Za darmo

Անցյալից

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Երկու շաբաթ հազիվ անցած այդ նահանջից` ռուսական զորքերը նորից սկսեցին առաջ շարժվել դեպի Վան եւ Մանազկերտ` համարյա ոչ մի դիմադրության չհանդիպելով։ Էլ ինչի՞ համար էր այս հետ ու առաջ քայլելը։ Նահանջի ժամանակ լուրեր էին տարածել, թե թուրքական թարմ դիվիզիաներ են գալիս դեպի Վանա լճի հյուսիսային ափը` ռուսական բանակի նահանջի ճանապարհը կտրելու համար։ Բայց այդ առասպելական դիվիզիաները չերեւացին եւ ոչ մի տեղ։ Եվ համատարած կարծիք էր ստեղծվում հայերի մեջ, թե այս ամբողջ նահանջը դիտավորյալ էր, առանց ստիպողական պատճառի, հայերին այդ օրը գցելու համար։

«Մեր իմացականության մեջ, – ասում էր հիշատակած զեկուցումը, – չի տեղավորվում այդքան վայրենի մի միտք։ Բայց նրա տեղ մեզանում ավելի եւ ավելի ամուր բնավորվում է մի ուրիշ միտք. այն, որ մեր մասին չեն մտածում բոլորովին, որ մեր վիճակը բանի տեղ չեն դնում, որ պաղարյունությունն ու անտարբերությունը մեզ զոհ են բերում ամեն տեսակ` իրական թե կարծեցյալ, մեծ թե փոքր ռազմագիտական նկատառման, որ Ռուսաստանի համար մենք դատարկ տեղ ենք։

Հասել է ժամանակը, երբ մենք պիտի խոսենք բարձր եւ բաց։ Մեր շուրջը կազմում եւ խտանում է կասկածի եւ հուզմունքի մթնոլորտը։ Մենք այլեւս չենք կարող մնալ մթության մեջ, ապրել ենթադրություններով եւ կռահումներով, անցնել հույսերից երկյուղների եւ էլի ետ ու ետ։ Մեզ հարկավոր է ունենալ ճշմարտություն։ Մենք` մասսաների ղեկավարներս, որ ժողովուրդը ոտքի կանգնեցնելու, նրան կազմակերպելու եւ որոշ ուղղությամբ տանելու նախաձեռնությունն ենք վերցրել, մենք այս րոպեին կանգնած ենք ահեղ հարցի առջեւ՝ ճի՞շտ ենք մենք վարվել, չե՞նք կատարել արդյոք մի մեծ ոճիր` գրավելով մեզ իր վստահությունը տված ժողովուրդը դեպի մի ճանապարհ, որով գուցե հարկավոր չէր գնալ»։

Այս հարցերի պատասխանը շատ պարզ էր եւ այն րոպեին, երբ նրանք գրվում էին։ Ուշ էր արդեն խելքի գալը։ Մեծ ոճիրը կատարված էր։ Թուրքահայությունը չկար այլեւս, չկար նաեւ Հայոց հարց։ Ռուսներն այժմ էլ քրդերին էին առաջ քաշում։

Զ

Երբեք չպիտի մոռանամ այն մղձավանջային, տոթակեզ ամառը։ Հայությունը խեղդվում էր արյան ծովի մեջ եւ միայն մի հատ հիմնարկություն ուներ, որին կարող էր դիմել` Ազգային բյուրոն` Թիֆլիսի Լերմոնտովյան փողոցում, անճար մի թշվառական։ Առաջին անգամ Կ.Պոլսից էր, որ այնտեղ ինչ-որ հրաշքով ազատ մնացած դաշնակցականները Սոֆիայի վրայով հեռագրական լուրեր ուղարկեցին թուրքահայերի ընդհանուր կոտորածների եւ տեղահանությունների մասին։ Ի՞նչ անել։ Սարսափելին այն վայրկյանն էր, երբ ծնվում էր այս հարցը։ Նոր էր զգացվում, թե ի՛նչ խելացնորություն էր, ի՛նչ հանդուգն եւ զզվելի արկածախնդրություն այսպիսի մի կենտրոն հիմնելը` առանց մտածելու այն ահավոր պատասխանատվության մասին, որ մի օր պիտի կանգներ նրա առջեւ։

Ի՞նչ անել… Հին մի ճանապարհ կար` անհույս, բայց հեշտ` դեպի Էջմիածին։ Բյուրոն վերցրեց եւ Սոֆիայի ու այլ տեղերի հեռագրերն ուղարկեց Ամենայն հայոց կաթողիկոսին` ավելացնելով իր կողմից ճար ու հնար կանչող ճիչեր. ու իր անելիքը «լմնցած» համարելով` շարունակեց իր նիստերը` իր մանր-մունր հոգսերը կարգավորելու համար։ Չէ՞ որ դեռ մնում էին կամավորական խմբերը, խմբապետները, դաշնակցական զինվորական շտաբը, որոնք գործում էին եւ նրանց համար փող էր հարկավոր։

Կաթողիկոսը հեռագրեր ուղարկեց Անտանտի կառավարություններին, չեզոք պետություններին (օր. Իտալիային, որ այն ժամանակ դեռ պատերազմի մեջ չէր մտել)։ Նա էլ այս կերպ «լմնցրեց» իր անելիքը։ Պակաս միամիտ չէր բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որ իբրեւ հայ գրողների ընկերության նախագահ` երկարապատում հեռագրեր ուղարկեց Եվրոպայի եւ Ամերիկայի բոլոր ակադեմիաներին, համալսարաններին, գրական եւ գիտական հաստատություններին` խնդրելով նրանց ազդու բողոքը եւ միջամտությունը, որպեսզի դադարեցվի հայ ժողովրդի բնաջնջումը։ Ոչինչ, սակայն, չօգնեց, եւ երիտթուրքերի կառավարությունը, հենված վիլհելմյան Գերմանիայի վրա, անարգել տարավ իր արյունոտ գործը մինչեւ վախճան։ Հայերին մնում էր միայն մի մխիթարություն` թղթի մի կտոր։

Անտանտի երեք կառավարությունները (Ռուսաստան, Անգլիա եւ Ֆրանսիա) մի հավաքական հայտագիր հրապարակեցին, թե պատերազմից հետո թուրք կառավարության անդամները անձնապես պատասխանատու կլինեն հայկական կոտորածների համար։ Այն ժամանակվա ֆրանսիական արտաքին գործերի մինիստրը Արիստիդ Բրիանն էր։ Այս Արիստիդ Բրիանը, երբեմնի սոցիալիստ, բայց հետո իր հոգին բուրժուազիային ծախած, նամակ գրեց Գեւորգ կաթողիկոսին եւ, կրկնելով միեւնույնը, այսինքն թե` կոտորածների հեղինակ կառավարությունը պատժված կլինի, ավելացրեց եւ հավաստիացում, թե հայերն, այնուամենայնիվ, կստանան իրենց ըղձացած ազատությունը։ Նկատեցե՛ք այս անունը` Արիստիդ Բրիան։ Շատ չի քաշի, եւ մենք նրան կտեսնենք մեծաշուք սրիկայի կերպարանքի մեջ, առաջինը` իբրեւ հայ ժողովրդի վերջին մնացորդները վաճառող եւ աշխարհի երեսին ցաք ու ցրիվ անող։

Որքան ամառը սաստկանում էր, այնքան Ազգային բյուրոն դատարկվում էր։ Աղա-անդամները շտապեցին իրենց պարարտության համար հովասուն վայրեր վարձել ու հեռանալ քաղաքից։ Մի ժամանակ կար, որ բյուրոյի մեջ մնացել էինք երեք հոգի. եւ Հովսեփ Խունունցն աննկուն եւ ճշտապահ զինվոր էր պահակատեղում, որ բացում էր «նիստերը», զեկուցումներ անում։ Իսկ այդ միջոցին Վանի եւ Մանազկերտի նահանջներին զոհված ժողովուրդն էր ծով սարսափներով լցնում Հայաստանի սիրտը։ Թիֆլիսը հեռու էր այդտեղից, բայց մենք այնուամենայնիվ զգում էինք մեծ դիակի վերջին շունչը, եւ հսկայական մահը մեզ էլ առնում էր իր ցուրտ գրկի մեջ։ Մեռնող մի ժողովուրդ` տարածված Արարատյան բոցակեզ հողերի ամբողջ տարածության վրա, իսկ այստեղ 3-4 հոգի հավաքվում է լռիկ ու մռայլ սենյակում, բազմաթիվ դատարկ աթոռների մեջ զեկուցումներ լսում։ Անե՞ծք չէր այս… Ցերեկները փողոցներում եւ շուկաներում ինտելիգենտ կանայք տնից տուն, խանութից խանութ էին վազում, հաց էին հավաքում, որ ուղարկեն մեռնող այն բազմությանը։ Օրական Էջմիածնում, Երեւանում 700-1000 հոգի էր մեռնում։ Հովհաննես Թումանյանն այդ դժոխքի մեջ էր, գործում էր, բարեբախտաբար չէր գժվում։ Իսկ իր Կիսլովոդսկներում, Կոջորներում, Աբասթումաններում հանգստացող հայ բուրժուազիան սովորականի պես էր` խուլ, անզգա, եւ եթե բաց էլ էր անում իր քսակը, այն էլ` հարյուր ու մի երդում-հավատներով, թե չունի, չկա…

Մռայլ, մենավոր, մոռացված էր Օսմանյան կայսրության դեմ պատերազմող բյուրոյի սենյակը։ Երեկո է։ Պատի ճակատին կպցրած էլեկտրական լամպը դժգույն լուսավորություն է տարածում, եւ սենյակը կիսով չափ ընկղմված է կիսաստվերների մեջ։ Շոգ է, թիֆլիսյան շոգ, բայց մեր մարմիններով սարսուռ է վազվզում դես ու դեն։ Մեր, այսինքն, երեքիս մարմիններով։ Մեր առջեւ նստած է մի օտարական, որ եկել է Սասունից, ասել է թե` կտրել-անցել է սարսափների դժոխք երկիրը` շտապելով օր առաջ հասնել, զեկուցում բերել բյուրոյին։ Եվ զեկուցում է խեղդված գերեզմանային ձայնով, իբրեւ սառը, քարացած կենդանի վկա։ Պատմում է նա Մուշի դաշտի կոտորածի մանրամասնությունները։ Պատկերներ են նկարվում։ Գերմարդկային են այդ սոսկումները։ Եթե մարդկային լինեին, մարդու ջղերը կտանեին դրանք։ Բայց չեն տանում, հետեւապես, մարդկային բնությունը վրդովվում է դրանց դեմ, չի ընդունում, որ դրանք կարող են մարդկային հնարավորությունների մեջ լինել։ Ահա մութն իջնում է Մեղրագետի ձորի վրա։ Քարերի տակ, ամբողջ օրը ջրի մեջ մինչեւ կոկորդը թաղված մարդիկ ահագին զգուշություններով, աշխատելով շշուկ ու շրշյուն չհանել, դուրս են սողում։ Ստամոքսն է պահանջում, եւ նրանք գնում են առ եղերյաց314 ամայացած գյուղերը` շան նման մի կտոր ուտելիք գտնելու եւ ապրելու… Ահ, այդ կերպ ապրելու համար…

Պատմողն ինքն էլ սասունցի է, վարժապետ եւ դաշնակցական։ Անվերջ է նրա խոսքը, միշտ արյուն, միշտ թշվառություն, միշտ արտասուք։ Եվ նրա խուլ ձայնը երբեմն հառաչանքի թնդյուն է հանում դատարկ սենյակում։ Կորել է 100 հազար հոգուց բաղկացած մի ամբողջ ժողովուրդ։ Եվ արժա՞ն չէր միթե, որ այդ անհայտացման աղեկտուր պատմությունը լսեին երեքից ավելի մարդիկ։ Բայց ո՜ւր են։ Ո՞ր զով բարձունքների, վայելքի ո՞ր խոր գոգերից հանեինք, բերեինք նրանց, նստեցնեինք իրենց աթոռների վրա, որպեսզի այդ դատարկ աթոռները չլինեին սասունցի վարժապետին շրջապատողները։ Հանկարծ նա ընդհատում է իր սեւ ու մութ պատմությունը։ Հայտարարություն ունի անելու։

– Մենք այնտեղ շատ դժգոհ ենք այստեղի մեր ընկերներից։ Սկզբից մենք դեմ էինք կամավորական շարժմանը եւ պահանջում էինք, որ այդպիսի շաժում չլինի, եւ մեզ` թուրքահայերիս, հանգիստ թողնեն…

Բայց խե՜ղճ մարդ… Այդ լալահառաչ գանգատն էլ միայն բյուրոյի պատերը լսեցին։ Եվ ոչ ոք չկար այն «ընկերներից», որ լսեր եւ արդարացներ իր ոճրապարտ գլուխը…

Ի՜նչ թշվառություն էր այս։ Կորչել այսքա՜ն հեշտ, խաղի նման, ոչ մարդկորեն…

Վանի նահանջի սարսափների թարմ ազդեցության տակ Ազգային բյուրոն ուժեղացած կազմով նիստ հրավիրեց։ Եկան մոտիկ ամառանոցներից, եկան ներկայացուցիչներ Բաքվից եւ այլ տեղերից։ Նիստը կայացավ առաջնորդարանում։ Մեսրոպ եպիսկոպոսը այլայլված, գզգզված դուրս եկավ ժողովին նախագահելու։ Առաջին խոսքերը, որ դուրս եկան նրա բերանից, այս էին. «Երեխաներ էինք, մեզ խաբեցին»… Այս հակիրճ ձեւակերպումով իր կատարյալ պարտությունն էր խոստովանում հայ անպետք հոգեւորական դիվանագիտությունը315, սկսած Ներսես Մեծից եւ Սահակ Պարթեւից։

Սրանով ամեն ինչ ասված էր։ Բայց ինչի՞ցն էր, որ ես բավական չհամարեցի այդ խոստովանությունը եւ պատասխանեցի. «Բայց որքա՜ն լավ կլիներ, եթե ամեն մեկս մեր մասնավոր գործերի մեջ լինեինք խաբվածներ եւ ոչ թե ամբողջ ժողովրդին վերաբերող գործերի մեջ»։ Այս հողի վրա ընդհարում տեղի ունեցավ մեր միջեւ, եւ ես հեռացա ժողովից։ Հետո, երբ անցան օրեր, ես կշռադատեցի եղածը եւ գտա, որ իմ մեջ խոսել են չափազանց գրգռված ջղերս, այն տրամադրությունը, որ ինձ հարկադրում էր օպոզիցիայի դիրք բռնել բյուրոյի մեջ։ Մեր գլխին եկած դժբախտությունը չափազանց ծանր էր եւ շշմեցուցիչ, որպեսզի կարելի լիներ հավասարակշռություն պահպանել եւ չհիշել բոլոր անթույլատրելի սխալները։ Թե չէ` ես բոլորովին չէի ուզում հետին թվով խելոքացածի հովեր ցույց տալ։ Մանավանդ որ, դրանից ի՞նչ օգուտ եւ դրանով ի՞նչ կարելի էր ջնջել եղածից…

 

Ի՞նչ պիտի որոշեր բյուրոյի թեկուզ հինգ անգամ ուժեղացված կազմը։ Որոշվեց դիմել, նորից դիմել, նորից այդ կոմսին` մեզ խաբողին, որ ամառվա վերջն անց էր կացնում Բորժոմի պալատում։ Այս անգամ նրա ունկնդրության միջոցին այլեւս խոսք չկար Հայոց հարցի մասին։ Օրվա մեծ պահանջը թուրքահայ փախստականներին պատսպարելն ու պահպանելն էր. մի պահանջ, որ մասնավոր բարեգործությամբ լցուցանել չէր կարելի եւ որ պետական խոշոր օժանդակություններով կարող էր վերացվել։ Կոմս Վորոնցով-Դաշկովն այստեղ իսկը որ ոգեւորության հասավ։ Նրա միջնորդությամբ պետական գանձարանը մի քանի տասնյակ միլիոնների հատկացում արավ հօգուտ հայ փախստականների։ Այս, իհարկե, մի մեծ բան չէր, նկատի առնելով այն անհուն զոհերը, որ տվել էին թուրքահայերը ռուսների խաբեբայության ներշնչումներով։ Միջոցների առատությունը հնարավորություն տվեց մի շարք հիմնարկություններ ստեղծել փախստականների խնամատարության համար եւ այդպիսով հազարավոր թշվառների ազատել մահվան ճիրաններից։ Այդ հիմնարկությունների մեջ առանձնապես մեծացավ եւ լայնատարած գործունեություն ծավալեց կենտրոնական խնամատար կոմիտեն` Սամսոն Հարությունյանի գլխավորությամբ։

Բնության մեջ հանդիպում են սքանչելի զուգադիպություններ, որոնք մարդկության համար ստանում են մի ինչ-որ վերին անճառելի արդարադատության նշանակություն։ Մինչ ցարական բանակը Թուրքահայաստանում մեծարում էր հայերին կոտորող քրդերին եւ անտարբերությամբ էր նայում հայ ժողովրդի անասելի տանջանքներին, նույն այդ 1915-ի ամռանը նույն ցարականությունը խոշոր պարտություններ կրեց գերմանացիներից եւ կորցրեց ամբողջ Լեհաստանը եւ նրանից հյուսիս գտնվող երկրները։ Պարտված երկրում բարձրացավ անբավականություն, եւ Նիկոլայ Բ-ն իր գլխին կախված տեսավ հեղափոխությունը։ Ուստի վերջին հուսահատական քայլն արեց. իր ձեռքն առավ բոլոր զորքերի բարձրագույն հրամանատարությունը, իսկ Նիկոլայ Նիկոլաեւիչին, հանելով այդ պաշտոնից, ուղարկեց Կովկաս, փոխարքայի պաշտոնով։ Կոմս Վորոնցով-Դաշկովը գնաց մեռնելու իր անթիվ կալվածքներից մեկում։

Նոր թագավորություն էր, նոր կարգեր։ Թիֆլիսի պալատի դռները նորից ամուր փակվեցին հայ ֆավորիտների առջեւ։ Սկսվեց նորից բացարձակ, աղվեսայնությունից հնար եղածին չափ մաքրված քաղաքականություն։ Այդ Գոլիցինի կատաղի հայատյացությունը չէր, բայց հայասիրություն էլ չէր… Կամավորական խմբերի գոյությունն ավելորդ նկատվեց, եւ նրանց լիկվիդացիայի հարցը դրվեց հենց սկզբից։ Բյուրոն մնաց այդ լիկվիդացիան հետզհետե իրագործելու համար։ Հայոց հարց չէր մնում Նիկոլայ Նիկոլաեւիչի համար։ Այնպես որ, երբ 1916-ի սկզբին ռուսները վերցրին Էրզրումը, առաջին կարգադրությունը, որ եղավ այդ առիթով, այն էր, որ հայերն իրավունք չունեն Էրզրում մտնելու։ Միաժամանակ եռանդուն գործունեություն սկսվեց Թուրքահայաստանը ռուսներով գաղութավորելու համար։

Մեզ արդեն հայտնի է գեներալ Յուդենիչի ծրագիրը։ Դրա հետ միասին քննվում էր եւ կազակների փոխարեն ռուսական ներքին նահանգներից հանված ազգաբնակչությամբ գաղութավորելու ծրագիրը։ Մինչ այս, մինչ այն՝ նոր փոխարքան հրամայեց հայտնել այն փախստականներին, որոնք վերադարձել էին Ալաշկերտի, Դիադինի եւ Բայազետի հովիտները եւ մշակում էին հողերը, թե նրանք կարող են այժմ միայն վարձով վերցնել այդ հողերը, իսկ ռուսական իշխանության հաստատումից հետո պիտի դուրս քշվեն այդ տեղերից։ Յուդենիչը կարգադրեց, որ հիշյալ երեք հովիտներում հողերը տրվեն բացառապես ռուսներին եւ կազակներին։ Ավելացնենք, որ Հայաստանը ռուսներով բնակեցնելու ծրագրեր իրագործողները միայն հիշատակված երեք հովիտներով չէին բավարարվում, այլեւ վերցնում էին իր բերրիությամբ հռչակված Մուշի դաշտը։

Վերջապես, ի լրումն ամենայնի, 1916-ի գարնանը, Անտանտի պետությունների միջեւ մի նոր համաձայնություն կայացավ Թուրքիան բաժան-բաժան անելու մասին։ Այդ համաձայնությամբ Ռուսաստանը ստանում էր ամբողջ Թուրքահայաստանը, իսկ Ֆրանսիան` Կիլիկիան։ Կատարվում էր այն, ինչ նախատեսված էր վաղուց, ինչ պետք է լիներ անխուսափելիորեն, ոչ թե քմահաճույքով, ոչ թե որեւէ մեկին օգնելու, բարերարություն անելու համար, այլ ուժերի իրական փոխհարաբերությունների երկաթյա օրենքով։ Միակ տարրը, որ ընդունակություն չունեցավ հասկանալ այս օրենքը, այս կոպիտ, ամենակալ անխուսափելիությունը` հայերն էին։ Էլ ինչի՞ համար էին նրանք պատերազմի եւ ապստամբության մեջ խոթվում։ Էլ ինչի՞ համար կոտորվեց հայ ժողովուրդը։

Դժբախտ ժողովուրդ, որի առաջնորդները կույր էին, որ մի հիմար պաշտամունք էին դարձրել փորը, կուրծքն ու մեջքը փամփուշտների շարաններով ծածկած եւ մաուզերը բռնած կռվողներին, որոնց թիվը հատերով էր, տասնյակներով կամ շատ-շատ` հարյուրներով։ Հայ դոնքիշոտները կարծում էին այդ ուժով աշխարհ նվաճել, բայց նվաճեցին միայն դժբախտություն եւ վերջնական կործանում։ Թուրքերը հայերին կոտորում էին՝ նրանցից ազատվելու համար։ Բանից դուրս էր գալիս, որ եվրոպացիներին էլ շատ հարկավոր էր հայերի կոտորածը, այլապես ինչպե՞ս կարող էր ցարական Ռուսաստանը գաղութավորել հայկական նահանգները, իսկ հանրապետական Ֆրանսիան՝ Կիլիկիան։ Բայց նույն այդ Եվրոպան էր, չէ՞, մեր ամենամոլի, եռանդուն, ուշաթափության հասնող պաշտամունքը…

Թշվառ, թշվառ ժողովուրդ…

Է

Բանը սակայն դեռ չէր վերջացել։

Ռուսաստանը խաբեց։ Այժմ սկսում էր խաբել Ֆրանսիան։ Իսկ Ֆրանսիայի ձեռքով խաբվելն անհունորեն հեշտ էր. ինչպես ասում են` մի բաժակ ջուր խմելուց էլ հեշտ։ Ֆրանսիան համարվում էր հայության ամենամոտիկ բարեկամը, նրա սրտակիցը։ Համբավն այսպես էր, դժբախտաբար, թեեւ 1895-1896 սոսկալի թվականներին անվանի Գաբրիել Հանոտո-փաշան, այժմ անդամ ֆրանսիական ակադեմիայի, ցույց էր տվել, որ Ֆրանսիան ոչ մի դիտավորություն չունի ուրիշ կերպ լինելու, քան` ինչ պահանջում են իր բանկիրների եւ ռենտիեների շահերը։ Ու թեեւ նույն Հանոտո-փաշան հլու եւ ստրկամիտ գործակիցն էր Լոբանով-Ռոստովսկու, բայց եւ այնպես, շատ շուտ մոռացվեց այս տգեղ հանգամանքը, թեեւ նա ամենահարազատ, անպաճույճ իրականությունն էր ցոլացնում իր մեջ։ Եթե, ասում էին, այդպիսին է կառավարող Ֆրանսիան, ապա մյուս Ֆրանսիան` մտքի, ստեղծագործության, գիտությունների Ֆրանսիան, այդպիսին չէ. նա հայերի հետ է, սիրում է հայերին, պաշտպանում է նրանց։ Խոր հավատ կար, որ այս մի Ֆրանսիան` հայասերը, չափազանց հեղինակավոր է, չափազանց ուժեղ, մյուս Ֆրանսիայի` դիվանագետների Ֆրանսիայի վրա ազդելու եւ ի նպաստ հայերի գործել տալու համար։

Այս հավատը շատ մեծ էր, դժբախտաբար։

Արտաքին փաստերը մի այսպիսի հավատ պահպանելու համար շատ էին, դժբախտաբար։

Թողնենք հին ժամանակները, վերցնենք հենց 1915 զարհուրելի թվականը։ Հայ ժողովրդի կրած անասելի, աննկարագրելի տանջանքները, կոտորածները, տեղահանություններն ամենից շատ աղմուկ բարձրացրին Ֆրանսիայում, ապա նաեւ Անգլիայում։ Թողնենք ամենօրյա մամուլը։ Անգլիայի հայասերները հրատարակեցին մի խոշոր հատոր «Կապույտ գրքի», որ ծայրեծայր լիքն էր խժդժությունների, արյունահեղությունների, սարսափների նկարագրություններով։ Ֆրանսիայի հայասերներն իսկույն թարգմանեցին այդ խոշոր հատորը։ Եվ քանի՜ ուրիշ հատորներ։ Ես, թեեւ կտրված հաղորդակցություններից, թեեւ միշտ կարոտ եւ անապահով, կարողացել եմ այդ հրատարակություններից այնքան հավաքել, որ այսօր ունեմ մի փոքրիկ գրադարան 1915-ի կոտորածներին նվիրված։

Այստեղ են մտնում եւ Մանդելշտամը, ե՛ւ Ռընե Պինոնը, ե՛ւ դոկտոր Լեփսիուսը, ե՛ւ Դյումբերգը316, ե՛ւ Շտյուրմերը, ե՛ւ Մորգենթաուն, ե՛ւ Հանրի Բարբյուսը, ե՛ւ ուրիշ շատ շատերը։ Ահա գիտնական դը Մորգանը գրում է հայոց ազգի պատմությունը, իսկ մի ուրիշ մեծանուն գիտնական` Գյուստավ Շլյումբերժեն, առաջաբան է գրում այդ պատմության համար։ Մի հատոր գրում է հայագետ Ֆրեդերիկ Մակլերը։ Եվ ուրիշ քանիսնե՞րը։ Որքա՜ն հուզիչ-սիրուն է ֆրանսիական ակադեմիայի անդամ Ժան Էկյուրի քերթվածը. «Tout un peuple martyr – l’Armenie glorieuse, l’Armenie immortelle» («Մի ամբողջ ժողովուրդ մարտիրոս – Հայաստան փառավոր, Հայաստան անմահ»), որի մեջ ֆրանսիական նուրբ ոտանավորը հավաքել է այնքան շատ գույներ, վիշտ, անձնազոհություն` մարտիրոսական տոկունություն եւ նրբություն արտահայտելու համար։

Եվ մի՛ կարծեք, թե ցույցը միայն գրքերով ու բրոշյուրներով էր կատարվում։ Ցույցերը հասարակական կերպարանք էլ էին ընդունում. եւ այս` ոչ միայն Փարիզում, այլեւ Լոնդոնում, Ամերիկայում։ Հայ ժողովուրդը մեծարվում էր ամենալայն չափերով։ Թվում էր, թե վերադարձել են կրոնական դարերը, եւ նահատակ ժողովուրդը դարձել է քաղաքակիրթ շատ ազգերի պաշտամունք։ Այսպես թվում էր, դժբախտաբար։

Այս րոպեին էլ, երբ գրում եմ այս տողերը, ձեռքիս տակ է մի ֆրանսերեն հրատարակություն, որի մեջ մանրամասն նկարագրված է այն հանդեսը, որ ի պատիվ Հայաստանի տեղի ունեցավ 1916թ. ապրիլի 9-ին, Փարիզի Սորբոնի մեծ դահլիճում։ Իմ ընթերցողներից ես շատ կխնդրեի թույլ տալ ինձ` մի քանի մանրամասնություններ բերել այդ նկարագրությունից։

Հանդեսը կազմակերպել էր ֆրանսիացի կանանցից բաղկացած մի հատուկ կոմիտե, որի մեջ մտել էին բուրժուական Փարիզի աչքի ընկնող ներկայացուցիչների կանայք։ 3000-ից ավելի «ընտիր» կոչված հասարակություն էր հավաքվել։ Ներկա էին քաղաքական գործիչներ, մտավորականության, գրականության, արվեստների ականավոր մշակները։ Հանրապետության նախագահ Պուանկարեն իր ներկայացուցիչն էր ուղարկել։ Ներկայացուցիչներ ունեին եւ համաձայնության պետությունների դեսպանները, ինչպես նաեւ մանր, չեզոք պետությունների դեսպանները։ Կարելի է ասել, թե պաշտոնական Փարիզը ներկայացված էր այս հայկական հանդեսում մեծագույն մասով։ Նախագահում էր Պոլ Դեշանելը` ֆրանսիական պատգամավորների պալատի նախագահը։ Ճառախոսների մեջ էր լուսավորության մինիստր Պենլեւեն։ Հանդեսը բացվում է նախագահ Պոլ Դեշանելի ճառով։

Արդեն պաշտոնական Ֆրանսիայի այս կարկառուն եւ չափազանց կարեւոր դեմքն առաջներում էլ շատ անգամ ճառեր էր արտասանել Հայոց հարցի մասին. այս անգամ էլ մեծարանքներ մատուցեց հայկական աննախընթաց մարտիրոսությանը, հանդիմանության եւ մեղադրանքի խոսքեր շպրտեց Գերմանիայի հասցեին` նրան համարելով հայկական ջարդերի առաջին պատճառներից մեկը։ Բայց ահա Ֆրանսիան գալիս է հաղթելու եւ բոլոր ճնշված ազգերին ազատություն տալու։ Ամենուրեք գերի ազգությունները սպասում են դաշնակիցների (Անտանտի) հաղթանակից իրենց փրկությունը` հայերը, սիրիացիները եւ լիբանանցիները, սերբերը եւ հարավսլավները, չեխերը, Տրանսիլվանիայի ռումինացիները, Տրիենտի եւ Տրիեստի իտալացիները, լեհերը, բելգիացիները, էլզաս-լոտարինգիացիները։ Իր ճառը Պոլ Դեշանելը վերջացնում է այսպիսի մի դիմումով Հայաստանին. «Արշալույսի բոցերը լուսավորում էին Հայաստանը, երբ մենք դեռ գիշերվա մեջ էինք. այսօր Ֆրանսիայի ճառագայթն է, որ գնում է նրա տխրությունը ջերմացնելու։ Մեր հին Սորբոնից` սուրբ սարից` գրականության եւ գիտությունների ակրոպոլիսից, ուսկից ֆրանսիական միտքը հինգ դարից ի վեր աշխարհի մեջ լույս է թափում, Ֆրանսիան, մի ախոյան, որ վառել է իր բոլոր որդիներին, սիրո մի աղաղակով է պատասխանում քո հեծեծանքներին, ո՛վ փառավոր Հայաստան, դու, որ մինչեւ իսկ գերության ստվերի մեջ պահպանում էիր գրականության, արվեստի, խղճի ազատության գաղտնիքը»։

Հանդեսի գրական-երաժշտական մասը բաղկացած էր բացառապես հայ բանաստեղծության, երգի կտորներից, որոնք բազմաթիվ էին եւ որոնց արտասանողներն ու երգողներն էին Փարիզի օպերայի եւ այլ թատրոնների երգիչներն ու երգչուհիները, դերասաններն ու դերասանուհիները։ Ահա հնչում է հայկական հիմնը, եւ այդ ամբողջ մեծ եւ պսպղուն հավաքույթը մի մարդու պես ոտքի է ելնում։ Ամբիոնի վրա է Անատոլ Ֆրանսը` Ֆրանսիայի գրական փառքն ու պարծանքը։ Իր ճառը նա վերջացնում է այսպիսի խոսքերով.

«Հայաստանը փչում է իր հոգին։ Բայց նա կվերածնվի։

Այն քիչ արյունը, որ մնում է նրան, մի ազնիվ արյուն է, որից դուրս կգա մի հերոսական ապագա։ Մի ազգ, որ չի ուզում մեռնել, չի՛ մեռնի։ Մեր բանակների հաղթությունից հետո, բանակներ, որոնց առաջնորդում են արդարությունը եւ ազատությունը, դաշնակիցները մեծ պարտականություններ կունենան կատարելու։ Եվ այդ պարտականություններից ամենասուրբը կլինի մարտիրոս ազգերին կյանք վերադարձնելը` Բելգիային, Սերբիային։ Այն ժամանակ նրանք կապահովեն Հայաստանի հանգստությունը եւ անկախությունը։ Խոնարհվելով նրա վրա` նրանք կասեն. «Քույրս, վե՛ր կաց, մի՛ տանջվիր։ Դու այսօրվանից ազատ ես ապրելու` քո հանճարի եւ քո հավատի համաձայն»»։

Չհավատայի՞նք։ Բայց ինչպե՞ս չհավատայինք։ Այն ժամանակ էլ ինչի՞ն կարելի էր հավատալ։ Եվ հավատացինք մենք։ Ամբողջ սրտով ու հոգով հավատացինք, մեր բոլոր հրճվանքով ու հիացքով։ Եվ սակայն չպիտի՛ հավատայինք, ապագան այդ ցույց տվեց։ Ապագան ցույց տվեց, որ այս բոլորի մեջ չկար եւ մի նշանախեց ճշմարտություն, անկեղծություն։ Հայ արյան գետերը, մինչեւ աստղերը բարձրացած հայ տառապանքի հեծեծանքները շահագործվում էին` Գերմանիայի դեմ կռվելու համար։ Քանի դեռ կանգուն էր ուժեղ եւ հաղթական Գերմանիան, հայկական սարսափները նրա հակառակորդներին հարկավոր էին` նրան վարկաբեկելու, նրան բարոյապես ստորացնելու, նրան բարբարոսության կողմնակից եւ հովանավոր ցույց տալու, իսկ իրենց` նահատակ ազգերի պաշտպան եւ ազատարար հայտարարելու համար։ Բայց հենց որ Գերմանիան ջարդվեց եւ այլեւս ոչ ոքի երկյուղ ներշնչել չէր կարող, իսկույն մոռացվեցին հայն էլ, իր տառապանքն ու արյունն էլ։ Բայց այս դեռ փառք կլիներ։ Ո՛չ մի երկիր, ո՛չ մի ազգություն երբեք հայությանն այնքան կատաղի, այնքան արյունարբու եւ ստո՜ր, մինչեւ զզվելիություն ստոր թշնամի չեղավ, ինչպես Ֆրանսիան։ Այս հաստատեց եւ պատմության մեջ հրաշեկ տառերով խարանեց ապագան, երբ Անատոլ Ֆրանսների եւ հարյուր ու մի հռչակված «հայասերների» Ֆրանսիան անասելի ստորություն ունեցավ ծախել հայ ժողովրդի վերջին ողորմելի պատառիկները իր կապիտալիստական բորենիներին հարկավոր մի քանի կոնցեսիաներով317

 

Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, նույն 1916-ին էլի տեղի ունեցան համակրանքի ցույցեր հայերի վերաբերմամբ։ Եվ ֆրանսիական կառավարությունը շտապում էր հնչուն արժեքի վերածել այն հռետորական զեղումները, որոնք լսվել էին Փարիզի մեջ` ի պատիվ հայերի։ Ձրի համակրանք չկա։ լսեցի՞ր, հիացա՞ր, շնորհ արա՛ վճարել։ 1916թ. դեկտեմբերի 14-ի նամակով Պողոս Նուբարը, որ շարունակում էր համարվել «ազգային պատվիրակության գլուխ», հետեւյալն էր գրում Պետական դումայի անդամ Պապաջանյանին.

«Շտապում եմ հայտնել Ձեզ, որ ֆրանսիական կառավարությունը, ի նկատի առնելով մոտ կամ հեռավոր ապագայում հնարավոր գործողությունը ասիական Թուրքիայում, որոշել է «Արեւելյան լեգեոն» անվան տակ կազմակերպել հայ եւ սիրիացի կամավորների մի գունդ։

Մենք, բնականաբար առանց տատանվելու, պատասխանեցինք մեզ ուղղված կոչին եւ որոշեցինք տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով խրախուսել Եգիպտոսի, դաշնակից երկրների եւ Ամերիկայի մեր հայրենակիցներին, որ նրանք որքան կարելի է մեծ թվով զինվորագրվեն նոր լեգեոնի մեջ, իհարկե, առանց մոռացության տալու զգուշությունից բխող բոլոր միջոցները եւ բոլոր նախազգուշությունները, որ գոյություն ունեցող պայմանները թելադրում են մեզ։ Հիրավի, մենք չպետք է մոռանանք, որ Թուրքիայի ամբողջ հայ ազգաբնակչությունը, իբրեւ իսկական պատանդ, դեռեւս գտնվում է թուրքերի ձեռքին, եւ որ նա միշտ ենթակա է ամենակատաղի վրիժառության նրանց կողմից։ Ֆրանսիական կառավարությունը, ինչպես եւ մենք, հավասարապես գիտակցում է վտանգը, որին ենթակա է այս դժբախտ ազգաբնակչությունը, գիտակցում է եւ անհրաժեշտությունը, որ հայերը գործեն ամենամեծ զգուշությամբ` առանց ակներեւ կերպով մասնակցելու մեր318 զինվորագրություններին։

Նմանապես նպատակահարմար կլինի, եթե Եգիպտոսի, Ֆրանսիայի եւ Ամերիկայի հայ գաղութները, որոնց աջակցությունը խիստ անհրաժեշտ է զինվորագրությունը խրախուսելու համար, մնան մի կողմ եւ սահմանափակեն իրենց դերը՝ ծառայելու պատրաստակամություն հայտնածներին խրախուսելով եւ ուղարկելով ֆրանսիական զինվորական իշխանության մոտ, որը եւ կկատարի զինվորագրության գործը։ Այստեղ իմ կողմից ավելորդ կլինի մի առ մի թվել թե՛ տեղումս եւ թե՛ Եգիպտոսում ու Ամերիկայում կատարվելիք զինվորագրության վերաբերմամբ ֆրանսիական կառավարության հետ մշակվելիք նախազգուշությունների մանրամասնությունները։

Մյուս կողմից` տեղեկանալով, որ կովկասյան արշավանքներին մասնակցած Թուրքիայի կամավորական գնդերը նորերս լուծված են, մենք ֆրանսիական կառավարության հետ քննության ենք առել այն թուրքական հպատակներին օգտագործելու հնարավորությունը, որոնք այսօր ազատ են կացուցված, նպատակ ունենալով նրանց բերել տալ Ֆրանսիա` զինվորագրելու Արեւելյան լեգեոնի մեջ319։ Մենք կոչ ենք արել Կովկասի մեր բարեկամներին, որ նրանք բարեհաճեն մեզ ցույց տալ իրենց աջակցությունը եւ համաձայնեն Ֆրանսիա ժամանելու համար բոլոր դյուրությունները տալու նրանց, ովքեր տրամադիր են ծառայության մեջ մտնելու։ Բնականաբար, այս կարող է տեղի ունենալ միայն կայսերական կառավարության հովանավորությամբ եւ, ես չեմ կասկածում, որ Դուք կստանաք այդ հավանությունը, ստեղծելով Արեւելյան լեգեոն` դաշնակիցների ընդհանուր շահերի համար։

Կարիք չկա Ձեզ ասելու, որ այս բոլորը խիստ գաղտնի է եւ որ անհրաժեշտ է խուսափել ամեն մի շաղակրատությունից մամուլի մեջ։ Հուսով եմ, ուրեմն, որ Դուք եւ Թիֆլիսի բյուրոն միջոցներ ձեռք կառնեք, որպեսզի այս զինվորագրության մասին ոչ մի ակնարկ չլինի ռուսահայ թերթերում։ Այդ մենք արել ենք Եգիպտոսում, որի հայ մամուլի վրա մենք կարող ենք վստահ լինել այդ առիթով մանավանդ այժմ, երբ մեր բոլոր կուսակցությունների միջեւ տիրում է կատարյալ համերաշխություն։ Բացի այդ, ես ստացել եմ կառավարությունից համաձայնություն, որ գրաքննությունը թույլ չտա ոչինչ զետեղելու կամավորների մասին ոչ միայն հայկական, այլեւ մյուս լեզուներով հրատարակվող թերթերում։ Մենք հապճեպ պատվիրակներ ենք ուղարկում Ամերիկա, որպեսզի նույն նշանաբանը տրվի հայկական մամուլին։

Որ մենք` հայերս, շահագրգռված ենք ամենամեծ պատրաստակամությամբ պատասխանելու մեզ արած կոչին, այդ դուրս է կասկածից, որովհետեւ վերջնական հաղթանակի պահին, որի վրա մենք միշտ հույս ենք դնում, դաշնակից պետություններից է կախված լինելու Հայաստանի ճակատագիրը։ Ինչ վերաբերում է ինձ, ես այդ կոչին պատասխանում եմ մեծ հոժարակամությամբ, որովհետեւ ես հանրապետության320 կառավարությունից ստացել եմ պաշտոնական հավաստումներ, թե հաղթանակից հետո մեր ազգային ձգտումները կստանան լիակատար բավարարություն321։

Ասիական Թուրքիայի նկատմամբ դաշնակիցների միջեւ կա մի համաձայնություն, – դուք անշուշտ գիտեք այդ մասին, – որը կարգավորում է դաշնակից պետություններից յուրաքանչյուրին բաժին ընկնող հողամասերի խնդիրը։ Թեեւ մեզ հայտնի չեն այս համաձայնության բոլոր պայմանները, բայց մենք գիտենք, որ վեց վիլայեթները եւ Կիլիկիան չեն կազմելու մի ամբողջական հողամաս, եւ որ նրանց մի մասը տրվելու է Ռուսաստանին, իսկ մյուսը, որ սահմանափակվելու է Կիլիկիայով, տրվելու է Ֆրանսիային։ Հետեւապես միայն այս մասի նկատմամբ են ինձ տրված հավաստիացումները, որոնց մասին ես քիչ առաջ խոսեցի, եւ մենք կարող ենք հուսալ, որ Ֆրանսիայի հովանավորության տակ տրված տեղական լայն ինքնավարության շնորհումով այնտեղ կիրագործվեն մեր բաղձանքները։ Որոշված է, որ Ֆրանսիան, մնալով հավատարիմ ազատության սկզբունքներին եւ մեծահոգի ավանդույթներին, ճնշված հայերին ազատելուց հետո հնարավորություն կտա նրանց վերականգնելու իրենց ազգային դեմքը եւ գրավելու այն դիրքը, որ պատկանում է նրանց քաղաքակիրթ աշխարհում` շնորհիվ իրենց անցյալի եւ ունակությունների։

Ես համոզված եմ, որ այս գոտեպնդիչ հեռանկարը կխրախուսի Ձեզ, ինչպես եւ մեր կովկասցի բոլոր հայրենակիցներին, եւ դուք ձեր սրտին մոտ կընդունեք մեզ աջակցելու գործը, որպեսզի Ֆրանսիային տրվեն որքան կարելի է մեծ թվով մարտիկներ այն ձեռնարկության համար, որ նա սկսել է հանուն մեր հայրենիքի ազատության322։

Այնուամենայնիվ, հարկավոր կլինի հանձնարարել այս խնդրով զբաղվող մերայիններին, որ նրանք հոգ տանեն նախազգուշացնելու զինվորագրության ներկայացողներին, թե ֆրանսիական կառավարությունն առաջարկում է բոլոր զինվորագրվածներին, իբրեւ առաջին պայման, առանց բացառության, պարտավորվել ենթարկվելու ֆրանսիական բանակի կարգապահությանը եւ սկզբում ծառայելու իբրեւ սոսկ զինվորներ»։

Այստեղ այլեւս ճառեր, ճարտասանական բացականչություններ, բանաստեղծություններ չէին։ Այստեղ արդեն պաշտոնական բանակցություններ էին, ինչպես 1914-ի ամռանը Թիֆլիսում, կառավարական հավաստիացումներ։ Բայց արժե՞քը։

1917-ի սկզբներին Պողոս Նուբարի այդ նամակը Ազգային բյուրոյի քննության էր բերված մի բազմամարդ ժողովում։ Եվ ես գոհությամբ հիշում եմ, որ նա գրեթե միաձայն մերժվեց։ Ապուշներից ապուշը կլինեինք մենք, եթե մի անգամ սոսկալի կերպով խաբվելուց հետո նորից հավատայինք այդպիսի խոստումների։

Բայց Պողոս Նուբարը հաջողեցրեց Արեւմուտքում մի նոր կամավորական շարժում Արեւելյան լեգեոնի համար։ Արդեն շատ հայ կամավորներ կային ֆրանսիական բանակում։ Բայց Արեւելյան լեգեոնին վիճակվում էր շատ աչքի ընկնող դեր Պաղեստինի ճակատում, գեներալ Ալեմբիի հրամանատարության տակ։ Նա կռվում էր քաջարի կերպով, եւ նրա դերը խոշոր էր մանավանդ այն ճակատամարտերի մեջ, ուր թուրքական բանակը վերջնական պարտության մատնվեց։

Այնուամենայնիվ, ֆրանսիական կառավարությունը խաբեց Պողոս Նուբարին ավելի խայտառակ կերպով, քան մեզ խաբել էր Նիկոլայ Բ-ի կառավարությունը…

314Հրատարակության մեջ տպված է «առելյերյաց ամայացած գյուղերը». ամենայն հավանականությամբ ունի՝ «դեպի եղեռնվածների ամայացած գյուղերը» իմաստը. ըստ այդմ դարձրել ենք՝ «առ եղերյաց…»։
315Լեոն իր «Խոջայական կապիտալ» (լույս է տեսել հեղինակի մահից հետո, 1934թ.) աշխատության մեջ առանձին եզր է հատկացրել այս երեւույթին՝ կոչելով «հայ կղերական դիվանագիտություն»։ Այս վերնագրով վերոհիշյալ աշխատության մի հատվածը երկու անգամ վերատպվել է առանձին գրքույկով (առաջին անգամ՝ «Անահիտ» հայրենակցական բարեգործական ընկերություն, թվականն անհայտ է, հավանաբար 1988-1991թթ., եւ երկրորդ անգամ՝ Պահպանողական կուսակցության «Շեմ» մատենաշար, թիվ 7, Ե., 2002թ.)։
316Հավանաբար պետք է լինի Գաստոն Դումերգ, ով Ֆրանսիայի նշանավոր քաղաքական գործիչներից էր, վարչապետ՝ 1913-1914 եւ 1934 թվականներին։
317Խոսքը Ֆրանսիայի կողմից Կիլիկիան Թուրքիային վերադարձնելու մասին է։
318«Մեր» բառի փոխարեն այստեղ հարկ էր կիրառել «իրենց» բառը, այսինքն՝ ֆրանսիացիների, ֆրանսիական կառավարության։
319Լեզվական անհարթություն կա. խոսքը ոչ թե կովկասյան արշավանքներին մասնակցած կամավորական թուրքերի մասին է, այլ Կովկաս անցած եւ ռուսական բանակի կամավորական դարձած թուրքահայերի մասին, որոնց կամավորական խմբերը լուծարվել էին ռուսական իշխանությունների կողմից։
320Այսինքն՝ Ֆրանսիայի։
321Սա եւս նույնն է, ինչ 1915-ին եւ 1988-ին տրված վերոծանոթագրյալ խոստումները՝ կոնկրետ ոչինչ։ Նույնն է նաեւ անորոշության հանդեպ մինչեւ վերջ հավատքը։ Տրամաբանական է, որ նույնը պետք է լիներ նաեւ հետեւանքը։
322Եվ սա է հայ քաղաքական միտքը, որն այդպես էլ ունակ չեղավ հասկանալու (մինչեւ իսկ Մեծ եղեռնից հետո), որ երբեք եւ ոչ մի ժամանակ մարդկային պատմությանը հայտնի չէ, որ մի պետություն հանուն մեկ ուրիշ ժողովրդի հայրենիքի, ինչպես ձեւակերպված է պրոֆեսիոնալ քաղաքական գործչի որդու այս գրության մեջ, պատերազմ մղի։