Za darmo

Չհաս է

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

ԻԵ

ԳՈՅՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈԻԹՅՈԻՆ

Թեպետ Աստղիկը շատ էր աշխատում Պետրոսին և նրա՝ մորը շարունակ զբաղեցնելու, որպեսզի տխուր անցքի ազդեցությունը կարելույն չափ թեթև անցներ նրանց համար, բայց Պետրոսը չկարողացավ երկար ժամանակ արհեստական ճանապարհով ուրախանալ: Երկրորդ օրվանից արդեն նա զգաց յուր վիճակի ծանրությունը և մտածում էր ինքն իրեն, – «Արտաքսված մեր հարազատ տնից, մայր ու որդի ապավինել ենք մի օտար աղջկան: Որքան էլ անուշադիր թողնենք մենք բամբասասեր հասարակության խոսքն ու զրույցը դարձյալ կա մի հարգելի պատճառ, որ պիտի ստիպե մեզ ազատել այս մարդկանց մեր անկոչ ներկայությունից: Աստղիկը մի խեղճ վարժուհի է, և նրա ստացած համեստ ռոճիկը հազիվ կարող է բավականանալ իրենց անպաճույճ սեղանին: Մեր այս տան մեջ ապրելը կրկնակի վնաս կարող է հասցնել մեր բարեկամուհիներին, առաջին որ նրանք ստիպված կլինեն սովորականից ավել ծախսելու և երկրորդ՝ որ իմ ներկայությունը, իբրև մի օտար երիտասարդի, արատ կարող է բերել այս առաքինի աղջկա անվանը: Բամբասասեր մարդիկ, որոնք իրենց հոգու հանգստությունը զրպարտելու և անվանարկելու մեջ են գտնում բավական համոզիչ փաստ կարող են ունենալ իրենց ձեռքում խեղճ Աստղիկիս արատավորելու համար: Եվ մեր դպրոցական վարչությունը, որ երևի լուր պաշտոնակից մյուս վարչությունների նման խիստ նախանձախնդիր է յուր իրավասության տակ գործող անձանց բարոյական համարման, հեշտությամբ հավատ կընծայե տարածված լուրերին և կարձակե դպրոցից յուր աննման աշխատավորին… Այս երկուսն էլ ուշադրության արժանի խնդիրներ են: Մյուս կարևորագույն խնդիրն այն է, որ ինձ հարկավոր է այսօրվանից արդեն մտածել իմ ապագայի վերա: Ինչ իրավունք ունիմ ես մի րոպե անգամ այս հրեշտակին սիրելու և նրան իմ ապագայի ընկեր անվանելու, քանի որ ես մի կատարյալ ոչնչություն եմ այժմ և մի սև փող անգամ չունիմ իմ գրպանում մի կտոր հաց գնելու համար… Սա մի չափազանց ստոր դրություն է. լինել երիտասարդ, ունենաք առողջ ու առույգ կազմվածք, խելք ու բանականություն և անգործ նստել մի տան մեջ, որի հացը մի տկար աղջիկ է հայթայթում… օ , սա անտանելի է, բոլորովին անտանելի… Թող կորչի համալսարանը, թող կորչին գիտությունները, հեռու ինձանից գաղափարական ցնորքներ, ես այսուհետ դրական գործունեություն եմ ուզում, ցնորքներով թող հարուստ մարդիկ զբաղվին…

Այս մտածմունքներով դուրս գնաց Պետրոսը սիրուհու տնից, յուր մտքում հաստատապես որոշելով չվերադառնալ այդտեղ, մինչև որ յուր համար մի արդյունավոր պարապմունք չգտնե:

Ով որ ամբողջ ամիսներով անգործ թափառել է փողոցներում, նա միայն կարող է հասկանալ, թե որ աստիճան հանդուգն որոշում էր անում Պետրոսը յուր համար, մանավանդ այնպիսի մի քաղաքում, ուր ոչ առևտրական մեծ տներ կային, ոչ հաշվարարական գրասենյակներ, ոչ արտադրող գործարաններ և ոչ գործավորի կարոտ մասնավոր մարդիկ: Գոնե դպրոցական արձակուրդների ժամանակը չլիներ, դարձյալ կարելի էր վարժապետական պաշտոն ձեռք բերել մի տեղ. բայց հուսո այդ ճանապարհն էլ փակված էր նրա առաջ:

Այսուամենայնիվ բախտը երբեմն կյանքին անծանոթ միամիտներին օգնում է իրենց ցանկության չափով:

Պետրոսը դեռ նոր էր մտել շուկայի հրապարակը, երբ նրան պատահեց յուր հին ծանոթ Սերոբյանը, որի անունը մենք առիթ ունեցանք նախընթաց գլուխներում հիշատակելու: Նա այժմ բավական փոխվել էր նույնիսկ արտաքին կերպարանքով երկու տարի առաջ տեսած այն նիհար և նվազ Սերոբյանը, այժմ մեծացել, գիրացել և գեղեցկացել էր, որովհետև նա արդեն քննիչի պաշտոն ուներ և յուր արդյունավոր եկամուտը ներքին ուրախությունից զատ արտաքին առույգություն և զվարճություն էլ էր տվել նրան: Սովորական հարց ու բարովից ետ, Սերոբյանը հետաքրքրվեցավ իմանալու, թե ինչո՞ւ Պետրոսը Թիֆլիսից ուղղակի համալսարան չէր գնացել և ի՞նչ հարկ կար ժամանակ վատնել հայրենիք վերադառնալու համար:

– Ես իմ ցանկությամբ չեկա այստեղ, ինձ բերել տվեն, – պատասխանեց Պետրոսը:

– Ի՞նչպես, ով:

– Իմ հորեղբայրը:

– Եվ ի՞նչ պատճառով:

– Շատ կարևոր պատճառով:

– Այսի՞նքն:

Պետրոսը համառոտ պատմեց ընկերին յուր հորեղբոր կապալի և Խալաթյանի աղջկա պատմությունը:

Սերոբյանը մնաց զարմացած, այդպիսի նորություն առաջին անգամ էր նա լսում յուր կյանքում: Բայց ավելի զարմացավ և մանավանդ սրտմտեց, երբ իմացավ, թե հորեղբայրը արտաքսել է Պետրոսին յուր տնից, նրա ընդդիմության պատճառով:

– Տեր աստված, ի՞նչ չարություններ չեն ծածկվում այդ սուտ ճգնավորների սրտերում, – զայրացած բացականչնց Սերոբյանը, – հեռվից նայողը այնպես կկարծեր, թե քո հորեղբոր բերանում լեզու չկա. թե նա մի մարմնացյալ բարություն, մի մարմնացյալ առաքինություն է: Եվ ով կհավատա քո պատմածների ճշմարտության:

– Եվ ես ոչ ոքին էլ չեմ պատմիլ. եթե քո սիրտն էլ վաղուց չճանաչեի գուցե քեզանից էլ ծածկեի այս բանը, որովհետև իմ հորեղբոր վարմունքը այնքան ամոթալի է, որ ես ինքս նրա մասին խոսել ամաչում եմ, և կցանկանայի, որ ոչ ոք քաղաքում չիմանար այդ բանը:

– Եղբայր, երբ տեսար, թե գործը այդպիսի խայտառակությամբ է վերջանում, ինչու չհամաձայնվեցար ամուսնանալու: Մելքոն-աղան քաղաքիս առաջին հարուստն է, նրա աղջիկն էլ այնքան շատ տգեղ չէ: Շատ երիտասարդներ կան, որոնք տենչանոք կփափագեին այդ բախտին հանդիպել, բայց դու անպայման մերժել ես նրան: Միթե կարծում ես, թե ապագայում չես զղջալ այդ մերժման համար:

– Երբեք էլ չեմ զղջալ, – պատասխանեց Պետրոսը և ապա հայտնեց ընկերին յուր մերժման բուն պատճառը, որ էր օրիորդ Աստղիկի հետ ունեցած սերը: Նա պատմեց նրան նույնպես այդ սիրո մանրամասն պատմությունը, կցելով ընդնմին և յուր արդի դրության տխուր նկարագիրը:

Սերոբյանը, որ ի բնե ազնիվ և դյուրազգաց սիրտ ուներ, շատ գորովվեցավ Պետրոսի պատմությամբ:

– Քո այսպիսի դրության մեջ, Պետրե, դու կարոտում ես անշուշտ մի անձնվեր բարեկամի օգնության, – կարեկցաբար ասաց նա ընկերոջը, – ինչ բանում կարող եմ ես ծառայել քեզ, ասա անկեղծությամբ, ես կաշխատեմ օգնել քեզ:

– Որովհետև իմ համալսարան գնալու հույսը կորավ, ուրեմն ինձ հարկավոր է մի պարապմունք, որով իմ և մորս գոյությունը պահպանել կարողանամ. եթե կարող ես, մի գործ գտիր ինձ համար, ահա այս է իմ խնդիրը:

– Մի գործ, շատ լավ. բայց ի՛նչ գործ ես կամենում:

– Այժմ գործի տեսակը ինձ համար նշանակություն՝ չունի, անցան գաղափարական կյանքի ցնորքները: Այժմ ես կանգնած եմ տխուր իրականության հողի վերա, տուր ինձ մի գործ, ինչ տեսակից էլ որ ուզում է լինի, միայն թե ապրելու փող տա նա ինձ:

Սերոբյանը մի փոքր ժամանակ սկսավ մտածել և հետո կարծես մի գյուտ անելով ուրախությամբ հարցրեց, Պետրե, կկամենա՞ս դու դատարան մտնել:

– Թեկուզ մի դարբնոց երկաթ ծեծելու համար… Շատ լավ. ուրեմն պաշտոնը արդեն պատրաստ է:

– Ի՞նչ պաշտոն, – սրտատրոփ հարցրեց Պետրոսը:

– Բավական արդյունավոր:

– Բայց ո՞րտեղ:

– Դատարանում:

– Կատակ չե՞ս անում:

– Իհարկե ոչ: Դու անշուշտ հիշում ես, որ այստեղ հաշտարար դատարանում մի հին գայլ կար, որ ատենադպրի պաշտոն էր վարում:

– Այո՛, հիշում եմ, Միկիթ-բեկը, որ իմ հորեղբոր բարեկամն էր:

– Քո հորեղբոր բարեկամը:

– Այո, նա նրա իդեալն էր:

– Հասկանալի է, ագռավի խնամին կաչաղակն է լինում, բայց ինչ որ է, այդ պարոնը յուր մի քանի բարեկամների համար մի ինչ որ կապալի առաջարկության թղթեր պատրաստելում խարդախություն է արել, որի մասին այդ բարեկամները գանգատ են տվել դատարանին, ներկայացնելով ընդնմին նրա ձեռքով պատրաստած թղթերը, գործը հանձնված է այժմ իմ քննության, իսկ պ. ատենադպիրը արդեն հրաժարեցրած է յուր պաշտոնից: Հետևապես այդ պաշտոնը պարապ լինելով, նրան առայժմ վարում է սեղանապետը: Հաշտարար դատավորը, որ մի երիտասարդ, ազնիվ սրտով և զգացմունքներով համալսարանական է, շատ սրտակից բարեկամ է ինձ հետ: Ես կխնդրեմ նրանից այդ պաշտոնը քեզ համար, և հույս ունիմ, որ նա չի մերժիլ իմ խնդիրը:

Պետրոսի դեմքի վերա փայլեց մի ուրախության ժպիտ, նա բռնեց Սերոբյանի ձեռքը և ջերմությամբ սեղմելով նրան ասաց.

– Սիրելի բարեկամ, այդ շնորհը, որ անում ես դու, ամենաթանկագինն է ինձ համար աշխարհում, բայց աղաչում եմ, եթե հնար է, այսօր ևեթ վերջացրու գործը, որովհետև ես երդվել եմ չվերադառնալ իմ Աստղիկի մոտ, մինչև որ հաստատուն պարապմունք չգտնեմ ինձ համար:

– Եթե այդպես է, շատ լավ. այս րոպեին իսկ կարելի է դիմել իմ բարեկամին, – պատասխանեց Սերոբյանը, – նա այնքան բարի է, որ ժամանակի խտրություն չէ ճանաչում, գնանք միասին, ես նրան կծանոթացնեմ քեզ հետ և մինչև անգամ քո համառոտ կենսագրության և արդի դրության հետ, և քաջահույս եմ, որ այսօր ևեթ այս գործը կվերջանա:

Եվ երկու բարեկամները դիմեցին ուղղակի դեպի դատարան, որովհետև օրվա այդ ժամին դատավորը միշտ այնտեղ էր գտնվում:

Ատյանը բացված չէր: Սերոբյանը տեղեկացավ, որ դատավորը դեռ յուր առանձնարանումն է և Պետրոսի հետ միասին դիմեց նրա մոտ:

Դատավորը արդարև մի երիտասարդ, ազնվական կերպարանքով և քաղցր բնավորությամբ պարոն էր, որ շատ մտերմաբար ողջունեց Սերոբյանին և սիրով ընդունեց Պետրոսի ծանոթությունը, աթոռ առաջարկելով նրանց, որ նստեն:

– Ֆերդինանդ Անտոնովիչ, ես ձեզանից մի շնորհ խնդրելու եկա, – սկսավ խոսել Սերոբյանը, – և հուսով եմ, որ դուք չպիտի մերժեք ինձ:

– Եթե մի բանով կարող եմ ծառայել ձեզ, հրամայեցեք, ես ձեր խոնարհ ծառան եմ, – քաղաքավարությամբ պատասխանեց դատավորը:

– Որքան ինձ հայտնի է, այստեղ ատենադպրության պաշտոնը պարապ է և աչքի առաջ կարծեմ դեռ ոչ ոք չկա. ես եկա ձեզ խնդրելու, որ այդ պաշտոնը բարեհաճեք իմ այս բարեկամին հանձնելու, որը թե ամեն հարմարություն ունի այդ գործի մեջ ազնվաբար ծառայելու և թե մանավանդ կարոտություն՝ շուտափույթ օգնության: Դուք զարգացած երիտասարդ եք և ընդունակ կարեկցելու. ես կբացատրեմ ձեզ այն հարգելի պատճառը, որ ստիպել է այս պարոնին իմ միջնորդությամբ ձեր օգնությանը դիմելու և հուսով եմ, որ դուք ձեր կողմից կփութացնեք այդ օգնությունը: Եվ Սերոբյանը համառոտ, բայց ամփոփ կերպով պատմեց դատավորին Պետրոսի ով լինելը, որտեղ և ինչպես ուսում ավարտելը, հորեղբոր ձեռքով նրան հասած դժբախտությունը, այդ դժբախտության գլխավոր պատճառները, նրա սիրահարությունը օրիորդ վարժուհու հետ և վերջապես նրա անել դրությունը վերջին անցքերից ետ:

Այս բոլորը նա պատմեց այնքան շնորհալի պերճախոսությամբ, որ դատավորի կարեկցությունը շարժեց Պետրոսի վերա:

– Եթե մեր ծերուկները այդքան անողորմ են վարվում նորածիլ երիտասարդության հետ, – նկատեց դատավորը, – մեր՝ երիտասարդներիս պարտավորությունն է թև և թիկունք լինել նրան, որպեսզի երիտասարդության ձգտումները չվտանգվին և ապագան մեծ մարդիկներից չզրկվի: Շնորհակալ եմ, որ այդ բանի համար դիմել եք ինձ, թեպետ ձեր հիշած պաշտոնի համար աչքի առաջ մի երկու ուրիշ պարոններ էլ կային, բայց ինձ համար ուրախություն է օգնել նրան, ով որ ավելի է կարոտում. այդ պատճառով ինչ որ կարող եմ անել պ. Մարալյանի համար, ես կանեմ: Վաղվանից արդեն պարոնը մեր դատարանի ատենադպիրը կարող է լինել: Ես կպատվիրեմ սեղանապետին, որ կարևոր ծանոթությունները տա նրան, իսկ մյուս օրվանից պարոնի վկայականները և հաստատության թուղթը կառաջարկեմ ուր որ հարկ է:

 

– Դուք այնքան մեծ շնորհ եք անում ինձ, մեծապատիվ պարոն, – զգացված խոսեց Պետրոսը, – որ ես բառեր չեմ գտնում իմ ամենաանկեղծ շնորհակալիքը ձեզ հայտնելու, միայն խոստանում եմ իբրև ազնիվ մարդ, ծառայել ձեզ այնքան անձնվիրվածությամբ, որքան վայել է մի ամբողջ կյանքով շնորհապարտ մարդուն…

– Ես ավելի չեմ անում, քան ինչ որ իմ պարտքն է, – նկատեց դատավորը. – թող մեզանից յուրաքանչյուրը բարիք գործե այնքան, որքան կարող է, և մենք թշվառներով շրջապատված չենք լինի ամեն օր:

Պետրոսը և Սերոբյանը կրկին և կրկին անգամ շնորհակալություն արին ազնիվ դատավորին և ուրախությամբ դուրս գնացին դատարանից:

Երբ նրանք արդեն փողոցումն էին, Պետրոսը դարձավ բարեկամին.

– Սիրելիս, դու ինձ կատարելապես պարտավորեցրիր: Հուսահատությունը, որի մոտենալը առավոտվանից արդեն ես զգում էի (թեպետ ինքս ինձ աշխատում էի արիացնել), կարող էր ինձ ընկճել, եթե ես այսօր չպատահեի քեզ: Ի՞նչ են անում արդյոք այն ողորմելիները, որոնց ինձ նման հալածում է բախտը, բայց որոնք ինձ նման հառաջավոր բարեկամ չեն գտնում աշխարհում… Ասա՛ ինձ, սիրելիս, ինչով կարող եմ ես երբևիցե վարձահատույց լինել քեզ:

– Երբ կգա այն երջանիկ օրը, որ դու կպսակվես օրիորդ Աստղիկի հետ, այն ժամանակ դու ինձ քեզ խաչեղբայր կկարգես, – ահա՛ այս կլինի քո ինձ անելիք հատուցումը, – ծիծաղելով պատասխանեց Սերոբյանը:

– Օ՛, դու կամենում ես քո մշտական բարեկամությա՞մբ ինձ բախտավորեցնել, – բացականչեց Պետրոսը. – շնորհակալ եմ, թող այդպես լինի, տուր քո ձեռը քո ստորագրության փոխարեն:

Սերոբյանը պարզեց յուր աջը Պետրոսին և երկու բարեկամները ջերմագին միմյանց ձեռք սեղմեցին ի նշան հաստատուն բարեկամության:

Վերադառնալով տուն, Պետրոսը անհանգիստ դրության մեջ, գտավ թե՛ սիրուհուն և թե՛ մայրերին, որովհետև տնից դուրս գալու ժամանակ նա ոչ ոքին ոչինչ չէր հայտնել:

– Այս ի՞նչ արիր դու մեզ հետ, Պետրե, – առաջինը բացականչեց օրիորդը. – դու գաղտնի դուրս եկար տնից մեզ երկյուղով և անձկությամբ տանջելու համար…

– Ընդհակառակը, ձեզ հաստատուն ուրախություն բերելու համար, – ծիծաղելով պատասխանեց Պետրոսը և մանրամասնաբար պատմեց նրանց յուր անսպաս հաջողության պատմությունը:

Մի րոպեի մեջ բոլոր տունը ուրախությամբ լցվեցավ. Աստղիկը սեղմեց Պետրոսի ձեռքը ի նշան անհուն շնորհակալության, տ. Եղիսաբեթը համբուրեց նրա ճակատը, իսկ մայր Հռիփսիմեն միայն կարողացավ ուրախությունից արտասվել:

Երկու սիրահարների համար այս բախտավոր օրը տոնական նշանակություն ստացավ և նրանք ուխտեցին երբեք չմոռանալ նրան:

ԻԶ

ԺԱՄԱՆԱԿ Է ՊՍԱԿՎԵԼՈԻ

Հետևյալ առավոտվանից Պետրոսը յուր պարապմունքը սկսավ հաշտարար դատարանում և մի քանի օրվա մեջ արդեն յուր բնածին ընդունակությամբ ծանոթացավ բոլոր դատարանական գործերին և սկսավ ուշի ուշով օրինաց գրքերը ուսումնասիրել, որպեսզի յուր պաշտոնին ըստ ամենայնի բարեխղճությամբ ծառայել կարողանա: Շատ ժամանակ չանցավ նույնպես, որ դատարանի բոլոր ծառայողները պաշտելու չափ սկսան սիրել երիտասարդ ատենադպրին: Նա բոլորի հետ էլ այնքան քաղցր և քաղաքավարի էր, որ ծառայողներից յուրաքանչյուրը մի առանձին հաճույք էր զգում յուր մեջ նրա պատվերները և հանձնած գործերը ժամանակին և ճշտությամբ կատարելու: Դատարանի շատ գործեր, որոնք հին ատենադպրի ժամանակից արդեն խառնափնթոր դրության մեջ էին գտնվում (ըստ որում Միկիթ-բեկը վերջին ժամանակներում ավելի հարստանալու ետևից ընկնելով, յուր պաշտոնը գրեթե աչքից թողել էր), Պետրոսի աչալուրջ հսկողությամբ շուտով կարգի բերվեցան և դատարանի վարչական մասը, որ յուր անմիջական հսկողության էր հանձնված, սկսավ լարած ժամացույցի պես գործել կանոնավոր և ճշտությամբ: Այս բոլորը Ֆերդինանդ Անտոնովիչը նկատելով ուրախանում էր և հաճախակի յուր անկեղծ շնորհակալությունը հայտնում երիտասարդ ատենադպրին:

Պետրոսի գործերը հետզհետե լավանում էին, ժողովուրդը ծանոթանում էր նրան, և ամեն կողմից նա սկսում էր վայելել անկեղծ սեր և հարգանք, մանավանդ յուր ուղղամիտ և անաչառ բնավորության համար, որը, իհարկե, նա ուրիշների նման չէր համեմում անհամբույր կոպտությամբ:

Հորեղբայր Թովմասի տխրության չափ չկար, երբ հանկարծ լսեց նա, թե Միկիթ-բեկը արձակված է պաշտոնից, այն մարդը, որ յուր աչքում այնքան հանճարեղ, այնքան զորեղ և այնքան ամենակարող էր երևում… Եվ ով կարող էր արձակել նրան պաշտոնից: Բայց և այնպես իրողությունը անհերքելի էր, նա այլևս ատենադպիր չէր… Բայց որքան մեծ եղավ Թովմասի զարմանքը, երբ նա իմացավ, թե Միկիթ-բեկի այն մեծ և փառավոր պաշտոնը, որով հին գայլը այնչափ պարծենում էր և այնչափ սարսափեցնում էր ժողովուրդին, հանձնված է յուր եղբորորդուն, այն խեղճ, անօգնական Պետրոսին, որին ինքը յուր տանից այնքան անպատվությամբ արտաքսեց… Պետրոսը, որին այժմ ժողովուրդը բեկ տիտղոսով էր պատվում, այնպիսի մի խորհրդավոր անձնավորություն դարձավ հորեղբայր Թովմասի համար և այնքան մեծ համարում ստացավ նրա աչքում, որ նա մոռացավ Միկիթ-բեկին, և այժմ տանջվում էր այն անբուժելի ցավով, թե ինչու համար այդպիսի մեծ մարդը, որ յուր եղբորորդին էր և յուր անվանը մեծ փառք կարող էր լինել, արտաքսված է այսօր յուր տանից: Թովմասը այժմ պատրաստ էր Պետրոսի հետ հաշտվելու, նա կզոհեր մինչև անգամ յուր սիրելի ռուբլիներից մի քանի հարյուրը, եթե գտնվեր մի մարդ, որ հաշտեցներ նրանց միմյանց հետ:

Այս հաշտության պետքը զգալի էր լինում նրան մանավանդ այն ժամանակ, երբ յուր ծանոթները շնորհավորում էին նրան յուր եղբորորդու հաջողությունները, անտեղյակ յուր դատապարտելի վարմունքին:

Բայց Պետրոսը բնավ չէր մտածում այդպիսի հաշտության վերա: Նրա դրությունը այժմ այնքան ապահոված, և ինքը այնքան գոհ էր յուր վիճակից, որ երկրորդական խնդիրներով զբաղվելու կարիք չէր զգում յուր մեջ: Ամեն անգամ էլ առավոտը վաղ զարթնելով, նա պատրաստվում և դիմում էր ընդհանուր սեղանատունը, որտեղ նրան ուրախությամբ սպասում էին յուր սիրուհին և երկու մայրերը: Նա նրանց հետ միասին թեյ էր առնում, նախաճաշ էր անում և մի քանի վայրկյան էլ սիրախոսությամբ, կամ կատակներով զվարճանալով, դիմում էր դատարան:

Ճաշին նա վերադառնում էր տուն ուրախ յուր դրությամբ և գոհ յուր պարապմունքից: Աստղիկը, որ յուր պատուհանից դիտում էր միշտ նրա գալուստը, դիմավորում էր նրան անպատճառ բակի դռան մոտ, ժպտադեմ ողջունում էր նրան ու ջերմությամբ սեղմում նրա ձեռքը. հետո նրանք միասին բարձրանում էին դեպի վեր և դիմում ուղղակի սեղանատուն, ուր արդեն պատրաստ էր լինում ճաշի սեղանը: Երկու սիրահարներ և երկու սիրող մայրեր բոլորում էին համեստ սեղանը: Նրանց ճաշը թեպետ ոչ փարթամ, բայց համեմված էր լինում սննդարար սիրով և կազդուրիչ ուրախությամբ: Ոչ մի տխուր մտածություն չէր խանգարում նրանց ախորժակը, և ոչ մի մաշող հոգս չէր զբաղեցնում զվարճանալու տրամադիր ընտանիքին: Երկու սիրահարները նստում էին միշտ միասին և երկու մայրերը նրանց դեմուդեմ: Սեղանի վերա մատռվակը միշտ Պետրոսն էր: Ամենից առաջ նա խմում էր երկու մայրերի կենացը, ամեն անգամ էլ գեղեցիկ բարեմաղթություններ անելով նրանց համար, Պետրոսին ընկերանում էր Աստղիկը յուր համառոտ, բայց իմաստալից ճառերով: Հետո մայրերը իրենց անզուգական սիրելիների կենացն էին խմում, օրհնելով նրանց կյանքը սրտաբուխ և սրտաշարժ օրհնություններով: Ճաշից հետո Պետրոսն ու Աստղիկը զբաղվում էին երբեմն օգտավետ խոսակցությամբ, երբեմն զվարճախոսությամբ և շատ անգամ կատակներով: Երկու մայրերը ուշադրությամբ լսում էին նրանց, երբ որդիները լրջությամբ տրամաբանում էին, բայց երբ վերջիններս զվարճախոսում կամ կատակներ էին անում, իրենք էլ նրանց հետ ուրախանում և զվարճանում էին:

Միով բանիվ այս միասիրտ և սիրաշունչ ընտանիքի համար կյանքը անցնում էր կատարյալ երջանկությամբ, ոչ անցյալի դառնություններն էին հիշվում, և ոչ ապագայի ցավերը գուշակվում:

– Տեսնում ես, Պետրե, դժբախտությունից դեպի բախտավորություն անցնելը նույնչափ հեշտ է, որքան լացից դեպի ծիծաղը, – ասում էր Աստղիկը սիրելուն. – հարկավոր է միայն, որ մարդ կորով ունենա յուր սրտում, կյանքի բնական դժվարությունների առաջ կանգնած չմնա, որպեսզի հուսահատությունը չտիրե նրա հոգուն: «Որ հայցէ գտանէ, որ բաղխէ՝ բացցի նմա». այս խոսքերը այնպիսի մեծ խորհուրդ և այնքան շատ ճշմարտություններ են պարունակում իրենց մեջ, որ մեզանից յուրաքանչյուր, կյանքի ամեն փորձությանց ժամանակ, պարտավոր է անպատճառ նրանցով առաջնորդվել: Արդարև օրինակ չէ պատահել, որ հայցողը չգտներ և բախողին չբանային, հարկավոր է, միայն, որ հայցելու, կամ բախելու ժամանակ բավական երկայնամիտ լինի մարդ և առաջին անհաջողությունները չվախեցնեն նրան:

– Այդ բոլորը ճշմարիտ է, սիրելիս, բայց պատահում է ժամանակ, երբ հայցողը չէ գտնում և բախողին չեն բանում: Եթե կյանքը առանց բացառությունների անցներ, այն ժամանակ զգալու համար էլ հարկավոր կլիներ օրենքներ սահմանել, բայց բացառությունները նույնքան հին են, որքան և մարդու գոյությունը: Միթե կարծում ես, թե պակաս երկայնամիտ և պակաս հաստատակամ մարդ են գտնվում նրանց մեջ, որոնք կարևոր են համարում կախվել, կամ ատրճանակի օգնությամբ կյանքի դառնություններից ազատվել:

– Ես չեմ կամենում ոչ կախվողների պատմությունը լսել և ոչ նրանց իրավունքները քննել, բոլոր անձնասպաններին էլ ես միօրինակ փոքրոգի եմ ճանաչում, – նկատեց Աստղիկը, – իմ խոսքը միայն քո հաջողության մասին էր: Եվ ինչ չգտա՞ր, երբ հայցեցիր և չբացեցի՞ն քեզ, երբ բախեցիր:

– Ես այդ չեմ ուրանում:

– Ինչպես և չես ուրանալ այն, որ մեզ մոտ եկած առաջին օրն արդեն դու սկսում էիր հուսահատվիլ:

– Որովհետև ես համոզված էի, որ ամեն մարդու բախտը չէ ծիծաղում:

– Ավելի լավ էր համոզվել, թե գործելու շնորհք ունեցող մարդիկ չպետք է բախտի զորությանը հավատան:

– Ես փորձում եմ արդեն այդ հանգանակը ընդունել, տեսնենք, թե ապագան որքան պիտի մեր կարծիքը արդարացնե:

Այսպիսի մի փիլիսոփայական վիճաբանության ժամանակ էր, երբ մի երեկո տիկին Հռիփսիմեն և յուր խնամին ներկայացան միասին փիլիսոփա սիրահարներին:

( Դուք ամեն օր վիճաբանում եք միմյանց հետ, սիրելիներս, – խոսել սկսավ տ. Հռիփսիմեն. բայց երբեք չեք խոսում մեր ամենաանհրաժեշտ մի գործի մասին: Մենք եկանք հիշեցնելու ձեզ ձեր պարտավորությունը:

– Ինչ բան է, մայրիկ, խոսիր տեսնենք, – պատասխանեց Պետրեն:

– Որդի, քո գործն ու դրությունը արդեն որոշվեցավ, – ասաց տ. Հռիփսիմեն, – այժմ փառք աստուծո, դու կարող ես ապրել իբրև ազատ մարդ, այսուհետև ոչ Թովմասը կարող է խանգարել քեզ և ոչ էլ մի ուրիշ արգելք ունիս դու քո առջև: Երկու տարին անցավ, ինչ դուք նշանված եք և հիմա ժամանակն է, որ դուք պսակվեք: Որովհետև մենք էլ միայն ձեզնով ենք ուրախ և այսքան ժամանակ չարաչար ձեր ուրախության էինք սպասում, ուստի այժմ եկանք ձեզ հրամայելու, որ վաղվանից արդեն հարկավոր պատրաստությունները տեսնեք և երկու օրից ետ անպատճառ պսակվեք:

Այս հայտարարությունը շատ ախորժալի ազդեցություն արավ երկու սիրահարների վերա էլ, միայն այն զանազանությամբ, որ Աստղիկը շառագունելով լսեց Հռիփսիմեի առաջարկությունը, իսկ Պետրոսը՝ ազատ ծիծաղով: Իմ կողմից ես պատրաստ եմ, – պատասխանեց իսկույն վերջինս, – Աստղիկի կամքը պետք է հարցնել:

– Աստղիկի կամքը իմ կամքն է, – լրջորեն նկատեց տիկին Եղիսաբեթը. նրա փոխարեն ես տալիս եմ իմ համաձայնությունը:

– Օ, դուք քաղցած մարդուն հաց եք առաջարկում, իսկ կույրին՝ երկու աչք. ի՞նչ հարկավոր է երկար ձևապաշտություն, մենք հենց այս երեկո կարող ենք գնալ եկեղեցի:

– Ոչ. ես կամենում եմ արժանավայել հարսանիք տեսնել. – նկատեց տ. Հռիփսիմեն, – աշխարհում միայն մի ուրախություն ունիմ, այն էլ չպետք է թերի ու կիսատ կատարեմ:

– Ես նույնպես համաձայն եմ քեզ հետ, – հարեց տ. Եղիսաբեթը: Ուրախությունն էլ շնորհքով պետք է կատարել, որ բարեկամները լավ ուրախանան, իսկ թշնամիները լավ ու խիստ տխրեն:

Եվ այդ երեկո միաձայն հավանությամբ որոշվեցավ, որ վաղվանից արդեն կարևոր պատրաստությունները տեսնվին և մի քանի օրից ետ պսակը կատարվի: