Za darmo

Անցյալից

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Դ

1892թ. Կովկասի հայության կյանքում տեղի ունեցան մի քանի խոշոր դեպքեր։ Մայիսին Էջմիածնում կատարվեց կաթողիկոսական ընտրություն. բոլոր կողմերից (Թուրքիայից, Պարսկաստանից, Ռուսաստանից) եկած պատգամավորների բոլոր ձայներով ընտրվեց Մկրտիչ արք. Խրիմյանը (Հայրիկ կոչված)։ Սա մի խոշոր ցույց էր սուլթանի դեմ։ Խրիմյանը` Հայոց հարցի հեղինակներից մեկը եւ Հայաստանի ազատագրության վաղեմի երգիչն ու քարոզիչը, Գում-Գափուի ցույցի հետեւանքով աքսորվել էր Երուսաղեմ։ Նրա ընտրությամբ մշակական ուղղությունն իրեն համարում էր իր վաղեմի բաղձանքին հասած, որ 1884 թվին չէր իրականացել Ներսես Վարժապետյանի հրաժարման պատճառով։ Խրիմյանին աքսորից ազատելով եւ կաթողիկոսական աթոռի վրա նստեցնելով` ստեղծվում էր, ինչպես շարունակում էին կարծել, մի շատ նպաստավոր դրություն` Հայոց հարցը պետությունների հերթական եւ անհետաձգելի խնդիր դարձնելու համար։ Ուստի կաթողիկոսական ընտրությունը հավասար չափով ուրախացնում էր եւ երկու հեղափոխական կուսակցություններին։ Դաշնակցականներն այդ ընտրությանը մինչեւիսկ գնացել էին Էջմիածին՝ պրոպագանդայի եւ օտար տեղերից եկած պատգամավորների հետ տեսնվելու ու խորհրդակցելու համար։

Նույն տարին առանձնապես շեշտվեց նաեւ մի շարք նշանավոր գործիչների մահերով։ Մեռան Գամառ-Քաթիփան, Խորեն Նար-Պեյը84, Գարեգին Սրվանձտյանցը85, իսկ տարվա վերջին` նաեւ Գրիգոր Արծրունին։ Մանավանդ այս վերջին մահը չափազանց խոր տպավորություն թողեց ամբողջ հայության վրա, եւ դեկտեմբերի 27-ին նրա թաղումը Թիֆլիսում տեղի ունեցավ այնպիսի մի հանդիսավորությամբ, որի նմանը դեռ երբեք չէր տեսել այդ քաղաքը։

Իբրեւ Շուշիի բարեգործական ընկերության կողմից պատգամավոր` ես էլ ներկա էի այդ թաղմանը։ Դեկտեմբերի 27-ը դարձավ միաժամանակ քաղաքական մի խոշոր ցույց՝ ցարական բյուրոկրատիայի դեմ։ Սահմանված էր, որ թաղման հանդեսը Վանքի եկեղեցուց դուրս գալով` Բարյատինսկայա փողոցով կբարձրանա Գոլովինսկի պրոսպեկտ եւ Երեւանյան հրապարակով կմտնի Միջին փողոցը` դեպի Խոջիվանք գնալու համար։ Թիֆլիսի նահանգապետ Շերվաշիձեն, սակայն, փոփոխություն էր մտցրել այդ երթուղու մեջ` հպատակվելով Կովկասի կառավարչապետ Շերեմետեւի86 ցուցումներին, որ Հայկական դատի եւ շարժումների թշնամին էր։ Պատճառ բերելով կառավարչապետի հիվանդոտ դրությունը` Շերվաշիձեն անհարմար էր համարել, որ ժողովրդական կուտակումներից բաղկացած սգերթը պալատի առջեւով անցնի, ուստի ճանապարհ էր նշանակել Լոռիս-Մելիքյան փողոցը։ Երիտասարդությունը, վրդովվելով այդ կարգադրությունից, որոշեց չհնազանդվել դրան։ Այդ պատճառով, երբ եկեղեցական հանդեսը բարձրանալով Բարյատինսկայա փողոցով` ուզեց մտնել Լոռիս-Մելիքյան փողոցը, հետեւից եկող բազմահազար ժողովուրդը նրան սաստիկ հրելով առաջ քշեց` ոտքի տակ տալով բազմաթիվ քաղաքապահ ոստիկանների, եւ դուրս գալով Գոլովինսկի պրոսպեկտ` այն լցրեց ծայրից ծայր եւ, անդիմադրելի լավայի պես առաջ շարժվելով, պալատի մոտ եւ Դվորցովայա փողոցում լռեցրեց հոգեւորականության ձայնը՝ երգեր երգելով եւ «Կեցցե՛ Հայաստան» կանչելով։ Ոստիկանապետը կազակներով թռավ ցույցի տեղը, բայց ուշ էր արդեն, ժողովրդական ծովի հետ արդեն ոչինչ չէր կարելի անել։ Նրան մնաց բավարարվել հանդիսատեսի դերով։

Այս քաղաքական ցույցը շատ խոր տպավորություն թողեց մանավանդ ինձ` գավառից եկած երիտասարդիս վրա։ Շուտով ես ծանոթացա եւ այն մարդկանց հետ, ովքեր նրա գլխավոր առաջնորդներն էին հանդիսացել։

Թաղումը տեւեց շատ երկար։ Ճառախոսների թիվը մեծ էր, բայց ճառերի մեջ շատ քչերն էին աչքի ընկնում իրենց ուժեղ եւ ինքնատիպ բովանդակությամբ։ Դրանցից մեկն էր Սիմոն Զավարյանի ճառը. համարձակ, հեղափոխական, մանավանդ՝ հակակղերական` ուղղված գերեզմանը շրջապատած բազմաթիվ տերտերների դեմ։

Մութ էր, երբ վերադարձանք Խոջիվանքի գերեզմանատնից։ Մի մեծ խմբով գնացինք բժիշկ Հ. Լոռիս-Մելիքյանի տուն, Վելյամինովսկայա փողոցի ծայրում, ուր պիտի հանգստանայինք ու մի-մի բաժակ թեյ խմեինք։ Բայց կար եւ մի ավելի հետաքրքրական «օրակարգ»։ Դա այն էր, որ մշակական երիտասարդությունը կամենում էր իր համար շեֆ ընտրել` վախճանված Արծրունու տեղ։ Մեզ հետ էին եւ Քրիստափոր Միքայելյանն ու Սիմոն Զավարյանը, որոնք արդեն շատ հայտնի էին երիտասարդության մեջ եւ այդ տարի էին վերադարձել վարչական աքսորից։ Նախքան թեյի նստելը` նրանք երկուսով ինձ տարան պատուհանի մոտ` դահլիճի մի անկյունը, եւ հետս մտերմական խոսակցություն սկսեցին։ Առաջին անգամ էի տեսնվում նրանց հետ, եւ հենց առաջին իսկ վայրկյանից հմայված էի նրանց անուշ վարվեցողությամբ ու մտերմական սրտաբացությամբ։ Միքայելյանը մի տիպիկ ռուս նարոդնիկ էր, իսկ Զավարյանի մասին ասում էին, թե սա նույնպես մի ամուր հեղափոխական խառնվածք է, բայց կոսմոպոլիտական լայն հայացքներով, եւ նոր սովորում է դառնալ հայ հայրենասեր, նույնիսկ ազգայնական87։

Մեր խոսակցությունը միայն Դաշնակցության շուրջն էր պտտվում։ Երկու սրտակիցները, իրենց անփոփոխ սիրուն ժպիտներով զարդարված, ինձ պատմեցին, որ Դաշնակցությունն արդեն վերջնականորեն կազմակերպված է, որ այդ տարի իրենք ունեցել են ընդհանուր ժողով, որն ընդունել եւ հաստատել է կուսակցության ծրագիրը։ Ամեն խոսքից երեւում էր, որ իմ առջեւ կանգնած երկու ընկերներն էին կազմակերպության հոգին։ Նրանք ինձ բացատրեցին, թե ինչ ուղղությամբ է այժմ գործում Դաշնակցությունը։ Պատրաստվում էին խմբեր՝ Թուրքահայաստան ուղարկելու համար, ձեռք էին բերվում զենքեր եւ պայթուցիկ նյութեր։ Գլխավոր հենակետ ընտրված էր Պարսկաստանը, ուր արդեն պատրաստություններ էին տեսնվում զինանոցներ եւ հայդուկային կայաններ կազմակերպելու համար։ Մի խոսքով, երկուսի պատմելով` գործունեությունը եռում էր։ Սակայն զգացվում էր դրամական միջոցների պակասություն։ Շուշիի կոմիտեն ամենաթույլերից մեկն էր, վերջին ժամանակները համարյա բոլորովին գոյության նշաններ ցույց չէր տալիս եւ հարաբերություններ չէր պահպանում կենտրոնի հետ։ Այդ պատճառով Միքայելանն ու Զավարյանն ինձ խնդրեցին, որ Շուշի վերադառնալուց հետո աշխատեմ նորից կենդանացնել կոմիտեն, եւ տվեցին ինձ նորահաստատ ծրագիրը։ Ես խոստացա անել ինչ որ հնարավոր է, եւ մենք իրարից բաժանվեցինք իբրեւ վաղեմի բարեկամներ։

Թեյի վրա խոսք բացվեց Արծրունու հաջորդի ընտրության մասին։ Թեր եւ դեմ խոսակցությունները ցույց տվին, որ սա մի պարապ հարց է, եւ այն լուծել մի այսպիսի պատահական ժողովում անկարելի է։ Ավելի լավ համարվեց` թողնել, որ ինքը՝ ժամանակը լուծի, թե ով կլինի երիտասարդության հոսանքի ղեկավարը։ Եվ սա միանգամայն արդարացի էր։ Ժամանակը խոր բաժանումներ պիտի մտցներ երիտասարդության մեջ, որ այսպիսով մի առաջնորդ չպիտի ունենար, այլ մի քանի։

Եվ այսպես, Դաշնակցությունը երկու տարուց դուրս էր գալիս գրեթե կիսակենդան դրությունից, կազմակերպչական թափ էր ստանում 1892-ին։ Այնպես որ, նրա հիմնադրումը, իսկապես, այս թվականից պետք է հաշվել։ Նա արդեն ուներ իր որոշ եւ պարզ գաղափարախոսությունը, հայտնում էր, թե ինչ նպատակ ուներ եւ ինչ միջոցներով էր ուզում իրագործել այդ նպատակը։

Եվ առաջին իսկ վայրկյանից երեւան էր գալիս մի շատ պարզ հանգամանք։ Այն, որ Դաշնակցությունը, հանդես գալով մեծամեծ խոսքուզրույցով, ճառերով, պատրաստություններով, իսկապես ոչինչ նոր բան չէր մտցնում այն գործի մեջ, որ իր համար նպատակ էր ընտրել, այն է` թուրքահայերի ազատագրության մեջ։ Սա մի անկախ ծրագիր չէր, այլ գրեթե լոկ կրկնություն հնչակյան ծրագրի։ Նույն հայդուկային կռիվը, գործողության նույն դավադրական եղանակը` տեռորը, նույն եվրոպապաշտության ֆետիշիզմը։ Դաշնակցությունը չէր գալիս ազատագրական շարժմանը նոր կերպարանք տալու, նոր ուղիներ չէր գծում ու հարթում, այլ պարզապես ուզում էր նստել հնչակականության տեղը եւ գործել նրա նման։ Այդպես էլ եղավ։ Հենց այս միանմանությունն էր, թվում է ինձ, որ այնքան կատաղի էր դարձնում մրցությունն այս երկու կազմակերպությունների միջեւ։ Բախվում էին ոչ թե գաղափարները, ոչ թե տակտիկական եւ ռազմավարական հարցերը, այլ բախվողը միշտ եւ գերազանցապես կաշվի հարցն էր։

Նմանությունն ավելի եւս ցայտուն, աչք ծակող դարձնելու համար՝ դաշնակցական ծրագիրն էլ մեջտեղ էր բերում մարքսիզմը՝ ազգայնականությունը եւ ազգամոլությունը` իր կարմիր քղամիդով զարդարելու համար։ Դա ես ցույց տվի հնչակյան ծրագրի մասին խոսելիս։ Այստեղ ինձ թույլ կտամ նմուշներ բերել դաշնակցական ծրագրից, որ գրված էր թուրքահայ բարբառով։

«Այն ժամանակեն, – կարդում ենք ներածության մեջ, – երբ մարդկությունը մտեր է քաղաքականության88 ճամբուն մեջ, այն ժամանակեն, երբ նա սկսեր է իր պատմությունն ունենալ, ամեն տեղ եւ ամեն ժամանակ կտեսնենք իշխողներ եւ կեղեքվողներ, տանջողներ եւ տանջվողներ։ Տառապյալներու լացին ու կոծին, աշխատավորին ծանր տնքոցին հետ ամեն տեղե մեր ականջին կհասնին ձրիակեր իշխողներու ցնծալից աղաղակները։ Այսպես եղել է անցյալին մեջ, այսպես է այժմ, սակայն այդպես պիտի չըլլա ապագային մեջ. մենք վստահ ենք ասոր։ Շատ լավ կտեսնենք, թե ինչպես իշխող դասակարգերը միշտ կիյնան ավելի ու ավելի, թե ինչպես աշխատանքը հետզհետե ձեռք կձգե իր իրավունքները, թե ինչպես կեղեքվող տարրը հսկայական քայլերով կմոտենա իր վերջնական հաղթության։ Եվ այդ տարրը կհասնի կատարյալ հաղթության, երբ կվերանան ամեն տեսակ դասակարգեր, երբ աշխատանքի միջոցները եւ արդյունքը կդառնան աշխատավորին կատարյալ սեփականությունը, երբ մարդոց կառավարության կփոխարինե իրերու կառավարությունը։

 

Բայց ինչպե՞ս կարելի է հասնել այդ բաղձալի ապագային։

Կար ժամանակ, երբ մարդկության բոլոր ցավերը բուժելու, տիրող անհավասարությունը ջնջելու, եղբայրություն, ազատություն եւ հավասարություն հաստատելու համար մարդկության ռեֆորմատորներ (բարենորոգիչներ) երեւան կուգային այս կամ այն վարդապետությունով, իրենց որոշ «հավատոց հանգանակներով»։ Համոզված իրենց վարդապետության արդարադատությանը, ոգեւորված վեհ զգացումներով, պատրաստ կրել ամեն տեսակ զրկանքներ, զոհել կյանքն իսկ իրենց գաղափարները մարմնացնելու համար` այդ ռեֆորմատորները կնայեին ամբողջ մարդկության վրա այնպես, ինչպես իրենց վրա։ Անոնք հավատացած էին, թե բովանդակ մարդկային հասարակությունը կարող է ունենալ նույն զգացումները, նույն ձգտումը, նույն պատրաստակամությունը, ինչ որ իրենք ունին, թե իրենց վարդապետությունը կարող է իրականանալ հենց վաղը, պետք է միայն քարոզել, հասկացնել անոր արդարությունը եւ օրինակներ ցույց տալ։

Անցան դարեր, մեկ վարդապետություն հաջորդեց մյուսին, շատ ռեֆորմատորներ զոհվեցան, բայց եւ այնպես կտեսնենք, թե մարդկության մեկ մասը, որու համոզվիլն իսկապես անհրաժեշտ է, որովհետեւ անոր ձեռքը կգտնվի անարդարության բանալին, դեռեւս չէ համոզվել, չուզեց համոզվել եւ ոչ մեկ կերպ ալ չի համոզվեր, քանի որ ատիկա իր գործին չի գար։ Համոզեցեք քաղաքակրթված լորդը, թե իրավունք չունի իռլանդացիները կեղեքելու, համոզեցեք բարձրագույն ուսում ստացած գործարանատերը, թե անարդար կերպով է, որ իր գրպանը կլեցնե բանվորներու աշխատանքը, համոզեցեք վերջապես քյուրդը, որ ինքը ոչ մեկ բարոյական իրավունք չունի ալաշկերտցիին տունը եւ ընտանիքը գրավելու։

Պատմության դառն ու դաժան դասերը ակներեւ կերպով ցույց տվին միանգամայն, թե մարդկության տանջված մասին իր դառն վիճակը հասկանալը, համոզվիլը, մինչեւ իսկ զայն բարեփոխելու բաղձալը դեռեւս բավական չեն հաղթանակը տանելու, թե ասկե զատ անհրաժեշտ է ձեռք բերել իրական ուժ ալ։ Բայց որովհետեւ իրական ուժը հանկարծակի չստեղծվեր, որովհետեւ անիկա արդյունք է գոյություն ունեցող պայմաններու եւ կփոփոխվի այդ պայմաններուն փոփոխության համեմատ, ուստի պարզ է, թե ոչ մեկ հանրային կազմակերպություն, որքան ալ իդեալական ըլլա, մեկ անգամեն անկարելի է իրականացնել, թե այդ իդեալական կազմակերպության կարելի է հասնել միմիայն գոյություն ունեցող պայմանները բարեփոխելով։

Ահա ճիշտ այս պատճառով մենք ասպարեզ չենք իջեր իբրեւ այս կամ այն ուտոպիական (մտացածին) վարդապետության պատկանողներ, չենք ձգտեր մտցնել մեր կյանքին մեջ այս կամ այն «դավանությունը»` հանդերձ իր «հանգանակներով», մեր ժողովրդին չենք նկարագրեր այժմ այս կամ այն իդեալական հանրային կազմակերպությունը իր բոլոր մանրամասնություններով։ Մեր ձգտումն է, որ ծրագիրը կենսական ըլլա, մեր աշխատությունը գլխավորապես կենտրոնացած է մեր երկրին ներկա դրության վրա. մեր նպատակն է անողոք եւ անաչառ քննադատության ենթարկել մեր կյանքին ներկայիս մեջ գոյություն ունեցող պայմանները, մերկացնել բոլոր այն ցավերը, որոնցմե կտանջվի մեր բազմաչարչար ժողովուրդը եւ, հիմնված ընկերական գիտության դրական օրենքներու վրա, պարզել այդ ցավերուն էական պատճառները եւ միաժամանակ կատաղի կռիվ մղել այդ ցավերը պատճառող ֆակտորներու (սատարներու) դեմ։ Հիմնված այդ դրական օրենքներուն եւ երկրին ներկա պայմաններուն վրա` կարծարծենք, կպարզենք այն դրությունը, զոր անհրաժեշտ կհամարենք, որ փոխարինե ներկային»։

Դաշնակցական գաղափարախոսները մեզ հավատացնում են, թե այս ներածությունը կարդացված եւ ընդունված չի եղել 1892-ի ընդհանուր ժողովում, այլ գրվել է հետո, երբ ընդհանուր ժողովն իր ընտրած հատուկ հանձնաժողովին հանձնարարել է իր ընդունած ծրագրային որոշումների վերջնական խմբագրությունը։ Խմբագրական հանձնաժողովը, գտնելով, որ լավ չէ միմիայն չոր ու ցամաք կազմակերպչական կանոններ դնել ծրագրի մեջ, որոշել է տալ եւ մի ընդհանուր ներածություն, որի հորինումը հանձնել է իր անդամներից մեկին` մարքսիստ Ստեփան Զորյանին89 (Ռոստոմ, «Քոթոթ» անվանված), որի մտքի արդյունքն է կազմում ներածությունը։ Մի գործ, որ վերին աստիճանի բնորոշ է նորակազմ հեղափոխական մարմնի համար։ Այստեղ չկա հնչակյան ծրագրի սկզբում դրված «մարքսիստական» հայեցակետը։ Այստեղ «մարքսիզմն» ընդունվում էր քողարկված ձեւի տակ, ակնարկների մանվածապատ եւ մշուշապատ դարձվածքների մեջ։ Պետք է նկատի առնել, որ հնչակյան սոցիալիզմը խրտնեցնում էր շատ շատերին։

Դաշնակցությունը զգուշանում էր բուրժուական հասարակությանը խրտնեցնելուց, քանի որ իր ամբողջ գործունեությունը հիմնում էր հենց այդ հասարակության աջակցության վրա։ Մթնեցնելու, հետք կորցնելու նպատակ ուներ, անշուշտ, եւ ներածության լեզուն` իբր թե թուրքահայոց բարբառ, որ, սակայն, թուրքահայի ձեռքով չէր գործածված, այլ ռուսահայի90։ Բայց միեւնույն ժամանակ, չէր կարելի մի ժողովրդական-ազատագրական շարժում ծրագրել քաղաքական հողի վրա` առանց հաղորդելու նրան ռամկավարական եւ ընկերվարական բովանդակություն։ Ուստի Դաշնակցությունն ստիպված էր կես բերանով ընդունել եւ սոցիալիզմը։ «Դրոշակի» մեջ նա էլ, Հնչակյան կուսակցության նման սոցիալիզմը հայտարարում էր հեռավոր նպատակ եւ այնուհետեւ երկար ժամանակ կա՛մ բոլորովին չէր խոսում, կա՛մ շատ քիչ էր խոսում այդ մասին։

Այսպես, ուրեմն մի երեսով դեպի բուրժուազիա, մյուս երեսով` դեպի սոցիալիզմ։ Այս երկերեսությունը մնաց կազմակերպության ամենագլխավոր հատկանիշը, եւ այսպես մինչեւ վերջը։ Դաշնակցության մեջ տեղ ուներ թե՛ նացիոնալիստ-պահպանողական թուրքահայ խմբապետը, եւ թե՛ սոցիալիստական վարդապետության իբր հարած երիտասարդ ուսանողը։ Ամեն մեկը հավատում էր, թե իր ասվածն է պաշտպանվում Դաշնակցության մեջ։ Ավելացնեմ, սակայն, որ Հնչակյան կուսակցության մեջ էլ դրությունն այս կողմից շատ լավ չէր։ Առհասարակ թուրքահայերը, իբրեւ արդյունաբերական մի շատ հետամնաց երկրի ժողովուրդ, միշտ էլ խորթ մնացին ընկերվարական շարժումներին, եւ թուրքահայ դատի համար մղվող պայքարը նկատում էին բացառապես իբրեւ ազգայնական գործ։ Առաջ ապրելու հնարավորություն գտնել եւ ապա միայն որոշել, թե ինչպես ապրել։ Այս բանի մեջ իրար հետ համաձայն էին երկու հեղափոխական, իրար հակամարտ կուսակցություններն էլ։

Ե

Ք. Միքայելյանին եւ Ս. Զավարյանին տված խոսքս չկարողացա կատարել փոքրիշատե բավարար չափերով։ Կարողացածս միայն այն էր, որ վերականգնվեց արդեն գոյություն ունեցած եւ գրեթե մեռած կազմակերպությունը։ Բայց այդ մի մեծ բան չէր։ Ինտելիգենցիայի մի շատ սահմանափակ շրջան` բաղկացած հայոց դպրոցների ուսուցիչներից, բժիշկներից եւ փաստաբաններից. ահա այդ կազմակերպությունն էր, որ կարողանում էր իր կամավոր ամսավճարներով շատ համեստ գումարներ գանձել։ Թուրքահայ հեղափոխական գործը լայն ժողովրդականություն չէր գտնում, որովհետեւ պակասում էին եռանդոտ պրոպագանդիստները։ Եվ բացի դրանից, Թիֆլիսից վերադառնալուց հետո, ես Շուշիում մնացի ընդամենը մի քանի ամիս։ 1893-ի գարնանը ես թողեցի իմ 12-ամյա հեռագրական ծառայությունը եւ մտա մասնավոր պաշտոնի մեջ` տեղափոխվելով Բաքու։

Իմ «խոզեյիններն» էին մի քանի հարուստ շուշեցի երիտասարդներ, որոնք մինչեւ այդ իմ ընկերներն էին եւ Բաքվում ընկերովի տպարան էին բացել։ Ինձ նշանակել էին կառավարիչ, որպեսզի դրանով թե՛ ինձ հնարավորություն տային ավելի լայն չափերով գրականությամբ պարապելու եւ թե՛ առհասարակ Բաքուն հայ գրական մի կենտրոն դարձնեին։ Այս պետքն զգացվում էր վաղուց։ Նավթային մայրաքաղաքի մեջ հայկական կապիտալն արդեն շատ խոշոր ու ծավալուն կուտակումներ էր արել, հետեւաբար այն ժամանակվա հասարակարգի օրենքների համեմատ, պետք կլիներ սպասել, թե նյութական բավականաչափ միջոցներ կլինեն մի գրական-հրատարակչական գործունեություն արդյունավորելու համար։

Գնում էի մեծ ու վառ հույսերով, բայց տեսա մի դժոխք, որը, սակայն, բարի ցանկություններով էր սալահատակած։ Ամբողջովին մի անասնական-եսամոլ կյանք, մի հսկայական կեր ու խում, որի մեջ ծիծաղ էին հարուցում բոլոր մտքերը հայ մտավորական արժեքների մասին։ Հասարակական հարցերով եւ մասնավորապես հայ կյանքի հարցերով կամ, ինչպես ասում էին այն ժամանակ, «ազգասիրությամբ» պարապում էին մի խումբ վարժապետներ եւ սակավաթիվ ինտելիգենտներ, որոնք կապիտալիստական կատաղի վլվլուկների մեջ իրենց համար մի անկյուն էին առանձնացրել, ուր արդեն մեղք էլ էր համարվում շարունակ շահից, եկամուտից, մուրհակից ու ֆոնտանից91 խոսելը։ Ես պարզապես գնում էի այդ անվարտիք իդեալիստների խումբը մեկով ավելացնելու։

Ամենից շատ առօրյա, ամենից շատ հուզող հոգսն այդ խմբի մեջ, իհարկե, Հայոց հարցն էր։ Դաշնակցությունը խոր արմատներ էր ձգել նավթային մթնոլորտի մեջ։ Հնչակյանություն ես համարյա բոլորովին չնկատեցի։ Մինչդեռ, եթե ճիշտ լիներ այդ կազմակերպության մարքսիստական հիմնաքարը, նա էլ, ուրեմն, պիտի աչքի ընկնող դիրք եւ նշանակություն ստացած լիներ ապշերոնյան արդյունագործական աշխարհում, ուր հայ բանվորությունն արդեն հազարներով էր հաշվվում։ Պետք է ասեմ, որ զուտ բանվորական կուսակցություն այն ժամանակ գոյություն չուներ Ռուսաստանի եւ ոչ մի կողմում։ Բաքվի բանվորության մեջ պրոլետարական դասակարգային գիտակցություն դեռ չկար, ուստի նրա խորքերի մեջ հեշտությամբ էին թափանցում ազգայնական գաղափարները։ Գործողը, հեղինակություն ստացողը Դաշնակցությունն էր։ Մի քանի անգամ հրավիրվեցի տեղական կոմիտեի նիստերին եւ տեսա, որ այդ հիմնարկությունն էլ լոկ դրամական հանգամանք ուներ, նույնպես իր ամսավճարները հասցնում էր Թիֆլիսի կենտրոնին, որ եւ այսպիսով մնում էր Թուրքահայաստանում տեղի ունեցող հայդուկային շարժումների միակ իրական կարգադրիչը։

Կոմիտեի անդամներից մեկը` Ներսես Դավթյանը, Բալախանի92 եւ այլ բանվորական վայրերի ներկայացուցիչն էր, որ զեկուցում էր տալիս բանվորական կազմակերպությունների մասին եւ կապում նրանց կոմիտեի հետ։ Այս կազմակերպությունները, որքան հիշում եմ, ոչ շատ բազմաթիվ էին եւ ոչ էլ շատ խոշոր զանգվածներ էին պարունակում իրենց մեջ։ Սա երեւում էր հենց այն գումարներից, որ Դավթյանն ամեն ամիս մտցնում էր կոմիտեի դրամարկղը` իբրեւ բանվորական վճարներ։ Այդ տուրքն, այո՛, մեծ չէր։ Հայդուկային հեղափոխության գաղափարն ամենից ավելի լավ նավթահանքերի եւ նավթային գործարանների բանվորության մեջ էր պատվաստվում. եւ այստեղից` այս խավերից դուրս եկան շատ ու շատ այնպիսի աշխատավորներ, որոնք իրենց արյունով ողողեցին Թուրքահայաստանի լեռներն ու դաշտերը` թե՛ իբրեւ անվանի, թե՛ միանգամայն անհայտ մնացած հերոսներ։

Բայց չի կարելի ասել, թե Բաքվի կոմիտեն, բացի ամսավճար հավաքելուց, ոչինչ չէր անում։ Ես մի երկու անգամ ներկա եմ եղել այնպիսի նիստերի, ուր անկախ գործունեության ծրագրեր էլ էին առաջարկվում։ Այդպիսին էին, օրինակ, ինժեներ Կոստանդին Խատիսյանի զեկուցումները։ Նրան տրված էր խոսելու գեղեցիկ ընդունակություն։ Եվ նա պերճորեն ապացուցում էր, թե կռիվը Թուրքահայաստանի համար կարելի է դարձնել հաղթական եւ վճռական միայն այն դեպքում, երբ կիրագործվի իր ծրագիրը, որ էր` Սալմաստում մի ամբողջ լաբորատորիա ստեղծելը` զենքեր եւ պայթուցիկ նյութեր պատրաստելու համար։ Իբրեւ մասնագետ, նա կարդում էր ամբողջ տեխնիկական նախագծեր, նախահաշիվներ եւ այլն, ջերմորեն ապացուցում էր, թե իր առաջարկներն ուտոպիա, ցնորքներ չեն, այլ կարող են հեշտությամբ գլուխ գալ, եթե մի 25-30 հազար ռուբլի դրամագլուխ գտնվի։

Եթե գտնվի… Բայց որտեղի՞ց գտնվեր։ Բաքուն, մի անսպառ ոսկեհանք էր Մանթաշյանների93, Ղուկասյանների եւ նրանց նման շատերի համար, բայց մի անպտուղ ու անջրդի անապատ էր այն գործի համար, որ առաջ էր տարվում Բալախանի, Սեւ Քաղաքի94 հալումաշ բանվորների գրոշներով։ Խատիսյանի այս ձեռնարկությունն էլ գլուխ չեկավ։ Եվ նա ինքն էլ շուտով դարձավ գործարանատեր, խրվեց շահագործման եւ հարստացման հոգսերի մեջ ու բոլորովին մոռացավ Սալմաստն էլ, Խոյն էլ, Վանն էլ…

 

1892-1893թթ. հայդուկային-դավադրական հեղափոխության առաքյալները գործում էին Թուրքիայի ասիական նահանգների գրեթե բոլոր հայաբնակ վայրերում` սկսած Կիլիկիայից մինչեւ Ուրմիա լիճը։ Այս ամբողջ տարածությունը մի լռիկ համաձայնությամբ բաժանվել էր այսպես` Հնչակյան կուսակցությունն իր կարգադրության տակ էր առել ամբողջ արեւմտյան մասը, Փոքր Ասիայի կողմերը, իսկ արեւելյան մասերում գործում էին թե՛ դաշնակցական եւ թե՛ տեղային անկախ հայդուկային խմբերը, որոնք մանր կռիվներ էին անում գլխավորապես քրդերի դեմ։ Թե՛ բովանդակությամբ եւ թե՛ ընդարձակությամբ հնչակյանների գործունեությունն էր հարուստը։ 1893-ին հնչակյանները, կարծեք թե, գտել էին գործողությունների ավելի ուղիղ ճանապարհ։ Նրանք փորձում էին մտցնել հայկական շարժումն ընդհանուր օսմանյան պետականության հունի մեջ` ազատագրական գաղափարը պատվաստելով նաեւ մահմեդական կեղեքվող տարրերին։ Սակայն այս խելացի փորձը տարվում էր վերին աստիճանի անշնորհք կերպով։

Փոխանակ մահմեդական դժգոհ տարրերին իրենց մոտեցնելու, նրանց սերտ գործակցության եւ համահավասար իրավունքներով կազմակերպչական ու ղեկավար դեր ստանձնելու հրավերներ կարդալու` հնչակյանները խաբեբայական միջոցներ էին կիրառում։ Այն է` կազմում եւ տարածում էին կեղծ կոչեր` իբրեւ թե գրված մահմեդականների ձեռքով. սրանք ժողովրդին հրավիրում էին հնչակյանների հետ կռիվ հայտարարելու սուլթանական բռնակալությանը։ Կեղծիքը չխաբեց ոչ ոքի եւ միայն թուրքաց կառավարությանն առիթ տվեց բազմաթիվ ձերբակալություններ կատարելու հնչակյանների մեջ եւ ստեղծելու մի խոշոր դատաստանական գործ, որ հայտնի է Անկյուրայի կամ Գաղատիայի դատավարություն անունով, որ ավարտվեց մահվան դատավճիռներով եւ աքսորներով։

Միաժամանակ սուլթան Աբդուլ-Համիդը ձեռք էր առնում եւ ավելի արմատական միջոցներ հետզհետե աճող հեղափոխական հուզումների դեմ։ 1892թ. նրա հրամանով կազմակերպվում էին քրդական գնդեր` ռուսաց կազակ[ական] զորքի օրինակով։ Անկանոն հեծելազորային այդ գնդերը սուլթանի անունով ստանում էին Համիդիե անունը։ Կառավարությունը նրանց զենք էր տալիս, թեթեւ կերպով զինվորական մարզումների էր ենթարկում եւ, ամեն մի գունդ թողնելով իր տեղում, պարտավորեցնում էր զորաժողով լինել կառավարության առաջին պահանջով։ Որքան եւ այս ձեռնարկությունը քողարկվում էր պատերազմական ընդհանուր նկատառումներով, ոչ մեկի համար գաղտնիք չէր, թե Համիդիե գնդերի կազմակերպման ամենագլխավոր, եթե ոչ միակ, շարժառիթը նրանց միջոցով հայերին զսպելն էր։ Այսպիսով, ուրեմն, ստեղծվում էր մի նոր սոսկալի վտանգ հայ ժողովրդի համար։ Սա զգում էին ամենից առաջ իրենք` հայերը, եւ նրանցից շատերն այս երկյուղից դրդված` թողնում էին իրենց հայրենի երկիրը եւ գաղթում օտար երկրներ։ Այս պարզ զգում էին եւ Թուրքահայաստանում գտնվող եվրոպական հյուպատոսները։

Էրզրումի անգլիական հյուպատոսը քրդական գնդերի պատճառած ընդհանուր երկյուղի թարգմանն էր հանդիսանում իր կառավարության առաջ, որ, սակայն, բավականանում էր Կ.Պոլսի իր դեսպանին մի թուղթ ուղարկելով, որով եւ սպառվում էր ամբողջ հարցը, իսկ անպաշտպան եւ անզեն հայ գյուղացին դրվում էր կատարելագործված զենքերով զինված, պաշտոնապես ապահով եւ անպատասխանատու դիրքի մեջ դրված քրդի լիակատար տրամադրության տակ։

Այս ահեղ հանգամանքը հայ հեղափոխական կյանքի կողմից արժանավոր գնահատության չարժանացավ։ Կարծեք, քրդերի կազմակերպումը կարեւոր նշանակություն ունեցող երեւույթ չէր եւ այն կարելի էր արհամարհել։ Այդպես էլ արեցին։ Արհամարհեցին։ Աբդուլ-Համիդն ուներ իր ձեռքում հայերի համատարած ջարդերի համար պատրաստված մի շատ լավ միջոց։ Սակայն նա իսկույն ջարդի հրաման չարեց։ Սպասեց, որ հայերն իրենք առիթ տան։

Եվ երկար չսպասեց։ Նույն 1892-ի աշնանը Անգլիայում տեղի ունեցան պառլամենտական ընտրություններ։ Հաղթությունը տարավ ազատական կուսակցությունը, եւ կառավարության գլուխ անցավ Գլադստոնը, որ պառլամենտում հերոսական պայքար սկսեց Իռլանդիային ինքնավարություն տալու համար։ Այդ ազատական պայքարը պիտի թեւավորեր եւ հայ հեղափոխականներին` ավելի եւս բորբոքելով նրանց եվրոպապաշտությունը։ Բայց Գլադստոնը ծերության պատճառով չկարողացավ մինչեւ վերջ տանել իր պայքարը եւ 1893-ի սկզբներին հրաժարական տվեց` իր տեղը տալով ազատամիտ կուսակցության մյուս լիդերին` լորդ Ռոզբերիին95, որ շարունակեց կռիվն անգլիական պահպանողականների եւ կալվածատեր լորդերի դեմ։ Գլադստոնի հիվանդանալն, ուրեմն, ոչինչ չէր փոփոխում Անգլիայի ազատասեր տրամադրության մեջ. Հայոց հարցը պետք էր նորից կենդանացնել եւ լուծելու համար հանձնել անգլիական ազատամիտ կառավարությանը։

Հնչակյան կուսակցությունն այս նպատակով մի ապստամբություն պատրաստեց Սասունի լեռներում, ուր ամիսներ ի վեր այդ ուղղությամբ աշխատանքներ էր տանում Համբարձում Պոյաճյանը (Մուրադ96)։ Արդեն 1893-ի ամռանը հաճախացան ընդհարումները հայերի եւ քրդերի միջեւ։ Իսկ 1894-ի ամռանը հայերը, մերժելով կառավարությանը հարկեր տալ, բացարձակ ապստամբություն հարուցեցին։ Աբդուլ-Համիդի կարգադրությամբ այստեղ շտապեց Չորրորդ բանակը` Զեքի-փաշայի հրամանատարությամբ։ Սուլթանական հրաման է` ոչինչ եւ ոչ ոքի չխնայել։ Եվ Սասունի լեռներում սարսափները կուտակվեցին սարսափների վրա։ 27 հայ գյուղեր կործանված են. ազգաբնակչությունը, որի թիվը ոմանք հասցնում են մինչեւ 10 հազարի, սրի է քաշված։ Լեռնային ժողովուրդն իր այս խիզախ գործը լցրեց իր հերոսություններով եւ անձնազոհության սքանչելի օրինակներով։ Եվրոպայի համար, այսպիսով հարուստ նյութ էր պատրաստված միջամտելու եւ գործելու համար։

Սասունի կոտորածի մանրամասնությունները բավական ուշ հասան քաղաքակիրթ կոչված աշխարհին։ Բայց պետք է խոստովանել, որ կոտորածի թողած տպավորությունը շատ ուժեղ էր։ Բուրժուական մամուլը ծայրեծայր լիքն էր տեղեկություններով, հոդվածներով։ Միտինգներ կազմել սկսեցին, զառամյալ Գլադստոնը հրապարակ իջավ` նորից եւ նորից Թուրքիային հարվածելու, անիծելու համար։ Անգլիան գլուխ էր կանգնում մի շարժման, որ, թվում էր, համաեվրոպական բնույթ պիտի ստանար։ Իսկ հայ ժողովրդի ղեկավար շրջանների վրա (ես այս էլ պարտավոր եմ վկայել) Սասունի արյունոտ սպանդանոցը միայն տխուր ազդեցություն չէ, որ ունեցավ։ Տխրության հետ նկատելի էր եւ մի տեսակ զսպված գոհունակություն։ Ամեն մեկը, կարծեք, կրկնում էր Գամառ-Քաթիպայի թունոտ խոսքերը՝ «Փառք Աստծո, հայի արյուն ալ ոթեցավ»։ Այս անգամ արդեն թուրքահայ ժողովրդական դժբախտությունը չափազանց մեծ է, որպեսզի կարելի լինի նրան մոռանալ եւ արհամարհել։

Սասունի ապստամբությունը դառնում էր ազգային պանծալի գործ, որ նախանձ էր պատճառում Դաշնակցությանը։ Ես լսել եմ իմ ականջներով, որ դաշնակցականներն իրենց կուսակցությանն էին վերագրում Սասունի ապստամբությունը եւ նույնիսկ հավատացնում էին, թե Սասունի գլխավոր հերոս Մուրադը հնչակյան չէ, այլ դաշնակցական է։ Այս վեճը նույնիսկ մամուլի մեջ էլ մտավ։ Դաշնակցականները չէին ուզում զրկվել Հայոց հարցի լուծման պատվից։ Նրանց նախաձեռնությամբ 1895-ի ձմռանը Թիֆլիսի հայ հասարակության կողմից մի քանի ներկայացուցիչ ուղարկվեց Էջմիածին` խնդրելու համար Խրիմյան կաթողիկոսին, որ նա գնա Պետերբուրգ, ներկայանա Նիկոլայ ցարին97 եւ խնդրի նրան` միջամտել Հայոց հարցի մեջ։ Մի այդպիսի պատվիրակություն էլ Բաքվից պիտի գնար, եւ մի ժողովում էլ ես պատվիրակ ընտրվեցի, բայց հրաժարվեցի այդպիսի մի պաշտոն ստանձնելուց։

Բոլոր հանգամանքներն այնպես էին ցույց տալիս, թե հայկական եվրոպապաշտությունն ամենեւին սխալված չի եղել։ Փրկարար միջամտությունը, վերջապես, իրագործված էր երեւում Սասունի խեղճ ժողովրդի տված 10 հազար զոհերի գնով։ Ռոզբերիի մինիստրությանը98 հաջողվել էր համաձայնություն կայացնել Ռուսաստանի եւ նրա նոր դաշնակից Ֆրանսիայի հետ։ Այս երեք պետությունների հյուպատոսները հավաքվեցին Մուշ քաղաքում՝ Սասունի կոտորածի հանգամանքները քննելու համար։ Ակնառու էր այն հանգամանքը, որ եռյակ նիզակակցության պետությունները` Գերմանիա, Ավստրիա եւ Իտալիա, չէին մասնակցում այս միջամտությանը։ Արեւելքի գործերին լավածանոթ քաղաքագետների համար այս մի անսխալ նշան էր, թե Գերմանիան իր դաշնակիցներով պատրաստվում էր օգտվել այն անախորժ տպավորությունից, որ պիտի գործեր սուլթանի վրա երեք պետությունների միջամտությունը։ Գերմանական իմպերիալիզմի համար միանգամայն հասունացել էր ասիական Թուրքիայի նման մի արդյունավետ ու արգասաբեր երկիրը գաղութացնելու ծրագիրը։

Բաղդադի երկաթուղին99 արդեն այն մեծ շարժիչն էր, որ հավաքում եւ սպառազինում էր գերման ֆինանսական կապիտալը։ Այն Աբդուլ-Համիդի հետ բարեկամություն էր պահանջում, եւ Վիլհելմը100 ստրուկի հնազանդությամբ կատարում էր ամենակատաղի այդ տիրոջ հրամանները։ Եվ պարզ էր, որ իր թիկունքում ունենալով աշխարհի ամենախոշոր միլիտարիստական պետությանը` սուլթանը բոլորովին առիթ չէր ունենա առանձին երկյուղ զգալու Անգլիայի եւ նրա հետ համաձայնության եկած Ռուսաստանի ու Ֆրանսիայի առաջ։ Սա նշանակում էր, թե այս եռապետյան համաձայնությունը խախուտ է, արհեստական եւ առաջին հարմար րոպեին պիտի պայթի։

Քաղաքական ետնաբեմում թաքնված այս իրողությունը նկատելի չէր հանդիսատեսներին, ուստի թվում էր, թե երեք պետությունների միջամտությունը շատ ամուր է եւ կլինի միանգամայն արգասավոր։ Եվ այս լավատեսությունը շատ հեղինակավոր էր դառնում հանգամանքների բերումով։ Սասունի հյուպատոսական հանձնաժողովը, չնայած թուրք կառավարության գործադրած բոլոր ջանք ու հնարքներին, ապացուցեց այդ կառավարության մեղավորությունը, կատարված մեծամեծ խժդժությունները։ Երեք կառավարությունները Կ.Պոլսի իրենց դեսպաններին հրամանագրում էին` միասին մշակել ռեֆորմների ծրագիր եւ առաջարկել սուլթանին, որ հաստատի այն եւ գործադրի հայաբնակ վեց նահանգներում։ Դեսպանների մշակած ծրագիրը թուրքաց կառավարությանը հանձնվեց 1895-ի մայիսին, եւ այս պատճառով այն ստացավ Մայիսյան ռեֆորմներ101 անունը։ Այդ թուղթն անհուն հրճվանքի առարկա դարձավ հայ ազգասիրության համար։ Վերջապե՜ս։ Վախճան էին ստանում թուրքահայ աշխատավոր ժողովրդի դարավոր տառապանքները։ Մարդիկ իրար շնորհավորում էին, իրար հետ համբուրվում։

Մայիսյան ռեֆորմները բավական համեստ վարչական մի ինքնավարություն էին ներկայացնում, որի բոլոր հոդվածները վերցված էին Թուրքիայում գոյություն ունեցող օրենքներից, այնպես որ, հայերի համար իսկապես որեւէ նոր, աննախընթաց դրություն, նոր իրավական կարգ չէր ստեղծվում։ Հեռու լինելով անջատական հնարավորություններ ստեղծելու կարելիությունից, դրանք իսկապես կարող էին վերանորոգման եւ վերածնության կոչել ոչ միայն հայերին, այլեւ նրանց հետ ապրող քրդերին եւ թուրքերին, որովհետեւ այս ազգային փոքրամասնությունների իրավունքները լիովին ընդունված էին, այնպես որ կիսավայրենի քուրդը պիտի նստեր հայի հետ գավառական եւ նահանգական ժողովներում ու պիտի վճիռ տար կրթական եւ կուլտուրական բարձր շահերին նվիրված հիմնարկությունների մասին։

Բայց եւ այնպես, թուրք կառավարությունը, հավատարիմ մնալով իր վաղեմի սովորությանը, գործադրում էր ձգձգումների քաղաքականությունը, մինչեւ որ թուլանար ու եղծվեր պետությունների համաձայնությունը։ Նրա այս ակնկալությունը հետզհետե սկսում էր իրականանալ։ Ռուսաստանը, արտաքին գործերի մինիստր Լոբանով-Ռոստովսկու102 ղեկավարությամբ, նահանջի ճանապարհներ էր որոնում։ Խրիմյան կաթողիկոսին, որ ճանապարհվել էր Պետերբուրգ, հարկադրեցին երկար սպասել Նոր Նախիջեւանում, մինչեւ որ ցարը բարեհաճեց ընդունել նրան։ Այսպես էր արվում, որպեսզի թուրքաց սուլթանը համոզվի, թե այդ ճանապարհորդությունը քաղաքական նշանակություն չունի եւ կապված չէ հայերի կոտորածի հետ։ Ցարական բյուրոկրատներին, բացի դրանից, վրդովեցնում էր այն ագիտացիան, որ թուրքահայերի օգտին Անգլիայում մղում էր Ռուսաստանի հայությունը։ Թիֆլիսի հայերը ուղերձներ եւ ընծաներ էին ուղարկում Գլադստոնին, մինչդեռ ոչ մի դիմում չէին անում ռուս կառավարությանը։

Սասունից Թիֆլիս բերվեց Անուշ անունով մի կին, որն ուղարկվեց Լոնդոն եւ, ի ցույց հանվելու համար, նստեցվեց Գլադստոնի կողքին` իբրեւ կենդանի պատկեր` իր լուռ ու մունջ վկայությամբ հաստատելու մեծ ծերունու ասածները։ Խրիմյան կաթողիկոսը ձեռնունայն վերադաձավ Պետերբուրգից, իսկ Լոբանով-Ռոստովսկին, որ դիվանագետի մի քանի կեղծ ժպիտներ էր նվիրել նրան, իր քաղաքականության նշանաբանը դարձրեց` «Հայաստանն առանց հայերի»։ Մարդակեր ցարիզմին Հայաստանի հողը հարկավոր էր, շատ հարկավոր էր, բայց հայ ժողովուրդը բոլորովին հարկավոր չէր։ Այսպես էր մի բռնակալի կամ նրա ստրուկ պնակալեզի քմահաճույքը, որից ամբողջ ժողովուրդներ էին ոչնչանում, անհետ կորչում։

Ազատական (լիբերալ) Անգլիան էր հայերի անկեղծ բարեկամը համարվում։ Բայց այս բնագավառում էլ երեւան էին գալիս նշաններ, որոնք ցույց էին տալիս, թե, անշուշտ, ցնորամիտներ են նրանք, ովքեր կարծում են, թե քաղաքագիտության մեջ բացի կոպիտ եւ եսամոլ հաշիվներից կա ուրիշ որեւէ սրբություն։ Լորդ Ռոզբերին, քանի դեռ հարցը թղթե պահանջներ անելուն էր վերաբերում, համաձայն էր Գլադստոնի հետ, բայց երբ բանը եկավ հասավ այն աստիճանին, որ պետք էր հարկադրել սուլթանին, որ նա կատարի այդ թղթե պահանջները, Ռոզբերին հրաժարվեց Գլադստոնի առաջարկած ստիպողական միջոցները գործադրելուց ու մի ճառ արտասանեց պառլամենտում, որով ոչնչացրեց իր գործադրած բոլոր հայանպաստ ջանքերը։ Նա, իհարկե, նույնքան իրավացի էր իր տեսակետի մեջ (թե այլ է թուղթը եւ այլ է ստիպմունքը), որքան [որ] իրավացի էր Գլադստոնը 1880 թվին` ճիշտ նույնանման հանգամանքների մեջ։ Բայց անգլիական հայասիրությունն ուրիշ հրաշք էլ ուներ իր մեջ։ Ռոզբերիի կառավարությունը հեռացավ գործերից, նրա տեղը բռնեց Սոլսբերիի կառավարությունը։ Եվ ո՜վ սքանչելիք. Սոլսբերին, որ Կիպրոսի դաշնագիր էր հնարել Բեռլինում, Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածն էր այլանդակել, որ ջնջել էր Հայաստան անունը եւ այն փոխարինել Քուրդիստան անունով, այժմ հանդես էր գալիս իբրեւ ջերմ պաշտպան Հայոց հարցի…

84Խորեն Գալֆայան (Նար-Պեյ) (1832-1892) – Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, եպիսկոպոս, հասարակական գործիչ։ Եղել է Բեռլինի կոնգրեսի հայկական պատվիրակության կազմում։
85Գարեգին Սրվանձտյան(ց) (1840-1892) – Հայ առաջին եւ անգերազանցելի բանահավաքը, «Սասնա ծռեր» էպոսի առաջին գրառողը։ Եպիսկոպոս, որ մասնակցել է Վանի «Միություն ի փրկություն» (1872) գաղտնի կազմակերպության ստեղծմանը, «Սեւ խաչի» աշխատանքներին. հետապնդվել է օսմանյան իշխանությունների կողմից։
86Շերեմետեւ Սերգեյ Ալեքսեեւիչ (1836-1896) – Կովկասի կառավարչապետ (1890-1896), գեներալ-համհարզ, գեներալ-ֆելդմարշալ։
87Դաշնակցության հոգեւոր հայրերը համարվող (Քրիստափոր Միքայելյան, Սիմոն Զավարյան եւ Ռոստոմ) անձանցից Սիմոն Զավարյանը միակն էր, որ նախնական կրթությամբ (Լոռի, գյուղ Այգեհատ) հայկական միջավայրից էր, իսկ մյուսների՝ հայ իրականությունից որոշակիորեն կտրված լինելուն իրենց հուշագրություններում անդրադարձել են ժամանակի բազմաթիվ հայ մտավորականներ։
88Թերեւս պետք է լինի «քաղաքակրթության» (՞)։
89Ռոստոմ (Ստեփան Զորյան) (1867-1919) – ՀՅԴ երեք հիմնադիրներից, մասնագիտությամբ գյուղատնտես, քաղաքականություն է մտել որպես նարոդնիկ, ՀՅԴ ծրագրի տեսական մասի հեղինակը, «Դրոշակ» թերթի խմբագիր։
90Լեզվական փոքր-ինչ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս եւ հետագա տողերի հեղինակները ոչ միայն ռուսահայեր են, այլ նաեւ ռուսական կրթությամբ անձինք, եթե իհարկե Լեոն ինքը միջամտություն չի կատարել մեջբերման մեջ, ինչը գրեթե անհավանական է։
91Խոսքը ցայտող նավթի շիթի, շատրվանի, այսինքն՝ հանքահորի մասին է։
92Առաջին նավթահորն այստեղ է փորվել, կա 14-րդ դարի ամրոց, փոքրիկ ավան էր Բաքվի մերձակայքում, ուր հայ-թաթարական սոսկալի բախումներ են եղել, ներկայումս Բաքվի վարչական կազմում է եւ Ադրբեջանի խոշորագույն աղբանոցը։
93Մեծահարուստ հայ ընտանիք Ռուսական կայսրությունում. զբաղվել է նավթարդյունահանմամբ, բանկային գործունեությամբ եւ մեծածավալ բարեգործությամբ. ծագումով պարսկահայ։
94Բաքուն եզերող նավթարդյունահանող ավանների գոտին էր այսպես կոչվում, ներկայումս Բաքու քաղաքի վարչական տիրույթում է։
95Արչիբալդ Ֆիլիպ Պրիմռոուզ Ռոզբերի (1847-1929) – Անգլիայի լեյբորիստ վարչապետ 1894-1895-ին։
96Ակնհայտ տպագրական վրիպակ կա (գրքում տպված է «Տրցաճյան», իսկ հատվածը վերատպած պարբերականները նշում են «Տրդատյան»). Մուրադ անունով հայտնի են բազմաթիվ հայդուկապետեր՝ երկուսը հնչակյան (Մեծն Մուրադ եւ Սեբաստացի Մուրադ), մնացյալը՝ դաշնակցական եւ ոչ շատ նշանավոր։ Այստեղ խոսքը հնչակյան Համբարձում Պոյաճյանի՝ Մեծն Մուրադի մասին է, ով հաճնեցի էր (տե՛ս սույն գլխի Բ մասի համապատասխան ծանոթագրումը)։ Հաջորդը Սեբաստացի Մուրադն է (1874-1918)՝ իսկական անվամբ՝ Մուրադ Խրիմյան (Կյուրիկյան), Սեբաստիայի Խորոխոն գյուղից։ Հնչակյան ամենանշանավոր գործիչներից, կրթություն է ստացել Պոլսում եւ Լոնդոնում։ Սասունի 1904թ. ապստամբության հերոսներից, Անդրանիկի կամավորական ջոկատում մասնակցել է Երզնկայի, Էրզրումի, Սարիղամիշի մարտերին։ 1918-ին Բաքվի կոմունայի զորքերի հայկական մասի հրամանատարն էր եւ զոհվեց այնտեղ թուրքական բանակի դեմ մարտում։ Հետայսու գրքում հանդիպողը բացառապես վերջինն է։ Գրքում այլ Մուրադներ չեն հիշատակվում։
97Նիկոլայ Բ Ռոմանով (1868-1918) – Ռուսների վերջին կայսրը (1894-1917), նրա օրոք տեղի ունեցան հայ-թաթարական ընդհարումները, բռնագրավվեց Հայ եկեղեցու գույքը, փակվեցին հայկական դպրոցներ եւ պարբերականներ, հալածվեցին ու սպանվեցին հայ գործիչներ. իր ընտանիքի հետ միասին գնդակահարվեց 1918-ին, Եկատերինբուրգում։
98Այս եւ հետագա հանդիպող դեպքերում «այսինչի մինիստրություն» արտահայտությունը պետք է հասկանալ որպես վարչապետի կաբինետ՝ նախարարների խորհուրդ։
99Բեռլին-Բաղդադ երկաթուղու շուրջ բախվում էին բոլոր խոշոր տերությունների եւ կառույցների շահերը։ Սա ոչ միայն տնտեսական եւ ռազմա-ստրատեգիական նշանակություն ուներ, այլեւ առարկայորեն շոշափում էր հայության կենսական շահերը. Թեոդոր Հերցելն առանց հաջողելու խնդրեց սուլթանին, որ հրեաներին ազգային փոքրիկ օջախ տրամադրվի իրենց պատմական հայրենիքի մի հատվածում՝ դրա դիմաց ի շարս այլոց խոստանալով հոգալ անապատի միջով անցնելիք երկաթուղու շինարարության ահռելի ծախքերը։ Սուլթանը չհամաձայնեց։ Երկաթուղին սկսեց կառուցվել 1888-ին։ Դա Գերմանիայի գաղութատիրական քաղաքականության փորձն էր, որը բրիտանացիք ու ռուսները ֆրանսիացիների հետ ընդունեցին որպես ուղղակի սպառնալիք իրենց շահերին։ Թեեւ բրիտանացիները սկզբից փորձեցին համատիրություն սահմանել գերմանացիների հետ ու հավասար ներդրումներ անել, բայց նրանք դա դադարեցրին Առաջին աշխարհամարտի նախօրեին։ Այն ավարտվեց միայն 1940-ին։
100Խոսքը Գերմանիայի երկրորդ եւ վերջին կայսր Վիլհելմ Բ-ի (1859-1941) մասին է, որ իշխել է 1888-1918թթ.։ Թոռն էր Վիլհելմ Ա Հոհենցոլեռնի (1797-1888), որ Պրուսիայի թագավորն էր 1861-ից եւ Բիսմարկի քաղաքական տաղանդի շնորհիվ՝ գերմանական կայսրը՝ 1871-ից։
101Տե՛ս Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, նշվածը, էջ 130-147, 767, ինչպես նաեւ դրա համապատասխան հղումները։
102Լոբանով-Ռոստովսկի Ալեքսեյ Բորիսովիչ (1824-1896) – Ռուս դիվանագետ՝ Ռյուրիկից սերող իշխանական տոհմից. 1859-1863թթ. Ռուսաստանի բանագնացը Կ.Պոլսում, 1867-1878 ՆԳ փոխնախարար, 1878-ին՝ դեսպան Կ.Պոլսում, 1879-1895թթ.՝ դեսպան Լոնդոնում, Վիեննայում, Բեռլինում, 1895-1896թթ. արտգործնախարար։ Սուլթանին ուժեղացնելու գծի կոմնակից։ Ըստ Լեոյի՝ «Հայաստանն առանց հայերի» կարգախոսի հեղինակն է։