Za darmo

Գթության քույրեր

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Սակայն վերջինս այդպես չէր մտածում: Նա, որ սկզբում դեպի ինձ տածել էր միայն կարեկցության մի քնքուշ զգացում, չէր իմացել, իհարկե, թե այդ վերջ ի վերջո պիտի փոխվի սիրո, ինչպես այդ պատահում է շատ ուրիշ կանանց, թեկուզ դրանք անցյալի հետ կապված են լինում ուխտերով: Այդ պատճառով սկզբում երկյուղ չկրելով` յուր մեջ հետզհետե դեպի ինձ աճող բարեկամությունից, թույլ էր տվել զգացմունքներին` իշխել յուր վրա և վերջը միայն տեսել, որ արդեն խճճված է սիրո ցանցերում: Եվ որովհետև այդ դեպքում կանայք, համարյա, կատակ չեն սիրում, որովհետև մեզանից ավելի են հավատում թե իրենց և թե մեր զգացմունքին, ուստի Զոֆիան էլ որոշել էր` յուր սիրուն վերաբերվել լրջորեն:

Իմանալով, որ շուտով պիտի թողնեմ հիվանդանոցը, նա եկավ ինձ մոտ և առաջին անգամից իսկ մի զարմանալի պարզությամբ և մանկական հավատով հարցրեց:

– Չե՞ք տխրում արդյոք, որ թողնում եք ինձ:

Ես, փոխանակ ճշմարիտ զգացմունքս հայտնելու, փոխանակ ասելու թե` «թեպետ ինձ համար շատ հաճելի էր` հաճախ ձեզ հետ տեսնվել և միշտ էլ ձեր քաղցր զրույցները լսել, բայց որովհետև գործն ու աշխատությունը ինձ ավելի են գրավում, ուստի շատ չեմ տխրում ձեզ թողնելուս համար», ընդհակառակն, իբրև մինն այն բազմաթիվ երիտասարդներից, որոնք առհասարակ, թեթևամտությամբ են վերաբերվում այսօրինակ սիրուն` համարելով այն պատահական զգացմունք, կամ նայում նրա վրա իբրև ուղևորության ժամանակ կայարաններում մատուցվող մի առձեռն բարիքի, որը կարող են վայելել ու անցնել, ուստի ես ևս առանց վարանելու պատասխանեցի.

– Օ՛, և ինչպե՛ս եմ տխրում, այժմյանից արդեն սարսափում եմ` հիշելով այն ժամերը, որ պիտի անցցնեմ առանց ձեզ:

– Եթե այդպես է, ուրեմն ես չեմ թողնիլ որ դուք այդպիսի ժամեր անցցնեք, – ասաց նա հուզված:

– Եվ ի՞նչ պիտի անեք, – հետաքրքրվեցա ես:

– Ես չեմ սիրում առաջուց խոսել այն բանի մասին, ինչ որ պիտի անեմ. բայց արածս կտեսնեք…: Այս ասելով նա գրկեց ինձ, համբուրեց և արագ դուրս գնաց:

Երեկոյան դեմ Զոֆիան նորից մտավ ինձ մոտ. նստեց կես ժամի չափ և խոսում է հետս կես հուզված, կես ոգևորված և հաճախ հառում աչքերը վրաս այնպիսի մի հայացքով, որն, ասես, լցված էր լույսով ու կրակով:

Հեռանալիս ասաց.

– Այս երեկո` ութերորդ ժամից հետո` երեք ժամվա հերթապահություն ունիմ: Այն վերջացնելուց հետո կմտնեմ ձեզ մոտ:

– Ուշ չի՞ լինիլ, – հարցրի ես:

– Ավելի լավ, – պատասխանեց նա և խորհրդավոր ժպիտով հեռացավ:

Սկզբում ես չհասկացա նրա միտքը. բայց հետո, կարծես, գուշակեցի և մի երանական ուրախություն ամբողջ էությունս գրավեց:

Գիշերվա 11-րդ ժամին, երբ հիվանդանոցում լռություն էր տիրում, սենյակիս դուռը հուշիկ բացվեցավ: Ներս մտավ Զոֆիան: Նա դուռը նորեն զգուշությամբ ետ դնելով` շոյեց փականքը և մոտեցավ ինձ: Քայլերից արդեն երևում էր, որ նա հուզված է: Երբ մոտեցավ ճրագին, ես զարմացա նրա դեմքի այլայլումը տեսնելով: Նրա այտերը շիկնած էին, մինչդեռ երեսն ու քունքերը` գունատ: Թվում էր թե նա վախեցած է մի բանից, կամ հենց նոր ազատված մի վերահաս վտանգից:

– Ի՞նչ է պատահել ձեզ, Զոֆիա, – հարցրի ես անհանգստությամբ:

– Ոչինչ, ոչինչ… Ես սանդուղքներով բարձրացա, այս նրանից է. շուտով կանցնի, – ասաց նա և նստեց մահճակալիս վրա այնպես մոտիկ` որ ես ոչ միայն նրա շնչառության շոշափն էի զգում դեմքիս վրա, այլև լսում էի սրտի բաբախումը:

– Բայց դուք շատ հուզված եք, – նկատեցի ես նորեն:

– Այդ նրանից է, որ ես շտապեցի մի վայրկյան առաջ ձեզ գրկել, – ասաց նա ժպտալով և իսկույն էլ առավ ինձ թևերի մեջ…: Եվ նրա հուզումը գնալով սաստկացավ: Այդ հուզո՞ւմը… Օ՛, դա կատարյալ դրախտ էր. երջանկության մարմնացումն: Դա այն հուզումն էր, որ տիրում է կնոջ ամբողջ էությանը, երբ նա որոշում է մի ծանր ու դժվարին, հաճախ, իր կյանքի համար ճակատագրական քայլ անելու: Զոֆիան այդ քայլի վրա էր: Նա մտել էր ինձ մոտ ոչ այլևս իբրև գթության քույր, այլ իբրև անժույժ սիրահար…Նա եկել էր ինձ երջանկացնելու, ինձ իր անմեղության առաջին ծաղիկը նվիրելու…

Նշանակված օրը ես ելա հիվանդանոցից բոլորովին առողջ, իսկ մի քանի օր հետո թողեց իր պաշտոնը Զոֆիան, ինչպես որ խոստացել էր ինձ և փոխադրվեց իմ բնակարանը, որ ամեն հարմարություն ուներ երկու մտերիմ սրտերի գգվանքն ու սերը հետաքրքիր աչքերից ծածկելու:

Երիտասարդը լռեց:

– Վերջն ի՞նչ եղավ, ամուսնացա՞ր նրա հետ, – հետաքրքրվեց Սաբորինը:

– Ոչ, չամուսնացա, – պատասխանեց լեհացին:

– Ինչո՞ւ: Մարդիկ ճրագով են պտրում այնպիսի կանանց, որոնք կարողանային սիրել: Այդ կինն ապացուցել էր, որ սիրում է քեզ:

– Այո, ապացուցել էր: Եվ հենց այդ պատճառով էլ փափագում էի առնել նրան: Եվ թեպետ հայրս մեռնելուց առաջ կտակել էր ինձ` երբեք չամուսնանալ այնպիսի աղջկա հետ, որն օրինական ճանապարհով, այն է` պսակով ինձ հետ միանալուց առաջ, անձնատուր է եղել ինձ, որովհետև, ասել էր, այդպիսի աղջիկը, վերջ ի վերջո դժբախտություն կբերե քեզ – այնուամենայնիվ Զոֆիայի գեղեցկությունը, սիրո ջերմությունը և վերջապես վերջին հավատով անձնվիրությունը մոռացնել տվին ինձ իմ հոր պատվերը: – Ո՞ւր կարող եմ գտնել սրանից արժանավորը, ասում էի ես, ուստի և որոշում առնել նրան ինձ կնության: Բայց, ինչպես երևում է, հորս հոգին արդեն հսկում է եղել իմ բախտին: Մի քանի ամիս ինձ հետ կենակցելուց հետո, նա գնաց հայրենի քաղաքը` ծնողներին այցելելու և մեր ամուսնության համար` նրանց համաձայնությունն առնելու: Անցավ երկու ամիս և բոլոր ժամանակ մենք սիրալիր նամակներ էինք գրում իրար: Երբ հասավ Զոֆիայի վերադարձի ժամանակը և ես հուսալից սպասում էի նրան, ահա մի օր ստացա մի հակիրճ նամակ, որով նա ինձ հայտնում էր թե արդեն ընդունել է առաջարկությունը մի զինվորականի, որի հետ և ամուսնանում է. ուստի խնդրում էր ինձ մոռանալ ամենը, ինչ որ անցել է մեր մեջ…

– Ի՞նչ է ասում… – զարմացավ Սաբորինը:

– Այո՛, այդպես էր գրել, – կրկնեց լեհացին:

– Եվ ամուսնացա՞վ:

– Հարկավ:

– Զարմանում եմ:

– Բայց ավելի պիտի զարմանաս, եթե ասեմ թե` նա ամուսնացավ այն զինվորականի հետ, որը որսի ժամանակ սպանել էր յուր նշանածին…:

3

– Օ՛, բարեկամ, քո այդ գթության քույրը, իսկապես, ֆուրիա է եղել. իզուր դու նրան օրինակ բերիր` իմ սիրած օրիորդի ուխտը կասկածելի անելու համար, – բացականչեց ռուսը, կարծես հոգով հանգստանալով:

– Չգիտեմ. գուցե քո սիրածը ավելի իդեալիստ լինի: Բայց ես, առհասարակ, չեմ հավատում կանանց ուխտերին:

– Ես կսովորեցնեմ քեզ հավատալ: Տեսնում ես այս նամակը – Սաբորինը հանեց ծոցից մի ծրար և ցույց տվավ, – սա իմ սիրեցյալի վերջին գրությունն է. այստեղ նա նշանակել է նույնիսկ ժամանակը, երբ պետք էր ընդունվի «Սուրբ երրորդության» մեջ: Իսկ այդ միաբանությունը չէ նմանում քո տեսած հիվանդանոցին… Այդտեղից ելած քույրերը մի-մի սուրբեր են:

– Իսկ դու միջոց կունենա՞ս հետևել քո սուրբի կյանքի ընթացքին:

– Այդ պետք էլ չէ. ես միայն կամենում եմ տեսնել նրան այժմ աշխարհից հեռացած, որպեսզի կարողանամ նրա ծնողներին ասել. – Ոնց է. կերա՞ք, ինձ որ չտվիք ձեր աղջկան, արդյոք նա ձեզ մնա՞ց…: Ա՛յ, հենց դրա համար էլ գնում եմ այժմ Վարշավ: Հորեղբորս որդուն խնդրած եմ դիմավորել ինձ կայարանում: Եթե նա հայտնեց թե` Մարին արդեն հեռացել է Վարշավից, ես կառքս ուղղակի պիտի քշել տամ Միրովիչների տունը և այցետոմսս աջ կողմից դեպի վար ծալելով` ուղարկեմ վերև, ցույց տալու համար թե կարեկցելու և մխիթարելու համար է այցելությունս:

– Տարօրինակ վրիժառություն, – նկատեց Յանը ծիծաղելով:

– Ամերիկական տեսակի… – հարեց Սաբորինը և նույնպես կարկաչեց:

Նույն երեկոյան մենք հասանք Վարշավ: Կայարանում, արդարև, մեր ռուս ընկերոջը դիմավորեց հորեղբոր որդին, որը նրա պես առողջ ու զվարթադեմ մեկն էր և հենց նրա պես էլ խոսում էր բարձրաձայն: Մեր ընկերոջ հարցին թե` «Ի՞նչ լուր ունիս Մարիից», նա պատասխանեց.

– Մարին արդեն գնաց:

– Գնա՞ց… բռավո, այդպես էլ սպասում էի, – ասաց Սաբորինը և գոհությամբ լի հայացքը ուղղեց լեհացուն:

– Բայց գի՞տես ուր գնաց:

– Ինչպե՞ս չէ, «Սուրբ երրորդության» միաբա…

– Ո՛չ, նա գնաց արտասահման, – ընդհատեց լրատուն:

– Ինչպե՞ս թե արտասահման, – զարմացավ Սաբորինը:

– Հապա՞, չէ՞ որ նա ամուսնացավ:

– Ի՞նչ:

– Ամուսնացավ:

– Ո՞ւմ հետ:

– Պոտեցկիի որդու:

Սաբորինը տեղն ու տեղը սառավ. նրա բերանը մնաց բաց, աչքերը չռած, իսկ կապոցներով բեռնված ձեռքերը` կախվեցան օդում անշարժ:

– Գնանք, ինչո՞ւ ես կանգնել, – խոսեց դիմավորողը, տեսնելով որ ճամփորդները հետզհետե խռնվելով` դեսուդեն են հրում հորեղբոր որդուն: Բայց վերջինս ապուշի պես կանգնած` չէր լսում նրան:

– Հեռանանք, թող նա չիմանա թե մենք բոլորը լսեցինք… – շշնջաց լեհացին ականջիս և մենք կամացուկ խույս տվինք կայարանից:

4

Օգոստոսի վերջն էր: Վենետիկից վերադառնում էի Վիեննա: Թրիեստի կայարանում խիստ շատ ուղևորներ ներս մտան վագոն, այնպես որ տեղս նեղացավ: Ստիպված էի իրեղեններս ամփոփել, այլև ինքս կծկվել մի անկյուն, որպեսզի ուրիշները ևս իրենց տեղը բռնեին: Այս բանն, իհարկե, դուր չեկավ ինձ: Որովհետև գնացքը Վենետիկից ելել էր գիշերով, և գրեթե, դատարկ, այդ պատճառով տեղի ընդարձակությունից օգտվել էի ավելի քան շռայլորեն: Այժմ ստիպված էի բավականանալ քչով, որպեսզի ուրիշներն էլ իրենց բաժնին տիրանային: Այստեղ, ահա, սկսա մտածել այն մասին, թե` ինչպես վատ է երբ մարդ սովորում է «լեն ու բոլ» ապրելուն: Որովհետև կյանքը նույնպես մի գնացք է, որ շարունակ շարժվում, սլանում է առաջ և չգիտես թե նրա ո՞ր կայարանում ստիպված կլինիս կծկվիլ կամ իրերդ ամփոփել: Ուրեմն, ավելի լավ է, որ մարդ հենց սկզբից սովորե իր իղձերը չափավորելուն և բավականանա քչով, որպեսզի նեղության օրերը հասնելուց` ստիպված չլինի` ակամա կծկվիլ և դրա համար էլ վշտանալ:

Այս մտածության մեջ էի դեռ, որ ականջիս դիպան ռուսերեն խոսքեր: Սա ինձ համար նորություն էր: Վասնզի Ռուսիո սահմաններից ելնելուց հետո` Եվրոպայում գրեթե ոչ մի տեղ չէի լսել այդ բարբառը: Գլուխս բարձրացրի և տեսա որ խոսողը քիչ հեռու կանգնած, ոչ շատ տարիքոտ, մաքուր հագնված, լուրջ և, միևնույն ժամանակ, համակրելի դեմքով մի պարոն է, որին ընկերակցում էր տարիքն առած ու կարճահասակ մի կին, որ թեպետ շատ տգեղ չէր, բայց երբևիցե գրավիչ եղած լինելու նշան էլ չուներ վրան: ՜Նրանք իրար հետ խոսում էին ընտանեբար և եզակի դեմքով, որից եզրակացրի թե` առաջինը որդին է, իսկ երկրորդը` մայրը:

Ռուսերեն խոսողներին, որոնք դիմացս նստան, մի տեսակ հայրենակից համարելով ինձ, շտապեցի հետերնին ծանոթանալ, որի համար նրանք ուրախ եղան: Իմ մասին հարկ եղած ծանոթությունը տալուց հետո, իմացա, որ պարոնը ռուսաստանցի է և մայրաքաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի գերմաներեն լեզվի ուսուցիչը. իսկ հետը խոսողը` յուր… կինը:

Ամեն տեսակ նորության կսպասեի, բայց լսել թե` այդ հիսունամյա, երեսը խորշոմած, աչքերը կկոցված և արդեն թալկադեմ պառավը ամուսինն է այն զվարթ ու կայտառ տղամարդու, որ, գուցե, հազիվ էր քառասունն անցել, չէի սպասիր Այսուամենայնիվ, զարմանքս զսպելով` սկսա խոսակցիլ նրանց հետ և ընդնմին ուշիուշով հետևել կնոջը, իմանալու համար թե` ինչո՞վ է արդյոք նա գրավել այս երիտասարդին և յուր նման «անցյալ կատարյալին» կապել սրա գլխին:

 

Իմ հետամտությունն, իհարկե, չէր կարող այդպես շուտ ծանոթացնել ինձ նրանց անցյալին, կամ բացատրել գեթ մինը այն գաղտնիքներից, որոնք պատճառ էին եղել այս անհավասար ամուսնության, բայց նա ծանոթացրեց ինձ մի անսպաս ճշմարտության. այդ այն էր` որ ես տեսա թե Վերա Վասիլևնան (այդ էր տիկնոջ անունը) բավական խելացի, նուրբ դիտող և համբերատար մի կին է:

Այս հատկություններով, առհասարակ բնությունը նվազ չափով է օժտում կանանց. բայց Վերա Վասիլևնային, չգիտեմ ո՞ր բացառիկ օրենքի հիման վրա, տվել էր ավելի:

Այդ պարզ երևաց բոլոր այն զրույցի ժամանակ, որ տեղի էր ունենում մեր մեջ դեռ Թրիեստի կայարանից սկսած և որը, չեմ հիշում, ի՞նչ առիթով արդեն փոխվել էր լուրջ խնդրի, այն է` կանանց ազատագրության հարցին:

Այս խնդրում Իվան Իվանիչը (տիկնոջ ամուսինը) պահպանողական հայացքների տեր էր, մինչդեռ տիկինը, ինչպես որ սպասելի էր` ազատամիտ:

Եվ սակայն սա հարցերին վերաբերվում էր ոչ այնպես հախուռն, ու վայրիվերո, ինչպես, առհասարակ անում են շատ կանայք, կամ անփորձ երիտասարդներ, այլ միշտ կոռեկտ ու տրամաբանորեն: Յուր առարկությունները նա հաստատում էր փաստերով, իսկ ենթադրությունները հանում այնպիսի օրինակներից, որոնց դեմ վիճելը շատ էլ հեշտ չէր լինում:

Ես, սակայն շարունակ հարցեր էի տալիս և մի-մի անգամ էլ կատակով աշխատում` կռվացնել ամուսիններին: Իվան Իվանիչը, որ ավելի պարզասիրտ և դյուրագրգիռ էր, երբեմն բռնվում էր իմ լարած թակարդում, մինչդեռ տիկինը զգուշությամբ խույս էր տալիս և հաճախ յուր խոհեմ ու քաղաքավար դիտողությամբ ի դերև հանում իմ չարամիտ ջանքը: Եթե պատահում էր, որ ամուսինը գրգռվում էր վիճելիս, նա այնպես մեղմ ու ամոքիչ խոսքերով հանգստացնում էր նրան, որ ասես թե` մի մայր էր, որ խոսում էր յուր տասներկու տարեկան զավակի հետ:

«Ահա թե, ինչով է գրավել պառավը երիտասարդին», մտածեցի ես և իմ աչքում գին ստացան տիկնոջ այդ հատկությունները: Այնուհետև արդեն հարգանքով էի վերաբերվում դրացուհուս և սիրով լսում նրա դատողությունները:

Գնացքը հասավ Կրայնայի հերցոգության մայրաքաղաքը: Լայբախ: Այստեղ դուրս գնացող ուղևորներին փոխարինեցին նորերը, որոնց թվում, Վերա Վասիլևնայի կողքին և ուղղակի իմ դիմաց, տեղ բռնեց տարօրինակ հագուստով մի բարձրահասակ գեղեցկուհի, որին ես սկզբում միանձնուհի կարծեցի: Վասնզի նա հագած էր մուգ կապույտ մահուդի երկայն պարեգոտ և նրա վրա կապած` նույն գույնի կտավից հասարակ գոգնոց. մինչդեռ գլխին ծածկված էր ձյունի պես սպիտակ` թևատարած մի փակեղ, որ նման էր ավելի փոքրիկ հովանոցի, քան գլխանոցի և պատրաստված էր կտավից ու խնամքով օսլայած. իսկ կրծքին ուներ նույնպիսի կտորից օձիք` տասնաբանյա պատվիրանի տախտակների ձևով: Իբրև անհրաժեշտ պատկանելիք յուր սքեմին` նա կախած էր գոտկատեղից կանաչ երիզի վրա շարված երկար, սևահատիկ մի համրիչ, որի ծայրին ճոճվում էին աղյուսագույն ոսկորե մի գանգ և փոքրիկ, պղնձե խաչ` խաչյալ Քրիստոսով:

Նստելով մեր դիմաց, նա դրավ կողքին սև շալե մի քսակ, որ մինչև այն բռնած էր ձեռքին և նրանից հանելով մի սև, կիսագործ գուլպա, սկսավ գործել:

Այժմ կարելի էր հանգիստ կերպով դիտել այդ կնոջ պատկերը, որ ճշմարիտ գեղեցկության մի հազվագյուտ տիպար էր: Եվ թեպետ արդեն կյանքի գարունը անցուցած, այսուամենայնիվ նա ուներ դեռ այնքան գրավչություն, որ մարդ մի անգամ վրան նայելուց` էլ չէր ուզում աչքերը դարձնել ուրիշ կողմ կամ զբաղեցնել նրանց ուրիշ առարկայով:

Թևատարած փակեղը, որ կույսի սիրուն գլուխը պատելով` չէր երևեցնում մազերի և ոչ մի գիսակ, նրա դեմքի վերին մասի վրա ձգել էր մի մեղմ ստվեր, որի միջից մեծ-մեծ, խաժակն աչքերը` պատած երկար արտևանունքներով փայլում էին մի քաղցր ու խաղաղ լույսով, որպիսին տալիս է արևը` թեթև ամպերով սքողված ժամանակ: Նրա մաքուր, մարմարե դեմքը, հազիվ շիկնած մի վարդանիշով, որը կարծես վաղուց սառել, մնացել էր այտերի վրա, արտահայտում էր ազնվական վեհություն: Նա նայում էր շուրջը, ըստ երևույթին, հանգիստ, մինչև իսկ մի տեսակ սառն անտարբերությամբ. բայց այդ հանգիստ հայացքի մեջ ցոլում էին կայծեր, երբ հրաշալի աչերը սևեռում էր մի կետի, որ հետաքրքրում էր իրեն: Այդպիսի ժամանակ` նրա դեմքի վրա խաղում էր ժպիտ, որ, սակայն հազիվ էր նուրբ շրթունքները վառում` նման գերեզմանի վրա փայլող վերջալույսին: Իսկ այդ շրթունքները, թեպետ դեռ կարմրալար, սակայն ունեին այնքան կենդանություն, որքան թփից պոկված վարդը` որ թառամում է յուր հետ փնջված շուշանների մեջ…:

Առաջին անգամից իսկ այդ կինը գրավեց իմ բոլոր ուշադրությունը: Ես ամբողջապես աչք դարձած` նայում էի նրան, նայում էի և չէի կշտանում:

Բայց ի՞նչ կար նրա մեջ. ի՞նչն էր ինձ այդպես դյութել ու հմայել: Մի՞թե միայն գեղեցկությունը: Հարկավ, ոչ. ըստ որում մինչև այն` շատ ավելի գեղեցիկ կանանց էի հանդիպել և սակայն դեռ ոչ ոք այդպիսի տպավորություն չէր թողել վրաս: Թվում էր թե` կար և մի ուրիշ պատճառ և այդ` նրա դեմքի արտահայտությունն էր, որ այնքան վեհ ու պատկառելի լինելով հանդերձ, ցոլացնում էր յուր մեջ այնպիսի մի պարզություն ու մանկական անմեղություն, որպիսին կարելի էր տեսնել նկարների դեմքին այն կանանց, որոնք ապրում էին Մեդիչիների շրջանում, երբ նկարչի վրձինն ու արձանագործի քերիչը պատկերացնում էին գեղեցկությունը պարզ, խաղաղ, փաղաքշող, բայց երբեք պատշաճի սահմանն անցնող արտահայտությամբ:

Սակայն, երբ մի վայրկյան նա հառեց վրաս յուր աչքերը, ինձ թվաց թե նրանց մեջ վառվում է և ուրիշ հուր: Իսկույն իմ հայացքը ուղղեցի այդ աչերին, կամենալով գեթ մի վայրկյան վայելել նրանց հրապույրը. բայց կույսը նորեն շրջեց յուր դեմքը և ինձ մնաց դիտել նրա գեղեցիկ պրոֆիլը, որ նմանում էր ոչ թե կենդանի մարդու, այլ ալեբաստրից թափած արձանի դեմքին: