Za darmo

Առաքյալը

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Դ

Բայց բախտը շատ անգամ կատակներ է անում և դրանցից զվարճալին լինում է այն, երբ նա չարիքից փախչող մահկանացուին` հենց նրա փախստյան ճանապարհիվրա, բերում հանդիպեցնում է նույն չարիքին, որից սա խույս է տալիս: Այդպես պատահեց և Կամսարյանին: Հազիվ նա ելել էր պատշգամբ և ձեռքը տարել ծոցը,որպեսզի հուշատետրը հանե, և ահա՛ տան մուտքի հնչակը քաշեցին: Սպասուհին վազեց դուռը բանալու: Եվ որովհետև Պետրոսն ևս մոտեցել էր սանդուղին, ուստի հետաքրքրվեց իմանալ թե` ո՞վ է եկողը: Եվ ո՞րքան մեծ եղավ նրա հուզմունքը, երբ տեսավ թե` գեղանի Ադելինան է յուր մոր հետ: Անշուշտ նրանք գալիս Էին երիտասարդի այցելությունը փոխարինելու և սրա մորն իրենց խնդակցությունը հայտնելու: Կամսարյանն իսկույն ծոցը դրավ հուշատետրը, որ նոր էր հանել և վայրկենաբար համոզվելով, որ «հայոց ազգը խիստ դժբախտ ազգ է», որովհետև, նման արգելքներ խանգարում Էին իրեն նրա վրա մտածել, քնքուշ ժպիտը դեմքին,դիմավորեց հյուրերին և սիրալիր կերպով ողջունելով նրանց, առաջնորդեց դեպի ընդունարանը, ուր գտնվում էր արդեն Լիդիա Պավլովնան:

Չափ…չըփ, չըփ, չափ համբուրվեցան բարեկամուհիները և սկսան իսկույն մի սիրալիր զրույց, որն առհասարակ սկզբում լինում է աղմկալի և ապա հետզհետե մեղմանում, կանոնավորվում:

Ամենից առաջ Լիդիա Պավլովնան մեղադրեց բարեկամուհուն` իրենց ա՛յդքան ուշ այցելելու համար, և հավատացրեց, որ ամեն օր սպասում է եղել նրանց:

Տիկին Մարկոսյանը ներողություն խնդրեց յուր ակամա զանցառության համար, առարկելով թե` չափազանց զբաղված են թե՛ ինքը և թե՛ դուստրը, ընդ նմին և հավատացրեց (ավելի՛ ջերմ խոսքերով, քան տան տիկինը), որ իրենց բոլոր բարեկամուհիների մեջ Լիդիա Պավլովնան միակն է, որին ցանկանալով ցանկանում են տեսնել թե՛ ինքը, թե՛ աղջիկը, հենց որ ազատ են լինում զբաղմունքից: Դժբախտաբար, ազատ ժամեր քիչ են ունենում:

Լիդիա Պավլովնան, իհարկե, գիտեր թե ի՛նչ զբաղմունք կարող էր ունենալ տիկին Մարկոսյանը, իբրև բազմանդամ ընտանիքի մայր, բայց ցանկացավ լսել մի բաննաև օրիորդ Ադելինայի մասին, մանավանդ, յուր որդու, Պետրոսի ներկայությամբ:

Տիկին Մարկոսյանը, որ մի քիչ ավելի տարիքով էր, քան Լիդիա Պավլովնան և մի քիչ էլ պակաս գեղեցիկ, քան թե նա, բայց որը նազելու մեջ գերազանցում էր բարեկամուհուն, նազելով էլ պատասխանեց.

– Ա՛խ, սիրելիս, չես կարող երևակայել, թե որքա՞ն գործ ունի խեղճ երեխաս: Առավոտից մինչև ճաշը ձրի դասեր է տալիս «որբերի» ուսումնարանում. ճաշից հետո`մեր չարաճճիների դասերն է սովորեցնում. երեկոյան փոքրիկ աղջկաս դաշնամուրի վրա վարժություն է անել տալիս: Դրա վրան էլ ավելացրու այն, որբարեգործական նպատակով տրվող ներկայացումներին ու նվագահանդեսներին մասնակցում է անխտիր, որովհետև խնդրում, աղաչում են: Իսկ իմ Ադելինան, հո գիտեք, փափուկ սիրտ ունի և չէ կարող մերժել…

– Այդպես չի կարելի, սիրելիս, այդպիսով դու կհոգնեցնես քեզ, իսկ շատ հոգնելը վնաս է առողջությանդ, – դարձավ:

Լիդիա Պավլովնան օրիորդին, որ լսում էր մոր հայտարարությունը:

– Ո՛չ, ես չեմ հոգնում, ընդհակառակն, որքան շատ եմ գործում, այնքան ավելի առողջ եմ զգում ինձ, – պատասխանեց օրիորդն աշխույժով և թեթև շառագունելով:

– Այո՛, պարապությունը ավելի է վնասում առողջությանը, քան չափազանց զբաղմունքը, – հաստատեց երիտասարդ Կամսարյանը:

Օրիորդի մայրը համաձայնեց. վերջինի հետ` և առանց մի վայրկյան կորցնելու սկսավ պատմել թե` ի՞նչպես ինքն առաջ թույլ էր ու տկար, որովհետև տան գործը մեծ մասամբ թողել էր սպասուհիներին: Բայց այն օրից, որ իմացավ թե գործունեությունը կազդուրում է մարդուն ավելի, քան բժիշկների դեղերը (այդ բանն էլ ասել էրնրան մի բարեկամ բժիշկ, որ հիվանդներ չունենալու պատճառով ինքը հաճախ հիվանդանում էր), նա սկսավ այնուհետև տան գործերից շատերը յուր ձեռքով անել ևայն օրից ի վեր այնքան առողջացավ, որ էլ չէր գանգատվում ո՛չ սրտի ցավից, ո՛չ թուլությունից:

Այս զրույցի ժամանակ Լիդիա Պավլովնան լսում էր բարեկամուհուն ուշադրությամբ և ընդ նմին աշխատում, որ յուր լայն բացված և ուղիղ բարեկամուհու դեմքին նայող աչքերը համոզեն վերջնիս թե ինքը չափազանց հետաքրքրական է գտնում նրա բացատրությունը: Մինչդեռ երիտասարդը զբաղված էր նրա աղջկանով:

Ադելինային, իրավ, սա ճանաչում էր վաղուց, այսինքն, երբ դեռ ինքը գիմնազիոնի աշակերտ էր, իսկ նա` ինստիտուտի փոքրիկ աշակերտուհի: Այդ ժամանակ նրանք դրացիներ էին, իսկ ծնողները միմյանց բարեկամ: Եվ որովհետև վերջիններս հաճախ այցելում էին միմյանց, ուստի իրենք էլ տեսնվում էին իրար հետ: Բացի այդ,նրանք հանդիպում էին միմյանց դպրոց գնալիս և այդ դեպքում երիտասարդը միշտ ուղեկցում էր օրիորդին մինչև ինստիտուտի փողոցը, խոսակցելով նրա հետ աշակերտներին հետաքրքրող նյութերի մասին, կամ պատասխանելով այն հարցերին, որ Ադելինան հաճախ տալիս էր իրեն:

Այդ ժամանակ օրիորդը 14 տարեկան էր և թեպետ մարմնով նիհար ու չկազմակերպված, բայց դեմքով գեղեցիկ էր և բնությամբ խիստ աշխույժ: Այդ պատճառով Կամսարյանին դուր էր գալիս այնքան, որ սա նրա մասին գովությամբ էր խոսում միշտ ոչ միայն ընկերների, այլև մոր առաջ: Իսկ եթե մի փոքր էլ տղայի սրտին հավատայինք, կարող էինք ասել թե հենց այդ ժամանակ նա սիրահարված էր փոքրիկ դրացուհուն, որովհետև միշտ մի առանձին փափագով էր հետամտում այն սիրուն ժպիտներին, որոնցով Ադելինան առավոտյան ժամերին հանդիպում էր նրան փողոցում:

Բայց շուտով երիտասարդը ավարտեց գիմնազիոնը և գնաց համալսարան, ուր շատերի հետ միասին մոռացավ նաև Ադելինային, որովհետև համալսարանը նոր զբաղմունքներից զատ տվավ նրան նաև նոր բարեկամներ, որոնք իրենց կողմից ծանոթացրին նրան նոր զգացմունքների և ձգտումների հետ, որոնք գրավեցին նրա բոլոր ուշը: Բացի այդ, մայրաքաղաքում շատ կային Ադելինաներ, այնպես որ եթե Կամսարյանը ցանկանար երբևիցե ժպիտներով զմայլվիլ, ստիպված չէր հիշել յուր նիհար դրացուհուն:

Սակայն անցավ ժամանակ և նա, վերադառնալով հայրենիք, տեսավ նախկին Ադելինային բոլորովին փոխված: Այժմ նա այլևս ոչնչով նման չէր առաջինին: Նրա տասնևիննամյա ծաղկափթիթ հասակն ամփոփում էր յուր մեջ արբունքի հասած մի ազնվական կուսություն` գեղանի դեմքով, գրավիչ աչքերով, արյան ու կաթի խառնուրդն այտերին, վարդը` շուրթերին, որոնք նշան էին կյանքով ու կրակով լի քաջության: Նրա ճկուն հասակն աճել էր սպասածից ավելի, կուրծքը զարգացել վայելուչ չափով, իսկ մարմնի մասերը լցվել, բոլորվել այնպես համաչափ, որ երիտասարդը համեմատելով նրան մայրաքաղաքի ծանոթ գեղեցկուհիների հետ, գտնում էր գրեթե բոլորից գերազանց:

Եվ նա այժմ նայում էր նրան անթարթ աչքերով, հիշում էր մոր առաջարկությունը և ինքնիրեն մտածում. – «իրավ որ արժե ժառանգել այս գանձը»:

Լիդա Պավլովնան, որ աչքի տակով նայելով, տեսնում էր թե ինչպե՛ս որդու հայացքը անշարժ մեխվել է գեղանի օրիորդի վրա, շտապեց օգուտ քաղել դեպքից և խոսքը դարձնելով ամառանոցի վրա, հայտնեց թե ինչպե՞ս ապերախտ Պետյան որոշել է միայնակ թողնել իրեն այս ամառ:

– Ի՞նչպես, մի՞թե կարելի է, – բացականչեց տիկին Մարկոսյանը այնպիսի մի եղանակով, որ կարծես հայտնված նորությունը վերաբերում էր մի մեծ եղեռնագործության:

– Այո՛, միայնակ է թողնում և գնում է ճանապարհորդելու, – ավելացրեց նա տխրությամբ և ընդ նմին սպասելով,որ բարեկամուհին մեղադրական մի ազդու ճառ ուղղե որդուն:

– Այդ ձեզ չի վայելիլ, պարոն Պետրոս, – նկատեց տիկինը լրջությամբ: – Ինչպե՞ս կարելի է, որ այսքան ժամանակ օտարության մեջ մնալուց հետո, չմնաք այժմ ծնողներիդ մոտ գոնե այնքան, որ նրանք իրենց կարոտը առնեն ձեզանից: Ուրիշները նույնիսկ գործերնին թողնելով, գալիս են ծնողների հետ ամառն անցնելու, իսկ դուք, որ այստեղ եք, մի՞թե պիտի թողնեք նրանց ու հեռանաք:

– Բայց երբ հարկը պահանջո՞ւմ է:

– Ի՞նչ հարկ. ամառը հանգստության ժամանակ է և ոչ գործի. ոչ մի հարկ այդ ամիսներում չի կարող ստիպել մարդուն զրկել իրեն ամառանոցի մաքուր ու զով օդից,հանգստությունից… Ա՛յ, մենք էլ տնով-տեղով գնում ենք Բորժոմ, եթե դուք էլ գաք, միասին կլինենք և հիանալի ժամանակ կանցնենք:

– Հանդեսներ կսարքենք, կոնցերտներ կտանք, իսկ այդ բաներում դուք մեզ միշտ կօգնեք, – ավելացրեց օրիորդը շտապելով մասնակցել մոր ցանկությանը:

– Հանդեսնե՞ր, ի՞նչ նպատակով, – հարցրեց երիտասարդը հետաքրքրությամբ:

– Իհարկե բարեգործական, այդ մասին խնդրել են մեզ մի քանի ընկերությանց վարչություններ:

– Ձե՞զ:

– Այսինքն ինձ և ընկերուհիներիս:

– Հասկանում եմ: Եվ, իրավ, ամառանոցում հաջող մուտք կունենաք: Ափսո՛ս, որ չեմ կարող օգնել ձեզ այդպիսի բարի ձեռնարկությունների մեջ:

– Եթե գաք ամառանոց, կարող եք օգնել, – նկատեց օրիորդը ժպտալով:

– Այո՛, եթե գամ, բայց եթե չգա՞մ:

– Կխնդրեմ, որ գաք, – ասաց օրիորդը այնպիսի մի քնքշությամբ, որի մեջ, կարծես, խոսում էր մտերմության ձգտող մի թաքուն զգացմունք:

Երիտասարդը ժպտաց և չիմացավ ի՞նչ պատասխանել: Նրան թվաց թե այդ րոպեին նա լսեց Ադելինայի նախկին, մանկական ձայնը, այն անմեղ, միշտ ժպտող, միշտ շարժուն ու կրակոտ Ադելինայի, որ ամեն առավոտ հանդիպում էր իրեն դպրոց գնալիս, ողջունում այնքան սիրալիր և գտնում միշտ հարցեր իրեն զբաղեցնելու համար: Նրան թվաց թե այդ վայրկենին նորոգվեց նախկին մտերմությունը և թե ինքն այլևս իրավունք չունի սառն և անտարբեր խոսքերով այդ նորոգվող բարեկամության հաճելի տպավորությունը թուլացնելու:

– Ճշմարիտն ասած շատ կցանկանայի կատարել ձեր խնդիրը, բայց…

– Ի՞նչն է արգելք լինում, – ընդհատեց օրիորդն աշխույժով:

– Մի բարոյական պարտք, որ հանձն եմ առել դեռ այստեղ գալուց և ձեզ տեսնելուց առաջ:

– Եթե այդպես է, ուրեմն ամենից առաջ այդ պարտքը պիտի կատարեք. մենք իրավունք չունենք պահանջել, որ դուք անկատար թողնեք այն, ինչ որ կատարել խոստացել եք դեռ այստեղ գալուց առաջ:

– Շնորհակալ եմ, օրիորդ, դուք ինձ հասկանում եք. որքա՛ն ուրախ կլինեի, եթե մայրս էլ այդ ձևով մտածեր, բայց նա…

– Մայրդ գիտե թե ի՞նչ է մտածում, – ընդհատեց որդուն Լիդիա Պավլովնան, – դու իրավունք չունեիր մեզ լսելուց առաջ ուրիշներին բաներ խոստանալ:

– Իհարկե, առաջ մայրն է, հետո ուրիշները, – ձայնակցեց տիկին Մարկոսյանը:

– Բայց դուք հո չգիտեք թե ի՞նչ խոստումի մասին է խոսքը, – նկատեց Ադելինան մորը:

– Իսկ դու գիտե՞ս, – հարցրեց վերջինս:

– Ես էլ չգիտեմ, բայց կարծում եմ, որ պարոնը մի դատարկ բանի պատճառով չէր համաձայնիլ զրկել իրեն ամառանոցի հանգստությունից և զվարճություններից…

Այս ասելով օրիորդը մի խորհրդավոր հայացք ձգեց երիտասարդի վրա, կամենալով, կարծես, հարցնել թե` «այդ ի՞նչ բարոյական պարտք է, որի կատարումը ավելի անհրաժեշտ է, քան ինձ նման գեղեցկուհուն ամառանոցում ընկերանալը»:

Երիտասարդն էլ, գրեթե, այդպիսի մի նշանակություն տվավ այդ խորհրդավոր հայացքին, բայց ոչինչ չբացատրեց, որպեսզի այդպիսով հասկացնի օրիորդին թե`իրավ, ինքը խիստ մեծ ու արժանավոր նպատակի համար է զրկում իրեն ամառանոցի զվարճություններից: Բայց որպեսզի բոլորովին անքաղաքավար չգտնվի օրիորդի հարցասիրությունը գոհացնելու նկատմամբ, կարևոր համարեց այսքանը հայտնել, թե` կգա մի օր, երբ ինքը կբացատրե նրան այն կարևոր պատճառները, որոնք ստիպում Էին իրեն զրկվել Ադելինայի աննման ընկերակցությունից:

 

Ե

Տիկնոջ ու օրիորդի հեռանալուց հետո, Պետրոսն զգաց, որ վերջինի յուր վրա թողած ազդեցությունն այնքան է սաստիկ, որ յուր նախկին մտածմունքներին վերադառնալու համար իզուր պիտի լիներ այժմ դիմել հուշատետրի օգնության: Նրան այժմ հարկավոր էր ավելի զորեղ ցնցում, որպեսզի յուր մտքերը նորեն փարեին գաղափարական հայտնի նպատակին: Այդ պատճառով նա առավ Աբովյանի «Վերք Հայաստանին» և իջավ պարտեզ: Այս գիրքը նրան սիրելի էր դարձել մանավանդայն օրից, երբ ուսանողական ժողովում յուր հայտնի խոստումն արավ: Ճեմարանավարտ ուսանողն, որին ծանոթացանք պատմությանս առաջին գլխում և որն ուսանողական ժողովներին նախագահելուց զատ, առաջնորդում էր ընկերներին նաև մայրենի լեզվին ու գրականությանը ծանոթացնելու գործում, խորհուրդ էր տվել Կամսարյանին կարդալ Աբովյանի «Վերքը» որքան կարելի է շատ: «Դու որ նվիրում ես քեզ հայ ժողովրդի մոռացված մասին, այսինքն գյուղացուն ու մշակին, այդ գիրքը պիտի կարդաս հաճախ, ասել էր նա նրան, որովհետև բոլոր մարդկանցից ու գրքերից ավելի «Վերք Հայաստանին» կարող է քեզ ծանոթացնել հայ գեղջուկի հոգուն ու զգացմունքներին, նրա արժանիքին ու թերություններին, նրա կարիքներին ու ցավերին»: Եվ իրավ, քանի Պետրոսը կարդացել էր այդ գիրքը, այնքան ավելինա սկսել էր սիրել հայ շինականն ու գյուղացին, որոնց նա յուր հարազատ ազգակիցն էր համարում, բայց որոնց, ավա՛ղ, չէր ճանաչում անձամբ:

Նստելով հովանավոր ակաթենու տակ, նա բաց արավ գիրքը, բայց… մեքենաբար: Նրան թվում էր թե գեղեցկուհին դեռ նայում է իրեն յուր սիրուն աչքերով, թե նահենց նոր ժպտալով ասաց իրեն «կխնդրեմ որ գաք», իսկ մի փոքր հետո` աշխույժով ավելացրեց «ինչն է արգելք լինում…»: Այո՛, այս ձայները հնչում էին դեռ երիտասարդի ականջում, իսկ գեղանի պատկերն ու փայլուն հայացքը չէին հեռանում նրանից:

– Դժվար է… իրավ որ դժվար է, – մտածում էր երիտասարդը, ամենքին կարելի է թողնել, ամեն ինչ կարելի է զոհել, բայց այս հրեշտակին, այս դիցուհուն… ճիշտ որ դժվար է. չէ՞ որ սա ինձ համար կարող էր լինել ամեն ինչ… և եթե նա, իրավ, անտարբեր չէ դեպի ինձ… այն ժամանակ արդեն կատարյալ խելագարություն է թողնելնրան… Բայց հենց այս մտածմունքի հետ հիշեց երիտասարդն ուսանողների ժողովը, յուր հանդիսավոր խոստումն և այն ուժգին ծափահարությունը, որ հետևեց հայտարարությանը… հիշեց թե ինչպես «կեցցեները» դղրդացրին ներքնահարկի ցածուն դահլիճը:

«Ոչ, ես հաստատ կմնամ իմ վճռին, ես կկատարեմ իմ խոստումը», որոշեց երիտասարդը և նորեն առավ գիրքը, որ արդեն փակել, դրել էր նստարանին: Բանալով գիրքը, նայեց նրան նորեն և ապա դրավ ծնկներին: Այս անգամ էլ մի ուրիշ, սակարկող պայման գրավեց նրա մտածությունը:

– Ես կկատարեմ իմ խոստումը, ես կնվիրեմ ինձ մոռացված ժողովրդին… բայց եթե Ադելինան ընկերանար ինձ այս գործում, օ՛, որպիսի մեծ հաջողությամբ կպսակվեր իմ նվիրումը… իրավ, չէ՞ որ ամենաեռանդուն աշխատանքն իսկ ապարդյուն կանցնե, եթե նրան չխրախուսե կնոջ սերն ու ժպիտը… Եվ ի՛նչ երջանկություն.մենք միասին կաշխատեինք, միասին կգործեինք…

Այս միտքը երկար զբաղեցրեց երիտասարդին: Նա մտածում էր, մինչև անգամ, համակերպիլ առայժմ յուր մոր ցանկության, գնալ ամառանոց, մտերմանալ այնտեղ Ադելինային, նշանվել, պսակվել և հետո… իհարկե, Ադելինայի հետ միասին վերադառնալ գյուղը: Իսկ այնտեղ… չէ՞ որ երկու խելքը կարող էին ավելի լավ գործել,քան մեկը:

Բայց հայտնի չէ, թե ինչո՞ւ երիտասարդի երևակայությունը նորեն այդ գյուղից փոխադրեց նրան ամառանոց: Նա պատկերացրեց յուր առաջ նշանադրության հանդեսը, ապա հարսանյաց պատրաստությունները, վերջը` փառահեղ պսակադրությունը, հարուստ հյուրերը, մետաքսի, ադամանդի և փարիզական ճոխությանց մեջ փայլող կիսամերկ կրծքերով ու հոլանի թևերով գեղեցկուհիները, որոնց մեջ սպիտակազգեստ և ծաղկապսակ Ադելինան պիտի երևար իբրև մի հրաշագեղդիցուհի, հավերժահարսներով շրջապատված…

Բայց հենց այդ փայլի ու շքեղության պատկերը, կարծես, մարմին առնելով շշնջաց յուր ականջին` «մի՞թե չես ցնորում… Մի՞թե Ադելինան, այն կրթված, զարգացած,փափկության մեջ մեծացած, թատրոնի, երեկույթների և պարահանդեսների սովոր աղջիկը կհամաձայնի թողնել քաղաքը, նրա կյանքով ու հրապույրներով լի մթնոլորտը և գնալ, մտնել գյուղը, աշխարհի մի լուռ, անծանոթ անկյունը, թե ինչ է` այդտեղ պիտի հոգա շինականի կյանքը բարելավելո՞ւ մասին…»:

Այդ գաղտնի շշունջը ցրեց երիտասարդի նախկին մտքերը:

«Նա մինչև անգամ կարող է ինձ վրա ծիծաղել, իմ նպատակը ծաղրե՛լ, եթե ես դրա մասին խոսեմ նրա հետ» – տրամաբանեց Պետրոսը և տխրելով գլուխը կախեց:

Նրա աչքերն ընկան ծնկանը դրված գրքին և նա, կարծես, մտածելուց հոգնած, սկսավ կարդալ բաց երեսի վրա Աթոյենց աղջիկ Թագուհու մասին գրված հետևյալ տողերը.

«Բաս ի՞նչ կըլեր, որ էսպես չէր էլել: Մինչև էն հադաղը (միջոցը) նրա (Թագուհու) ականջը մեկ թթու խոսք չէր լսել, նրա աչքը մեկ դառը օր չէր տեսել, նրա երեսը մեկ կոշտ զրից չէր եկել: Վարդի պես ծաղկել, մանիշակի պես մեծացել էր: Տասնհինգ տարին անց էր կացել, դեռ նրա անմեղ հոգին աշխարհքիցս մեկ բան չէր խաբար: Նրա ընկեր աղջկերքը դռներին, կտրներին ման էին գալիս, օր անցկացնում, նա ծունկը մոր ծնկանը կպցրած, յա կար էր անում, յա քարգահ, յա իրենց տանն ու դռանն էր մտիկ տալիս, յա իրենց մալին, ապրանքին աչք ածում: Ղուշը գլխի վրով թռչելիս` կարմրատակած, շունչը կտրած տուն էր ընկնում, որ իր շվաքն է՛լա օքմինչըտեսնի: Մոր մեկ մատը փուշ ըլելիս, յա մեկ տեղը ցավելիս, ուզում էր հոգին հանի իրեն տա. էլ քար, էլ խոտ չէր մնում, որ նա վրեն չը չոքի ու աստծու ողորմությունըխնդրի: Աղքատ տեսնելիս բերնի թիքեն հանում, իրան էր տալիս, որ նրան օրհնի, արևշատություն խնդրի: Բաղն էն ժամանակ էր գնում, որ միսն ու մութը դեռ չէրբաժանված ըլում, բաղիցն էլ էն վախտն էր տուն գալիս, որ մութը գետինն առած, ոտը քաշված, խաղաղված էր ըլում: Ով նրան ուզենար տեսնի, յա ծառի, յա պատիտակ պետք է տափ կենար, որ նրա հրեսին մտիկ տար, նրա աչքերի լսովն հայիլ մայիլ մնար… Չայիր չիմանի, մանիշակի վրա, վարդի, թթենու տակին, յա քչքչանառվի մոտ, որ բազի վախտ քնած չէր ըլում, հենց իմանաս երկնքիցը լիս ա վեր եկել, ափնիքը հայլի դառել… Քունը նրա աչքերին էնպես էր մոտենում, ինչպես մեկ սրբի երկնային հրեշտակը, թևերն երեսին փռում, անմահական երազով նրան գրկում, գգվում, արթնացնում, էլ եդ իր գիրկը դնում…Ա՛խ, ո՞ր մեկն ասեմ: Նրա ամենմեկ շարժմունքը, ամեն մեկ խոսքը, ամեն մեկ մտիկ տալը, ամեն մեկ աչքի ու պռոշի ժաժ գալը հրաշք էր: Էն լուսակոլոլ աչքերը, էն խնկան ծաղիկ շրթունքը, որ բացչէր ըլում, մարդ ուզում էր ոչ ուտի, ոչ խմի, հենց նրան մտիկ տա, նրա սուրահի բոյին թամաշա անի, նրա ոտքի տակին հոգին տա, նրա ձեռիցը իր մահն առնի… Եվ էս երկնային հրեշտակը, էս անմեղ գառն էր էն հադաղին` էն գազանների (Հասան խանի ֆարրաշների) ձեռին… ի՞նչ քարացած, ապառաժ սիրտ պետք է ըլի, որ նրան տեսնելիս, կամ նրա պատմությունը լսելիս գլխին կրակ չվառվի…»:

Երիտասարդն է՛լ չշարունակեց: Որքան Թագուհու գեղեցկության նկարագիրը հիացմունք պատճառեց իրեն, այնքան էլ, վերջին տողերը հուզեցին յուր հոգին: Նա փակեց գիրքը և ինքնիրեն շշնջաց.

– Ամո՛թ ինձ, հազա՛ր ամոթ… Եվ ես դեռ տատանվում եմ, դեռ երկմտում եմ: Մի՞թե կարելի է մի վայրկյան անգամ ուշանալ… Մի ժողովուրդ, որ այսպիսի ծնունդներ ունի յուր մեջ, մի՞թե արժանի չէ մեր խնամքին ու օգնության: Ո՞ւմ մասին եմ մտածում – մի Ադելինայի, բախտից երես առած մի կենցաղասեր աղջկա… Ինչո՞ւչգնամ Աթոյենց աղջկերանցը, Թագուհիներին պտրելու…Եթե այսօր Հասան խանի ֆարրաշները չեն սպառնում նրանց, հո տգիտությունն ու խեղճությունը, հովաշխառուներն ու օրինազանցները սպառնում են: Ինչո՞ւ, ուրեմն, չերթամ օգնության կարոտ այդ ժողովրդի մոտ, ինչո՞ւ չծառայեմ նրանց և իմ աշխատության ընկեր չընտրեմ Թագուհիների միջից… Մի՞թե նրանց անմեղ ու միամիտ սերը պակաս ուժով կխրախուսե և կոգևորե ինձ: Այն աղջիկը, որ աչքը բանալու օրից ճանաչում էմիայն իր ծնողներին, յուր տունն ու դուռը, յուր արտն ու այգին, որ յուր ուրախությունը գտնում է ծնողական հարկի տակ, արդար աշխատության մեջ, որ յուր սերը խնամքով ծածկում, պահում է սրտի խորքում և նվիրում միայն նրան, ով աստծո կամքով վիճակվել է իրեն ամուսին և, որն ապա յուր կյանքն ու ուրախությունը որոնում է այդ ամուսնու մեջ, մի՞թե հազար անգամ ավելի մեծ, բարձր ու արժանավոր չէ, քան այդ զվարճասեր, փողոցի ու հանդեսների սիրահար, նորաձևությանց երկրպագու, դեմքեր ու զգացմունքներ կեղծող, շաղակրատ, նազող, հաճոյասեր, ամուսնանալուց առաջ արդեն աշխարհ ճանաչող, թաքուն անկյուններում օտարի հետ պաչպչվող, իսկ սալոններում սիրո սրբությունը դրվատող օրիորդներն ու մեծուհիները… Այո՛, որոշված է, ես կէրթամ և ինձ այլևս չի արգելիլ ոչ ոք:

Զ

Դեռ այս մտքի վրա էր Կամսարյանը, երբ հանկարծ նրա հետևից հնչեց մի թավ ձայն.

– Տո, Պե՛տո, դեռ ա՞յստեղ ես, իսկ ես կարծում էի թե Մասիսն արդեն անցել ես:

Պետրոսը ետ նայեց և տեսավ մեկին այն ընկերներից, որոնք ուսանողական ժողովում լսելով յուր խոստումը, դղրդացրել էին օդը կեցցեներով և իրեն բարձրացրել ձեռքերի վրա:

– Գնում եմ, բա՛րեկամ, գնում եմ, – պատասխանեց նա կարծես շփոթվելով և արագ տեղից ելավ:

– Ճշմարի՞տ, թե՞ կատակ ես անում, – հարցրեց երիտասարդը պարզելով ձեռքն ընկերին:

– Իհարկե ճշմարիտ, կատակ ինչո՞ւ եմ անում:

– Եղբայր, մեծ մարդ ես, խոստովանում եմ. բայց ե՞րբ:

– Շուտով, հենց այս քանի օրը:

– Ուրեմն, պատրաստությունդ տեսե՞լ ես:

– Արդեն: Կամենո՞ւմ ես, արի` ցույց տամ:

– Հապա, տեսնենք, հետաքրքրական է, – ասաց երիտասարդը և հետևեց Պետրոսին:

Առաջնորդելով ընկերին յուր սենյակը, Պետրոսն սկսավ մի մի ցույց տալ նրան այն ամենը, ինչ որ գնել էր գյուղ տանելու համար:

– Ամենից առաջ տե՛ս այս թամբը, հունգարական է, բոլորը խոզի կաշվից. 60 ռուբլի արժե. սանձը, ասպանդակները մաքուր պողպատից:

– Այդ ինչո՞ւ համար է:

– Ի՞նչպես թե ինչո՞ւ. գյուղերը չի՞ պիտի պտտեմ. միշտ հո մի տեղ չեմ մնալ:

– Իսկ ձի՞ն:

– Ձին էլ այնտեղ կգնեմ, այստեղից հո չե՞մ տանելու, ի՞նչ ավելորդ հարց է:

– Հասկացա. հետո՞:

– Սա էլ հրացանս. ամերիկական նոր տեսակի, երկփողյա. յուր բոլոր պարագաներով արժե 120 ռ.:

– Այդ ինչո՞ւ համար է, ավազակնե՞ր պիտի հալածես:

– Ի՞նչ ավազակներ, ինչեր ես հարցնում. որսորդության չի՞ պիտի գնամ. բոլոր օրը հո պարապելով չե՞մ անցցնելու. մի մի անգամ էլ զվարճություն է պետք. – այս էլ պայուսակս, բոլորը կաշվեկար պղնձե օղակներով, թամբի վրա հարմարեցնելու համար. – այս էլ դաշտային հեռադիտակ. միշտ հարկավոր է լինում. – այս էլ կողմնացույց…

– Կողմնացո՞ւյց. այդ ինչի՞ համար է. ծովերի վրա՞ պիտի թափառես:

– Ախ, ի՛նչ ապուշն ես: Տո, չի՞ պատահիլ, որ անտառներում պտտելիս հանկարծ մոլորվեմ. այ, հենց այդպիսի ժամանակ կողմնացույցը կարող է ինձ ցույց տալ թեի՞նչ ուղղություն բռնեմ, ո՞ր գյուղը դուրս գամ:

– Այդ հո բոլորը քեզ համար ես հոգացել, գյուղացիների համար ի՞նչ ես տանում:

– Սպասի՛ր, նրանց համար էլ կա, տեսնո՞ւմ ես… – այս ասելով Պետրոսը ցույց տվավ սեղանի վրա գտնվող գրքերի մի կույտ և նրանցից մի-մի հատ առնելով,շարունակեց.

– Ա՛յ, «Полный курс охоты» Маркса-Манн. սա՛ էլ ասենք ինձ համար է, բայց գյուղացիներին էլ կհարկավորվի: Չէ՞ որ որսորդության մասին ևս կարող եմ խորհուրդներ տալ նրանց: – «Ляговая собака» – Фридриха Освальд. սա նույնպես կարևոր գիրք է որսորդական շներ վարժեցնելու համար:

– Այ մարդ, դու կարծում ես թե հայ գյուղացին բան ու գործ չունի, հենց միշտ որսի հետևի՞ց պիտի լինի:

– Համբերի՛ր, բա՛րեկամ, ախար մենք էլ քեզ չափ մտածել գիտե՞նք, թե ոչ: Ա՛յ, «Плодовая школа и плодовый сад» – Раевского, սա հո պատվական ձեռնարկ է ծառեր տնկելու, պատվաստներ անելու, պտղատու այգիներ խնամելու համար:

– Հա, դրան խոսք չունիմ:

– Իսկ սա՞ «Домашний огород» – Мицулья. ընտիր ձեռնարկ է բանջարանոցների համար: Սրան կցված է Черноглазов-ի գեղեցիկ աշխատությունը` «Огурцы, дыни, арбузы и тыквы» վերնագրով, հատուկ այդ չորս տեսակ պտուղները աճեցնելու համար:

– Հետո՞:

– Սա էլ «Обшедоступное руководство к земледелию» – Костычева, թեպետ համառոտ, բայց շատ պարզ և հասկանալի ոճով կազմված մի ձեռնարկ է երկրագործության համար: Իսկ սա Կոպպեի հայտնի «Երկրագործություն և անասնապահություն» աշխատությունն է, որ թարգմանել է պրոֆեսոր Վոյլֆը. հիսուն տարուց ավելի գործածության մեջ է, և հմուտների կարծիքով, գյուղատնտեսական գրականության մեջ համարվում է իբրև կլասիկ գրվածք: Իսկ սա` «Скотоводство» – Трипольского, հատկապես կազմված եղջերավոր անասուններ և ձի, ոչխար ու խոզ պահելու համար:

– Ուրի՞շ:

– Իսկույն. «Практическое руководство виноградарства и виноделия» – Винберга. սա անհրաժեշտ գիրք է այգեգործության և գինեշինության համար: Մեր գյուղացիների գլխավոր պարապմունքը, կարծեմ, դա է: Այդ պատճառով այդ ճյուղին վերաբերյալ ձեռնարկներ մի քանիսն եմ ընտրել: Այ, «Руководство повиноградарству » – Цобеля, բազմաթիվ ու բազմազան նկարներով…

– Իսկ մեղվապահական, հավաբուծական…

– Սպասիր, սպասիր, դրանք էլ ունիմ, ա՛յ, «Птицеводство» д-ра Прибыня. պատվական աշխատություն է` գերմաներենից թարգմանված, իսկ սա «Пчела ипчеловодство» – Бутлерова. մեղվապահական ընտիր ձեռնարկներից մինն է: Սա էլ «КАК ДОБЫВАТЬ ШЕЛК» – Иверсена, շերամապահության վերաբերյալ միգեղեցիկ աշխատություն է: Սրանից զատ ես գնել եմ նաև մի քանի հատ հայերեն գրքեր, ա՛յ, օրինակ, Մելիք-Շահնազարյանցի «Բուսական աշխարհը», «Գործնական գինեգործություն» և «Շերամապահություն» ուղեցույցները: Նույնպես Քաջունու «Մեղվաբուծությունը» և «Շերամապահությունը»: Թեպետ ռուսերեն ձեռնարկներովես կարող եմ լիուլի ծանոթանալ գյուղատնտեսական այս կամ այն ճյուղին, և ըստ այնմ, հարկ եղածը սովորեցնել գյուղացիներին, այնուամենայնիվ, այս ձեռնարկների մեջ կլինեն բազմաթիվ տերմիններ, որոնց հայերենը չգիտեմ: Ահա՛ այդ դեպքում օգնության կհասնեն ինձ հայերեն ձեռնարկները:

– Այո՛, լավ ես մտածել, գյուղացու աչքում ամեն կերպ պետք է հեղինակավոր երևալ: Բայց ուրիշ էլ ի՞նչ պատրաստություն ունիս:

– Էլ ի՞նչ պիտի ունենամ, մնացածն էլ գլխումս է…

– Եվ գրպանումդ, իհարկե:

 

– Առանց դրան հո բան չի առաջանալ: Բայց, սկզբում, կարծեմ, հարկ չի լինիլ գրպանի օգնության դիմելու: Դեռ առաջ պետք է գյուղը մտնել, գյուղացուն ու նրակարիքներին ծանոթանալ, իսկ այնուհետև ամեն բան հեշտ է:

– Նախանձում եմ քեզ, բարեկամ, որքա՛ն բախտավոր ես, որ կարող ես այդպես ազատորեն նվիրվել հասարակաց գործին, իսկ ես…

– Ո՞վ է քեզ խանգարում հետևել ինձ:

– Ո՞վ է խանգարում… աղքատ ծնողներ պահելու, քույր ու եղբայր ապրեցնելու, և նույնիսկ, ինձ նման ահագին մարդուն կերակրելու անհրաժեշտությունը:

– Այո՛, իրավունք ունիս, քո դրությունը ծանր է, – հարեց իսկույն Կամսարյանը, զգալով որ ընկերի ցավոտ տեղը շոշափեց:

– Բայց վիճակս մասամբ բարվոքելուց հետո, պիտի հիշեմ նաև քեզ հետևելու պարտքս. մի՛ կարծիր թե ուսանողական ժողովի որոշումը կարող եմ երբևիցե մոռանալ:

– Մի՛ վշտանար, բարեկամ, քո ծնողներն ու հարազատները նույնպես հասարակության անդամներ են. եթե դու նրանց խնամում ես, դրանով արդեն որոշ չափով ծառայում ես հասարակությանը: Ես հավատացած եմ, որ երբ դրությունդ բարվոքվի, կաշխատես ավելին անել:

– Անշուշտ:

– Ուրեմն չխոսենք այլևս այդ մասին. դառնանք իմ ձեռնարկության: Ի՞նչ խորհուրդ ես տալիցս. ո՞ր կողմում հաստատեմ օգնության գործը:

– Դու դեռ չե՞ս որոշել:

– Ո՛չ, որովհետև մտածում եմ թե բոլոր կողմերն էլ միևնույնն են ինձ համար, ուր որ հայ շինական կա, այնտեղ էլ կարող եմ գործել:

– Եվ շատ լավ ես մտածում: Նստի՛ր երկաթուղի և գնա դեպի աջ: Հենց որ հասար Աղստաֆա (դա մեր պատմական Աղստևն է, չմոռանաս), իջի՛ր այնտեղ:Փոստային կառքը Աղստև գետի ուղղությամբ կտանե քեզ դեպի Դիլիջան: Անցե՞լ ես դու այդ ճանապարհով:

– Ո՛չ:

– Լավ, ուրեմն, կերթաս և կտեսնես այն աշխարհը, ուր քո պապերն են ապրել: Կարող ես հենց առաջին պատահած գյուղում իջնել և այնտեղ էլ քո օգնության գործը հիմնել: Այժմվանից, իհարկե, դժվար է որոշել թե ի՛նչ պիտի անես, բայց երբ կմտնես ժողովրդի մեջ, այն ժամանակ արդեն ինքդ կտեսնես նրա կարիքները և կսկսեսհոգալ կարևոր դարմանը: Ինչպես լավ, նույնպես և վատ օրինակը վարակիչ է: Երբ քո ձեռքը կստեղծե մի գյուղում գովության արժանի գործ, կտեսնես, որ հետո լույսկ ընկնեն ուրիշ ձեռքեր, որոնք նույնը կանեն ուրիշ գյուղերում: Ո՞վ գիտե, գուցե հենց քեզ է վիճակված կարապետ լինել այն գաղափարական գործին, որ ամփոփում էյուր մեջ գյուղական ժողովրդի ապագա բարօրությունը և որի մասին այնքան շատ խոսել ու քարոզել է հայ լրագրությունը: Երևակայիր թե ինչպիսի հռչակ պիտի վաստակես դու հայ հասարակության մեջ, երբ հայտնի լինի մի օր թե` այն, ինչ որ գրողները միայն երազել են, դու արդեն մարմնացրել ես քո հաստատուն կամքով:

– Դու ինձ ոգևորում ես, բարեկամ, – բացականչեց Կամսարյանը և ընկերոջ ձեռքն առնելով ամուր-ամուր սեղմեց:

– Ոգևորվի՛ր ու գնա գործիր: Աստված անշուշտ կօրհնե քո ընտրած ճանապարհը:

Այսքանն արդեն բավական էր, որ Կամսարյանն յուր որոշումը իրագործեր անպատճառ: Ընկերոջ հեռանալուց հետո նա սկսավ կարգի բերել յուր իրեղենները ևկապկպել:

Չնայելով, որ այդ առթիվ Լիդիա Պավլովնան ու Կիրիլ Կարպիչը մի անգամ ևս լուրջ վիճաբանություն ունեցան իրենց որդու հետ և այս անգամ մայրը ոչ միայն հուզվեց, այլև կարողացավ լաց լինել, այսուամենայնիվ, Պետրոսը մնաց անընկճելի: Միակ զիջումը, որ նա արավ ծնողներին, այն էր, որ խոստացավ չերկարել ճանապարհորդությունը և աշխատել մի քանի շաբթով վերադառնալ Բորժոմ:

Այս պայմանը խաղաղացրեց երկու կողմերն էլ և Պետրոսը մի լուսնկա երեկո յուր պարկ ու պուրկը կառքի մեջ ժողովելով, ճանապարհվեց դեպի երկաթուղուկայարանը: