Za darmo

Չհաս է

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

ԻԳ

ՄԻԱԿ ԱՊԱՎԵՆԸ

Վերադառնալով տուն, Թովմասը տարավ եղբորորդուն յուր առանձնարանը և սկսեց հարցուփորձել նրան:

– Ինչպես գտար հարսնացուդ, Պետրե, կարծեմ շատ հավանեցիր, այնպես չէ՞:

– Ինչո՞ւ չէ. լավ աղջիկ էր, – պատասխանեց Պետրոսը, կամենալով նախընթաց ավուր որոշման համաձայն գործել. այսինքն միառժամանակ խորամանկություն բանեցնել, մինչև որ տեսնե, թե բանը ինչով է վերջանում:

– Լավ աղջիկ լինելուն խոսք չկա. բայց դու այն ասա, հավանեցիր նրան, թե՞ ոչ:

– Հավանեցի:

– Ահ, փառք աստուծո, հապա որ ես գովում էի… Տեսար նրա հասակը, նրա շնորհքը, նրա խոսելը. դեռ մի մտածիր թե ում աղջիկն է, Մելքոն-աղա Խալաթյանի, քաղաքի ամենաառաջին հարստի. և որքան օժիտ կբերե և ինչ ապահովություն է քո ապագայի համար այդպիսի հարուստ աներ ունենալը: Օ՛, գիտես, թե քանի-քանի երիտասարդներ պիտի նախանձեն քո բախտին:

– Այդ բոլորը գիտեմ:

– Իհարկե կիմանաս, երեխա հո չե՞ս: Բայց ասա տեսնեմ, երբ ես ուզում, որ նշանադրությունն ու հարսանիքը լինի, այդ մեկը ես ուզում եմ, որ անպատճառ քո կամքով լինի:

– Դեռ շատ ուշ:

– Այսինքն քանի օրից ետ:

– Օր չէ, հորեղբայր, տարիներից խոսիր:

– Ինչպե՞ս:

– Այո, առնվազն մի չորս տարի դեռ պետք է սպասել մինչև որ ես համալսարան կերթամ, ուսումս կավարտեմ և կվերադառնամ:

– Ինչե՞ր ես խոսում, աղջիկն արդեն տասնևութ տարեկան է. նրան ինչպես կարելի է այդքան ժամանակ պահել, այդ հասակի աղջկանը մեր քաղաքում արդեն պառաված են համարում, իսկ դու դեռ նրան չորս տարի էլ ես ուզում սպասել տալ:

– Քսաներկու տարին աղջկա ամուսնության ամենալավ ժամանակն է:

– Դատարկ բաներ մի՛ խոսար. որքան էլ որ այս գործը ուշանա, մի կամ երկու շաբաթից ավելի չի կարող ուշանալ, կարող ես պսակվել և հետո, ինչպես ես քեզ խոստացա, էլի գնալ ուսմանդ ետևից: Քո հարսնացուն ես ու մայրդ մեր աչքի լույսի պես կպահենք:

– Բայց այդ անկարելի է, ամուսնանալ և հետո գնալ համալսարան, դա շատ ծաղրելի բան է:

– Ծաղրելի ոչինչ չկա. կամուսնանաս, կինդ կթողնես մեզ մոտ ու դու կերթաս քո ուսմանդ:

– Ոչ, հորեղբայր, այդ բանում դուք չպիտի բռնադատեք ինձ. ամուսնանալուց ետ անկարելի է ուսում շարունակել, իսկ ես չեմ ապրիլ եթե ինձ միջոց չտաք իմ ուսումս ավարտելու:

– Չէ, որդի, ավելի խոսել հարկավոր չէ. Դու այս արա, ինչ որ քո հորեղբայրդ խորհուրդ է տալիս քեզ. դու գիտես, որ նա քո թշնամին չէ: Երկու կամ երեք օրից ետ հանդիսավոր նշանադրություն կանենք, և մի շաբաթից կամ տասն օրից հետո փառավոր հարսանիք: Եվ դեռ տես, թե ինչ հարսանիք եմ անում քեզ համար, ամբողջ քաղաքը պետք է ոտի վերա լինի քո պսակի գիշերը:

– Այդ բոլորը լավ, հորեղբայր, բայց ես ասացի ձեզ, որ անկարելի է ինձ այդպես շուտ ամուսնանալ:

– Ես էլ ասացի, որ ավելի խոսել հարկավոր չէ. տասն օրից ավելի չպիտի ուշանա այս գործը:

Պետրոսը պարզ տեսավ, որ յուր խորամանկությունը մի հաջող նպատակի չհասցրեց իրեն, ուստի լավ համարեց ճշմարիտ խոսակցությամբ ավարտել գործը:

– Սիրելի հորեղբայր, – ասաց նա, – ես կամենում եմ անպատճառ ավարտել իմ ուսումս, սա կարծեմ մի հանցանք չէ ինձ համար:

– Իհարկե՞:

– Ուրեմն եթե այս նպատակիս համար էլ ես աշխատում եմ ձեզ չգրգռել, այս էլ մի հանցանք չէ:

– Ինչպե՞ս, չեմ հասկանում:

– Այո, ես Խալաթյանի աղջկան չեմ հավանում և երբեք էլ չեմ ամուսնանալ նրա հետ. ավելի լավ է այժմյանից ճշմարտությունը ասել և ապագայում ցավ չպատրաստել ոչ ինձ և ոչ ձեզ համար:

Թովմասը կարծես քնից զարթնած վեր թռավ յուր աթոռից:

– Ի՞նչեր ես խոսում, Պետրե, գժվե՞լ ես դու:

– Հանգստացեք, հորեղբայր, ես չեմ գժվել և միայն ճշմարտությունն եմ խոսում:

– Դու չասացի՞ր, թե հավանում եմ աղջկան:

– Ներեցեք ինձ, ես այդ ասացի միայն ձեզ չգրգռելու համար, և ես այժմ տեսնում եմ, որ սխալվեցա. որովհետև քանի որ դուք ձեր մտքում դրել եք անպատճառ ամուսնացնել ինձ այն աղջկա հետ, և ես որոշել եմ ամենևին չամուսնանալ նրա հետ, կնշանակե մենք երբեք չենք հաշտվիլ այս խնդրում և ուրեմն ավելի լավ է բուն ճշմարտությունը խոստովանվեր:

– Եթե այն է ճշմարտությունը, որ դու Խալաթյանի աղջկան չես հավանում ուրեմն չես ամուսնանալ նրա հետ, կնշանակե դու երբեք էլ համալսարան չես տեսնիլ և ուսումդ չես ավարտիլ, – վճռաբար ասաց Թովմասը:

– Բայց չէ որ դուք ասացիք ինձ, թե տես աղջկանը, եթե կհավանես, լավ, եթե չէ, կարող ես էլի քո ուսման ետևից գնալ:

– Ասացի, բայց այժմ այդպես չեմ կամենում, դու պետք է անպատճառ ամուսնանաս այն աղջկա հետ:

– Բայց ինչո՞ւ համար անպատճառ ինչ գաղտնիք է այդ, վերջապես, որ դուք բերել եք տալիս Թիֆլիսից, արգիլում եք ինձ իմ ուսումս շարունակել և ստիպում եք, որ եu ամուսնանամ, պարզեցեք ինձ այդ գաղտնիքը, գուցե դրանով դուք կարողանո՞ւմ եք համոզել ինձ…

– Ոչինչ գաղտնիք չկա:

– Անկարելի է. այդ գաղտնիքը գոյություն ունի, բայց դուք ծածկում եք ինձանից:

Թովմասը մի րոպե լռեց և սկսավ մտածել. «Պատմենք սրան բանի էությունը. գուցե, իրավ, համոզվում է նա. ամուսնանալու գործը իրեն է պատկանում, լավ է, որ իմ ստիպելու պատճառն էլ ինքը իմանա», – մտածեց Թովմասը և պատմեց նրան Մելքոն-աղա Խալաթյանի շնորհիվ յուր վերցրած կապալի բոլոր պատմությունը, սկսելով դրացի Սիգոյի հայտարարությունից և վերջացնելով յուր Թիֆլիս քաշած հեռագրով:

Պետրոսը, որ հորեղբոր պատմությունը լսելով հետզհետե կատաղում էր, վերջում արդեն յուր համբերությունը կորցրեց:

– Ուրեմն դուք ինձ վաճառել եք Մելքոն Խալաթյանին, – դառնացած բացականչեց երիտասարդը. – և ինչ իրավունքով էիք այդքան անխիղճ կերպով իմ բախտի հետ խաղում…

– Այդպես բաներ մի՛ խոսիր, Պետրե. չէ որ ես էլ քո բախտավորության համար եմ մտածում, ո՞ւմ պիտի մնան իմ աշխատած փողերը, դու չե՞ս արդյոք իմ միակ ժառանգը աշխարհում:

– Որին այսուամենայնիվ դուք վաճառել եք մի կապալյով…

– Դարձյալ նույն խոսքերը:

– Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել:

– Ուրեմն քեզ ամուսնացնելը՝ քեզ վաճառել կնշանակե՞:

– Բայց ո՞ւմ հետ եք ամուսնացնում:

– Մի հարուստ, մի պատվական աղջկա հետ:

– Ավելի լավ է ասացեք մի հրեշի:

– Ինչու համար այդպես անխիղճ ես դու, Պետրե, միթե այն աղջիկը այդքան էլ տգեղ է, որ դու նրան հրեշ ես անվանում:

– Տգե՞ղ, մի՞թե տգեղության մասին է խոսքը, աղջիկը տգեղ չէ երբեք, եթե տգեղությունը նրա դեմքի վերա է նշմարվում, ինչ բան է հենց նույն ինքը գեղեցկությունը – մի փայլ, որ անհետանում է խորշակի առաջին հարվածից, կամ մի ծաղիկ, որ մի ժամվա մեջ թառամում է արևի կիզիչ ճառագայթների առաջ: Արտաքին գեղեցկությունը նույն նշանակությունն ունի յուր ամուսնու համար, ինչ որ նրա պսակի փայլուն հանդերձանքը, որոնք մի օրից հետո էլ չեն գրավում նրան, որովհետև կորցնում են իրենց հանդիսական նշանակությունը: Մի կին հավիտյան գեղեցիկ և հավիտյան գրավիչ լինելու համար պետք է փայլի ներքին, հոգեկան գեղեցկությամբ: Ինչ հարկավոր է ամուսնուն այն կինը, որ հրեշտակի կերպարանք ունի, բայց սատանայի սիրտ, միթե գրավիչ հայացքը կարող է բուժել այն վերքը, որ բանում է ամուսնու սրտի մեջ թունավոր լեզուն… Չէ, աղջկա արտաքին գեղեցկությունը չէ կարող գրավել ինձ. ո՛րքան գեղեցկություններ կան, որոնք թափառում են հասարակաց սրահներում և որոնց ամեն մի անցորդ կարող է գնել մի քանի փողով… Ես պտրում եմ աղջկա մեջ ներքին, հոգեկան գեղեցկություն, մի արժանիք, որին չեն կարող թառամեցնել ոչ խորշակի հարվածները և ոչ արևի ճառագայթները, մի արժանիք, որ չէ հնանում և չէ ժանգոտում, այլ գործող արորի նման օրըստօրե հղկվում, փայլում է և տեսնողների աչքերն է խտտղում… Ահա իմ պաշտած գեղեցկությունը, ես սրա հետ միայն կարող եմ ամուսնանալ…

– Ապրիս, շատ ապրիս, – բացականչեց Թովմասը, – ես էլ ճիշտ քո գաղափարն ունիմ արտաքին գեղեցկության վերա և հենց առաջին անգամ որ Մելքոն-աղայի աղջկա անունը լսեցի, ճիշտ այդպիսի մի խորհրդածություն էլ ես արի: Ուրեմն մենք համամիտ ենք մի բանում, որ աղջկա արտաքին գեղեցկությունը մեծ բան չէ, աղջիկը ներքինց գեղեցկություն պիտի ունենա: Էհ Մելքոն-աղայի աղջիկն էլ հենց մեր ուզածն է: Ճշմարիտ է, նա արտաքին գեղեցկություն չունի, բայց ներքին գեղեցկություն… օ՛, երևելի է, երևելի, դու հո՛ տեսար, թե ինչպես հաղթեց քեզ վիճաբանության մեջ:

Պետրոսը, որքան էլ դառնացած, այսուամենայնիվ չկարողացավ յուր ծիծաղը զսպել:

– Դու ծիծաղո՞ւմ ես. բայց մենք հո՞ լսում էինք ձեզ, թեկուզ ձեզանից հեռու նստած, – նկատեց Թովմասը:

– Ո՞ւմ մասին եք խոսում, հորեղբայր. Խալաթյանի աղջկա և նրա մեջ եք դուք ներքին գեղեցկություն գտել:

– Հա՛, ի՞նչ է:

– Շատ ուրախ եմ, որ դուք գնահատում եք ներքին գեղեցկությունը, բայց ցավում եմ, որ երբեք չեք ճանաչում նրան:

– Ինչպես թե չեմ ճանաչում, քո կարծիքով Խալաթյանի աղջիկը ոչինչ ներքին գեղեցկություն չունի՞:

– Այո՛, հորեղբայր, այո՛, նրա արտաքին կերպարանքից ավելի տգեղ է նրա ներքին կերպարանքը, նրա միտքը սիրտը և հոգին: Ի՞նչ է նա, մի տիկնիկ, մի խաղալիք, որի վերայի զարդարանքը ավելի փուլ արժե, քան յուր ամբողջ գոյությունը: Եվ մի աղջիկ, որ այնպիսի մայր ունի, որպիսին Խալաթյանի կինն է, միթե ավելի արժանիք կարող էր ունենալ, քան ինչ որ ունի:

– Խալաթյանի կնոջ մասին արդեն դու իրավունք չունիս վատ կարծիք հայտնելու, նա այնպիսի մի կին է, որի նմանները շատ չեն գտնվում մեր ժամանակում. ես հիացած եմ:

– Դուք կարող եք նրանով հիանալ, այդ ձեր իրավունքն է. բայց որ նա ոչնչություն է, այդ ճիշտ է:

– Դու արդեն չափազանցում ես:

– Բոլորովին: Այդ կինը ստեղծված է միայն նրա համար, որ ուտի, խմի, հագնվի, զարդարվի և առանց մի օգտավետ գործի վերա մտածելու, կամ մի արժանավոր գործով պարապելու, սպանե յուր ժամանակը զբոսանքներով, զվարճություններով և այցելություններով:

– Էլ ուրիշ ինչ ունի անելու: Փառք աստուծո, նա այնքան հարուստ է, որ ոչ մի բանի վերա մտածելու կարիք չունի:

– Չէ, հորեղբայր, դեռ չէ ստեղծվել այն կինը, որ խելք ունենա և յուր բոլոր ժամանակը անօգուտ զվարճություններով անցնե: Խելոք կինը, որքան էլ հարուստ լինի, դարձյալ շատ գործ ունի շինելու: Արդեն տանտիկին և մայր լինելը, որից չի հրաժարվել ոչ մի խելացի կին, ինքնըստինքյան մեծ գործ է կնոջ համար: Որովհետև ոչ մի ծառա, ոչ մի աղախին չեն կարող այնպես հոգալ մի տան օգտի և շինության համար, ինչպես հոգածու և շրջահայաց տանտիկինը, ոչ մի վարժապետ, ոչ մի վարժուհի չեն կարող այնպես խնամել և դաստիարակել մանուկներին, ինչպես որդեսեր մայրը, որ սովորել է կրթության գործը և անընդհատ պարապում է նրանով: Հետևապես մի կին, որ այնքան ուշադրություն է դարձնում զարդարվելու ու պչրվելու վերա, որքան Խալաթյանի կինը, նա չէ կարող լավ տանտիկին լինել, մի կին, որ նրա չափ այցելությունների ու զվարճությունների սիրահար է, չէ կարող արժանավոր և ոչ էլ օրինակելի որդիներ դաստիարակել. որովհետև «ոչ ոք չէ կարող երկու տիրոջ ծառայել» ինչպես ասում է Քրիստոսը: Պարզ է, ուրեմն, որ Խալաթյանի կինը այսպիսի մի չնչին արարած լինելով, յուր աղջկանից էլ յուր նման մի ոչնչություն պիտի ստեղծեր:

 

– Թեպետ ես դեռ չեմ համոզվում, որ տ. Անիչկան այնքան չնչին արարած է, որպիսին դու ես ներկայացնում, այսուամենայնիվ մի վայրկյան ընդունենք, թե քո նրա մասին հայտնած կարծիքը ճշմարիտ է և թե նա արդարև մի անպետք կին է. բայց ինչու համար աղջիկն էլ նրա նման պիտի լինի, քիչ վատ մայրեր կան, որոնք լավ աղջիկներ ունին և լավ մայրեր, որոնք վատ աղջիկներ ունին:

– Դրանք բացառություններ՝ են. բուն ճշմարտությունը այն է, որ չար ծառը բարի պտուղ չի բերիլ: Բայց եթե ենթադրենք, թե այս կարծիքն էլ սխալ է, այսուամենայնիվ ես տեսա այն աղջկան, նա այնքան հասարակ փայտից է տաշված, որ ամենատգետ հյուսնը անգամ կարող է նրան ճանաչել:

– Ի՞նչ պակասություն տեսար դու այն աղջկա մեջ:

– Որտեղ ոչ մի առավելություն չկա, այնտեղ արդեն ամեն ինչ պակասավոր է:

– Ես քո գրաբար մտքերը չեմ հասկանում, պարզ խոսիր տեսնեմ, թե ինչ պակասություն գտար այն աղջկա մեջ:

– Ես ո՞ր մեկը թվեմ. առաջինը նա հայ չէ…

– Լռիր, լռիր, ինչպե՞ս թե հայ չէ. նա ինքն էլ է հայ, ծնողներն էլ են հայ, պապերն էլ են հայ… – շտապով ընդհատեց Թովմասը Պետրոսին. – եթե որ բոլոր մեղադրանքներն էլ այդ տեսակ են, վայ քո հոգուն:

– Ես այդքան տգետ չեմ, սիրելի հորեղբայր, ինձ դուք չեք հասկանում, ես գիտեմ, որ նա հայ ծնողներից է ծնվել, հայ եկեղեցում է մկրտվել, բայց քանի որ նա հայ հոգով չէ մեծացել հայերեն չէ կարդացել, հայություն չէ սիրել, նա ինձ համար հայ չէ: Իմ ապագա ամուսինը չպիտի համարձակվի իմ առաջ իմ մայրենի լեզուն ծաղրել. բայց այդ աղջիկը այդպես արավ. եթե նա ուրիշ շատ թանկագին արժանավորություններ էլ ունենար, այսուամենայնիվ նրա այդ միակ վարմունքը բավական էր, որ ես նրան իբրև իմ սատանային ատեի, ինչպես մի փանաքի որդն արհամարհեի… Բայց նա ոչ մի ուրիշ արժանավորություն էլ չունի, տգետ է վերին աստիճանի, ամենահասարակ նյութի մասին անգամ խոսել ու դատել չգիտե և սովորած է միայն հագնվելու ու զուգվելու: Ինչիս է հարկավոր, ուրեմն, այդպիսի մի աղջիկ, որ յուր գոյությամբ ապացուցանում է միայն ոչնչության գոյությունը…

Հորեղբայր Թովմասը շարժեց գլուխը, ձգվեցավ յուր աթոռի մեջ և մի քանի րոպե Պետրոսի վերա լուռ ու մունջ նայելուց ետ ծանր և լուրջ ձայնով հարցրեց:

– Ուրեմն դու քո մտքում դրել ես, որ անպատճառ անպատվե՞ս ինձ:

– Քավ լիցի – քո պատիվը իմ անվան պատիվն է. ինչու պետք է ես անպատվեմ քեզ:

– Բայg խո չե՞ս կամենում Խալաթյանի աղջկա հետ ամուսնանալ:

– Ոչ. մեռնելս ավելի կգերադասեմ:

– Շատ լավ, այդ նշանակում է, որ դու ինձ անպատվում ես, որովհետև ես քեզ ասացի, որ այն մարդուն ազնիվ ու պատվավոր խոսք եմ տվել, ուրեմն եթե ես չեմ կարողանում իմ պատվավոր խոստումը կատարել, կնշանակե ես անպատիվ եմ դառնում և ինձ անպատվողը իմ հարազատ եղբոր որդին է, որին ես պահել, մեծացրել և ուսում եմ տվել, որի վերա ես հարազատ հորից ավելի երախտիք ունիմ… Այսպե՞ս է, թե ոչ:

– Շատ եմ ցավում, որ այդպես է:

– Քո ցավելուն էլ այսուհետև կարիք չունիմ ես, այս րոպեին մենք մեր հաշիվը կվերջացնենք:

Այս ասելով Թովմասը դիմեց դեպի գրասեղանը և ամուր զանգահարեց:

Ծառան իսկույն ներս եկավ:

– Կանչիր այստեղ իմ հարսին, – հրամայեց նա:

Մի քանի րոպեից ներս մտավ տիկին Հռիփսիմեն տխուր և երկչոտ դեմքով, կարծես գուշակելով յուր որդու գլխին գալիք չարիքը:

– Քո որդին հայտնած կլինի քեզ իմ ցանկությունը, որ էր ամուսնացնել նրան Մելքոն-աղա Խալաթյանի հարուստ դստեր հետ և բախտավորացնել թե՛ իրեն և թե՛ քեզ:

– Այո՛, հայտնել է:

– Շատ լավ. բայց չնայելով երկու օր շարունակ իմ նրա գլխին կարդացած քարոզներին, այսուամենայնիվ քո պարոն որդին մնում է յուր համառության մեջ, և այդպիսով չարաչար անպատվում է ինձ: Իմ վերջնական վճիռը հայտնելուց առաջ, ես կամենում եմ քո միտքն էլ իմանալ, ասա ինձ, արդյոք այս բանում դո՞ւ էլ համաձայն ես քո որդու հետ, թե ոչ:

– Ամուսնացողը Պետրոսը ինքն է, եթե նա չի հավանում աղջկան, ես ինչ կարող եմ ասել նրան:

– Ուրեմն դուք երկուսդ էլ, մայր և որդի, միացել եք ինձ դեմ, ինձ խայտառակելու համար: Եթե այդպես է, ես կամա-ակամա պիտի պաշտպանեմ ինձ: Թշնամուն ոչ ոք յուր տան մեջ չէ պահում, այդ պատճառով ես անհրաժեշտ եմ համարում հայտնել ձեզ, որ այսօր ևեթ թողնեք դուք իմ տունը՝ երբեք էլ այստեղ ոտք չդնելու պայմանով: Ես կամենում եմ մխիթարվել գոնե նրանով, որ տան մեջ ես թշնամիներ չեմ պահում…

Այս խոսքերը Թովմասն արտասանեց այնքան լուրջ և վճռական ձայնով, որ տիկին Հռիփսիմեի մեջ էլ կասկած չմնաց, որ յուր անողոք տագրը վերջնականապես արտաքսում է իրենց յուր տնից: Իսկույն նրա աչքերը արտասուքով լցվեցավ և նա սկսավ լալ:

Պետրոսը տեսնելով մոր արտասուքները, մի արհամարհական ակնարկ ձգեց յուր անսիրտ հորեղբոր վերա և դիմելով դեպի մայրը, գրկեց նրան և սրտառուչ ձայնով ասաց.

– Մի՛ լար, իմ անգին մայրիկ, քո Պետրոսը դեռ կենդանի է. նրա սրտում այնքան ուժ կա, որ կարող է մշակություն անել և ազատ ապրեցնել քեզ քո ազատ տան մեջ. գնանք, գնանք այստեղից, ուր անսիրտ և դաժան բռնությունից զատ ոչինչ չես տեսել դու…

Այս ասելով երիտասարդը բռնեց արտասվող մոր թևից և դուրս հանեց նրան սենյակից:

Երբ նրանք իջնում էին սանդուղքներով, տ. Հռիփսիմեն հարցրեց.

– Ո՞ւր ես տանում ինձ, որդի, ում կարող ենք մենք այժմ դիմել…

– Իմ Աստղիկի մոտ, մայրիկ, իմ Աստղիկի մոտ, նա է այժմ մեր միակ ապավենը…

Այս ասելով նա իջավ մոր հետ սանդուղքներից և դիմեց դեպի սիրուհու տունը:

ԻԴ

ՍԻՐՈՒՀԻՆ ՍՓՈՓՈՒՄ Է

Այն միջոցին, որ Պետրոսն ու Հռիփսիմեն ներս մտան Աստղիկենց բակը, օրիորդը պարտեզի մեջ զբաղված էր յուր ծաղիկներով: Տեսնելով սիրելիներին, նա թողեց յուր գործը և ուրախ ու ժպտադեմ դիմավորեց նրանց: Բայց որքան եղավ նրա զարմանքն ու երկյուղը, երբ նա նկատեց մոր և որդու անսովոր տխրությունը և մանավանդ Հռիփսիմեին արտասվաթոր աչքերով:

– Ի՞նչ է պատահել ձեզ, մայրիկ, ինչու տխուր եք դուք, փառք աստուծո, երկուսիդ էլ առողջ եմ տեսնում, ում հետ է, ուրեմն, մի դժբախտություն պատահել, ասացեք, աղաչում եմ, – սրտատրոփ հարցրեց օրիորդը:

Հռիփսիմեն տխրությամբ նայեց մի րոպե որդու վշտահար դեմքի վերա և ապա դառնալով դեպի Աստղիկը, առանց մի բառ արտասանել կարողանալու, հեկեկաց և նրա պարանոցով փարելով սկսավ դառնապես լալ:

– Մայրիկ, մայրիկ, ինչ պատահեց ձեզ, ինչու եք իմ սիրտը կտրտում, – ջերմությամբ գրկելով նրան, բացականչեց օրիորդը. – ասացեք ինձ, աղաչում եմ ինչ է պատահել ձեզ, դու ասա ինձ գոնե, Պետրե, ի՞նչ դժբախտություն է՝ հասել ձեզ…

– Ոչինչ, սիրելիս, մի հասարակ դժբախտություն, որին ես ամեն օր սպասում էի:

– Բայց ի՞նչ դժբախտություն է այդ վերջապես:

– Իմ հորեղբայրը մեզ արտաքսեց յուր տնից քեզ հայտնի գործի պատճառով, և այժմ մենք քեզ ենք դիմել իբրև մեր միակ ապավենին այս ընդարձակ աշխարհի մեջ…

– Օ՜հ, եկեք, եկեք, իմ ազնիվ, իմ թանկագին բարեկամներ. եկեք մեզ մոտ. մեր տունը ձեր սեփականությունն է, մեր կամքը ձեր ձառան, մեր սիրտը ձեր գերին… Որքան շնորհակալ եմ աստվածանից, որ մեր միակ սիրելիներին առաջնորդում է մեզ մոտ, միշտ միասին և ուրախ ապրելու համար: Եկեք մեզ մոտ, սիրելիներս, և մի տխրեք բնավ, այս հարկը, որի տակ ապրում ենք մենք, բավական կլինի չորս միաշունչ սրտերի բնակության համար: Այստեղ ոչ ոք չի խանգարի մեր ուրախությունը, ոչ ոք չի դառնացնիլ մեր երջանիկ կյանքը. եկեք, սիրելիներս, եկեք, թող մեզանից յուրաքանչյուրը երկու հարազատ մայրեր ունենա այսուհետև և մեր մայրերը՝ երկու հարազատ զավակներ…

Այս ասելով բռնեց օրիորդը տ. Հռիփսիմեի և Պետրոսի ձեռքից և տարավ նրանց տուն:

Տ. Եղիսաբեթը, որ տան մեջ յուր գործով էր զբաղված և հետևապես պատահած նորության մասին ոչինչ չգիտեր, սարսափելով լսեց Պետրոսի բոլոր պատմությունը և հազիվ էր կարողանում հավատալ նրա ճշմարտության: Բայց վերջում հուսալիր խոսքերով մխիթարեց թե մորը և թե որդուն և հայտնեց յուր անկեղծ և կատարյալ ուրախությունը նրանց յուր տունը ապավինելուն համար:

Քիչ ժամանակից ետ, երբ Պետրոսի և նրա մոր հուզմունքն անցավ, Աստղիկը սկսավ զանազան խոսակցություններով զբաղեցնել բարեկամներին, որպեսզի տխրելու ժամանակ չտա նրանց:

– Մեզ մոտ ամեն բան այսպես է, Պետրե, և դեռ երկար այս դրությունը կշարունակվի, – խոսում էր օրիորդը. – ճշմարիտ բարերարությունը անծանոթ է դեռ մեր երկրին և բացառապես մեր ազգին, այդ պատճառով մեր բարերարները ամեն տեղ էլ կամ բռնավորներ են, կամ փառամոլներ:

– Դրանցից ոմանք բարերարությունը անում են նույն հաշվով, ինչ հաշվով որ վաշխառուն փող է տալիս յուր խնդրարկուին: Ինչպես որ վերջինս ձեռք չի վերցնում պարտապանից, մինչև որ սահմանյալ տոկոսներով յուր վերջին ստակը չէ ստանում, այնպես էլ մեր բարերարները խեղճ բարերարյալի օձիքը չեն թողնում, մինչև որ նա յուր վայելած վայելաց բարյաց փոխարեն արժանավոր ստրկություն չէ անում իրենց, իհարկե, երբ որ ազգի մեջ գոյություն ունեցող մի բարեգործական հաստատություն, մինչև անգամ հրապարակային կանոնադրությամբ, պարտք է դնում իրենից բարերարված երիտասարդների վերա մի որոշ ժամանակ ծառայել յուր հրամաններին, իբրև թե վայելած բարյաց փոխարենը հատուցանելու համար, և այսպիսով սրբապղծում է ճշմարիտ բարեգործության նշանակությունը, էլ ինչ իրավունք ունինք մենք ավելին պահանջել մասնավոր անհատներից, որոնցից յուրաքանչյուրը յուր խելոք գլխի տերն է…Բայց ավելի անբարոյականացնում է ժողովրդին մեր բարեկամների մի ուրիշ դասը, որ գլխավորապես կազմված է փառամոլ և սնապարծ անհատներից: Մեկ էլ տեսնում ես լրագրի ճակատին մեծ-մեծ տառերով արձանագրվեցավ պարոն կամ տիկին Մանսուրյանի մեծ բարեգործության պատմությունը: Ի՞նչ է պատահել, հետաքրքրությամբ կարդում ես ներբողը, և դուրս է գալիս, որ պարոնը բարեհաճել է հինգ ռուբլի նվիրել Օձուն գյուղի ուսումնարանին, իսկ տիկինը՝ յոթանասուն կոպեկ՝ Հայրիկի սովյալներին… Եվ ի՞նչ, կարծում եք թե այս զոհաբերությունները առանց արժանավոր վարձատրության են մնում: Ոչ. իսկույն միևնույն լրագրում Օձուն գյուղի հասարակությունը յոթանասուն մարդու ստորագրությամբ շնորհակալության ուղերձ է հրատարակում, իսկ Հայրիկը բազկատարած, Վանի մայր եկեղեցում, Մանսուրյանի գովության քարոզն է խոսում… Իհարկե, քանի որ մի երկրում թզուկ նվիրատուները այսքան հեշտությամբ մեծ բարեգործներ են հռչակվում, և կա ժողովուրդ, որ առանց քննության, փառաբանում է նրանց, ի՞նչ զարմանք, ուրեմն, որ այս ու այն անկյունում, անհայտության դատապարտված փառամոլներ, որոնք զլանում են իրենց քաղցած ու մերկանդամ ազգականին հինգ սև փողի բարերարություն անելու, իրենց ողորմելի գոյությունը աշխարհին հայտնի անելու համար, հանկարծ ազգի բարերարներ կամ մեկենասներ են հռչակվում, ոմանք Ներսես Պատրիարքին բացառիկ նվերներ ղրկելով, այլք Վանի խեղկատակներին դրամական օժանդակություններ անելով, իսկ ուրիշները Սահակ Բագրատունու, Դավիթ Մամիկոնյանի և այլ մեկենասների փառքը նսեմացնելու և շողոքորք հեղինակների ներբողականին արժանանալու համար, գրքերի ճակատին իրենց պայծառ անունն ու ազգանունը արձանագրելով…

Բայց ո՞ւր է ճշմարիտ բարեգործությունը, որ բխում է առաքինի մարդու սրտից, որ կատարում է աջ ձեռքը – առանց ձախի գիտության… Ո՞ւր է այն բարեգործը, որ բարերարում է ոչ նրա համար, որ յուր առաջ խոնարհեն, որ իրեն փառաբանեն, այլ որ այրին անօգնական չմնա, որ որբը փողոցներում չմուրա, որ ուսումնածարավ երիտասարդը տգետ չմնա, որ կարոտ ընտանիքի մեջ հուսահատություն չտիրե…

Այդպիսի բարերարներ մենք չունենք և գուցե երկար էլ չենք ունենալ, քանի որ նույնիսկ հրապարակախոսի ձայնը խեղկատակ փառամոլների դատն է պաշտպանում…

Այո, Պետրե, չպետք է տխրել, ուրեմն, որ հորեղբայր Թովմասը արտաքսում է քեզ յուր տնից իր անիրավ հրամանին չհնազանդելուդ համար: Այո՛, նա քեզ պահել, մեծացրել և ուսում է տվել, նա քեզ վերա փողեր է ծախսել, և այդ այն նպատակով, որ դու նրա համար ապրես, նրա խելքով դատես, նրա կամքով գործես: Իսկ երբ դու համարձակվում ես ապրել իբրև ազատ մարդ, միթե շատ խիստ է երևում քեզ որ նա արտաքսում է ձեզ յուր տնից: Չէ, սիրելիս, եթե նրա տեսակետով նայես գործի վերա, անշուշտ շատ բնական կգտնես նրա վարմունքը: Ուրեմն ձեզ մնում է մխիթարվել նրանով, որ գոնե այսուհետև իրավունք ունիք դուք ապրելու և գործելու իբրև ազատ մարդիկ, այս էլ մի բարիք է, որ չպետք է արհամարհել:

– Ես չեմ վշտանում նրա համար, որ հորեղբայրս յուր արած երախտաց փոխարեն անիրավ զոհաբերություն էր պահանջում ինձանից, – պատասխանեց Պետրոսը, – և չեմ էլ տխրում, որ նա իմ ընդդիմության պատճառով արտաքսեց մեզ յուր տնից, նրա վարմունքը շատ բնական էր: Այսուհետև ինչպես որ էլ լինի, ես կարող եմ ապրել և ապրեցնել ինձ հետ մորս, բայց ես վշտանում և տխրում՝ եմ նրա համար, որ չկարողացա իմ նպատակին հասնել… Այժմ ես զրկված եմ համալսարան գնալու ամեն միջոցներից, որովհետև ունեցած ժամանակս ստիպված պիտի լինիմ զոհել իմ և մորս գոյությունը պահպանելու համար: Բայց ես ի՞նչ հույսեր չեմ տածում իմ ապագայի համար… Այս կորավ ամեն բան, կորա՛վ անդառնալի… – Այս խոսքի հետ միասին կարծես Պետրոսը պատրաստվում էր արտասվել, բայց օրիորդի ձայնը կանգնեցրեց նրա արտասուքները:

– Մի՞թե դու այնքան մեծ նշանակություն ես տալիս համալսարանական ուսմանը, որ նրանից զրկված լինելը քեզ համար դժբախտությո՞ւն ես համարում, – հարցրեց Աստղիկը Պետրոսին:

– Իհարկե, քանի՞ փող արժե այն կյանքը, որ գերի է տգիտության…

– Շատ անգամ մի ամբողջ հարստություն:

– Ինչպե՞ս. ես չեմ հասկանում:

– Բնական է, որ չհասկանաս, որովհետև դու չես կամենում ապրել այնտեղ, որտեղ հասարակաստեղծ մարդիկն են ապրում:

– Դարձյալ չեմ հասկանում, մի՞թե այդքան էլ հպարտ եմ ես:

– Ոչ, դու հպարտ չես, բայց սարսափում ես իրական կյանքին մոտենալ: Ինչ են անում այն մարդիկը, որոնք ոչ միայն համալսարանական, այլ մինչև անգամ տարրական կրթություն չունին առած, և մի՞թե կարծում ես, թե նրանք շատ դժբախտ են ապրում:

– Ընդհակառակը, հենց տգիտությունն է, որ նրանց, կյանքը քաղցրացնում է:

– Ահա՛, դու ինքդ բացատրեցիր իմ խոսքի միտքը, ուրեմն տգիտությունը շատ անգամ մի ամբողջ հարստություն արժե:

– Իհարկե, բայց այն կույրերի համար, որոնք լույսի վերա գաղափար չունին:

– Ով որ մի աչք ունի, նա էլ բավական առատ վայելում է աստուծո ստեղծած լույսը: Ուրեմն չպետք է դժգոհ լինել բախտից եթե նա երկու աչքից չէ զրկում մարդուն:

 

– Դու ինձ մեղադրում ես նրա համար որ ես ավելին եմ պահանջում, քան ինչ որ ունիմ:

– Այո, Պետրե, դժգհությունը դժոխքի բանալին է. ով որ գոհ լինել չգիտե, նա միշտ կարոտ կմնա երջանկության. աշխատիր սովորել ունեցածովդ շատանալ և կյանքը կծիծաղե քեզ: Նրանք որոնք աշխատում են միշտ ավելին և կատարելագույնը ձեռք բերել, կմեռեին աշխատության ճանապարհի վերա, անծանոթ՝ կյանքի քաղցրություններին… Սովորիր հաշտվել այն ճակատագրի հետ, որ բախտը սահմանել է քեզ համար, և եթե այդ ճակատագիրը չէ դառնացնում քո կյանքը, մի՛ կռվիր դու նրա հետ…

– Ուրեմն ի՞նչ անեմ ես այսուհետև:

– Ապրիր, ահա՛ բոլորը:

– Բայg միթե ես դրա համար բավական հարստություն ունիմ…

– Այնքան, որ կարող է բավականանալ և նրանց, որոնց դու կկամենաս երջանկացնել քեզ հետ…

– Ես չեմ տեսնում այդ հարստությունը:

– Իսկ նա իմ առջևն է. – երիտասարդ և առույգ հասակ, սրտի և հոգվո կենդանություն, մտքի բավականաչափ զարգացում և այս բոլորին պաշտող մի սիրտ, որ պատրաստ է քեզ համար ամեն զոհաբերության, մի՞թե էլ ուրիշ բան պակասում է քեզ…

Գորովվելով այս խոսքերից, նայեց Պետրոսը յուր սիրուհու աչքերին, որոնք այդ ժամանակ վառվում էին կրկնակի կրակով և նրանց մեջ կարծես յուր մի նոր կյանքի արշալույսը նշմարելով, – ուրախությամբ բացականչեց.

– Այո՛, Աստղիկ, դու ճշմարիտ ես խոսում, ես հարուստ եմ և ինձ կարող են նախանձել մարդիկ, որովհետև դու սիրում ես ինձ և քեզ չեն կարող խլել ինձանից…

– Եթե այդ մեկ հարստությամբը գոնե դու գոհ ես, ուրեմն խոստացիր ինձ այս օրվանից արդեն ամեն բան մոռանալ և ապրել քեզ սիրող սրտերի համար…

Պետրոսը, որ բավական սփոփվել էր սիրուհու խոսքերով, մոտեցավ նրան և խանղաղատանոք նրա ձեռքը բռնելով ասաց.

– Որովհետև իմ այս թշվառ չքավորության մեջ անգամ դու սիրում ես ինձ, ուրեմն էլ ոչ մի ցավ չէ մնում ինձ աշքարհում. հենց այս րոպեից սկսած ես մոռանում եմ թե ինձ հասած անպատվությունը և թե իմ համալսարանական ցնորքները: Այս օրվանից արդեն ես կմտնեմ դրական կյանքի մեջ և կապրեմ քեզ համար և քեզ հետ միասին՝ մեր ծնողաց համար…

Աստղիկը ի նշան շնորհակալության, ջերմագին սեղմեց, սիրելվո ձեռքը և ամբողջ օրը անցուցին նրանք ուրախ տրամադրության մեջ, ուրախացնելով և իրենց մայրերին: