Za darmo

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Tekst
1
Recenzje
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

– Կարգին բան ասա, սիրտս մի ճաքացրու: Արի տես ինչ եմ ասում քեզ. գնա տուն, հեռախոսն անջատիր, մինչև տեսնենք ինչ է դառնում: Որ զանգեն՝ կասեմ չես եկել դեռ: Նայեցի՞ր գիշերվա հաղորդումը:

– Գիշերը ես գնացքում էի, ո՞նց կարող էի նայել:

– Միութենական դատախազի տեղակալ Ալեքսանդր Կատուսևը ելույթ ունեցավ: Մի՞թե արժեր աղդամցի այդ երկու պատանու զոհվելու մասին անստույգ տեղեկությունը հայտնել այս պայթուցիկ պահին, ընդ որում՝ նշելով նրանց անուն-ազգանունները, ծննդյան թվերը: Դրա մեջ դիտավորություն չե՞ս տեսնում արդյոք: Ես տեսնում եմ:

– Ես էլ եմ տեսնում, – ասացի ես:

Գլխավորի խորհրդով գնացի տուն: Ռենան, ամենայն հավանականությամբ, ինստիտուտից չի վերադարձել դեռ: Ես անջատեցի հեռախոսը: Միացրի միայն ժամը երեքն անց կեսին, մտածելով, որ նա արդեն տանն է:

– Ալլո: – Ռենան էր:

– Ողջույն, Ռեն, – արտաբերեցի ես հուզմունքով: – Ես եմ: Ինչպե՞ս ես:

– Բարև, – ուշացումով պատասխանեց Ռենան: – Ես հենց նոր մտա տուն: Դու հանձնեցի՞ր ստուգարքը… Վաղը չէ մյուս օրը կհանդիպենք ինստիտուտում: – Նա արագ ցած դրեց հեռախոսը:

Ես ժպտացի Ռենայի հնարամտության վրա: Պարզ է, չէր կարողանում խոսել: «Եղբայրը տանն էր», – մտածեցի: Քանի օր է՝ չէի տեսել, սաստիկ կարոտել էի: «Վաղը չէ մյուս օրը, պարապմունքներից հետո, քեզ կսպասեմ այգու մոտ», – մտովի ասացի ես՝ կրկին անջատելով հեռախոսը: Ամեն անգամ, բժշկական ինստիտուտից ոչ հեռու, այգու մոտ տեսնելով մեքենան, նա մի պահ կանգնում, ժպտալով նայում է, ապա, շտապ անցնելով տրամվայի գծերը, բերանը կիսաբաց, անուշ ժպիտը հրաշագեղ դեմքին, թեթևաքայլ մոտենում է: Ու ամեն անգամ ես ինձ բռնում եմ այն բանում, որ սարսափելիորեն, մթագնման աստիճանի խանդում եմ Ռենային. այնտեղ, ինստիտուտում, որևէ մեկը աչք չի՞ դրել, արդյոք, նրա վրա, ոչ ոք չի՞ սիրահետում նրան, այդ մտքից ես իմ ծնկներում սոսկալի թուլություն եմ զգում, սիրտս անկանոն, արագ-արագ սկսում է զարկել, շնչառությունս կանգ է առնում, արյունս ասես սառչում է… «Ցավետ տանեմ», – սա նրա սիրած ամենօրյա խոսքն է: Այս մի քանի օրվա մեջ երևի միլիոն անգամ մտածել եմ նրա մասին: «Թե իմանայիր ինչքան եմ սիրում քեզ, – դարձյալ մտովի ասացի ես Ռենային, – առանց քեզ օրը տարի է թվում ինձ»:

Տեղական հեռուստատեսությամբ ոչինչ չկար Ղարաբաղի մասին: Բաքվեցի երկու հայ թոշակառու՝ պատերազմի հաշմանդամ Սերգեյ Խաչատուրովն էր մեկը, մյուսը՝ հայերեն «Կոմունիստ» թերթի նախկին աշխատակից Կարո Առաքելովը, իրար ընդհատելով խոսում էին բարեկամության մասին, պատմում, թե իրենք ինչքան երջանիկ են ապրում Ադրբեջանում:

Ճոխ համերգ տրվեց, հայ երգիչներն ադրբեջանական երգեր էին երգում, ադրբեջանցի երգիչները՝ հայկական: Զեյնաբ Խանլարովան երգեց «Նունե» կատակային երգը. «Նունե, Նունե, Նունե, արի ինձի սիրե»: Տարօրինակ էր, բայց հաջորդ օրը երեկոյան նույնպես հայկական համերգ հաղորդվեց: Զեյնաբ Խանլարովան դարձյալ գեղգեղաց նույն երգը. «Հանդիպել եմ շատ շատերին, բայց սիրել եմ իմ Նունեին, իմ Նունեին փախցրին տարան, ես մնացի առանց Նունե»: Ընթերցանությամբ տարված, ուշ պառկեցի քնելու, իսկ առավոտյան արթնացա դռան զանգից: «Մի՞թե նորից Խեյրուլլան է, – անցավ իմ մտքով: – Եթե նա է, կասեմ, որ հենց նոր եկա»: Բարեբախտաբար, նա չէր, Սիավուշն էր: Ես ուրախ բացեցի դուռը:

– Ծերուկ, դու այս մինչև քանի՞սն ես քնում:

– Իսկ քանի՞սն է որ, – զարմացա ես:

– Տասներկուսն անց է՝ քանի՞սն է: Խմելու բան ունե՞ս:

– Առավոտ շուտ ի՞նչ ես անում խմելու բանը: Կոնյակ կխմե՞ս:

– Բեր: «Լիտերատուրնի Ազերբայջան» ամսագրի վերջին համարը չե՞ս նայել:

– Չէ, ի՞նչ կա այնտեղ:

– Իմ բանաստեղծությունների շարքը՝ նվիրված քեզ:

– Շնորհակալ եմ: Ցավում եմ, բայց չեմ կարդացել դեռ:

– Ես մի օրինակ քեզ համար վերցրել եմ, կբերեմ:

Ես սուրճ պատրաստեցի, կոնյակի կիսատ շիշը դրեցի սեղանին:

– Մենակ մի բաժակ, – ասաց Սիավուշը, – ավել չեմ խմի:

Մեկական բաժակ խմեցինք:

– Ծերուկ, դու ե՞րբ ես ինձ սուրճ եփելը սովորեցնելու: Քո պատրաստած սուրճը շատ համով է լինում: Երևանում Հովհաննես Ղուկասյանի տանը նույնպես շատ լավ սուրճ մատուցեցին: Մոխրի թե ավազի մեջ են եփում: Ի միջի այլոց, հայկական մեծ շարք եմ գրել: Երբ գնացել էի Երևան, Թարգմանչաց տոնին, եղանք Գառնիում, Գեղարդում, Զվարթնոցում: Ցնցող տպավորություն թողեց: Այս ամենի մասին բանաստեղծություններ եմ գրել: Կոմիտասի մասին էլ պոեմանման մի բան եմ մտմտում, բայց չգիտեմ ինչպես կստացվի: Լսիր, – հանկարծ ինչ-որ բան հիշելով ասաց Սիավուշը: – Քո հեռախոսը չի՞ աշխատում, ինչ է:

– Աշխատում է: Պարզապես անջատել եմ, որպեսզի չկանչեն ելույթ ունենալու:

– Բայց գոնե ինձ ասեիր: Գիտե՞ս ինչքան եմ զանգել քեզ: Ամբողջ երեկոյան: Տեսա՞ր ինչ արեց էդ պոռնիկ Կատուսևը:

– Չեմ տեսել, լսել եմ: Դա չպետք է արվեր:

– Խոսքով բոլոր մարդիկ միատեսակ են և միայն արարքներն են բացահայտում նրանց տարբերությունը: Նրա խիղճը, եթե այդպիսի պոռնիկը կարող է խիղճ ունենալ, շաղախված է անմեղ զոհերի արյամբ:

– Ի՞նչ զոհեր, – զգաստացա ես:

– Ինչ-որ հանրակացարանում, ասում են, ընդհարում է եղել, – խուսափողական ասաց Սիավուշը: – Զոհեր կան:

– Այստեղ՝ Բաքվո՞ւմ:

– Ոչ… Սումգայիթում:

– Ի՞նչ ես ասում, – ես արագ միացրի հեռախոսը, հավաքեցի մերոնց հեռախոսահամարը:

Ոչ ոք չէր պատասխանում:

– Տանը մարդ չկա, – անհանգստացած ասացի ես: – Հետաքրքիր է, ո՞ւր են գնացել:

– Ուզո՞ւմ ես գնանք Սումգայիթ, – անսպասելի առաջարկեց Սիավուշը: – Ծանոթ մի տղա կա՝ Զուլֆուգար Ալիև, այնտեղ, երաժշտական ուսումնարանի տնօրենն է, շարունակ հրավիրում է:

– Գնանք, – ասացի ես: – Փառք աստծո, մեքենան բակում կանգնած է:

– Քո մեքենայով չենք գնա, – վճռական ասաց Սիավուշը, վեր կացավ տեղից, մոտեցավ հեռախոսին, միացրեց: – Սպասիր մի տեղ զանգեմ: – Նա ինչ-որ հեռախոսահամար հավաքեց, քիչ սպասեց: – Այդին, Սիավուշն է, – ասաց նա: – Իհարկե: Կարո՞ղ ենք Սումգայիթ գնալ… Ճիշտն ասած, եթե հնարավոր լիներ, քեզ չէի անհանգստացնի: Շնորհակալ եմ: Վագիֆի փողոց, 30: Եղավ… Ուրիշ մեքենայով կգնանք, – դառնալով ինձ՝ ավելացրեց Սիավուշը: – Շուտով կգա:

– Ես ճանաչո՞ւմ եմ նրան:

– Չէ, ես էլ նոր եմ ծանոթացել: Գիրք է գրել՝ չեկիստների կյանքից, թարգմանում եմ ռուսերեն: Մոսկվայում պիտի տպագրվի, թեմատիկ պլանում կա, վավերագրական պատմվածքներ են ու մի վիպակ: Բարձր պաշտոն ունի, բայց հրաշալի տղա է:

Մենք կրկին սուրճ խմեցինք, սպասելով Այդինին: Փողոցից մեքենայի ազդանշան լսելով՝ հասկացանք, որ նա է:

– Եկավ: Գնացինք:

Այդինը՝ բարձրաբերձ, թխադեմ, համակրելի դիմագծերով, մեքենայից արագ դուրս ելավ մեզ ընդառաջ, ծանոթացանք: Մեքենա նստելիս ես նկատեցի, որ նա, ձախ գոտկատեղից քիչ բարձր, ատրճանակ է կրում:

Քաղաքից դուրս, Բալաջարից հետո, Խրդալանից անմիջապես այն կողմ, ամբողջ ճանապարհին, ընդհուպ մինչև այնտեղ, ուր Բաքու-Ռոստով մայրուղուց մի ճանապարհ անջատվում, թեքվում է դեպի աջ՝ Սումգայիթ, զինվորական ստորաբաժանումներ էին կանգնած, տանկեր ու զրահամեքենաներ, կանաչագույն ծածկով բեռնատար մեքենաներ՝ թափքերի աջ և ձախ կողմերին նստած զինվորներով, հրասայլեր:

– Ինչո՞ւ են սրանք այսպես կանգնած, – հարցրեցի ես: – Զորավարժություննե՞ր են, ինչ է:

– Լեո, – գրկելով իմ ուսը անսպասելի ասաց Սիավուշը մի տեսակ փոխված ձայնով, և նրա ձայնից ու տոնից ես հասկացա, որ ինչ-որ ծանր, դաժան բան պիտի ասի նա, ես ներքուստ զգացի դա, և ցուրտ մի դող անցավ իմ մարմնով: – Սումգայիթում վատ բաներ են կատարվում:

– Ի՞նչ վատ բաներ, – հարցրի՝ ինքս անգամ չլսելով իմ ձայնը:

– Անկարգություններ են այնտեղ: Զոհեր կան: Բայց ձերոնք լավ են, – փորձեց մխիթարել Սիավուշը: – Քեզ գտնել չէի կարողանում… Կարծում էի դու էլ Սումգայիթում ես, տաքսիով հասա մինչև Ջեյրանբաթան, բայց պահակակետում դեն անցնել չթողեցին, քաղաքացիական մեքենաները ետ էին տալիս: Այդինին գտա, միասին գնացինք: Նրա մեքենան չեն կանգնեցնում: Ուզում էի քաղաք բերել, մայրիկդ չհամաձայնվեց…

– Նրանք որտե՞ղ են հիմա, – Սիավուշի ասածներն ինձ չէին հաս-նում: – Դու եղա՞ր մեր տանը:

Սիավուշի հետ առաջ եղել էինք մեր տանը, նա գիտեր, որ քաղկոմի մոտ են ապրում իմ ծնողները:

– Տանը եղել եմ, բայց… բոլոր հայերը հիմա պանսիոնատներում են, մի մասն էլ քաղկոմում են ու քաղկոմի դիմաց՝ կաուչուկի գործարանի ակումբում…

Մեքենան մտավ քաղաք, այս ու այնտեղ փշրված մեքենաներ էին՝ բազմաթիվ վառված մեքենաներ, որոնցից դեռևս ծուխ էր բարձրանում, կողքի ընկած ավտոբուսներ կային՝ լրիվ սև, ավտոկայանի մոտ շուռ տված կրպակներ՝ ջարդված ապակիներով:

Մտանք Խաղաղության փողոց: Մի շարք տների ապակիները՝ նույնպես ջարդված: Փողոցում վառված կահույքի մնացորդներ կային թափված, հեռուստացույցներ, այրված ներքնակներ, որոնք նույնպես մխում էին, մանկական իրեր կային ընկած ու նաև սառնարաններ, որ վերևի հարկերից էին, երևի, ցած գցել:

– Այս ի՞նչ է կատարվել այստեղ, – հազիվ լսելի ասացի ես՝ շշմած ու սարսափած:

Իրար ետևից զրահամեքենաներ էին անցնում:

– Չեմ հասկանում, թե ինչպես կարող էր այսպիսի բան պատահել, – ի վերջո ասաց Այդինը, որն ամբողջ ճանապարհին լուռ էր: – Քսաներորդ դարի վերջում նախնադարյան այսպիսի բարբարոսություն՝ անհնարին է հավատալ:

Խաղաղության ու Բարեկամության փողոցների խաչմերուկում զրահամեքենաներ էին կանգնած, իսկ բակերի խորքում, ես դա տեսա, ամբոխն ինչ-որ իրերի կույտ էր վառում:

Թեքվելով աջ, անցանք կենտրոնական փոստի մոտով, հատելով տրամվայի գծերը, մտանք քաղկոմի հրապարակը՝ շրջապատված հարյուրավոր զինվորներով ու տասնյակ զրահամեքենաներով: Օտար մեքենաների մուտքն այստեղ արգելված էր, բայց Այդինին ոչ ոք չկանգնեցրեց:

– Լեո, դու մտիր քաղկոմ, մենք հիմա կգանք, – ասաց Սիավուշը, երբ մեքենան կանգ առավ քաղկոմի շենքի առջև:

Ես դուրս եկա մեքենայից, մտածելով, որ ծնողներս, հավանաբար, այստեղ՝ քաղկոմում են:

Օդը չէր հերիքում: Ես մտա ներս ու մնացի դռների մոտ կանգնած. ամենուր՝ աղմուկ-աղաղակ, գետնին, քարե սանդուղքներին ու լուսամուտագոգերին, մարդիկ էին տեղավորված՝ ծեծված, վիրավոր, նստած, կիսաթեք պառկած՝ կիսամերկ, շատերը հողաթափերով, շատերը ոտաբոբիկ, խալաթով ու գիշերանոցով, արյունած ուռած դեմքերով: Ես երկար մնացի կանգնած՝ այդ դժոխքի դեմ հանդիման: Ինչ-որ մեկը՝ ջահել մի աղջիկ, լալիս, ցնցվում էր խուլ հեկեկանքից: Դանդաղ առաջանալով՝ ես աչքերով որոնում էի մերոնց: Հարյուրավոր մարդկանց արանքներով մի կերպ անցնելով՝ հասա մինչև չորրորդ հարկ: Բայց այդպես էլ չգտա մերոնց:

– Իջեք երկրորդ հարկ, – խորհուրդ տվեց ինձ ռուս մի կին՝ դեմքին սև կապտուկներ ու այտույցներ: – Նրանց մոտ ցուցակներ կան, գուցե ցուցակներով գտնեք:

Քաղկոմի առաջին քարտուղար Ջհանգիր Մուսլիմզադեի առանձնասենյակը նույնպես երկրորդ հարկում էր: Ընդունարանը ևս լցված էր այդ նույն մարդկանցով: Ոմանք լաց լինելով, ոմանք հազիվ կարողանալով ոտքի վրա կանգնել, սպասում էին հերթի: Ես նույնպես հերթ բռնեցի: Դռների մոտ միլիցիոներները սաստում էին նրանց լռել՝ սպառնալով դուրս հանել ընդունարանից: Դռան արանքից երևաց մի երկար սեղան, սեղանի գլխավերևում՝ Ադրբեջանի մինիստրների խորհրդի նախագահ Հասան Սեիդովը. ես նրան դեմքով ճանաչում էի: Ուրիշ մարդիկ էլ կային ներսում:

 

– Ծննդատնից ոչ մի երեխա չեն նետել, – հեռախոսով բացատրում էր նա ինչ-որ մեկին, – դրանք մանկական խաղալիքներ են եղել:

Իսկ թե մանկական խաղալիքներն ինչ կապ ունեին ծննդատան հետ՝ անհասկանալի էր:

– Այս քաղաքը ես ահա այս ձեռքերով եմ կառուցել, – քիչ անց ասաց նրա առաջ կանգնած հիսունամյա մի մարդ: – Տասնյոթ տարեկանից կառուցում եմ, հիսուներկու տարեկան եմ, հաշվեք՝ ինչքա՞ն է անում՝ երեսունհինգ տարի: Ես երեսունհինգ տարի ձեզ համար տներ եմ կառուցել, դրա դիմաց ընդամենը մի խնդրանք ունեմ ձեզնից, ուզում եմ իմ մեքենայով Ստավրոպոլ գնալ, գազաններից հեռանալ, մարդկանց մոտ գնալ: Այնտեղ եմ ուզում գնալ, օգնեցեք ինձ գնամ:

– Դու ինչ է, տղամա՞րդ չես, – ձայնը բարձրացրեց Սեիդովը: – Չե՞ս կարող քո մեքենայով գնալ: Դու պետք է, որ տղամարդու սիրտ ունենաս: Քսան հազար հայ է ապրում Սումգայիթում, հո բոլորին մեկ-մեկ չպիտի՞ ուղեկցենք: Ոչ մի օգնություն չի լինի, գնացեք ինչպես ուզում եք:

– Դու մինիստր չես, սարի չոբան ես, – գոռաց մարդը և ուշակորույս ընկավ հատակին:

Միլիցիոներներից երկուսը հապշտապ վազելով մտան ներս, մարդուն դուրս հանեցին ընդունարան, այնտեղից էլ՝ միջանցք: Քիչ անց նա ուշքի եկավ, հենց գետնին նստած, մեջքով հենված պատին, զսպված հեկեկանքով լաց եղավ: Դեմքն ամբողջովին խոշտանգված, այլանդակված էր, սև այտուցներից օղակներով շրջանակված կոպերի տակ աչքի մեկը համարյա չէր երևում, ճակատին երկու տեղ պատռվածք կար, շորերին ու գլխին՝ սև, չորացած արյուն: Ճակատից մինչև այտոսկորն ու քթից՝ քունքը, սևագորշ կապտուկ էր տարածված:

– Էհ, էս ոնց որ թե Բարմենն է, – քիչ առաջ թեքված, ուշադիր նայելով նրան, ասաց երեսունամյա մի տղամարդ: – Դե, իհարկե, Բարմենն է, Բեդյան Բարմենը: Միասին աշխատել ենք: Բարմեն, դո՞ւ ես, – ավելի թեքվելով նրա վրա՝ հարցրեց տղան:

– Հա, ես եմ: – Բարմենը կապտուկներով դեմքը շրջած (աչքի մեկը, հավանաբար, չէր տեսնում) թեքվեց ձայնի ուղղությամբ: – Կոստյա, դո՞ւ էլ ես էստեղ, – ասաց նա ու փղձկաց: – Տեսա՞ր մեր հայերին ինչ արեցին, – գլուխն օրորելով ասաց նա: – Մարդ չեն, գազան են, վայրենի գազան, գազանից էլ բեթար: Ինչ արեցին մեր ժողովրդի հետ, աղքատ ու չարքաշ մեր բանվոր ժողովրդին կոտորեցին՝ հեր, մեր, տղա, աղջիկ, պատվազրկեցին, ոչխարի պես մորթոտեցին, շատերին սաղ-սաղ այրեցին… Դու վրացի ես, Կոստյա, կարող է քեզ ոչինչ չանեն, բայց կինդ հայ է…

– Իմ վիճակն էլ լավ չի, Բարմեն, քաղաքում կոտորածը շարունակվում է, միլիցիայի աշխատողները, բանդիտների հետ միացած, թալանում ու կոտորում են, զինվորականներն էլ չեն խառնվում, ասում են՝ հրաման չկա:

– Բոլորին կոտորելուց հետո հրամանը կլինի, – ասաց ինչ-որ մեկը: – Այս ամբողջը նախօրոք պլանավորված էր, Մոսկվայի ու Բաքվի թուլտվությամբ է արվում: Ես խուժանից մի կերպ պրծա, փախա, միլիցիայի մեքենա էր գալիս, ուրախացա, երբ մեքենան կանգ առավ: Վազելով մոտեցա և այն պահին, երբ ձեռքս մեկնեցի դռան բռնակին, մեքենան պոկվեց տեղից: Իսկ մեր կողքի հարևան Վագիֆն ու իր քույր Սաբիրգյուլն առաջին հարկի լուսամուտից գոռում էին. «Բռնեք, սպանեք»:

– Իսկ ինձ միլիցիան բռնեց, հանձնեց խուժանին, – ասաց Բարմենը: – Ես առաջին հարկից տեսա, թե ինչպես էդ խաժամուժը մտավ բակ, տան տակ ներքնահարկ ունենք, մուտք կա էդտեղի վրա, մերոնց բոլորին արագ իջեցրի ներքև, հնամաշ կարպետը գցեցի հատակին ու էդ պահին դուռը ջարդելով ներս մտան՝ տասը-տասնհինգ հոգով ու միանգամից գիշատիչ անգղների պես թափվեցին վրաս… Միջանցքի պատին սեղմած՝ կատաղի խփում էին, բայց ես ձեն չէի հանում, ամենից շատ վախենում էի տղաս ձայնս լսի, չհամբերի, դուրս գա, ընկնի գազանների ձեռքն ու մյուսների կյանքն էլ դնի վտանգի տակ: Ատամներս սեղմած դիմանում էի, մտածելով, որ հիմա կսպանեն ու մի բան էի ուզում մենակ, որ եթե սպանում են, թող փողոցում սպանեն, միայն թե մերոնք ոչինչ չլսեն: Էդ վայրենի բարբարոսների անողոք հարվածների տակ կիսաթեք՝ ես ինձ մի կերպ գցեցի բակ ու փախա՝ ոհմակը տանելով իմ հետևից: Ծեծված, աչքիս մեկն արյունով լցված փախչում էի, ամբոխը գոռում էր. «Բռնեք, վախկոտ հայ է, բռնեք»: Երկու միլիցիոներ բռնեցին, ծիծաղելով հանձնեցին խուժանին, մի վեդրո արյուն կորցրի էնտեղ: Նրանց թվաց՝ մեռած եմ, թողին գնացին: Մի ռուս պառավ կնիկ վախվխելով օգնեց, վեր կեցա, քարշ գալով հասա հիվանդանոց, ինչքան բուժքրոջը խնդրեցի՝ թույլ տա զանգեմ մերոնց, չգիտեի՝ սա՞ղ են, թե մեռած, չթողեց… Ամեն ինչ հատուկ կազմակերպած էր:

– Այո, կազմակերպված էր, – հաստատեց վրացի Կոստյան: – Դեռևս փետրվարի քսանմեկին իմ աշխատանքային ընկերներիցս մեկը՝ Իլհամ Հումմաթովը, ասաց, որ ամսի վերջին հայերի դեմ ուղված մեծ ցույց է լինելու: Նրանք նախօրոք պատրաստվում էին, մեր գործարանում հատուկ կարգադրությամբ դանակներ, կացիններ ու մետաղաձողեր են պատրաստել, միկրոշրջաններում ինչ-որ տեղից ինքնաթափ մեքենաներով գետաքարեր են բերել թափել, տոննաներով բենզին բաժանել: Ադրբեջանցի վարորդներն ամբոխի մոտով անցնելիս երեք անգամ ազդանշան են տալիս, ձեռքը հանում, դա նշանակում է, որ յուրային է, բացի այդ, երեկոյան բոլոր ադրբեջանցիներն իրենց տներում լույսերը չպիտի մարեին: Սա չի նշանակո՞ւմ, որ ամեն ինչ կազմակերպված էր: Ես տեսա առաջին զոհին, – շարունակեց Կոստյան, – ես այստեղ, հրապարակում էի: Քաղկոմի երկրորդ քարտուղար Մալաք Բայրամովան ելույթ ունեցավ, ասաց որ հայերին կոտորել պետք չի, թողեք հեռանան, նրանց տներն ու ունեցվածքը կմնան ձեզ, բայց իրենք թող հեռանան: Մինչև նա, Ղափանից եկած մեկը ելույթ ունեցավ, այսինքն՝ իբր թե Ղափանից եկած: Բայց ոնց որ թե դերասան էր, դերասանի նման անգիր արած ասում էր: Ասաց, որ Ղափանում հայերն իր մորը մորթել են, մորթել են նաև կնոջ հորն ու մորը, բնակարաններն ու ունեցվածքը գրավել են, ասաց: Երկար դեմքով էր, սև ակնոցով, փոքր միրուք ուներ, բարակ բեղեր: Լայքայե թիկնոցով էր: Հետո Մուսլիմզադեն եկավ: Դա հաջորդ օրն էր: Ղափանցին դարձյալ ելույթ ունեցավ, կրկնեց նույնը: Բայց ավելացրեց, որ Ղափանում ադրբեջանուհիների հանրակացարան կա, հայերը, իբր, ներխուժել են այդ հանրակացարան, բռնաբարել ադրբեջանուհիներին, կտրել նրանց կրծքերը: Վերջում նա գոչեց. «Դուրս հայերին ադրբեջանական հողից: Փառք Թուրքիային»: Թե Թուրքիան ի՞նչ կապ ուներ այստեղ՝ անհասկանալի էր: Մուսլիմզադեն համարյա բառացի կրկնեց Բայրամովայի խոսքերը, ավելացրեց, որ Գորբաչովն ադրբեջանական ժողովրդի կողմն է: «Խնդրում եմ, – ասաց նա, – որպես մուսուլման, խնդրում եմ՝ թողեք հայերը հեռանան մեր քաղաքից»: Հրապարակը ցնծում էր, որովհետև, եթե մինչ այդ վախենում էին, թե իրենց կճնշեն այդ ցույցերի համար, այժմ պարզ տեսնում էին, որ ոչ մի ճնշում էլ չի լինելու, ընդհակառակը, քաղկոմի առաջին քարտուղարը ոչ թե սպառնում, այլ խնդրում է: Դրա համար էր ցնծում հրապարակը: Ինչ-որ մեկը գոռաց ամբոխի միջից. «Միքայիլ Մեհմեդ օղլի Գարբոչովա էշգ օլսուն*»: Մուսլիմզադեն, չգիտես ինչու, խոսեց նաև տասնհինգ թվականի կոտորածների մասին, ասաց, որ ռուս-թուրքական բոլոր կռիվների ժամանակ հայերը միշտ դավաճանել են թուրքերին, անցել ռուսների կողմը, հարյուրավոր զինված ջոկատներով օգնել նրանց: Եվ դրա համար, ասաց, տասնհինգ թվականին ստացան իրենց արժանի պատիժը: Հետո նա իջավ ամբիոնից, վերցրեց ադրբեջանական դրոշը և քայլեց ամբոխի առջևից: Հենց այդտեղ, հրապարակի մոտ, սպանվեց առաջին հայը: Երկու հոգով էին նրանք՝ մեկը ջահել էր, տասնութ-քսան տարեկան, փախավ դեպի չորրորդ թաղամաս, դեպի Նարիմանովի փողոց, իսկ մյուսը՝ մեծահասակ մարդ, մնաց գետնին փռված:

Կոստյան մի կարճ պահ լռեց, ասաց.

– Այդ ղափանցուն ես դարձյալ տեսա: Պարզվեց, որ ղափանցի չէ, հայաստանցի քուրդ է, միջնակարգ դպրոցի դիրեկտոր, անունն էլ

*Փառք Միքայիլ Մեհմեդ օղլի Գորբոչովին (ադրբ.)

Խըդըր Ալոև: Խուժանը նրա գլխավորությամբ ջարդում էր կրպակները, ավերում խանութները, տներն էին խուժում, սպանում հայերին: Ես զանգեցի քաղկոմ. «Ի՞նչ անենք», – ասում եմ: Կարծում էին՝ հայ եմ. «Գնացեք քաղաքից», – ասում են: «Ինչպե՞ս գնանք, –

ասում եմ, – օգնեք»: «Ինչպես ուզում եք, այնպես էլ գնացեք, – ասում են, – դրեք հեռախոսը, ասում են, օդը մի աղտոտեք»: Ես իմ ընտանիքը տարա ընկերոջս՝ Ադիլ Ալիզադեի տուն, նրա տանը մի ուրիշ հայի ընտանիք էլ կար: Հետո իմացել էին, թե կասկածել էին՝ չգիտեմ, Ադիլին ասել էին՝ գլուխդ պոկելու ենք: Մի խոսքով, Ադիլի հետ զինվեցինք սառը զենքով, գնացինք գործարան՝ բացակայության թույլտվություն վերցնելու: Հին երկաթուղային կայարանի մոտ երկու այրված «Իկարուս» տեսանք, մի այրված միկրոավտոբուս էլ կար, հետո մի «Ժիգուլի» տեսանք՝ ներսից ու դրսից վառված՝ մեջը այրված մի մարդ: Քիչ այն կողմ, եղեգների մեջ, մի ուրիշ «Ժիգուլի»՝ էլի վառված:

– Շտապ օգնության բակում ես իմ աչքով տեսա, – ասաց Բարմենը: – Ամբողջ ընտանիքով մեքենայով ցանկացել էին փախչել, բռնել, վառել էին: Ես նայեցի, մեքենան բացարձակ սև էր, հնարավոր չէր հասկանալ՝ «Մոսկվիչ» է, թե՞ «Ժիգուլի», և մեքենայի մեջ՝ հինգ այրված դիակ: Ես դա իմ աչքով տեսա:

– Գործարանից վերադառնալիս մտանք մեր ծանոթների մոտ, – շարունակեց Կոստյան: – Մեկի անունը Իգոր է, մյուսինը՝ Ռուսլան: Ռուսլանն ասաց, որ քաղկոմի դիմաց, կաուչուկագործների ակումբում էվակուացման կետ կա, բոլոր հայերին տանում են այնտեղ: Չորսով երկու ընտանիք բերեցինք էվակուացման կետ՝ իմ ընտանիքը բերեցինք և Ադիլի հարևանների ընտանիքը: Երբ վերադառնում էինք, առաջին միկրոշրջանի մոտ տեսանք, որ երկու զինվոր մի աղջկա բերում են դեպի էվակուացման կետ: Կյանքումս չեմ մոռանա դա: Աղջիկը կլիներ տասներկու-տասներեք տարեկան, ոտքերն ու ծնկները լրիվ արյունոտ, գիտակցությունը համարյա կորցրած: Զինվորներից մեկը նրա թևը մտած տանում էր, իսկ ետևից, մի քսան քայլի վրա, հիսուն տարեկան մի կին էր գնում, հիստերիկ ձայնով ողբում էր ու փետում մազերը: Տառացիորեն փետում էր, որովհետև մազերը փունջ-փունջ դեն էր նետում իրենից:

– Զինվորները բռնում են բանդիտներին, հանձնում միլիցիային, իսկ միլիցիան նորից բաց է թողնում նրանց: – Բարմենն էր:

Ինչ-որ մեկը կամացուկ քաշեց թևս, արագ ետ շրջվեցի. Սիավուշն էր: «Գնանք», – հայացքով ասաց նա: Ես նրա ետևից իջա ներքև և առաջին հարկում տեսա մորս՝ խեղճ, միանգամից պառաված, մազերը լրիվ սպիտակ:

Նա տանջահար, մտախոհ տեսք ուներ, աչքերը կարմրած:

Բերանս չորացավ, ծնկներս ասես թուլացան ու չհասկացա ինչպես հասա մորս, գրկեցի նրան: Մայրս թփրտում էր ձեռքերիս մեջ, դեմքը կրծքիս սեղմած լալիս էր՝ չկարողանալով մի խոսք անգամ արտասանել: Ես ուզում էի հարցնել հորս մասին՝ որտե՞ղ է նա:

– Պապան չկա, Լեո, պապան չկա, – լացից աղավաղված դեմքով հանկարծ ասաց նա, – մեքենայի հետ միասին վառեցին, այրեցին պապայիդ, իմ կեսս էլ մեռած է արդեն… Պապան չկա, շտապ թաղեցինք…

Ես մորս սեղմել էի կրծքիս, անկարող զսպելու արցունքներս, հեղձուկը խեղդում էր ինձ: Այդպես երկար մնացինք կանգնած՝ մայր ու որդի իրար գրկած: Հետո Սիավուշը մտավ թևս, ցածրաձայն ասաց. «Լեո, տղամարդ կաց, դու պետք է սիրտ տաս մորդ»:

Մենք դուրս եկանք քաղկոմի շենքից:

Հրապարակն առաջվա պես լիքն էր զինվորներով ու զրահամեքենաներով:

– Եթե հնարավոր է, մի րոպեով մտնենք տուն, – ասաց մայրս խեղճացած՝ առանց բարձրացնելու գլուխը:

Այդինի կարգադրությամբ՝ մեզ հետ մի քանի միլիցիոներ դրեցին: Սիավուշն էլ եկավ: Բոլոր լուսամուտները փշրված էին, մեր բազմոցը, որի վրա հայրս սիրում էր պառկած գիրք կարդալ, այրված, ընկած էր բակում: Գրքեր ու ուրիշ իրեր ևս կային, շատ բան՝ այրված: Բարձրացանք տուն: Դուռը կոտրված էր, տան մեջ ամեն ինչ ջարդուփշուր արված: Այստեղ-այնտեղ՝ ամանեղենի կտորտանք, փշրված, լարից կախված ջահ: Հեռուստացույցը, մորս կարի մեքենան, մագնիտոֆոնը, հատակի և պատի ձեռագործ գորգերը չկային: Ոչինչ չկար:

– Տեսնո՞ւմ ես ինչ են արել, – լաց եղավ մայրս: – Երեսուն տարում ստեղծած մեր ունեցվածքը երեսուն րոպեում քամուն տվեցին: Գրքերը վառեցին, տետրերը վառեցին: – Մայրս թեքվեց, արտասվելով գետնից մի թուղթ վերցրեց: – Նայիր, հորդ ձեռքով է գրած: Քանի հատ տետր ուներ, մաքուր արտագրած, բոլորը ոչնչացրել են, չկա:

Մորիցս վերցրի թուղթը: Բանաստեղծություն էր: Տեսնելով հորս ձեռագիրը, աչքերս կրկին լցվեցին: Այդպես մշուշված աչքերով էլ կարդացի նրա բանաստեղծությունը.

Հե¯յ, Կըղնախաչ,

դրախտ երկիր,

Կըղնախաչ…

Շընշնկան հով,

զիլզիլան զով,

ծաղկած ծով…

Խոտի շրշյուն,

հավքի դայլայլ,

կկվի կանչ…

Քարեն կըլխան՝

մղեղի մեջ

շինամաչ…

Գառան մայուն,

մեղվի գվվոց,

խրխնջոց…

Ինչ-որ ծիծաղ,

զանգի ղողանջ,

շնահաչ…

Թեթև անձրև,

գունեղ անձրև,

սարից-սար

Կամար կապած

կընընչկարմյուր

ծիածան…

Քամու թևին՝

մայրական ձայն,

անուշ ձայն.

Կանչում է ինձ՝

արի որդիս,

արի տուն…

Լռին կանգնած՝ երկար արտասվում էի: Կոկորդս սեղմվում էր անագորույն կորստի ու հուսահատության չոր ջղակծկումից: Բանաստեղծությունը դրեցի գրպանս. հորիցս որպես հիշատակ դա էր մնացել:

Ես դառնությամբ հիշեցի Արմենի խոսքը՝ քրեական հանցագործներին բանտերից ազատ արձակելու մասին ու նրա չարագուշակ կենացը ռեստորանում՝ «Թող մարդը բնավեր չդառնա և ոչ էլ ողբ ու լաց լինի անժամանակ կորստի համար»:

– Գնանք, – ասացի ես՝ գրկելով մորս ուսերը:

Դռան մոտ մենք վերջին անգամ նայեցինք ետ՝ մեր ավերված բնակարանին: Մայրս օրորեց գլուխը և, չկարողանալով զսպել իրեն, դարձյալ լաց եղավ:

– Սիավուշ, – ասացի ես: – Այդինին հարցրու՝ հնարավո՞ր է գնանք գերեզմանատուն:

– Իհարկե, կգնանք, – ասաց Սիավուշը: – Ի՞նչ խոսք կարող է լինել:

– Մարդս մեռավ, ուրեմն կեսս մեռավ, – լացի միջից նորից ասաց մայրս: – Գնանք տեսնենք, շատ հնարավոր է, որ էլ չկարողանանք այցելել:

Միլիցիոներներն իրենց մեքենայով եկան մինչև գերեզմանատուն:

Ես ընկա հորս թարմ շիրիմին, դառնակսկիծ լաց եղա: Մայրս մղկտում էր, ասում էր, որ այսուհետև իր ապրելն անիմաստ է, հանդիմանում էր հորս, որ չլսեց իրեն, եթե լսեր, ասում էր, տնից դուրս չգար, գուցե նրան էլ հաջողվեր փրկվել:

 

– Հա, չլսեց, չլսեց ինձ, – դառնությամբ ասաց մայրս քիչ հանգստացած, երբ մեքենան դուրս եկավ մայրուղի և սլացավ դեպի Բաքու: – Ախր, տեսնում էր, թե ինչ է կատարվում հրապարակում: Այնտեղ, ձեռքներին դրոշակներ բռնած, գոռգոռում էին՝ «Մահ հայերին»: Բոլորի առջևից քառասուն-քառասունհինգ տարեկան, մոխրագույն վերարկուով մի մարդ էր գնում, նա ինչ-որ բան էր ասում և բոլորը՝ ջահել տղաներ, նրա ետևից գոռում էին՝ «Ղարաբաղը չենք տա», «Մորթեք հայերին», «Կեցցե Թուրքիան»: Էսպես գոռում, բղավում էին, հետո էլ «ուռա» էին գոռում: Իսկ մարդիկ անընդհատ գալիս էին ու գալիս՝ գործարաններից, ֆաբրիկաներից, ուսումնարաններից, դրանց մեջ կանայք էլ կային: Այդ կանանցից մեկը, հետո իմացանք, թատրոնի դերասանուհի էր, սկսեց խոսել: Ավելի շուտ՝ գոռգոռում էր. «Էնտեղ մերոնց տկլորացնում են, ասում էր, սպանում, բռնաբարում են, դուք տղամարդ չեք, մերոնց սպանում են, իսկ էստեղ լռում եք»: Էդպես մարդկանց գրգռում էին, իսկ ես մի բան էի մտածում միայն, հանկարծ երեխաս, Լեոն այսինքս, չգա Բաքվից, չնայած ասել էր, որ էս շաբաթ չի գալու, բայց վախենում էի՝ կլսի ու կգա: Մի խոսքով, Սիավուշ եղբայր, մարդիկ գալիս են ու գալիս, իսկ ես վախեցած դես ու դեն եմ ընկնում: Դուրս եկա պատշգամբ, մյուս պատշգամբում էլ մեր հարևան ադրբեջանուհին է կանգնած: Ասում եմ՝ «Էս ի՞նչ բան է, ի՞նչ է պատահել»: Նա ասում է. «Ես էլ չգիտեմ ինչ է եղել»: Դեմքին գույն չկար, նա էլ ինձ նման հուզված էր: Նրանց՝ էդ տղաների ձեռքներին փայլուն բաներ կային, բոլորը նույն չափսի, հետո իմացանք՝ հատուկ պատրաստած, միջնամատի հաստության սրած երկաթե ձողեր էին, համարյա ամեն մեկի ձեռքին էլ կար: Գալիս էին ու էդ ձողերը թափահարելով գոռգոռում էին, առջևից գնացողն էլ, ոնց որ դրանց ղեկավարը, ձեռքին ձող ուներ: Մի տասը-տասնհինգ րոպեից ամուսինս եկավ: Հենց նա տուն մտավ, ասացի. «Վույ, վախենում եմ, մեզ սպանելու են»: Իսկ նա ասում է. «Ինչի՞ց ես վախենում, պրոֆտեխուսումնարաններում սովորող երեխեք են, վախենալու բան չկա»: Նա հաց էլ չկերավ, մի գիրք վերցրեց, գնաց դիվանին պառկեց: Էն որ բակում գցած էր, էդ դիվանին, ու էդ ժամանակ հեռուստացույցով հաղորդեցին, որ Ղարաբաղում, Ասկերանի մոտ հայերը երկու ադրբեջանցի են սպանել՝ մեկը քսաներկու, մյուսը՝ տասնվեց տարեկան: Ամուսինս ջղայնացավ, գիրքը մի կողմ գցեց: Նա հասկացավ, երևի, որ դա կազմակերպված բան է՝ էդ հաղորդումը: Ինձ բան չասաց, բայց տեսա՝ գույնը գցեց: Ես ինձ կորցրի: «Մեզ սպանելու են», – ասում եմ, իսկ նա էլի նույնը՝ «Ոչինչ չի լինի, մի վախենա»: Էդ հաղորդումից հետո հրապարակում կանայք սկսեցին ճվճվալ, չգիտեմ ինչ էին գոռում, ամուսինս պատուհանը փակեց: Էլ ոչինչ չէր լսվում: Հետո կարծես թե ամեն ինչ խաղաղվեց, բայց քնել չկարողացա: Մինչև գիշերվա երեքը պատուհանի մոտ կանգնած էի, հազար ու մի բան էի մտածում: Հեռախոսներն անջատված էին, ոչ մի տեղ հնարավոր չէր զանգել: – Մայրս շունչ քաշեց:

Սիավուշը սիգարետը սիգարետից վառելով լուռ լսում էր՝ սիգարետի ծուխը պատուհանի ապակու վրայից դուրս փչելով: Ես մտքով հորս հետ էի, փակ աչքերով տեսնում էի նրան՝ դյուրահավատ, անմեղ ժպիտով, և սիրտս մղկտում էր նրա կարոտից ու իմ անզորությունից:

– Հաջորդ օրը, այ Սիավուշ եղբայր, ամուսինս վեր կացավ, թեյ խմեց, ուզում էր դուրս գալ, ասացի. «Այ մարդ, ո՞ւր ես գնում, մի գնա»: Չլսեց: «Գործ կա, ասում է, պետք է գնամ»: «Դու քո ասածին ես, ասում եմ, որ ասել ես՝ գնալու ես, բայց գոնե մի անգամ լսիր ինձ, մեքենան մի հանիր գարաժից, մեքենայով մի գնա»: Իսկ նա ասում է. «Էհ, դուռը փակիր»: Հետո աստիճանների վրա էլի ինչ-որ բան ասաց, չգիտեմ՝ վախկոտ անվանեց, թե ինչ՝ չլսեցի, ու գնաց: Ու էն գնալն էր: – Մայրս լուռ փղձկաց: – Մինչև ժամը մեկը մեզ մոտ ոնց որ խաղաղ էր, հարևանուհին ասաց, որ երեկ իրիկունը շատ տներ են ավերել, և դա հիմա էլ շարունակվում է, ասաց: «Ավտոկայանում, ասում է, մեքենաներ են վառում»: Ես հարցնում եմ. «Մե՞րն էլ»: «Չէ, չէ, չէ, ասում է, դրանք պետական մեքենաներ են, ավտոբուսներ»: Բայց ամուսինս չկա ու չկա: Արդեն ժամը հինգն էր, վեցը՝ չկա: Յոթը դառավ, բայց էլի չկա: «Չէ, սպանել են», մտածում եմ: Քաղաքում մեքենաների դողեր էին վառում, սև ծուխը բռնել էր շուրջը, երկինքը՝ մթնել: Պատշգամբում կանգնել, դողում եմ, ամբողջ մարմնով դողում եմ: Վայ, աստված, մտածում եմ, ամուսնուս սպանել են, հաստատ սպանել են, մտածում եմ: Ժամը քանիսն էր, չեմ հիշում, տեսնեմ մեր դիմացի շենքի երկրորդ հարկից տան եղած-չեղածը թափում են ներքև: Ներքևում էդ բոլորը վառում են, իսկ միլիցիոներները՝ մի տասը-տասնհինգ հոգի, կամ գուցե ավելի, կանգնած նայում են, ծիծաղում: Ու զարմանալի բան: Նրանք՝ էդ տղաները, բոլորն էլ սև էին հագած: Սև, մուգ գույնի շորեր: Գուցե էն նպատակով, որ չշփոթեն իրար, կամ գուցե որ բոլորն ընկալվեն որպես ինչ-որ սև, չարագույժ զանգված և անհնարին լինի առանձին մարդկանց մտապահել, չգիտեմ: Հեռուստացույց նետեցին ցած, ոնց ռումբ պայթեց: Մեր երրորդ հարկի ադրբեջանցի հարևանուհին՝ Խանում Իսմայլովան, դուրս եկավ պատշգամբ ու գոռաց. «Էս ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք վառում, մարդիկ իրենց բերանից կտրել են, որ տուն-տեղ դնեն: Ինչո՞ւ եք վառում»: Իսկ ներքևից նրա վրա գոռում են. «Դու ավելի լավ է ասա՝ դրանցից էդտեղ ապրո՞ւմ են, թե չէ»: Նրանք մեզ՝ հայերիս նկատի ունեին: «Չէ, չէ, չէ, չկան»: Հետո վազելով եկավ ինձ մոտ, ասում է. «Բանալիները տուր ինձ, գնա, մեզ մոտ, որ եկան՝ կասեմ քրոջս բնակարանն է, կասեմ նրանք հյուր են գնացել»: Ես բանալիները նրան տվի, գնացի նրա տուն: Իսկ այդ ժամանակ մեր բակում երկու եղբոր միասին սպանեցին: Լեոն գիտի նրանց՝ Վալերան ու Ալիկը: Չդիմացա, իջա բակ, տեսա մեր հարևանի տղան կանգնած: Ադրբեջանցի է: «Արի, ասում եմ, գնանք գարաժը նայենք, գուցե ամուսինս էնտեղ մեռած-ընկած է»: Նա ինձ չթողեց, ինքը գնաց, ետ եկավ, ասում է. «Էնտեղ մարդ չկա, գարաժը փակ է: Ալիկին արդեն սպանեցին, ասում է, իսկ Վալերան էնտեղ խրխռացնում է»: Անհեր մեծացած խելոք երեխեք: Ուզեցել է մոտենալ, օգնել Վալերային, մոտ ընկերներ են եղել, ախր, չէին թողել: Իսկ միլիցիան նայում էր ու հրհռում: Ես բարձրացա տուն՝ Խանումի մոտ: Հետո խուժանը վազելով մտավ մեր մուտքը: Լենա Ավանեսյանը մեր մուտքում էր ապրում, նրանց դուռը ջարդեցին, ամանեղենի փշրվելու ձայն լսեցինք, ճիչ ու ծվվոց էր, ասես ամբողջ շենքը ցնցվում էր: Լենային ու նրա ամուսնուն՝ Սաշիկին, քարշ տալով հանեցին փողոց: Խփում էին մահակներով, երկաթե էդ ձողերով: Մենք լսում էինք, մի հարկ ներքև ավերածություն էր, նրանց աղջիկը՝ Իրան, նրա ծննդյան օրն էր այդ օրը, գզգզված դուրս եկավ պատշգամբ, այլայլված, դանակը ձեռքին: «Մոտ չգաս, – գոռում էր նա ինչ-որ մեկին, – մոտ չգաս»: Իսկ մարդիկ կանգնած նայում էին, ոնց որ գեղարվեստական կինո, ու ոչ մի տղամարդ չէր ասում՝ «Էդ ի՞նչ եք անում, ամո՞թ չի ձեզ, դուք գազանից ինչո՞վ եք տարբերվում»: Հետո իմացանք, որ Իրային ու երկու քույրերին տասը-քսան հոգով բռնաբարել էին, տկլոր հանեցին փողոց: Նրանք Բաքվից հյուրեր էին ունեցել, չէին կարողացել վերադառնալ, որովհետև ավտոկայանն արդեն փակ էր: Հյուր եկած աղջկան, անունը Աիդա, նույնպես բռնաբարել էին, դանակը խրել փորը, ներբանները կտրել, ականջօղերը մսի հետ պոկել: Եվ այդ ամենը հոր աչքի առաջ, ու նրանց մեջ՝ քառասուն-հիսուն տարեկան մարդիկ, և քսանհինգերորդ դպրոցի դիրեկտոր Խըդըր Ալոևն էլ նրանց հետ, իսկ հորը չէին սպանել, ասել էին՝ «Էդքանը դրան հերիք է, թող տանջվի»: Նրանց բոլորին զինվորականները փրկեցին: Զինվորներից մեկը, տեսնելով նրանց էդ վիճակում, ուշաթափվել էր:

Մայրս լաց եղավ: Իմ արցունքները ևս հոսում էին անզորությունից ու խղճահարությունից:

– Ոչինչ մի պատմիր, մամ, մի պատմիր, – խնդրեցի ես:

Բայց նա չլսեց ինձ, շարունակեց.

– Աստված պահի Խանումկային: Խանում Իսմայլովա: Քառասունվեց բնակարանից: Հարևանները՝ հաղթանդամ տղամարդիկ, օգնության չեկան, չօգնեցին: Իսկ երեսունհինգամյա էդ միայնակ կինը պատրաստ էր զոհաբերելու իրեն և մեզ փրկելու: Նրանից էլ ոսկին հանեցին՝ հարսանեկան մատանին: Մի քանի անգամ խփեցին: Նույնիսկ դանակով սպառնացին: Մենք դա լսում էինք: Ավանեսյանների ու Գրիգորյանների ընտանիքները նա թաքցրեց երկրորդ հարկի քառասունմեկերորդ բնակարանում: Սվետա Մամեդովայի բնակարանում: Սվետան այդ օրը տանը չէր, Լենքորան՝ թաղման էին գնացել ամուսնու հետ, բանալին թողել էին Խանումկային, որ ծաղիկները ջրի, և ահա, Խանումը շատերին այդ տանը թաքցրեց: Կյանքը վտանգելով, նա տներից ու բակից հավաքում էր ծեծված հայերին, տեղավորում իր տանը: Քանի անգամ եկան բանդիտները, նրանցից մեկը խփեց Խանումկայի դեմքին, բայց Խանումկան չվախեցավ, կտրեց երակը, ասաց՝ «Արյո՞ւն եք ուզում, ահա, իմ արյունը»: Իգոր Աղաևն էր օգնում նրան, Լեոն գիտի, նույն դպրոցում են սովորել: Գաբրիելյանների ընտանիքն էլ նրանց աղջիկներից մեկի պետը՝ Մամեդովը փրկեց, բերեց ակումբ: Ուրշան Մամեդովը՝ Լենքորանից: Իսկ մինչ էդ նրանց՝ գազանաբար բռնաբարված, հարևանները՝ Քյարամովը, Սալիման ու Սաբիրը թաքցրեցին իրենց բնակարաններում: Բայց, ահա, երկրորդ շենքում ոչ ոք չպաշտպանեց Մելքումյաններին, վեց հոգու՝ մեկն էլ հյուր էր, սպանեցին և ինչպես սպանեցին, ի¯նչ խոշտանգումների ենթարկեցին, սաղ-սաղ նետեցին կրակի մեջ, նրանց որդին՝ Էդիկը, շատ լավ, բարի սրտով տղա, ուզում էր կրակից դուրս գալ, երկաթի ձողերով հրում էին կրակի մեջ, քրոջը՝ Իրինային, մի հրաշք գեղեցկուհի, կողքի դեղատանն էր աշխատում, նույնպես այրեցին, խեղճ աղջիկը պատշգամբով անցել էր հարևանի տուն, բայց տանտիրուհի Սևիլն ու իր երկու անչափահաս տղաները նրան դուրս հրեցին բնակարանից, գցեցին գազազած գայլերի բերանը: Էդ Սևիլի ախպերը պատուհանից գոռում էր. «Ծեծելը քիչ է, սպանեք, այրեք»: Հոշոտեցին խեղճ Իրինային, ողջ-ողջ նետեցին կրակի մեջ, խորովեցին, կերան: Մինչ այդ նրանց տանն ինչ եղել էր` կացին, դանակ, մկրատ, նույնիսկ աթոռի ոտք ձեռքներին` դիմադրություն էին ցույց տվել, երբ գազանների կատաղի ոհմակը` տասնհինգ-քսան հոգով, դուռը ջարդել խուժել էր ներս: Ու ինչ այլանդակ բաներ ասես, որ չեն արել նրանց հետ: Հրաշքով փրկված նրանց հարս Կարինեն էր լաց լինելով պատմում ակումբում, էդ անիծյալ Խըդըր Ալոևն, ասում էր, սրած մետաղաձողը ձեռքում խաղացնելով` նրա սկեսուր Ռաիսային ասել է` տղաներիցդ մեկին քեզ եմ բաշխում, ընտրի՛ր, որին ես զոհ տալիս: Սկեսրոջ լեզուն կապվել է, հարսն ասում էր` գույնը գցած, ոնց որ ջրից հանած ձուկ` բերանը բացվում-փակվում էր, ձեն չէր լսվում: Ալոևի հրահանգով հենց մոր աչքի առաջ դանակահարել են խոշտանգված զավակներին: Ուշաթափված մորն ու մնացածներին ծեծելով դուրս են քաշել բակ, մենք վերևից քար կտրած նայում, տեսնում էինք էդ ամենը, ողջ ընտանիքը` հեր, մեր, երեխեք, հյուրն էլ հետները, ընկած էին բակում` մեկը մյուսից մի քանի մետր հեռավորության վրա, ու տասը-տասներկու տարեկան անչափահաս լակոտներ բահերով ու մետաղաձողերով անխնա հարվածում էին, մինչև նրանց կնետեին խարույկի մեջ: Վեց հոգու մի ընտանիքից, իսկ հարևանները պատուհաններից ու պատշգամբից նայում էին, ծիծաղում: Էդպես էր: Մենք, էդ բոլորն, այո, տեսանք վարագույրների ետևից: Քսանհինգերորդ դպրոցի էդ Խըդըր Ալոևը դուրս էր եկել նրանց պատշգամբ ու էնտեղից Լենինի պես ձեռքն առաջ մեկնած՝ գոռում էր. «Գըրըն, գըրըն*»: Բա էդպիսի դիրեկտո՞ր կլինի: Մեր դիմացի տասներկու հարկանի շենքում ադրբեջանցիներն իջան բակ և չթողեցին, որ խուժանը մտնի իրենց մուտքը, այդպես նրանք երկու հայ ընտանիք փրկեցին իրենց շենքում: Այդպես վարվեց նաև կողքի շենքից մի ջահել ադրբեջանուհի, անունը չգիտեմ, նա սկզբից պատուհանից հայհոյեց խուժանին, հետո իջավ բակ և մուտքի առաջ կանգնելով ասաց. «Դուք իմ դիակի վրայով կանցնեք, կամ չեք մտնի այս մուտքը», իսկ այդ մուտքում նույնպես երկու հայ ընտանիք էր ապրում: Շնորհակալություն քեզ, անծանոթ աղջիկ, և քեզ շնորհակալություն, Խանում, մենք քեզ կյանքով ենք պարտական: Մինչև վերջ նստեց մեզ հետ, բոլորին փրկեց, կերակրեց, ուղարկեց էվակուացման կետ: Իսկ մինչ էդ, մեր տունը նույնպես այրեցին, բոլոր գրքերը՝ երկու հազար հատ, մեր բակում այրեցին: Նրանք հայերի ցուցակներն ունեին, այդ ցուցակներով էին գտնում մեր տները: Որ տեսնեիք վաթսուն տարեկան Էմմա Գրիգորյանին ինչպես սպանեցին, ինչպես տանջեցին խեղճ կնոջը: Տկլորցրած, մեջքին խփելով տանում էին բակով, իսկ նա ձեռքերով կրծքերն էր ծածկում: Ինչո՞վ էր մեղավոր այդ հավաքարարուհի կինը: Բա Հերսիլյա Մովսեսովան, աստվա¯ծ, աստված, ի¯նչ արեցին խեղճ կնոջը: Բաքվից հյուր էր եկել բարեկամներին, ութանասունվեց տարեկան պառավ կնիկ, հիվանդանոցում բժիշկն ասաց, որ դանակի երեսունվեց հարված կար մարմնին: Գազանը գազան