Za darmo

Անցյալից

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Սակայն «Մուսավաթը» գիտեր, թե ինչ է անում, իսկ անգլիական հրամանատարությունն էլ զուր չէր նրա մտերիմ, հոգեկից բարեկամը։ Ղարաբաղի հայ ժողովուրդը ծառացավ այդ բռնությունների դեմ։ Նա համագումարներ էր կազմում, իր ընտրած Ազգային Խորհրդի միջոցով եռանդուն բողոքներ էր անում՝ պահանջելով, որ Ղարաբաղի հարցը վճռվի ո՛չ թե այստեղ՝ Կովկասում, «Մուսավաթի» ուզած եղանակով, այլ ինչպես հայտարարված է՝ Փարիզում գտնվող երեք պատվիրակությունների ձեռքով։ Սուլթանովի նահանգապետությունը մերժվում էր միանգամայն եւ պահանջվում էր, որ անգլիական հրամանատարությունն ինքը նշանակի իր կողմից մեկին հայկական Ղարաբաղը կառավարելու համար մինչեւ Փարիզի կոնֆերանսի վճիռը։

Թոմսոնին հաջորդած գեներալ Շատելվորտը համառությամբ մերժում է բոլոր այդ պահանջները, Սուլթանովի գործակատարն է հանդիսանում, անձամբ գնում է Շուշի՝ համագումարին ներկա լինելու եւ Սուլթանովի ճանաչումը պահանջելու համար։ «Նորին բրիտանական մեծության» կառավարության համար, կարծես, այսպիսի մի դիլեմա էր ստեղծվել՝ կա՛մ մի ինչ-որ բժիշկ Սուլթանով եւ կա՛մ ջրհեղեղ։ Սակայն Ղարաբաղի հայությունը իմացավ պարտ ու պատշաճ կերպով գնահատել բրիտանական լակեյությունը։ Շատելվորտը մերժում ստացավ համագումարից եւ, քիթը տրորված վերադառնալով Բաքու, այնտեղ կանչեց Ղարաբաղի Ազգային Խորհրդի անդամներին եւ արգելեց նրանց վերադառնալ իրենց պաշտոնին։

Մինչ Ղարաբաղում տեղի էին ունենում այս բռնությունները, մեր հայրենակցական միությունն ամեն ջանք գործ էր դնում, որ հայոց կառավարությունն ավելի եռանդուն կերպով պաշտպանի Ղարաբաղի հայության իրավունքները։ Բայց ոչ մի հաջողություն չէինք գտնում։ Արտաքին գործերի մինիստրն այն ժամանակ Սիրական Տիգրանյանն էր, որ որքան լավ ուսուցիչ, այնքան վատ դիվանագետ էր։

Դաշնակցական կառավարության հոգեբանությունը հասկանալու համար պետք է նկատի առնել այն հանգամանքը, որ նա այդ միջոցին տարված էր անգլիական քաղաքականության մի խարդախ խաղով։ Կտրելով Հայաստանից Ղարաբաղի եւ Զանգեզուրի նման հայաշատ գավառները՝ խորամանկ Ալբիոնը կցում էր Հայաստանին երկու գավառ, ուր հայությունը շատ աննշան փոքրամասնություն էր կազմում, այն է՝ Նախիջեւան եւ Արդահան, [ինչպես նաեւ] մի գավառ՝ Կարսի շրջանը, որի արեւելյան մասը հայաբնակ էր, իսկ արեւմտյանը՝ թուրքաբնակ։ Այսպիսով օրինականացվում էր մի անիծյալ կացություն՝ ազգայնական ճնշումներ, որոնք պիտի ոտքի կանգնեցնեին հայերին թուրքերի դեմ՝ Ղարաբաղում եւ Զանգեզուրում, եւ թուրքերին հայերի դեմ՝ Նախիջեւանում, Կարսի շրջանի մի մասում եւ Արդահանում366։ Եվ իսկապես, այս ազգամիջյան թշնամությունն էր, որ Ադրբեջանի եւ Հայաստանի թուլացման, ապա եւ կործանման պատճառ դարձավ367։

Բայց ո՞վ պիտի նկատեր այս վտանգը վաղօրոք՝ Ադրբեջա՞նը, որ զինված էր «Բիր, իքի՝ Կավկազ բիզիմքի» կանչողներով, թե՞ Հայաստանը, որ նույնպես հավատում էր, թե կարելի է սվինների վրա նստել Նախիջեւանում, Արդահանում, Օլթիում… Ստանալով անգլիացիների ձեռքից Կարսի նման հռչակավոր բերդն իր 500 թնդանոթներով՝ կարելի՞ էր սակարկություններ անել մի ինչ-որ Ղարաբաղի համար։ Եվ չէ՞ որ այսքանով չէին սահմանափակվում հայկական ձեռքբերումները։ Հապա Թուրքահայաստա՞նը։ Հրեն, հայկական պատվիրակությունը Փարիզ հասնելով՝ ներկայացրել էր կոնֆերանսին իր հողային պահանջների աշխարհագրական գծագրությունը՝ մի քարտեզ, որի վրա մի ահագին, երբեք գոյություն չունեցած Հայաստան [էր]՝ ծովից ծով։

Ավետիս Ահարոնյանը եւ Պողոս Նուբարը չէին բարեհաճել Փոքր Ասիայում օսմանյան պետությանը տալ այնքան հող, որքան հարկավոր է, որ մի ժողովուրդ մի կտոր շունչ քաշի։ Ինչու՞ ենք զարմանում, որ Հայաստանն առանց երկար ու բարակ մտածելու վերցնում էր անգլիացիներից մի թուրքաբնակ Նախիջեւան կամ Արդահան։ Վաղը նա Փարիզի կոնֆերանսից պիտի ստանար մի երկիր՝ Սալմաստից սկսած մինչեւ Կիլիկիայի արեւմտյան սահմանը։ Ինչի՞ վրա պիտի հենվեր դաշնակցական Հայաստանն այդ անհուն տարածության վրա, քանի՞ հայ էր մնացել նրա ձեռքի տակ 1915-ի առնվազն 800 հազար հոգի կորցնելուց հետո։ Ո՞վ էր հարցնում։ Միայն տվե՛ք, այդ բոլոր տարածությունները, այդ բոլոր վիլայեթները տվե՛ք մեզ։

Այս արդեն «Բիր, իքի՝ Կավկազ բիզիմքի» չէր, այլ ավելի մեծ հիմարական բանդագուշանք…

Իսկ Ղարաբաղի հարցը գնալով ավելի ու ավելի սուր կերպարանք էր ստանում։

Գեներալ Շատելվորտը մեկ էլ իր անպարագրելի մեծությունը խոնարհեցրեց ի սեր մուսավաթականների եւ գնաց այս անգամ Զանգեզուր՝ նորից անձամբ պահանջելու հայերից, որ նրանք հպատակվեն Ադրբեջանին եւ ներս թողնեն թուրք քոչվորներին։ Մինչեւ այդ, անգլիական պատվերին ականջ կախելով, գեներալ Անդրանիկը լքել էր իրեն անկեղծաբար անձնատուր եղած լեռնցի ժողովրդին եւ իր զորքի հետ հեռացել էր Զանգեզուրից դեպի Երեւան։ Շատելվորտը Գորիսում գտավ մի ընդունելություն, որ ցույց էր տալիս, թե նույնիսկ աշխարհից կտրված այս լեռնաստանում էլ հասկացել են, թե ինչ են անգլիացիները, եւ արդեն զզվում են նրանցից։ Այս զգացմունքը ծնվում էր ամեն տեղ ինքնաբերաբար, իրերի ըմբռնման շատ հասարակ միջոցով։ Անգլիացիներն Անդրկովկասում [իրենց] պահում էին այնպես, ինչպես սովոր էին պահել իրենց Աֆրիկայի կամ Պոլինեզիայի գաղութներում, տեղացի վայրենի ցեղերի մեջ։

Այստեղ, մեզանում էլ նրանք ամենքը՝ գեներալ, սպա թե հասարակ զինվոր, իրենց նկատում էին իբրեւ բարձր էակներ, իսկ տեղացիներին նայում էին իբրեւ մի ստոր մարդկային ցեղի վրա։ Թիֆլիսի փողոցներում անգլիական զինվորները՝ հղփացած, քաղցրավենիքներով եւ մուրաբաներով կերակրվողներ, պահում էին իրենց այնպես լիրբ եւ ամբարտավան, որ կանայք իրենց ապահովված չէին զգում նույնիսկ Գոլովինսկի պրոսպեկտի վրա, թատրոնների առջեւ։ Ոչ միայն այստեղ՝ Վրաստանի մայրաքաղաքում, այլեւ գյուղերում անգամ նկատելի էին, թե ինչ ահագին տարբերություն կար այս հղփացածների եւ գերմանական զինվորների միջեւ, որոնք կարգապահության մեջ օրինավոր դաստիարակված մարդիկ էին։ Ահա բարձ[ր]բարեւ368 եւ գոռոզ անգլիացու այս արհամարհական վերաբերմունքը դեպի ամեն մի ոչ անգլիացի՝ շատ զզվելի տպավորություն էր թողնում կովկասցու վրա, որ սովոր չէր եւ ոչ իսկ ցարական ռեժիմի ժամանակ այսօրինակ վերաբերմունքի։ Շատելվորտը Զանգեզուրի գյուղացիներից լսեց մեղմ, բայց ամուր բացասություններ, այնպես որ՝ կորցնելով հույսը, թե մի բան կարող է այնտեղ հաջողեցնել, ձեռնունայն վերադարձավ՝ հանելով Զանգեզուրից անգլիական փոքրիկ զորամասը։

Այնուհետեւ նա գազանորեն իր ամբողջ մաղձը թափեց խեղճ Շուշիի վրա։ Հեռացրեց Ազգային Խորհրդի անդամներին եւ Սուլթանովին պատվիրեց զոռով տիրանալ իր նահանգապետությանը։ Շուշիի մեջ սկսվեց վերջին ժամանակները սովորական դարձած երեւույթը՝ հրացանաձգությունը թուրք եւ հայ թաղերի միջեւ։ Հայերը շտապեցին մտնել իրենց դիրքերի մեջ պաշտպանվելու համար։ Բայց եկան անգլո-հնդիկ զորքերը, հանեցին հայերին դիրքերից եւ տարան նրանց քաղաքից դուրս։ Հայերն այսպիսով մնացին անպաշտպան՝ թուրքերի կամայականությանը մատնված։ Երեկոյան թուրքերի թաղից հայերի դեմ սկսվեց սոսկալի հրացանաձգություն։ Միեւնույն ժամանակ բժիշկ Սուլթանովը, ինչպես վայել էր թուրք բեկին, իր քրդական գյուղերից հավաքած վայրենի ձիավորներին ուղարկեց Շուշիի հյուսիսային կողմում գտնվող ձորը, ուր այրեցին եւ կոտորեցին հինգ հայ գյուղեր։ Շուշիի հյուսիսակողմի ժայռերի գլխից բացվում էր սարսափելի տեսարան. հրդեհների լուսավորության մեջ Սուլթանովի «քաջերը» մորթում էին, հոշոտում, կանանց բռնաբարում, աղջիկներ փախցնում։ Սարսափահար բազմության մեջ կային եւ անգլիական սպաներ, որոնք հանգիստ մտիկ էին անում այդ սարսափներին։ Եվ երբ նրանց դիմում էին հայերը, աղաչում էին օգնել իրենց, դադարեցնել դժոխքը, նրանք անմեղ գառների նման ձեռքերը դես ու դեն էին տարածում եւ ասում. «Ի՞նչ կարող ենք անել»։ Ո՞վ է ասում, թե անգլիացիները չեն կոտորել տվել հայ ժողովրդին։ Ո՛վ այսպիսի բան ասում է, նա սուտ է ասում…

Մի կողմից կատաղի եւ անընդհատ հրացանաձգությունը թուրքական թաղից, մյուս կողմից՝ Կարկաժան, Ղայբալի369 եւ այլ գյուղերի կոտորածն այն աստիճան մեծացրեց տագնապը եւ խուճապն անզեն ու անպաշտպան մնացած հայկական թաղում, որ կեսգիշերին հավաքվեցին մարդիկ ու գնացին Սուլթանովի ոտքը, հնազանդվեցին նրան… Մյուս օրը հնդիկ զորքերը, չորս կողմից շրջապատելով ադրբեջանական մի զորաբաժին, տարան նրան հայոց թաղի միջոցով եւ բնակեցրին քաղաքի վրա տիրող զորանոցում։ Ամեն ինչ վերջացած էր։ Շուշիի ընդհանուր կոտորածը նախորոշված էր եւ հենց այս պատճառով էլ դառնում էր անգլիական գործ։ Ճշմարտությունը չի մեռնում։ Շուշիի անգլիական զորքերի մեջ մի հատ ազնիվ եւ ճշմարտասեր սպա գտնվեց, որ պաշտոնական հայտարարությամբ պարզեց ամբողջ ճշմարտությունը բարձր հրամանատարության առջեւ։ Այդ մերկացումը տպվեց «Кавказское слово»–ի370 մեջ, բայց սպային իսկույն հեռացրին…

 

Անգլիական այս արյունոտ բռնությունը սոսկումի եւ զայրույթի պոռթկումներ առաջացրեց նախ Երեւանում, բայց ուղղված ոչ թե բուն հեղինակների դեմ, այլ թուրքերի դեմ, որոնք լոկ գործիք Էին եղել նրանց ձեռքին։ Դժգոհել Անգլիայի դեմ ո՞վ կհամարձակվեր։ Ընդհակառակը, համակրական ցույցեր եղան անգլիական ներկայացուցչի տան առաջ։ Եվ այս, ի՜նչ ասել կուզի, ապացույց Էր, որ դաշնակցական Հայաստանը «անկախ» պետություն Էր։

Քանի՜ տասնյակ տարիների ընթացքում հայ ժողովրդի խոնարհ, ծնկաչոք աղերսանքներն էին ուղղված Անգլիային։ Քանի՜ սերունդներ մեռել էին հավատալով, թե կգան նրանք՝ անգլիացիները, եւ կազատեն մեզ։ Եվ ահա, եկան նրանք, իրենց ոտքով եկան այնպիսի մի ժամանակ, երբ նրանք իրենք էին մեզ իրենց դաշնակից անվանում, երբ Սիրիայի դաշտերը դեռ չէին ծծել նրանց հրամանատարության տակ կռված հայերի արյունը… Եկան նրանք, եւ մենք տեսանք նրանց, շոշափեցինք ու լցվեցինք դեպի նրանց միմիայն զզվանքի ու անեծքի զգացմունքով։ Բժիշկ Սուլթանովը, Կարկաժանի, Ղայբալիի հարյուրավոր նահատակները եւ պղծված կույսերը միայն զզվանք եւ անեծք էին դնում ղարաբաղցի հայի սրտում դեպի այդ եկվոր «բուխգալտերները»։

Ղարաբաղի կոտորածի մասին մենք հեռագիր ուղարկեցինք նաեւ Փարիզ, բայց ոչ թե Ահարոնյանի պատվիրակությանը, քանի որ գիտեինք նրա աշկարա անբայրացակամությունը Ղարաբաղի հարցի վերաբերմամբ, այլ Պողոս Նուբարի պատվիրակությանը։ Բայց որովհետեւ այս երկու պատվիրակությունները շուն ու կատվի դրության մեջ էին գտնվում իրար հանդեպ, Ահարոնյանը, որ ուզում էր «ազգային գործերի» մենաշնորհն իր ձեռքում պահել ի փառս Դաշնակցության, գրեթե բարկանում է մեզ վրա եւ գրում է Հայաստանի կառավարությանը, որ մեզ արգելվի դիմումներ անել ուրիշ որեւէ մեկին, բացի իրենից։ Ղարաբաղի հայն ի՛նչ ցավերով էր տանջվում, իսկ այնտեղ՝ Սենայի ափին մեր դիպլոմատ կոչվածներն ինչո՜վ էին զբաղված։ Ինձ, սակայն, ավելորդ է այստեղ պրպտել այդ հիվանդոտ ու թշվառ երեւույթը՝ Ահարոնյան – Պողոսնուբարյան փառամոլական գոտեմարտը, որ զզվեցնում էր նույնիսկ եվրոպական «հայասեր» դիպլոմատներին։ Այս գործն արդեն կատարել է Խորհրդային Հայաստանի կառավարությունը՝ հրատարակելով 1922-ին Ահարոնյանի նամակները՝ Ալ. Մարտունու371 կարեւոր առաջաբանով, որի մեջ պայծառորեն պատկերացած է Անտանտի վերաբերմունքը դեպի հայերը հենց փարիզյան բանակցությունների մեղրալուսնին։

1919-ի ամռանը մեր «դաշնակիցները» թողնում էին, ստիպված զանազան հանգամանքներից, Բաքվի նավթահորերը, որոնց այնքան կարոտ էին, թողնում էին նաեւ ամբողջ Անդրկովկասը։ «Գնալդ լինի, գալդ չլինի», – այս էր միայն կարող ասել ղարաբաղցի սեւազգեստ գեղջուկը հեռացողների ետեւից։ Հեռանում էին նրանք այն պահին, երբ նրանց մեզ ընծայած Նախիջեւանն ապստամբել էր, փախցրել դաշնակցական մի բուռ զորքերը եւ կոտորել հայ գյուղերի մնացորդները։ Գեներալ Շատելվորտը հուզիչ մտերմությամբ էր իր նամակի մեջ հրաժեշտ տալիս իր սիրելի մուսավաթականներին։ Եվ այդ միջոցին կրակ ու բոցերով էր գոտեւորվում Հայաստանը հարավից։ Ապստամբել էր Վեդիբասարը, մտել էր խրամատների մեջ եւ հաղթականորեն ետ էր մղում հայոց զորքերին։ Այս դիրքային պատերազմը մի ամբողջ տարվա տեւողությունը պիտի ստանար եւ Հայաստանի թշվառությունը դառնար։

Միեւնույն ժամանակ քրդերը Մասիսի կողմից, օսմանցիների հետ միասին, հարձակվում էին Իգդիրի, Կողբի եւ այլ գյուղերի վրա։ Առանց կռվի գրեթե օր չէր անցնում։ Եվ Շատելվորտը Բաքվի իր թուրք բարեկամների հետ խոսելիս գովում էր նրանց քաջությունը եւ հաջողություն էր ցանկանում նրանց։ Ասում էին, թե անգլիացիներն իրենք են բռնկեցրել Նախիջեւանի եւ Վեդիի ապստամբությունները, որպեսզի Պարսկաստանի առեւտուրը, ճանապարհ չգտնելով դեպի հյուսիս, ուղղվի ամբողջովին դեպի հարավ։ Իսկ տագնապի մատնված դաշնակցական կառավարությունը հավար է կանչում Ահարոնյանին. եւ սա, մշտապես հավատարիմ իր ռոմանտիկ հոգուն, գնում էր հարյուր ու մի դուռ ծեծելու, որ… հասկանու՞մ եք… անգլիական զորքերը դեռ մնան Կովկասում հայերին պաշտպանելու համար։ «Ո՜վ սուրբ միամտություն», – կարելի կլիներ բացականչել, եթե ճիշտ որ սրբություն լիներ այդ միամտության մեջ…

Գ

Այս տագնապների մեջ էր, որ դաշնակցական կառավարությունը տոնում էր իր «անկախության» առաջին տարեդարձը։ Այս մեծ դեպքն անմահացնելու համար մի մեծ գործողություն էր կատարվում. անկախ Հայաստանի մեջ մտցվում էր նաեւ Թուրքահայաստանը, եւ այսպիսով նա դառնում էր ո՛չ միայն անկախ, այլեւ միացյալ։ Թուրքահայաստան իրապես գոյություն չուներ, բայց նրան իբրեւ գաղափար մարմնավորելու համար վերցվում էին 12 դաշնակցական թուրքահայեր եւ մտցվում էին Երեւանի Պառլամենտի մեջ։ Ինքնըստինքյան այս մի երեխայական խաղ էր՝ նստել Զանգվի ձորում, շրջապատված թուրքերի, քրդերի եւ օսմանցիների ռազմական օղակով, եւ երեւակայել իրեն տեր Հայաստանի՝ ծովից մինչեւ ծով… Բայց այս խաղն առանց գործնական նպատակի չէր խաղացվում։ Նրանով արտասահմանյան ամբողջ գաղթական հայությունը գրվում էր Դաշնակցության եւ մասնավորապես նրա ներկայացուցիչ Ահարոնյանի ծուխ։

Ո՛չ միայն Արաքսի ավազանում, այլեւ «ի սփյուռս աշխարհի», ուր որ հայություն կար, տիրող պիտի դառնար մենակ Դաշնակցությունը՝ իբրեւ անկախ եւ միացյալ Հայաստանի անձնավորում։ Ահարոնյանը գտել էր, որ իր անձը բավականաչափ բարձր չէր դրված, որպեսզի հեղինակություն եւ պատկառանք ներշնչի ներսում էլ, դրսում էլ, ուստի պահանջեց Երեւանից, որ իրեն ընտրեն Պառլամենտի նախագահ։ Այդ պահանջը կատարվեց իսկույն։ Պառլամենտը նոր էր ընտրվել եւ գրեթե ամբողջովին դաշնակցական էր, միայն չորս էսէռ էր հրաշքով մտել նրա մեջ։ Ժողովրդականները թեեւ դաշնակցականների հետ միասին ստորագրել էին անկախ եւ միացյալ Հայաստանի կառավարական հայտարարումը, բայց հետո փոշմանել եւ դուրս էին եկել կոալիցիայից՝ չմասնակցելով նաեւ ընտրություններին։ Մնում էր մի խոսք, մի հավատ, մի աստվածություն՝ Դաշնակցությունը։ Ամեն ինչ նրանով եւ նրա համար։ Այսպիսի մտայնությամբ չէր կարող լինել իսկապես ժողովրդական լայն շինարար մի կառավարություն։ Ոչինչ խնայություն՝ երբ հարցը գալիս էր ֆիդայականության, գծուծություն եւ արհամարհանք՝ կուլտուրական պահանջների վերաբերմամբ։

Ես կարող եմ հենց իմ անձնական օրինակով մի գաղափար տալ ընթերցողին։ Ամենքին հայտնի է, թե ինչ դրության մեջ էին գտնվում հայ գրողները նախահեղափոխական ժամանակներում։ Մուրացիկների, կիսաքաղց աշխատողների դրություն էր այդ։ Հայ գրականության պահպանումը բարեգործություն էր համարվում, եւ եթե հայ բուրժուազիայի մեջ գտնվում էին անհատներ, որոնք այդպիսի բարեգործությամբ էին հագուրդ տալիս իրենց փառասիրությանը, այդ համարվում էր առանձին բախտ հայ իրականության համար։ Առանց մեկենասի ոչ մի տեսակ հրատարակություն, թեկուզ եւ շատ էժանագին, չէր կարող գոյություն ունենալ։ Մենք՝ գրողներս, դժբախտության բուն պատճառը համարում էինք այն, որ, չունենալով պետություն, հայ իրականությունը զրկված է պետական միջոցներով իր կուլտուրական ստացվածքների՝ գրականության, արվեստների եւ գիտության զարգացումն ապահովելու կարողությունից։ Հրատարակչական բարեգործությունը՝ մեկենասությունը, որքան եւ մեծարվեր անճար աղքատության կողմից, մնում էր մի չարիք, անխուսափելի չարիք։

Բայց ահա, մենք էլ, վերջապես, ունենք պետություն, այն էլ՝ անկախ պետություն։ Հայ գրողներս առաջին իսկ քայլից համարում էինք մեզ բոլորովին նոր դրության մեջ, համարում էինք, որ մեր ստեղծագործական աշխատանքն ապահովված կլինի պետական հոգացողությամբ։ Այնուհետեւ, ինչպես ասում են, էլ ի՞նչ դարդ։ Մենք սպասում էինք, որ դաշնակցական կառավարությունը իր առաջին գործերից մեկը կդարձնի հայ գրականության եւ արվեստի պահպանությանը։ Չէ՞ որ դրանով պիտի նա ցույց տար, թե կուլտուրական մի ժողովրդի կառավարություն է։ Բայց մեր սպասելիքները զուր անցան մինչեւ իսկ այն ժամանակ, երբ լուսավորության մինիստր դարձավ հայ գրականության տաղանդավոր ներկայացուցիչներից մեկը՝ Նիկոլ Աղբալյանը, որ հայ գրողների ընկերության վարչության անդամ էլ էր, ուրեմն՝ եւ շատ լավ տեղյակ մեր՝ գրողներիս նյութական կացության։ 1919-ի աշնանն իմ դրությունն այնքան վատացել էր, որ ես վճռեցի ծախել իմ հարուստ ու ընտիր գրադարանը՝ ապրուստի միջոց գտնելու համար։

Ծայրահեղ հուսահատությունն էր ստիպում ինձ այս քայլն անել՝ առանց մտածելու, թե ինչ պիտի անեմ այնուհետեւ առանց իմ գրքերի, որոնք իմ կյանքի ընկերներն ու իմ միակ մխիթարությունն էին եղել 25 տարուց ի վեր։ Ծախում էի իմ հոգու կերակուրը, բայց առնող չէի գտնում։ Կովկասյան Հայոց բարեգործական ընկերության խորհուրդն էր, որ մի ժամանակ ցանկություն ունեցավ գնելու իր գրադարանի համար՝ խրախուսվելով այն հանգամանքից, որ իր պահեստում պատերազմի ժամանակից ամբարվել էին մեծ քանակությամբ ալյուրի քսակներ, որոնց մի հատն առաջ արժեր 15-20 կոպեկ, իսկ այժմ ծախվում էր 8 ռուբլով։ Փողն առատ էր ու վաշխառուական, բայց երբ հարկավոր եղավ մի հայ գրողի վերջին կարողությունն ու հույսը ձեռք բերել, գծուծությունը ծավալ առավ լայն չափերով, եւ ինձ սկսեցին խեղդել. իմ առաջարկած գնի կեսն էլ չէին տալիս։ Բայց ես չխեղդվեցի։ Տոկունություն ունեցա դիմադրելու իմ վաշխառու-բարեգործ գնորդների ախորժակին։

1920 թվականի սկզբին նյութական դրությունս հուսահատեցնելու չափ վատացավ։ Ձյուն-ձմռանը փոքրիկ աղջիկս դպրոց էր գնում գրեթե ոտաբոբիկ։ Ես ընդհատեցի «Հայոց պատմությունը», մի կողմ շպրտեցի պատմական աղբյուրները, որոնց ուսումնասիրությանն էի նվիրված՝ մոռացության տալով ամբողջ աշխարհը, եւ դուրս գնացի [աշխատանքի] մի որեւէ տեղ գտնելու համար։ Բայց տեսա, որ առանց որեւէ կուսակցության անդամ լինելու՝ չի կարելի, ինչպես ասում են, երթ ցույց տալ որեւէ տեղ։ Այդ միջոցին Հայ ժողովրդական կուսակցությունը372 ձեռք էր բերել հինավուրց «Մշակ» լրագիրը։ Ես դարձա Ժողովրդական կուսակցության անդամ եւ դրա հետ միասին ստացա «Մշակ» լրագրի խմբագրի պաշտոնը։

Կուսակցական կյանքի բոլորովին սովոր չէի 15-20 տարիներից ի վեր։ Բայց պետք է արդար լինել. եթե ես սովոր չէի, Ժողովրդական կուսակցությունն էլ, որի մեջ մտել էի, կուսակցություն չէր, այլ պատահական, իրար հետ ոչնչով չկապված մարդկանց մի խմբակ։ Առաջին ընդհանուր ժողովը, որին ես մասնակցում էի, բաղկացած էր 40-42 հոգուց։ Եվ այս թիվը գնալով նվազեց։ Թեեւ բուրժուական կազմակերպություն էր, բայց աղքա՜տ էր, հռչակավոր աղքատ Ղազարոսից էլ աղքատ։ Մի կերպ, գրողներով խմբագրություն կազմակերպեցինք. «Մշակի» հին աշխատակիցներին հավաքեցինք եւ սկսեցինք կուսակցական հրապարակախոսություն։ Դարձյալ պիտի ներողություն խնդրեմ, որ անտեղի գործածեցի «կուսակցական» անունը։ Ժողովրդական կուսակցությունը ո՛չ դպրոց ուներ, ո՛չ անցյալ, ո՛չ կազմակերպված աշխարհայացք, ո՛չ մասսա, ո՛չ գաղափարախոսություն։

Ուներ միայն մի կանոնադրություն, որ ինտելիգենտ մարդիկ կազմել էին քաղվածորեն, ինչպես ասում են՝ շտեմարան պիտանի եւ անպիտան գիտելեաց։ Շատ բան, իհարկե, ռուսաց Կադետական կուսակցությունից էր փոխառնված, բայց կար ե՛ւ հողերի համայնացում, ե՛ւ 8 ժամյա բանվորական օր։ Միթամ թե՝ մե՛նք ինչո՞վ ենք պակաս սոցիալիստներից։ Առաջնորդում էին այդ կանոնադրությամբ կյանք ստացած կազմակերպությունը մի քանի ինտելիգենտ մարդիկ։ Հասարակության վրա նա կարող էր ազդել միայն հրապարակախոսության միջոցով։ Բացի «Մշակից» ուներ նաեւ մի թերթ Երեւանում՝ «Ժողովուրդ»։ Երկուսն էլ անապահով, ուղղակի մուրացկանությամբ ապրող թերթեր։ Ուստի նրանք քիչ տարածված էին եւ ազդել հասարակության վրա չէին կարող։

Փետրվարի կեսերն էր, երբ սկսեցինք խմբագրական աշխատանքը. եւ գրեթե մեկ ամիս անց ինձ վիճակվում էր իմ հայրենի քաղաքի՝ Շուշիի հայության կոտորածի գույժը հաղորդելու դժբախտությունը։ Անգլիացիների գնալուց հետո իր ճակատագրին թողնված Ղարաբաղի դրությունը շարունակ դեպի վատն էր գնում։ Շուշին, ինչպես տեսանք, հնազանդվեց Սուլթանովին։ Նրա օրինակին հետեւեց, վերջ ի վերջո, նաեւ գավառը։ Ժողովուրդը հոգնել էր մենակ պայքարելուց եւ, եթե շարունակեր իր դիմադրությունը, պիտի զենք վերցներ՝ պատերազմելու համար Սուլթանովի դեմ մի այնպիսի ժամանակ, երբ իր արտերը հասել էին եւ կարող էին միանգամայն փչանալ կռիվներից։

Ուստի գավառն էլ իր հնազանդությունն էր հայտնում, բայց որոշ պայմաններով, որոնք մուծվում էին մի դաշնագրի մեջ եւ ստորագրվում երկու կողմերից։ Այս պայմանագրությունը, սակայն, խաբեության մի միջոց էր մուսավաթականների ձեռքում, եւ սկսեցին խախտել հենց առաջին քայլից։ Հարաբերությունները երկու ազգերի միջեւ լարվում էին։ Այդ լարումը սաստկացավ մանավանդ այն ժամանակ, երբ Ադրբեջանը Ղարաբաղի վրայով մեծ արշավանք սկսեց Զանգեզուրը նվաճելու համար, բայց չարաչար պարտություն կրեց զանգեզուրցիներից եւ ամոթահար հետ փախավ դարձյալ Ղարաբաղի հայության միջով։ Վրեժով լցված Սուլթանովը վճռել էր չոքեցնել իր առջեւ Ղարաբաղի հայությանը։

 

Ձմռանը մեր հայրենակցական միությունը շատ հուզիչ լուրեր էր ստանում Ղարաբաղից։ Լարվածությունը ծայրահեղ աստիճանի էր հասել, եւ ամեն մի չնչին պատճառից կարող էր պատերազմ ծագել։ Կրակի վրա յուղ էր ածում Խատիսյանի դաշնակցական կառավարությունը։ Խրախուսվելով զանգեզուրցիների տարած հաղթությամբ՝ Դաշնակցությունը որոշել էր խլել Ադրբեջանի ձեռքից նաեւ Ղարաբաղը զուտ ֆիդայական եղանակով, այսինքն՝ տեղական ապստամբության միջոցով, առանց պատերազմ հայտարարելու։ Դաշնակցական գործակալները վխտում էին Ղարաբաղում, պատրաստում էին դիրքեր, խրամատներ։ Այս բանը գիտեր Սուլթանովը եւ, որովհետեւ իր ձեռքին պատանդ ուներ Շուշիի հայությանը, ուստի նրան սարսափեցնելով, պահանջում էր, որ Ղարաբաղի հայերը կտրեն ամեն մի հարաբերություն զանգեզուրցիների հետ։ Բայց Շուշիի մեջ էլ կային դաշնակցականներ, որոնք գրգռում էին ժողովրդին հակառակ ուղղությամբ՝ հավատացնելով, թե Դրոն Գորիսում պատրաստ է եւ իր զորքով պիտի գա Շուշին ազատելու։

Այս չարաղետ ագիտացիայի մասին մեր հայրենակցական միության հավաքած մեծ խորհրդակցության մեջ մանրամասն զեկուցում արին Ղարաբաղի էսէռական կազմակերպության ներկայացուցիչները, որոնք հատուկ այդ նպատակով եկել էին Թիֆլիս՝ բերելով իրենց հետ եւ մի հիշատակագիր, որի մեջ ապացուցում էին, թե Ղարաբաղը պիտի կցվի Ադրբեջանին։ Սակայն դեպքերն իրար հաջորդում էին մեծ արագությամբ։ Խատիսյանի կառավարությունը շտապում էր, զենքեր ու ռազմամթերք էր ուղարկում Զանգեզուր եւ զորամասեր էր կենտրոնացնում Նոր Բայազետի գավառի եւ Ղարաբաղի սահմանագլխին։ Սուլթանովն էլ, իհարկե, իր պատրաստություններն էր տեսնում։ Շուշիի հայությունը զգում էր, որ իրեն պիտի կոտորեն, եւ ամեն կերպ աշխատում էր շահել քուրդ բժշկի սիրտը։ Բայց հենց այդ միջոցին ֆիդայականությունը դուրս էր սողում իր բնից՝ մի անգամ էլ հայ ժողովրդի գլխին երկնքի պատուհաս դառնալու իր հիմար ու զզվելի տղայամտությամբ։

Կազմվում է դաշնակցական ֆիդայիների մի խումբ, կարծեմ 100 հոգուց, եւ գնում է միանգամից վերցնելու Շուշին էլ, Ասկերանն էլ։ Ասկերանի վրա գնացողների գլուխը լինում է հայտնի Դալի-Ղազարը, որ այնտեղ էլ սպանվում է կռվի մեջ։ Իսկ Շուշիի դահիճ հանդիսանում է դաշնակցական սեւանուն Արսեն Միքայելյանը։ Ոճրագործի հանդգնությամբ լցված այս մարդը 60 հոգով մտնում է Շուշի՝ նովրուզի (պարսկական նոր տարվա) օրը՝ մարտի 30-ին, երբ թուրքերն իրենց տոնով էին զբաղված։ Գիշերը մի ինչ-որ տան արբեցությամբ անցկացնելով՝ առավոտյան գնում են զորանոցը վերցնելու եւ կրակ են բաց անում նրա դեմ։ Թուրք զինվորները դուրս են վազում, կռիվ է սկսվում եւ մեր քաջերը կծիկս են դնում, իրենց անպետք գլուխներն ազատում՝ թողնելով ժողովրդին մուսավաթական ասկյարների, թուրք խուժանի եւ նրանց առաջնորդող երկու բժիշկների՝ Սուլթանովի եւ Մեհմանդարովի ձեռքին։

Այդ երկու բժիշկները, տանջվող մարդկության ծառայելու ակադեմիական ուխտ արած, հրամայում են խուժանին. «Կոտորեցե՛ք, այրեցե՛ք, կողոպտեցե՛ք, ձե՛րն են հայերի կանայք ու աղջիկները»։ Եվ դժբախտ քաղաքը լցվում է սարսափներով։ Առնվազն 7 հազար անմեղ մարդ է մորթվում։ Ոչ մի հատիկ տուն չի ազատվում բոցերից։ Հայ կանանց եւ աղջիկների լլկումն ու տանջանքներն անցնում են ամեն չափ ու սահման։ Մոտ 5 հազար հոգի կարողանում են փախչելով ազատվել։ Մոտ 2-3 հազար հոգի գերի են մնում Սուլթանով եւ Մեհմանդարով բժիշկների ձեռքը։ Գանձակի կողմից ադրբեջանական մեծ արշավանք է սկսվում, որ ճանապարհին ոչնչացնում է տասնյակներով հայ գյուղեր, եւ գալիս վերցնում է Դալի-Ղազարի ու նրա ընկերների գրաված Ասկերանը, իսկ Շուշի մտնելով՝ նոր կոտորած է սկսում գերիների մեջ։ Այդ գերիների թվում գտնվածներից մեկը՝ մի աղջիկ, ինձ պատմում էր իրենց քաշած օրերը, տանջանքները, թե ինչպես սպանեցին իր հորը, ինչպես մորթեցին ռեալական դպրոցի մի աշակերտի, եւ երբ ես սարսափած հարցրի, թե վերջն ինչպե՞ս եղավ, աղջիկը պատասխանեց. «Ռուսները եկան եւ մեզ ազատեցին»։ Ռուսները՝ այսինքն կարմիրբանակայինները։ Անգլիացինեը կոտորել տվին, ռուսները ազատեցին։ Ա՛յս էր արձանագրվում իրականության կրծքի վրա։

Իմ դժբախտ, սրտիս սիրելի ծննդավայրը խորովվեց բոցերի մեջ, բայց իր վրա քաշեց Ադրբեջանի համարյա ամբողջ բանակը՝ ստեղծելով այսպիսով մի բարեպատեհ հանգամանք, որ հեշտացնում էր անիծապարտ մուսավաթականության անկումը եւ Ադրբեջանի խորհրդայնացումը։ Այս մի կատարյալ ազատություն էր Բաքվի հայության համար, որ խեղդվում էր մուսավաթական ճանկերում եւ շատ անգամ էր լսել, թե մայիսի 1-ին ինքը պիտի սրի քաշվի։ Ես շատ լավ հիշում եմ այն անզուսպ ցնծությունը, որ արագորեն ծավալվեց Թիֆլիսի հայերի մեջ, երբ հաստատվեց, որ Կարմիր բանակը գրավել է Բաքուն, եւ մուսավաթական կառավարությունը գոյություն չունի այլեւս։ Ծիծաղ եւ ուրախություն էր նստել ամեն մեկի դեմքին։ Իրար ձեռք էին սեղմում, իրար շնորհավորում էին…

366Սա բավականին ուշագրավ դիտարկում է. աշխարհառազմավարական եւ աշխարհաքաղաքական իրողություններից եւ նպատակներից ելնելով, անշուշտ, անգլիական այս ջանքն առաջին հերթին միտված էր Թուրքիան եւ Ադրբեջանը աշխարհագրորեն միմյանցից կտրելուն, երկրորդ հերթին՝ տարածաշրջանը կառավարելիության ծիրում պահելու համար հարավկովկասյան երեք պետությունների միջեւ կենսատարածքային համակշռելիություն ստեղծելուն, երրորդ՝ այն բանին, ինչ նկատում է Լեոն՝ «Բաժանիր, որ տիրես»։ Այս ամենով հանդերձ, հակված ենք կարծելու, որ անգլիական քարտեզագրումը բավականին օգտակար կլիներ Հայաստանի պետության համար, թեեւ ավանդական պատկերացումներով՝ «կորսվում» էր Զանգեզուրի եւ Արցախի հայությունը։ Այսինքն հարցը հետեւյալն է՝ ի՛նչն ենք ընդունում որպես ելակետ՝ պետության դինամիկությու՞նն ենք համարում շահավետ, թե՞ միատարրությունը։ Եվ՝ որ Անգլիայի համար սա շատ ավելի լուրջ խնդիր էր, կարելի է համոզվել՝ ուսումնասիրելով նշանավոր Լոուրենս Արաբիացու 1919թ. մի հարցազրույցը (տե՛ս Թ.Է.Լոուրենս Արաբիացի, նշվածը)։
367Այս ձեւակերպումից մեկ անգամ եւս ցցուն երեւում է, որ Լեոն դեմ չէր անկախությանը, հակառակը՝ նրա կորուստը կործանում էր համարում, սակայն Լեոյի համար առավել կենսական էր ազգի գոյապահպանությունը, ինչը վտանգված էր լրջորեն։
368Եթե տպագրական հերթական սխալ չէ, ապա անհաջող նորակազմություն է, որ նախադասության իմաստից կարելի է բացատրել իբրեւ «մեծամիտ», «իրենից վեր ոչինչ չճանաչող»։
369Գյուղեր Շուշիի մերձակայքում։
370Ռուսերեն՝ «Կովկասյան խոսք»։
371Ալեքսանդր Մյասնիկյանի գրական կեղծանունն է։
372Այս կուսակցությունը Հայ կադետների արտադրանք էր. այն պահին, երբ իրենց կուսակիցները Ռուսաստանում անցան իշխանության, փոխանակ քաղելու դրա պտուղները, 1917-ի մարտին Թիֆլիսում հիմնեցին տեղական կրկնօրինակը։ Երբեմն համագործակցել, երբեմն՝ հակադրվել է իշխող ՀՅԴ-ին։ 1921-ի հոկտեմբերից անհետացել է՝ սահմանադիր ռամկավարների եւ վերակազմյալ հնչակյանների հետ Ռամկավար-ազատական կուսակցությունը հիմնելով։