Za darmo

Պատմվածքներ

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

ԳՐԲԱՑ ՍԱԼՈՄԵՆ

Մեզ ծանոթ Սալոմեի արտաքին կերպարանքը հակակրական չէր, ինչպես այդ հատուկ է այս քաղաքի պառավներից շատերին: Նա կարճահասակ էր, կլորիկ և քաղցր երեսով, միշտ ժպտող բերանով: Նրա աչքերը թեպետ պառավությունից կկոցված, բայց դեռ պահել էին իրենց մեջ վաղեմի գեղեցկության հետքերը, խորշոմները դեռ բոլորովին չէին գրավել նրա այտերը, որոնց վրա միշտ փայլում էր մի գունատ կարմրություն:

Նրա հայացքը երբեմն քաղցր էր և պարզ, և երբեմն սուր և խորհրդավոր: Սալոմեն թեպետ սիրում էր շատախոսել, բայց նա յուր գաղտնիքներից ոչինչ չէր հայտնում յուր մերձավորներին, իսկ գաղտնիքներ նա շատ ուներ: Եվ այդ գաղտնիքների սկիզբը դրվեցավ այն օրից, երբ յուր հանգուցյալ ամուսին դերձակ Սանդրոն գինու տկճուրը մի ձեռքում և խորովածի շամփուրը մյուսում քարափից ներքև գլորվեցավ և խեղդվեցավ Քռի մեջ: Հանգուցյալի համփսոններն ասում էին, որ իբր Սանդրոն հարբած լինելով գինու տկճուրը և խորովածը ձեռքին կամեցել է պարել քարափի ծայրին, բայց չկարողանալով պահել իրան, սահել է և գինու ու խորովածի հետ միասին գլորվել Քռի մեջ: Իսկ Սալոմեն, իհարկե, չէր հավատում Սանդրոյի համփսոնների պատմության, որովհետև յուր ամուսնու խեղդված գիշերը սուրբ Ծիրանավորը երեվացել էր նրան և ասել էր, թե Սանդրոյին ինքն է տարել իր մոտ, որ սուրբերի համար շորեր կարի: Իսկ դրա փոխարեն սուրբ Ծիրանավորը տվել էր Սալոմեին մարգարեության շնորհք, որով նա կարող էր բոլոր երիտասարդների և աղջկերանց գաղտնիքները հասկանալ, նրանց ապագան գուշակել, աստծու բարկությունը մարդիկներից հեռացնել և այլն, և այլն:

Հարկ չկա ասել, որ Սանդրոյի մահից հետո, Սալոմեն քաղցից կմեռներ, եթե սուրբ Ծիրանավորը նրան մարգարեության այդ շնորհքը չտար:

Եվ այսպես, տասը տարի առաջ Հավլաբարում «դերձակ Սանդրոյի կին» անունով հայտնի Սալոմեն մի գեղեցիկ օր երևեցավ մեզ հայտնի թաղում «գրբաց Սալոմե» անունով և ամսական երկու ռուբլիով վարձեց ա՞յն տունը, որի մեջ մինչև այսօր էլ ապրում է նա:

Հետզհետե նրա մոտ սկսավ հաճախել իրենց ապագայի հետ ծանոթանալ ցանկացող կանայք և աղջիկներ: Սալոմեն շատ ճշտությամբ գուշակում էր նրանց սրտի ցանկությունները, ցավերը, հոգեկան վշտերը և զարմանալի մարգարեություններ էր անում նրանց ապագայի համար, որոնք միշտ կատարվում էին:

Այսպես, օրինակ, մի մանկամարդ կին հայտնում էր նրան, որ ինքը սիրում է այսինչ երիտասարդին, բայց ամաչում է յուր սերը հայտնել նրան, ուստի խնդրում էր Սալոմեին, որ փալին նայե ու տեսնե, արդյոք հույս կա՞, որ այդ երիտասարդն էլ իրեն սիրե:

Սալոմեն իսկույն շարում էր յուր թղթերը զանազան ուղղությամբ, երկար նայում էր նրանց վրա, ապա զատում էր նրանցից մի քանիսը, կրկին խառնում էր, կրկին շարում, և հետո սկսում էր յուր գուշակությունները: – «Այդ երիտասարդը երեք օրից հետո առանձին քեզ նամակ կգրե, կհայտնե քեզ յուր սերը, մի տեղ կնշանակե, ուր դուք իրար հետ կտեսնվիք և ապա կսկսեք ձեր բարեկամությունը…»: Եվ իրավ, երեք օրից հետո մանկամարդ կինը ստանում էր յուր սիրած երիտասարդից առանձին նամակ, նրանք տեսնվում էին իրար հետ և սկսում էին իրենց երջանիկ բարեկամությունը…

Ի՞նչպես էր պատահում այդ. հրաշքո՞վ, – ո՛չ. ամենապարզ եղանակով: Սալոմեն մանկամարդ տիկնոջ գաղտնիքն իմանալուց հետո անձամբ տեսնվում էր երիտասարդի հետ, հայտնում էր նրան տիկնոջ խոսածները և գործը կարգադրում էր այնպես, ինչպես ինքն էր գուշակել: Հարկ չկա ասելու, որ երիտասարդն էլ իր կողմից մեծ հաճությամբ կատարում էր Սալոմեի պատվերը թե՞ նրա գուշակությունը սուտ չհանելու և թե յուր բախտը լիովին վայելելու համար: Իսկ Սալոմեն պարզ է, որ երկու կողմից էլ առատ վարձատրություն էր ստանում:

Այսպիսի հրաշագործություններով քիչ ժամանակի մեջ նա այնպիսի հռչակ ստացավ, որ քաղաքի ամեն անկյուններից կանայք, աղջիկներ և նախապաշարյալ մարդիկ բազմությամբ դիմում էին նրա մոտ իրենց ցավերին դեղ ու դարման անելու համար: Իսկ ավելի բարձր ընտանիքները նրան պատվով հրավիրում էին իրենց տունը, և ամենայն տեղ էլ առատ վարձատրությամբ վարձատրում նրան:

Նախապաշարմունքը, կախարդության և հմայության հավատալը՝ միայն աղքատ և տգետ կանանց բաժինը չէ. մեր մեջ այդ ախտով տոոգորված են նույնիսկ զարգացածները, դպրոցներ և վարժարաններ ավարտած կանայք, արիստոկրատ տիկնայք և մեծանուն օրիորդներ: Փիլիսոփայական խորհրդածություններ կարդացող և հասկացող աղջիկը նույնչափ հավատով և հաճությամբ է նայում գրբացությանը, հմայական հռութներին և նոր կախարդական խաբեություններին, որչափ հավլաբարցի մի տգետ կալատոզի աղջիկը: Պարզ է, ուրեմն, որ Սալոմեի նման մի խաբեբա պառավը մեծ ժողովրդականություն պիտի վաստակեր այս քաղաքի մեջ. Բայց – այդ դեռ բոլորը չէ:

Սալոմեն յուր այդ արհեստի շնորհիվ հետզհետե ծանոթանալով քաղաքի ամեն անկյունների հետ, յուր համար մի այլ եկամտի աղբյուր էլ հնարեց, այն է – գտնել հարուստ և շռայլող երիտասարդների համար զվարճության նորանոր առարկաներ, այսինքն՝ բարեկամուհիներ, տարփածուներ… Նա այնքան հնարագետ և ճարպիկ էր, որ այդ տեսակ գործերից ամենադժվարին անգամ աներկյուղ ձեռնարկում էր և հաջողությամբ գլուխ հանում: Յուր արհեստը այդ բանում օգնում էր նրան: Ծանոթ լինելով ամեն տեսակ ընտանիքների հետ, նա յուր առաջ փակ դուռ չուներ: Նա թափանցում էր անմատչելի գաղտնարանները, մտնում էր սկեսրարներով և տագրներով շրջապատված հարսի առանձնարանը, խոսակցում էր հոր բռնության տակ ապրող աղջկա հետ, հիմարացնում էր հարուստ և աղքատ, բայց միշտ գեղեցիկ այրիներին, խաբում էր չքավոր մայրերին և հրապուրում թեթևսոլիկ աղջիկներին…

Ահա այսպիսի մի ծառայության համար էլ նա ծանոթացավ քաղաքի մի շատ հարուստ մարդու, այն է՝ Աղաբաբ Փուլշատյանի որդու՝ Սամվելի հետ: Վերջինս մի քանի դեպքերում տեսնելով Սալոմեի արտաքո կարգի խորամանկությունը և ճարպկությունը – յուր սիրած գործերում, ընտրեց նրան յուր համար մշտական զվարճությանց մատակարար ամսական որոշ թոշակ կապելով նրա համար: Այսպիսով Սալոմեն պարտավոր էր քաղաքի մեջ լույս ընկնող ամեն մի գեղեցկուհու մասին տեղեկություններ տալ երիտասարդ Փուլշատյանին, թե արդյոք ո՞վ և ո՞ր տեղացի է այդ գեղեցկուհին, ի՞նչ պաշտպաններ ունի, ինչո՞վ կարելի է նրան ձեռք բերել – ոսկո՞վ, թե ուրիշ միջոցներով, և այս ամենը ստուգելուց հետո ծանոթացնել և բարեկամացնել նրան Սամվելի հետ…

Գրբացությունը և. զանազան հմայությունները, որոնք մինչև այն Սալոմեի համար միակ ապրուստի միջոցնեին էին, այժմ ծառայում էին նրան իբր մի ուռկան, որի մեջ անխտիր բռնվում էին թե՛ խեղճ ծնողաց աղջիկները, թե՛ անպաշտպան որբուկները և թե՛, նույնիսկ, և՛ հարստություն, և՛ պաշտպանություն վայելող գեղանիները: Հարկ չկա ասել, որ զվարճասեր Փուլշատյանն այս բավականության համար ոչինչ չէր խնայում այն մեծ հարստությունից, որը դիզել էր յուր հայրը ճակատի քրտինքով, ինչպես նա միշտ սովոր էր ասել: Եվ Սալոմեն յուր սկսած գործերի մեջ երևան եկող դժվարություններն և արգելքները հաղթելու համար ամեն միջոց առձեռն ուներ, որովհետև յուր երիտասարդ պարոնի մոտ վայելում էր անսահման վարկ և հավատարմություն:

Զվարճության մի «առարկան» ձեռք բերելուց ետ, խորամանկ պառավը իսկույն ևեթ սկսում էր որոնել մի ուրիշը, որովհետև այնպես էր հրամայված յուր երիտասարդ պարոնից, որը շատ սիրում էր փոփոխությունները… Իսկ այդ «ուրիշը» գրավելուց հետո նա պարտավոր էր հետամուտ լինել «երրորդին» և այսպես շարունակ:

Նախընթաց գլխում Սալոմեի մոտ գիշերով այցելող երիտասարդի հանձնարարությունը նույնպես վերաբերում էր՝ այս «ուրիշներից» կամ «երրորդներից» մինին:

ՏԻԿԻՆ ԲԵՐՆԱՐԻ ԿԱՐԱՆՈՑՈՒՄ

Այն խանութները, որոնց մեջ զետեղված էր տիկին Բերնարի կարանոցը, բաղկացած էին մի քանի մասերից: Առաջին բաժանման մեջ, որը նայում էր մեծ փողոցի վրա, բանում էին նրա կարողուհիները, իսկ նրա ետքի սենյակներում բնակվում էր ինքը՝ տիկին Բերնարը և յուր գիշերօթիկ բանողները:

Չնայելով, որ դեռ առավոտյան ժամը յոթն էր, Բերնարի կարանոցում արդեն աշխատանքները սկսված էին: Մոտ քսանևհինգ աղջիկներ, ոմանք խմբակներով, ոմանք երկ-երկու և այլք առանձին-առանձին նստած, գլխակոր և անխոս կարում էին: Նրանց մեջ լուռ և մունջ անցուդարձ էր անում ինքը՝ տիկին Բերնարը: Սա մի հաստլիկ, միջահասակ և համակրական դեմքով կնիկ էր: Թեպետ տեսնողը նրան հազիվ քառասուն տարեկան կկարծեր, բայց, իրոք, հիսունից անց էր: Տիկին Բերնարի անցյալի մասին շատ քչերը միայն տեղեկություններ ունեին, և այդ քչերը պատկանում էին վաթսունական թվականների այն երիտասարդական խմբին, որ յուր կյանքի ամենաթանկ րոպեներն անցուցել է Օրթաճալայի այգիներում, անուշ գինիների և գեղեցիկ աղջիկների ընկերակցությամբ: Պատմում են, որ տիկին Բերնարն այդ միջոցներում արտասահմանից դեռ նոր էր եկել Կովկաս: Նա նշանավոր էր յուր գեղեցկությամբ, այդ պատճառով էլ իսկույն գնահատվեցավ զարգացած ճաշակ ունեցող երիտասարդությունից: Այդ ժամանակ ամենակատարյալ քեֆերը սարքվում էին միայն տիկին Բերնարի համար, ամենագեղեցիկ երգերը երգվում էին նրա ներկայությամբ և ամենաթանկագին գինիներով խմում էին նրա կենացը:

Ինչպես պատմում են՝ լոգարանը (ванна) շամպանիայով լցնելը, նրա մեջ լողանալը և յուր մարմինը լվացած շամպանիայով երկրպագուներին արբեցնելը առաջին անգամ Կովկաս մտցրեց տիկին Բերնարը: Քեֆերի ժամանակ նրա երկրպագուներից շատերը բաժակի փոխարեն նրա ոտնամաններով էին գինի խմում: Նա ինքը մի օր գրել է Նիցցայում ապրող յուր մի բարեկամուհուն հետևյալը.

– «Իզուր են կարծում, թե Կովկասում վայրենիներ են ապրում: Թիֆլիսը ճաշակի զարգացման կողմից ոչնչով ետ չի մնում եվրոպական նշանավոր քաղաքներից: Չի պիտի զարմանաք եթե ասեմ, թե այստեղի ապրել գիտցող երիտասարդությունը տասը տարվա ընթացքում ինձ համար զոհել է հինգ միլիոն ֆրանկից ավելի: Եվ թեպետ այդ բոլորը գործադրվել է միմիայն մեր բարեկամական շրջանի կյանքը մասամբ քաղցրացնելու համար, այսուամենայնիվ հենց այդ բարեկամաց շնորհիվ ես այսօր մի ապահովված դրություն ունիմ…»:

Այո՞, տիկին Բերնարը մի օր Թիֆլիսի երիտասարդության աստվածուհին էր. բայց չէ՞ որ քսանևհինգ տարին մի շատ երկար ժամանակ է: Իսկ ժամանակը, որ կոթողները մաշում է և կամարները կործանում, պետք է յուր դրոշմը դներ տիկին Բերնարի գեղեցիկ դեմքին և խորշոմներով ծածկեր նրան… Այդ շատ անախորժ բան է, բայց ո՞վ կարող է կռվել բնության հետ. դարձյալ խելոքը նա է, որ հարմարվում է ժամանակի հետ:

Ահա` թե ինչո՞ւ այսօր տիկին Բերնարը կարանոց էր պահում և այժմ էլ այդ ճանապարհով է փող վաստակում:

Դառնանք այժմ մեր պատմության:

Տիկին Բերնարը շարունակում էր յուր լուռ անցուդարձը կարանոցի մեջ. երբեմն-երբեմն էլ խոնարհվելով դեպի այս ու այն կարողը դիտում էր նրա գործը և զանազան նկատողություններ անում: Կարողուհիներից ոչ ոք գրեթե ոչինչ չէր խոսում, բացի այն ժամանակ, երբ հարկավոր էր մի բան հարցնել տիկնոջից:

Այս միջոցին Բերնարի աղախինը մտավ կարանոցը և. հայտնեց տիկնոջը, որ մի հայ կին ուզում է իրեն տեսնել: Տիկին Բերնարը դուրս գնաց: Կարողուհիներն սկսան իրենց խոսք ու զրույցը:

Մի րոպեի մեջ կարանոցը նմանվեցավ դպրոցի այն դասատուններից մեկին, որի վարժապետը բացակա է:

Ամեն անկյունից այժմ լսվում էին հարց ու պատասխաններ, ծիծաղ, քրքիջ և երբեմն էլ կանացի փոքրիկ հայհոյանքներ, անեծքներ:

 

Կարանոցի աջ անկյունի մոտ գտնվող մեծ պատուհանի առաջ դարձյալ միասին նստած էին մեր նախածանոթ երեք կարողուհիները՝ Ելենան, Նինոն և Շուշանը և փոքրիկ զրուցատրությամբ կարում էին իրենց գործը: Նրանց խոսակցության առարկան դարձյալ երեկվա գեղեցիկ երիտասարդն էր:

– Լավ, Ելենա, եթե այն տղի աչքը քեզ վրա չէր, ինչո՞ւ համար մեր ետքից մտավ այստեղ և շապիկներ պատվիրեց, – կամացուկ խոսում էր Շուշանը:

– Զարմանալի բան ես հարցնում, այդ մարդուն շապիկներ էին հարկավոր և եկավ պատվիրեց, ինչո՞ւ անպատճառ իմ պատճառով պիտի լիներ: Եվ վերջապես մի՞թե ես միայնակ եմ այստեղ և ուրիշ աղջիկներ չկա՞ն, որ նրանց պատճառով լիներ:

– Ուրիշ աղջիկներ էլ կան, բայց տեսա՞ր, որ նա միայն քեզ մոտեցավ և քեզ հետ խոսեց:

– Ձեզ հետ էլ խոսեց:

– Ո՞չ, մեզ հետ միայն քո պատճառով խոսեց:

– Դուք էլի՞ սկսեցիք վիճել, – մեջ մտավ Նինոն:

– Ի՞նչ անեմ, չե՞ս տեսնում, Շուշանը ուզում է անպատճառ հաստատել, որ այդ երիտասարդն ինձ ուզում է, – կես բարկությամբ հարեց Ելենան, – չեմ իմանում ի՞նչն է ստիպում նրան միշտ այդ առարկայի վերա խոսել:

– Է՛հ, լավ, Ելենա, ճշմարիտն ասա, եթե այդ տղան քեզ ուզելու լինի, չե՞ս գնալ, – հարցրեց Նինոն:

Ելենան ոչինչ չպատասխանեց:

– Քեզ հետ չե՞մ, ինչու՞ չես պատասխանում, – կրկին խոսեց Նինոն և կարը թողնելով սևեռեց աչքերը Ելենայի վրա:

– Իմ գլխի տերը ես չեմ, որ գնամ կամ չգնամ, այդ իմ ծնողների գործն է, – պատասխանեց նա:

– Իսկ եթե նրանք համաձայնվելու լինեն, կերթա՞ս:

– Ինչո՞ւ չէ, – կամացուկ պատասխանեց Ելենան և ժպտաց:

– Ա՛, ուրեմն դու սկսել ես նրան սիրել:

– Այնպես երիտասարդին ո՞վ չի սիրիլ, – նկատեց Շուշանը:

– Ճշմարի՞տ չէ. սկսել ես սիրել, – կրկին հարցրեց Նինոն:

– Այո՛, այո՛, սկսել եմ սիրել, – իբր թե բարկացած պատասխանեց Ելենան, բայց նրա հանկարծակի շառագունիլը հայտնի ապացուցանում էր, որ օրիորդն անտարբեր չէր դեպի գեղեցիկ երիտասարդը:

Համեստությունը, որ այնքան զորեղ կերպով կապանքներ է դնում պարկեշտ աղջկա բերանին, միշտ անզոր է գտնվել նրա սիրտը շղթայելու համար: Իզուր միամիտ խնամակալները սրտի անմեղությունը չափում են նրա բերանի լռությամբ: Այդ լռությունը շատ անգամ ավելի է խոսում, քան լեզուն, որ նրան հնազանդվում է. միայն ցավալին այն է, որ շատ քչերն են ըմբռնում լռության խոսքը: Ելենան, չնայելով յուր լռակեցությանը, ճշմարիտ, որ սկսել էր սիրել գեղեցիկ երիտասարդին: Առաջին անգամից իսկ, երբ այգու մեջ նրա հայացքը հանդիպեցավ երիտասարդի հայացքին և նրանից հեռացավ, մի անծանոթ անհանգստություն պղտորեց նրա սիրտը, ի՞նչ զգացում էր այդ, նա չգիտեր, բայց կցանկանար, որ այդ հայացքը կրկին պատահեր իրեն, միայն այնպես, որ ուրիշները չնկատեին, որ նույնիսկ երիտասարդն այդ չհասկանար: Հենց այդ րոպեից սկսած նա անուշադիր էր յուր ընկերուհիների խոսակցության, և միայն այն ժամանակն էր մտադրությամբ լսում նրանց, երբ խոսքը դառնում էր գեղեցիկ երիտասարդի վրա:

Երեկ իսկ, երբ նա մտավ կարանոցը շապիկներ պատվիրելու համար, և մոտեցավ իրեն հետ խոսելու, Ելենան սաստիկ շառագունեցավ, նրա սիրտն սկսեց անհանգստությամբ տրոփել. այդ բանը նկատեցին յուր ընկերուհիները և սկսան ծիծաղել, նրանք այդ վերագրում էին միայն նրա ամոթխածությանը, որը միշտ ծաղրում էին: Իսկ այս գիշեր նա մինչև անգամ շատ անհանգիստ քնեց, յուր երազներում հաճախ տեսնում էր գեղեցիկ երիտասարդին և փախչում էր նրանից: Անմեղ սիրտը սկսել էր խաղալիք դառնալ սիրո անդրանիկ հարվածին…

Այն միջոցին, երբ երեք ընկերուհիներն իրենց ծանոթ երիտասարդի մասին կամացուկ խոսելով էին զբաղված, կարանոցի ետքը առանձնարանումն էլ մի ուրիշ խոսակցություն էր շարունակվում տիկին Բերնարի և գրբաց Սալոմեի մեջ: Թե ինչ էր, իսկապես, դրանց խոսակցության առարկան, հայտնի չէր, միայն թե նրանց հետևյալ խոսքերից կա՛րելի էր եզրակացնել, որ մի ինչ-որ խորհրդավոր առևտուր պիտի լիներ նա:

– Հավատացնում եմ ձեզ, որ չեմ կարող, – համոզում էր տիկին Բերնարը Սալոմեին, – ձեր առաջարկածը շատ չնչին գին է համեմատելով առարկայի մեծության և այն վտանգի հետ, որին ինքս ինձ ենթարկում եմ:

– Թե առարկան մեծ և արժանավոր է, դրան խոսք չունեմ, բայց պիտի իմանաք, որ մեր առաջարկած վարձատրությունն էլ պակաս գին չէ: Ես այդ գնով ավելի լավերն եմ ձեռք բերել: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե դուք վտանգի եք ենթարկվում մեր առաջարկությունն ընդունելով, դա բոլորովին ավելորդ երկյուղ է: Մենք խո այս բանի մասին միմյանց թուղթ չե՞նք տալիս: Ո՞վ կարող է ապացուցանել, որ այդ գործում դուք եք մեղավորը:

Այս միամտացնող խոսքերի վերա տիկին Բերնարը ժպտաց: Նա կարծես դրանով կամենում էր հասկացնել Սալոմեին թե՝ «քո կողմից ինձ խելք սովորեցնելն ավելորդ է. այս առաջին անգամը չէ, որ ես այդ տեսակ առևտուր եմ անում: Ուրեմն որքան էլ որ քիչ հասկացողություն ունենամ այդ ճանապարհների մասին, գոնե մի որևէ գրբաց Սալոմեից հետ չեմ մնալ»:

– Այսպես թե այնպես, մա՛յրիկ, ես ձեր առաջարկությունն ընդունել չեմ կարող, – վճռաբար խոսաց տիկին Բերնարը, – ես մի գին ասացի, վերջացրի: Կամենո՞ւմ եք, տվեք՝ չե՞ք կամենում, բարով եկիք. ես երկար խոսելու ժամանակ, չունիմ:

– Լավ, ուրեմն թող կրկնապատիկը լինի, սրա դեմ հո խոսք չունի՞ք, – վստահությամբ հարցրավ Սալոմեն:

– Ձեզ ասացի, որ պակաս անկարելի է, ինչու համար իզուր տեղը ժամանակ եք վատնում: – Այս ասելով, իբրև թե բարկացած, վեր կացավ տիկին Բերնարը և ուղղվեցավ դեպի դուռը:

Երևում էր, որ էլ խոսելու տեղ չկար. Սալոմեն մնացել էր շվարած:

– Լավ, մի՛ գնաք, համաձայն եմ, – գոչեց նա տիկին Բերնարի ետևից և յուր ձեռքը պարզեց դեպի նրան ի նշան հաճության: Տիկին Բերնարն յուր կողմից սեղմեց նրան, և առևտուրը վերջացավ:

– Ուրեմն ի՞նչպես կանեք, որ էգուց երեկոյան ես տանեմ նրան, – հարցրավ Սալոմեն տիկին Բերնարին:

– Դուք գնացեք փողը բերեք, իսկ մնացածը թողեք ինձ կարգադրելու, – հակիրճ պատասխանեց տիկին Բերնարը և հեռացավ:

Սալոմեն ուրախությամբ դուրս գնաց:

– Աղջիկներ, ինչո՞վ եք զբաղվում, մի քանիսդ թողեցեք քիչ հարկավոր գործերը և սկսեցեք կարել երեկվա պատվիրած շապիկները, նրանք շատ հարկավոր են, ես խոստացա վաղը երեկոյան հանձնել տիրոջը: – Այս խոսքերով տիկին Բերնարը մտավ կարանոցը և մի քանի աղջկերանց ձեռքից իրենց կարերը վերցնելով, փոխարենը բաժանեց պարոն Փուլշատյանի պատվիրած շապիկներից մի-մի հատ:

Այս կարողների շարքում կային Ելենան և յուր երկու ընկերուհիները: Նրանք անընդհատ նայում էին միմյանց իրենց խորհրդավոր հայացքներով և ժպտում:

– Ուրախացի՛ր, Ելենա, էգուց պետք է գեղեցիկ երիտասարդին տեսնես, – կամացուկ շշնջաց Նինոն Ելենայի ականջում, տիկին Բերնարի ծանուցումը լսելուց ետ:

– Անշուշտ վաղը դու մեզ նրա հետ կծանոթացնես, այնպես չէ՞, դու արդեն նրա ծանոթն ես, – ավելացնում էր մյուս կողմից Շուշանը: Իսկ Ելենան, որ արտաքուստ բնավ չէր հաշտվում յուր ընկերուհիների կատակների հետ, ներքուստ մեծ հրճվանք էր զգում սիրած երիտասարդի մասին այդքան արձակ խոսակցություններ լսելուն համար: Նա մինչև անգամ մի առանձին փութաջանությամբ սկսեց յուր կարը: Բայց տիկին Բերնարի նոր պատվերն անհանգստացնելու չափ հետաքրքրում էր նրան:

Ի՛նչ էր արդյոք պատճառը, որ նա շտապեցնում էր երիտասարդի գործը: Ելենան շատ լավ հիշում էր, որ երեկ տիկին Բերնարը նրան ոչինչ խոստում չէր արել շապիկները շուտ հանձնելու համար, և եթե արած էլ լիներ, ինչո՞ւ առավոտվանից չտվավ նա այդ պատվերը կարողներին: Եվ վերջապես ո՞վ էր այն կինը, որ նրան կանչեց, ի՞նչ էր խոսում նա նրա հետ, այդ մանավանդ շատ հետաքրքրում էր իրեն, որովհետև նրա խոսածների և տիկին Բերնարի նոր պատվերի մեջ նա մի կապ էր նշմարում, բայց ճշմարտության հասու լինել չէր կարողանում:

Մինչև այն, տիկին Բերնարի մոտ շատ կանայք էին եկել, և տիկին Բերնարը շատ նոր պատվերներ էր տվել յուր կարողներին, բայց այդ դեպքերից և ոչ մեկն իրեն չէին հետաքրքրել: Իսկ այսօր … այսօր նա ամեն ելումուտ հետաքրքրությամբ դիտում է, բոլոր խոսակցությունները լսում է, բոլոր ակնարկները զննում է: Մի գաղտնի նախազգացմունք անհանգստացնում է նրան, նա սպասում է մի ինչ-որ նորության, որ անշուշտ իրեն պիտի վերաբերեր… և այդ նորությունը, որի ինչ լինելն ինքը չգիտեր, մերթ ուրախացնում և մերթ սարսափեցնում էր նրան:

ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՎՈԻՄ Է

Բարոյախոսները թանկագին հարստություն են համարում «վարկը» և «պատիվը», և նրանց անարատ պահելու համար քարոզներ են կարդում մեր գլխին: Բայց մարդկությունն ավելի շնորհապարտ կլիներ նրանց, եթե այդ հարստությունը պաշտպանելու համար, դրանք կարողանային զենքեր հնարել և մեր ձեռքը տալ: «Քարոզները» շատ թույլ միջոցներ են «պատվի» սեփականությունը պաշտպանելու համար, մանավանդ, որ նրանք շատ անգամ ծառայում են իբր զենք հենց ա՛յն մարդկանց ձեռքում, որոնք «վարկի» և «պատվի» գողությամբ են ապրում: Նյութական հարստություն պաշտպանելու գործն ավելի դյուրին է, քան բարոյական հարստության: Առաջինի համար բավական են երկու զորեղ բազուկներ և մի փայլուն սուր, նյութական հարստությունը մեր տան մեջ, մեր առջևն է, հափշտակողին մի հարված, և դատաստանը վերջացած է: Իսկ բարոյական հարստությունը … ավա՛ղ նա մեր ձեռքում չէ, նա գտնվում է հասարակաց կարծիքի հրապարակի վրա: Շատ անգամ ճարպիկ սրիկաներ գողանում են նրան առանց մեր գիտության, և հենց այն րոպեին, երբ մենք պաշտպանում ենք նրան կարծելով, թե նա մեր ձեռքում, մեր գրկումն է, նա հրապարակի վրա վաճառքի է հանվում…

Հասարակաց կարծիքը չէ որոնում ավազակներին, չէ պատժում մեր բարոյական հարստությունը գաղտագողի հափշտակողներին. նա միայն մի բան գիտե, նա դատավոր է նստում մեր գլխին և դատապարտում է մեզ, որ մենք մեր «վարկը» և «պատիվը» կորցրինք… Իսկ ճշմարտությո՞ւնը. Օ՛հ նա ամենից երկչոտ արարածն է: Նա տեսնում է, թե ինչպես խորամանկները մեր շփոթությունը նկատելով անկյուններում ծիծաղում են, խեղկատակներն անխղճաբար ծաղրում են մեզ և ամբոխը քարեր է շպրտում մեզ վրա, նա տեսնում է այս ամենը, նա գիտե, որ մենք արդար ենք և դարձյալ երկյուղից կծկվում է յուր գաղտնարանում, և լույս աշխարհ գալիս միայն այն ժամանակ, երբ մենք արդեն ամբոխի կատաղի հարվածներից անշնչացած՝ գլորված ենք գետնի վրա…

Ի՞նչ դարման ունին արդյոք բարոյագետներն այս ցավալի դրության համար, իհարկե ոչինչ …

Մութը կոխել էր, կրպակներում հետզհետե վառվում էին կանթեղները և գնալով փողոցների մեջ անցուդարձը կենդանանում էր: Բերնարի կարանոցը միայն բացառություն էր կազմում լուսավորված խանութների շարքի մեջ: Նրա դռները պինդ-պինդ կողպվում էին, որովհետև օրվան այդ ժամանակը այդտեղ դադարում էին աշխատանքները: Երթևեկ բանվորուհիներն արդեն ցրվել էին իրենց բնակարանները, և տիկին Բերնարի մոտ մնում էին նրա սակավաթիվ գիշերօթիկները, որոնք մի մեծ սենյակի մեջ հավաքված շաղակրատում էին, կատակներ էին անում և ծիծաղում էին: Ելենան նրանց մեջ չէր. այդ ժամանակ նա գտնվում էր տիկին Բերնարի առանձնասենյակում:

– Դու ասում ես պատրա՞ստ է արդեն այն պարոնի շապիկները, – հարցնում էր Ելենային տիկինը, անցուդարձ անելով սենյակի մեջ:

– Այո՛, ես ինքս իմ ձեռքով դարսեցի նրանց կողովի. նա բոլորովին պատրաստ է, կարող եք ուղարկել:

– Շատ լավ, շատ լավ, – մեքենայաբար կրկնեց տիկինը և մի քանի անգամ անց ու դարձ անելուց ետ եկավ նստեց փափուկ բազկաթոռի վրա:

– Արի նստի՞ր ինձ մոտ, Ելենա, քեզ հետ գաղտնի խոսելիք ունիմ, – ասաց նա և մի աթոռ քաշեց իրեն մոտ:

Ելենան ծանր և կարծես ակամա քայլերով մոտեցավ տիկնոջը և նստեց նրա կողքին:

– Դու տեսա՞ր երեկվա երիտասարդին, Ելենա , – հարցրեց տիկինը:

– Ի՞նչ երիտասարդ:

– Ա՛յն, որ մեզ շապիկներ պատվիրեց:

– Այո՛… ի՞նչ կա:

– Դու նրան հավանո՞ւմ ես:

– Ի՞նչպես թե հավանում եմ, տիկին, ես ձեզ չեմ հասկանում, – հարցրեց Ելենան շառագունելով:

– Այնպես' էլի, չե՞ս հասկանում, ուզում եմ ասել, հավանո՞ւմ ես նրա գեղեցկությանը, նրա շնորհքին, նրա…

– Ա՛խ, տիկին, թողեք խնդրեմ. այդ ի՞նչ հարցեր են, – դժգոհությամբ ընդհատեց նրան Ելենան և կամենում էր տեղից վեր կենալ:

– Սպասի՞ր, ո՞ւր ես գնում, ես քեզ հետ կատակի համար չեմ խոսում, այլ կարևոր գործի և քո օգտի համար, – նկատեց նրան տիկինը և ձեռքից բռնելով նստեցրեց յուր տեղը:

– Այդ երիտասարդը, – շարունակեց տիկին Բերնարը, – մի շատ պատվական երիտասարդ է. խելոք, ուսումնական և շատ հարուստ: Նա յուր բարեկամուհու ձեռքով հայտնել է, որ քեզ հետ ուզում է ամուսնանալ, ուստի ամենից առաջ ցանկանում է, որ քեզ կրկին տեսնե:

– Այդ բանի համար, տիկին, դուք իմ ծնողաց հետ պիտի խոսեք և ոչ ինձ հետ:

– Շատ լավ ես ասում, Ելենա, բայց քո ծնողներդ գավառացի մարդիկ են, նրանց չէ կարելի համոզել, որ քեզ թողնեն գնալ երիտասարդի մոտ, որ նա քեզ տեսնե, դու ավելի շուտ մեզ կհասկանաս:

– Ինչպե՞ս թե գնալ երիտասարդի մոտ:

– Հապա նա իր տանն է ուզում քեզ տեսնել. նա մեծ մարդու որդի է, խո քո ոտքդ չի՞ գալու:

– Ներեցեք, տիկին, ոչ ե՛ս կպահանջեմ, որ նա իմ ոտքը գա, և ոչ էլ ես կերթամ նրա մոտ. խնդրում եմ, թողեցեք ինձ հետ այդ խոսակցությունը և եթե կամենում եք, տեսնվեցեք իմ ծնողաց հետ, այդպես բաների վրա խոսել իմ գործը չէ:

– Լսի՛ր, Ելենա , ես քեզ ափսոսում եմ. դու քո բախտիցդ մի զրկվիր. այսպես բան էլ քեզ հետ չի պատահիլ: Քո ծնողներին նայելով՝ քեզ հետ կամուսնանա շատ-շատ մի հյուսն կամ մի դարբին: Բայց սա քաղաքի ամենահարուստ մարդու որդին է. մոտ քսան և հինգ տեղ մեծամեծ տներ և հարյուրավոր խանութներ ունի, ապրում է իշխանի նման շքեղ պալատի մեջ. ման է գալիս սեփական կառետով, առջևը կանգնած ունի տասնյակ ծառաներ, աղախիններ և վերջապես քաղաքի առաջին մարդն է համարվում, նրա աչքը հարստության վրա չէ. քեզ տեսել է, հավանել է, և այժմ ուզում է ամուսնանալ քեզ հետ. մի՞թե հիմար չես լինիլ, որ մերժես նրա առաջարկությունը:

– Ես չեմ մերժում նրա առաջարկությունը, տիկին, ընդհակառակը, ես բախտավոր կլինեմ այդպես ամուսին ունենալով, բայց այդ առաջարկությունն ինքս ընդունել չեմ կարող. այդ պարոնը պետք է իմ ծնողացը հայտնե յուր կամքը:

– Աղջիկ, դու գժվել ես, կամ ինձ չես հասկանում: Նա խո այս րոպեին քեզ հետ չի ամուսնանում, այլ ուզում է կրկին քեզ տեսնել, լավ տնտղել, այդ բանի համար չարժե, որ հայտնենք քո ծնողացը և նրանք էլ, ո՞վ գիտե, ի՞նչ հիմար պատասխան տան և գործը քանդվի: Այս երեկո լուռ ու մունջ կերթաս նրա մոտ (նա միայնակ մի առանձին տան է կենում), այնպես որ մեր աղջիկներից ոչ ոք ոչինչ չի իմանալ, մի կես ժամ քեզ կտեսնե, հետդ կխոսա և էլի կվերադառնաս ինձ մոտ:

 

– Ի՞նչ եք խոսում, տիկին, ես վեր կենամ գնամ նրա մոտ, թե ի՞նչ է՝ «եկել եմ, ինձ տեսնե՞ս…»:

– Ո՛չ, ո՛չ ,հիմար չեմ. եթե ուղարկեմ, ես գիտեմ ի՛նչպես կուղարկեմ, դու քո համաձայնությունը տուր, մնացածը իմ գործս է:

Ելենայի հաստատամտությունը խախտվել էր: Յուր դեպի երիտասարդն ունեցած գաղտնի սերը, տիկնոջ խոսածների ազդեցությունը, հարուստ ամուսին ունենալու հույսը, բոլորը խառնվել միացել էին նրա մեջ. նա տարուբերվում էր հուսո և երկյուղի, ուրախության և անհանգստության մեջ, նա հակվում էր դեպի համաձայնվելու կողմը:

– Դիցուք թե համաձայնվում եմ, բայց ի՛նչ պատրվակով եմ գնում նրա մոտ և ո՞ ւմ հետ:

– Պատրվա՞կը, ա՛յ, այս շապիկներն են: Ես նրանց կտամ իմ, մի բարեկամ կին ունեմ, Սալոմե անունով, նրա ձեռքը երկուսդ միասին կնստեք ծածկված կառքում, կեթաք այն պարոնի տունը: Եվ դու կասես իբրև թե շապիկները բերել եմ տիկին Բերնարի կողմից, որ հանձնեմ ձեզ: Այնուհետև երիտասարդը գուցե մի փոքր կուշացնի քեզ, թեյ, բան կառաջարկի, այդ կնոջ հետ միասին մի փոքր կնստեք, կխմեք և կրկին կվերադառնաք:

– Բայց այդ ի՛նչ կին է, որ ինձ հետ պիտի գա, – կարծես անվստահությամբ հարցրեց Ելենան:

– Օ՛, դա մի շատ բարի կին է. մի քանի տարի առաջ նա ինձ մոտ կար էր անում, այժմ խեղճի աչքերը լավ չեն տեսնում, բայց ես երբեմն-երբեմն նրան այդ տեսակ ծառայություններ եմ հանձնում և վարձատրում եմ: Այո՛, մի շա՞տ բարի կին է: Բայց դու մի ուշանար, գնա լվացվիր և մի փոքր ուղղիր հագուստներդ, – ավելացրեց տիկինը, – որքան էլ գեղեցիկ լինիս, դարձյալ լավ չէ, որ այդպես քծծված մազերով և ջարդված շորերով երևաս այն երիտասարդի մոտ. քո պակասությունն էլ իմ կարանոցին է վերաբերում:

Ելենան գնաց: Մի ներքին ուրախություն, որից դեռ չէր բաժանվում երկյուղի նման մի զգացմունք, լցրել էր նրա սիրտը: Նա պետք է տեսներ ա՛յն երիտասարդին, որին սիրում էր, որը իրեն ամուսնություն էր առաջարկում և որը գեղեցիկ ու հարուստ էր…

Եվ նա գնաց լվացվելու:

Այդ միջոցին ներս մտավ և Սալոմեն, որը մինչև այն պահված էր ետևի սենյակում:

– Հա՛, ամեն բան պատրաստ է, – խոսեց տիկին Բերնարը նրան տեսնելով, – բե՛ր մնացած փողը, որ մեր հաշիվները վերջացնենք:

Սալոմեն ուրախությամբ տարավ ձեռքը գրպանը և հանելով մի քանի ծալած թղթադրամներ, տվեց տիկնոջն ասելով՝ «Երեկ ես վճարեցի ձեզ 250 ռուբլին և ահա ինչպես պայմանավորված էինք, տալիս եմ ձեզ մյուս 250 ռուբլին»:

Տիկին Բերնարը համարեց փողերը և գրպանը դնելով գլխի թեթև շարժումով շնորհակալություն արեց Սալոմեին: Հետո նա պատմեց ինչ որ ինքը խոսացել էր Ելենայի հետ և պատվիրեց նրան, որ յուր խոսածների համաձայն վարվի և խոսա նրա հետ:

– Իսկ ինչ վերաբերում է Ելենայի երիտասարդի մոտ մնալուն, – ավելացրեց տիկինը, – նա կարող է մնալ այնտեղ այնքան ժամանակ, որքան ինքը կկամենա, նրա ծնողներին հարկ եղած պատասխանը ես ինքս կտամ:

Կես ժամից հետո Ելենան և Սալոմեն կարած շապիկներն իրենց հետ վերցրած, նստեցին մի ծածկված կառքի մեջ և ուղղվեցին դեպի Սամվել Փուլշատյանի առանձնարանը: