Za darmo

Անմեղ զրույցներ

Tekst
0
Recenzje
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Գ

Հա, դուք կամենում էիք իմանալ, թե ինչպես դարձա ես «հատուկ» թղթակից, բայց ես միջանկյալ պատմություն արի, հոգ չէ, այդ էլ հարկավոր էր, այժմ կդառնամ բուն խնդրին:

Վերադառնալով տուն, նախ սկսա մտածել այն մասին, թե ի՛նչ լավ բան է շփումն ունենալ հասարակական գործիչների հետ, կարծիքներ լսել, մտքեր փոխանակել կամ չգիտցածը սովորել:

Առաջին գրական երկս «Հնձվորին» ղրկելու ժամանակ խոստովանում եմ, երկո՞ւ թե երեք վայրկյան խղճի խայթ ունեցա, որովհետև մտածեցի, թե արդյո՞ք լավ եմ անում, որ չեղած բանը գրում եմ թե՞ ոչ: Ասենք դա սկի խղճի խայթ էլ չէր, այլ լոկ անփորձության երկյուղ: Իսկ ա՞յժմ, հայ գործակալի բերած օրինակները լսելուց հետո այնպիսի մի անհողդողդ քաջություն եկավ վրաս, որ կարծես պատրաստ էի աշխարհը գլխի վրա շուռ տալու, եղածը չեղած, սպիտակը սև, փոքրը մեծ, կարճը երկար, հաստը բարակ, մի խոսքով, աներևույթը երևութական դարձնելու, միայն թե կարողանայի շարունակ գրել և այդպիսով ծառայել գրականաթյանը: Օ՛, ի՞նչ ոգևորություն էր այս և ինչ չէ կարող անել մարդ հափշտակության այդպիսի վայրկյաններում:

Եվ ես սկսա գրել: Բայց ի՞նչ եք կարծում, ի՞նչ… Մի որևէ լո՞ւր, երբե՛ք: Այս անգամվա ոգևորությանը լուրի ոգեվորություն չէր, այլ մի ամբողջ թղթակցության, որ գրական աշխարհը հուզեր, կրքեր վառեր, մտքեր բորբոքեր… Այո՜, և ես սկսա գրել, ո՜չ, շարադրել այդ թղթակցությունը: Եվ շարադրում էի, ի՞նչ եք կարծում քանի՞ օր, – ուղիղ տասներկու, առավոտից սկսած մինչև երեկո: Առաջին երկու օրը զբաղված էի միայն իմ տետրակից բառեր ու ոճեր քաղելով: Հետո կարգի բերի այն հարցերը, որոնց մասին պետք է գրեի: Ապա սկսա իսկական շարադրությունը, որ ինձանից խլեց ուղիղ հինգ օր հետո շարադրությանս մեջ զետեղեցի իմ ընտրած բառերն ու ոճերը, վերջն արտագրեցի, օրինակեցի, միավ բանիվ դուրս եկավ մի հսկայական աշխատություն: Եվ ուրիշ կերպ էլ չէր կարելի, երբ մարդ մի լուրջ բան է գրում, պետք է լրջորեն էլ պարապե, քննե, հետազոտե, ուսումնասիրե…

Որովհետև այդ թղթակցությունն ամբողջապես առաջ բերել չէի կարող, ուստի համառոտ հիշեմ, թե ի՞նչ խնդիրներ էի շոշափել դրա մեջ:

Սկզբում հարձակվեցի այն բոլոր ստոր արարածների վրա, որոնք սկսել Էին որոնել լուր հաղորդող թղթակցին, ինչպես օրինակ տեր Սեղբոսը և նրա նմանները: Այս պարբերության համար հատկապես իմ ոճերի տետրակից արտագրել էի հետևյալ գեղեցիկ խոսքերը՝ «Պարոններ, իզուր եք որոնում, կամ հալածում թղթակիցներին, նրանք հանցավոր չեն, որ գրում են ճշմարտությունը, իսկ ճշմարտությունը մի հայելի է, որի մեջ ցոլանում է ձեր պատկերը. հայելին մեղավոր չէ, որ այդ պատկերը նրա մեջ երևում է տգեղ և զզվելի»:

Այս կտորն այնքան գեղեցիկ էր, որ ես հինգ անգամ, իրար վրա կարդացի:

Հետո սկսա խոսել, «մտրակողական» ուղղության մասին, անվանելով նրան «ժողովրդի փրկություն»: Եվ այդ անունն արդարացնելու համար առաջ բերի այն հզոր ազդեցությանը, որ արել էր «Հնձվորը», հրապարակ հանելով քահանաների տգեղ արարքը: «Նույնիսկ կղերականությունը չկարողացավ անտարբեր մնալ այդ մերկացումի առաջ և ստիպված էր պատժել հանցավորներին» ասում էի ես:

Այս առիթով, սակայն, ես հարձակվեցի սրբազանի վրա, անվանելով անարդար և կողմնապահ, որովհետև իսկական հանցավորներին թողած, նա պատմել էր բոլորովին անմեղ մարդկանց (այս մեկն հո հաստատ գիտեի), և այդ արել էր, ասում էի, այն պատճառով, որ պատժվողները սրբազանի հետադեմ ուղղության կուսակից չէին: (Այս մասին թեպետ խոսք չէր եղել իմ ու տեր Սեղբոսի մեջ, այնուամենայնիվ ես պիտի գրեի, որովհետև իբրև թղթակից պարտավոր էի կատարված իրողության իսկական պատճառները հետազոտել, գտնել)…:

Չխոսելով այլևս մյուս հարցերի մասին, այսքանը միայն կասեմ, որ թղթակցությունս այնքան գեղեցիկ էր դուրս եկել, որ նա, մինչև անգամ, նմանվում էր իսկական թղթակցության: Հենց այս պատճառով էլ սիրտ արի նրա վերջում ավելացնելու իմ անձի վերաբերմամբ հետևյալ տողերը.

«Հանձն առնելով թղթակցի պատասխանատու պաշտոնը, մենք դրանով նպատակ ունինք ծառայել հասարակության իսկական շահերին: Մեր պարտքը կլինի ամեն մի դեպքում պաշտպանել արդարությունը, ճշմարտությունը, գեղեցիկը և բարին, իսկ իրավունքը` հալածել ու հարվածել անարդարությունը, սուտը, տգեղը և զզվելին»:

Այս ամենից հետո առաջ էր գալիս ստորագրության խնդիրը: Եթե իմ գրածների տակ դնեի միշտ իմ անունն ու ազգանունը, որ էր Հովսեփ Ավետիսյան Օհանյանց, դա շատ երկար կլիներ, և բացի այդ, ես կարող էի հաճախ ենթարկվել հարձակումների, կամ հրավիրվել դատարան: (Չէ՞ որ իբրև իմ կոչման հավատարիմ թղթակից, ես չէի կարող միշտ ճշմարտություններ գրել, մի տեղ որ ուղղություն կա, բանակ կա, կուսակցության շահեր կան, մի՞թե կարելի է միշտ ճշմարտություն խոսել): Այդ պատճառով էլ որոշեցի ընտրել մի կեղծ անուն: Բայց թվելով մի քանի տասնյակ բառեր, օրինակ` Բեղզեբուղ, Որոմնացան, Սանտարամետ, Մտրակահար, Հառաջադեմ և այլն, տեսի, որ դրանք բոլորն էլ թեպետ գեղեցիկ, բայց երկար բառեր են: Ես կամենում էի կարճը և քաղցրահնչյունը: «Արի իմ անվան, հորանվան և ազգանվան գլխատառերն իրար մոտ դնեմ և տեսնեմ, թե ի՞նչ դուրս կգա», – մտածեցի ես, և այդպես էլ արեցի, դուրս եկավ ՀԱՕ, որը ոչինչ չէր նշանակում: Բայց որովհետև պապիս անունն էլ Կարապետ էր, ուստի երբ նրա գլխատառն էլ մեջը դրի, դարձավ ՀԱԿՈ: Ի՞նչ գեղեցիկ ու հրաշալի բառ, բացականչեցի ես և այդ անունով էլ թղթակցությունս կնքելով ուղարկեցի «Հնձվորին»:

Անցավ տասն օր: Տասր դժվարատար, հույսով, ցնորքով և հուզմունքով լի օրեր… Անցուցե՞լ եք դուք երբևիցե այդպիսի օրեր… Իհարկե ոչ: Այդ ծանր, թեթև, քաղցր և դառն, միշտ տանջող և միշտ հաճելի օրերը միայն մեզ` գրականության մշակներիս է վիճակված… Այո՛, գրել, ստեղծագործել և սպասել, որ այդ ստեղծագործությունը լույս տեսնե, մտքեր ու սրտեր հուզե, կարծիքներ ծնեցնե, վեճեր հարուցանե և ստեղծագործողի անունը փառավորե կամ… խայտառակե: Վերջին բառն, իհարկե, ինձ չէ վերաբերում. բայց լինում են նաև այդպիսի դժբախտներ, մուսաներից ատված մարդիկ, որոնք գրում, կամ, իրենց կարծիքով ստեղծագործում են և վերջը խայտառակվում: Բայց թողնենք այդ դժբախտներին:

Տասն օր անցավ: Ստացվող «Հնձվորում» չէր երևում իմ թղթակցությունը. սկսում էի հուսահատվել… Հեշտ բան չկարծեք նստել 12 օր, գրել, շարադրել, միևնույն բանը տասն անգամ օրինակել և վերջը նրա տպագրությունը չտեսնել… Օ՛ դա զարհուրելի է… Բայց ինչպես երևում է, ինձ ոգևորող մուսան հսկում է եղել թղթակցությանս: Տասն և մեկերորդ օրը, այո՛, ճիշտ այդ օրը… բայց ոչ, նկարագրեմ, թե ի՞նչ օր էր այդ. – Պայծառ և գեղեցիկ, արևն առավոտը ծագել էր, իսկ երեկոյան պետք է մայր մտներ, հետո լուսինը պիտի ծագեր, մարդիկ և անասուններ եռանդով գործում էին, թռչունները երգում. բույսերը բսնում և ծաղիկները ծաղկում… դրանից կարող եք երևակայել, թե ի՞նչ հրաշալի օր էր այն: Եվ ահա, այդ հրաշալի օրը ստացա «Հնձվորի» մի համար: Տենդային հուզմունքից դողացող ձեռքերով բացի թերթը: Առաջին երեսում ոչինչ չկար, իսկ երկրորդում… Տեր ասավա՛ծ, մի՞թե ճշմարիտ էր, աչքերիս չէի ուզում հավատալ… Այդտեղ, այդ երկրորդ երեսում տպված էր, բայց ո՛չ, լույս էր տեսած, կամ ավելի ճիշտ ասած հրատարակված էր իմ թղթակցությունը… Առաջին անգամ, որ աչքս ընկավ ՀԱԿՕ-ի վրա, քիչ էր մնում, որ ուրախությունից խելագարվեի… ուրեմն դա երազ չէր և ոչ էլ ցնորք: Այո՛ դա իմ թղթակցությունն էր տպված հայոց ազգի պարծանք «Հնձվորում»: Եվ ես սկսա կարդալ: Բայց, ո՛վ զարմանք, ուրախությունն այնքան էր շշմեցրել ինձ, որ ամենից կարևորը, իմ ներկան ու ապագան փառավորողը դեռ չէի տեսել: Իմ հոդվածի սկզբում, «Նամակ խմբագրության» վերնագրի տակ, փակագծի մեջ նոսր գրերով տպված էր «Հատուկ թղթակցից»… Հասկանո՞ւմ եք, հատուկ թղթակցից, ուրեմն ես, Հովսեփ Ավետիսյան Օհանյանցս, կամ ըստ անվանակոչության Հակօ-ս, «Հնձվորի» «հատուկ», կամ որ նույնն է ասել «պաշտոնական» թղթակիցն էի: Եվ այս պատվաբեր կոչումը ոչ մի մահկանացու չէր կարող այլևս խլել ինձանից, որովհետև դա արդեն հաստատված, սրբագործված էր տպագրված տառերով ճշմարտության պաշտպան և ընդհանուր աշխարհին հայտնի «Հնձվոր» լրագրում… Ընդհանուր աշխարհին հայտնի եմ ասում, որովհետև նրա ճակատին պարզ գրած էր թե «արտասահմանից մեզ դիմում են հետևյալ հասցեով Tiflis, Redaction «Hindzvor». կնշանակե արտասահմանում նա հայտնի էր ամենքին: Այդպիսով, ուրեմն, ես էլ դառնում էի աշխարհահռչակ, իմ անունն էլ այնուհետև պիտի կարդացվեր ոչ միայն Կովկասում ու Ռուսաստանում, այլև Եվրոպայում, Ամերիկայում, Աֆրիկայում և Ավստրալիայում…

Վերջապես այդպիսի հուզումների և հոգեկան ամենաքաղցր գրգիռների ազդեցության տակ ես կարդացի իմ թղթակցությունը մի քանի անգամ, հիացա, հափշտակվեցի և ապա «Հնձվորը» սրտագին համբուրելով` դուրս եկա տանից:

Հասած լինելով արդեն այսպիսի բարձր աստիճանի, ես, իարկե, պիտի աշխատեի այնուհետև հեռու պահել ինձ հասարակ ամբոխից և գտնվել մշտապես որոշ բարձրության վրա: Բայց մինչ այդ դեռ հարկավոր էր իմանալ, թե ի՞նչ ընդունելություն է գտել իմ հոդվածը քաղաքի մեջ, կամ ի՞նչ ազդեցություն է արել նա ընթերցող հասարակության վրա:

Այդ վայրկենին, որ ոտքս դրի քաղաքի հրապարակում, ինձ այնպես թվաց, թե բոլոր մարդիկ աչքերնին սևեռեցին ինձ վրա, իսկ շատերը նրանցից հարգանքով բարևեցին: Ես, իհարկե, չնայեցի ոչ ոքին և առաջ էի գնում հաստատուն քայլերով ու «հատուկ թղթակցին» վայել լրջությամբ:

Օրը տոն լինելով` դպրանոցի վարժապետական խումբն ևս այդտեղ էր: Ես, իհարկե, միայն դրանց կարող էի մոտենալ, իբրև փոքր ի շատե ինտելիգենտ մարդկանց: Իմ ողջույնին ամենքը պատասխանեցին սիրով և քաղաքավարությամբ: Իսկ իմ հարցին թե` ի՞նչ նոր լուր կա, Ճաճուռյանն ասաց.

– Լուր չէ, այլ մի ամբողջ պատմություն… «Հնձվորի» այստեղի թղթակիցը գլխի վրա է դրել ամբողջ քաղաքը:

– Ինչպե՞ս, ի՞նչ է գրել, – հարցրի ես կեղծ անգիտությամբ:

– Օ՛, պետք է կարդաք, բառերով պատմել անկարելի է:

– Այսուամենայնի՞վ:

– Ասում եմ անկարելի է, է՛լ թղթակից պտրողներ, է՛լ առաջնորդ, է՛լ քահանա, է՛լ կուսակցական անարդարություն և այլն, և այլն չէ մնացել, բոլորն հրապարակ են հանված:

– Եվ լա՛վ է գրված:

– Փառավոր, «հատուկ թղթակցի» գործ է:

– Ուրախ եմ, որ հավանում եք, – ասացի ես ժպտալով: Ճաճուռյանն իսկույն բռնեց ձեռքս և քաշելով ինձ մի կողմ, հուզված ձայնով հարցրեց.

– Մի՞թե դուք եք գրողը:

Ես զարմացա նրա նուրբ հոգեբանական ընդունակության վրա:

– Ինչո՞ւ համար եք այդպես կարծում – հարցրի ժպտալով:

– Օ՛, մի ծածկեք, խնդրում եմ, հայտնեցեք ինձ ճշմարտությունը, ես գաղտնապահ կլինեմ այնպես, ինչպես գերեզմանի քարը, որ ոչ ոքի չի ասում, թե ո՞վ է յուր տակ պառկած:

– Ս՛ ս… կամաց խոսեցեք, ի սեր աստծո, – զգուշացրի ես:

– Ուրեմն, սիրելի բարեկամ, այդ դուք եք, դո՛ւք…

– Այո’, ինչո՞ւ ծածկեմ լավ բարեկամից… Բայց, խնդրում եմ` թող ոչ ոք այլևս չիմանա այդ:

– Բայց ախր դուք… ներողություն…

Ինձ թվում էր, թե նա կամենում էր ասել` «ախր դուք այնքան մտավոր պատրաստություն չունեք», բայց իմ աչքերի խիստ հայացքը զգաստացրեց նրան, ուստի խոսքը փոխելով հարցրեց.

– Բայց ախր այդ ի՞նչ անուն է, որ ընտրել եք:

 

– Հովսեփ Ավետիսյան – Կարապետյան Օհանյանցի գլխատառերը միացրեք դա կլինի՞…

Ճաճուռյանը մի փոքր մտածեց և ապա հանկարծ բացականչեց:

– Հակօ:

Բայց հենց այդ բառն էր, որ կարողացավ արտասանել և ապա ամոթից շառագունվեց, որովհետև զգաց, որ մեծ անքաղաքավարություն է արել` կասկած հայտնելով իմ մտավոր պատրաստության մասին:

– Ներողություն, սիրելի պարոն Հակօ, եթե ես վիրավորեցի ձեզ, – ասաց նա անկեղծ զղջումով:

Հակօ անունս առաջին անգամ լսելով կենդանի բարբառով խոսողից, այնպիսի մի քաղցր հաճույք զգացի, որ իսկույն էլ ասացի Ճաճուռյանին կատարյալ ներողամտությամբ.

– Անհոգ կացեք, բարեկամ, այսուհետև այլևս ես սրտիս չեմ առնիլ ոչ մի վիրավորանք: Մի անգամ, որ հրապարակախոսությունն ընտրել եմ իմ գործունեության ասպարեզ, ես պիտի աշխատեմ սովորել համբերություն: Ես պատրաստ պիտի լինիմ թե՛ վիրավորանքի և թե՛ հալածանքի. այդ դեպքում, անշուշտ, ինձ կմխիթարեն և կոգեվորեն մեծ հրապարակախոսների օրինակները:

– Անշուշտ, անշուշտ, – պատասխանեց Ճաճուռյանը խորին ակնածությամբ:

Ես կրկին զգուշացրեցի նրան – ոչ ոքի չհայտնել Հակօ-յի ով լինելը և հեռացա:

Բայց, բարեբախտաբար, «ոչինչ է ծածուկ որ ոչ յայտնեսցի»: Ճաճուռյանն այս մասին հայտնել էր Մոճոռյանին, Մոճոռյանը` Չանչուրյանին, Չանչուրյանը` Ձանգուրյանին և այդպիսով մի շաբաթից հետո արդեն բոլոր քաղաքը գիտեր, որ ես եմ Հակօ-ն, «հատուկ թղթակիցն» ազատամիտ «Հնձվորի»: