Za darmo

Գթության քույրեր

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Այսուամենայնիվ նրա այդ վայրկենական հայացքը իմ մեջ նոր մտքեր զարթեցրեց. – անկարելի է, որ սրա ներսը խաղաղ լինի դրսի չափ, մտածեցի ես. անկարելի է որ սրան շրջապատող արդի կյանք` մտածել չտա իրեն այնպիսի բաների մասին, որոնց վրա չէր մտածիլ, եթե գտնվում լիներ կուսանոցի պատերում: Չէ՞ որ սա յուր առաջ այժմ տեսնում է մի հասարակություն, որ ոչնչով չէ նմանում այն հասարակության, որի մեջ ինքն ապրել ու կրթվել է տարիներով. տեսնում է մարդիկ, որ ուրախ են ու զվարթ, ազատ և ինքնիշխան, գնում են` ուր կամենում են, ապրում են ինչպես ցանկանում են, ոչ հավիտյան անփոփոխ պատվերներ են կատարում, ոչ խստասիրտ հսկողի հրամաններից են դողում: Այստեղ ամեն մարդ կարող է խոսել, ինչ կամենում է, խնդալ ու ծիծաղել, երբ կամենում է. միով բանիվ, ազատ է լինել այն, ինչ որ ազատ բնությունն է պահանջում և ոչ թե այն` ինչ որ մարդկային տգիտությունն է հնարել և բռնությունը` սրբագործել: Եվ, սակայն, նա տեսնում է, որ ինքը սրանց թվին չէ պատկանում… չէ կարող սրանց պես ազատ լինել կամ գործել: Գոնե գիտենայի թե ի՞նչ է մտածում` նայելով յուր շրջապատողներին, լսելով նրանց անհոգ զրույցներն ու ուրախ կատակները. արդյո՞ք նախանձում, թե՞ արհամարհում է նրանց… գուցե ավաղում է յուր կորած անցյալը, վաղաթառամ երիտասարդությունը (ըստ երևույթին նրա տարիքը երեսունհինգից ավելի չէր), կամ գուցե անիծում է վանքի պարիսպները և ա՛յն վայրկյանը, որ ստիպեց իրեն այդ ուխտն անելու…:

Բայց նա կրկին նայեց ինձ և այս անգամ արդեն ավելի ակնապիշ… Աստված իմ, ինչ հրաշալի հայացք էր այս. ինչ երկնային աչեր… Մի՞թե նրանք այլևս չեն կարող սրտեր գերել, և այս սիրուն բերանը` չէ՞ կարող նորից սիրո խոսքեր շշնջալ, իսկ այս շրթունքները` չե՞ն կենդանանալ ու ջերմ համբույրներ չեն դրոշմիլ սիրող մարդու շուրթերին. – Հապա ինչո՞ւ են նրանք այսքան գեղեցիկ ստեղծվել, մի՞թե անօգուտ թառամելու համար…:

– Տես թե մեր բարեկամը ինչպե՞ս է գրավվել նորեկով, – դարձավ Վերա Վասիլևնան ամուսնուն:

Ես ետ նայեցի և տեսա, որ նրանք ծիծաղում են:

– Այո՛, տիկին, այս նորեկը շատ է զբաղեցնում ինձ, – ասացի ես:

– Այդ արդեն երևում է, որովհետև դուք այլևս այս կողմը չեք նայում:

– Իրավունք էլ ունի, նրա աչքերն զբաղված են արժանավոր առարկայով, – հարեց Իվան Իվանիչը:

– Իմ աչքերից ավելի` միտքն է զբաղված, – նկատեցի ես:

– Ձեր մի՞տքը, մի՞թե կարելի է, – զարմացավ տիկինը:

– Ի՞նչը չէ կարելի, – հարցրի ես:

– Որ տղամարդը նստե գեղեցկուհու առաջ և մտածե:

– Այդ ինձ շատ է պատահում:

– Դուք ուրեմն ձանձրալի ասպետ կլինիք կանանց համար, – նկատեց տիկինը ծիծաղելով:

– Այո՛, տիկին, դեռ ոչ ոք չէ գովել ինձ այդ պաշտոնի համար, – խսստովանեցի ես:

– Բայց ի՞նչ եք մտածում:

– Ա՛յն թե` ինչո՞ւ այս հրաշալի ծաղիկը թառամել է փշերի մեջ:

– Վանքի մասի՞ն է ձեր խոսքը:

– Այո՛, տիկին, ամեն կրակ մարող այդ ցուրտ շիրիմի մասին:

– Բայց համոզվեցեք, որ նա թառամել է յուր թփի վրա, այդ ավելի լավ է, քան թե նա պոկվեր թփից և թառամեր մի տղամարդի անմաքուր ձեռքերում:

– Բայց նա կարող էր զարդարել մի արժանավոր կուրծք:

– Մի քանի ժամ միայն:

– Կամ ոսկեզօծ ծաղկամանում փայլել դահլիճի մեջ և պարարել աչքերը բազմաթիվ հյուրերի…:

– Որոնց յուրաքանչյուրը մի թերթ պոկերով նրանից` ավելի անփառունակ վախճան կպատրաստեր նրա համար, – հարեց Իվան Իվանիչը ժպտալով:

– Դուք ա՞յդ կարծիքն ունիք կանանց ճակատագրի մասին, – հարցրի ես:

– Ուրիշ ճակատագիր չունի գեղեցիկ կինը, եթե նա չէ ապրում ժայռերի գագաթին, մենավոր արծվի բնում, որին չէ մոտենում հետամուտ ոսոխը, – պատասխանեց խոսակիցս ջերմությամբ:

– Դա շատ հին երգ է, – նկատեցի ես:

– Բայց նրան այսօր էլ սիրով են երգում բոլոր փորձառուները:

– Որոնք հետաքրքրվում են միայն արծիվների շահո՞վ և երբեք չեն մտածում նրա բնում փակված Վարուժանի՞ մասին:

– Օ՛, այդ ավելորդ է. բավական է որ ժայռերն ունենան լայն հորիզոն, առողջարար օդ և սովամահ չլինելու չափ կերակուր… այդքանով էլ վարուժանը կարող է գոհ լինել և զգալ իրեն երջանիկ, երբ ընկերի անկեղծ սերը կգա իրեն գգվելու և յուր կյանքի պակասը այդ գգվանքով լցնելու: Գլխավորն այն է, որ նա սովորե բավականանալ քչով և առիթ չունենա հաճախ տեսնել յուր մոտ մի օտար, որ թաքուն շշունջով վրդովե նրա սիրտը, կամ խելամուտ անե այնպիսի նորությանց, որոնց չիմանալը` Վարուժանի օգուտն է:

– Բայց ի՞նչ հայացք է այդ, առանձնացնել կնոջը, որ նա մնա անարա՞տ… Ավելի լավ չէ՞ աշխատել մաքրել մթնոլորտը, որ շրջապատում է նրան:

– Օ՛, իհարկե, ավելի լավ է, այն ժամանակ մարդը հենց յուր մահկանացու մարմնով կմտներ արքայություն: Բայց հնարավո՞ր է այդ: Փորձն արդեն ցույց է տալիս, որ այն օրից ի վեր` ինչ գիտնականներն ու բարոյագետները սկսել են իրենց նոր գյուտերով ու ստեղծած ճշմարտություններով հասարակական կյանքի մթնոլորտը մաքրել, այդ օրից ապականությունն ավելի է զորացել: Առաջ մարդիկ հանցանքը գործում էին պարզությամբ, առանց նրան վարպետորեն ծածկել կարենալու, ուստի և հանցավորների թվով` լինում էին դատապարտյալներ, այսօր, համարյա, ամենքն են հանցավոր և սակայն, ոչ ոք դատապարտյալ…:

– Ի՞նչ է պատճառը ձեր կարծիքով:

– Այն, որ մարդիկ գազաններ են և սակայն մենք նրանց ուրիշ էակների տեղ ենք դնում: Եթե գազանին գազան ճանաչեինք, ապա նրա տալիք վնասից էլ ազատ կմնայինք, որովհետև կպաշտպանվեինք: Բայց այժմ, առհասարակ, այն կարծիքն է տիրում, թե մարդիկ այլևս առաջվանը չեն, թե լուսավորությունը նրանցից հանել է չար գազանը և տեղը դրել իսկական մարդուն, ուրեմն տիրողը ազնվությունն է, որից չպետք է վախենալ: Այս թյուր կարծիքը ստեղծել է մի քաոս, որի մեջ ճարպիկներն ու ձեռնածուները հնձում են հաջողության դափնիներ, մինչդեռ համեստ, առաքինի և արժանավոր մարդիկ կամ դառնում են միայն զոհ, կամ անհայտության մեջ կորչում:

– Ի՞նչ անել ուրեմն, նորից դառնալ հնի՞ն:

– Չեմ ասում դարձեք հնին, որովհետև ոչ մի ապուշ չի վերադառնալ ընթացած ճանապարհով` նույնը նորից անցնելու համար, այլ ասում եմ, մի գովեք նորը, որովհետև նրա մեջ գովելու ոչինչ չկա:

– Եթե դու նկարիչ լինեիր, միշտ զորեղ գույներ գործ կածեիր, չմտածելով, որ դրանով փչացնում ես նկարդ, – նկատեց տիկինն ամուսնուն. եթե հնի մեջ տասը լավ է եղել, նորի մեջ այդ լավից հարյուրները կան, ինչո՞ւ ես ճշմարտությունը բոլորովին մոռանում:

– Եվ եթե կատարյալը ձեռք չէ բերվում այժմ, – ավելացրի ես. – դրա պատճառն այն է, որ մենք տակավին ճիշտ չենք ըմբռնել ժամանակակից մարդու հոգեբանությունը, ուստի և շատ դեպքում կրթում ենք նրան սխալ ճանապարհով: Տվեք նրան համապատասխան կրթություն և կտեսնեք, որ ձեր ճանաչած գազանի մեջ հրեշտակ է ապրում:

– Հա, հենց խնդիրն էլ այդ է, որ մենք չենք խոստովանում մեր տգիտությունը` ժամանակակից մարդուն ճանաչելու վերաբերմամբ և, սակայն, շարունակում ենք կրթել նրան համաձայն մեր անճանաչողության: Եվ համոզված լինելով, որ արդեն գտնվում ենք ճշմարիտ ճանապարհի վրա, ազատորեն ծաղրում ենք հին բարքերն ու սովորությունները, առանց մտածելու թե` եթե նրանք մարդուն չէին ծանոթացնում փիլիսոփայության ու մաթեմատիկայի նրբություններին, չէին բարձրացնում մինչև Պառնասի գագաթը, գոնե սովորեցնում էին լինել համեստ, բարի և երախտագետ. վարժեցնում էին արիության և աշխատասիրության. սիրելի էին դարձնում նրան անձնվիրությունն ու դյուցազնական առաքինությունը: Ի՞նչ է տալիս սակայն, այժմյան կրթությունը: Նա զարգացրել է ամբարտավանությունը և պոռոտախոսությունը, ստեղծել է ծույլերի ու ձրիակերների ոհմակներ, որոնք հանուն, ո՞վ գիտե, ի՞նչ բարձր գաղափարների հարստահարում են ժողովուրդը. ասպարեզ է բացել կոպիտ անձնապաշտության. անհետացել է անձնվիրության վսեմ գաղափարը…: Նայեցեք ուսումնավարտ երիտասարդների այն շարքերին, որոնք իրար ետևից գալիս մտնում են հասարակության խավերը. աշխատեցեք գտնել նրանց մեջ առաքինի, անձնվեր, սեփական եսն ուրացող և ժողովրդի բարվույն նվիրվող անձանց, որոնեցեք իսկական մարդուն և տեսեք թե նրանից քանի՞սը կգտնեք: Արդյունքը կապշեցնե մեզ: Ի՞նչ է դրա պատճառը, այն` որ մեր տղաները սովորում են ամեն բան` լեզվագետ, գիտնական շահագործ և այլն լինելու համար, բայց չեն սովորում ոչինչ` մարդ լինելու համար: Մենք ունենք բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք մեր աղջկերանց սովորեցնում են խոսել օտար լեզուներով, երգել, նվագել, պարել և հագնվել գեղեցկագետի ամենանուրբ ճաշակով, բայց չունենք մարդիկ, որոնք խոսեին թե` ի՞նչ պիտի անեն եթե երբևիցե բախտը կապե իրենց մի երիտասարդի հետ. ի՞նչ պիտի անեն նրան և իրենց երջանկացնելու, սեփական հարկը խաղաղության ու քաղցրության օթևան և ոչ թե դժոխք դարձնելու համար. ի՞նչ պիտի անեն զորեղ մի ընտանիք ստեղծելու, արժանավոր զավակներ սնուցանելու և այդպիսով հայրենիքին պիտանի անդամներ տալու և նրանցով հայրենիքը զորացնելու համար…»: Եվ հենց այս պատճառով էլ մենք այժմ ունինք անթիվ օրիորդներ, բայց չունինք հարսնացուներ, ունինք տիրուհիներ, բայց չունինք ամուսիններ. ունինք կենցաղագետ ու պչրող կանայք, բայց չունինք տան հիմքը յուր ուսերին կրող ժրագլուխ տան – տիկնայք. իսկ որ ամենից ցավալին է` ունինք միշտ պահանջող, քրթմնջող, օրին մեկը առողջ` իսկ տասը հիվանդ, միշտ դյուրագրգիռ ու անհամբեր, հաճախ իրավունքից խոսող, բայց երբեք յուր պարտքը հիշող հանըմներ և սակայն չունինք ընտանիքի պատվին ու զավակի սիրուն նվիրված` և այդ սիրո համար ամեն ցավ ու վիշտ համբերությամբ տանող առաքինի մայրեր…: Այս այսպես լինելուց հետո` դուք ինչո՞ւ եք զարմանում երբ ես ասում եմ թե` եթե ձեր այս «հրաշալի ծաղիկը» (կարծեմ այդ անունը տվիք այս գեղեցիկ միանձնուհուն) փայլում լիներ դահլիճի մեջ` ոսկեզօծ ծաղկամանում, ապա նրա շուրջը վխտող հյուրերը ոչ թե այդ ծաղկի տեսքով կզմայլեին, այլ անպատճառ իրենց թաթերը կպարզեին նրա քնքուշ թերթերը կապտելու համար: Ուրեմն, կամ լավ է, որ ծաղիկը թառամի յուր իսկ բունի վրա, ինչպես որ քիչ առաջ կինս էր ասում. կամ արծվի վարուժանը ապրե ժայռերում, լեռան գագաթին, որպեսզի որսորդին մնա անմատչելի…:

– Այդ ձեր հաստա՞տ կարծիքն է, – հարցրի ես:

– Եվ անփոփոխելին, – պատասխանեց խոսակիցս:

– Իսկ դո՞ւք ինչ եք ասում, – դարձա ես տիկնոջը:

– Ես էլ այդ կետում համամիտ եմ ամուսնուս: Այս պատասխանը գրգռեց իմ հետաքրքրությունը:

– Ներեցեք, որ անհամեստ մի հարց առաջարկեմ, – ասացի ես, – դուք երկուսդ էլ խոսում եք իբրև հիասթափվածներ, բայց չէ երևում, որ այդ հիասթափությունը դուք լինեիք ներշնչած իրար, ասացեք խնդրեմ, ո՞վ է դարձրել ձեզ փորձառու:

– Տեսա՞ր, բարեկամ, բռնվեցար, – նկատեց տիկինը ամուսնուն ծիծաղելով:

– Անկեղծորեն դրված հարցին` կարելի է միշտ անկեղծորեն պատասխանել, – խոսեց վերջինս պարզությամբ. – ես, բարեկամ, առաջ ամուսնացած էի մի երիտասարդ, քնքուշ ու գեղանի աղջկա հետ, որ սնվել ու կրթվել էր այն ռեցեպտներով, որոնք այժմ ամեն տեղ համարվում են moderne. նա յուր ուզածին պես ապրեց ու սիրեց, այդ պատճառով էլ տանջվեց և մեռավ, թողնելով ինձ ժառանգություն վշտերի հետ միասին և մեծ փորձառություն: Իսկ Վերա Վասիլևնան ունեցել է դարձյալ մի ամուսին, որ պատկանում է եղել «ապրել-գիտցող» – ների կարգին, նրա սկզբունքն է եղել` սիրո հաշվով տանջել, ազատության անունով շղթայել և հանցանքներով արդարանալ, նա էլ դիպվածով մեռել և կնոջը թողել է ժառանգություն` դարձյալ փորձառություն: Եվ ահա մի գեղեցիկ օր մենք հանդիպեցանք իրար և ստացած ժառանգություններս հաշվելով, կշիռը գտանք հավասար: Մենք ամուսնացանք և այդ օրից ի վեր ապրում ենք խաղաղ և անվրդով: Մեր կյանքը թեպետ չունի արտաքին փայլ, բայց լի է ներքին հանգստությամբ: Երբեմն միայն տեղի են ունենում մեր մեջ փոքրիկ վիճաբանություններ, այդ էլ այն պատճառով, որ ես առաջ ծայրահեղ ազատամիտ լինելով` հանգուցյալ կնոջս շնորհիվ դարձել եմ պահպանողական, իսկ Վերա Վասիլևնան` սկզբում լինելով պահպանողական, մեռած ամուսնու ջգրու դարձել է ազատամիտ: Բայց այդ վեճերն. Էլ երկար չեն տևում, խելոք ամուսինս, հենց որ տեսնում է թե իմ պահպանողականությունը համառում է, իսկույն յուր ազատամտությունը ծալում մի կողմն է դնում: Այդ բանը տեսնելով` շատ անգամ էլ ինքս եմ իմ համոզմունքը ծալում և այսպիսով խաղաղությունը մնում է մեր մեջ մշտատև:

 

Այժմ ես արդեն գիտեի թե` ովքե՞ր են իմ դրացիները և թե ինչո՞ւ երիտասարդը կապել է յուր բախտը պառավի հետ: Այս խնդիրն այլևս չէր հետաքրքրում ինձ, բայց նրանց խոսածները միանձնուհու մասին մտածել տվին ինձ երկար, թեպետ չկարողացան համոզել թե` արդարև, այդ գեղեցկուհին լավ բան է արել, որ հեռացել է աշխարհից և փակվել կուսանոցում:

Որքան էլ աշխարհը լցված լինի չարիքներով, որքան էլ բարին հազվագյուտ լինի նրա մեջ, այնուամենայնիվ, կյանքը այնքան հրապույրներ ունի, որ աստուծո լույսը տեսնող և նրա ջերմությունը վայելող մարդ արարածը, մանավանդ եթե նա չէ հանդիպել վշտերի և չէ կրել փորձության որևէ ծանրություն, անկարող է չտենչալ վայելել այն ամենը, ինչ որ ուրիշները վայելում են յուր աչքի առաջ և ինչ որ իրեն թվում է այնպես քաղցր ու երանական:

Այս մտածությունը այնպես հուզեց իմ հետաքրքրությունը, որ ես կամեցա անպատճառ ծանոթանալ գեղեցիկ միանձնուհուն և ուղղակի նրա հետ խոսել այս նյութի մասին: Թե որքա՞ն պատշաճ էր իմ այդպիսի վարմունքը, ես, իհարկե, այդ մասին չէի մտածում, որովհետև իմ ցանկությունը հետաքրքրությունս գոհացնելն էր: Երբ այս հայտնեցի Իվան Իվանիչին, նա ասաց.

– Հարցրեք, ինչ կամենում եք, եթե կպատասխանե, լավ. եթե ոչ, ի՞նչ եք կորցնում:

Այս միջոցին միանձնուհին շարունակելով գործել գուլպան` մեկ-մեկ էլ նայում էր մեր կողմը, կարծես գուշակելով, որ յուր մասին է մեր խոսքը:

– Թույլ կտա՞ք, քույրիկ, հարցնել թե դուք ո՞ր միաբանությանն եք պատկանում, – դիմեցի ես նրան ֆրանսերեն: Միանձնուհին իսկույն ժպտաց և գործը դնելով գոգում, կես քաշվելով ու կես շփոթվելով, պատասխանեց.

– Ներողություն, պարոն, ես լավ չեմ խոսում ֆրանսերեն…

– Իսկ գերմաներե՞ն.

– Ինչպե՞ս չէ. ես գերմանուհի եմ, – ասաց նա և խոսքի մնացորդը շարունակեց գերմաներեն, որից ես ոչինչ չհասկացա:

Բայց Իվան Իվանիչը առաջ անցավ և սկսավ թե՛ խոսել ինքը և թե՛ թարգմանել մեր հարց ու պատասխանին:

Շուտով պարզվեցավ որ «միանձնուհի» կարծածս «գթության քույր» է եղել և պատկանում է Ս. Բերնարդյան կաթոլիկ միաբանության, որ Եվրոպայի շատ կետերում ունի յուր բաժանումները, իսկ կենտրոնական քաղաքներում յուր ինստիտուտները, ուր ընդունելով որբ ու աղքատ աղջիկներ, նրանց սնուցանում ու դաստիարակում է և պատրաստում հատկապես «գթության քույրերի» պաշտոնի համար: Դրանցից նա խումբերով ուղարկում է կարիք եղած տեղը, ինչպես օրինակ, պատերազմի դաշտը, վարակիչ հիվանդությամբ բռնված տեղեր, հասարակաց հիվանդանոցները և նույնիսկ մասնավոր տներ: Այդ բոլոր տեղերում նրանց պաշտոնն է հսկել հիվանդներին, խնամել նրանց, օգնել բժիշկներին և շատ տեղ, ուր նրանք բացակայում են, կատարել նրանց պաշտոնը, որի համար և իրենք ունենում են մասնավոր պատրաստություն: Ընդհանուր աղետների ժամանակ գթության այդ քույրերը ծառայում են ձրիաբար, իսկ եթե մասնավոր տեղերում ստանում են վարձ, կամ պարգև, նրանք այդ ղրկում են ինստիտուտի գանձարանին, ըստ որում իրենց ծախքերը հոգում է միաբանությունը:

Այս բացատրությունները տալու ժամանակ, գթության քույրը շարունակ ժպտում էր, որից նրա դեմքը հետզհետե կենդանանում և ավելի ևս գեղեցկանում էր, նրա խաժակն աչքերը, որոնք արևելյան փիրուզն էին հիշեցնում, ամեն մի ժպտի հետ շողում էին նոր լույսով, և երբ ուսուցիչը թարգմանում էր յուր խոսքերը, նա հառում էր վրաս աչերը այնպես ակնապիշ, որ կարծես այդ հայացքով կամենում էր լրացնել թերին այն բացատրոլթյանց, որ տալիս էր ուսուցիչը, թեպետ ինքը ռուսերեն ոչ միայն չգիտեր, այլև գուցե կյանքում առաջին անգամն էր լսում:

Իմ հարցին, թե` այդ զբաղմունքը չէ ձանձրացնում իրենց, նա ժպտալով պատասխանեց.

– Բարի գործ անելուց կարելի՞ է ձանձրանալ:

– Ինչո՞ւ չէ, թե բարիք ստացողները ապերախտ են գտնվում:

– Մենք չենք սպասում, որ երախտագետ լինեն մեզ: Բարիքը պետք է գործել ոչ թե նրա համար որ մարդիկ այդ իմանան, այլ նա, որ երկնքումն է: – Այս ասելով նա աչքերը ուղղեց վերև այնպիսի մի ջերմեռանդությամբ, որ անկարելի էր ենթադրել` թե հավատը չէ խոսում նրա մեջ:

– Եվ այդ ձեզ, ուրեմն, գոհությո՞ւն է պատճառում:

– Անսահման:

– Բայց ինձ թվում է թե` գոհ կարելի է լինել այն բարի գործից, որ մարդ կատարում է ինքնաբերաբար, առանց ուրիշներից ներշնչված լինելու, մինչդեռ դուք այդ դեպքում կատարում եք միայն ձեր մեծերի հրամանը: Շարունակ հրաման կատարելու մեջ անկարելի է զգալ ճշմարիտ գոհություն:

– Մեր գլխավորները հարաբերություն ունին արտաքին աշխարհի հետ. նրանք են հետաքրքրվում ու տեղեկանում թե` ո՞րտեղ կա արդյոք կարիք մեր օգնության և այդ տեղերն էլ մեզ ուղարկում են, իրավ է, մենք չենք հարցնում թե, ինչ տեղ է այն, ուր մենք գնում ենք, կամ ի՞նչ մարդիկ են, որոնց պիտի օգնենք, որովհետև գիտենք որ ամեն տեղ էլ հիվանդը կարոտ է խնամքի ու օգնության: Բայց թե կամենանք, կարող ենք չգնալ. վասնզի այդ անել` մեզ չեն ստիպում, այլ առաջարկում են: Սակայն որովհետև մենք սիրում ենք գործը, որի համար պատրաստված ենք, ուստի սիրով էլ նվիրվում ենք նրան: Իրավ է, հաճախ մեր աշխատությանց հետ կապված են լինում նեղություններ, պատահում է, նույնիսկ որ դրանք լինում են կարի դժվարատար, բայց երբ տեսնում ենք թե` այդ նեղությունների շնորհիվ մահամերձը կենդանանում, վիրավորը բուժվում, ջրահեղձը կյանք է առնում, երբ տեսնում ենք թե` մեր խնամքի շնորհիվ` ամիսներով հիվանդ բանվորն ու արհեստավորը ձգում են անկողինը և դեպի իրենց անօգ ու հուսահատ ընտանիքը դառնալով` նորից ձեռք առնում զավակների համար հաց հայթայթելու արդար աշխատությունը, երբ տեսնում ենք թե` մեր անդուլ ջանքերով կարողանում ենք ազատել համաճարակի ձեռքից բազմաթիվ զոհեր և այդպիսով ամուսնուն` դարձնում ենք յուր կինը, մորն` յուր զավակը, քրոջն` յուր եղբայրը, որդվույն իրենց հայրը, երբ պատերազմի դաշտում, հայրենիքի պաշտպանության համար կռվող ու վիրավորվող զինվորներից մեկին ուշաբերում, մյուսի` վերքն ենք կապում, երրորդի այրվող շրթանցը մի պուտ ջուր ենք մոտեցնում, կամ վրաններում պառկած հարյուրավոր հիվանդներին հսկում ու խնամում ենք, որպեսզի կարողանանք հուսո և երկյուղի մեջ ապրող ծնողներին դարձնել իրենց զավակները, կամ նորատի հարսներին` ցանկալի ամուսինները, այդ ժամանակ, պարոն, մենք զգում ենք այնպիսի մեծ երջանկություն, այնպիսի անսահման երանություն, որի նմանը հազիվ թե երևակայել կարողանա նա, ով չէ եղել մեր պաշտոնում և չէ ապրել մեր զգացմունքներով…: Արդ, ձեզ եմ հարցնում, այսպիսի գործ կատարելուց կարելի՞ է ձանձրանալ: