Za darmo

Անցյալից

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Դ

Պատերազմից հետո կյանքը Շուշի քաղաքում միանգամայն կերպարանափոխվում էր։ Մի արտասովոր կենդանություն եւ աշխուժություն էր մտնում։ Որքան էլ որ հեռու էր պատերազմական դաշտը, բայց քիչ չէր այն շուշեցիների թիվը, որոնք դրամ էին աշխատել` այս կամ այն կերպ մասնակից լինելով պատերազմի հետ կապված առեւտրին։ Բայց միայն այդ չէր շուշեցու բարօրությունն ավելացնողը։ Կար ավելի ուժեղ ու հորդառատ աղբյուր՝ արդյունագործական Բաքուն, որ օր օրի վրա հռչակվում էր իր նավթային հարստություններով եւ շարունակ իրեն էր քաշում գավառներն ու առանձնապես Շուշիին։ Արդեն անուն էին հանել շատ շուշեցի դրամատերեր, եւ այս հանգամանքն ավելի էր սաստկացնում հոսանքն այդ քաղաքից դեպի Ապշերոնի նավթահորերը։ Միայն քաղաքը չէր այդպես հեղաշրջված. գյուղը բռնել էր իր քայքայման ճամփան եւ մարդկային հորձանքներ էր ուղարկում Բաքու։ Այդ զանգվածների մեծագույն մասն, իհարկե, սեւ աշխատանքի մեջ էր խրվում, դառնում բանվորություն։ Բայց քիչ չէին եւ այնպիսի անհատները, որոնք «մարդ էին դառնում», այսինքն՝ հարստություն էին ձեռք բերում, մանր խանութպաններից բարձրանում էին մինչեւ արդյունաբերող-կապիտալիստ «ապերների» պատվավոր դիրքը։

Այս արդյունաբերական շարժումները շարժում էին եւ Շուշիի ճահիճը։ Շռայլությունը, մեծամեծ կոչունքները, անընդհատ բացօթյա քեֆերը վկայում էին, որ այս քաղաքում կուտակումներ են գոյանում։ Երգն ու նվագածությունն ամեն կողմ էր. Շուշին ասիական երաժշտության ամենանշանավոր կենտրոնն էր դառնում։ Եվ այս հռչակը ստեղծողներն էին թե՛ հայերը եւ թե՛ թուրքերը, որոնց սերտ գործակցության մեջ միացնում էր արվեստը։

Ես չեմ կարող ասել, թե այսքանով էլ սպառվում էր իմ հայրենի քաղաքի վերակենդանությունը։ Հզոր թափով առաջ սլացող արդյունաբերությունը կատարելագործված հաղորդակցություն էր բերում, եւ երկաթուղին Թիֆլիսից դեպի Բաքու էր ձգվում։ Կուլտուրական զարթնումի, հասարակական բարձրացած տրամադրության մթնոլորտ էր ծավալվում Ռուսաստանում եւ Կովկասում։ Եվ ահա, մեր գավառական խուլ անկյունն էլ նույն այդ խոշոր շարժման մեջ էր մտցվում։ Գործունյա, առաջավոր երիտասարդություն էր խմբվել Շուշիում՝ գլխավորապես թեմական դպրոցի շուրջը։ Նոր ժամանակ էր սկսվել։ Ամենից առաջ այդ ժամանակը խոսում էր տեղական մի հատիկ տպարանի միջոցով։ Շուշիում առաջ էլ կար տպարան, բայց հրատարակվում էին Սաղմոս, ժամգրքեր, Ավետարան։ Իսկ ա՞յժմ։ [Այժմ] տպվում էին [Ջոն] Դրեպերի թարգմանությունը28, Ալֆոնս Դոդեի, [Հենրիկ] Սենկեւիչի հայրենասիրական վեպիկները։

Ինձ այդ տպարանում սրբագրողի պաշտոն տրվեց, եւ ես այդտեղ է, որ շփվեցի գործող երիտասարդության հետ։ Եվ մի օր իմ առջեւ է դրվում մի խոշոր հատորի սրբագրություն։ Դա Րաֆֆու «Խենթն» է, որ նոր է տպվել «Մշակի» մեջ եւ այժմ արտատպվում է առանձին գրքով։ Շատերն էին կարդացել «Մշակի» մեջ, չէինք կարդացել միայն շարող գրաշարը եւ ես՝ սրբագրողս։ Բայց շատ շատերը կան, որոնք մեր երկուսիս ետեւից պիտի կարդան։ Զմայլված էինք. ո՛չ, ավելի ճիշտն ասեմ, կախարդված էինք երկուսս էլ։ Քանի-քանի անգամ կարդացի, վեց թե յոթն անգամ, եւ դարձյալ չէի կշտանում։ Գիրքը դուրս թողնվեց տպարանից եւ հալվեց, սպառվեց մի քանի շաբաթվա ընթացքում։ Սա մի անսովոր հայերեն գիրք էր։ Երբեք եւ ոչ մի հայերեն գիրք այդպիսի համատարած չափերով, այդքան խոր կերպով դյութիչ ազդեցություն չէր գործել հայ մտքի վրա։ Ծնվում էր նոր շարժիչը՝ հայդուկային գրականությունը։

Այս դեռ վեպն էր։ Իսկ Գամառ-Քաթիպան29 իր երգերո՞վ։ Շուշի եկավ Պետրոս Ադամյանը։ Ես բախտ եմ ունեցել տեսնելու նրա «Համլետը»։ Բայց կարող եմ վկայել, որ Համլետ-Ադամյանն այնպիսի տպավորություն չթողեց հանդիսականների վրա Համբարձում-աղայի թատրոնական դահլիճում, ինչպիսին թողեց մյուս օրը կլուբի դահլիճում, երբ դուրս եկավ երկար, սեւ սերթուկ հագած Ադամյանը եւ արտասանեց Գամառ-Քաթիպայի մի քանի ոտանավորները։ Մինչ այժմ էլ թվում է, թե պահել եմ ականջներիս մեջ մեծ արվեստագետի շեշտերն ու հնչյունները.

 
Տու՛ր, սիրական, քակեմ ձեռքիդ պալուլները, արձակեմ,
Եվ այդ թուլիկ աջիդ մեջը մի պողպատե սուր դնեմ,
Ստրուկ գնա՛ արյան դաշտը, վերադարձի՛ր ազատված…
 

Կամ թե՝

 
Հազիվ լըրացավ քսան եւ մեկ տարիս,
Աղվամազ բըսավ երես ու ծնոտիս…
Տվե՛ք ինձ սարեր՝ սարեր կործանեմ,
Ծառը արմատով գետինեն հանեմ,
Սուր ակռաներովս երկաթ կը ծամեմ,
Մեջըս այդքան ուժ, ասեք` ի՞նչ անեմ…
 

Հայկական սնապարծությունը կամ, ինչպես ասում են երեւանցիք, լոպպազությունը, լեռնացել էր Մասիսի չափ։ Գրիգոր Արծրունին30` հայ լիբերալիզմի փայլուն ներկայացուցիչը, ազգային շովինիզմը հասցրել էր կոչման աստիճանին։ Նա առաջարկում էր, որ հայերը կուլտուրապես ձուլեն իրենց հետ [տարածաշրջանի] մյուս բոլոր ազգություններին, մանավանդ թուրքերին եւ քրդերին։ Բոլոր ոչ հայ ազգություններին խորհուրդ էր տալիս դեն ձգել իրենց մայրենի լեզուն եւ ընդգրկել հայերենը, ինչպես ավելի բարձր կուլտուրական հատկություններ ունեցող մի լեզու. թուրքերին խորհուրդ էր տալիս թողնել արաբական անհարմար այբուբենը եւ գործածել հայերեն տառերը։ Թուրք լրագրերն աղմուկ էին բարձրացնում այս տեսակ հայտարարությունների դեմ` ասելով, թե հայերը բուլղարներից էլ վտանգավոր թշնամիներ են, որովհետեւ բուլղարները զենքով էին ապստամբում թուրքերի դեմ, իսկ հայերն առանց զենքի են գործում` աշխատելով զրկել թուրքերին ու քրդերին իրենց կրոնից ու լեզվից եւ այդպես կուլ տալ նրանց։

Հայդուկային գրականության հետ դեպի իրենց էին քաշում եւ այն դեպքերը, որոնք տեղի էին ունենում Թուրքահայաստանում։ 1880-ի ամռանը Վասպուրականում ընդհարում պատահեց հայ գյուղացիների եւ քրդերի միջեւ։ Հայերը քաջաբար դիմադրեցին քրդական հարձակմանը եւ կռվի մեջ 70 հոգի սպանեցին քրդերից։ Այս դեպքն անչափ ուռճացվեց «Մշակի» էջերում եւ ստացավ մի մեծ ապստամբական շարժման կերպարանք։ Հայերը որպես թե կռվում էին նեստորական ասորիների հետ միացած։ Իգդիրից ստացված մի հեռագիր հայտնում էր, թե ապստամբներն արդեն տիրացել են Վանի բերդին։ Մինչդեռ իրականության մեջ ոչ միայն այդպիսի բան չկար, այլ, ընդհակառակը, սկսվել էր չափազանց վտանգավոր մի քրդական շարժում, որ միացրել էր առանձին, նույնիսկ իրար թշնամի ցեղերին՝ միացյալ ուժերով ընդհանուր արշավանքներ վարելու համար։ Շարժումը դեռ բացորոշ հակահայկական կերպարանք չուներ, բայց թուրքաց կառավարությունն ամեն կերպ աշխատում էր, որ շարժումն ստանա այդտեսակ ուղղություն։

Այս շարժումների եւ մեծամեծ խմորումների միջոցին էր` 1880-ի ապրիլին, որ Անգլիայում պառլամենտական ընտրությունների ժամանակ հաղթություն տարավ ազատամիտների31 կուսակցությունը, եւ Գլադստոնը կառավարության գլուխ անցավ։ Այս մի խոշոր հաղթանակ էր համարվում եւ հայերի համար։ Պահպանողական կուսակցությունը գործել էր իբրեւ հայերի ոխերիմ թշնամի՝ սկսած Սան Ստեֆանոյից, եւ հասցրել էր իր այդ վարմունքն այն աստիճանին, որ իր պաշտոնական հարաբերությունների մեջ ջնջել էր անգամ «Հայաստան» անունը եւ փոխարինել «Քուրդիստան»32 անունով` ահագին հուզմունք եւ անբավականություն պատճառելով Կ.Պոլսի հայությանը։ Այժմ չկար այդ թուրքամոլ կուսակցությունը, այժմ Գլադստոնն էր` այդ «մարդասեր մեծ ծերունին», Անգլիայի ղեկավարը, եւ նրա գործողություններն առաջ ու առաջ Հայոց հարցի լուծմանն են նվիրվելու։

Եվ իրավ, ամռանը Գլադստոնը համաձայնություն է կայացնում մյուս մեծ պետությունների հետ, եւ Կ.Պոլսի վեց դեսպանները, ցույց տալով այն սկզբունքները, որոնց վրա հիմնված պիտի լինի այդ բարենորոգումը, հավաքական մի հուշագրով պահանջում են թուրքաց կառավարությունից անհապաղ իրագործել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը։ Թուրքաց կառավարությունն իր սովորական եղանակով պատասխանեց այդ պահանջին՝ ձգձգումների եղանակով։ Տեղի ունեցան դիվանագիտական գրագրություններ, եւ ի վերջո սուլթանի կառավարությունը մերժեց մեծ պետությունների հավաքական պահանջը` իր համար հիմք բռնելով այն հանգամանքը, որ հայերն ասիական Թուրքիայի ոչ մի կողմում ազգաբնակչության մեծամասնություն չեն կազմում։ Այսքանով էլ վերջացավ Գլադստոնի միջամտությունը։ Եվ երեւան եկավ դառն իրողությունը. այն, որ Անգլիան բարյացակամ, գրեթե հայասեր կուսակցության կառավարության ժամանակ էլ մնում էր նույն գիշատիչ, խորամանկ Ալբիոնը։

 

«Մեծ մարդասերն» իր այս կիսատ գործով ավելի մեծ վնաս էր հասցնում հայերին, քան նույնիսկ պահպանողական մինիստրությունն իր բացարձակ թուրքամոլությամբ, որովհետեւ Գլադստոնի քայլը թուրքերին սաստիկ գրգռում էր հայերի դեմ, իսկ վերջիններիս մեջ չափազանցրած ակնկալություններ արծարծում եվրոպական միջամտության նկատմամբ` այսպիսով ավելացնելով կռվելու եւ պահանջելու համառ վճռականությունը։ Այս պատճառաբանությունը, որով ամրապնդել էր թուրք կառավարությունն իր մերժողական պատասխանը, այն է՝ հայ ժողովրդի փոքրամասնություն կազմելը, դառնում էր այն մշտական եւ անխախտ կռվանը, որի վրա հենվելով՝ թուրքերը պիտի ազատություն սպասեին Հայոց հարցի պատճառած ցավից։ Պակասեցնել հայերի թիվը ոչ միայն թղթի վրա, այլեւ իրականության մեջ. սա դառնում էր մի քաղաքական սիստեմ, որ թուրք կառավարությունը ծրագրում էր իրագործել քրդերի ձեռքով։

Թուրքիան երկու ձեռքով բռնեց 1880-ին ծայր տված քրդական շարժումից։ Կ.Պոլսի թուրք մամուլը հրճվանքի մեջ էր. Եվրոպային սպառնում էր քրդական շարժումով։ Եվ բոլորովին հարկավոր չհամարելով որեւէ գաղտնապահություն` բացարձակ կերպով հայտարարում էր, թե Թուրքիան 61-րդ հոդվածը կոչնչացնի քրդերի նիզակներով, թե հայերը պիտի լռեն, իրենց համար առանձին պահանջներ չպիտի անեն, ապա թե ոչ՝ նրանց դեմ կկանգնեցվի ամբողջ միացած քրդությունը։ Հայերն, իհարկե, կարդում էին թուրք կառավարության ներշնչումներով շաղախված այս ահավոր սպառնալիքները… Ոչ միայն կարդում էին, այլեւ հայ լրագրերը վիճում էին թուրք լրագրերի հետ։ Գոյություն ստացավ մի երկարատեւ եւ կրքոտ բանավեճ, որ այսօր էլ վկայում է, թե որքան միամիտ ու անպատրաստ էին հայերն այս վերին աստիճանի լուրջ կենսական հարցի մեջ։ Հայ-թուրքական հարաբերությունների մեջ առաջնակարգ եւ վճռական դեր էր հատկացվում քրդերին։ Թուրք պաշտոնյաներն անդադար պրոպագանդա էին մղում նրանց մեջ` գրգռելով նրանց կատաղի ատելությունը հայերի դեմ։ Հայկական հարցը բացատրվում էր նրանց այն մտքով, թե հայերն ուզում են իրենց համար թագավորություն ստեղծել ու ստրկացնել քրդերին, թե այս վտանգից ազատվելու մի ճանապարհ միայն ունեն քրդերը՝ կոտորել հայերին։

Այս հանգամանքը թաքուն չէր մնում հայ ղեկավարող մտավորականությունից։ Տեսնում էին քրդության լեռնացող վտանգը` իբրեւ գործիք թուրք կառավարության ձեռքին, բայց ի՞նչ էին անում։ Երբեմն լսվում էին նրանց միջից ձայներ, թե հայերը կոպիտ, զինական կռիվ չպիտի մղեն քրդերի դեմ, այլ պիտի նրանց վրա ներգործեն կուլտուրական միջոցներով, պիտի դաստիարակեն նրանց, ուսում տարածեն նրանց մեջ։ Սա, իհարկե, ուժեղ եւ էական միջոցն էր քրդերին չեզոքացնելու համար։ Բայց ցավն այն էր, որ հայ ազգայնականները հայ-քրդական բարեկամությունն այն մտքով չէին հասկանում, թե երկու դարավոր դրացի ազգերը համահավասար անդամներ պիտի լինեն այդ մերձեցման մեջ, թե պիտի հարգվեն ազգային առանձնահատուկ արժեքները։

Ո՛չ, քրդերին ուզում էին ենթարկել հայկական կուլտուրային՝ նրանց այս միջոցով ապազգայնացնելու, հայերի հետ ձուլելու համար։ Այս խոսքերը խոսք էլ մնացին։ Ոչինչ գործ չկազմակերպվեց։ Քրդությունը թուրք կառավարությանն էր պատկանում։ Իսկ հայերն այս ահեղ օյինի դեմ հանում էին միեւնույն խղճուկ միջոցները` դիմում Եվրոպային եւ հայդուկային կռիվ։ 1880-ին Վանի առաջնորդ Խրիմյան Մկրտիչ33 արքեպիսկոպոսն անգլիական հյուպատոսին ուղարկած իր նամակի մեջ ասում էր, թե այժմ այլեւս ոչ մի կասկած չկա, որ Հայկական հարցի հետ բարձրանում է քրդական հարցը, որ կառավարության խրախուսանքներով ձուլվում է մի քրդական ընդհանուր շարժում` ընդդեմ հայերի։

Այս թուղթը` հուսահատական մի ճիչ, արժանանում էր միայն անգլիական «Կապույտ գրքի»34 մեջ տպվելու պատվին։ Մի հանգամանք, որն իհարկե չէր ազատում գավառական թշվառ եւ անզեն հայությանը մինչեւ ատամները զինված քրդության դեմ հանդիման կանգնած լինելու դժբախտությունից։

Հայ ղեկավարող մտավորականությունն, այսպիսով, չէր կարող արդարանալ անգիտությամբ։ Ամեն ինչ կատարվել էր օրը ցերեկով, բացահայտորեն, նրա աչքերի առջեւ։ Թուրք մամուլի սպառնալիքները հայտնվում էին իբրեւ կառավարական հաղթանակող ծրագիր։ Ոչինչ խրատ չէր վերցվում այս խոշոր հանգամանքից, որ ապագա էր ցույց տալիս, զգաստություն էր հրահանգում։

Ու բացվում էր մի այսպիսի հանդիսարան։ Քուրդիստանի եւ Հայաստանի լեռներից առաջ էին քաշվում, շարժման մեջ էին դրվում Քսենոփոնի35 ժամանակներից իրենց քաջությամբ, կռվարարությամբ ու գիշատիչ հակումներով քաջածանոթ կիսավայրենի ցեղեր` ոգեւորված թալանելու եւ կոտորելու կատարյալ ազատությամբ։ Իսկ նրանց դեմ հանդիման հյուսիսից ու արեւելքից գնում էին հատուկտոր մարդիկ, մեծագույն մասամբ պատանիներ` հաճախ ոչ միայն առանց զենքի, այլեւ առանց մի կտոր հացի իրենց մախաղում։

Ովքեր էին դրանք։ «Խենթը» կարդացողներ, ամեն օր հանդիսավորապես «Ձեռքերս կապած, ոտքերս շղթա, Եվրոպան կասե` հե՞ր չելաք ոտքի» արտասանողները եւ երգողները։ Վեպը եւ ոտանավորը խենթացնում էին մարդկանց, սար ու ձոր գցում։ Ամենից առաջ «Խենթը» շարող գրաշարն էր, որ ինձ խոստովանաբար ասաց, թե գնում է, եւ ուրիշ գնացողներ էլ կան։ Եվ իրավ, նա գնաց։ Ձմեռվա մի շատ ցուրտ գիշեր, ժամը 2-ին ես տուն էի գնում մի կոչունքից։ Շուկայի հրապարակում մեծ խարույկ էր վառված եւ նրա առջեւ իմ լավ ծանոթ գիշերապահն էր նստած՝ ձեռքին մի գիրք։ Մոտենում եմ, բարեւում, նա հազիվ է կարողանում կտրվել գրքից եւ ինձ ասում է` ցույց տալով «Խենթը». «Ա՜յ գրիք… Երեք ժամ է` կարդում եմ, եւ այնքան հափշտակված եմ, որ չեմ կարողանում վեր կենալ, իմ շրջայցը կատարել, ո՜վ գիտե, գուցե արդեն գողերը կոտրատել են խանութների դռները»։ Վեր կացավ, քայլեց ինձ հետ։ Նա ուզում էր Վարդան դառնալ` Րաֆֆու հերոսը։ Եվ մի քանի օր անց գիշերապահի չաղ խարույկի առջեւից անհայտացել էր մեր Արությունը։ Նա էլ գնաց։

Այս, եթե կուզեք, կարելի էր անվանել շարժում։ Բայց այն կազմակերպված չէր, չուներ ղեկավարներ։ Տանողները միայն գրքերն էին, Րաֆֆին, Գամառ-Քաթիպան, մասամբ եւ Գրիգոր Արծրունին։ Ամբողջովին մի գրքային հեղափոխություն։ Հարցնեիր գնացողին, նա ո՛չ ճանապարհ գիտեր, ո՛չ ուղղություն։ Նրա ուղեղի մեջ միայն մի դրություն էր տեղավորվում. կա սահմանված մի բան` հասնել այդ բանին, անցնել նրա մյուս կողմը։ Հետո՞։ Այս հետոն արդեն շատ էր մութ։ Շատերը, ո՞վ գիտե, գուցե այն հավատին էին, թե գնում են «Խենթի» ծերունի Խաչոյի մոտ ձվածեղ ու գոմեշի մածուն ուտելու, մինչեւ որ կգա «արյունածարավ, գոված Եվրոպը» եւ Վարդանի երազը կդառնա օրվա փաստ։

Սո՜ւրբ որգեւորություն` ասում էին այն ժամանակները։ Սուրբ երեխայությու՛ն` պիտի ասեն հետագա ժամանակները։

Ես իմ փորձով վկայում եմ, որ այդ իսկապես երեխաների ոգեւորություն էր։ Ես եւ ինձ պես հարյուրավորները` հասակով էլ երեխաներ էինք։ Բայց ի՞նչ կասեք նրանց մասին, որոնց մեղք կլիներ երեխա անվանել, որոնք մազով-միրուքով մարդիկ էին եւ մեզանից երկու, գուցե եւ երեք անգամ ավելի էին մեր մոլորակի հետ պտույտներ արել արեգակի շուրջը։ Երեխայությունը հասակի խնդիր չէ. լինում են սպիտակահեր երեխաներ։ Երեխայության դրությունը միայն անհատներին չէ հատուկ։ Լինում է եւ հավաքական, զանգվածային երեխայություն։ Այս դրության մեջ հայ ժողովուրդը խարխափեց ամբողջ քառասուն եւ հինգ տարի` չկարողանալով ճանաչել աշխարհի չարն ու բարին։

1880-ական թվականների գլադստոնյան փորձը պետք է լավ խրատած լիներ հայկական երեխայությանը` պարզ ցույց տալով նրան, որ Անգլիան Անգլիա է, եւ ոչ մի նշանակություն չունի, թե ով է այսօր նրա առաջին մարդը. Գլադստոն, Սոլսբերի, Բիկոնսֆիլդ, որոնք անուններ են` փոփոխական, հեղհեղուկ, անկայուն։ Անփոփոխն անգլիական արշինն է, եւ նրան ծառա ու սպասավոր են ամենքը, անգամ «մարդասերները». մեծ լինեն նրանք, թե փոքր, միեւնույն է։ Գլադստոնը 1880-ին բոլորովին հայ ազգի գեղեցիկ աչքերի պատճառով չէր Հայկական հարցը դիվանագիտական գրագրության առարկա դարձնում։ Անգլիական իմպերիալիզմն այդ միջոցին պատրաստվում էր հափշտակել Եգիպտոսը եւ սուլթանին վախեցնելու, նրա բերանը կապելու համար էր շահագործում դժբախտ 61-րդ հոդվածը, ինչպես նաեւ մի քանի այլ հարցեր, որոնք վեճի տակ էին Բեռլինի կոնգրեսից ի վեր։ Հազիվ մի քայլ արած` Գլադստոնը ետ քաշվեց, լքեց իր ձեռնարկումը` ասելով, թե մյուս պետությունները համաձայն չեն հարկադրական միջոցներ ձեռք առնել Թուրքիայի դեմ, իսկ Անգլիան միայնակ չի կարող ոչինչ անել։ Սրանով «մեծ մարդասերը» իմաստության դասեր էր տալիս սուլթան Համիդին` հավատացնելով սրան, որ Հայկական հարցի շրջանում եվրոպական համաձայնություն չի կարող գոյանալ, եւ որ նա կարող է իրեն ազատ զգալ։

Բայց ճի՞շտ էր արդյոք, թե Անգլիան միայնակ գործել չէր կարող։ Ճիշտ չէ՛ր։ Անգլիան առանց մի րոպե տատանվելու` միայնակ գործողություններ կարող էր կատարել, եթե միայն այդպես պահանջեին անգլիական կապիտալիստների շահերը։ Եվ իրավ, Հայոց հարցի մեջ հապճեպ փախուստի մատնված Գլադստոնը քիչ անց անգլիական նավատորմը կանգնեցրեց Ալեքսանդրիայի առաջ եւ «մարդասիրաբար» ռմբակոծեց այդ մեծ ու հռչակավոր նավահանգիստը, հափշտակեց Եգիպտոսը։

Պարզ է եւ հստակ։ Հայկական հարցի մեջ Գլադստոնի վարմունքը բացարձակ թշնամական եւ աղետաբեր էր հայ ժողովրդի [համար]։ Հայ-թուրքական հարաբերությունները անհաշտ-թշնամական են դառնում հենց 1880-ի դեսպանական հավաքական հուշագրից հետո։ Այդ ժամանակ է, որ որոշվում է թուրքահայության վիճակը` բնաջնջում։ Բազմահռչակ անգլիական պետական գործիչը բնավ էլ չէր մտածում այս մասին, երբ փախուստի էր դիմում թուրք դիվանագետների առջեւ։ Իսկ հայե՞րը։ Հասկացա՞ն նրանք անգլիական «հայասիրության» իսկական արժեքը։ Հասկացա՞ն, թե ինչ է Գլադստոնը։

Չհասկացան։ Գլադստոնը նրանց համար մնաց դարձյալ «մեծ մարդ», «հայասեր»։ Ահա նա կհեռանա մինիստրական պաշտոնից, կդառնա մասնավոր մարդ եւ պառլամենտի նիստերում ու միտինգների մեջ քար ու երկաթ կաղա Թուրքիայի գլխին, անեծք կկարդա, հայ ժողովրդի պաշտպանությունը կպահանջի անպատասխանատու ճառերի մեջ. եւ այսքանը բավական կլինի հայ երեխայությանը համոզելու համար, թե հենց այս ճառերով էլ Հայկական հարցը լուծված կլինի։ Բայց ոչինչ եւ ոչ մի բան չէր լուծվում։ Լոնդոնը Լոնդոն էր մնում` համաշխարհային գիշատիչ բանկ, իսկ Մուշի դաշտը լլկանքների, լացի եւ աղետի դասական հայրենիք։

1880-ի հուշագրերից հետո հայկական հարցը եվրոպական դիվանա գիտության կողմից մատնվեց կատարյալ մոռացության։ Ի՞նչ անեին հայ գործիչները, որ լավ լիներ։ Նրանք զբաղվեցին մի հոգսով, այն է՝ աշխատեցին չլռեցնել Հայկական հարցը, աշխատեցին հիշեցնել «արյունածարավ, գոված Եվրոպին», թե հայեր կան, Հայոց հարց կա։ Դիվանագիտական ճանապարհի վրա պարտված հայերը աշխատեցին հետզհետե ամրանալ հայդուկային հեղափոխության ճանապարհի վրա։

Այս հեղափոխությունն առաջին անգամ կազմակերպված շարժման շավիղը մտավ 1881 թվականի երկրորդ կեսից, երբ Էրզրումի մեջ գոյություն ստացավ «Պաշտպան Հայրենյաց» անունով գաղտնի ընկերությունը։ Այստեղ մենք ռուսահայերին միացած ենք տեսնում թուրքահայերի հետ։ Էրզրումում զինանոց շինվեց, տարածվեցին անդամագրման տոմսակներ։ Ռուսահայերից Էրզրում գնաց, գաղտնի ընկերության հետ սերտ հարաբերություններ սկսեց այժմ գործերից քաշված ծերունազարդ բժշկապետ Բագրատ Նավասարդյանը36։

 

Ե

Եթե կար մի նպաստավոր հանգամանք, որ հովանավորում էր Հայոց հարցի առաջին խանձարուրային 3-4 տարիները, այդ այն համեմատական ազատությունն էր, որ գոյություն ուներ ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Թուրքիայում։ Հայոց մամուլը Կ.Պոլսում եւ Զմյուռնիայում ազատ քննում էր հայ ժողովրդի անտանելի դրությունն ասիական գավառներում եւ պաշտպանում էր 61-րդ հոդվածը։ Իսկ Ռուսաստանի մասին ավելորդ է խոսքն անգամ։ Այստեղի հայության համար թուրքահայերի հարցը դարձել էր սեփական հարց, ամենաբարձր, նվիրական մտածմունքը, որ հետ էր մղել բոլոր մյուս հարցերը եւ լայն ժողովրդականություն էր ստացել բոլոր խավերի մեջ։ 1879-1880թթ. սով էր Թուրքահայաստանում։ Առաջին անգամ էր, որ այս առիթով հայ ժողովրդի մեջ երեւան եկավ հասարակական ինքնօգնության լայն կազմակերպում։ Կ.Պոլսում կազմված «Սովելոց հանձնաժողովը» դրված էր եվրոպական դեսպանների հովանավորության տակ։ Ռուսաստանի բոլոր հայաբնակ անկյուններում ժողովարարություն կատարվեց, եւ առաջին անգամ հանդես եկավ նոր ժամանակների մեծ ուժը՝ խոշոր գումարներ` կազմված ժողովրդական կոպեկներից37։ Սովալլուկ թուրքահայն առաջին անգամն էր իր բազմադարյան կյանքի մեջ օգնություն ստանում դրսի աշխարհից։ Սա ցույց էր տալիս, որ նա իր դատով դարձել էր համազգային գգվանքի առարկա։

Հայկական հարցի հարուցած անօրինակ հասարակական շարժումների հայտարար նշաններն էին չորս տարվա խոշոր կուլտուրական նվաճումները` դպրոցական վերակազմություն, թատրոն, ուռճացած գրականություն, մամուլ, հրատարակչական եւ բարեսիրական հիմնարկություններ։

Եվ հանկարծ այս ամբողջ կենդանությունը կանգ էր առնում, խամրում էր։ 1881-ից հետո սաստկացած ռուսական խավար ռեակցիան եղբայրացավ Թուրքիայում գլուխ բարձրացրած սուլթանական ռեակցիայի հետ։ Եվ այս եղբայրացման առաջին զոհերից մեկը դարձավ հայությունը։ Հալածանքներ, արգելքներ Թուրքիայում, նույնը` եւ Ռուսաստանում։ Հայոց հարցին հավասարապես թշնամի են թե՛ Աբդուլ-Համիդ Բ-ն եւ թե՛ Ալեքսանդր Գ-ն38։ Հայոց պատմությունն արգելված առարկա հայտարարվեց Ռուսաստանում, իսկ Թուրքիայում ոչ միայն դա արգելվեց, այլեւ նույնիսկ «Հայաստան» անունը։ Հեղափոխական տրամադրությունը մտավ ընդհատակ կամ տեղափոխվեց արտասահման։ Բայց մի անգամ ընդգրկած գործողության եղանակը չլքվեց։ Րաֆֆին կարողացավ լույս հանել իր երկհատոր «Կայծերը», որ նա անվանեց վեպ-ծրագիր։ Ծրագիր էր այդ վեպն այն կողմից, որ պատկերում էր մի խումբ երիտասարդների, որոնք Պարսկաստանի Սալմաստ գավառից անցնում են Վանի եւ Մուշի կողմերը ինչ-որ խորհրդավոր առաքելությամբ, որի ինչ լինելը կարելի էր մակաբերել հեշտությամբ։ Պայմաններն այլեւս այնպես չէին, որ կարելի լիներ ամենայն շիտակությամբ ծավալել հայդուկային կռվի նկարագրությունը։

Եզոպոսյան լեզուն ավելի ակնարկներով էր կռահել տալիս, թե ովքեր են այդ Ասլանները, Կարոները, Սագոները եւ այլն։ Դրանք, բացատրում էր հեղինակը, այսօրվա մարդիկ չեն, այսօր դեռ չկան, գոյություն չունեն, բայց վաղը, մյուս օրը կլինեն, դուրս կգան գործելու։ Պետք է խոստովանել, որ Րաֆֆու տաղանդի ամենախոշոր հատկությունն այն էր, որ նա ըմբռնում էր օրվա տրամադրությունները, դրանք վերարտադրում գեղարվեստական պատկերների մեջ, որոնց միջոցով դնում էր հասարակական մտքի առաջ ոչ միայն տիպեր, այլեւ ամբողջ ծրագրեր։ Այսպիսով Րաֆֆին ոչ միայն տաղանդավոր վիպագրող էր, սնված գլխավորապես Էժեն Սյուի եւ նրա նման ուրիշ բուլվարային ռոմանտիկներից, որոնք ավելի հեքիաթ էին տալիս, քան թե կյանք, այլեւ հանդիսանում էր ռազմագետ-հրամանատար, որ ծրագրում էր մի ամբողջ ժողովրդական պատերազմ. մի պատերազմ, որ տասնյակ տարիների ընթացքում պիտի մղեր փոքրիկ, թույլ, ստրկության մեջ դարերով ընդարմացած հայ ժողովուրդը օսմանյան ահեղ բռնակալության դեմ։

Այս ռազմավարության համար նրա վիպած միջոցները, տակտիկան անխախտ մնացին, եւ ոչ ոք` թե՛ անհատներ եւ թե՛ ամբողջ բազմամարդ կազմակերպություններ, չկարողացան, ընդունակություն չունեցան մի նշանակալի փոփոխություն, մի արմատական նոր շեշտ մտցնել րաֆֆիական ռազմավարական հատակագծի մեջ։ Հազիվ թե կարելի լինի հավատալ, թե Րաֆֆին ճիշտ որ այդքան անսխալական համարեր իրեն։ Իր կենդանության ժամանակ նա տեսավ միայն Էրզրումի «Պաշտպան Հայրենյաց» թույլ ու խեղճ կազմակերպությունը, որ նախքան կկարողանար մի որեւէ հեղափոխական գործ սկսել, ընկավ թուրք կառավարության ձեռքը եւ ոչնչացավ դատաստանական պատիժների միջոցով։

«Կայծերից» հետո Րաֆֆին ծրագիր-վեպեր չտվեց։ Միակ թույլատրված միջավայրը, ուր նա կարող էր ծավալել իր ազգասիրական երեւակայությունները, մնում էր պատմությունը։ Եվ նա իր «Սամվել» մեծ վեպի վրա էր աշխատում, երբ մեռավ 1888-ին։ Սակայն նա ամուր հիմք էր դրել, հիմնել էր դպրոց։ Եվ 80-ական թվականների հայդուկային գրականությունը միայն կերպարանափոխվում էր գրաքննական խարազանների ազդեցության տակ` չկորցնելով իր ներքին բովանդակությունը։ Նա տեղափոխվեց Թիֆլիսից Պետերբուրգ, ուր գրաքննական պայմանները մի քիչ ավելի նպաստավոր էին։ Պետերբուրգի հայ ուսանողական կազմակերպությունն էր, որ էժանագին փոքրիկ ժողովրդական բրոշյուրների մի երկար շարքի հրատարակություն սկսեց։ Այդ հրատարակություններն իրենց թեթեւությամբ եւ դյուրագնությամբ (2, 3, 5 կոպեկ) թափանցում էին հայ ժողովրդի խորքերը մեծ քանակությամբ։ Նրանք գրեթե բացառապես թարգմանական էին, եւ նրանց մեծագույն մասը վերաբերում էր բուլղարների հայդուկային հեղափոխությանը։ Ո՞վ չի հիշում այդ բրոշյուրները։ Ամեն մեկի շապիկը ներկայացնում էր հայ ընտանիք, ուր գիրք էր կարդացվում, եւ ընտանիքի հայրը աչքի էր ընկնում իր ահագին մոթալ փափախով։ Իսկ վերնագրե՞րը` «Սարկավագ», «Ստեփան Կարաջա», «Ուրիշի գերեզմանի վրա առանց արտասուքի են լաց լինում» եւ այլն։ Բոլոր այս պատմվածքները վերցված էին Իվանովի «Борцы и мученики за свободу Болгарии»39 աշխատությունից, եւ նրանց մեջ հայ ընթերցողը գտնում էր մանրամասնություններ բուլղարական հեղափոխական կազմակերպությունների, կոմիտեների, հայդուկային չեթեների40, թուրքական հալածանքների ու խստությունների մասին։ Հրատարակվեցին [Տոմաշ] Եժի41 «Ուսկոկներ»42 եւ «Լուսաբացին» երկու խոշոր վեպերը` դարձյալ բալկանյան հեղափոխական կյանքից։ Տրվում էին եւ ուրիշ ազգերի ազատագրական կռիվներից վերցրած պատկերներ։ Նպատակը պարզ էր։

Պետերբուրգի ուսանողական կազմակերպության անդամներից երկուսը շուշեցի էին` Եփրեմ Տեր-Հակոբյան եւ Հմայակ Նազարյան։ Ամառային արձակուրդներին, երբ նրանք գալիս էին Շուշի, ես շատ հաճախ խոսակցություն էի ունենում նրանց հետ այս հրատարակումների մասին, եւ նրանք ինձ բացատրում էին իրենց եւ իրենց ընկերների հայեցակետը։ «Պետք է, – ասում էին, – հեղափոխականացնել ժողովրդական մասսաները պատմական նմանությունների, անալոգիաների միջոցով։ Ամենացայտուն խրատական անալոգիաներ տալիս է մեզ բուլղարական հեղափոխությունը, որ թե՛ շատ մոտիկ է մեզ ժամանակով եւ թե՛ հարուստ է թուրքահայերի կյանքը հիշեցնող պատկերներով։ Մենք, – շարունակում էին երկու երիտասարդները, – թեեւ ինքներս ոչինչ չենք ասում, քարոզչություն չենք անում, բայց մեր տված գրականությամբ այն դաստիարակությունն ենք տարածում, որ թուրքահայերի ազատությունը կարող է այն կերպով լինել, ինչ կերպով եղել է բուլղարների ազատությունը»։

Այս ճիշտ էր։ Բայց այս դաստիարակության մեջ չափազանց շատ էր սպանիչ միակողմանիությունը։ Հարցն այն բանի մասին չէր, որ թուրքահայերը տանջվում են բուլղարների նման, նույնիսկ նրանցից էլ մեծ չափերով։ Հարցն այն էլ չէր, որ արյունարբու բռնակալության ճիրաններում ծվատվող մի աշխատավոր ժողովուրդ, որի 95 տոկոսը կազմում էր հողագործ գյուղացիությունը, պիտի աշխատի իրեն ազատելու համար։ Այս բաների վերաբերմամբ ի՞նչ վեճ կարող էր լինել։ Հարցը` զարհուրելի, սասանեցուցիչ հարցն այն էր, որ բուլղարների եւ հայերի ճակատագրի մեջ կար ահագին տարբերություն էլ։ Բուլղարներին ազատողն այն փոքրիկ հայդուկային խմբերը չէին, որոնք թեեւ կռվում էին զարմանալի, անօրինակ հերոսությամբ, բայց միշտ էլ, վերջիվերջո, օսմանյան կանոնավոր բանակի ծանրության տակ պիտի ճմլվեին։ Բուլղարներին ազատողն այն համասլավոնական ուժեղ բռնկումն էր43, որ հրդեհեց Ռուսաստանը եւ ցարական բանակները Թուրքիա նետեց։

Բուլղարական հայդուկները միայն պատրվակներ էին, որոնց ստեղծողն ու կազմ եւ պատրաստ պահողը Կ.Պոլսի ռուսաց հզոր եւ եռանդուն դեսպանն էր` գեներալ Իգնատեւը։ Ռուսաստանի սլավոնական կոմիտեներն էին, որ դրամ, զենք ու զգեստ էին հայթայթում բուլղար չեթեներին։ Երկրի աշխարհագրական դիրքն էլ չափազանց բարերար էր։ Հայդուկային շարժումները տեղի էին ունենում գլխավորապես Բալկանյան լեռներում։ Հենց որ չեթեները նեղ տեղ էին ընկնում թուրք զորքերի գործողությունների հետեւանքով, նրանք փախչում էին մինչեւ Դանուբ գետը եւ ապահով ապաստան, օգնություն էին գտնում նրա մյուս ափին։ Հայ պահպանողականները, հակառակելով հեղափոխական շարժման կողմնակիցներին, ասում էին, թե թուրքերը կջարդեն հայերին, բայց դրանով միայն հեգնական ժպիտ էին պատճառում հեղափոխականներին։ Չէ՞ որ սրանք [հեղափոխականները] շատ լավ գիտեին, որ 1876թ. բուլղարական կոտորածներն ընդհանուր վրդովմունք առաջացրին Եվրոպայում, առաջ քաշեցին Գլադստոնին, որի ճառերը Բուլղարիայի ազատության հիմքը դրին։

Այս այսպես ասվում էր։ Բայց իրականությունն այն էր, որ Գլադստոնի ճառերն ու գրությունները միայն համակրական զգացմունքներ զարթնեցրին, որոնք սակայն ուժ չկազմեցին։ Այնպես որ, թուրքական գազանությունների պաշտպան Բիկոնսֆիլդի մինիստրությունը ոչ միայն չընկավ, այլ զգալով իր ուժը` շարունակեց մաքառել Ռուսաստանի դեմ՝ Թուրքիան պաշտպանելու համար, իսկ երբ ռուս-թուրքական պատերազմի հետեւանքով ստեղծվեցին պայմաններ, որոնք սպառնում էին Լոնդոն-Սիթիի44 գրպաններին, Գլադստոնը բոլորովին լքվեց ու մենակ մնաց, իսկ այն հասարակությունը, որ մի ժամանակ ծափերով էր ծածկում Գլադստոնի անեծքները թուրքերի հասցեին, այժմ գնաց Բիկոնսֆիլդին պաշտպանելու, որպեսզի պաշտպանված լինի անգլիական բանկերի պարտապան Թուրքիան։

Բուլղարիան ազատողը Գլադստոնը չէր, այլ այն ծանր ու արյունահեղ պատերազմը, որ Ռուսաստանից միջոցներ եւ հարյուրհազարավոր մարդիկ խլեց։

Ահա ինչեր էին ծածուկ մնում հայ ընթերցողից՝ պատմական անալոգիաները դաստիարակչական ուժից չզրկելու համար։

Գոնե հաշվի առնեին այն հարաբերությունները, որոնք ստեղծվել էին ազատարար Ռուսաստանի եւ նրա ազատած Բուլղարիայի միջեւ։ Մեկը չէր գտնվում, որ լայն, բազմակողմանի լուսաբանություններով խախտեր հայ իրականության մեջ հաստատվող հիվանդոտ ու մահացնող միակողմանիությունը։ Ալեքսանդր Գ-ի կառավարությունը կատաղի թշնամի էր առհասարակ որեւէ ազգի ազատագրական շարժման, բայց մասնավորապես թշնամի էր հայկական շարժման եւ Հայոց հարցի լուծման, որովհետեւ չէր ուզում մի նոր «ապերախտ» Բուլղարիա45 ստեղծել Ռուսաստանի ասիական սահմանի վրա։ Իսկ մեզ ասում էին` Հայկական հարցը շատ նման է բուլղարական հարցին եւ նրա նման էլ պիտի լուծում ստանա։ Ու Րաֆֆու գծագրած հայդուկային աշխարհավարությունը գնալով խորացնում էր իր արմատները հայկական ըմբռնողության մեջ` այդպիսով չինական պատերի մեջ դնելով մշակվող գիտակցությունը։

Փաստերը ոչ միայն չէինք ուսումնասիրում առարկայի ստեղծած ամբողջ լրջությամբ, այլ աշխատում էինք ազատել մեր օձիքը դրանց ձեռքից՝ փախչելով դրանցից։ Կատաղի թշնամությամբ լցված ցարական Ռուսաստանն այն անհեթեթ վիշապն էր, որ ծառացել էր մեր դեմ։ Իսկ մենք վճռում էինք Հայոց հարցը լուծել տալ ոչ միայն առանց դրան [հաշվի առնելու], այլեւ հակառակ դրան։ Սա մի աներեւակայելի անմտություն էր։ Բայց մեր քաղաքական մանկությունը մակաբերում էր, թե դա միանգամայն հնարավոր է։ Բավական էր [համարվում] միայն տեղափոխել Հայկական հարցի պրոպագանդան Եվրոպա։ Եվ ծրագրում էին հիմնել այնտեղ մի մեծ քաղաքական թերթ ու նրա խմբագրությունը հանձնել Գրիգոր Արծրունուն։

Ծրագիրը ծրագիր էլ մնաց։ Պետք է ասեմ, որ 1880-ական թվականների քաղաքական շարժման գլխավոր ղեկավար, բնականաբար, առանց ընտրության եւ կազմակերպության, համարվում էր Գրիգոր Արծրունին։ Երիտասարդ եւ առաջադեմ սերունդը նրան էր ընդունում իր հեղինակավոր առաջնորդ եւ պարագլուխ. նա էր, որ առաջին անգամ հրապարակ էր բերել թուրքահայոց հարցը, պահանջել էր, որ նա լուծվի ապստամբության ճանապարհով։ Բայց Արծրունին լոկ հրապարակախոս էր, գրչի մարդ։ Քաղաքական գործչի ջիղ նրան չէր տրված, եւ նա [ինքն] իրեն անընդունակ էր համարում մանավանդ գաղտնի հեղափոխական գործունեության համար։ Ալեքսանդր Գ-ի կառավարության հակահայկական արշավի նախընթաց նշաններից մեկն այն էր, որ խուզարկություն կատարվեց «Մշակի» խմբագրատանը։ Այս մասին Արծրունին ինձ, իբրեւ իր աշխատակցի, հայտնեց Թիֆլիսից Շուշի ճանապարհորդած մի ուսանողի միջոցով, բերանացի, որպեսզի ես իմանամ հայտնի զգուշություններով վարվել իրեն ուղարկած նամակների եւ հոդվածների մեջ։ Վերջը նա հայտնեց, որ անլեգալ գործունեություն ստանձնել նա չի կարող եւ կարծում է, որ մնալով ցենզուրայի ենթարկված մամուլի ներկայացուցիչ, կարող է ավելի մեծ օգուտ տալ հայ ժողովրդին, քան հեղափոխական անլեգալ գործունեությամբ։ Եվ նա այդպես էլ արավ։ Հետզհետե կտրեց իր առնչությունը հայդուկային հեղափոխության հետ։

28Ամերիկացի պատմաբան, քիմիկոս, բժիշկ, մարդաբան, լուսանկարիչ, Լուսնի առաջին լուսանկարի հեղինակ Ջոն Վիլյամ Դրեպերի (1811-1882) աշխատություններից ռուսերեն են թարգմանվել «Եվրոպայի բանական զարգացման պատմություն» եւ «Գիտության եւ կրոնի հակամարտությունները» գրքերը։
29Ռափայել Պատկանյան (1830-1892) – Հայ նշանավոր գրող. մոսկովյան իր ուսանողական ընկերների (Գ.Քանանյան եւ Մ.Թիմուրյան) եւ իր անուն-ազգանունների կրճատմամբ 1852-ին կազմվել է «Գամառ-Քաթիպա» ընկերությունը, որը հրատարակել է հիմնականում Ռ.Պատկանյանի գործերը։
30Գրիգոր Արծրունի (1845-1892) – 1870-1880-ականների հայ իրականության ամենաերեւելի դերակատարը, ազնվական, Թիֆլիսի առաջին քաղաքագլխի որդին, քաղաքատնտեսության եւ փիլիսոփայության դոկտոր, հայ լիբերալիզմի առաջատար գաղափարախոսը, հայկական կյանքի վրա անգերազանցելի ազդեցություն ունեցած թերթի՝ «Մշակի» (1872) հիմնադիրը։ Նրա թերթում են տպագրվել արեւելահայ գրեթե բոլոր խոշոր հեղինակները։ Լեոն եռահատոր ուսումնասիրություն է գրել նրա մասին (Թիֆլիս, 1902-1905)։ Իրենց հուշերում նրան մեծ տեղ են հատկացրել Արծրունու ժամանակին անդրադարձած բոլոր հուշագրողները։
31Ժամանակակից քաղաքական տերմինաբանությամբ՝ «ազատամիտ» բառի փոխարեն հարկ էր կիրառել «ազատականը», թեեւ չենք ուղղել։ Լեոն այս որակումն օգտագործում է եւ՛ Անգլիայի լեյբորիստական, եւ՛ Անգլիայի լիբերալ (ազատական) կուսակցությունների համար։ Գլադստոնը նախապես ներկայացրել է լեյբորիստական, հետո՝ լիբերալ կուսակցությունները։ Լեյոբորիստ էր նաեւ Ռոզբերին, որին եւս Լեոն անվանում է ազատամիտ։
32Արեւմտյան Հայաստանի մի հատվածին (այսօր արդեն՝ ողջ Արեւմտյան Հայաստանին) եւ Իրաքի հյուսիսին քրդերի կողմից տրվող անվանում, որ կիրառել եւ կիրառում են նաեւ ոչ քրդերը. «Քրդստան», «Քրդիստան», «Քուրդստան» ձեւերից նախընտրել ենք ներկայումս ընդունված «Քուրդիստանը»։
33Մկրտիչ Ա Վանեցի Խրիմյան Հայրիկ (1820-1907) – Ժողովրդի կողմից ամենասիրված Ամենայն հայոց կաթողիկոսը Հայ եկեղեցու ողջ պատմության ընթացքում, մեծարվել է «Հայրիկ» պատվանվամբ։ 1868-ին օծվել է եպիսկոպոս, 1869-73թթ. եղել է Կ.Պոլսի պատրիարքը, 1892/93-ից՝ Ամենայն հայոց կաթողիկոս։ Ղեկավարել է Բեռլինի կոնգրեսին մասնակցելու մեկնած հայկական պատվիրակությունը։ Հայտնի «թղթե շերեփ» արտահայտության հեղինակն է։ Հիասթափվելով քրիստոնյա երկրների խաղերից՝ փարել է ազգային-ազատագրական շարժման գաղափարին։ Ծավալել է նաեւ ուսուցչական, հրատարակչական, քարոզչական, բարեգործական բուռն գործունեություն։
34Արտաքին աշխարհին վերաբերող անգլիական պաշտոնական տեղեկագիր-ժողովածու։ Ֆրանսիականը՝ «Դեղին գիրք», ռուսականը՝ «Նարնջագույն գիրք»։
35Քսենոփոն Աթենացի (Ք.ա. 430-355) – Հին հույն պատմիչ եւ մտածող, նրա «Անաբասիս» եւ «Կյուրոպեդիա» աշխատություններում հարուստ տվյալներ կան հին հայերի, ինչպես նաեւ քրդերի մասին։
36Բագրատ Նավասարդյան (1852-1934) – Ռուս-թուրքական 1877-78թթ. պատերազմին որպես բժիշկ մասնակցած կամավորական, Կովկասի հայոց բարեգործական ընկերության հիմնադիրներից եւ պատվավոր նախագահ, «Պաշտպան Հայրենյացի» հիմնադիրներից։ Թիֆլիսում բացել է մասնավոր հիվանդանոց, ուր չքավորների սպասարկումը կատարել է անվճար, Հայ եկեղեցու գույքի բռնագրավման դեմ հակացարական ելույթների մասնակից, որի պատճառով 1903-ին ձերբակալվել եւ աքսորվել է Անդրկովկասից. Րաֆֆու «Խենթում» դարձել է գրական հերոս։
37Ռուսական դրամական նվազագույն միավորը։
38Ալեքսանդր Գ Ռոմանով (1845-1894) – Ռուսական կայսր 1881-1894թթ., դադարեցրել է իր նախորդի բարեփոխումների ընթացքը, ներքին կյանքում անցել ռեակցիայի եւ վելիկոռուսական շովինիզմի, խստորեն սահամանփակել է ռուսական ուղղափառությունից զատ մյուս կրոնները, մտցրել է խիստ գրաքննություն, փակել հրատարակչություններ, դատաստան տեսել ազատախոհության ցանկացած դրսեւորման հետ, «Ռուսաստանն ունի երկու դաշնակից՝ բանակը եւ նավատորմը» արտահայտության հեղինակ։ Նրա օրոք երկիրը ոչ մի պատերազմի չի մասնակցել, որի շնորհիվ ստացել է «Խաղաղարար» պատվանունը։
39Ռուսերեն՝ «Բուլղարիայի ազատության մարտիկներն ու նահատակները»։
40Թուրքերեն՝ «ջոկատ», «հրոսակախումբ»։
41Եժ Տոմաշ Թեոդոր (1824-1915) – Լեհ գրող, հրապարակախոս, ճանապարհորդ, 1848թ. հունգարական ապստամբության մասնակից, Համալեհականության շարժման հիմնադիր։
42Օսմանյան տիրապետության տակ գտնվող հարավսլավոնական տարածքներից փախածներ (ուսկոկ – փախստական), ովքեր ապրում էին հողագործությամբ եւ տեղական բա(րին)ների զինվորական արշավանքներին մասնակցությամբ։
43Անշուշտ, Լեոն ճիշտ է, սակայն մասամբ։ Խնդիրն այն է, որ համասլավոնականությունը ընդամենը ռուսական հատուկ ծառայությունների միջոցով հետադարձ կապի սկզբունքով նետված օժանդակ միջոց էր, որով ռուս հասարակությանը ներշնչվում էր սեփական «պատմական առաքելության» մտածում եւ հոգեվիճակ՝ լեգիտիմացնելու համար ինքնակալության ձգտումները, պատերազմի պատճառելիք հոգսերը եւ այլն։ Իսկ բուլղարների հաղթանակն ապահովվեց, քանի որ այդպիսի չորս հզոր գործոն էին համընկել եւ կուտակվել մեկ կետում՝ ա) կայսրության գեոստրատեգիան եւ աշխարհակալական նկրտումները, բ) տվյալ պահի իրերի միջազգային բարենպաստ դասավորությունը՝ պայմանավորված եվրոպական գերտերությունների շահերով, գ) բուլղար ժողովրդի պայքարը գ) ուղղափառ ռուսներին ներշնչված գաղափարախոսական պատրաստվածությամբ պայմանավորված ամեն կարգի օգնությունը։
44Լոնդոնի պատմական միջուկը, որ համաշխարհային առանցքային ֆինանսական կենտրոններից էր եւ է։
45Ռուսաստանը կամենում էր Բալկանները կցել կամ ծառայեցնել իրեն՝ շահարկելով համասլավոնականության գաղափարը, սակայն բուլղարները կարճ ժամանակում կարողացան դրսեւորել պետական մտածողություն եւ այն ավելի բարձր դասելով՝ երես թեքել Ռուսաստանից։