Za darmo

Պատմվածքներ

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

ԺԱ

Սանդուղքից իջնելով Գևորգը դարձյալ մնաց շվարած, յուր ինչ անելիքը չգիտեր:

«Աստվա՛ծ իմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ դիմեմ, – ՜ մտածում էր նա, – մի՞թե բոլոր այս մարդիկներն էլ, որոնց անունները ես ունեմ, Տանպետյանցի նմանները չեն. մի՞թե նրանք էլ միևնույնը չպիտի կրկնեն, ինչ որ սրանից լսեցի, և դեռ սա իմ կարծիքով ամենից լավն էր: – Բայց… ոչ, ես իմ մոր երեսը դուրս գալ չեմ կարող, ես չեմ կարող գուժել նրան, որ իմ հիմարության պատճառով ես պատժված եմ. չեմ կարող ասել, որ յուր գուշակությունները կատարվել են, նա գիտեր, որ այս մարդիկները պիտի խաբեին ինձ, նրա սիրտը գուշակում էր, որ մենք պետք է թշվառանանք, նա գիտեր, նա ամեն բան գիտեր, նա ամեն բան գուշակում էր. բայց ե՛ս, ե՛ս հիմարս նրան չլսեցի… ես թշվառացրի նրան և ինձ…»: Եվ այս խոսքերի հետ նա սկսեց հեկեկալ:

Երկար այս դրության մեջ Գևորգը մնացել էր կանգնած: Վերջապես նա վճռեց դիմել այն մարդկանց, որոնց ցուցակը գտնվում էր յուր ձեռքում:

– «Այսպիսով ոչինչ չի դառնալ, – մտածում էր նա, – ես ձեռնունայն իմ մոր մոտ չպիտի դառնամ, այս վճռված է: Ամբողջ օրը պիտի ման գամ, բոլորին պիտի տեսնեմ, պիտի խնդրեմ, պիտի աղաչեմ, մինչև որ ձեռքումս մի բան ունենամ տուն վերադառնալու համար: Իսկ եթե բոլորից էլ մերժում կստանամ, այն ժամանակ… այն ժամանակ ես գիտեմ ի՞նչ կանեմ… այն ժամանակ իմ ապրելս ավելորդ է»:

Այս խորհրդածություններով նա քայլերն ուղղեց դեպի Սոմարյանցի տունը: Նա տանը չէր: Վերադարձավ մի ուրիշի մոտ: Սա էլ հյուրեր ուներ, տեսնել չէր կարող: Երրորդի մոտ վազեց, նա պատասխանեց, որ այդպիսի ստորագրության համար տեղեկություն չունի և խոստացավ Տանպետյանցին տեսնել: Չորրորդը մինչև անգամ պատուհանից տեսած լինելով, թե հնչակ քաշողն ով է, ծառային հրամայեց ասել «տանը չէ» այնպես բարկացած և բարձր ձայնով, որ Գևորգն ինքն այդ լսելով և առանց ծառայի պատասխանին սպասելու հեռացավ: Հինգերորդի համար ասացին, որ հենց այն առավոտը Փոթի էր գնացել: Վեցերորդը, որ բարեհաճեց Գևորգի հետ յուր բակում մի քանի խոսք խոսալ, նրան դատապարտեց յուր պաշտոնը թողնելուն համար, և վերջումն էլ նրան «ձրիակեր» անունը տվավ: Գևորգը խորը վիրավորված հեռացավ և՛ այդտեղից: Յոթներորդը ճաշի վրա էր արդեն, ուստի չէր կարող այդպիսի ժամանակ այցելու ընդունել: Գեղեցիկ հագնված սպասավորը մինչև անգամ նկատողություն արավ, որ ժամը երեքին այցելության գնալն անհարմար է, և ժամանակ որոշեց առավոտյան ժամը 10 – 11-ը:

Գևորգը գրեթե խելագարված սկսեց թափառել փողոցներում, նա չգիտեր ո՞ւր է գնում, ո՞ւմ է պտռում: «Ճաշի ժամանակն անհարմար է այցելել» – այս լսել էր ութերորդի ծառայից, և սպասում էր, որ այդ ժամանակն անցնե:

Արդեն ութ անձինքներից և ոչ մեկի մոտ ցանկացած ընդունելությունը չգտավ. բայց նա դեռ հույս ուներ, թե մնացած երկուսն անպատճառ ավելի բարի և մարդասեր պիտի գտնվեին: Անցավ մի երկու ժամ: Վերջապես նա դիմեց իններորդին, նա քնած էր, տեսնել անկարելի է: Դիմեց տասներորդին, նա նույնպես քնած էր:

Վերջապես: Ի՞նչ պետք էր անել այժմ: Գևորգը ոչինչ չգիտեր: Նա այժմ մտածելու էլ անընդունակ էր դարձել: Ամբողջ օրը մի պատառ հաց չէր դրել բերանը, բայց նա քաղցածություն անգամ չէր զգում: Նա այժմ մի բան էր միայն ցանկանում, հեռանալ, հեռանալ որքան կարելի է մարդիկներից, ընկնել մի ամայի, մի անբնակ տեղ… Եվ նա գնում էր առանց մտածելու, առանց աջ ու ձախ նայելու…

Թողնենք նրան հանգիստ, և ես ձեզ կպատմեմ, թե ինչու համար բոլոր այս տասը մարդիկներից գեթ մեկի մոտ նա ոչինչ հաջողություն չգտավ:

Գևորգը Տանպետյանցին այցելելու առաջին օրից երկու օր հետո, պարոն Տանպետյանցն ընտանեկան երեկույթի ժամանակ գտնվում էր կլուբում: Նա այդտեղ պատահեց շատերին ա՞յն պարոններից, որոնք իրեն հետ միասին հրավիրված էին եղել Սոմարյանցի տանը: Միջերնին խոսք բացվելով, նա հիշեցրեց նրանց այն ստորագրության մասին, որով նոքա փող էին խոստացել մեր երգչին Պետերբուրգ ղրկելու համար: Այդ հիշեցնելը ներկա եղողներին շատ դուր չեկավ: Տանպետանցը նկատեց, թե ինչպես նրանցից մի քանիսը երեսները թթվացրին, մյուսները կամաց-կամաց պատրաստվում էին հեռանալ, իսկ մի երկու տաք-գլուխներ բարկացած զարմանք հայտնեցին, որ Տանպետյանցը թույլ է տալիս իրեն հիշեցնել նրանց մի խոստման և ստորագրության մասին, որը նրանք արել են արբած և հիմարացած ժամանակ: Պարոններից մեկը մինչև անգամ հայհոյեց բժիշկ Դուդուկջյանին, որ նա քաջ իմանալով հյուրերի արբած լինելը, դարձյալ հանդգնել էր մի այդպիսի ստորագրության թուղթ բանալ նոցա առաջ և այսօրվան համար մի խայտառակության գործ պատրաստել:

Տանպետյանցի ուզածն էլ հենց այդ էր: Տեսնելով յուր բարեկամների տրամադրությունը այդ խնդրում, նա վստահություն առավ և պատմեց նրանց, թե ինչպես Ելիզավետա Սերգեևնան բարկացել և պատռտել էր ստորագրության թերթը և սրանով ազատել նրանց արբած ժամանակի խոստումը կատարելուց:

– Կեցցե՛, կեցցե՛ Ելիզավետա Սերգեևնան, – գոչեցին Տանպետյանցի բարեկամները գրեթե միաբերան, նոքա, որոնք սկզբումը թթվացրել էին իրենց երեսները, կամ պատրաստվել էին խմբից հեռանալու, իսկույն փոխեցին իրենց տրամադրությունը և հավաքվելով բոլորը միասին սկսան գովություններ շռայլել Ելիզավետա Սերգեևնայի խելացի արարքի համար:

Թեպետ այդ րոպեին Տանպետյանցի մոտ չէին Սոմարյանցի խնջույքին ներկա գտնվող բոլոր հյուրերը, սակայն մի երկու օրվա մեջ նրանք բոլորն արդեն գիտեին Ելիզավետա Սերգեևնայի արածը, և չէին կարողանում ներքին գոհունակությամբ շնորհակալություն չանել նրան: Բայց ո՞ւր գնաց մեր խեղճ Գևորգը:

Նա արդեն դուրս էր եկել քաղաքից և գտնվում էր Քռի ափում, մի ամայի տեղ: Մութը կոխել էր. լուսին չկար բայց աստղերն ադամանդների նման շողշողում էին կապուտակ երկնակամարի վրա: Նրան շրջապատող լռությունը խանգարվում էր միայն գետի խուլ հոսանքի ձայնով:

Նա մոտեցավ գետի ափին, դիտեց նրան լուռ ու մունջ և շշնջաց. «Օգնության հույս էլ չկա, ապրել այսուհետև ամոթ է ինձ համար, ահա՞ իմ տեղը, – և նա դողացող ձեռքը պարզեց դեպի գետի խորը, – բայց ի՞նչ եմ անում ես» – գոչեց նա հանկարծ և սոսկալով ետ դարձավ:

– «Հիմար, հիմար, – խոսում էր նա ինքն իրեն, – ո՞ւմ հույսով ես թողնում քո մորը, ո՞վ պիտի պահե, ո՞վ պիտի կերակրե նրան, ինչու՞ ես դառնացնում նրա ծերության օրերը, ինչու՞ ես սպանում նրան…»: Եվ այս մտածությունը կարծես նրան հոգի ու սիրտ տվավ. նրա հուսահատությունը, որ իրեն մոլորեցրել էր, անցավ, և նա արագ-արագ քայլերով դիմեց դեպի քաղաքը:

Երեկոյան ժամը 11-ին նա հասավ տուն:

ԺԲ

Թամարը շատ չէր անհանգստացել յուր որդու ուշանալու վերա: Նա կարծել էր, թե հարուստ բարերարներից մեկն այդ օրը հյուրասիրել էր յուր Գևորգին: Բայց նա ամբողջ մարմնով սոսկաց, երբ Գևորգը յուր գլխով անցածը բոլորը պատմեց: Նա չսոսկաց նրա համար, որ բարերարները մերժել էին յուր որդուն խոստացած օգնությունը, այլ սոսկաց նրա համար, որ նոցա շնորհիվ պիտի հավիտյան կորցներ յուր որդուն:

– Դու ոչ մի բանի վերա մի մտածիր, Գևորգ, հոգյակս, ես դարձյալ լվացքարանը կմտնեմ, ես կաշխատեմ և կպահեմ քեզ, քանի ուժ ունեմ, միայն թե դու ողջ-առողջ ման գաս իմ աչքերի առաջ, մինչև որ ես գերեզման կմտնեմ… – Ասում էր նրան Թամարը, աշխատելով սփոփել յուր որդու հուսահատությունը:

Այս անգամ նա չէր հիշում մինչև անգամ այն գուշակությունները, որ նա արել էր օրերով առաջ, նրա միակ մտածությունը յուր որդու տխրությունը փարատելն էր:

Գևորգը հետզհետե սիրտ էր առնում. նրան սպանող հուսահատությունն անցնում էր:

– Ես դեռ կստիպեմ այդ մարդկանց իրենց ստորագրությունը հարգել, – ասում էր նա, քաջալերվելով մոր գորովալիր խոսքերով, – ես այդ մարդիկներից այդպես շուտով ձեռք չեմ վերցնիլ:

Բայց իսկապես ի՞նչ կարողացավ անել նա. ոչի՛նչ: Անցան օրեր, անցան շաբաթներ: Եվ Գևորգն անընդհատ դիմում էր մերթ սրան, մերթ նրան, խնդրում էր, աղաչում էր, բայց իզուր, ոչ ոք նրան չլսեց. ոչ ոք նրա խնդիրն ուշադրության չառավ:

Եվ նա սովորեց միայն փողոցներում այդ պատրվակով թափառել:

Մի ամիսն անցավ: Թամարի բոլոր խնայողությունը սպառվեցավ. մի քանի օր շարունակ մայր և որդի ցամաք հաց էին ուտում, մի օր մինչև անգամ նրանք քաղցած անցրին:

Թամարի բոլոր աշխատությունը Գևորգին նորեն Գուստավի մոտ ղրկելու համար՝ ապարդյուն անցավ: Նա ավելի նախապատիվ էր համարում մեռնիլ, կամ Քռի մեջ խեղդվիլ, քան նորեն Գուստավին դիմել, նրա աղջկա արհամարհանքը տանել և յուր ընկեր բանվորների մոտ ծիծաղի առարկա դառնալ:

Ուրիշ գործարան էլ նա մտնել չհամաձայնվեցավ, որովհետև Սոմարյանցի տանը հասկացրել էին, որ ինքը մեծ մարդ է. և այդ գիտեին յուր նոր բարեկամները, դպրոցական աշակերտները, լուսավորության բարեկամ գործակատարները, դատելու ու վճռելու վարդապետ տղաները, և նա նրանցից ամաչում էր:

Ի՞նչ պետք էր անել, ուտելու հաց չկար:

Վերջապես խեղճ Թամարը նորեն մտավ լվացքարան, բայց այս անգամ 20 ռուբլով, որովհետև նա առաջվան ուժը չուներ և նրան ավելի չվճարեցին:

Եվ դուք ի՞նչպես վարվեցիք խեղճ փականագործի և նրա մոր հետ, դո՞ւք, փայլուն հասարակության զարգացած անդամներ: Դուք ձեր ոգևորության մեջ ճառեր խոսացիք, խոստումներ արիք, ձեր անտեղի գովեստներով խեղճ երիտասարդին փչացրիք, զրկեցիք նրան յուր պաշտոնից, թշվառացրիք նրա ապագան. ուժասպառ մորը նորեն լվացքարան ղրկեցիք.. և հե՞տո – ոչինչ. դուք ավելացրիք մեկն ա՞յն դատարկապորտ տղաներից, որոնք բուլվարների վերա օրն ի բուն շրջում են պարապ, անգործ, որոնք դատում են, վճռում են, դատապարտում են և առանց մի բան գիտենալու, առանց մի բան սովորած լինելու, ամենակար և ամենագետ են:

Ահա՛ ձեր գործը:

ՀԱՐՈւՍՏՆԵՐԸ ԶՎԱՐՃԱՆՈւՄ ԵՆ

ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈԻՄՆ

Գարնանային սիրուն երեկո էր: Արեգակը խոնարհվում էր դեպի յուր մուտքը: Օդը թեպետ մի փոքր տոթային, սակայն քաղցրաշունչ հովը բարեխառնում էր նրան և խիստ ախորժելի դարձնում զբոսասեր բազմությանը, որը լցված էր Ալեքսանդրյան այգու ճեմելիքները: «Ազնվականական» կոչված բարձրադիր ծառուղին գրեթե խեղդվում էր զբոսողների շատությամբ: Գեղեցիկ հագնված տիկիններ, վերջին տարազով պճնված օրիորդներ, նրբաճաշակ երիտասարդներ – կոկված Փարիզի նորությանց համեմատ, միշտ չարություններ և սկանդալներ անելու համար պատրաստ ուսանողներ և վերջիններին պաշտող ուսանողուհիներ, բոլորն էլ խառնիխուռն զբոսնում էին այդտեղ: Նրանց անընդհատ անցուդարձը նմանվում էր մի հանդիսավոր կադրիլի, որը պարում են հարուստ իշխանի դահլիճում նրա բազմաթիվ հյուրերը:

«Ազնվականական» ծառուղիում արգելված չէր, իհարկե, և աղքատներին զբոսնելու, միայն թե նրանք քաղաքավարությամբ խույս էին տալիս դեպի մենավոր ճեմելիքները, որպեսզի իրենց ներկայությամբ չխանգարեն հարուստներիդ կամ գոնե հարուստ երևացողների զվարճությունը: Հագուստի անշնորհքությունն ստիպում էր նրանց շքեղության աչքից հեռու պտտելու: Իսկ նրանք, որոնք թեպետ աղքատ, բայց շնորհքով էին հագնված, կարծիք չկա, զբոսարանական մրցումից չէին վախենում:

Այս վերջինների թվին պատկանում էին տիկին Բերնարի երեք նորատի կարողուհիները: Սրանք բոլորն էլ հայուհիներ էին, խեղճ ընտանյաց աղջիկներ, որոնք կարանոցում հենց նոր էին ավարտել մի մեծ աշխատանք և տիկին Բերնարն – արձակել էր նրանց մի փոքր ժամանակով այգում զբոսնելու համար:

 

Հեղինեն, որին յուր ընկերուհիները Ելենա էին կանչում, յուր ընկերուհիների մեջ փայլում էր յուր արտաքո կարգի գեղեցկությամբ: Նրա բարձր հասակը, շնորհալի քայլվածքը, և մանավանդ երկարատեգ արտևունքներով եզերված կախարդող հայացքը գրավել էին զբոսնողների ուշադրությունը:

Նրա դեմքի յուրաքանչյուր շարժվածքը, նրա նրբաձայն ծիծաղը, նրա խոսակցությունը, դիտում և զննում էին հարյուրավոր աչքեր: Հեղինեի ընկերուհիները, որոնք ավելի զարգացած էին այդ բաները նկատելու համար, հասկացնում էին նրան, և սա ընդ ակամբ զննում էր այդ բոլորը և հրճվում կատարյալ երեխայական անմեղությամբ: Բայց նա չէր տեսնում, թե ինչպիսի նախանձոտ հայացքներ էին գցում իր վրա շքեղ հագնված, բայց ոչ գեղեցիկ տիկինները և օրիորդները, մանավանդ երբ սրանց երիտասարդ ասպետները հիացմունքով մատնացույց էին անում յուր վրա և ցանկություն էին հայտնում յուր ո՞վ լինելն իմանալու համար:

– Ո՞վ պետք է լինի, մի անառակ աղջիկ, – պատասխանում էին նրանց օրիորդ-տիկինները, արհամարհական հայացք ձգելով Հեղինեի վրա:

– «Մի անառակ աղջիկ», – և ինչպե՛ս շուտ և սահուն կերպով արտասանում է այդ բառերը կնոջ քնքուշ բերանը, ինչպե՛ս պատրաստ է նա առանց խղճահարվելու ցեխոտել յուր ցեղի ամենաանարատ հոգին, եթե սա հանդգնում է, յուր խեղճության մեջ, մի բանով գերազանցել իրենց, եթե նրա ճշմարիտ արժանիքը ճնշում է զգայուն սրտերը և խլում է իրենց զոռով վաստակած երկրպագուներին: Բայց Հեղինեն «անառակ աղջիկ» չէր. նրա արտաքին գեղեցկության չափ գեղեցիկ էր և նրա հոգին: Նա բարի էր ինչպես հրեշտակ և առաքինի, ինչպես անապատի միանձնուհին:

Դուք կարող եք կարծել, որ ես չափազանցնում եմ, որովհետև այս քաղաքի մեջ մեր օրով հազվագյուտ են այդ հատկությանց տեր աղջիկներ, մանավանդ երբ դրանք աշխատում են կարանոցներում: Բայց իսկույն կծանոթացնեմ ձեզ նրա հետ: Հեղինեն Թիֆլիսեցի չէր: Նրա ծնողները նոր էին գաղթել այստեղ մի գավառական քաղաքից: Նրանք շատ պարկեշտ մարդիկներ էին, և Հեղինեն կրթվելով նրանց հոգատարության տակ, պարզ է, որ բոլորովին չպիտի նմաներ այստեղացիներին: Հեղինեի հայրը պարապում էր հյուսնությամբ, մայրը մերձակա հարուստ տներում լվացարարություն էր անում, իսկ իրեն մի քանի ամիս էր, ինչ որ տվել էին տիկին Բերնարի մոտ կար ու ձև սովորելու: Հեղինեն այդտեղ էլ մի քանի ուրիշ աղջիկների պես ապրում, ուտում և հագնվում էր տիկին Բերնարի հաշվով, և միայն կյուրակե օրերը գնում էր յուր ծնողացը այցելելու:

Հասարակությունը, որի մեջ ապրում էր նա և որը բաղկացած էր աղքատ ընտանյաց աղջիկներից, կարող էր վնասավոր լինել Հեղինեի պես մի անփորձ աղջկա համար: Հաճախ նա լսում էր յուր ականջների համար բոլորովին խորթ զրույցներ, անպատկառ խոսակցություններ, որոնք առհասարակ անպակաս են լինում կարանոցներում: Բայց նա կարողանում էր տիրել իրեն: Նա զզվում էր, և այդ տեսակ անախորժ վայրաբանությունները չլսելու համար քաշվում էր կարանոցի մի հեռավոր անկյունը և լուռ ու մունջ կարում էր յուր գործը: Բայց միշտ այդպես վարվել նրան չէր հաջողվում: Պատահում էր, որ նա ստիպված էր լինում կարել մի մեծ գործ, երեք-չորս աղջիկների հետ միասին, որոնք այդ ժամանակ էլ շարունակում էին իրենց վայրաբանությունները, մանավանդ, երբ տիկին Բերնարն այստեղ չէր լինում: Այդպիսի դիպվածներում Հեղինեն գործ էր դնում յուր բոլոր ուժը՝ այդ աղջիկների մեջ ամոթի զգացմունքը զարթեցնելու համար, և նրա ջանքը երբեմն պսակվում էր հաջողությամբ: Բոլոր կարողների մեջ նա միայն երկու աղջիկների հավանեց, որոնք թե՝ բնավորությամբ և թե՝ աշխատասիրությամբ նմանվում էին իրեն: Դրանցից մեկը Նինոն էր, խառատ Օսեփի աղջիկը, որ թեպետ մի առանձին գեղեցկություն չուներ, բայց հայտնի էր յուր չափազանց բարի և ազնիվ բնավորությամբ, իսկ մյուսը ղազազ Ալեքսի թոռը՝ Շուշանը, որ մեծ հեղինակություն ուներ կարանոցի մեջ, իբրև ամենից ավելի հառաջադեմ և լավ կարող աղջիկ: Այդ երկուսին էլ Հեղինեն յուր համար մշտական ընկերուհիներ ընտրեց: Նրանք երեքն էլ միմյանց չափից դուրս սիրում էին, սեղանի վրա միշտ միասին էին նստում, մեծ գործերը միասին կարում և ազատ ժամանակները միասին զբոսնում: Հենց այսօր էլ այգու մեջ դրանք երեքը միասին էին ման գալիս: Բայց ինչպես ասացինք, «Ազնվականական» ծառուղիի մեջ զբոսնողների ուշադրությունը միայն Հեղինեն էր գրաված:

Երկու երիտասարդներ, որոնցից մեկն ավելի աչքի էր ընկնում յուր դեմքի և կազմվածքի գեղեցկությամբ և հագնված էր խիստ նուրբ ճաշակով, ուշի ուշով հետևում էին տիկին Բերնարի կարողուհիներին: Յուրաքանչյուր անցուդարձի մեջ նրանք մի քանի անգամ պտույտ էին գալիս երեք աղջիկներին դեմ առ դեմ պատահելու համար, և նրանց հանդիպած ժամանակ խոր ուշադրությամբ սևեռում էին իրենց աչքերը Հեղինեի վրա, որն ամոթից իսկույն շառագունում էր: Ամբողջ զբոսանքի ժամանակ մի րոպե անգամ նրանք չհեռացան այդ աղջիկներից: Նինոն և Շուշանը գիտեին, որ երկու երիտասարդների դեգերանքը Հեղինեի համար էր, սակայն նրանք ոչ միայն չէին նախանձում նրան, այլև այդ առիթով նրա հետ կատակներ էին անում:

– Ելենա, այս երիտասարդները շատ են գրավվել քեզնով: Նրանցից մեկը անպատճառ քեզ ուզելու է, – ասում էր նրան Շուշանը ծիծաղելով:

– Ինչո՞ւ համար ես կարծում, որ ինձմով են գրավվել և ոչ թե քեզմով կամ Նինոյով, – պատասխանեց Ելենան շառագունելով:

– Ի՞նչ հարկ կա այդ հարցնելու, որովհետև դու ավելի գեղեցիկ ես, քան թե մենք երկուքս, – շտապավ կցեց Նինոն և գաղտուկ դիտեց Շուշանին: Նրանք երկուսը միասին սկսան ծիծաղել:

– Ա՛խ, Նինո, ես չե՞մ խնդրել, որ ինձ մոտ այդպես բաներ չխոսա՞ք, – նեղացած տրտնջաց Ելենան:

– Ի սեր աստծո, Ելենա՛, թողի՛ր այդ հիմարությունները, մինչև ե՞րբ պետք է դու երեխա մնաս. Թիֆլիսո՞ւմ չես ապրում, ի՞նչ է, – կշտամբեց նրան Շուշանը:

– Քո արևը վկա՛, Շո՛ւշան, ես ձեր թիֆլիսեցիների պես չեմ սիրում տղաների վրա խոսելը, ի՞նչ անեմ, մի բան, որ ինձ դուր չէ գալիս, խո զոռով չպիտի՞ սիրեմ: Ես սովոր չեմ այդ տեսակ խոսք ու զրույցների:

– Լավ, լավ. տեսնենք մինչև ե՞րբ այդպես խելոք կմնաս, – պատասխանեց նրան Շուշանը և լռեց:

– Բայց իրավ, Ելենա՞, տե՞ս ի՞նչ գեղեցիկ տղա է այդ երիտասարդը, – կրկին դիմեց նրան Նինոն ծիծաղելով, երբ երկու երիտասարդները դեմ առ դեմ հանդիպեցին նրանց:

– Ա՛խ, Նինո, դու բոլորովին զայրացնում ես ինձ, – բարկացած պատասխանեց նրան Ելենան ու ուղղվեցավ դեպի զառիվայր ճեմելիքը տուն վերադառնալու դիտավորությամբ: Նինոն և Շուշանը քրքջալով հետևեցին նրան:

Բայց մի քանի քայլ հազիվ էր փոխել Ելենան, որ գեղեցիկ երիտասարդը հեռվից յուր աչքովն ընկավ: Նրանց հայացքները պատահեցին միմյանց և մի քանի րոպե դեպի իրար սևեռած մնացին: Ելենան տեսավ, որ երիտասարդն իրոք շատ գեղեցիկ էր, Նինոն իրավունք ուներ նրանով հետաքրքրվելու: Բայց նա շատ երկար չնայեց նրան, այլ աչքերը դարձնելով շարունակեց յուր ճանապարհը:

Յուր ընկերուհիները երկու հայացքների միմյանց պատահելը չնկատեցին:

Երկու երիտասարդները նույնպես ուղղվեցան դեպի զառիվայր ծառուղին: Նրանք հետևում էին երեք ընկերուհիներին:

– Սամվել, մի՞թե դու չես ճանաչում այս աղջկանը, – հարցնում էր գեղեցիկ երիտասարդին յուր ընկեր Մարգարը:

– Չեմ ճանաչում, մինչև այսօր էլ տեսած չեմ:

– Զարմանք. ի՞նչ է շինում ուրեմն քո Սալոմեն, եթե այսպիսի թռչունները քեզանից անհայտ կարող են ապրել Թիֆլիսում:

– Ի՞նչ զարմանք, նա խո ամբողջ քաղաքը չի ճանաչում:

– Չէ, բարեկամ, չէ. ես չեմ հավատում, թե դու այս աղջկան տեսած չլինիս. երևի ժլատություն ես անում և կամ փորձել ես ու ձեռքդ խաղողին չէ հասել:

– Ինչ վերաբերում է ժլատության, կարծում եմ՝ դու ինքդ էլ չես կարող հավատալ, թե երբևիցե ես կարող եմ ժլատ լինել: Բայց թե փորձել եմ ու ձեռքս խաղողին չէ հասել, այդ ինձ համար չէ ասված, եթե այդպես բան պատահելու լինի ինձ հետ, դա առաջին անհաջողությունը կլինի իմ ամբողջ կյանքում:

– Դու կարո՞ղ ես ապացուցանել, որ այս աղջկա վերաբերությամբ ոչինչ անհաջող փորձ չես արել դու:

– Ո՞րքան ժամանակ ես տալիս ինձ:

– Մի ամիս:

Սամվելը ոչինչ չպատասխանեց:

– Եթե այդ քիչ է, ես մի ամիս էլ կավելացնեմ, – հեգնելով ավելացրեց Մարգարը:

– Մի փոքր սպասիր, բարեկամ, թո՞ղ տեսնեմ այս աղջիկները ո՞րտեղ են մտնում և հետո ես քեզ կպատասխանեմ, – ասաց նրան Սամվելը և լռեց: Մարգարը նույնպես լռեց: Նրանք երկուսը միասին քայլ առ քայլ հետևեցին երեք աղջիկներին:

Վերջիններս դուրս եկան պրոսպեկտի վրա, անցան առաջին և երկրորդ փողոցները և ապա խոտորվելով դեպի ձախակողմյան նեղ ճանապարհը, մտին մի խանութ, որի լայն պարավորի վերա ոսկեզօծ մեծ տառերով գրված էր՝ «Տիկին Մարգարիտա Բերնար»: Սա տիկին Բերնարի կարանոցն էր:

Սամվելը տեսնելով, թե որտեղ մտան աղջիկները՝ հանգստացավ և դառնալով դեպի ընկերը հարցրեց,

– Դու ո՞րքան ժամանակ տվիր ինձ ապացուցանելու համար, որ ես այս աղջկա վերաբերությամբ ոչինչ անհաջող փորձ չեմ արել:

– Մի ամիս, – պատասխանեց Մարգարը:

– Այդ շատ է. կյուրակե օրն այդ աղջիկը իմ առանձնարանում կլինի, և ես քեզ կհրավիրեմ այնտեղ միասին նրա հետ ճաշելու:

– Ճշմարի՞տ ես ասում, – ծիծաղելով հարցրավ Մարգարը:

– Դու այդ կտեսնես, – հակիրճ պատասխանեց Սամվելը և ողջունելով բարեկամին, հեռացավ:

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒՆ

Կաթոլիկների գերեզմանատան աջ կողմում, մի բավական ընդարձակ զառիվայրի վերա ընկած են մի երկու նեղ փողոցներ, մոտ հարյուրաչափ տներով, որոնք շինված են խիստ խառն ու անկարգ դրության մեջ: Ճարտարապետի կարակինը ոչինչ աշխատանք չի կրել այս անորոշ թաղի համար: Այդտեղ շինությունները կարծես բնությունն ինքն է բուսեցրել առանց մարդիկներին նեղություն պատճառելու: Շատ տեղ նրանք ներկայացնում են բազմաթիվ խորշերի մի խառնուրդ: Շատ տեղ էլ մեկի կտուրը կազմում է մի ուրիշի բակը. և երբեմն երրորդի դուռը մտնելու համար ստիպված ես անցնելու առաջինի պատշգամբով և երկրորդի խարխուլ սանդուղքներով: Այդ տներից մի քանիսը կպած են բարձր զառիվայրի ապառաժի կրծքին, և նմանվում են ավելի անգղների բներին:

Այս փոքրիկ թաղի մեջ բնակվում են ամեն սեռի և ամեն տեսակի մարդիկներ: Սկսած արհեստավորներից, լվացարարներից, կարողուհիներից և վերջացրած խաբեբա գրբացներով, վհուկներով և անառակ կանանցով: Սրանք բոլորը միմյանց ճանաչում են, ծանոթ են մինչև անգամ միմյանց մանրամասն կենսագրության: Բայց դրսի թաղերից շատ քչերն են իրենց ճանաչում: Եվ այն էլ մի որոշ արհեստների ծառայող անձինք, որոնք շարունակ հարաբերություն ունին իրանց հետ: Երբեմն էլ այս թաղին գիշերով այցելում են հարուստ տներից զանազան երիտասարդ և պառավ անձինք, իրենց ծանոթներին զանազան պատվերներ տալու համար:

Երեկոյան ութ ժամն էր: Երկինքը թեպետ պարզ և աստեղավառ, բայց լուսինը դեռ ծածկված էր հեռու լեռների ետևում և նրա շուտ ծագելուն հույս չկար: Այս ժամին, երբ Թիֆլիսի գլխավոր փողոցներում դեռ մեծ կենդանություն է տիրում, այս թաղի մեջ լռությունը կատարյալ էր. միայն թե այս ու այն բակում շների աննպատակ հաչոցը մերթ ընդ մերթ ընդհատում էր նրան:

Զառիվայրի կրծքին կպած տներից մեկի նեղ բակում այս միջոցին անց ու դարձ էր անում մի սև ստվեր, նա երբեմն գալիս հասնում էր յուր բակի շարունակությունը կազմող հարևան տան կտուրի ծայրը և երկար արձանացած կանգնում էր այնտեղ, և երբեմն անցուդարձ անելուց հոգնելով նստում էր կտուրի ճակատին: Իրենից մի փոքր հեռու երկու փոքրիկ պատուհաններում երևում էր ճրագի նվաղ լույս, դա ստվերի կացարանն էր: Գիշերվա այս խավար ժամին ամենափորձ խուզարկուն անգամ չէր կարող գտնել այդ խորհրդավոր բարձրության ճանապարհը:

Մի ընդարձակ և ուղղաձիգ փողոց, որի վրա անընդհատ անցուդարձ էին անում կառքերը, կազմում էր զառիվայր թաղի ստորոտը: Մեռ ծանոթ ստվերի դեմքը միշտ ուղղված էր լինում դեպի այդ կողմը: Հանկարծ փողոցի ծայրում երևաց կարմիր լապտերներով մի կառք: Ստվերը, որ նստած էր կտուրի ճակատին, իսկույն բարձրացավ տեղից և մի քանի արագ քայլեր փոխելով դեպի ներքև, անհայտացավ խավարի մեջ: Կարմիր լապտերներով կառքը խուլ դղրդյունով, ինչպես այդ հատուկ է հարուստների սեփական կառքերին, առաջանում էր դեպի զառիվայրի թաղը: Հասնելով այն բարձրության հանդեպը, ուր անցուդարձ էր անում ստվերը, նա կանգնեց:

Կառքի միջից դուրս եկավ մի բարձրահասակ երիտասարդ ծածկված վերարկուի մեջ և հապճեպ քայլերով ուղղվեցավ դեպի զառիվայրը հանող ճանապարհը: Բայց նա հարյուր քայլ դեռ չէր հեռացել, երբ նրան հանդիպեց մի սևազգեստ կին. սա մեզ ծանոթ ստվերն էր: Երիտասարդը ողջունեց նրան առանց ձեռք պարզելու: Երևում էր, որ կինը նույնպես անկեղծությամբ է վերաբերվում դեպի նրան, որովհետև խոնարհ գլուխ իջեցնելով միայն պատասխանեց երիտասարդի ողջույնին:

– Ի՞նչ պատահեց քեզ, որդի, էս քանի-օր է էլ քո Սալոմեին չես հարցնում, – խոսեց սևազգեստ կինը, հետևելով երիտասարդին, որ բարձրանում էր դեպի զառիվայրը:

– Ես քեզ վերա շատ եմ բարկացած, Սալոմե, գիտե՞ս, թե ոչ:

– Ի՞նձ վերա, և ինչո՞ւ համար, որդի, – վախենալով հարցրեց նրան Սալոմեն:

– Տիկին Բերնարի կարանոցում մի աղջիկ կա, դու նրա մասին ինձ ոչինչ տեղեկություն չես տվել մինչև այսօր:

– Տիկին Բերնարի՞… այդ կարանոցը ես…

– Այդ կարանոցը դու երևի չես էլ ճանաչում:

– Այո՛, որդի՛, ինչ թաքցնեմ, չեմ ճանաչում:

– Հիմա՛ր, թե ասում էիր ամբողջ Թիֆլիսը ճանաչում ես. մինչև այսօր խաբու՞մ էիր ինձ:

– Ինչո՞ւ այդպես բան ես ասում, որդի, ես քեզ ինչո՞ւ համար պիտի խաբեմ, մի՞թե ամբողջ Թիֆլիսում մի այնպիսի կորած անկյուն չի՞ պատահիլ, որը ես չճանաչեմ:

– Բերնարի կարանոցը կորած անկյուն չէ, նա քաղաքի մեջտեղումն է և ամենալավ փողոցի վրա:

– Հազար անգամ ներողություն եմ խնդրում: Բայց ի՞նչ ես հրամայում, ասա, որդիս, ես իսկույն կկատարեմ:

– Վաղը ամեն բան վերջացած պետք է լինի:

– Այժմեն իսկ կարող ես վերջացած համարել. միայն պատմիր, թե բանն ինչումն է:

Մինչ այս նրանք հասել էին Սալոմեի տան բակը, մի շատ կարճ ճանապարհով: Պառավը հրավիրեց երիտասարդին յուր կացարանը: Սա մի փոքրիկ տնակ էր, բաղկացած երկու սենյակներից: Նրանցից մեկը տանտիրուհու և՛ հյուրանոցը, և՛ սեղանատունը, և՛ դահլիճը, և՛ ննջարանն էր, կահավորված ամենահասարակ կարասիներով, որոնք աչքի էին ընկնում իրենց զանազանակերպ աններդաշնակությամբ: Նրա աջ կողմը դրված էր մի թախտ, ծածկված թաղիքներով, իսկ նրանց վրայով փռված էր մի կոշտ և կեղտոտ օթոց: Պահարանի նման մի խորության մեջ վառվում էր կանթեղը, որի ծուռ կտրված պատրույգից առաջացած ծուխը սևացրել էր ապակիի ամբողջ կեսը: Հարևան սենյակը Սալոմեի խոհանոցը, մառանը և փայտատունն էր: Նրա բաց դռներից փչում էր մի տեսակ սառն խոնավություն, որը միանալով կանթեղից առաջացած ծխի հետ, լցրել էր սենյակը մի անախորժ գարշահոտությամբ:

 

Այսուամենայնիվ, երիտասարդն առանց ոչինչ զզվանք զգալու մտավ այդտեղ և անցնելով նստավ թախտի պատվավոր տեղում, այսինքն այնտեղ, ուր դրված էր հին թավշապատ մութաքը: Նրա շարժվածքից երևում էր, որ առաջին անգամը չէ այցելում այս տնակին:

– Հա՛, տիկին Բերնարի կարանոցը գտնվում է Ս… փողոցի վրա, – շարունակեց երիտասարդն ընդհատված խոսակցությունը: – Այդտեղ մի աղջիկ կա Ելենա անունով. բարձրահասակ, գեղեցիկ դեմքով, սև և գրավիչ աչքերով, միով բանիվ բոլոր կարողուհիների մեջ նա ամենից գեղեցիկն է: Երեկ ես նրան պատահեցա այգիում յուր ընկերուհիների հետ զբոսնելիս: Հետո ավելի մոտիկից զննելու համար անձամբ մտի տիկին Բերնարի մոտ և նրան դիտմամբ կես դյհւժին շապիկներ պատվիրեցի:

Այդ առիթով ես մոտեցա և այդ աղջկանը. նա հայուհի է. մի քառորդ ժամու չափ խոսեցի նրա հետ. նա ինձ կախարդեց, ես հիացած եմ նրանով. հասկանո՞ւմ ես, հիացած եմ…

– Հասկանում եմ, որդի, հասկանում եմ, բոլոր աղջիկներն առաջին անգամ քեզ հիացնում են…

– Ա՛յ, որ ոչինչ չես հասկանում, – ընդհատեց Սալոմեին երիտասարդը, – նա բոլորովին ուրիշ աղջիկ է, ես մինչև անգամ նրան սիրեցի. հասկանո՞ւմ ես…

– Հասկանում եմ, որդի, հասկանում եմ, – ամենախոնարհ ձայնով պատասխանեց Սալոմեն:

– Այդպես, նա շատ սիրուն աղջիկ է, ես մինչև անգամ լավ տեղեկացա, թե նա ով է և որտեղացի է:

– Մի՞թե թիֆլիսեցի չէ:

– Ո՞չ, նա գավառական քաղաքներից է:

– Օ՛, օ՛, ասա կռո՛ է, էլի. բաս բանը շատ դժվար պիտի գլուխ գա, – հուսահատաբար խոսեց Սալոմեն և շարժեց գլուխը:

– Դժվար-մժվար չգիտեմ: Այսօր հինգշաբթի է, կյուրակե օրը նա իմ առանձնարանում պիտի լինի, որովհետև ես խոստացել եմ մեր Մարգարին, որ այդ օրը Ելենայի հետ միասին ճաշ տամ նրան այնտեղ:

Պառավը մի փոքր ժամանակ մնաց լուռ և աչքերը սևեռեց գետնին: Երևում էր, որ նա մի մեծ արգելք է նկատում յուր ճանապարհի վրա. նա հետզհետե ընկղմվում էր մտածողության մեջ:

– Սալոմե՞, ի՞նչ ես լռել, քնո՞ւմ ես, – գոչեց հանկարծ երիտասարդն այնպիսի ձայնով, որ պառավը վեր թռավ:

– Չեմ քնում, որդի, մտածում եմ:

– Ի՛նչ ես մտածում. քեզ խոսք եմ ասում, կյուրակե օրը Ելենան իմ առանձնարանում պիտի լինի:

– Լսեցի, որդի, լսեցի:

– Լսելը բավական չէ. դու ինձ ասա՞, խոստանո՞ւմ ես, որ նրան կբերես ինձ մոտ:

– Մի փոքր համբերություն ունեցիր, որդի, առաջ մի տեսնեմ ինչ աղջիկ է, ասում ես, թե Թիֆլիսեցի չէ, կարելի է ծնողները չեն համաձայնում, այն ժամանակ շատ դժվար…

– Լռի՛ր, լռի՛ր, – ընդհատեց Սալոմեին երիտասարդը, – ես քեզ ասել եմ, որ ինձ մոտ այդպիսի բաներ չխոսես. «չեմ կարող, կամ դժվար է» բառերն ինձ մոտ բերանիցդ չհանես, հասկացա՞ր: Կյուրակե օրը նա ինձ մոտ պիտի լինի:

Այս ասելով երիտասարդը վեր կացավ տեղից:

– Ինչո՞ւ ես բարկանում, որդիս, եթե այդ է քո ցանկությունը, ինչպե՞ս կարող եմ հակառակել, – հեզությամբ պատասխանեց պառավը, – միամիտ եղիր, կերթամ, կաշխատեմ և չեմ ուտիլ, չեմ քնիլ, մինչև չկատարեմ քո ցանկությունը, Սալոմեի համար այդ խո առաջինը չէ՞:

– Ա՛յ, այդպես պետք է խոսես, Սալոմե, այն ժամանակ ես քեզանից շնորհակալ կլինիմ. աշխատիր, որ երբեք ինձ չբարկացնես. դու խո գիտե՞ս, ես ինչ բնություն ունեմ:

Այս ասելով երիտասարդը հանեց գրպանից յուր պորտմոնեն և մի քանի թղթադրամներ պառավի ձեռքը խրելով դուրս գնաց սենյակից:

Սալոմեն դարձյալ նույն ճանապարհով ուղեկցեց նրան մինչև կառքը:

– Կյուրակե օ՞րը, չմոռանաս, – կրկին հիշեցրեց նա պառավին իր պատվերը և կառքը նստելով հեռացավ:

Ընթերցողները ճանաչեցին, իհարկե, որ այս երիտասարդը Սամվելն էր, որին նրանք տեսել էին Ալեքսանդրյան այգիում Բերնարի կարողուհիների ետևից դեգերելու ժամանակ:

Սալոմեն վերադարձավ յուր բնակարանը: