Za darmo

Պատմվածքներ

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

ԿԱԹՈԼԻԿ ԿՂԵՐԻ ՄՈՏ

Բաժանվելով Մարգարիտայից ես դիմեցի դեպի պատեր-Սիմոնի տունը: Ճանապարհին զանազան մտքեր պաշարել էին ինձ. կամ մտածում էի՝ գնալ և այդ մարդուց հաշիվ պահանջել յուր գործած չարությունների համար և տալ նրան յուր արժանավոր հատուցումը, կամ դիմել նրան և աղաչել, որ հեռացնե ինձանից յուր ցասումը և արգելք չդառնա մեր միությանը. երբեմն էլ մտածում էի՝ ընկնել քարոզիչ Լորենտանոյի ոտքերը և աղերսել նրա օգնությունը, զիջանելով նրան մինչև անգամ իմ կրոնական համոզմունքները… բայց վերջին երկու միջոցը իմ արժանապատվությունը վիրավորող էի գտնում: «Ոչնչացնել, կամ ոչնչանալ» վճռեցի ես վերջապես և նոր ուժով կազդուրված քայլերս շտապեցրի:

Երեք ընկերները հենց նոր էին վերադարձել Լուսինյանների տնից: Շատ քաղցր բարեկամությամբ նրանք ընդունեցին ինձ: Պատեր-Սիմոնը քաղաքավարությամբ ծանոթացրեց ինձ Ֆրանցիսկոս Լորենտանո քարոզչի և գիտնական պատեր-Պետրեի հետ:

Ֆրանցիսկոս Լորենտանոն հասակն առած մոտ հիսուն և հինգ տարեկան մի մարդ էր. բարձրահասակ և վայելչակազմ, դեմքը շատ քաղցր և ժպտող, նրա երեսի վերա փայլում էր կատարյալ առողջություն, իսկ այտերը վառվում էին մի նորատի կնոջ դեմքին հատուկ կարմրությամբ: Նրա սափրած ծնոտի տակ հանգչում էր մի երկրորդ ծնոտ, որ ալիքավոր անհավասարությամբ իջնում միանում յուր պարանոցի հետ: Նրա ամբողջ կազմվածքի ներդաշնակությունը խանգարում էր միայն պատերական լայն և ուռած փորը, որի վերա չէր կարողանում տիրապետել յուր ոչ պակաս լայնադիր կուրծքը: Մի քանի րոպե ես հիացմունքով նայեցի նրա վերա:

Այդ մարդին արտաքուստ դատելով ես չար չգտի. նրա ձայնի և նայվածքի մեջ կար մի բան, որ կախարդում էր: Շինծո՞ւ էր այդ, թե՞ բնական, դեռ չգիտեի:

Պատեր-Պետրեն, ընդհակառակը, նիհար, հակակրական դեմքով և մաշված կազմվածքով մի արարած էր. նրա դեմքի և նայվածքի մեջ ես պարզ կարդում էի դիվական չարություն: Նրա ձայնն անգամ անախորժ էր և խռպոտ: Առաջին անգամից իսկ ես զզվեցա նրանից:

Նստելով ինձ առաջարկած աթոռի վերա, ես թույլ չտվի իմ նոր բարեկամներին մի որևէ քաղցր խոսք փոխանակել ինձ հետ, կասկածելով կորցնել խստությունս, ուստի ուղղակի գործից սկսեցի.

– Վերապատվելի հարք, դուք արդեն ամեն բան գիտեք, և կարող եք գուշակել նույնիսկ իմ այցելության պատճառը, – ասացի ես, – հետևապես ես ձեզ նոր բան պատմելու կարևորություն չեմ տեսնում: Ես սիրում եմ Լուսինյանի աղջկան և արդեն նշանված եմ նրա վերա, այդ գիտեք դուք: Բայց մեր ամուսնությունը ձեզ հաճելի չէ, որովհետև աղջիկը պատկանում է կաթոլիկ դավանության, և դրա համար էլ դուք ամեն ջանք գործ եք դնում խափանել մեր միությունը: Ես եկա հարցնելու ձեզ, վերապատվելի հարք, թե ի՞նչ բարիք ստեղծելու՞ համար եք գործում այդ չարությունը, և թե ի՞նչ է ձեր պահանջը ինձանից:

– Չարություն մենք չենք գործում, – քաղցրությամբ պատասխանեց քարոզիչը, – Հիսուս Քրիստոսը երբեք յուր աշակերտներին չարություն չէ սովորեցրել…

– Այդ ես գիտեմ, – դառնությամբ ընդհատեցի նրան, – բայց դուք ձեր վարմունքով նրա աշակերտներին չեք նմանում. Քրիստոս սեր էր քարոզում, իսկ դուք սերը քանդում եք…

Այս խոսքի վերա Ֆրանցիսկոս Լորենտանոն ձեռքերը դեպի վեր բարձրացրեց և աչքերը առաստաղի վերա սևեռելով երկյուղած ձայնով բացականչեց.

– Ով սուրբ Տիրամայր, բարեխոսիր քո անմահ Հիսուսին, որ ներե այս հայհոյող մահկանացուին, որ լուսավորե այս մոլորյալի աչքերը և առաջնորդե նրան դեպի ճշմարտության ճանապարհը…

Իսկույն մյուս երկու ֆրերներն էլ հետևեցին քարոզչի օրինակին. կարծես թե այստեղ մի կրոնական ծանր արարողություն էր կատարվում:

Այս կատակերգությունը թեպետ մի վայրկյան շարժեց իմ ծիծաղը, բայց ավելի զայրույթս գրգռեց: Ես տեսա, որ այս մարդիկ ինձ մի անփորձ տղայի տեղ դնելով կրոնական թեորիաներով են ուզում ճնշել սրտիս մեջ ալեկոծվող կատաղությունը:

– Վերապատվելի հարք, ես հավատում եմ ձեր ջերմեռանդությանը, – ընդհատեցի ես նրանց, – բայց այս րոպեին ես կարոտում եմ ավելի ձեր ճշմարտախոսությանը քան թե աստվածապաշտությանը: Ասացեք ինձ, ինչո՞ւ համար եք դժբախտացնում երկու սիրող սրտեր: Ինչո՞ւ համար եք խեղդամահ անում մի կյանք, որ սկսում է շնչավորվիլ, մի՞թե այդ ձեզ սուրբ Տիրամոր որդին է սովորեցրել:

– Որդյակ, դուք դարձյալ հայհոյում եք. բայց դա հանցանք է, – կրկին սկսավ խոսել քարոզիչը: – Մենք սուրբ ավետարանի աշակերտներ ենք և քարոզում ենք խաղաղություն, մենք ձեզ էլ ներում ենք, որովհետև Հիսուս Քրիստոսը ներողություն քարոզեց, մենք աղոթում ենք միայն հոգիների փրկության համար…

Այս աննպատակ և անմիտ խոսքերը սկսում էին ձանձրացնել ինձ, քարոզիչը խուսափում էր իմ հարցերին ուղղակի պատասխանելուց:

– Ֆրանցիսկոս Լորենտանո, ձեզ երդվեցնում եմ ձեր վարդապետ Հիսուսի անունով, խոսեցեք ինձ հետ անկեղծությամբ, ես անմիտ քարոզներ լսելու ժամանակ չունիմ. – ինչու՞ համար եք արգելում իմ և Լուսինյանի դստեր ամուսնությունը, դուք, որ խաղաղություն եք քարոզում, դուք, որ հոգիների փրկության համար եք աղոթում, պետք է, որ հոգիների կորուստյան համար էլ դավեր չլարեք, բայց դուք այդ անում եք. դուք մոլորեցնում եք խեղճ աղջկա հորը, դուք նրան դժոխքի ճիվաղներով և սատանաներով եք սպառնում, դուք նրան ավետարանի ճշմարտությունը քարոզելու փոխարեն, առասպելական մոլորություններով եք զբաղեցնում, ա՞յդ է միթե հոգիների փրկության համար աշխատելը:

– Մենք ձեր ամուսնության գործում չենք խառնվում, որովհետև դա հոգիների փրկության չէ վերաբերում, մենք չենք խառնվում և սիրահարական գործերում, որը դևերից ներշնչված մի զգացմունք է. մենք կցանկանայինք փրկել ձեր հոգին, եթե այդ դուք կամենայիք, մենք մինչև անգամ մաղթանքներ կուղղեինք ձեր հոգվո փրկության համար առ սուրբ Տիրամայրն, որ նա բարեխոսեր ձեր մասին Հիսուսի անմահ աթոռի առաջ: Կհամաձայնվեի՞ք դուք փրկել ձեր հոգին, ասացե՛ք, մենք կաշխատենք դրա համար:

– Այո՛, այո՛, մենք կաշխատենք դրա համար, – գրեթե միաբերան կրկնեցին Սիմոն և Պետրե պատերները:

Ես պարզ տեսնում էի, որ այդ մարդիկը դիտմամբ ուզում են ինձ հիմարացնել: Իմ բոլոր հարցերը նրանք խեղաթյուրում էին, էլ չարժեր երկարել:

– Ուրեմն ասում եք, որ մեր ամուսնության գործում դուք չեք խառնվում, – վերջնական հարցով դարձա ես քարոզչին:

– Ոչ, մենք չենք կարող խառնվել, – պատասխանեց նա, – բայց կցանկանայինք ձեզ դարձնել դեպի ճշմարիտ հավատը և փրկել ձեր հոգին:

– Հոգվո փրկությունը մի կողմ: Ուրեմն դուք չե՞ք արգելում Լուսինյանին, որ նա յուր աղջիկը ամուսնացնե ինձ հետ, – կրկնեցի ես:

– Մենք իրավունք չունինք. դա նրա գործն է, մենք միայն ուղղափառ հոգիների համար կարող ենք մտածել:

– Դուք այնքան բարի կլինեինք ուրեմն, որ այդ միևնույնը կրկնեք նրան, այնպես չէ՞ , – հարցրի ես:

– Այո՛, մենք կասենք նրան, որ սրբազան պապի ծառաները միայն ուղղափառ հոգիների փրկության համար կարող են մտածել:

– Եվ դուք չե՞ք արգելիլ, որ նա յուր աղջիկը ամուսնացնե ինձ հետ:

– Մենք ձեր հոգվո փրկության համար էլ կաղոթենք, – եղավ իմ հարցի պատասխանը:

Էլ երկարելու հարկ չկար, այս անմիտ հարց ու պատասխանը չէր հատնելու, եթե շարունակեինք: Ես վեր կացա և առանց պատվելիներին ողջունելու, գրգռված դուրս գնացի:

ՇԱՐԺՈՒՆ ԵՂԵԳՆ

Ինչպես տեսաք իմ բախտը դեռ մնաց անորոշ: Ես այցելեցի պատերներին նրա համար, որ վերջնականապես որոշեի իմ իրավունքի սահմանը – տիրել իմ սեփականությանը կամ զրկվիլ նրանից: Բայց երևի վճռաջինջ ատյանը այդտեղ չէր: Ես կես զայրացած և կես հուսահատ դիմեցի Լուսինյանների տունը: Հույս ունեի, թե այդտեղ վերջապես կգտնեմ իմ հանգիստը:

Զարմանալի՛ է, որքա՛ն մեծ ազդեցություն ունի մարդկային սրտի վերա երևակայությունը: Շատ անգամ նրա աշխարհում մարդ մի ամբողջ կյանք ապրում և վերջացնում է կատարյալ երջանկությամբ և այդ հենց այն ժամանակ, երբ իրական աշխարհի մեջ, միևնույն մարդը, ընկճված է կատարյալ թշվառության ներքո: Շատ անգամ էլ այդ գերբնական աշխարհը դառնում է մի հրավառ Սոդոմ, ուր իրական աշխարհի երջանիկները հրդեհվում են անողորմաբար: Պատիժը և վարձատրությունը չափվում է այդտեղ միայն մոլորության գնով: Որքան էլ խաբուսիկ է այդ աշխարհի գոյությունը, այսուամենայնիվ հոգիները ապրում են այնտեղ և մարդկային սիրտը վճարում է նրանց համար յուր հարկը:

Լուսինյանների տունը միևնույն էր. ոչինչ նրա մեջ չէր փոխվել: Այնտեղ էլի ապրում էր իմ Մարգարիտան յուր ծնողների հետ: Բայց ես նրա մեջ մեծամեծ փոփոխություններ էի տեսնում, իմ երևակայությունը ժխտում էր ա՞յն ամենի գոյությունը, ինչ որ ես դեռ մի երկու օր առաջ տեսել էի նրա մեջ: «Այնտեղ էլ սեր չկա, – ասում էր ինձ մի աներևույթ ձայն, – գգվանքները փախուստ են տվել այդ տանից, ընտանեկան խաղաղությանը հաջորդել է գժտության ոգին. մի փոքր էլ, և նա դժոխք կդառնա…»:

Եվ իրավ, երբ ես այդ տունը մտա, կարծես բոլոր ինձ ծանոթ առարկաները բողոք բարձին մի չար ոգվո դեմ, որ տխրության քողով պատել էր նրանց:

Տան բնակիչների վերա նույնպես տիրում էր մի ընդհանուր թախծություն: Նրանց բոլորին ես ժողոված գտի իմ զոքանչի սենյակում: Մարգարիտան լուռ նստած էր սենյակի մի անկյունում, նրա մոտ էր և քույրս: Լուսինյան այր և կին տաք տաք վիճաբանում էին, և երբ ես ներս մտա, նրանք լռեցին:

Ես լուռ ողջունեցի նրանց գլխի շարժումով և նստեցի դռան մոտիկ մի աթոռի վերա:

– Ինչո՞ւ համար ես այդտեղ նստում, Արամ, ե՛կ, այստեղ, նստիր ինձ մոտ, – քնքշաբար խոսեց զոքանչս և մի աթոռ քաշեց դեպի իրեն:

Ես լուռ նստա առաջարկած աթոռի վերա:

– Ինչո՞ւ համար ես տխուր, ինչո՞ւ չես խոսում, – կրկին անգամ հարցրեց զոքանչս:

– Ինչո՞վ ուրախ լինեմ, և ի՞նչ խոսեմ, ես դեռ չգիտեմ, թե արդյոք իրավունք ունեի՞ ձեր տուն մտնելու, թե՞ ոչ, – պատասխանեցի ես:

– Քանի որ ես կենդանի եմ, իմ տունը քեզ համար բաց է, դու իմ որդին և փեսաս ես, – ասաց նա, – ինձանից հետո միայն կարող են քեզ հեռացնել այստեղից:

– Արամը արդեն ամեն բան գիտե, նա խելոք երիտասարդ է և հույս ունիմ ինձ կհասկանա, թողեք, որ ես նրան հայտնեմ իմ միտքը, – այս խոսքերով մոտեցավ ինձ պ. Լուսինյանը և ուզում էր խոսել:

– Ոչինչ հարկավոր չէ ասել նրան, ես արդեն վճռել եմ, ես պատերների հրամանին հնազանդվող չեմ:

– Թողեք, մայրիկ, թողեք որ խոսե, ես կամենում եմ լսել նրան, – խնդրեցի ես զոքանչիս, և նա լռեց:

Պ. Լուսինյանը վերցրեց մի աթոռ և նստեց իմ հանդեպ:

– Դուք հիշո՞ւմ եք, բարեկամ, որ ես առաջին անգամից իսկ շատ լավ ընդունելություն արի ձեզ, – սկսեց խոսել նա, – ես ձեզ համակրեցի, հարգեցի, և հետո, երբ իմ դստեր ձեռքը խնդրեցիք, ես տվի նրան ձեզ: Այդ ժամանակ ես դեռ չէի մտածում տխուր ապագայի մասին, ճշմարիտն ասած, ես մինչև անգամ ձեր ինչ դավանության պատկանելը չգիտեի: Տեսնելով, որ Մարգարիտան համակրում է ձեզ, ես ցանկացա ամուսնացնել նրան ձեզ հետ: Դուք ինքներդ վկա էիք մինչև անգամ, թե ինչպես կոպտությամբ արտաքսեցի պատեր-Սիմոնին իմ տանից, որովհետև նա ընդդիմանում էր իմ դստեր կամքին: Այդ բոլորը ես արի Մարգարիտայիս սիրտը շահելու և նրան գոհացնելու համար: Բայց ամենն էլ անհեռատեսությամբ արի: Իմ վարմունքով ես դժոխքի կրակներին մատնել էի մի ամբողջ ընտանիքի հոգիները: Իմ Մարգարիտան, որին այնքան սիրում եմ ես, պետք է հավիտենական տանջանքների մատնվեր յուր հոր հիմարության պատճառով:

 

Իմ չարագործության լուրը արդեն հեռագրով հասել է սրբազան պապի ականջը: Եվ նա, որ մի օր օրհնել էր ինձ և որի օրհնությամբ ես այսքան տարի բախտավոր էի ապրում, այժմ, ինչպես ինքը քարոզիչն է պատմում, անիծել է ինձ և իմ բոլոր ընտանիքը: Ես հաստատ գիտեմ, որ մի քանի օր չանցած ես կդժբախտանամ, և ինձ հետ միասին էլ իմ անունը և ընտանիքը կկործանվի: Այս բավական չէ, դեռ մեր դժբախտ մահվանից հետո էլ մեր հոգիները հավիտենական կրակներում պիտի պապակին…

Ես ծիծաղեցի:

– Ո՛հ, մի ծիծաղեք, ես սուտ բան չեմ ասում, և եթե ձեր մեջ սիրտ և հոգի կա, օգնեցեք ինձ իմ այս հանցանքը քավելու, հեռացե՛ք իմ աղջկանից, այդ է մեր փրկության միակ ճանապարհը, և դրանով միայն մենք կկարողանանք սրբազան պապի ներողամտությունը վաստակելու:

– Ձեր կարծիքով ի՞նչ եմ ես, որ ինձ հետ բարեկամ լինելը դուք հանցանք եք համարում:

– Պատվելիները ասում են, որ դուք հերետիկոս եք:

– Բայց ի՞նչ բան է հերետիկոսը:

– Հերետիկո՛սը… Օ՛, հերետիկոսները աստված չունին, նրանք Հիսուս Քրիստոսին չեն ճանաչում, նրանք սուրբ աստվածամորը չեն պաշտում, նրանք սատանաների հետ են գործ շինում… Ո՛չ, ո՛չ, ես չեմ կարող կորցնել իմ աղջիկը, ազատեցեք իմ ընտանիքը այդ պատուհասից, աղաչում եմ ձեզ…

Ես ապշած նայում էի այս մարդուն, նա շատ քիչ էր զանազանվում մի խելագարից: Բայց ի՞նչ պետք էր անել, նա ընտանիքի տեր էր, և այսօր իմ իրավունքը գտնվում էր նրա ձեռքում: Ես տեսնում էի, որ Մարգարիտան և յուր մայրը նույնպես նայում էին նրա վերա ինչպես մի հոգեպես հիվանդացած մարդու վերա, և իրենց տխուր նայվածքով կարծես ինձանից դեղ և դարման էին աղերսում նրա համար:

– Այդ բոլորը ձեզ պատմել են ձեր քահանաները, – պատասխանեցի ես, – բայց նրանք մի հատ ճշմարտություն անգամ չեն ասել ձեզ: Մենք և դուք մի ազգ և մի արյուն ենք. այդ դուք էլ գիտեք, այդ դուք ինքներդ էլ խոստովանեցիք հենց այն երեկոյան, երբ այն չարագործ պատերին արտաքսեցիք այս տեղից: Մենք էլ ձեզ նման քրիստոնյաներ ենք, մենք էլ միևնույն աստված և աստուծո որդին ենք պաշտում, որին և դուք: Ինչպես դուք եք սատանաներից հեռու փախչում, այնպես էլ մենք: Այդ բոլորը ինչ որ դուք մեր մասին ասացիք, խայտառակ զրպարտություններ են: Այդ անզգամները ձեզ խաբում են: Նույնիսկ պապը ձեր մասին ոչ կարող է մի բան լսել, և ոչ էլ կմտածե, թե ձեզ նման մի մարդ կա այս կորած անկյունում, այս և այն հանցանքն է գործում: Այդ շինծու խոսքերով այդ մարդիկ միայն խաբում են ձեզ: Բացեք ձեր աչքերը, ճանաչեցեք ձեր բարեկամներին և ազատեցեք ձեր տունը այդ անզգամների մեքենայություններից: Սրանց շարունակ քարոզությունները ձեզ արբեցրել են: Զգաստացե՞ ք, խեղճ եք դուք, խեղճ է ձեր ընտանիքը:

Պ. Լուսինյանը մի քանի վայրկյան հառեց ինձ վերա յուր աչքերը, և ապա ուրախ ուրախ մոտենալով բռնեց իմ ձեռքը և ասաց.

– Եթե այդ բոլորը ճշմարիտ է, և եթե դուք հերետիկոս չեք, աղաչում եմ ձեզ, վաղ առավոտ եկեք այստեղ, ես կկանչեմ և մեր պատվելիներին. ապացուցեք նրանց առաջ, որ դուք էլ ճշմարիտ քրիստոնյա եք, և ես այն ժամանակ կտամ ձեզ իմ Մարգարիտային, ինչպես խոստացել եմ:

Ես այդ րոպեին կատարելապես կարեկցում էի կրոնական նախապաշարմունքների այդ դժբախտ զոհին, մանավանդ որ նա իմ սիրած աղջկա հայրն էր, բայց ամենից ավելի կատաղում էի նրան մոլորեցնող դևերի դեմ: Այդ խեղճ մարդը անմեղ էր:

– Շատ լավ, ես վաղ առավոտ կգամ այստեղ, կանչիր և ձեր պատերներին. ես նրանց հետ կխոսեմ ձեր ներկայությամբ:

Պ. Լուսինյանը ուրախությունից չգիտեր ի՞նչ աներ, նա ջերմությամբ ողջունեց ինձ ու քրոջս և դուրս գնաց: Մի քառորդ ժամ Մարգարիտայի և նրա մոր հետ խոսակցելուց հետո մենք էլ դուրս եկանք:

Ճանապարհին մենք անցանք պատեր-Սիմոնի տան մոտից: Ներսից լսվում էին հարբած մարդկանց ձայներ: Ես հետաքրքրվեցա նայել պատուհանից. Քրիստոնեության առաքյալները կիսով չափ հանված նստած էին սեղանի շուրջը և կոնծում էին…

ՀԱՎԱՏԱՔՆՆՈԻԹՅՈԻՆ

Հետևյալ օրը ես շատ վաղ զարթեցի, որովհետև չարագուշակ երազները ամբողջ գիշեր վրդովում էին քունս: Արշալույսը նոր էր շառագունում, երբ ես հագնված և պատրաստ դուրս եկա տանից: Առավոտյան զովարար հովը կազդուրիչ ազդեցություն ունեցավ իմ մարմնո և հոգվո վերա: Ես կամենում էի իջնել ծովեզրը, ավելի և սթափվելու համար, բայց այդ ժամանակ եկեղեցվո զանգակները սկսան ղողանջել, և ես հիշեցի իմ այս օրվա ծանր պարտավորությունը:

Դեռ աշակերտությանց ժամանակից սկսած ես ատում էի կրոնական վիճաբանությունները, անօգուտ ժամավաճառություն անվանելով նրանց: Այսօր ես ինքս ստիպված էի այդ բանով զբաղվիլ իմ մահու և կյանքի խնդիրը վճռել կարողանալու համար: Բախտը շատ անգամ այս օրինակով է խաղում մարդու հետ: Բայց ամենից ցավալին այն էր, որ ես թեպետ իմ ուղղադավան լինելս գիտեի, բայց շատ թույլ էի կրոնական վիճաբանությունների մեջ և իսկապես չգիտեի, թե ինչ տարբերություններ կային մեր և կաթոլիկ եկեղեցիների մեջ: Կասկածելի էր, որ իմ այս տգիտության պատճառով ես կորցնեի մինչև անգամ իմ դատը:

Այս պատճառով ես վճռեցի տանել ինձ հետ տեր-Հովհաննեսին և այդ դատը նրան հանձնել: Այս դիտավորությամբ ես դիմեցի դեպի եկեղեցին: Աստուծո տան այդ օրվա այցելուները մի քանի պառավներ և նույնչափ ծերունիներ էին: Նրանք ջերմեռանդությամբ աղոթում էին. իսկ իմ ներկայությունը կարծես խանգարեց ընդհանուր ներդաշնակությունը:

Այսուամենայնիվ ես էլ սկսա աղոթել: Եվ ամբողջ իմ կյանքում չեմ հիշում այնպիսի վայրկյաններ, որոնց մեջ ես նույնչափ ջերմեռանդությամբ աղոթած լինեի, որպիսի ջերմեռանդությամբ ես այդտեղ աղոթեցի: Այդտեղ ես առաջին անգամ զգացի հոգեկան մխիթարության քաղցրությունը, – մի բարիք, որին չեն կարողանում ո՞չ հափշտակել և ո՞չ բռնաբարել…

Երբ ժամասացությունը վերջացավ և ժամավորները դուրս գնացին, ես մոտեցա տեր-Հովհաննեսին և ողջունեցի նրան:

– Ի՞նչպես է պատահել, որ այսօր եկեղեցի եք եկել, – հարցրեց նա ժպտալով:

– Այսօր աստծուն աղոթելու կարիք զգացի, – պատասխանեցի ես: Տեր Հովհաննեսը երևի գիտեր իմ գլխին հասած չարիքը, ուստի.

– Միշտ այդպես է. թշվառությանը հասած ժամանակն են մարդիկ դիմում աստծուն, – նկատեց նա ծանրությամբ, – բայց ավելի լավ կլիներ եթե նրանք մինչև թշվառության հասնելը հիշեին նրան:

Ես կարմրեցի: Բայց բարի քահանան իսկույն փոխեց յուր խոսակցության եղանակը և սկսավ իմ ակնարկած թշվառության մասին հարցուփորձել ինձ:

Ես ամեն բան մանրամասնաբար պատմեցի նրան:

Եվ հետո երբ իրեն հայտնեցի իմ դիտավորությունը, նրան Լուսինյանի տունը տանելու համար, նա ուրախությամբ համաձայնվեցավ: Բայց ամենից առաջ մենք մտինք յուր տունը, որը գտնվում էր եկեղեցվո բակում, թեյ առնելու համար:

Օրիորդ Վարդուհին դիմավորեց մեզ յուր սովորական ուրախ և կատակներ անելու պատրաստ տրամադրությամբ և. ծանոթացրեց ինձ յուր քրոջ և մոր հետ:

Որքան էլ որ ես տրամադիր չէի ծիծաղելու, դարձյալ նրա զվարճախոսությունները կորզում էին մի մի ժպիտ իմ շրթունքներից: Ինձ հետ պատահած անախորժ դեպքն անգամ նա յուր կատակների նյութն էր շինում:

– Երջանիկ հոգի, երբեք չես ծերանալ, – ասում էի ես նրան:

Բայց, իհարկե, ով կարող էր երաշխավորել, թե նրա գեղածիծաղ պատանեկությունը մի օր չէր ընկճվիլ ամենածանր թշվառության տակ:

Մի ժամից հետո ես և տեր – Հովհաննեսն ուղղվեցանք դեպի Լուսինյանների տունը: Երբ ներս մտանք արդեն նրանց ընդունարանում նստած էին Ֆրանցիսկոս Լորենտանո քարոզիչը և նրա աջ ու ձախ կողքերին Սիմոն ու Պետրե պատերները: Նրանց երեսների վերա նշմարվում էր մի խորհրդավոր և լուրջ մտածություն, իսկ իրենց բարեպաշտ հայացքները սևեռված էին Պիոս 9-րդի պատկերի վերա: Ըստ երևույթին, նրանք տեր-Հովհաննեսին չէին սպասում, որովհետև տանուտերը ինքն էլ չգիտեր, թե նա պիտի գար ինձ հետ. ուստի երբ մենք ներս մտանք, նրանք բոլորն էլ մի անհանգիստ շարժում գործեցին: Պ. Լուսինյանը իսկույն բարձրացավ աթոռից, ողջունեց տեր-հորը և առաջարկեց նրան յուր աթոռը:

Երբ մենք մեր տեղերը բռնեցինք, ավագերեց քարոզիչը բարձրացավ տեղից և դառնալով յուր ընկերներին, ասաց.

– Մենք այս անգամ էլ խաբվեցանք մեր անհնազանդ հավատացյալից, գնանք, նա արժանի չէ սուրբերի սիրելին դառնալու, – և իսկույն երկու պատերները ոտքի կանգնեցան:

– Ո՞ ւր եք գնում, պատվելիներ, դուք գործի համար էիք եկած իմ տունը, – մի փոքր վրդովված հարցրեց Լուսինյանը;

– Դուք մեզ չէիք հայտնած, թե հայոց քահանայի հետ պետք է մենք գործ ունենանք, մենք այլադավանների հետ ժամավաճառ լինել չենք կարող…

– Իմ քահանային ես ինքս բերի: Պ. Լուսինյանը այդ մասին տեղեկություն չունի, – ընդհատեցի ես քարոզչին:

Բայց վերջինս մինչև անգամ չնայեց իմ երեսին:

– Պատվելի, դուք լսեցիք, որ պարոնը խոստովանեց ճշմարտությունը. ես ձեզ խաբելու կարիք չունեի, – խոսեց կրկին Լուսինյանը և սպասում էր քարոզչի ներողամտությանն արժանանալու:

Բայց պատվելիները պատրաստվում էին արդեն անհնազանդ հավատացյալի տունը թողնելու:

– Որովհետև ես երկար Ժամանակ այս անորոշ դրության մեջ մնալ և իմ ընտանիքը խռովության մեջ պահել չեմ կարող, – առաջ անցնելով խոսաց պ. Լուսինյանը, – ուստի հայտնում եմ ձեզ, պատվելի հայրեր, որ եթե դուք ինձ հակառակը չեք համոզիլ, ես հենց այս երեկո կպսակեմ նրա հետ իմ աղջիկը:

Այս անկեղծ և վճռողական սպառնալիքը յուր ներգործությունը ունեցավ պատերների վերա, նրանք ետ դարձան:

– Մենք չենք հրաժարվում, – միաբերան բացականչեցին պատերները և հանդիսավոր կերպարանք առնելով‘ շարվեցան փափուկ բազմարանի վերա:

– Դուք կամենում եք, որ ես ձեր փեսայի հետ հավատի մասին դատողություն անեմ, – դարձավ Լուսինյանին քարոզիչը, – շատ լավ, ես այդ կանեմ, միայն թող նա մի առ մի պատասխանե իմ հարցերին:

Այս ասելով նա դարձավ դեպի ինձ և սկսավ յուր հարցաքննությունը:

Ես հայտնեցի հավատաքննիչ պատերին, որ յուր բոլոր հարցերին անձամբ պատասխանել չէի կարող, որովհետև իմ դավանության վերաբերյալ խնդիրների հետ ես ինքս էլ լավ ծանոթ չէի: Ուստի խնդրեցի, որ նա այդ հարցերը տեր-Հովհաննեսին ուղղե, ինչպես իմ հավատո ուսուցչին և պաշտպանին:

Քարոզիչ պատերը համաձայնվեցավ:

Եվ ահա շուտավ հանդես բերվեցան կրոնական այն մանրակրկիտ խնդիրները, որոնք երկար դարեր զբաղեցնում էին եկեղեցական և հոգևոր աշխարհները:

Այդ հավատաքննությունը բավական ժամանակ տևեց: Ես մեծ հոժարությամբ լսում էի երկու կողմի վիճաբանություններն էլ, որոնք հետզհետե տաքանում էին և երկարում:

Տեր-Հովհաննեսը քաջությամբ էր պաշտպանում իմ դատը և փաստերով հերքում քարոզչի մեղադրանքները: Երկու օգնական պատերները մի քանի րոպե մնացել էին շվարած, իսկ Լուսինյանի ուրախությունը հետզհետե ավելանում էր:

– Ես այժմ ամեն բան հասկացա, ես էլ չեմ զղջում, – շուտ շուտ կրկնում էր, նաև յուր ցնծությամբ լի աչքերը դարձնում մերթ ինձ և մերթ տեր-Հովհաննեսի վերա:

Երբ օգնական պատերների միջամտությունը սպասված ընդունելությունը չգտավ, կրկին քարոզիչը վիճաբանության մեջ մտավ Տեր-Հովհաննեսի հետ: Բայց տեր-հայրը դեռ չէր պատասխանել նրան, երբ դիմացի դուռը բացվեցավ, և Մարգարիտան ներս մտավ հավատաքննական ատյանը:

Բոլորը լռեցին և ուղղվեցան իրենց աթոռների մեջ. իսկ իմ մարմնի վրայից անցավ մի հանկարծական սարսուռ…

Մարգարիտայի դեմքը թեպետ տխրությունից դալկացած, բայց յուր աչքերը զայրույթից վառվում էին. նա այդ րոպեին և՛ գեղեցիկ, և՛ զարհուրելի էր… Հառաջանալով դեպի հավատաքննիչները, նա կանգնեց նրանց դեմ առ դեմ և սրտմտությունից դողացող ձայնով ասաց.

– Պատվելիներ, դուք շատ խոսացիք և ապարդյուն խոսացիք. այժմ հերթն իմն է, ուրեմն ինձ լսեցեք: – Ձեր բոլոր վիճաբանությունները, ձեր քննությունները և ընդդիմախոսությունները ինձ համար են. դուք կամենում եք փրկել իմ հոգին դժոխքից, շնորհակալ եմ ձեր հոգատարության համար: Բայց թույլ տվեք ինձ անկեղծ լինել և խոստովանել իմ զգացումները և հավատը: – Ես սիրում եմ այս երիտասարդին, (նա այդ ժամանակ մատնացույց արավ ինձ վերա), և իմ հոգին մեր միությունից չի կորչիլ: Այս երիտասարդին եմ նվիրել ես իմ սիրտը, այս երիտասարդին էլ կնվիրեմ այդ հոգին… Ազատեցե՛ք մեր տունը ձեր խռովարարությունից, դարձրե՛ք մեզ մեր ընտանեկան խաղաղությունը…Եթե դուք քրիստոնեությունն եք պաշտպանում, քրիստոնեությունը իմ խնդիրքի մեջ է, պատկառ կացեք նրան: Բայց դուք կամենում եք դեռ երկար համառել, հավատացեք, որ այդ համառումը ապարդյուն կլինի, որովհետև ես իմ կամքիս հաստատ եմ և իմ զգացմունքներիս հավատարիմ:

Այս ասելով նա մի մտերմական, բայց դեռ զայրույթից անբաժան ակնարկ ձգեց ինձ վերա և դուռը շառաչմամբ փակելով, դուրս գնաց:

Պ. Լուսինյանը մնացել էր ապշած, ես և տեր-Հովհաննեսը հիացել էինք, իսկ հավատաքննիչ պատերները ձեռնամբարձ աղոթում էին դեպի Պիոս 9-րդի պատկերը:

Մի քանի րոպեից հետ տեր-հոր ընկերակցությամբ ես էլ դուրս գնացի հավատաքննական ատենից: Թե ինչ պատահեց այնուհետև պատերների հետ, ես չիմացա: