Za darmo

Մեծապատիվ Մուրացկաններ

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

– Այս հագուստներուս համար հիսուն ոսկի տված եմ․ անոնց խումաշին աղեկ և ընտիր ըլլալն ի՞նչպես պիտի հասկցվի պատկերես։

– Հոգ մի՛ ըներ, կը հասկցվի։

– Ընտո՞ր պիտի ցուցնես։

– Հանգիստ եղե՛ք։

– Չկարծվի սակայն, թե երկու ոսկինոց հագուստ է հագածս։

– Այդ մասին անհոգ եղե՛ք։

– Շատ լավ։

– Ես կերթամ անդիի սենյակն նախնական պատրաստություններս ընելու, քանի մը վայրկենեն հրամանքնիդ ալ հրամմեցեք։

– Շատ աղեկ։

– Եթե կուզեք, մինչև որ անդիի սրահը մտնեք, սափրիչ մը կանչել տանք, որ գա մազերդ ու բեղերդ սանտրե, շտկե ու շտկռտե։

– Աղեկ։

Գործարանի պաշտոնյաներեն մին վազելով կերթա սափրիչ մը բերելու։

Քանի մը վայրկյանեն կուգա սափրիչն, որ գլուխն ծռելով և ետ-ետ երթալով հարգանքներ կը մատուցանե Աբիսողոմ աղային։

– Եկուր սա մազերս շտկե, նայինք, – կըսե Աբիսողոմ աղան։

– Պարտքերնիս է, – կը պատասխանե սափրիչը։

– Աղեկ մը շտկե, որովհետև պատկերս հանել պիտի տամ։

– Գլխուս վրա։ Ա՜բ․․․

– Ես շատ կարևորություն կուտամ գլխուս։

– Ինչու չտաք, վսեմապատիվ տեր․․․ Ա՜խ․․․ եթե դուք չտաք, ո՜վ տա։ Ա՜խ․․․ երանի թե ես ալ ուրիշ մտմտուք չունենայի և․․․

– Շտկռտե նայինք։

– Գիտեմ, որ ես հանցավոր եմ ձեզի բարի եկաքի չգալուս համար, բայց ի՜նչ ընեմ․․․ պարագաները թող չտվին, որ կարենայի կատարել այդ պարտականությունս և այսօր երես ունենայի, աղաչեի ձեր վսեմության, որ․․․

– Վերջը կը խոսինք, սա մազերս սանրե․․․ մարդը կսպասե ինծի։

– Վնաս չունի, անիկա կսպասե։ Աղաչելու ձեր վսեմության, եթե կարելի է, հիսուն վաթսուն ոսկի մը․․․ ես ալ ազգային սափրիչ մ՚ եմ։

– Ի՞նչ ըսել է հիսուն վաթսուն ոսկի․․․ – Կը խնդրեմ, մի բարկանաք, հիսուն վաթսուն ոսկի փոխատվություն մ՚ընեիք ինձ, որպեսզի այդ գումարն Փարիզ ղրկեի տղուս, որ այդ գումարով պարտքերը տար ու բժշկության վկայական առներ, գար ու քանի մը տարիեն վաստկեր ու տոկոսովն ձեզի հատուցաներ։ Բայց ինչ օգուտ, որ այսօր երես չունիմ ասանկ առաջարկություն մը ձեզի ընելու, որովհետև բարի եկաքի չեկա ձեզի։ Եթե բարի եկաքի եկած ըլլայի ձեզի, համարձակություն կունենայի ձեզի աղաչելու, որ սա պզտիկ խնդիրքս կատարեիք, բայց քանի որ բարի եկաքի չեկա ձեզի, դուք ալ իրավունք ունիք խնդիրքս մերժելու, թեև ագգային արհեստավոր մ՚ ըլլամ։

– Հիմա ատանկ խոսքեր մտիկ ընելու ժամանակ չունիմ, ինչ որ պիտի ընես նե, ըրե․․․ Աս ի՜նչ տարօրինակ քաղաք է․ բարև, աստծու բարին, բարա տուր․․․ Մեկու մը բարև տալու չէ․․․ Տեր ողորմյա․․․ տեր աստված, մեղա․․․ Ամեն բան սահման մ՚ ունի, էֆենտիմ․․․ Հասկցա․․․ ժամ առաջ փախչելու է այս քաղաքեն․․․

– Կերևի թե էֆենտին բարկացուցած են, – ըսավ՝ ներս մտնելով տարիքը հիսունին և վաթսունին մեջ կորսված քահանա մը։

– Աս չքաշվիր, տեր հայր։

– Ողջույն օրհնած․ թեպետ և դուք զիս չեք ճանչնար, բայց ես ձերին ով ըլլալն շատ լավ գիտեմ․․․ ի՞նչպես է, պատվական քեֆերնիդ աղե՞կ է։

– Շիտակը՝ աղեկ չէ։

– Աստված չընե․ աստուծով քիչ ատենեն ավելի աղեկ կըլլա։ Ձեզի հետ քիչ մը առանձին մնալ կուզեի։ (Սափրիչին) Քիչ մը դուրս կելլա՞ք։ Ես քեզի համար ալ կը խոսիմ, էֆենտիեն կը հասկնամ խնդիրքդ և ես ալ կը բարեխոսեմ, որ ի նպաստ քեզի բան մ՚ ընե։ Էֆենտի, սափրիչնիս ալ, գիտեք ա՞, ազգայիններեն է, անոր ալ երակներուն մեջ Հայկա արյունը կ՚եռա, անտես ընելու չէ զանոնք ալ․․․ (սափրիչը կերթա)։ Ձեզի հետ մասնավոր և առանձին տեսակցություն մ՚ ընել ուզելուս պատճառն սա է, որ հրամանքնիդ կարգվիլ կուզեք եղեր․․․ և ինչո՞ւ չկարգվիք։ Իմացա նե, շատ ուրախացա, և ինչո՞ւ չուրախանայի։ Ձեզիպեսներն կարգվելու են, որ ազգերնուս մեջ հարուստ աղայք շատնան։ Աղվոր աղջիկ կը փնտրեք կոր եղեր․․․ և ինչո՞ւ չփնտրեք․ ես ալ ձեր տեղն ըլլայի նե, ես ալ կը փնտրեի։ Ստակ ալ կուզեք կոր եղեր քիչ մը․․․ ինչո՞ւ չուզեք, առանց ստակի կարգվիլն ալ, շիտակը, աղեկ բան մը չէ։ Այդ ես իմ ձեռքիս տակն ունիմ անանկ աղջիկներ, որ թե աղվոր են և թե հարուստ։

– Շնորհակալ եմ, օր մը կը նայինք, աչքե կանցունենք զանոնք։ Եթե կուզեք, քիչ մը սպասեցեք, սա պատկերս քաշել տամ ու երթանք։ Շիտակը խոսելով՝ ես ուրիշ գործ չունիմ հոս, աղջիկ փնտրելու եկած եմ․ քանի մ՚ օր պիտի մնամ․. եթե կրցի գտնել, կարգվիմ պիտի հետն ու առնեմ, պիտի երթամ, եթե չգտնեմ, դարձյալ պիտի երթամ, որովհետև հոս հանգիստ չեն թողուր զիս վայրկյան մը․ ալ ձանձրացա։

– Իրավունք ունիք, ժամանակներն ալ գեշ են, էֆենտիս, դրամական տագնապ, տագնապ դրամական ամենուրեք կը տիրե, ազգին աղքատները շատ են։ Ինչ որ է, կսպասեմ ձեզի ու ի միասին կերթանք։

– Սա անպիտանն ալ մազերս շտկելու համար եկավ ու․․․

Այս միջոցին պ․ Դերենիկ ներս կմտնե ու

– Հրամմեցեք, – կըսե, – սրահը։

– Բայց մազերս․․․

– Հոգ չէ, ես կը սանտրեմ։

– Բայց բեղերս․․․

– Վնաս չունի, ես կը շտկեմ։

Պ․ Դերենիկ Աբիսողոմ աղային կառաջնորդե լուսանկարի սրահը։

Քահանան առանձին կը մնա և կսկսի մտքովը հետևյալ խորհրդածություններն ընել։ Բայց ի՞նչպես կրնանք մտքով եդած խորհրդածություններն գուշակել․ դեմքեն անշուշտ․ դեմքերը շատ անգամ կը խոսին․ ինչպես հարուստներուն, նույնպես նաև աղքատներուն լեզուն շատ անգամ անոնց դեմքին վրա է։ Մեկու մը դեմքը նայելով կրնանք ըսել՝

– Այս մարդն իձմե ստակ ուզելու եկած է, կամ այս մարդն ինծի ստակ տալու եկած է։

Քահանային դեմքն ալ կըսեր․ «Ի՞նչ ճանփա բռնեմ, որ սա ձմեռվան ածուխիս ու փայտիս ստակն սա մարդեն փրցնեմ»։

Քահանան այս խորհրդածությանց մեջ էր, երբ սափրիչն ներս մտավ նորեն ու քահանային ըսավ․

– Տեր հայր, գործս ավրեցիր եթե ներս չմտնեիր, քանի մ՚ ոսկի պիտի փրցնեի այս մարդեն․ տվող է՝ կըսեն կոր, տվող․ բոլոր խմբագիրներուն և դասատուներուն ստակ տվեր է։

– Եղբայր, անոնք չե՞ն մի, որ պատճառ կըլլան կոր, որ մեզի պես աղքատները չեն կրնար կոր օտարականներե ստակ փրցնել։ Հյուր մը եկա՞վ մի, բոլոր խմբագիրներն ու դասատուները վրան կը թափին կոր․․․ անիծյալ գարշելիներ․․․

– Ի՞նչ պիտի ընենք հիմա։

– Ես քեզի համար կբարեխոսեմ, դուն ալ ինծի համար միջնորդե, գոնե մեյմեկ կտոր բան փրցնենք սա մարդեն։

– Շատ աղեկ։ – Հիմա հոս պիտի գա, ես անոր ականջն ի վար կըսեմ, որ այս սափրիչը գոհ ըրե, որովհետև շատ հարուստ տուներ կը մտնե, կելնե և կրնա, եթե ուզե, գործդ ավրել։

– Գործը ի՞նչ է։

– Հարուստ աղջիկ մը կը փնտրե կոր։

– Աղեկ։ Ես ալ կըսեմ, որ քահանայեն զատ մեկու մը մի՛ վստահիր։

– Շատ աղեկ։

– Աս աղեկ ճանփա է։

– Միամիտին մեկն է։

– Այո՛, դյուրահավան է, բայց կողոպտեր են մարդը, էֆենտի՛մ, կողոպտեր են․ մենք շատ ուշ հասանք։

Աբիսողոմ աղան զվարթ դեմքով կը դառնա սենյակն, ուր քահանան սափրիչին հետ կխոսեր։

– Ներեցե՛ք, Աբիսողոմ աղա, – կըսե սափրիչն, – ձեզի այդ խնդիրքն ընելուս համար․ սակայն ես կարծեցի, թե կրնայի իմ կողմես ես ալ ծառայություն մ՚ ընել ձեզ։

– Աբիսողոմ աղա, պետք է գիտնալ, որ, – կըսե քահանան, – մեր սափրիչ էֆենտին գրեթե մայրաքաղաքիս բոլոր հարուստ տուները կը մտնե, բոլոր աղջիկները կճանչնա։

– Ի՞չք կըսեք։

– Այո՛, ինքն ալ բարի մարդ մ՚ է, կատարեցեք խնդիրքը, մեղք է։

– Արժանապատիվ հորեն մի զատվիք, եթե անանկ միտք մ՚ ունիք․ տեր հոր ձեռամբ կարգված երիտասարդներն միշտ գոհ մնացած են։ Ուրախ եմ, որ ձեր գործը տեր հոր պես բանիբուն և գործունյա քահանայի մը ձեռքն ինկած է, վստահ եղեք, որ երջանիկ պիտի ըլլաք ձեր ամուսնության մեջ։

– Բայց դուք ալ պիտի օգնեք ինծի, տեր սափրիչ, – կը հարե քահանան։

– Ես ի՞նչ բանի կարող եմ․․․

– Ձեր աջակցությունն ալ պետք է։

– Կընեմ, ինչ որ կարող եմ ընել։

– Շնորհակալ եմ։ Աբիսողոմ աղան օտարական չէ, ազգային է, կարգվելու համար եկած է հոս․ մեր պարտքն է օգնել իրեն։

– Հարկավ։ Աբիսողոմ աղային հետ ատելություն մը չունիմ ես, մանավանդ թե ինքը շատ բարի ու առաքինի մարդ մ՚ է։

– Երեսին խոսիլ չըլլա, ընտիր մարդ մ՚ է։

– Պատվական մարդ է։

– Վրան նայես նե, կըսես, որ քիպարությունը վրայեն կը վազե կոր։ – Ո՞վ կը պնդե՞ հակառակը, ես անոր թշնամին չեմ։

– Այսինքն թե որ քեզի այլ հարցվի նե, բարի վկայություն տաս։

– Անշուշտ։

– Աբիսողոմ աղան չիյ մարդ չէ, քեզի կվարձատրե վերջը։

– Գլխուս վրա, գլխուս վրա։ Ա՜խ, տղուս վկայականն առնվեր անգամ մը։

– Հինգ օրեն ետքը, Աբիսողոմ աղա, հինգ օրեն ետքը պատրաստ են պատկերներդ, – ըսավ պ․ Դերենիկ ներս մտնելով։

– Շատ աղեկ, – պատասխանեց Աբիսողոմ աղան ու գործարանեն վար իջավ ընկերակցությամբ քահանային ու սափրիչին։

ԺԲ

Տիկին Շուշան, զոր ընթերցողն մոռցած չէ անշուշտ, Աբիսողոմ աղային տունեն տեղեկացած էր, թե․․․ քահանան Աբիսողոմ աղան գտնելու համար պ․ Դերենիկի գործատունն գացած էր։ Ուստի որսն քահանային հափշտակել չտալու համար՝ հևալով կը վազեր դեպի ի պ․ Դերենիկի գործարանը, ուր կը հասներ ճիշտ այն վայրկենին, որում քահանան սափրիչն վարպետությամբ ճանփելե հետո՝ Աբիսողոմ աղային կբարեխոսե հետևյալ կերպով․ «Ներեցեք, որ քիչ մ՚ ուշացա ճշմարտությունն ձեզի հայտնելու սափրիչի մասին։ Այս սափրիչը աներես մարդ մ՚ է, բոլոր Պոլիս եկողներուն օձիքեն կբռնե և անոնցմե ստակ կորզելու կաշխատի։ Անպիտանին մեկն է։ Իմ պարտքս է, որպես խոստովանահայր, գգուշացնել զձեզ այս կարգի մարդերեն, որք միմիայն քանի մը ոսկի հափշտակելու նպատակով կը մոտենան հարուստներուն։ Ո՜րքան կատեմ այդ մարդերը։

– Շնորհակալ եմ ձեր բարեսրտութենեն և մարդասիրութենեն։

– Երես մի՛ տաք այդ մարդոց։

– Ո՛չ,

– Տեր պապա, դու ի՞նչ գործ ունիս Աբիսողոմ աղային հետ, – կը հարցնե տիկին Շուշանն, որ, ինչպես ըսինք, հևալով հասած էր։

– Պզտիկ գործ մը։

– Ոչ, բնավ գործ պիտի չունենաս դուն անոր հետը․ դուք ձեր պարտքը կատարեցեք և թող տվեք, որ մենք ալ մերինը կատարենք․ ալ խպնեցե՛ք քիչ մը։ Երթանք, Աբիսողոմ աղա։

– Ո՛չ, դուք խպնեցեք քիչ մը, մենք Աբիսողոմ աղային հետ պզտիկ գործ մ՚ ունինք․ երթանք, Աբիսողո՛մ աղա։

Եվ քահանան Աբիսողոմ աղային ձախ թևեն կը քաշե։ Metsapativ murackanner.djvu – Տեր պապայի մը չվայլեր ըրածդ։

– Լռե՛։

– Չպիտի լռեմ։

– Թո՛ղ տվեք թևերս։

– Թող՛ չեմ տար, – կը պաաասխանե տիկին Շուշան, – իմ իրավունքս է։

– Ոչ, իմ իրավունքս է։

– Քանի մը հարյուր դահեկան առնելու համար կուզես, որ խեղճ մարդը թշվառ ընես․ դուն աղջիկ չես ճանչնար։

– Մի՛ պոռար․ պիտի թողում, որ կողոպտեք այս ազնիվ մարդն, այնպես չէ՞։

– Ինչո՞ւ կռիվ կընեք, ամոթ չէ՞․․․ ես չեմ ուզեր աղջիկ։

– Չըլլար, – կը պատասխանե տիկին Շուշան, – մենք քեզի աղջիկ մը պիտի գտնենք․ բայց թե որ տեր պապային ձեռքով աղջիկ փնտրես, գիտցած եղիր, որ պատիվդ մեկ ստակի կըլլա։

– Ընդհակառակն, քահանայի ձեռամբը աղջիկ փնտրողն է պատվավորը։ Երթանք, Աբիսողոմ աղա։

– Թող չեմ տար։

– Երթանք, Աբիսողոմ աղա։

– Թող չեմ տար, որ երթա․ ես անոր աղջիկներ պատրաստած եմ, աոջիկտեսի պիտի երթանք։

Այս տեսարանը տեղի կունենար պ․ Դերենիկի գործատան առջև, և անցնողներեն պզտիկ խումբ մը հանդիսականի պաշտոն կը վարեր անդ, երբ Մանուկ աղան ստիպված Աբիսողոմ աղան անպատճառ գտնելու՝ եկավ հոն, տեսավ Աբիսողոմ աղան, որուն մեկ թևեն քահանան և մյուս թևեն տիկին Շուշան կը քաշեր, և մեկդի քաշելով զայն՝ քանի մը ծանր խոսքեր ուղղեց քահանային և տիկին Շուշանին և հեռացուց զանոնք։

 

– Ա՜հ, – ըսավ Մանուկ աղան Աբիսողոմ աղայի դառնալով, – հանցանքը ձերն է, ամենուն երես կուտաք․ ասոնք միմիայն քեզմե օգտվելու համար կը մոտենան քովդ։

– Իրա՞վ կըսեք։

– Ինչո՞ւ սուտ պիտի զրուցեմ։ Կարգվիլ կուզես, լավ․ ես գտնեմ քեզի աղջիկներ, ընտրե և ուզածդ առ։

– Աղեկ ըսիր։

– Պատվավոր ընտանիքե աղջիկներ ցուցնել տամ քեզի։

– Ցուցո՛ւր:

– Միջնորդով աղջիկ փնտրելու ժամանակը անցած է հիմա։

– Այդպե՞ս է։ – Մինչև անգամ ամոթ է։

– Ամոթ է նե, չուզեր։

– Ես քեզի աղջիկ կը հավնեցնեմ։

– Շնորհակալ եմ։

– Տուր ինծի դուն սըկեց հիսուն ոսկի։

– Սա ի՞նչ ըսել է։

– Տուր դուն ինծի հիսուն ոսկի։

– Ի՞նչու տամ։

– Ա՜լլահ, ա՜լլահ, տուր կըսեմ կոր նե, հարկավ բան մը գիտեմ կոր․ տեր ողորմյա, պիտի առնեմ, չպիտի փախչիմ յա։

– Չպիտի փախչիս, բայց․․․

– Կը վախնա՞ս կոր ինծի հիսուն ոսկի տալու, արդեն այքան գումար մը պահանջող եմ ես քեզմե, ձեզի համար այնքա՜ն ծախքեր ըրած եմ։

– Այնքան ծախքե՜ր․․․ ի՞նչ ծախքեր են անոնք․․․

– Մեկիկ մեկեկ չպիտի գրենք ա՛, տիկինը գիտե։ Բայց թողունք այդ խնդիրը հիմա։

– Ո՛չ, չթողունք այս խնդիրը․ հիսուն ոսկի․․․ քա՞նի օր եղավ որ․․․

– Մեկու մը պարտք ունեի, այսօր եկավ, նեղը խոթեց զիս, և եթե այդ գումարը չվճարեմ, տունեն պիտի հանեն մեզի։ Ասիկա ինծի համար ամոթ է, քեզի համար ալ պատվաբեր բան մը չէ։ Տուր սա հիսուն ոսկին, հաշիվը կը կարգադրենք վերջը։

– Ի՞նչ խայտառակություն է աս․․․

– Աղջիկ գտնամ նե, միջնորդեք չպիտի ուզեմ ես քեզմե․ տուր սա հիսուն ոսկին։

– Ինչո՞ւ տամ․․․ ի՞նչ ըրի ես քեզի․․․

– Կցավիմ, որ խոսք չեք հասկնար կոր․ քեզի ինչ կըսեմ կոր նե, ան ըրե․ ինչո՞ւ չէս տար կոր սա հիսուն ոսկին։

– Չեմ տար, տունեդ ալ կելնեմ, կերթամ։

Եվ խոսելով դեպ ի տուն կը քալեին։

– Հիսուն ոսկին ալ մեծ բան մ՚ ըլլար, որ չեք ուզեր կոր տալ։ Իրավ որ ես ձեզմե չէի հուսար։

– Հուսացե՛ք։

– Ձեր քիպարությանը չէի ձգեր, որ հիսուն ոսկիի խոսքն ընեք։

– Սնդուկներս կառնեմ, կերթամ ես։

– Կրնաք երթալ, բայց հիսուն ոսկին տալեն ետքը։

– Չեմ տար։ – Կուտաք։

Կհասնին Ծաղկի փողոց, ուր եկած էին նաև քահանան, սափրիչն ու տիկին Շուշան։

– Գնացե՛ք, մեկդի գացեք, երեսնիդ տեսնել չեմ ուզեր, – պոռաց Աբիսողոմ աղան տեսնելով զանոնք։

Հետո դուռը զարկավ, ներս մտավ և սկսավ սնդուկները կապել ի զարմացուﬓ տան տիկնոջ։

– Ինչո՞ւ կը ժողվըվիք կոր, Աբիսողոմ աղա, – հարցուց տան տիկինը։

– Երթամ պիտի, պիտի երթամ։ Միտքս փոխեցի․ չպիտի կարգվիմ։

– Բարկացուցի՞ն ձեզի։

– Ո՛չ,

– Ինչո՞ւ ուրեմն բարկացած եք։

– Բարկացած չեմ։

– Քուզում Աբիսողոմ Աղա, Մանուկ աղան հիսուն ոսկի պիտի ուզեր քեզմե, ուզե՞ց։

– Ուզեց։

– Սխալմունք մ՚ է եղեր։

– Սխալմո՞ւնք է եղեր։

– Այո՛, հիսուն ոսկի չպիտի ըլլա, այլ հարյուր հիսուն ոսկի։ Սա բարությունն ըրե՛ մեզի։ Դուն քիպար մարդ ես։ Մենք ալ քու սայեյեդ պարտքե կազատինք։

Աբիսողոմ աղան սնդուկները կապելն, փողոց ցատկելն, երեք բեռնակիր բերելն ու սնդուկներն դուրս հանելն մեկ կընե։

Սափրիչը, քահանան, տիկին Շուշան և Մանուկ աղան կը հետևին իրեն մինչև․․․ հյուրանոցի դուռը։ Ուսկից կը մտնե Աբիսողոմ աղան, և կհեռանան իրեն հետևողները։ Բացի Մանուկ աղայեն, որը կընկերանա Աբիսողոմ աղային հաշիվները կարգավորելու համար։

Այն օրեն ի վեր Աբիսողոմ աղան տեսնող չեղավ․ միայն թե քանի մը շաբաթներ նույն հյուրանոցին դռան առջև կտեսնվեին խմբագիրք, հեղինակք, բանաստեղծք՝ իրենց թևի տակը թղթյա ծրարներ ունենալով։

Այսպես ուրեմն, կարգվելու նպատակավ Պոլիս եկողն աղջիկ մ՚ իսկ տեսնելու ժամանակ չունեցավ և, ինչպես կըսեն, բուրդ ու բապուճ փախավ մայրաքաղաքես։ Բայց անջնջելի հիշատակ մը թողուց գրական մարդոց մտքին մեջ։ Երբ երկու երեք հեղինակք մեկտեղին, «ինտոր փախցուցինք սա Աբիսողոմ աղան» կըսեն ու կը խնդան քիչ մը։

Իսկ երբ դրամական տագնապի մեջ գտնվին, – «աստված, Աբիսողոմ աղա մը ղրկե մեզի» – կըսեն և իրենց մտքով ալ կը հավելուն. – խնդրեցեք զ Աբիսողոմ աղան, և ամենայն ինչ հավելցի ձեզ»։

Մեծատուններն ալ կհիշեն Աբիսողոմ աղան, երբ գրական մարդ մը անոնց մեկենասությունը խնդրե։

Աբիսողոմ աղա չենք մենք, կըսեն։

Իսկ մենք, որ ներկայացած չենք Աբիսողոմ աղային, կը հրատարակենք սույն գործն ոչ այնքան մեղադրելու նպատակավ ազգային խմբագիրներն, հեղինակներն, բանաստեղծներն և այլն, որքան ներկայացնելու համար ապագա սերնդյան՝ ժամանակիս գրագետներու ողբալի կացությունն և գրականության մասին ազգային մեծատուններու սարսափելի անտարբերությունը։