Za darmo

Անմեղ զրույցներ

Tekst
0
Recenzje
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Դ

Այժմ այլևս ավելորդ է թվել, թե ի՞նչ նյութերի մասին եմ գրել ես իմ երկրորդ, երրորդ, չորրորդ և այլն և այլն նամակներում: Այդ երջանիկ օրերից սկսած մինչև այսօր անցել են շատ տարիներ և այդքան ժամանակի ընթացքում «Հնձվորում» հրատարակված իմ թղթակցությունների մեջ ես շոշափել եմ հարյուրավոր ու հազարավոր հարցեր: Այդ ամենի մասին հիշել անկարելի է: Այսքանը միայն կասեմ, որ իմ հրապարակախոսական գործունեության ընթացքում հետևել եմ միշտ մի ազնիվ սկզբունքի, այն է` խոսել ու գրել ճշմարտությունը, և միայն ճշմարտությունը: Բայց, իհարկե, ոչ այնպես, ինչպես որ նա կա, (այդպես կարող է անել ամեն մի տիրացու), այլ այնպես, ինչպես որ պիտի լինի, որովհետև ա՛յդ է պահանջում կուսակցական ճշմարտության Էտիկան, որն ուսումնասիրել և յուրացրել եմ շարունակ «Հնձվորի» գոհարները կարդալով և նրա ուղղության գաղտնիքը վերլուծելով:

Այս իսկ պատճառով ամեն մի թղթակցություն շարադրելիս աչքիս առաջ եմ ունեցել հայր գործակալի «ձյունի կյոնդրակը» և «օխտը ագռավ ծնող տեր Պուղու» պատմությունը: Դրանք, այո, եղել են ինձ համար լուսատու փարոսներ իմ հրապարակախոսական նավի հորձանուտ ճանապարհի վրա և դրանց եմ պարտական գրական ասպարեզում ձեռք բերած իմ հաջողությունն ու հռչակը:

«Հատուկ թղթակցի գործունեության ասպարեզը – մանավանդ այն թղթակցի, որ կոչումն ունի ազատ, մտրակող և մերկացնող ուղղությանն հետևելու, չափազանց ընդարձակ է և շնորհակալ: Գավառի մեջ, մանավանդ, այդ կոչման հետ կապված են որոշ իրավունքներ, որոնցից թղթակիցը կարող է օգավել ինչպես և ինչ չափով որ կամենա: Բավական է, որ նա յուր ձեռքին ունի մի դրոշակ, որի վրա գրված են հետևյալ վեհ խոսքերը. «ազատամտություն», «նոր և թարմ հոսանք», «հարվածել ու մտրակել», «կորչի խավարը և հետադիմությունը», «ատում ենք կղերականներին», «ով որ մեզ հետ չէ, մեր դեմն է»: Այլև մի բառարան, որ յուր մեջ ունենա 500-ից մինչև 1000, կամ առավելն 2000 ընտիր, բայց, միևնույն ժամանակ ազդու հայհոյանքներ, համեմված հարձակողական և մտրակողական դարձվածքներով, որոնք որչափ հանդուգն լինեն ու սանձարձակ, այնքան ավելի լավ, որովհետև ինչպես գիտեք, քացախի թունդն է լինում հարգի:

Եվ ահա՛ այդ գեղեցիկ ուժերով զինված, դուք մտնում եք… բայց ոչ, այստեղ մի փոքր պիտի շեղվեմ:

Հայոց ազգը հո գիտե՞ք ինչ ազգ է: Երևելի ազգ է, ամեն բան ունի: Ամենից առաջ ունի մի ազգային եկեղեցի, որ թեպետ մի փոքր հետադեմ է, բայց վնաս չունի за то շատ հին է: Նրա գոյությունն, ասում են, Քրիստոսից շատ առաջ է հիմնված, չգիտեմ, Բագրատունյաց ո՞ր թագավորի ժամանակ: Թվականը չեմ հիշում: Ես, առհասարակ այդպիսի սխոլաստիկական խնդիրներով չեմ զբաղվում: Ճշմարիտն ասած նոր սերնդին չի էլ սազում վատնել ժամանակն այդպիսի դատարկ բաների վրա: Այսքանը միայն գիտեմ, որ նա շատ հին է, և ինչպես «Հնձվորն» էլ ասում է` ունի ժողովրդական ոգի, որի պատճառով էլ կատարում է ժողովրդական ընտրություններ, ինչպես օրինակ, քահանայի, երեցփոխանի, հաշվատեսի, պատգամավորի և այլն:

Հայոց ազգն ունի, նաև, հոգևոր դպրոցներ, որոնց մեջ դասախոսում են վարժապետներ, իսկ վարժապետներին ընտրում է տեսուչը, տեսչին հոգաբարձուները, հոգաբարձուներին ժողովուրդը, իսկ ժողովրդին… հա՛, ներողություն. դենը ճանապարհ չկա:

Հայոց ազգն ունի հոգևոր ատյաններ, որոնք կառավարվում են անդամներով, իսկ անդամներին կառավարում է առաջնորդը, առաջնորդին կաթողիկոսը, կաթողիկոսին… Այստեղ էլ, կարծեմ, ճանապարհը փակ է, բայց սազում է, որ ասեի «իսկ կաթողիկոսին ժողովուրդը»:

Վերջապես հայոց ազգն ունի բարեգործական ընկերություններ, որոնք կառավարվում են վարչություններով, իսկ վարչությունը բաղկացած է անդամներից ու նախագահից, որոնց, ինչպես գիտեք, ընտրում է ընդհանուր ժողովը, իսկ ընդհանուր ժողովը կազմվում է անդամներից, որոնք, բոլորն էլ, ժողովրդական ոգի ունին, որովհետև աշխարհականների որդիք են: (Միջանկյալ պիտի ասեմ, որ դրանք միակ հաստատություններն են, որոնք ազատ են կղերական տարրից և նրանց ազդեցությունից. դժբախտաբար դրանք էլ այն վատ կողմն ունին, որ ընդունում են հետադեմ անդամներ, որոնց հետ երբեմն ստիպված ենք լինում ընդհարվիլ):

Ահա՛, այս բոլոր տեղերն ու հաստատություններն, որոնք ժողովրդական ոգու արտադրություններն են, կազմում են «հատուկ թղթակցի» գործունեության ասպարեզը:

Հիշածս դրոշակը ձեռքիս և բառարանը կռանս տակ ես մտնում եմ այդ ասպարեզներից, որը կամենում եմ, որովհետև իմ առաջ բաց է ամեն դուռ, եկեղեցո՞ւ լինի այդ թե՛ դպրոցի, առաջնորդարանի՞ լինի թե բարեգործական ընկերության, միևնույն է. ամեն տեղ էլ ես մտնում եմ ազատորեն, ինչպես որ կմտնեի իմ հոր տունը կամ իմ պապի բախչեն:

Առաջին անգամ, որ կոխում եմ դռան շեմքը, մի թեթև հազում եմ: Ներկա եղողներն իսկույն նայում են ներս մտնողին և զգաստ դիրք ստանում: Այդ ժամանակ արդեն ես գլխարկս հանում եմ: Իբրև ծայրահեղ առաջադիմական, ես այդ անում եմ մի քանի քայլ դահլիճում առաջ գնալուց հետո: (Հետադիմականներն, ընդհակառակը, գլխարկները հանում են նախասենյակում, որ նշան է նրանց երկչոտ և նվաստողի լինելուն): Իսկույն մի խուլ շշուկ տարածվում է ժողովրդի մեջ: Լսվում են հարցերը. «ո՞վ է սա» և պատասխաններ. «Հնձվորի» թղթակիցը, կամ «պարոն Հակօն»:

Ես, իհարկե, այդ վայրկյանին դիմում եմ դեպի իմ աթոռը, գլուխս վեր բռնած, կուրծքս դուրս ցցած և կարելվույն չափ սիգաճեմ: Զգում եմ, որ նախագահն ու վարչության անդամները հետևելով իմ քայլերին` կամենում են ինձ ողջունել: Բայց ես անցնում եմ առանց նրանց նայելու, լուռ և իբր թե մտախոհ:

Նստում եմ վերջապես «հատուկ թղթակցի» աթոռին: Եվ թեպետ չգիտեմ, թե ինձանից առաջ ի՞նչ են խոսել, կամ ի՞նչ հարցեր շոշափել, այսուամենայնիվ տեսնելով, որ շատերը մատներնին բարձրացրած խոսք են ուզում նախագահից, ես էլ բարձրացնում եմ ցուցամատս, որպեսզի հասկացնեմ ժողովին, թե «մենք էլ այստեղ ենք»:

Նախագահն իսկույն գլխով է անում, որ կնշանակե թե` «ձեր խոնարհ ծառան եմ», ես սպասում եմ:

Այդ միջոցին խոսողը մի պահպանողական է, բայց ես նրան չեմ լսում, որովհետև իրավունք չունիմ լսելու: Գուցե նա խոսում է լավ բաներ, գուցե շատ էլ խելոք մարդ է, բայց քանի որ, պահպանողական է, այդ արդեն բավական է, որ ես համոզվեմ, թե նա լավ բան ասել չէ կարող: Եվ հենց այդ պատճառով էլ, բոլոր ժամանակ, որ նա խոսում է, ես ազատամիտ մարդուն վայել անհամբերությամբ, ծամածռություններ եմ անում, որով բոլոր դահլիճն հասկանում է, որ Հակօն դեմ է խոսողին: Այդքանն արդեն բավական է, որ ճառախոսը ոչ մի սպիտակ քվե չստանա, եթե հավակնություն է ունենալու յուր տուփը դնելու:

Ա՛յ, ուրիշ բան է հաջորդ ճառախոսը. նա ազատամիտ Ճաճուռյանն է: Եվ չնայելով, որ չգիտեմ թե ի՞նչ պիտի խոսի, այսուամենայնիվ, ես լիովին համաձայն եմ նրա հետ: Որովհետև հաստատ գիտեմ, թե ինչ էլ որ խոսի, հարմար պիտի լինի մեր ուղղությանը: Մի փոքր անցնում է թե չէ, գուշակությունս կատարվում է, նա հայտնում է հրաշալի մտքեր, ամենն էլ առաջադիմական, ես նրան ծափահարում եմ, ինձ ձայնակցում են մեր ընտիր համախոհները:

Շուտով հերթը հասնում է ինձ, թեպետ ես այդպես շուտ չէի սպասում… Բայց որովհետև նախագահը մեր բանակից է, ուստի կուսակցական քաղաքականության էտիկետը պահպանելով ինձանից առաջ ձայն խնդրողներին նա թողնում է անուշադիր և սիրալիր ժպիտով դառնում է դեպի ինձ.

– Պարոն Հակօ, այժմ խոսքը ձերն է:

Ես, սկզբում, իհարկե, մի փոքր շփոթվում եմ, որովհետև, խոստովանանք լինի, խոսելու մի առանձին շնորհք չունիմ, բացի այդ, այն վատ սովորությունն էլ ունիմ, որ ցուցամատս բարձրացնելու միջոցին, որոշած չեմ լինում թե ի՞նչ պիտի խոսեմ: Իսկ այժմ քանի որ հերթը հասել է ինձ, իբրև «հատուկ թղթակից» պետք է արժանապատվությունս բարձր պահեմ, ուստի բոլորովին ինձ չկորցնելով բարձրանում եմ աթոռից և մի բարձրահոն հայացք ձգելով ժողովականների վրա, պարզ և մեկին արտասանում եմ հետևյալ համառոտ, բայց բազմաբովանդակ ճառը.

– Պարոն նախագահ, պատիվ ունիմ հայտնելու հարգելի հանդիսականներին թե ես, իսկապես, կամենում էի ասել այն, ինչ որ պարոն Ճաճուռյանն ասաց. ես լիովին համաձայն եմ պարոնի հայտնած մտքերի և կարծիքների հետ:

Այս խոսքերը խոր տպավորություն են անում ժողովի վրա:

Դուք հիմա կասեք թե «հատուկ թղթակցին» չի վայելիլ այդքան համառոտախոս լինել: Ես կպատասխանեմ, որ սխալվում եք: Հատուկ թղթակիցն ավելի պարտավորություն էլ չունի խոսելու: Ով ուզում է թող խոսի, ճառեր արտասանե, ընտրություններ կատարե, այսուամենայնիվ, այդ բոլոր խոսքերի, ճառերի և ընտրությունների նկատմամբ հրապարակով վերջին կարծիք հայտնելը մեզ է պատկանում:

Եթե ճառախոսը «մեր մարդն» է, ես նրա հայտնած մտքերն ու կարծիքները «Հնձվորում» անվանում եմ «բարձր, վսեմ և գաղափարական», եթե հակառակորդ է, ասում եմ` «հետադիմականին մեկն այսինչ ժողովում հայտնեց անդրջրհեղեղյան, բորբոսնած մտքեր»:

Եթե ժողովի ընտրությունները կատարվում են համաձայն մեր ցանկության, այն ժամանակ ես հայտնում եմ, թե «այսինչ ընդհանուր ժողովը կայացավ ամենայն օրինավորությամբ և ընտրության արդյունքը եղավ փայլուն, որովհետև ընտրվեցան միայն առաջադիմականները: Բայց, եթե դրանց մեջ ներս է ընկնում մի պահպանողական, այն ժամանակ արդեն ասում եմ. «թեպետ ժողովը կանոնավոր եղավ, բայց վերջում խավարամիտները քվեները խարդախելով և մի քանի ժողովականների միամտությունը շահագործելով ընտրել տվին իրենցից մինին»:

Պատահում է, իհարկե, և ժողով, ուր բոլոր ընտրվածները լինում են պահպանողականներ: (Այդպիսի դժբախտություն հասել է հայոց ազգին մի քանի անգամ): Եվ այդպիսի ժամանակ ես այլևս չեմ քաշվում զուտ ճշմարտությունը հայտնելու, ժողովն, ուղղակի, հայտարարում եմ. «ապօրինի», ընտրությունները` «անվավեր», իսկ ժողովատեղը` «Արշակավան»:

Այս եղանակով ես գործում և ճշմարտությունը հայտնում եմ, նաև, պատգամավորական, հոգաբարձական և երեցփոխական ընտրությունների վերաբերմամբ:

Եթե պատգամավորը «մերոնցից է», ես նրան ուղղակի անվանում եմ «սուրբ գործի համար յուր անձն ու հոգին նվիրող»: Եթե «մերոնցից» չէ, տալիս եմ նրան յուր սեփական անունը, այն է` «պնակալեզ և ստրկահոգի կղերական»:

Եթե հոգաբարձուն «մեր բանակիցն է», ես չեմ ծածկում նրա արժանիքը. հայտնում եմ, որ դա անզիվ ու ազատ գաղափարներով տոգորված, դպրոցի, առաջադիմության նախանձախնդիր և հանճարավոր ուղեղի տեր մեկն է»: Բայց եթե «հակառակորդ բանակից» է, նրա թերությունները պարզ է. նա «կաշառակեր է, անբարոյական և Մաթուս աղայի ժամանակակից գաղափարներով սնված»:

Եթե երեցփոխը «մեր մարդն» է, նրա նկատմամբ կատարում եմ իմ պարտքը, հայտարարելով նրան «անբիծ, անշահասեր, վերին աստիճանի բարեպաշտ և աստծու տան օգտին յուր անձը նվիրող», իսկ եթե «մեր մարդը չէ», այն ժամանակ, ինչ ասել կուզի, որ քաղաքացիական քաջություն պիտի ունենամ անվանելու նրան «գող, ավազակ, եկեղեցու գույքը հափշտակող» և այլն ըստ կարգին:

Գալով վարժապետներին, տեսչին, առաջնորդին և այլն, դրանց գործունեության նկատմամբ ես հետևում եմ միևնույն հաստատուն ուղղության, մնալով միշտ ազատասեր, ճշմարտախոս, մերկացնող, հարվածող-մտրակող, միով բանիվ զտարյուն «հնձվորական»:

Այս էլ պիտի ասեմ, որ «հատուկ թղթակցի» գործունեությունը չի սահմանափակվում միայն ազգային հաստատությունների մասին գրելով: Ո՛չ, գավառական քաղաքում ուրիշ բաներ էլ կան, որոնցով մենք հետաքրքրում ենք լրագրի ընթերցողներին: Կա, օրինակ, քաղաքագլուխ, կան վարչության անդամներ, ինքնավարական իրավունք, հետո` քաղաքի մաքրության, բարեկեցության և առողջապահության վերաբերյալ խնդիրներ. կա՛ն կապալառուներ, վաշխառուներ, վաճառականներ և այլն: Այս բոլորի մասին նույնպես ես իրավունք ունիմ գրելու: Եվ գրում եմ, իհարկե, այն ինչ որ կամենում եմ, կամ ինչ որ պահանջում է կուսակցությունից անբաժան իմ անհատական շահը:

 

Կար ժամանակ, երբ թղթակիցներից պահանջվում էր շատ քիչ բան. այն է` լինել լոկ արձանագրող որևէ գործի կամ դեպքի: Այդ նահապետական ժամանակի թղթակիցը կարող էր, ուրեմն, լինել և սահմանափակ խելքի ու զարգացման տեր մեկը, և նա, համենայն դեպս, կգոհացներ յուր ընթերցողներին: Բայց այժմ այդպես չէ: Այն օրից, որ հայ ազգի կյանքը բարդացավ և նրա մեջ ծնունդ առին ազատամտական, առաջադիմական և մտրակողական ուղղություններն, այն օրից, երբ լույս աշխարհ հանվեցան խավարում ծածկված պահպանողականները, հետադիմականները և կղերականները, մերկացնող ուղղության հետևող խմբագրություններն այլևս չեն բավականանում հասարակ տեսակի թղթակցություններով, նրանք պահանջում են, որ «հատուկ թղթակիցն» ունենա ոչ միայն արձանագրելու, այլև հորինելու ու ստեղծելու ձիրք, որ նա կարողանա որևէ անձի գնդած ձյունը գլորել ու թավալել այնքան, որ սա մեծանա, վիթխարի ձև ստանա և տեսնողների վրա ահ ու սարսափ բերե: Կամ, ընդհակառակը, եթե մեկը պատահմամբ շինել է մի մեծ գունդ, հալե ու մաշե նրան այնքան, որ տեղը մնա աննշան մի գնդիկ:

Եվ հենց այս պատճառով էլ, եթե առաջ խմբագիրն այնքան երկչոտ ու ամոթխած էր, որ յուր լրագրում որևէ անճիշտ լուր տպված ժամանակ շտապում էր` հակառակ կողմից հասած հերքումը իսկույն տպագրելու, այժմ, ընդհակառակը, խմբագիրն ունի այնքան կորով ու քաջություն, որ ոչ միայն հզոր պաշտպանություն է ցույց տալիս յուր թղթակցին և՛ համառությամբ նրա հաղորդած անճշտությունների վրա պնդում, այլև թղթակցի վարկը ժողովրդի աչքում բարձրացնելու համար, այդ անճշտությունների վրա հիմնված առաջնորդողներ է գրում և յուր խոսքն ավելի ազդու անելու համար թղթակցի ստերից վկայություններ բերում:

Ճշմարիտ է, գավառական քաղաքում գործի իսկության ծանոթ մի քանի մարդիկ վրդովվում են և հայհոյում սխալ տեղեկություններ հաղորդող թղթակցին, բայց դրանից ինչ դուրս կգա, հո մյուս քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ կարդո՞ւմ են մեր հաղորդածը և ընդունում նրանց զուտ ճշմարտության տե՞ղ:

Տասը-քսան մարդ ճշմարտությունն իմանալով ի՞նչ կարող են անել, քանի որ նրանց հերքումը չի տպագրվելու լրագրում: Տասնյակ հազարավոր մարդիկ մեր շնորհիվ արդեն սևին ասել են սպիտակ և այդ բավական է, ձայն բազմաց` ձայն աստուծո:

Հանգամանքների այդպիսի բարեբախտ փոփոխության շնորհիվ է, որ մենք այսօր ոչ միայն մեծ հարգ ու պատիվ ենք վայելում ժողովրդից, այլև կարողանում ենք հեղափոխություններ առաջացնել նրա լճացած ու բորբոսնած կյանքի մեջ:

Հիշենք մի օրինակ:

Քսան տարի սրանից առաջ մի անհեթեթ կարգադրություն եղավ:

Հրամայել էին, որ մեր դպրոցների աշխարհական հոգաբարձուների թվում ընտրվեն նաև մեկ-երկու քահանաներ, որոնք, ինչպես գիտենք, զուտ կղերականներ են: Այս կարգադրությունը, ինչպես որ սպասելի էր, հուզեց ու վրդովեց ողջ ազատամիտ աշխարհը:

– Ո՞նց թե հոգևոր դպրոցների մեջ մուտ գործե հոգևորականը, այս ի՞նչ խավարամտություն է, – հարցրինք մենք իրար` լցված արդար բարկությամբ:

Բանից երևաց, որ այդ կարգադրությունն արել է հայոց հոգևոր տերը:

Մենք զարմացանք:

«Հայոց հոգևոր տերը ի՞նչ գործ ունի մեր հոգևոր դպրոցների հետ», – հարցնում էինք իրար լուռ փսփսալով և սակայն այդ հարցին պատասխան չէինք գտնում:

Հանկարծ բարեկամներիցս մեկը մի զարմանալի միտք հայտնեց.

– Հայոց հոգևոր տերը, – ասաց նա, – երևի այն կարծիքի է, թե` քահանաները ևս հայեր են: Իսկ նրանց որդիքը, որ փարաջա չեն հագնում, աշխարհականներ: Հետևապես, ինչպես որ գդակակար Մակին, կամ բազազ Սերոբը աշխարհական լինելով իրավունք ունին հոգաբարձու ընտրվելու, և իրենց որդվոց շահերը դպրոցում պաշտպանելու, այնպես էլ քահանան, հայ անվանելով իրեն, պիտի խառնվի հոգևոր դպրոցի գործերում, առարկելով թե պաշտպանում է այդտեղ յուր աշխարհական որդու շահերը:

– Ո՛չ, այդպես չէ, – հարեց մի ուրիշը, – որովհետև մենք, աշխարհականներս, ամեն կերպ խառնվում ենք եկեղեցու գործերում, առարկելով թե մեր եկեղեցին ժողովրդական է, ահա՛, հոգևոր տերն էլ քահանաներին խառնում է մեր հոգաբարձուների հետ, որպեսզի մի օր ասե. թե` դպրոցներն էլ հոգևորական են:

Այս տարօրինակ, բայց կարի հավանական բացատրություններն ուղեղս ցնցեցին: Սկսա մտածել, թե ի՞նչ միջոց գործ դնենք ծնունդ առած չարիքն արմատախիլ անելու:

Եվ ահա՛ հանկարծ գլխումս ծագեց մի հրաշալի միտք, որը ես դարձյալ վերագրեցի մուսաների ազդեցության: (Միջանկյալ պիտի ասեմ, որ վերջին ժամանակներս մուսաները շուտ-շուտ են երևում մեր երկրում: Ասում են բանաստեղծ Հովհաննես Թումանյանն էլ ջրի վտակում մի մուսա է բռնել: Բայց խավարամիտ հետադիմականը փոխանակ նրանից շնորհ խնդրելու, փող է ուզել, մուսան էլ փասա-փուսան հավաքել, փախել է): Հա՛, այն էի ասում, գլխումս մի հրաշալի միտք ծագեց: – Կղերական կուսակցությունից և նրա ազդեցությունից ընդմիշտ ազատվելու համար պետք է հեռացնենք եկեղեցիներից բոլոր քահանաներին, իբրև հայ ազգին չպատկանող մի տարրի – մտածեցի ես:

Եվ երբ այս մասին հետևյալ օրը հայտնեցի պատգամավորների նախապատրաստական ժողովում, բոլոր առաջադիմականները միանվագ ծափահարեցին: Բայց հետադիմականներն սկսան ծիծաղել: Եվ զարմանալի էլ չէր: Այդ մարդիկ չեն կարող որևէ թարմ ու նոր միտք ըմբռնել ու մարսել, նրանց հետաքբքրում է միայն հինն ու փտածը: Այդ պատճառով էլ խավարասերներից մեկը հետևյալ տղայական դիտողությունն արավ.