Za darmo

Թ Ու Խ Ճ Ա Յ Ը

Tekst
0
Recenzje
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Իգորի զոհվելու օրը Թևիկը վիրավորվեց ձախ ձեռքից, սակայն դուրս չեկավ կռվից, վիրակապեցին վերքը, և նա ջոկատի առջևից անդադար կրակելով առաջ էր գնում։

Երեկոյան դեմ ազատագրեցին Ալաշանը։

Հաջորդ անգամ Թարթառի ձորում վիրավորվեց, Սարսանգի ամբարտակից մի քիչ վերև, Դրմբոն գյուղի մոտ։ Գետի մյուս ափից, Զագլիկ գյուղի մոտերքից, շարունակ խփում էին ֆուգասային արկերով։ Հենց արկերի բեկորներից էլ վիրավորվեց։ Ամբարտակի վրա անթիվ-անհաշիվ զոհեր եղան երկու կողմից։ Սկզբում խոսք կար պայթեցնել ամբարտակը, հետո հրահանգ եկավ՝ ոչ մի դեպքում. Ղարաբաղին լույս ու ջուր է պետք։

Թևիկն այդ ժամանակ վիրահատված ոտքով պառկած էր Ցեխ ձորի դաշտային հոսպիտալում։ Բուժեցին ոտքը, և նա դարձյալ կռվի դաշտում էր, այս անգամ Կիչան գյուղն էին ազատագրում։ ''Թուրքերը Թևիկից են փախչում,-կատակում էին տղաները։-Բոյը տեսնում՝ վախից զենքերը գցում, ճղում են''։ Թևիկը ժպտում էր այդ խոսքերի վրա, ինչպես նա կարող էր ժպտալ՝ աջ այտը քիչ բարձրանում է, փոսիկ է գոյանում այնտեղ, իսկ աչքերը շողում են մի առանձնահատուկ փայլով։ Ինչ-որ մեկը հարցրեց, թե մեր գյուղերն ավերող այդ կործանիչների օդաչուները ադրբեջանցինե՞ր են արդյոք, թե ռուսներ։ ''Դու հիմա՞ր ես, ինչ է,-վրա տվեցին այս ու այն կոցմից,-դու այդ որտե՞ղ ես տեսել, կամ լսել, որ ադրբեջանցին օդանավ քշի''։ Եվ այստեղ դանդաղորեն շրջվելով՝ Թևիկն իր միամիտ-անմեղ տեսքով բացատրեց, որ Բաքվում ինքը իր աչքով տրամվայ քշող ադրբեջանցի է տեսել։ Մի այնպիսի ոռնոց ու քրքիջ բարձրացավ, որ նույնիսկ զգուշացան մի պահ՝ այդ բարձր ծիծաղով ու քրքիջով հակառակորդին հո չեն մատնում իրենց տեղը։

Կռվի դադարներին տղաները տարվում էին Ղարաբաղին վերաբերող պատմություններով։ Անուններ էին տալիս, որ ինքը երբեք չէր լսել՝ Շիլդերբերգեր, Ղազվինի, Պիգուլևսկի, Շառլ Դիլ, Իբն Խակուալ, Ամֆիտեատրով, Շեխտման։ Եվ ոնց էլ հիշում էին այդ բոլոր անունները։ Նրանց մեջ ինստիտուտ ու համալսարան ավարտածներ կային (Իգորը նույնպես ինստիտուտավարտ էր, ափսոս, հազար ափսոս)։ Մի ուսուցիչ էլ կար՝ Վաղարշակ Գաբրիելյան, Քոլատակ գյուղից։ Թևիկի նման երկարահասակ, բայց բարակիրան, չորուկ դեմքով մարդ էր, անչափ բարի տեսքով։ Հիսունն անց էր, բայց գիշեր-ցերեկ որդու հետ իրենց հետ՝ կռվի ամենաթեժ տեղերում։ Հետաքրքիր ձևով էր խոսում, բառերը երկարաձգելով։ Մամռակալած թավ անտառի խորքում , չոր ու զսպանակվող փափուկ տերևներին պառկած՝ Թևիկը հայացքը երկնքի մուգ կապույտ խորքապաստառին դանդաղորեն տարուբերվող ծառերի կատարներին, լսում էր նրա ձայնը.

–Ղարաբաղը, կամ ինչպես հնում էին ասում՝ Արցախը, միշտ հայոց աշխարհ է եղել, նրա ամբողջ տարածքում, սկսած Սևանա լճի արևելյան ափից մինչև Արաքս ու Քուռ գետերը ու այնտեղից էլ մինչև Վրաստանի հարավային սահմանները, հայերս ապրում ենք վաղնջական ժամանակներից։ Չիչերինը Ռուսաստանի արտաքին գործերի կոմիսարն էր, Լենինին ուղարկած նամակում նա մատնանշում է, որ Ղարաբաղը բուն հայկական տարածք է, սակայն հարթավայրային մասում հայերին բնաջնջելուց հետո, գրում է նա, այնտեղ բնավորվել են թաթարները։ Դժբախտաբար, հայերին վերաբերող բոլոր նամակներն ու զեկույցները Լենինը մակագրում էր հայատյաց Ստալինին, մեր կորուստների մեծ մասը դրանով է պայմանավորված։ Կարդացեք Հերոդոտ-Ստրաբոնից մինչև Մարկո Պոլո, Ջովաննի Գուայտա ու Դեվիդ Լենգ, նմանապես արաբական ու հունահռոմեական բազմաթիվ հեղինակների երկերը, և դուք կտեսնեք, որ Քուռ գետի աջ մասը դարեր ի վեր Հայաստան էր կոչվում, իսկ ձախ մասը ալանների երկիր, որտեղ ապրող ցեղերից մեկի՝ գարգարցիների համար Մեսրոպ Մաշտոցը տառեր ստեղծեց…

Թեթև հողմիկից ծառերն օրորվում էին, տերևները թրթռում, խշշում էին, ինչ-որ տեղ, ոչ այնքան հեռու, փայտփորիկը անձանձիր տկտկացնում էր չոր ծառաբունը, մի պահ կանգ էր առնում, ասես ականջ էր դնում արձագանքին ու դարձյալ վերսկսում էր իր համաչափ տկտկոցը։ Կյանքը հանդարտ հոսում էր հավիտենական թվացող այդ խշշուն անդորրի մեջ, Թևիկի մտքում, ավելի շուտ, ոչ թե մտքում, այլ սրտում, հոգու ամենախորքում, այս ամենը փոխարկվում էր բանաստեղծության, հանգավորվում էր, կկվի ձայնը թախծական երգ էր դառնում, փայտփորիկի տկտկոցը՝ մորզեգիր, դեղձանիկի գեղ-գեղ երգը՝ սիրո կանչ ու մեղեդի, և նրան անիմաստ ու ցավալի էր թվում այն, որ շուտով, գուցեև մի քանի րոպեից հետո, այս ամենը կմարի, կխլանա ռումբի ահարկու պայթյունից ու ավտոմատների կրակոցներից, և Թևիկն իր ջոկատը կտանի մարտի ու, ամենայն հավանականությամբ, տղաներից մեկը, որ հիմա գլուխը ձեռափին հակած խաղաղ լսում էր Վաղարշակ Գաբրիելյանի պատմությունը՝ հայրենի Ղարաբաղի մասին, պատահական գնդակից կզոհվի այնտեղ, ինչպես Իգոր Բաղունցը զոհվեց, և ինքը խեղդվում էր իր ներսում հորձանք տվող դառը արցունքներից։

Աստված, Աստված, ինչպիսի տղաներ զոհվեցին, և, եթե, իրոք, աստված կա , նա ինչպե՞ս է հանդուրժում այդ ամենը, ինչպե՞ս չի կուրանում, եթե աչքեր ունի ու տեսնում է, թե ինչպիսի ջահել տղաներ են զոհվում, որոնց հարազատների, սիրած աղջիկների աչքը հավիտյան նրանց ճամփին է մնալու։ Ախր, ինչպե՞ս է Աստված այդ բոլորը տեսնում ու դարձյալ մնում անտարբեր՝ նստած իր բարձր գահին։ Քանի-քանիսը զոհվեցին, և առաջիններից մեկը Սամվելիկն էր, Սամվել Ադյանը՝ Ղազարահող գյուղից, քաջ ու անձնվեր, բոլորի համար պաշտելի։ Իր նման, նա էլ բանաստեղծություններ էր գրում, և միակ երազանքն էր՝ կռվից հետո անպայման գիրք հրատարակել։ Բանաստեղծություններ շատ է կարդեցել Թևիկին, բայց մեկը՝ ''Զինվորի երգը'', որ նա գրել էր Սովետական բանակում ծառայելիս, Թևիկին շատ դուր եկավ։ Մի երկու անգամ Սամվելիկը կարդաց իրեն այդ բանաստեղծությունը և, զարմանալի բան, ինքն իսկույն անգիր արեց.

Հե՜յ, երկնքի սիրուն հավքեր,

Ամպերի հետ տարված խաղով,

Արդյոք ճամփան ձեր հրեղեն

Չի՞ անցնում մեր Ղարաբաղով։

Ախ, գնում եք շարվեշարան՝

Դուք ձեր անուշ երգ ու տաղով,

Ինչ կլինի՝ բարև տանեք,

Թե անցնեք մեր Ղարաբաղով…

Սկզբի այդ երկու քառյակն է միայն հիշում, մյուս երկուսը, դժբախտաբար, մոռացել է։ Թևիկը փորձ արեց վերհիշել շարունակությունը, բայց ապարդյուն։ Չէ, մնացածը չի հիշում, միայն առանձին տողեր ու բառեր՝ դա է, չի հիշում մնացածը… Մինչև հիմա էլ Սամվելիկի քաղցրահունչ ձենն իր ականջում է ու երբեք-երբեք չի մոռանա…

Շատ բաների մասին էր մտածում Թևիկը, ու շատ բան չէր հասկանում։ Իրոք, ահա, իրենք ստիպված ինքնապաշտպանության են դիմել, սար ու ձոր ընկած՝ կռվում են, զոհվում, վիրավորվում են, ուրիշ կերպ հնարավոր էլ չէ՝ պաշտպանում են իրենց հնամյա հողը, իրենց տունը, իրենց կանանց, մոր ու քրոջ պատիվը, նախնիների սուրբ գերեզմանները, իսկ նրանց՝ այդ ադրբեջանցիներին, ո՞վ է քշել բերել Ղարաբաղի լեռները, իրենք՝ հասկանալի է, նրա՞նք հանուն ինչի են զոհվում այս անտառներում՝ հարյուրավոր կիլոմետր հեռու իրենց ծննդավայրից։ Բաքվում սովորելիս նա երկու մտերիմ ընկեր ուներ՝ Ֆուադն ու Սամիրը, շարունակ իրար հետ էին, շարունակ իրարից անբաժան, և Թևիկը հանկարծ սարսափով մտածեց այն մասին, որ նրանց նույնպես կարող է քշել, բերել են այստեղ, և շատ հնարավոր է, որ այն ժամանակ, գետի մյուս կողմից նրանց արձակած ֆուգասային արկի բեկորներից ինքը ծանր վիրավորվեց։ Այո, դա, իրոք, հնարավոր է, և, ով գիտի, գուցե հենց այս պահին նրանք նմանապես մտածում են իր մասին, կարոտով հիշում են, ինչպես ինքն է սրտանց կարոտել նրանց ու անձկությամբ հիշում է, և, Աստված վկա, շատ կուզենար, որ նրանց ոչինչ չպատահեր, ողջ-առողջ վերադառնային իրենց ծնողների մոտ, որոնց նույնպես Թևիկը հիշում է, քանի-քանի անգամ եղել է նրանց հյուրընկալ տանը, և նրանք նույնպես քանիցս եղել են իրենց մոտ… Չէ, սխալ է, այս աշխարհում սխալ բան շատ կա, շատ-շատ սխալ բաներ կան…

Ծառերը դարձյալ օրորվում էին խշշուն լռության մեջ՝ կատարներով քսվելով երկնքի կապույտին, տերևները թեքվում էին մի կողմի, թրթռում, , փայտփորիկը հղում, հա հղում էր իր մորզեգիրը, սպասում էր որոշ ժամանակ, մինչև, երևի, այնտեղ, մյուս կողմում, կընդունեին նրա հաղորդումը, և նորից էր սկսում իր անդադրում

տկտկոցը։

Հազարավոր զոհեր տալով, գերությունից ազատում էին բազմադարյան հայոց շեն գյուղերը, ազատագրեցին Շուշին, Լաչինը, Քարվաճարը՝ Դադի վանքով ու Խաթրավանքով՝ Թարթառի աջ ու ձախ ափերին, որ նախկինում, ինչպես ուսուցիչ Գաբրիելյանն էր ասում, Արցախի Ծար գավառի կենտրոնն էր, և Թևիկը, բարձրաբերձ հասակով, աջ այտով ժպտալով, միշտ առաջին գծում էր։ Կանգնեցրեցին նրանց, հետախուզական տվյալների համաձայն ՝ Կիրովաբադում, Խանլարում ու մյուս տեղերում, ադրբեջանցիները ճամպրուկները կապած փախչում էին արդեն, բայց հրաման եկավ՝ առաջ չշարժվել։ Գերության մեջ մնացին ամբողջ Շահումյանը, Գետաշենը, Ոսկանապատը, Բուզլուխը, Բանանցը, տասնյակ ու տասնյակ այլ գյուղեր, նմանապես և բուն ինքնավար մարզի շատ ու շատ գյուղեր։ Զինադադար կնքվեց, թեթևակի կաղալով՝ Թևիկը վերադարձավ տուն։ Եվ որոշեց ընդունվել ինստիտուտ։ Ֆիզիկայի ֆակուլտետ։ Առհասարակ մաթեմատիկայից ու ֆիզիկայից ուժեղ էր։ Հավաքեց բոլոր փաստաթղթերը՝ հասունության ատեստատ-բան, գնաց ինստիտուտ։ Եվ այտեղ պատահեց այն, ինչին Թևիկը չեր սպասում. նա տեսավ Գայանեին։ Պարզ է , որ նա դեռևս չգիտեր նրա անունը։ Տեսավ ու, ինչպես զիգզագաձև շանթի փայլատակում, արյան տաք հարվածը՝ երակներում, տառացիորեն ընդհատեց նրա շնչառությունը։ Վայրկյանական զմայլանքից Թևիկը մնաց շվար կանգնած։ Լեզուն կապ ընկավ, սիրտը մարեց։ Թևիկը գլխի ընկավ, որ սիրահարվեց։ ''Այ քեզի բան'',– հաճելի զարմանքից թալկտած մտածեց նա և, արագակարգիչ սպիտակ թղթապանակը թևատակին, իրենից անկախ, որս տեսած վագրի պես զգուշորեն փոխելով ոտքերը, դանդաղ մոտեցավ այն խմբին, ուր կանգնած էր Գայանեն՝ բարձր, սիրուն, մեծաչյա, բոսորակարմիր շուրթերով, արձակ փարթամ մազերով, որ գանգուրներով իջնում էին մեջքին։

–Դու՞ք էլ եք պատմաբանասիրական հանձնում,– հանկարծակի շրջվելով, հարցրեց աղջիկը՝ դեմքին ընկնող անհնազանդ խոպոպիկը հետ տանելով։ Նրա կամակոր շուրթերի կիսաթափանցիկ փայլն ու շողշողուն թարմությունը մոտիկից կախարդեցին Թևիկին։

–Ե՞ս,– իրեն կորցրեց Թևիկը։

Աղջիկը, ստորին շուրթն ատամներով սեղմած, ծիածանային ժպիտով սպասում էր պատասխանի, և նրա շողուն ու մի քիչ էլ ծիծաղկուն աչքերը չարաճճի նայում էին Թևիկին։ Այդ աչքերում ամեն ինչ կար՝ և աղջկական բերկրալի կոկետություն, և մարտականչ, և շրջանավարտուհու նախաքննական վախ, և դեղձագույն մամրմնի ամառային նվաղություն, և անհերքելի գեղեցկության հանդարտ ինքնավստահություն։

–Այո,-ասաց Թևիկը, աղջկա թովչանքով գերված։

–Օյ, ի՜նչ լավ է, – ճառաքուն ժպտաց աղջիկը։– Կուրսում Ժոֆրեյ կունենանք…Բայց ափսոս, որ սպի չունեք ձեր այտին։

–Ե՞ս,-աջ այտով շփոթված ժպտալով ասաց Թևիկը։ Նա չհասցրեց ասել, որ այտին՝ չէ, բայց կռնակին ու ոտքին մի երկու սպի ունի, որովհետև աղջիկն այդ այնպես կարկաչուն ծիծաղեց ու այնպիսի մի խանդավառ բերկրանքով նայեց Թևիկին, որ Թևիկի ոչ միայն վիրավոր՝ առողջ ոտքն էլ թուլացավ։

–Դե, շուտ հանձնեք,– շտապեցրեց Գայանեն և ցույց տվեց, թե պատմաբանասիրականի համար որ սեղանի մոտ են ընդունում թղթերը։

Եվ Թևիկը, մինչև ուշքի կգար՝ արդեն հանձնել էր թղթերը։ Հանձնեց ու սարսափը միանգամից պատեց նրան. նա սաստիկ վախեցավ՝ հանկարծ չկարողանա հանձնել ընդունելության քննությունները։

 

''Կտրվեցի՝ կորած եմ''։-Սա էր Թևիկի վերջնական եզրակացությունը։

Եվ ահա էլի նույն երկյուղն է պատել նրան. մի քննություն է մնացել, որպեսզի փոխադրվի երկրորդ կուրս, ու, այ քեզի բան, ոտքի վերքը բացվել է։ ''Անպայման բեկոր կա մեջը,– մտածում էր Թևիկը։– Ռենտգենանկարը ցույց չի տալիս,բայց ինքը հավատացած է, որ բեկոր կա, այն ժամանակ, հոսպիտալում, ըստ երևույթին, բոլոր բեկորները չէ, որ հանել են։ Հարկավոր է գնալ Երևան, հանրապետական հիվանդանոց, այնտեղ բժշկական ժամանակակից սարքավորումներ կլինեն, որոնք անպայման ցույց կտան այդ բեկորը''։ Բայց ինչի մասին էլ որ մտածում էր, մեկ է՝ նույն կուրսում մնալու սարսափը հանգիստ չէր տալիս նրան։ ''Եթե այդպիսի բան եղավ, ուրեմն, կորած եմ'',-այն ժամանակվա նման մտածեց Թևիկը։

Առավոտյան բժիշկ եկավ, նայեց վերքը, վիրակապեց ու խորհուրդ տվեց անկողնուց չելնել։ Ասաց, որ հանգիստ է պետք։

Թևիկի համար շատ էր վիրավորական. չէ՞ որ վերջին քննությունն էր։ Ընդամենը մի քննություն։ Չէ, ինչ էլ լինի, հարկավոր է փոխադրվել հաջորդ կուրս։ Պարզ է, Գայանեն փոխադրվելու է։ Եվ Հարութը նույնպես կփոխադրվի։ Նրանն ուրիշ՝ առաջինից մինչև տասերորդ, հայերեն դպրոցում է սովորել, իսկ ինքը՝ կեսը ռուսերեն, կեսը հայերեն, ստացվում է՝ ոչ ռուսերեն է կարգին կրթություն ստացել, ոչ հայերեն։

Եվ ահա Թևիկը՝ թուխ բեղերով ու վեհասքանչ, անշարժ պառկած է անկողնում։ Ցավից կնճռոտվելով՝ նա ալարկոտ ու դանդաղորեն թերթում է գիրքը, կոնսպեկտները։

–Հը, ինչպե՞ս ես, Թևիկ,-խոհանոցից հարցնում է մայրը։

–Լավ չեմ, մամա, ցավում է։

Անցնում է մեկ-երկու րոպե, մայրը նորից է սկսում.

–Հիմա դա ո՞նց պիտի լինի… Մաման մատաղ, մի կերպ փորձեիր… հաղթահարել էդ ցավը…

Թևիկը զայրանում է։ Մոր խոսքերում կարծես թե ինչ-որ թաքնված կշտամբանք է զգում նա։

–Դու շատ հետաքրքիր ես, այ մամա,-ասում է նա, չփորձելով թաքցնել վիրավորվածությունը։-Կարծում ես հե՞շտ է տաքության մեջ պարապելը։ Չէ՞ որ ամեն մի բառը հասկանալ, հիշել է պետք… Դա հո մաթեմատիկա կամ ֆիզիկա չի։ Պատմություն է, չէ՞, մամա…

–Դե լավ, մի բարկացիր,-հաշտվողաբար ասում է մայրը։– Ախր, ես ուզում եմ, որ փոխադրվես, չմնաս նույն կուրսում, չկտրվես ընկերներից։

Մայրն, իհարկե, Գայանեի մասին չգիտի։ Իրենից՝ Թևիկից բացի, ոչ ոք չգիտի։ Ոչ ոք։

–Քիչ պառկեմ… Սպասեմ մի քիչ, գուցե երեկոյան կողմ բաց թողնի ցավը… պարապեմ։ -Թևիկը ինքն էլ շատ լավ հասկանում է, որ պարապել պետք է։ Ցանկության դեպքում նա, իհարկե, ատամները սեղմած, մի կերպ կարող է հաղթահարել ցավը։ Բանն այն է, որ հենց այդ ցանկությունն է որ չկա։ Ցավի գիտակցությունը նրան արդարացնում է սեփական աչքում։ Հազիվ մի էջ կարդացած՝ Թևիկը կրկին փակում է գիրքը՝ իր երկարուկ թուխ մատը պահելով անհրաժեշտ էջի վրա. չէ, ոչինչ չի ստացվում, սրտնեղության զգացումը անկարող է փոխարինել կամքի ուժին։

Նա գլուխը ետ է գցում բարձին, լուսամուտից նայում է դուրս, դեպի սարերին թիկնած կապտաժեռ երկինքը, և անքուն գիշերվա հորինած բանաստեղծության տողերը՝ նվիրված Գայանեին, թրթռում են նրա հոգում։ Այդ բանաստեղծության ամեն մի հնչյունի մեջ նա Գայանեին է տեսնում, նրա լուսապայծառ տեսքը միշտ իր աչքի առջև է, ոչ մի կերպ մոռանալ չի կարողանում։

Անհնար է մոռանալ

Շուրթերը քո քաղցրանուշ,

Մատները քո նրբատաշ,

Հասակը քո նրբատեսք՝

Բարակիրան, սլացիկ՝

Ինչպես բարդի մի մատղաշ,

Անհնար է մոռանալ,

Անհնար է մոռանալ…

Ինքը Գայանեին չի կարող ասել իր մեծ սիրո մասին, Իգորի պես ինքը ևս երբեք չի համարձակվի նրան բացել իր սիրտը, բայց, եթե նա կարդար այս տողերը, անկասկած կհասկանար, որ իր մասին են գրված դրանք և կտեսներ, որ Թևիկը, իրոք, գժի պես սիրում է իրեն, և սիրում է հենց առաջին վայրկյանից, այն պահից, երբ առաջին անգամ տեսավ նրան ընդունելության թղթերը հանձնելիս ու կհասկանա նաև, որ հենց հանուն իրեն՝ Գայանեին, նա իր թղթերը պատմաբանասիրական հանձնեց ու դրա համար էլ տանջվում է հիմա, չէ՞ որ իր մտքով երբևէ չի էլ անցել այդ բաժինն ընդունվել, ախր, ֆիզիկա ու մաթեմետիկա ինքը լավ գիտի, դպրոցում այդ առարկաներից ''չորսից'' պակաս գնահատական չի ստացել երբեք։ Նա դարձյալ ու վերստին մտածում է Գայանեի մասին, և նորանոր տողեր են ծնվում իր հոգու անտեսանելի խորքերում.

Ասա, ինչպե՞ս մոռանամ

Փայլը սևուկ աչքերիդ,

Թավշե ձայնդ հոգեթով,

Ժպիտն ալվան շուրթերիդ,

Քո նայվածքը շեղակի,

Քո քայլվածքը հմայուն,

Քո պահվածքը եզակի,

Քո կազմվածքը նրբագեղ,

Պարանոցդ մարմարյա՝

(Նեֆերտիտյան համարյա),

Ինչպե՞ս, ինչպե՞ս մոռանամ։

Թևիկին թվում է՝ դեռ ամեն ինչ չէ ասված Գայանեի մասին, իր սիրտը պռնկեպռունկ լիքն է անսպառ զգացմունքներով, նա ուզում է, որ իր բանաստեղծությունը կարդալով՝ ընթերցողը պարզ տեսնի Գայանեին, ինչպես ինքն է տեսնում նրան՝ աստվածային, լուսերես, անարատ։ Եվ դեռ չմտածած այդ մասին, նոր տողեր են ծնվում. ''Սեր իմ, սեր իմ դու անգին, վսեմաշուք սրբություն, մղկտում է իմ հոգին, քո կարոտից գիշեր-զօր''։ Եթե ոտքի ցավը չլիներ, ինքը հիմա պառկած չէր լինի այստեղ։ ''Գամել է ինձ բախտը անգութ…'',-շշնջում է նա, ծուլորեն հանգ որոնելով այդ ''անգութ'' բառի համար։ Աջ այտը քիչ բարձրանում է. ուրեմն ժպտում է իր գտած հանգի համար՝ ''Հարութ''։ ''Անգութ Հարութ''։-Նա մանր ծիծաղեց, թուղթը մի կողմ գցեց, ձեռքը դրեց վիրավոր ոտքին։ Ոտքը կրակի պես այրվում էր, անոթներով զարկահարում էր արյունը՝ մեկ-երկու.. երեք-չորս… Թևիկը մտահոգ տեսքով նայում է առաստաղին. ''Դե արի ու այս վիճակում պարապիր''։

–Մամա։

–Ի՞նչ է, բալաս։

–Շա՞տ ես զբաղված։

–Ի՞նչ է պետք։

–Ոտքս մի քիչ մասաժ արա։

Մայրը՝ նիհար կազմվածքով, լռակյաց, հավիտյան նվիրված, շտապկոտ դուրս է գալիս խոհանոցից։ Մայրական վարժ ու հոգատար շարժումով, զգույշ բարձրացնում է որդու ուռած, ծանր ոտքը և սկսում է մաժել։ Գնալով կարծես թե ցավը մեղմանում է, արյունը հոսում է մեղմ, ռիթմիկ։

–Նստիր, մամա, նստած հեշտ կլինի,-խորհուրդ է տալիս Թևիկը։

Լռության մեջ անցնում է մեկ-երկու րոպե։ Ժամացույցի միապաղաղ տկտկոցն է միայն լսվում ննջարանում, և դա ավելի է ընդգծում լռությունը։ Թևիկին հաճելի է, նա ուզում է, որ մայրն այդպես երկար մաժի ոտքը։ Նա հոգնածորեն փակում է աչքերը, ամբողջովին տրվելով անվրդով երանության այդ վայելքին։

Դռան ձայնի վրա մայրը ետ է նայում։ Անուշիկն է՝ բարակավուն, վայելչակազմ, կարճ թևերով կարմրագոտի ճերմակաթույր զգեստով։ Դեմքը նրա թուխ է արևայրուկից, մերկ ուսերին իջնող մետաքսի պես նուրբ մազերը՝ փայլուն ու լրիվ սև, շուրթերը՝ վառ կարմիր ու քնքուշ՝ ինչպես մանկան շուրթիկներ, իսկ աչքերը՝ քաղցրաբարո ու մի տեսակ ծաղրասեր արտահայտությամբ։

–Դու էդ որտե՞ղ ես էսքան ժամանակ,-կշտամբանքով հարցնում է մայրը։

–Ընկերուհուս՝Արփենիկի հետ կինո էինք գնացել,-պատասխանում է Անուշը։-Լավ նկար էր՝ ''Արևամուտից մինչև լուսաբաց'', վաղուց էինք ուզում տեսնել, բայց չէր հաջողվում։– Նա մոտենում է եղբորը, նստում թախտի ծայրին։-Ցավու՞մ է։

–Բա ոնց, ցավում է, գիտես, ուղղակի… Ո՞նց բացատրեմ… Ներսից ասես պայթում է… Սաստիկ ցավում է։

Անուշը նայում է մորը.

–Մամ, տուր ես անեմ։

Թևիկն ի վերջո անհարմար է զգում։

–Չէ, պետք չէ… Հիմա մի քիչ լավ է։ Մամա, հանգիստ դիր տեղը… Զգույշ, նայիր, որ ցավ չտա,– ավելացնում է նա։

Մայրը որդու ոտքը զգուշորեն դնում է տեղաշորի տակ։

Անուշը գնում է մյուս աենյակը։ Նա փոխում է շորերը, տնային պարզունակ խալաթ է հագնում, հետո հանում է կոշիկները, մնալով բոկոտն՝ ''լրիվ բոբիկ-բոբիկ'' , ինչպես ինքն է ասում տնավարի։ Հետո թուղթ ու գրիչ է վերցնում, տեղավորվում է լայնածավալ լուսամուտագոգի առջև (լուսամուտը նայում է փողոցին և այստեղից, բարձունքից, երևում է ամբողջ քաղաքը՝ կորած ծառ ու ծաղկի, կանաչի մեջ) և շարունակում է իր կիսատ մնացած նամակը՝ ընկերուհուն, որն ապրում է հեռավոր Սանկտ-Պետերբուրգում։

Միջանցքում, փոքրիկ սեղանի վրա, հնչում է հեռախոսը, սկզբում կարճ, ասես անվճռական, հետո երկար, անհամբերությամբ։ Մայրը մոտենում է հեռախոսին։

–Ո՞վ… Հարու՞թը… Ա՜, բարև, բարև, Հարութիկ ջան, չճանաչեցի ձայնդ։ Ի՞նչ։ Ո՞վ է հարստանալու… Ա՜, դե ինչ եմ ասում, տա աստված, տա աստված…Հա, պառկած է… Հիմա՞… Չէ, ինչի՞ չեմ ուզում… Դե, լավ, շատ լավ, շնորհակալություն, որդիս… շատ շնորհակալություն։

–Ի՞նչ է ասում, մամա,-հարցնում է Թևիկը։-Ուզում է այստե՞ղ գալ։

–Հա, Հարութն է, մենակ թե՝ չեմ հասկանում, որտեղի՞ց է նրան հայտնի, որ բացվել է վերքդ, ախր…

–Թևիկ, ես եմ ձեր տղաներին ասել,-ննջասենյակից լսվում Անուշի ձայնը։ – Հանրակացարանի մոտով անցնելիս տեսա, նրանք հարցրին քո մասին, ես էլ բացատրեցի։ Հարութը նրանց հետ չէր։

Պարզվեց, որ հանրակացարանի մոտ Անուշը պատահաբար տեսել էր Թևիկի համակուրսեցիներին։ Հարութը, իսկապես նրանց հետ չէր եղել։ Իմանալով, որ Թևիկը հիվանդ է, նրանք սկզբում որոշեցին խմբով գալ և պարապել Թևիկի հետ, սակայն նրանցից մեկը, երևի կուրսի ավագն էր եղել, Անուշը չգիտի նրա անունը, առաջարկեց բազար չսարքել, այլ հանձնարարել տղաներից որևէ մեկին, ընդ որում, այնպիսի մեկին, որին Թևիկը չկարողանար հակադրվել, որովհետև եղբոր ալարկոտությունն ու ամեն ինչ վաղվան գցելու վատ սովորությունը քաջ հայտնի էր կուրսեցիներին։ (Պատմելիս Անուշն, իհարկե, այդ մասերը բաց թողեց)։ Տղաները եկան ընդհանուր կարծիքի, որ, իրոք, խմբով գալը հիմարություն է, օգնելու տեղ, ընդհակառակն, կարող են խանգարել, և Անուշին հավաստիացրին, որ իրենք հնարավոր ամեն բան կանեն, որպեսզի Թևիկն անպայման հանձնի քննությունը և փոխադրվի հաջորդ կուրս, և որ թող Անուշը բոլորովին չանհանգստանա։ Եվ ահա Հարութը զանգել է։

–Թևիկ, ազնիվ խոսք, ես չեմ իմացել, որ հատկապես Հարութը պիտի գա,– մեղավոր տոնով շարունակեց Անուշը, իսկ հետո ավելացրեց.– Վերջ ի վերջո, հասկացիր, դու պետք է, չէ՞, հանձնես քննությունդ։

Թևիկը դժգոհ բարձրացնում է սև, թավ հոնքերը, խոժոռվում։ Մտացիր-ցավագին արտահայտությունը մի քանի վայրկյան դրոշմվում է նրա դեմքին։ Հետո նա գլուխը շրջում է պատի կողմը և փակում է աչքերը։ '' Կգա ու հոգիս կհանի,-դժգոհությամբ մտածում է նա։-Հազար անգամ լա՞վ չէր լինի մեկ ուրիշին ուղարկեին, քան թե նրան''։

Անուշը կրկին վերադառնում է ննջասենյակ և, լուսամուտագոգի առջև նստած, շարունակում է իր անավարտ նամակը ընկերուհուն։ ''Հարութը կարող է մտածել, թե ես հատուկ գնացել եմ, որպեսզի իրեն կանչեմ Թևիկի մոտ,-առկայծում է Անուշի մտքում։-Էհ, թող ինչ ուզում է մտածի''։

Անուշը Հարութին վաղուց գիտեր և , ինչպես նրան թվում էր, գիտեր շատ լավ, սակայն ճշտորեն բնորոշել իր վերաբերմունքը նրա նկատմամբ, այնուամենայնիվ, չէր կարողանում և, դրա համար էլ, գտնում էր, որ իր և Հարութի միջև ''բարդ և խճճված'' հարաբերություններ են ստեղծվել։ Ծանոթացել էին նրանք, ինչպես բոլոր ծանոթությունները, պատահականորեն։ Անցյալ տարի, ծննդյան տոների առթիվ, ինստիտուտում երեկույթ էր կազմակերպվել։ Անուշը եղբոր հետ գնաց այդ երեկույթին։ Մանկավարժական ինստիտուտի հանդեսային դահլիճը գեղեցիկ կահավորված էր։ Ամենուր աղմուկ էր, երաժշտություն, ծիծաղ։ Անուշը թավշյա զգեստով էր, որը շատ էր բռնում նրա թուխ, թեթևակի գունատ դեմքին։ Կուրսի տղաները մոտենում էին Թևիկին, նա քրոջը ծանոթացնում էր նրանց, և նրանցից մեկը՝ Հակոբը, աղջկա պես կոտրատվող մի տղա, Անուշին հրավիրեց պարի։

Թևիկը շատ էր փափագում, որպեսզի Անուշն այդ օրը տեսներ Գայանեին, ինքը հետո զարտուղի ճանապարհներով կիմանար Անուշի կարծիքը, նա հենց դրա համար էլ քրոջը վերցրեց հետը, բայց Գայանեն չկար, և դա բավականին գցեց Թևիկի տրամադրությունը։ Չէր երևում և Հարութը։

–Հարութին չե՞ս տեսել,-հարցրեց նա ընկերներից մեկին։

–Երևի ընթերցարանում է,-եղավ պատասխանը։

Անուշը սրտանց ծիծաղեց։

–Ընթերցարանու՞մ։ Ի՞նչ է անում նա ընթերցարանում։-Անուշին զարմանալի թվաց այն, որ փոխանակ այս տոնական օրը պարելու, ուրախանալու բոլորի հետ, նա ճգնավորի պես նստել է ընթերցարանում։ Այ քեզ բթամիտ։ -Թևիկ, աղաչում եմ, ծանոթացրու ինձ այդ ցնդածի հետ։

–Ինչու՞ է ցնդած։ Տես, հա, խելքիդ չփչի ձեռ առնես նրան,-զգուշացրեց Թևիկը։-Թե չէ, գիտեմ քեզ՝ սիրում ես բոլորին ձեռ առնել, պիտակներ կպցնել։

–Ե՞ս,-քթիկը նրբագեղորեն կնճռոտելով ծիծաղեց նա։

–Տեսնու՞մ ես՝ ինձ էլ ես ձեռ առնում՝ ''ե՞ս''։ Ինձ՝ ոչինչ, ես քո եղբայրն եմ, բայց նրա հետ գործ չունես։

–Ինչու՞,-մի տեսակ շինծու խռովկանությամբ հարցրեց քույրը։

–Որովհետև նա իմ մոտ ընկերն է, լուրջ տղա է և անլուրջ բաներ չի սիրում։

–Դե լավ, խոսք եմ տալիս, ծանոթացրու։

Նրանք երկար միջանցքով անցան, մտան ընթերցասրահ։ Մի խումբ տղաներ ու աղջիկներ լռին տարված էին ընթերցանությամբ, մի քանիսը ինչ-որ բան էին գրում։

–Այ, նստած է այնտեղ,-կամացուկ ասաց Թևիկը։

–Ո՞ր մեկն է։

–Ծաղկամանի ետևի անկյունում։

Անուշը ժպտաց, նա տղայի ուսերն էր տեսնում միայն և գլուխը, որ խոնարհված էր առջևը փռած լրագրին։ Թևիկը խստորեն նայեց քրոջը, շշուկով ասաց.

–Ես քեզ զգուշացրեցի, չէ՞, Անուշիկ. ոչ մի ծաղրական բան։

–Բոլորովին, բոլորովի՞ն։

–Բոլորովին, բոլորովին։

Անուշի համար ցավալի էր, որ Թևիկը կռահել էր իր մտադրությունը՝ ձեռ առնել այդ ճգնավոր տղային և, եթե Թևիկը հենց հիմա առաջարկեր իրեն վերադառնալ դահլիճ, ինքը մեծավ ուրախությամբ կհամաձայներ։

–Նրա հետ կատակ– բան մի արա, այդպիսի բաներ չի սիրում նա,-խոժոռվելով փնթփնթաց Թևիկը։

Դա խիստ կպավ Անուշին, նա բռնկվեց ներքուստ, սակայն չհամարձակվեց որևէ բան ասել. այնուամենայնիվ, եղբորից վախենում էր։ Նրանք մոտեցան Հարութին։ Հարութը բարձրացրեց գլուխը, և Անուշը նույնիսկ զարմացավ, տեսնելով, որ նա հաստ ապակիներով ակնոց է կրում։

Հարութի հագին մուգ կապույտ կոստյում էր և օձիքը բաց շերտանախշով սպիտակ վերնաշապիկ։ Նա հանգիստ նայում էր իրենց։ ''Անձեռմխելի անձնավորություն,– կնքեց Անուշը, համարյա ատելությամբ նայելով նրան։-Մի գրամ քաղաքավարություն անգամ չունի։ Գոնե վեր կենար տեղից''։

–Ողջույն, Հարութ,-ասաց Թևիկը և Անուշին թվաց, թե փաղաքշական ինչ-որ երանգ կար եղբոր ձայնի մեջ։ ''Ինձ համար է վախենում'',-վճռեց նա։

 

–Ողջույն,-պատասխանեց Հարութը աղջկա ներկայությունից շփոթված։

–Ծանոթացիր, սա իմ քույրիկն է։

–Անուշի՞կը։-Նա բարձրացավ տեղից, քաղաքավարությամբ խոնարհվեց ու լայն ժպտաց, ցուցադրելով իր միահավասար սպիտակ ատամները։-Բարև ձեզ, Անուշիկ։-Նա սեղմեց Անուշի ձեռքը, որը Անուշը պարզել էր՝ կանխապես սառը արտահայտություն տալով դեմքին։-Ահա թե ինչպիսին եք դուք…Գիտե՞ք, Թևիկը այնքան է պատմել ձեր մասին, ազնիվ խոսք…և գերազանց գնահատականներով եք սովորում, և երգում եք լավ և լավ պարում եք։ Երաժշտականում եք, չէ՞, սովորում։

–Ոչ, թատերական պարարվեստի։

Թևիկը կատաղաբար նայեց քրոջը։

–Կատակում է, Հարութ… Բժշկական տեխնիկումում է սովորում… Չէ՞ որ ես ասել եմ քեզ։

Հարութը թեթևակի կկոցեց աչքերը և ապակիների տակից հետաքրքրասիրությամբ ու դարձյալ մի քիչ էլ շփոթված կերպով ուղիղ նայեց Անուշի դեմքին։ Անուշը ցուցադրաբար շրջվեց մի կողմ։

–Թևիկ, գնանք դահլիճ,-ասաց նա։

–Գնանք,-աճապարանքով արձագանքեց Թևիկը։-Հարութ, արի մեզ հետ, ի՞նչ ես նստել այստեղ։

''Արտադրության զարգացման տեմպերի տեսակետից տոների նպատակահարմարության պրոբլեմն է որոշում'',-ներքուստ ծիծաղելով, մտովի ասաց Անուշը։

–Ազնիվ խոսք, ինքս էլ չգիտեմ։ Մի թերթ կար, մտա նայելու, ու այդպես էլ մնացի։ Ծիծաղելի է, չէ՞։ Դե, գնանք։

Նրանք անցան վառ լուսավորված միջանցքով, մտան դահլիճ։

–Անուշիկ, այս որտե՞ղ եք,-բացականչեց Հակոբը։-Ես էլ, ահա, ձեզ եմ որոնում։ Գնանք պարելու։

–Գնանք,-Անուշը ձեռքը մեկնեց նրան, և նրանք մտան պարահրապարակ։

Անուշը մի երկու անգամ անցողակի նայեց Հարութին։ Թևիկն ինչ-որ բան էր պատմում նրան, Հարութը մտացրիվ կերպով լսում էր, ժամանակ առ ժամանակ թռուցիկ հայացքներ ձգելով պարողների կողմը։

Անցել էր մի քանի օր։ Անուշն արդեն սկսել էր մոռանալ Հարութի մասին, երբ հանկարծ, միանգամայն անսպասելի, երեկոյան նա ինքը եկավ իրենց մոտ։

Ամբողջ երեկոյան նստեց առանց մի խոսք ասելու։ Անհարմար ու ձանձրալի էր։ Թևիկն ինչ-որ պատմություն սկսեց։ Հարութը, հավանորեն, հանուն քաղաքավարության, ուշադիր նայում էր նրան, սակայն երևում էր, միտքն ուրիշ տեղ էր, չէր լսում։ Հետո Թևիկն առաջարկեց շախմատ խաղալ։ Հարութը համաձայնեց, բայց տաս քայլ չարած, պարզասրտորեն ժպտալով, խաղատախտակի վրայից ձեռափով խաղաքարերը թափեց սեղանին։ ''Թևիկ, խաղալ չգիտես'',-ասաց նա։ ''Անտաշ'',-քիչ մնաց նետեր Անուշը, ցասումով փայլատակող աչքերով նայելով նրա կողմը։ Այնուհետև վեր կացավ և, առանց ներողություն խնդրելու, գնաց քնելու։

Երկու օր անց Հարութը նորից եկավ։ Թևիկը սեղանի մոտ նստած բանաստեղծություն էր գրում, իսկ Անուշը տարված էր ընթերցանությամբ։ Մայրը աշխատանքի էր։ Դուռը Անուշը բացեց։ Նա հետ կանգնեց, Հարութին առաջ թողնելով։

–Բարև, Հարութ,-կենսախինդ ոգևորությամբ ողջունեց Թևիկը։ Նրա տրամադրությունը բարձր էր։-Նստիր։ Դու բանաստեղծությունից բա՞ն ես հասկանում։

–Ոչ այնքան։

–Հոյակապ մի բանաստեղծություն եմ գրել՝ Ղարաբաղին նվիրված։ Համարյա մի շնչում գրեցի։ Կարդա՞մ։

–Ես անհաջող դատավոր եմ։

–Ոչինչ, դա կարևոր չէ։ Լսիր.

Ուր էլ լինեմ, ուր էլ գնամ,

Հեռու թե մոտ՝ ուր էլ մնամ,

Ինձ հետ ես դու, իմ այգեստան,

Իմ բուրաստան,

Ծաղկածիծաղ իմ լեռնաստան։

Թևիկը աչքի տակով անհամբերությամբ նայեց Հարութին, տեսնելու՝ ազդեցություն թողնու՞մ է բանաստեղծությունը։ Սակայն որևէ բան կռահել՝ անհնարին էր։ Թևիկը շարունակեց կարդալ.

Ջրերդ զով ու քչքչան,

Հովդ անուշ ու շնկշնկան,

Արոտներդ ալպիական՝

Լորի կանչով կախարդական,

Անտառներդ հեքիաթային՝

Կկվի ձենով ու կուսական,

Սար ու ձորդ աստվածային՝

Չքնաղագեղ ու դյութական,

Երկրե-երկիր ես ման եկա,

Աստված վկա՝

Ուրիշ նման դրախտ չկա։

Նա դարձյալ գաղտնածածուկ նայեց Հարութի դեմքին, սակայն դարձյալ ոչինչ չկարողացավ կարդալ այնտեղ՝ ոչ ոգևորվածություն, ոչ հիասթափություն, և անհասկանալի էր վերջապես՝ դու՞ր է գալիս բանաստեղծությունը նրան, թե ոչ։

Ո՞վ չգիտի, որ դու իմն ես,

Ես մի գետ եմ, դու իմ հունն ես,

Դու իմ հույսն ես, աչքիս լույսն ես,

Իմ հավատն ու սրտիս սյունն ես,

Ես մի հավք եմ, դու իմ բունն ես,

Հայրենական դու իմ տունն ես։

Թևիկը կարդաց ու մնաց շփոթված. բանաստեղծության մեջ ինչ-որ բան նրան դուր չեկավ։ Քանի գրում էր՝ լավ էր, դուր էր գալիս, բայց, ահա, բարձրաձայն կարդաց, և ամեն ինչ կորավ. կարծես ոչ մի ոգեշունչ բան չկար մեջը։

–Ահա այսպիսի բաներ,-քթի տակ փնթփնթաց նա, նոթոտ տեսքով նայելով Հարութին։ Սա լուռ էր։ Ծխեց, բավականությամբ ներս քաշեց կապտավուն ծուխը։

–Չե՞ս նեղանա,– երկար լռությունից հետո հարցրեց նա։

–Ե՞ս… Ոչ,– արիաբար արձագանքեց Թևիկը։

–Թույլ է։ ''Ես կովս ծախեցի. նրան տանում էին իրիկնային աղջամուղջի միջով''։ Ճապոնական թանկայի այս մի տողն ինձ ավելի շատ բան է տալիս, քան քո ամբողջ ոտանավորը։

Թևիկը նեղացավ։ Եվ, չգիտես ինչու, նրա համար ամենավիրավորականն այն էր, որ Հարութն իր բանաստեղծությունը ''ոտանավոր'' անվանեց։ Նա տաքացավ, և ինչքան էլ ձգտում էր ապացուցել, որ բանաստեղծությունն ընդհանուր առմամբ, վատը չէ, որ ''մամայիս արև'' այն լեցուն է հայրենի եզերքի գեղեցկությամբ ու քնարականությամբ և, աստված վկա, Հարութը ոչինչ չի հասկանում բանաստեղծությունից և, որ, առհասարակ, պոեզիա հասկանալու համար նա չափից դուրս ''էքսցենտրիկ'' անձնավորություն է: Հարութը սոսկ ժպտում էր։

–Հայրենի հողի, հարազատ եզերքի թեման նոր չէ,-ի վերջո ասաց Հարութը,– և Ղարաբաղի մասին հարյուրավոր բանաստեղծություններ կան։ Նայիր, սա նույնպես Ղարաբաղին է նվիրված, մեր բարբառին, բայց տես, թե ինչ ուժ է պարունակում իր մեջ, այդ բարբառը մեր բնույթն է, մեր մտածողությունը, բանաստեղծն այն ժայռի հետ է համեմատում, ժայռի նման հին ու կարծր է համարում, ժայռի պես՝ խրված հայրենի հողում, և ոչ մի ուժ չի կարող սասանել նրան: Ղարաբաղի ու ղարաբաղցու անսասան ոգու գովքն է այստեղ։ Լսիր. ''Ժայռի նման է այս հին բարբառը, ժայռի պես կոշտ է, չմշակված, ու ժայռի պես էլ կարծր է, համառ է, չի պոկի նրան ոչ մի հարված. շուրթերի վրա այնպես է բառը, ինչպես որ ժայռն է հողում խրված''։ Այ, սա է նոր խոսքը, Թևիկ։

''Սիլվա Կապուտիկյանի հետ է համեմատում ինձ'',-դժգոհ փնթփնթաց Թևիկը։

–Ես այսպես եմ մտածում. եթե Ղարաբաղի մասին բանաստեղծություն ես գրում, կամ պետք է գրել նրանցից լավ, ովքեր մինչ քեզ գրել են այդ մասին, կամ բոլորովին չպետք է գրել,-շարունակեց Հարութը։-Մի՞թե այսպիսի բանաստեղծությունից հետո, սիրելիդ իմ Թևիկ, կարելի է թույլ բանաստեղծություն գրել։ Լսիր.

Ես մեռել էի վաղուց,

Բայց հառնել եմ երգով՝

       Եղեսպակի, ուրցի,

Խլածաղկի տեսքով։

Ասես ոչ թե բանաստեղծություն է, այլ երաժշտություն, քնքուշ մեղեդի, և դու զգում ես այդ երաժշտության, մեղեդու ամեն մի հնչյունն ու եղևէջը։ Շարունակությունը լսիր.

Գուրգուրում է հովն ինձ

Եվ այցելում՝ մեղուն,

Ինձ արածում է ձին,

Գերանդու պես հնձում

Տերևներ ու ցողուն՝

Խնայելով միայն

Արմատներս հողում։

Ցավ չզգալով բնավ՝

Ես հրճվում եմ ցավից,

Որ գտել եմ հնար,

Մի նոր կյանքի ավիշ՝

Փախչել հողի ծանր

Կոշտուկների միջով։

Իսկ նա՝ շիրմաքարս,

Միշտ համառ, անզիջող,

Դեռ կարծում է, թե ես

Պառկած եմ նույն տեղում

Եվ դեռ առաջվա պես

Ինձ ճզմում է հողում։

Այնինչ անցել եմ ես

Հողի մշտանորոգ

Պտույտներով անծիր,

Եվ ինձ իմ այս երկրորդ

Կենդանության օրոք

Արածում է մի ձի,

Այցելում է մեղուն,

Եվ արևը նորից

Ինձ համար է շողում։

Եվ սա գրել է հեռավոր գյուղում ապրող մի ծեր ուսուցիչ՝ անունը Մովսես Յախշունց։ Բանաստեղծի շնորհիվ բառերը թև են առնում, հասարակ շարժումը վերածվում է ճախրանքի, բառը կոկոնի պես պայթում է գեղեցկության ու հայտնության հրճվանքից։ Նայիր տես, թե սրանից հազար տարի առաջ ինչպես են նկարագրել, պատկերել կնոջը, և այդ կինն էլ Մարիամ Աստվածածինն է եղել.

Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ

Երկու փայլակնաձև

արեգական նման,

Բերանն երկթերթի վարդն

ի շրթանցն կաթեր…

Այ, սա է գեղեցկության ու հրճվանքի հայտնությունը։ Քո գրածի մեջ ես ոչ մի գեղեցկություն ու քնարականություն չեմ տեսնում, թույլ ոտանավոր է և վերջ։ Դու հափշտակվում ես պճնազարդ, ճոռում բառերի հնչեղությամբ, առանց մտածելու իմաստի մասին։

–Իսկ այս մե՞կը,-ինքնասփոփանքի համար արդարացման փորձ արեց Թևիկը.

Հայրենական իմ ծմակներ կանաչ,

Հանդերում կորած կածաններ ճանաչ,

Ուր էլ որ լինեմ՝ կանչում եք ձեռքով,

Կանչում եք դուք ինձ, կանչում եք ձեր քով…

-Կանաչ, ճանաչ, մալանչ, արչ, փարչ,-ընդհատեց նրան Հարութը։-Թույլ է, թույլ է, Թևիկ, դա ոտանավոր էլ չէ, նույնիսկ չգիտեմ, թե ինչ է։-Նա քիչ լռեց, ասաց.-Կամ այն օրը հանրակացարանում, այն ի՞նչ ոտանավոր էր, որ կարդացիր մեզ։ Ես այնտեղ չէի ուզում ասել, բայց հիմա կասեմ։ Ի՞նչ ասել է՝ ''Գետակը դեղնել է իրիկնադեմին…'' Ինչու՞ ''իրիկնադեմին'' և ինչու՞ ''դեղնել է''։ Մալարիայի նոպա՞ է բռնել, ինչ է։ Գետակը իրիկնադեմին մթանում է, մթագնում է, մգանում է, մթնդում է, մթնում, սևանում է, և ոչ թե դեղնում է։ Հետո էլ պարզ չէ, ի՞նչ նպատակով է գրված այդ ոտանավորը։