնքան շփոթված էր, որ դռան փեղկը բանալու համար շարունակ դեպի հակառակ կողմն էր ձգում և հետո կարծելով, որ կողպված է, սկսավ ոտքերով հարվածել նրան: Այդ ձայնի վրա միայն երևեցավ տան աղախինը և բացավ դուռը: Երկու անծանոթ հայացքներ պատահեցին միմյանց և մի քանի րոպե սևեռվեցան դեպի իրար: Աղախնվո հայացքի մեջ պարզ կարդացվում էր կարեկցություն և խղճահարություն՝ անմեղ աղջկա դրության վրա, մինչդեռ Ելենայինը արտահայտում էր կատարյալ ապշություն:

– Դուք կամենո՞ւմ եք լվացվել, – հարցրեց առաջին անգամ աղախինը:

– Այո՛, կամենում եմ, – մեքենայաբար պատասխանեց Ելենան և հետևեց աղախնին, որը առաջնորդեց նրան դեպի ննջարանին կից լվացարանը: Այդտեղ լվացվելուց և վերիվերո պատրաստվելուց հետո Ելենան կիսաձայն հարցրեց աղախնուց:

– Ո՞ւր է նա…

– Ո՞վ, աղա Սամվե՞լը:

– Այո՛:

– Նա մյուս սենյակումն է և սպասում է ձեզ հետ միասին թեյ առնելու:

Ելենան լռեց:

– Դուք կամենում եք գնալ նրա մոտ, այնպես չէ՞. գնանք, ես ձեզ ցույց կտամ նրա սենյակը: – Ելենան դարձյալ անխոս հետևեց աղախնուն:

– Ահավասիկ, այստեղ է աղա Սամվելը, կարող եք մտնել: – Այս ասելով աղախինը հեռացավ:

Ելենան չհամարձակվեցավ դուռը բանալու, նա անշարժ կանգնել էր նրա մոտ: Բայց աղախնու խոսակցությունը լսել էր Սամվելը, ուստի և շտապով սենյակից դուրս եկավ:

– Դու արդեն զարթել ե՞ս, ես դիտմամբ թույլ տվի քեզ երկար քնելու. ինչու՞ համար ես կանգնել այդտեղ, արի՛, արի՛ ներս, – և այս ասելով նա կամեցավ բռնել Ելենայի ձեռքը:

– Հեռու, հեռու ինձանից, – ետ-ետ քաշվելով բացականչեց Ելենան, – ես սարսափում եմ ձեզանից…

– Ելենա, հոգյակս, ի՞նչ է պատահել քեզ. մի՞թե դու տխուր ես, մի՞թե դու ինձ ատում ես…

 

– Այո՛, ես ձեզ ատում եմ. ես ի՞նչ ունիմ այստեղ, ո՞վ եք դուք, ինչու՞ համար ես ձեր տան մեջ եմ, ինչու՞ համար ինձ խաբեցիք… ի՞նչ պիտի անեմ ես այսուհետև… – իրար ետևից հարցրեց Ելենան և սկսեց հեկեկալ: Նրա՝ ամոթից, երկյուղից և հոգեկան տանջանաց սաստկությունից կապված արտասուքներն սկսան առվի պես հոսել:

– Ելենա՛, հոգյա՛կս, ինչու՞ համար ես այդպես նեղսրտում, ինչու՞ համար ես արտասվում, մի՞թե ես քեզ խաբել եմ, և մի՞թե ես կարող եմ խաբել: Ամոթ չէ՞, որ այդպես խոսք ես ասում ինձ: Գնա՛նք, գնա՛նք, հոգյակս: Այդպես հիմար մտածմունքներով մի նեղացնիլ քեզ. մի՞ թե դու մոռացար այն ամենն, ինչ որ ես քեզ հետ երեկ խոսեցի: Դու իմ նշանածն ես. մի քանի օրից հետո մենք կպսակվենք, մենք բախտավոր կլինենք… Եվ այս խոսքերի հետ նա Ելենային զոռով յուր թևն առավ և մտավ սենյակը:

– Բայց ո՞ւր եք քարշ տալիս ինձ. ես պետք է իմ ծնողաց մոտ գնամ. նրանք այժմ ինձ սպասում են, նրանք կգան իմ ետևից և ինձ կարանոցում չգտնելով կշվարեն, կխելագարվեն… թողեք ինձ, որ ես գնամ նրանց մոտ. գոնե նրանցից կարողանամ ծածկել առայժմ իմ ամոթալի արարքը… իմ խայտառակությունը…

Բայց Սամվելը չէր կարող նրան թողնել. Ելենան դեռ մի քանի ժամ էլ հարկավոր էր իրեն, – նա պետք է յուր խոստումը կատարեր, այսինքն յուր ընկեր Մարգարին պիտի ծանոթացներ Ելենայի հետ և երեքը միասին պիտի ճաշեին այսօր, ինչպես Սամվելը խոստացել էր այդ Մարգարին մի քանի օր առաջ:

– Դու այժմ չես կարող գնալ, Ելենա, դու այսօր պիտի ճաշես այստեղ, – ասաց Սամվելը, – որովհետև…

– Ո՛չ, ո՛չ, մի՛ ասեք, ես չեմ կարող մնալ, – լալով ընդհատեց նրան Ելենան, – իմ ծնողներն այժմ ինձ պտրտում են, նրանք ցավից կմեռնեն, ես պետք է գնամ նրանց մոտ:

– Լսի՞ր, սիրելի Ելենա, ես այսօր հրավիրել եմ այստեղ իմ բարեկամ և ընկեր Մարգարին, որը պետք է իմ և քո խաչեղբայրը լինի: Մեր պսակի մասին մենք այսօր միմյանց հետ կարևոր խոսելիք ունինք, և դու էլ անպատճառ ներկա պիտի լինիս այդ խոսակցությանը, ուրեմն քո ծնողներդ մի քանի ժամ առաջ տեսնելու պատճառով այդ կարևոր գործը մի խանգարիր, Մարգարը գուցե երկրորդ անգամ քեզ տեսնել չկարողացավ. իսկ ես կամենում եմ, որ մեր պսակը շատ շուտ կատարվի, հասկանո՞ւմ ես. բայց եթե դու թողնես գնաս, այն ժամանակ ամիսներով կուշանա մեր ամուսնության գործը: Դու ինքդ չպետք է ցանկանաս այդ բանը, որովհետև դրանով կդժբախտացնես թե՛ ինձ և թե՛ քեզ…

Ի՞նչ աներ Ելենան, այն խեղճ, անմեղ աղջիկը: Կամուրջն արդեն ետևից վերցված էր, ճանապարհի կիսից ետ դառնալն անհնարին էր… Բացի այդ, նա սիրում էր Սամվելին. նա հավատում էր նրան, և մի՞թե կարող էր ընդդիմանալ, մանավանդ, երբ հարցը օրինավոր ամուսնության էր վերաբերում:

Եվ նա համաձայնվեցավ մնալ:

ԽՈՍՏՈՒՄՍ ԿԱՏԱՐԵՑԻ

Կեսօրից երկու ժամ արդեն անցել էր: Սամվելը Ելենային յուր թևն առած զբոսնում էր առանձնարանի հովանավոր այգիում և զանազան խոսակցություններով ու սիրալիր կատակներով զբաղեցնում էր նրան, աշխատելով միառժամանակ ցրել նրա տխրությունը: Նրանք դեռ չէին ճաշել և սպասում էին իրենց ապագա խաչեղբայր Մարգարին: Վերջինս շատ էլ սպասեցնել չտվավ: Հազիվ երկու զույգերը մի փոքր հանգստանալու համար նստեցին շատրվանի մոտ գտնվող նստարանի վերա և, ահա, պարտիզի կանաչ վանդակադռան մեջ երևեցավ Մարգարը: Մոտենալով շատ քաղաքավարությամբ ողջունեց նա Ելենային և Սամվելին: Վերջինս ծանոթացրեց նրան յուր սիրուհվո հետ, յուր «ապագա հարսնացուն» անվանելով նրան:

– Ամենից առաջ պատիվ ունեմ ձեր, թանկագին առողջության մասին հարցնել, օրիորդ: Ես ինձ բախտավոր եմ համարում այս րոպեին ձեր ընկերության մեջ գտնվելուս համար, – այս բերան արած հաճոյախոսությամբ դիմեց Մարգարը Ելենային:

– Շնորհակալ եմ, պարոն, շատ լավ եմ, – ամաչկոտ ձայնով պատասխանեց Ելենան և աչքերը գցեց գետնին:

– Իսկ հետո սրբազան պարտք եմ համարում խոստովանել ձեր առաջ, – դարձավ նա Սամվելին, – որ դուք մի շատ քաջ երիտասարդ եք, և արժե ձեզ հարգել, որովհետև ինչ որ խոստացաք, այն էլ կատարեցիք: Այսուհետև ես ձեզ կանվանեմ «ամենակարող»…

– Դուք այն առևտրական գործի վերաբերությա՞մբ եք խոսում, – ընդհատեց նրան Սամվելը (տեսնելով, որ յուր բարեկամը քիչ է մնում, թե յուր հիմարությամբ ամեն գաղտնիք լույս աշխարհ հանե). – այո՞, այդ գործում ես շատ ճարպիկ շարժվեցա:

Մարգարն իսկույն հասկացավ յուր սխալը և խոսքը շուռ տվեց:

– Այդ բոլորը թողնենք մյուս կողմը, դուք ա՞յն ասացեք, թե ե՞րբ եք հանձնում ինձ իմ պաշտոնը:

– Խաչեղբայրությո՞ւն, – հարցրեց Սամվելը:

– Իհարկե. ես այսօր հենց այդ բանն իմանալու համար եկա:

– Շատ շուտ, մինչև երկու շաբաթը:

– Օ՛, օ՛ , ոչ, ես համաձայն չեմ, այդ շատ է հեռի. միայն մի շաբաթ կարող եմ ես ժամանակ տալ ձեզ:

– Դո՞ւք ինչ կասեք սրա համար, օրիորդ, արդյոք ես ավելի լավ չե՞մ խոսում:

Ելենան ոչինչ չպատասխանեց, այլ շառագունվելով աչքերը դարձրեց մյուս կողմը:

Սամվելը նրա շփոթությունը տեսնելով, նկատեց. – Այդ բանի համար մենք այսօր առանձին կխոսենք, օրիորդը երևի չէ ուզում մասնակցել մեր այդ զրույցին: Առայժմ երթանք ճաշելու, – հարեց նա, – ծառան ահա մեզ հրավիրելու է գալիս:

Եվ նրանք ուղղվեցան դեպի տուն:

Այսօր ճաշը փառավոր և բազմախորտիկ էր. և սակավաթիվ հյուրերին ծառայում էին երկու մաքուր հագնված սպասավորներ: Թանկագին գինիների և օշարակների թիվը նույնպես կատարյալ էր: Կենացներից առաջինը նվիրվեցավ Ելենային. երկրորդը Սամվելին և երրորդն ապագա խաչեղբայր Մարգարին, այնուհետև առաջ անցան ապագա նշանադրության, հարսանյաց, ծննդյան և այլ կենացներ, որոնք բոլորն էլ համեմվում էին ախորժելի երգերով: Այդ բոլորը մի փոքր ուրախացնում էր Ելենայի սիրտը և մոտալուտ երջանկության մի հույս պարուրում էր նրա ճնշված և կոտրված սիրտը…

Բայց ճաշից հետո երբ Սամվելը Մարգարի հետ առանձնացավ դահլիճը, իբր թե իրենց ամուսնության մասին նրա հետ խորհրդածելու համար, և Ելենան մնաց միայն, դարձյալ տխուր մտատանջությունները պաշարեցին նրան:

«Այս ո՞րտեղ եմ ես, այս ի՞նչ եմ անում… – մտածում էր նա ինքն իրեն, – փախստական իմ ընկերուհիների միջից, ես նստել եմ մի օտարի տանը, օտար տղաների հետ, և քեֆ եմ անում… գինի եմ խմում, կենացներ եմ դատարկում… բայց իմ մայրը, իմ հայրը… ո՞ւր են նրանք, ո՞րտեղ են, չէ որ ինձ են պտրտում… Եվ մի՞թե ես խելագարվել եմ, ո՞ւր եմ մնում այստեղ և մինչև ե՞րբ պիտի մնամ…»: Այս մտածմունքները նրան շատ վրդովեցին: Նա վեր կացավ տեղից և դիմեց դեպի դահլիճի դուռը՝ դուրս գնալու դիտավորությամբ: Հանկարծ նրա ականջին զարկեց Մարգարի ձայնը, նա այնպես բարձր էր խոսում, որ Ելենան որոշ կերպով լսեց հետևյալ խոսքերը.

– Բայց գիտես ի՞նչ իրարանցում է եղել այսօր տիկին Բերնարի կարանոցում. Ելենայի ծնողները գնացել են այնտեղ, պահանջել են իրենց աղջիկը:

Տիկին Բերնարը նրանց հետ կռվել է. վերջը ոստիկանությունը հրավիրելով արձանագրություն է կազմել տվել իբր թե նրանց պատմելու համար, որովհետև իրեն զրպարտել են: Հենց այն ժամին, երբ ես անցնում էի կարանոցի առջևից, Ելենայի ծնողները նոր էին դուրս եկել տիկին Բերնարի մոտից. խեղճ մայրը այնպես էր լաց լինում, այնպես էր կոծում իրեն, որ ամբողջ փողոցը թափվել էր գլխին… – Ելենան այլևս սպասել չկարողացավ, նա արագությամբ բացավ դուռը և խելագարի նման ներս ընկավ դահլիճը:

– Այդ ինչե՞ր եք պատմում, այդ ինչե՞ր են պատահել, իմ ծնողները պտրտում են ինձ, նրանք լաց են լինում, նրանք ծեծում են իրենց… իսկ այդ բոլորը դուք թարցում եք ինձանից… ա՛խ անգութներ, ինչու՞ քնացրիք ինձ, ինչու՞ սպանում եք մեզ…

– Ի՞նչ է պատահել, Ելենա, հոգյակս, ի՞նչ բանից ես վրդովվել, – փաղաքշում էր նրան Սամվելը, իբր ոչինչ չիմանալով:

– Ի՞նչ բանից… դեռ նո՞ր եք հարցնում, բայց ես բոլորը լսեցի… ի սեր աստծո, պարոն, ազատեցեք ինձ այստեղից. տարեք ինձ իմ ծնողների մոտ. ես չեմ կարող ուշանալ, իմ շունչը կտրվում է, ես խելագարվում եմ… տարեք ինձ…

– Բայց ես այսպես ցերեկով քեզ հետ գնալ չեմ կարող, դա ամոթ բան է ինձ համար. սպասիր մութը մի փոքր կկոխե, այն ժամանակ ես կուղեկցեմ քեզ:

– Ամոթ բա՞ն է… օ՛ օ՛, ամոթ բան է ինձ հետ մանգալ, շատ լավ. ուրեմն ես միայնակ կերթամ. գոնե ցույց տվեք ինձ ձեր տանից դուրս գալու ճանապարհը:

– Բայց այժմ ո՞ւր ես գնում դու, գոնե մի երկու ժամ էլ սպասիր…

Ելենան թողեց Սամվելի խոսքը յուր բերանում և ինքը դուրս պրծավ դեպի պատշգամբը. այդտեղից այծյամի արագությամբ վար իջավ պարտեզը: Զբոսանքի ժամանակ նա այդտեղ նկատել էր մի գաղտնի դուռ, որ և յուր բախտից բաց գտավ:

Այդ դռնից նա դուրս փախավ և այլայլված սկսավ վազել մենավոր մի նեղ փողոցի մեջ:

– Ինչո՞ւ համար ծառաներից մեկին չես հրամայում ետ դարձնել նրան, – հարցրավ Մարգարը Սամվելից, երբ Ելենան իջավ պարտեզ:

– Ի՞նչ հարկ կա. թող ուր ուզում է գնա, – պատասխանեց Սամվելը, – այդպիսով նա իմ գործը դյուրացրավ: Իմ միակ ցանկությունն այն էր, որ այսօր քեզ նրա հետ ճաշ տայի իմ տանս. խոստումս կատարեցի և այժմ հանգիստ եմ:

ՃԳՆԱԺԱՄ

Հասնելով մի մեծ փողոց, Ելենան, դանդաղեցրավ յուր քայլերը, որպեսզի երագելով անցորդների ուշադրությունը չգրավե: Եվ թեպետ նրա վրա ոչ ոք մի առանձին ուշադրություն չէր դարձնում, բայց ինքն անդադար աջ, ձախ և ետ էր նայում: Նա կարծում էր, որ բոլորը գիտեն յուր արածը, որ բոլորը յուր վերա են խոսում… Նա մինչև անգամ յուր երևակայության մեջ լսում էր, թե ինչպես յուր ետևից ծաղրում են իրեն: Եթե մեկը ճանապարհին դեմուդեմ պատահում էր նրան և աչքերն ուղղում էր յուր վերա, ինքը երեսը շուռ էր տալիս, վախենալով թե՝ իսկույն մի նախատինք պիտի լսի այդ անցորդից, նա մինչև անգամ ամաչում էր օրը ցերեկով փողոցի մեջ, բաց երկնքի տակ գտնվելու համար և անհանգստությամբ շտապում էր մի գաղտնարանի մեջ ծածկվելու: Փուլշատյանի առանձնարանից դուրս գալու րոպեին նա միայն մի բան էր մտածում՝ դիմել յուր ծնողաց մոտ, հայտնել, որ ինքը կորած չէ, որ ինքը կենդանի է, և այսպիսով ուրախացնել նրանց… իսկ այժմ նա այդ մտքից անգամ սարսափում էր: Ի՞նչ երեսով գնալ յուր ծնողաց մոտ, ինչո՞վ արդարացնել յուր անհայտանալը…

Վերջապես նա վճռեց դեռ գնալ տիկին Բերնարի մոտ, այն կնոջ, որ յուր համար պատրաստեց այս հոգեկան տագնապը… Գուցե նա նրան մի ելք սովորեցներ… ուստի և ուղղեց յուր քայլերը դեպի կարանոցը:

Կյուրակե լինելով օրվան այդ ժամին կարանոցի մեջ ոչ ոք չկար: Թե՞ կարողուհիները և թե՞ ինքը՝ տիկին Բերնարը դուրս էին եկել զբոսնելու, միայն պառավ աղախինն էր, որ յուր տիկնոջ առանձնարանի դռան առաջ պառկած քնած էր: Ելենան առանց նրան զարթեցնելու, անցավ նախասենյակից և մտավ ա՞յն փոքրիկ սենյակը, ուր սովորաբար իրենց կարերով առանձնանում էին ինքը, Նինոն և Շուշանը կարողուհիների շաղակրատությունից և ափեղցփեղ խոսակցություններից ազատվելու համար: Նա տխուր և լռիկ նստեց յուր սիրելի անկյունում և ընկավ մտածողության մեջ:

Կարանոցի ամայությունն այժմ ավելի և ավելի զգալի էր դարձնում նրան յուր դրության ծանրությունը, «Անցյալ կյուրակե այս միևնույն ժամին ես էլ զբոսնում էի նրանց հետ», – մտածում էր խեղճ աղջիկը. – «այն օրը ես էլ ուրախ և անհոգ էի իմ ընկերուհիների նման, ոչ մի միտք ինձ չէր տանջում… իսկ այսօր… օ՛հ, ինչպես ծանր է. ինչպես անտանելի է… և այս բոլորը փոխվեցավ միմիայն մի շաբաթվա մեջ… այսօր ես վախենում եմ մինչև անգամ մարդու երես դուրս գալու, մարդու հետ խոսակցելու… իսկ իմ ծնողները… աստված իմ, ես սարսափում եմ, թե ի՞նչպես կարող եմ երևալ նրանց աչքին…»:

Այս և սրա նման մտքերով բավական երկար տանջվեցավ խեղճ աղջիկը: Ապա կես տխրությունից և կես հոգնածությունից նրա աչքերը ծանրացան և նա քնեց հենց այն փոքրիկ թախտի վերա, ուր նստած էր:

Երեկոյան դեմ բոլորը վերադարձան տուն, բայց Ելենայի բախտից ոչ ոք չմտավ այն սենյակը, ուր նա պառկած էր: Ամբողջ գիշեր նա հանգիստ քնեց այնտեղ:

Առավոտը մի ինչ որ գործի համար Նինոն մտավ այդտեղ և որքա՛ ն մեծ եղավ նրա զարմանքը, երբ Ելենային քնած գտավ այդ սենյակի մեջ: – Ելենա, մի՞թե դու այստեղ ես… – ուրախությամբ բացականչեց նա և վազեց փաթաթվեց յուր ընկերուհուն, որ դռան ճռնչալուց արդեն զարթել էր:

– Ա՛խ, այդ դո՞ւ ես, Նինո… – մրմնջաց Ելենան և գրկեց նրան:

– Ո՞րտեղ էիր դու, ասա, հոգիս, ո՞ւր էիր գնացել, ամբողջ քաղաքում քեզ պտրտում են: Ո՛րքան մենք տխրեցինք, ո՛րքան լացինք, եթե գիտենայիր… ասա, խնդրում եմ, ո՞րտեղ էիր, ե՞րբ եկար այստեղ:

– Ինձանից ոչինչ մի հարցնիլ, Նինո, հոգյակս, ես այժմ ոչինչ չեմ կարող ասել քեզ …

– Ի՞նչպես թե ոչինչ չես կարող ասել, մի՞թե մի դժբախտություն է պատահել քեզ հետ:

– Ոչինչ, դժբախտություն չէ պատահել, միամիտ եղիր, միայն թե այժմ ես ոչինչ չեմ կարող խոսել, ես հիվանդ եմ…

– Ուրեմն սպասիր, որ տիկնոջն ու Շուշանին հայտնեմ քո գալդ, նրանք էլ շատ անհանգիստ են:

– Ո՛չ, դեռ ոչ ոքին ոչինչ մի՞ հայտնիր, ամենից առաջ խնդրում եմ պատմի՛ր ինձ, թե ի՞նչ է պատահել ինձանից հետո: Դրանով դու ինձ շատ կպարտավորեցնես. իսկ հետո ես քեզ իմ ուր գնացած լինելս կասեմ:

Եվ Նինոն սկսավ մանրամասնաբար պատմել բոլորը, ինչ որ երեկ անցել էր կարանոցի մեջ. նա շատ սրտաշարժ ձևով նկարագրեց և Ելենայի ծնողաց դրությունը, նա պատմեց մինչև անգամ կարողուհիների մեջ յուր մասին տեղի ունեցած կեղտոտ խոսակցությունները…

Այդ բոլորը Ելենան լսեց մերթ ապշությամբ, մերթ կսկիծով և մերթ սարսափելով: Երբ Նինոն վերջացրավ յուր պատմությունը – «այժմ կարող ես իմ մասին հայտնել տիկնոջը», – ասաց նա ընկերուհուն, – «ես այստեղ սպասում եմ նրան»:

– Եվ միայն տիկնո՞ջը:

– Այո՛, առայժմ նրան. Շուշանին անգամ ոչինչ չասես, աղաչում եմ:

– Բայց դու խոստացար ասել ինձ, թե ո՞ւր էիր գնացել:

– Հետո՛, հետո՛, աղաչում եմ, այժմ մի՞ հարցնիր այդ, – թախանձեց նա Նինոյին և վերջինս դուրս գնաց:

Մի քառորդ ժամից հետո տիկին Բերնարը մտավ Ելենայի մոտ:

– Այս ո՞րտեղ էիք դուք, Ելենա, ձեզ չարաչար պտրտում էին ձեր ծնողները;

– Մի՞թե չգիտեք, թե որտեղ էի:

– Ճշմարիտ, որ չգիտեմ:

– Կատա՞կ եք անում, տիկին…

– Ոչինչ կատակ չեմ անում:

– Ես այնտեղ էի, ուր որ դուք ղրկել էիք, – կոշտ ձայնով նկատեց Ելենան, – այս դուք պետք է որ գիտենաք…

– Երիտասարդ Փուլշատյանի տա՞նը:

– Այո՛:

– Բայց ես չէի ղրկել ձեզ, որ այսքան ժամանակ այնտեղ մնայիք և ձեր անքաղաքավար ծնողները ինձ վերա կատաղեցնեիք:

 

– Անկե՞ղծ եք խոսում, տիկին: – Այս ասելով Ելենան յուր հայացքը սևեռեց ուղղակի տիկնոջ աչքերին:

Տիկին Բերնարն ուշադրություն անգամ չդարձրավ նրա .խորհրդավոր հայացքին, և սառնասրտությամբ շարունակեց:

– Օրիորդ, ես ձեզ այդպես չէի ճանաչել. այժմ դուք մի շատ վտանգավոր աղջիկ եք երևում իմ աչքում, ձեր այդ ակնարկություններն ինձ համար անտանելի են. և ես կկամենայի, որ իմ կարանոցը օր առաջ ազատ լիներ մի զրպարտողից. դուք կարող եք մինչև անգամ արատավորել նրա անունը:

Հեղինեն մնաց ընդարմացած. այս նրա սրտին կայծակի հարված իջեցրեց, և նա առաջին անգամ զգաց պատվի կործանման ծանրությունը…

Բայց տիկին Բերնարի այս տեսակ անողոք վարմունքն ուներ իր բնական պատճառները: Զգալով յուր գործած հանցանքի մեծությունը, նա աշխատում էր Ելենայի ամենափոքր ակնարկություններն անգամ, որոնք վերաբերում էին իրեն, պատժել սպառնալիքներով և նրա ամոթխած ու երկչոտ բնավորությունն այս ճանապարհով բռնաբարելուց ետ, չքացնել միանգամայն յուր անձին սպառնացող վտանգները: Եվ նա յուր հաշվի մեջ չէր սխալվում: Ելենան այժմ մի ծծկեր երեխայից է՞լ ավելի անզոր էր դարձել, ամեն մի ծանր խոսք նրան շփոթում էր. և տիկին Բերնարը վտանգներից իրեն ապահովեցնելու համար կարող էր անել նրա հետ ինչ որ կամենար:

– Դուք պետք է գնաք ձեր ծնողաց մոտ, – խոսեց նա կրկին, երբ տեսավ, թե Ելենայի լռությունը շարունակվում է, – գոնե ձեր տան մեջ դուք պաշտպանված կլինիք, մինչդեռ այստեղ մեր աղջիկները ձեզ շատ նեղություն կպատճառեն. ձեր վարմունքն առիթ կտա նրանց ձեզ ծաղրելու, իսկ ես չեմ կարող միշտ զսպել նրանց:

Այս նոր հարվածի վերա Ելենան ամբողջ մարմնով դողդողաց. նա ըմբռնեց տիկնոջ խոսքերի բոլոր ճշմարտությունը… Եվ իրավ, չէ որ նա այժմ մի անպատված աղջիկ էր, և նրան ամեն մարդ կարող էր և իրավունք ուներ ծաղրել… Այո՞, ամեն մարդ, մինչև անգամ փողոցի կանայք…

– Շնորհակալ եմ, տիկին. դուք ինձ լավ խորհուրդ եք տալիս, – վերջապես խոսեց Ելենան նվաղած ձայնով, – ես կերթամ, կհեռանամ այստեղից, միայն մինչև երեկո թույլ պիտի տաք մնալ այստեղ, ես օրը ցերեկով չեմ կամենում ոչ ոքի երևալ:

– Շատ լավ, ինչպես կամենում եք, – ասաց տիկին Բերնարը և դուրս գնաց սենյակից:

Ելենան մնաց միայնակ. նա գլուխը կախեց և ընկղմվեցավ տխուր մտածմունքների և հոգեկան տանջանաց անհատակ ծովի մեջ:

– Այո՞, ես մի անպատված աղջիկ եմ, և տիկին Բերնարն իրավունք ունի ինձ յուր կարանոցից արտաքսելու. ես կարող եմ արատավորել նրա անունը… նա մինչև անգամ ինձ խղճում է, նա չէ կամենում, որ յուր աղջիկները ծաղրեն ինձ… Աստված իմ, աստված իմ, և մի՞թե ես անարգության մինչև այս աստիճանը պետք է հասնեի, մի՞թե ես այնքան պիտի ստորանայի, որ տիկին Բերնարի կարողներն անգամ ծաղրեին ինձ: Եվ տիկին Բերնարը, որ թշվառության այս արկածը յուր ձեռքով իմ գլխի վերա փաթաթեց, չէ կամենում մի օր անգամ պատսպարել ինձ յուր տան մեջ. նա վախենում է հասարակության բերանից, նա պատվավոր կին է.. Իսկ ես ո՞ւր գնամ, աստված իմ, ո՞ւմ դիմեմ, մի՞թե իմ ծնողաց մոտ. բայց ի՞նչ երեսով, ինչու՞ համար, որպեսզի նրանց էլ ընկեր հարևանի մոտ ծաղրի և խայտառակության առարկա շինե՞մ… խեղճ իմ բարի ծնողներ, և դուք երբեք չէիք կարծիլ, թե ձեր Ելենան, ձեր համեստ և ամոթխած աղջիկը, որին այնքան փայփայում, սիրում և պաշտում էիք, մի օր պիտի կորցներ ձեր միակ և թանկագին հարստությունը՝ ձեր անարատ անունը և պատիվը… Օ՛հ, ո՛չ, ես չեմ ապրիլ, որ ձեզ անպատվություն բերեմ, ես կմեռնեմ. ավելի լավ է ինձ կորցնեք, քան թե ձեր բարի անունը…

Այս խոսքերից ետ նա վեր կացավ տեղից և սկսեց հուզված անցուդարձ անել սենյակի մեջ: Հանկարծ մի լուսավոր միտք ծագեց նրա գլխում և նրա երեսը փայլեց մի անսովոր ուրախությամբ:

– Ինչո՞ւ համար այս աստիճան ես կորցրել եմ ինձ, – բացականչեց նա, – ինչո՞ւ համար սպանեմ ինձ, մի՞թե ես այլևս պաշտպան չունեմ, իսկ իմ Սամվե՞լը, ինչու՞ համար ես մոռացել եմ նրան, չէ՞ որ նա ինձ սիրում է. չէ՞ որ նա իմ նշանածն է: Այո՛ ես կերթամ նրա մոտ, նա ինձ կպաշտպանե, նա չի թողնիլ, որ ուրիշները ծաղրեն յուր Ելենային… Ես կխնդրեմ, որ հենց վաղը նա դիմե իմ ծնողներին, խնդրե իմ ձեռքը և իսկույն պսակվի ինձ հետ. Նա իմ խնդիրը չի մերժիլ. նա ինձ սիրում է, նա գիտե, որ ես էլ յուր սրրո համար զոհեցի ինձ… Այո՛, նա կկատարե իմ խնդիրը և այդպիսով կփակե բոլոր խոսող բերանները և այն ժամանակ ես չեմ քաշվիլ բոլոր եղելությունը պատմել իմ ծնողներին, նրանք չեն դատապարտիլ ինձ, որ ես սիրել եմ և կհամոզվեն, որ իզուր չեմ սիրել…

Այս մտքով ոգևորված, Ելենան անհամբերությամբ սպասում էր ցանկալի երեկոյին: Նա տիկին Բերնարի միջոցով կանչեց յուր մոտ Նինոյին և կրկին անգամ թախանձանոք պատվիրեց նրան, որ ոչ ոքի հետ ոչինչ չխոսե յուր մասին մինչև մյուս առավոտ: Նինոն խոստացավ ճշտությամբ կատարել յուր սիրելի ընկերուհվո խնդիրը: