Za darmo

Գթության քույրեր

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Այս խոսքերն ասելիս` գթության քրոջ դեմքը շիկնել, իսկ աչքերը փայլում էին իբրև զույգ գոհարներ: Թվում էր թե` նրա մեջ դեռ չէ մարած այն հուրը, որ սրտերը ջերմացնում և բարձրին ու վեհին հասնելու ձգտումը զորացնում է մարդու մեջ: Պետք էր ուրեմն մի գրգիռ, որ այն բոցավառվելով` երեվան հաներ յուր գոյությունը, որ մինչև այն ծածկված էր խաղաղ դեմքի և խոնարհ սքեմի տակ, և այդ գրգիռը եղավ իմ հարցը: – Բայց մի՞թե այդպես էր, արդյոք չէի՞ սխալվում ես: Եթե ճիշտ է, որ կանայք կարող են լալ, երբ կամենան, ապա ուրեմն նրանք կարող են, նաև, շիկնել, կամ աչքերը վառել, երբ այդ հարկավոր է` որոշ տպավորություն անելու համար: Այս դեպքում, ուրեմն, ավելի լավ է ճշտել, քան հափշտակվել, մտածեցի ես և շարունակեցի իմ դիտողությունները:

– Բայց դուք, հարգելի քույր, մոռանում եք այն, որ չեք ապրում ձեզ համար. չեք ճաշակում կյանքի քաղցրություններից ոչ մինը: Ի՞նչ զվարճություն է կապված լինել միշտ հիվանդների մահճին, լսել շարունակ նրանց հեծությունները, տեսնել նրանց տանջանքը, վկա լինել այն ամենին, ինչ որ հերքում, բացասում է կյանքի քաղցրությունը, կամ ծաղրում նրա գոյության նպատակը: Այդպիսով դուք սովորում եք նայել կյանքի վրա ինչպես մի ծանր բեռան, որ երբևիցե պետք է դեն ձգել` նրա ճնշումներից ազատվելու համար: Վասնզի ձեր շուրջը տեսնելով միշտ տխրություն, կսկիծ ու հառաչանք, մոռանում եք թե` աշխարհում կարելի է ապրել և ուրիշ տեսակ. թե հիվանդների ու հիվանդանոցների մթնոլորտից զատ` կա և ուրիշ մթնոլորտ, ուր մարդ արարածը կարող է շնչել թարմ և առողջարար օդ, լինել ինքնիշխան, գործել` ինչ կամենում է և ոչ թե` ինչ որ հրամայում են. կարելի է հաճախ ազատ լինել հոգսերից, պարտավորություններից. կարելի է խոսել, ծիծաղել, բարեկամների հետ զվարճանալ և հետևապես, վայելել կյանքի քաղցրությունները այն չափով, ինչ չափով որ բնությունը իրավունք է տվել ամեն մեկին վայելելու. միով բանիվ, աստուծո ստեղծած այս սիրուն աշխարհում կարելի է ապրել այնպես, ինչպես որ, ահա, մենք ամենքս ենք ապրում:

Գթության քույրը իմ խոսքերի թարգմանությունը ուսուցչից լսելուց հետո` վրաս ձգեց այնպիսի մի հայացք, որ, կարծես, հանդիպել էր աստվածամարտ մի հերետիկոսի, որից կամ պետք էր իսկույն ևեթ փախչել, կամ աշխատել, որ նա դառնա ուղիղ ճանապարհ:

Այդ ես գուշակեցի ուղղակի նրա դեմքից և, մանավանդ, աչքերից, որոնք այժմ ինձ վրա նայում էին անվստահորեն: Եվ գուշակությունս սխալ չէր:

– Ինչո՞ւ է պարոնը այդպես բաներ խոսում, մի՞թե քրիստոնյա չէ, – հարցրեց նա ուսուցչին միամիտ պարզությամբ:

– Նա հայ է, – պատասխանեց վերջինս, կարծելով թե դրանով ամեն բան ասաց:

– Ռումի՞ն, – հարցրեց գթության քույրը Armenier և Rumänier բառերը շփոթելով իրար հետ:

– Ոչ, հայ եմ ասում. հայ, – կրկնեց ուսուցիչը:

– Հա՞յ… Հայերն ի՞նչ ազգ են:

– Ինչպե՞ս թե ի՞նչ ազգ, մի՞թե չգիտեք, – զարմացավ ուսուցիչը:

– Ոչ չգիտեմ, – խոստովանեց կինը անկեղծորեն:

– Սրանք հին ազգ են, ապրում են Փոքր Ասիայում:

– Բայց ի՞նչ հավատ ունեն. մահմեդակա՞ն են…:

Ուսուցիչս սկսավ ծիծաղել և երբ թարգմանեց ինձ նրա խոսքերը, ասացի.

– Հայտնեցեք գթության քրոջը` որ երկրագնդի վրա գտնված բոլոր ազգերից առաջ` հայերն են քրիստոնեություն ընդունել, (այստեղ, իհարկե, թույլ տվի որ ազգասիրությունը Աբգարի շրջանը համարե հայկական), ես էլ, ուրեմն լինելով այդ ազգի զավակը, եմ, միևնույն ժամանակ, ճշմարիտ քրիստոնյա:

– Բայց միթե քրիստոնյան կարո՞ղ է ասել այն, ինչ որ դուք ասացիք, – հարցրեց նա ջերմությամբ:

– Ես ի՞նչ ասացի:

– Ասացիք թե պետք չէ օգնել ուրիշին, թե մենք աշխարհում մեզ համար պիտի ապրենք: Մինչդեռ Քրիստոս հակառակն է պատվիրել: Նա հրամայել է բարի անել ոչ միայն եղբորն ու բարեկամին, այլև թշնամուն: Նա պատվիրել է սիրել ընկերին, օգնել աղքատին, խնամել հիվանդին…:

– Ես հակառակ չեմ այդ պատվերներին, միայն թե ասում եմ, որ այդ ամենն անելով հանդերձ, մարդ չպետք է մոռանա իրեն: Եթե ունեցած բարիքիդ մի մասը տալիս ես ուրիշին, մի մասն էլ դու վայելիր: Այստեղ Քրիստոսի պատվերի դեմ ոչինչ չկա: Նա ասել է` սիրիր ընկերդ, ինչպես քո անձը, բայց չէ ասել` սիրիր քո անձից ավելի: Եվ սակայն դուք այդպես եք անում: Բնությունը ձեզ ստեղծել է առողջ, գեղեցիկ, ապրելու և վայելելու ամեն կարողություններով օժտված, բայց դուք նրա տված բարիքը ոչնչացնում, առողջությունը վատնում, գեղեցկությունը խամրեցնում եք հիվանդանոցների նեխված պատերում: Օգնեցեք տկարին, խնամեցեք հիվանդին. բայց դուք էլ ապրեցեք, դուք էլ վայելեցեք. հակառակն անելու մեջ` անկեղծութուն չեմ տեսնում:

– Սխալվում եք, պարոն, մենք անում ենք այն, ինչ որ մեր խիղճը, մեր ներքին մարդն է մեզ թելադրում: Ուրիշներին բարիք անելով` մենք արդեն զգում ենք մեզ անհունապես երջանիկ, այդ պատճառով էլ ուրիշ կենցաղ չենք պտրում:

Այս միջոցին մյուս կողմի նստարանից մի ձայն կանչեց գթության քրոջը: Վերջինս որ խոսելու հետ միասին գործում էր և գուլպան, դրեց այն նստարանի վրա և մոտենալով ձայնողին, որ նույնպես գթության քույր էր, բայց ոչ իրեն պես գեղեցիկ, սկսավ հետը խոսակցել:

Չնայելով որ ես հակաճառում էի, այսուամենայնիվ, գթության քրոջ խոսքերը հենց իմ սրտի խոսքերն էին, – այդ իմ սիրած գաղափարն էր` նվիրվել հասարակաց բարվույն և դրա մեջ որոնել ճշմարիտ երջանկությունը. բայց ես, իսկապես, չէի հավատում խոսակցիս, չէի համարում նրան անկեղծ. որովհետև, (ի՞նչ մեղքս թաքցնեմ) միշտ թերահավատությամբ եմ վերաբերվել այն ամենին, ինչ որ կաթոլիկական կնիք է կրել յուր վրա: Այդ պատճառով էլ, երբ նա հեռացավ, ասացի ռուս ծանոթներիս.

– Գիտե՞ք, ես չեմ հավատում սրան: Այն ամենը ինչ սա ասաց այժմ, սովորած խոսքեր են, կրկնված, երևի, հազար անգամ: Կաթոլիկ ներշնչողները ունին որոշ հանգանակներ, որ բերան են անել տալիս իրենց հետևողներին: Պետք է կարենալ սրանց ներսը թափանցել, լսել այն` ինչ որ փակ սիրտն է ասում…

– Ինչո՞ւ եք այդպես կարծում, – ընդհատեց ինձ Վերա Վասիլևնան, – ինչո՞ւ չեք ընդունում, որ նա խոսում է ճշմարտությունը, ասում է այն, ինչ որ զգում է, ինչին որ հավատում է:

– Բնական օրենքները խոսքով բռնաբարելը հեշտ է, բայց գործով նույնն անելը դժվարին, եթե չասեմ անհնարին: Ով որ կամենում է բնության ձայնը խեղդել յուր մեջ, պետք է օժտված լինի ուժեղ կամքով, անսպառ կորովով: Ես չեմ տեսել կին, որ կարող լիներ այդ բարեմասնություններով պարծենալ: Եթե դեպքը բերե, որ այս գթության քույրը ստիպված լինի կռվել աշխարհային հրապույրների դեմ, հավատացած եմ որ նա կընկնի առաջին թեթև հարվածից իսկ:

Եվ իմ խոսքերի հիմնավոր լինելը ապացուցանելու համար համառոտ կերպով պատմեցի այն ամենը, ինչ որ լսել ու իմացել էի Վարշավի ճանապարհին` ինձ ուղեկցող ռուսի ու լեհացու ծանոթ գթության քույրերի մասին:

– Անշուշտ սա ևս նրանցից մինն է, միայն տարբեր տարազով ու զատ երկնքի տակ, – եզրակացրի ես ի վերջո:

– Մեծ զանազանություն կա նրանց և սրա մեջ, – նկատեց Վերա Վասիլևնան` իմ պատմությունը լսելուց հետո: – Նրանք, որ գթության քույր լինելու ուխտ են արել և ապա դրժել այդ ուխտին, ուրիշ կերպ վարվել չէին կարող, որովհետև մանկությունից ի վեր սովորած լինելով ապրելուն ու վայելելուն, որոշել են աշխարհից հեռանալ այնպիսի ժամանակ, երբ անսպաս մի ձախորդություն արգելք է եղել նրանց` ցանկացած չամփով նույն կյանքը վայելելու: Դա եղել է ոչ թե համոզմունքի, այլ հուսահատության որոշում: Եվ այդ պատճառով էլ` երբ դեպքը նորեն այնպես է բերել, որ նրանք հաճույքը տեսել են աչքի առաջ, փարել են նրան բոլոր ուժով, որովետև սկզբից պատրաստված են եղել դրա համար: Այդպիսի ուխտերը անկեղծ լինել չեն կարող: Նրանք նմանում են այն խոստումներին, որ անում են արբեցողներն և ծխողները, երբ սովորության այլանդակությունը զզվեցնում է վերջապես թե իրենց և թե շրջապատողներին: Եվ նրանք հաճախ զսպում են իրենց զարմանալի համբերությամբ, բայց առ ժամանակ. որովհետև հենց որ խմելու կամ ծխելու հրապուրիչ առիթ է ներկայանում, իսկույն նոր ուժով անձնատուր են լինում հին մոլությանը, առանց, նույնիսկ տված խոստումը հիշել կարենալու: Այս քույրերը սակայն, ուրիշ մարդիկ են: Սրանք մանկությունից սովորում են հեռու մնալ կյանքի հրապույրներից, ատել հեշտությունը և ապրել բարի գործի համար: Այդ իսկ պատճառով պետք է կարծել, որ այս քույրը ևս խոսում է անկեղծորեն, հավատում է յուր ուխտի սրբությանը, հավատարիմ էլ կմնա նրան, ինչ գայթակղություն էլ որ հանդիպե իրեն` ընտրած ճանապարհի վրա:

Իվան Իվանիչը համամիտ էր կնոջը, բայց ես` ոչ: Իմ կարծիքն այն էր, որ սա ևս, յուր շատ քույրերի նման, կվճարե բնությանը նրան հասանելի հարկը, հենց որ առիթը ներկայանա. հետևապես, պետք չէր խտիր դնել սրա և առաջինների մեջ:

Եվ որովհետև գիտցածս պատմություններից զատ` իմ մասին էլ այն կարծիքն ունեի թե` բավական շատ եմ ապրել աշխարհում և, ուրեմն, ճանաչում եմ կանանց այնքան, որ նրանց հոգեբանությունը քննելիս կարող եմ սխալներ չանել, ուստի քաշվեցա իմ անկյունը և սկսա դիտել գթության քրոջը, որ նորեն վերադառնալով` նստել էր տեղը և գործում էր գուլպան… իմ մեջ մի անզուսպ ցանկություն էր ծնվել` հետևել նրան շարունակ` ձեռք բերելու համար գեթ մի փաստ, թեկուզ ամենաթույլ, որ կարողանար արդարացնել նրա նկատմամբ ունեցած իմ համոզմունքը: Այս իսկ պատճառով այժմ ես նրան դիտում էի մի նոր և առանձին հետաքրքրությամբ, աշխատելով որսալ նրա աչքերի հայացքը, հուսալով թե` նրանց մեջ կարող եմ կարդալ յուր սրտի թաքուն շշունջներից մինը… Չէ՞ որ երբեմն կարելի է, նույնիսկ, պատմություններ կարդալ ուրախ կամ թախծալիր, թովիչ կամ ցանկասեր, հպարտ կամ փաղաքուշ հայացքների մեջ, մանավանդ երբ նրանց ընկերանում են նմանատիպ ժպիտներ…: Այս ճանապարհորդության ժամանակ ես շատ էի զբաղվել նման դիտողություններով և արդյունքը նշանակել հուշատետրիս մեջ. այս անգամինն էլ կավելանար եղածների թվին, եթե արժանի լիներ ուշադրության:

Իվան Իվանիչն ու յուր կինը չէին զբաղվում այժմ մեզնով. նրանք բացել էին պաշարի զամբյուղը և նախաճաշում էին: Գթության քույրը աչքերը գուլպային հառած և մի խաղաղ ժպիտ շրթունքներին` շարունակում էր գործը, երբեմն միայն ինձ, հարևաններիս, կամ ել ու մուտ անողներին նայելով: Իսկ ես` դիտում, մտածում և, միևնույն ժամանակ, դարձյալ զմայլվում էի նրա գեղանի դեմքով, երկնային աչքերով և նուրբ շուրթերի այն խաղաղ ժպիտով, որ թեպետ համար, բայց թվում էր թե` խոսում է շարունակ:

Բայց ի՞նչ էր խոսում, ի՞նչ կարող էր խոսել…:

– Ա՛խ, եթե հոգին ականջ ունենար և ժպտի թաքուն շշունջը լսեր… մտածում էի ես և ինչո՞ւ բնությունը չէ զարգացրել մեր մեջ մի վեցերորդ զգայարանք, որով կարողանայինք սրտի և հոգու խորքերը թափանցել: Այն ժամանակ, իհարկե, գոյություն չէին ունենալ կեղծիքն ու դիմակը, սուտ ժպիտն ու սուտ արցունքը և ոչ էլ ճշմարտությունը ճանաչելու համար` կստեղծվեր հոգեբանությունը, որը որքան էլ ճգնում է ճշտությամբ վերլուծել հոգեկան երևույթները, դարձյալ շատ դեպքում մնում է անծանոթ բուն ճշմարտությանը, վասնզի ճանապարհ չունի ենթակայական սահմանից դենը անցնելու:

Այս մտածության ժամանակ, գթության քրոջ կծիկը քսակի միջից ելնելով` գլորվեց հատակի վրա: Հենց այն է ուզում էի խոնարհիլ ու առնել, բայց նա առաջեց ինձ և կծիկն առնելով քսակը դրավ:

 

– Այժմ արդեն տեսնում եմ որ անշնորհք ասպետ, եք. ժպտալով նկատեց Վերա Վասիլևնան, որ թեպետ զբաղված էր երշիկ կտրելով, բայց և այնպես, կնոջ հատուկ սրատեսությամբ նշմարեց թե մեր կողմը ինչ նոր բան անցավ:

– Ուզում էի վերցնել, բայց ինքն շտապեց, – արդարացա ես:

– Գիտեմ, ուզում էիք… բայց օրինավոր ասպետը ոչ թե ուզում է, այլ կատարում է: Այդպիսով աշխարհում դուք ետ կմնաք:

– Ոչինչ էլ չի կորցնիլ, – նկատեց Իվան Իվանիչը, առանց հայացքը հեռացնելու ձվից, որ կճպում էր ձեռքին:

– Մի սիրուն կնոջ հաճույքը վաստակելը քի՞չ բան արժե քո կարծիքով:

– Ավելի քիչ, քան այս ձուն, – նկատեց ամուսինը և ձուն կիսեց ատամներով:

Բայց գթության քույրը չէր նայում մեզ ու շարունակում էր գործել:

Գնացքը կանգ առավ մի կայարանի առաջ, ուր ի միջի այլ ուղևորների ներս մտավ մեր վագոնը մի երիտասարդ, համակրելի դեմքով գերմանուհի, յուր երկու սիրուն տղաների հետ, որոնք նմանում էին երկվորյակների, որովհետև երկուսն էլ միահասակ էին, դեմքի նույն գծերով, կապույտ աչիկներով և խարտյաշ, գանգրավոր մազերով: Գթության քույրը նրանց տեսնելուն պես` թողեց իսկույն գործը և ուրախությունն ինչպես արևի շող նրա դեմքը լուսավորեց: Ինձ այնպես թվաց` թե` մտնողները յուր ազգակիցներն էին, վասնզի իսկույն առավ տղաների ձեռքը և մինչև որ մայրը տեղ կգտներ նրանց համար, ինքն սկսավ շոյել ու գգվել փոքրիկներին, տալով նրանց շուտ-շուտ զանազան հարցեր և զվարճանալով նրանց պատասխաններով:

Իմ տված հարցին թե` մտնողները յուր ազգակիցնե՞րն են, գթության քույրը պատասխանեց.

– Ոչ, բայց ես առհասարակ շատ եմ սիրում մանուկներին… Օ՛հ, շա՛տ: Հապա, նայեցեք, կարելի՞ է միթե չսիրել…:

Այս ասելով նա ավելի մոտ քաշեց տղաներին, որոնք, արդարև, նմանում էին զույգ հրեշտակիկների, գգվեց նրանց, ողջագուրեց և երբ մայրը եկավ փոքրիկներին տանելու, ասաց նրան.

– Ինչո՞ւ մեզ մոտ չեք նստում. այստեղ էլ կարելի է տեղ գտնել…դուք հրաշալի զավակներ ունիք… ես հիացած եմ նրանց վրա, ա՛խ, ի՛նչ սիրունիկներն են, – և նա նորից շոյեց նրանց մազերը:

Գերմանուհին ժպտաց և, ըստ երևույթին գոհ, որ յուր տղաները արժանացել են գթության քրոջ հիացմունքին, թույլ տվավ որ նրանք մնան վերջինի մոտ, բայց տղաները չմնացին և հետևեցին մորը:

Գթության քույրը, խաղաղ ժպիտը դեմքին, նայեց նրանց ետևից մի քանի վայրկյան և ապա խոր հառաչելով` ձեռքն առավ յուր գործը:

– Այս ամենը հո տեսա՞ք, – հարցրի ես հարևաններիս, որոնք արդեն վերջացրել էին նախաճաշը:

– Ի՞նչ պատահեց որ տեսնենք, – հարցրեց ուսուցիչը:

– Այն` թե ի՞նչ տպավորություն արին այս տղաները մեր քրոջ վրա:

– Ի՞նչ տպավորություն արին:

– Նա հիացել, հափշտակվել էր նրանցմով, սիրտը կարծես թուլանում էր…

– Հա, ի՞նչ կա որ, այդպիսի երեխաների վրա ամենքը կհիանան, – խոսեց տիկինը:

– Բայց դուք ասում էիք թե սրանք մանկությունից սովորում են հեռու մնալ կյանքի հրապույրներից, ուրեմն և վարժվում են չգրավվել նրանցմով:

– Հա, ասում էի. ի՞նչ գտաք դուք դրա մեջ իմ խոսքերը հերքող:

– Այս տղաները նույնպես, իրենց տեսակում, հրապույրներ չէի՞ն. ինչո՞ւ այդ խեղճ կինը չկարողացավ անտարբեր մնալ դեպի նրանց:

– Չեմ հասկանում ձեզ:

– Ինչո՞ւ չեք հասկանում, նրանք ուղղակի կերպարանափոխեցին այս կնոջը, հենց որ ներս մտան. սրա սիրտը հրճվեց, դեմքը պայծառացավ և երբ սկսավ ողջագուրել նրանց, թվում էր թե գտնվում է անհուն երանության մեջ. բայց նա տխրեց ու հառաչեց, երբ տղաները հեռացան:

– Եվ այդ ամենից ի՞նչ եք հետևցնում դուք:

– Այն թե` մարդկային սրտի մեջ բնության դրած զգացմունքները անկարելի է խլել արհեստական ճանապարհով. և ով որ, ուրեմն, այդպիսի փորձ է անում, նա ոչ այլ ինչ է, եթե ոչ մի բռնաբարող, միաբանությո՞ւն լինի դա, թե՞ հասարակ անհատ: Ես պարզ տեսա թե ինչպե՞ս այս քույրն, իբրև կին, կցանկանար ունենալ գեթ մինն այն հրեշտակներից, սիրել նրան, գգվել, նրա թոթովանքով զվարճանալ… Տեսնում եք, ուրիշի զավակը չեն տալիս իրեն, նա, ամենաշատը կարող է նրանով զվարճանալ մի վայրկյան. հետո խլում են և նա դրա համար հառաչում է թաքուն… Սա հիշածս հրապույրների դեռ մի օրինակն է և այն` ոչ զորեղ տագնապ պատճառողը… Բայց կյանքը դեռ որքա՛ն հրապույրներ ունի, որոնց չէ կարող դիմադրել սիրտը, եթե հանդիպե նրանց յուր ուխտի ճանապարհին:

– Եվ ուրեմն…

– Ուրեմն աշխարհում չեն կարող լինել «գթության քույրեր», բայց միշտ կլինին պարզ քույրեր, գթոտ մայրեր և սիրող ամուսիններ: Հետևապես պետք է թույլ տալ կանանց լինել այն, ինչի համար որ բնությունը ստեղծել է նրանց:

Այս միջոցին նորեն գետին գլորվեց գթության քրոջ կծիկը. ես դարձյալ փորձ արի վերցնելու, բայց դարձյալ անհաջող, գթության քույրը ավելի արագ շարժվեց:

– Դեռ ես իմ կյանքում` ասպետության անընդունակ` այսպիսի մարդ չեմ տեսած. ինչպե՞ս կարելի է չկարողանալ` վերցնել գետնից մի կծիկ, որ ընկնում է այսպիսի գեղեցկուհու ձեռքից, – երգիծաբանեց Վերա Վասիլևնան. – փիլիսոփայելու փոխարեն ավելի լավ է սովորի` ծառայել սիրուն կանանց, – ավելացրեց նա ու կարկաչեց:

Գթության քույրը ևս նայում էր մեզ ու ծիծաղում, թեպետ չէր հասկանում թե ինչի՞ մասին է մեր խոսքը:

Բայց ահա երրորդ անգամ գլորվեցավ կծիկը և հասավ մինչև վագոնի դուռը:

Այս անգամ արդեն արագ ոտքի ելա և կծիկն առնելով` բերի գթության քրոջը, որն ընդունեց այն քաղցրաժպիտ շնորհակալությամբ:

– Վերջապես… – ասաց տիկինը:

– Այո՛, վերջապես… բայց գիտե՞ք ինչ պիտի ասեմ ձեզ:

– Ի՞նչ:

– Այս կինը ո՛չ միայն հրապույրներից փախչող չէ, այլ նույնիսկ նրանց եռանդով պտրողն է: Ես պարզ տեսնում եմ, որ սա ուղղակի կոկետություն է անում… կծիկը նա դիտմամբ է գլորում հատակի վրա: