Za darmo

Անցյալից

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Ուրիշ այսպիսի օրինակներ որքան կամենաք։ Մեկն էլ հենց մենք։ Ո՞վ էր մեզանից այնքան պակասում հայասիրության մեջ, որ իմանար, թե թուրքահայությունը պիտի բնաջինջ դառնա, Հայաստանի անունը պիտի վերանա Վանա լճի եւ Եփրատ-Տիգրիսի լեռնային ավազանից, եւ գլուխը վերցրած չփախչեր Ազգային բյուրոյից էլ, փոխարքայական պալատից էլ, Ներսիսյան լճի դիպլոմատիական քարափից էլ…

Սա այսպես է, այո՛։ Բայց եւ այնպես…

Խաբվել էլ կա, խաբվել էլ։ Նայած, թե ով է խաբվողը։ Երեխա՞ն, թե խելահաս մարդը։ Մենք երեխայի պես խաբվեցինք եւ տվինք, ինչ որ ունեինք, մինչեւ որ կատարելապես մերկ ու անոթի մնացինք։ Մինչդեռ կային խելահասներ, որոնք շատ քիչ խաբվեցին, անգամ չխաբվեցին էլ։ Հրեն` լեհերը[284; Դնենք մեզ նրանց կողքին։ Նիկոլայ Նիկոլաեւիչի մեծախոս դիմումը նրանց մեջ ընդունվեց առանց հորթային հրճվանքների, կարելի է ասել` սառն անտարբերությամբ։ Ո՛չ հատուկ կամավորական խմբեր կազմակերպվեցին ռուսաց բանակի հետ միասին գործելու համար, ո՛չ ապստամբություններ հարուցվեցին Գալիցիայի կամ Պոզնանի մեջ…

Իսկ մե՞նք… Մենք նույնիսկ Նիկոլայ Նիկոլաեւիչի կոչն էլ չունեինք ձեռներիս, բայց այնքան խոսեցինք ու բղավեցինք, թե պետք է, որ մենք էլ կոչ ունենանք, այն էլ ոչ թե Նիկոլայ Նիկոլաեւիչից, այլ հենց իրենից` Նիկոլայ Բ-ից, որ լրագրերի մեջ, այն էլ` անշուշտ դաշնակցական կամ հնչակյան մամուլի սատարությամբ, կազմվեց մի հրեշավոր սուտ` իբր թե Նիկոլայ Բ-ն կոչ է ուղղել հայերին եւ նրա մեջ ասել` «Հայեր, եկել է ձեր տանջանքների վերջը» եւ այլն, եւ այլն։ Այս սուտը երկու ձեռքով բռնեց թուրքական կառավարությունը եւ զետեղեց մեղադրական կետերի մեջ, որոնցով ամբողջ թուրքահայությունը դատապարտվում էր բնաջնջման։

Կոնսերվատիվ սենյակի ժողովուրդ չէինք, այլ կտուրի ժողովուրդ էինք, ինչ ունեինք` հրապարակի մեջ էր։ Նույնիսկ ինչ չունեինք էլ, դարձյալ հրապարակի մեջ էինք դնում։ Այս պատճառով էլ չափազանց հեշտ էր մեզ թակարդի մեջ գցելը, մեզ լավ ջարդելը եւ նույնիսկ արմատահան անելը։

Բ

Դիլիջանի բարձրությունը խոշտանգում էր իմ թույլ սիրտը, եւ ես շատ թուլացած, գրեթե հիվանդ` օգոստոսի երկրորդ կեսին շտապեցի հրաժեշտ տալ բնության այդ չքնաղ անկյունին եւ իջնել մեր աղմկոտ եւ փոշոտ Թիֆլիսը։ Ղարաքիլիսայում էր, որ երկաթուղին ինձ` երկու ամսից ի վեր անտառաբնակիս, ցույց տվեց պատերազմող մի երկրի դրությունը։ Թեեւ կովկասյան ճակատը դեռ չէր ծխում, բայց ահագին տեղափոխություններ էին կատարվում դեպի Կարս եւ պարսկական սահմանագլուխ։ Մասնավոր հաղորդակցությունը չափազանց դժվարացել էր եւ դանդաղել։ Երջանկություն էր, որ մի անկյուն գրավեցինք ամբողջովին տախտակյա մի վագոնի մեջ։ Տեղի անձկությունն ու կոշտությունը մոռացնել տվեցին կեսգիշերին Սանահին կայարանում ստացված լուրը ռուսական խոշոր հաղթությունների մասին, որոնք տեղի էին ունեցել Գալիցիայում։ Առավոտյան Թիֆլիս մտնելով` Կովկասի մայրաքաղաքը տեսանք տոնական զարդարանքների մեջ։ Տոնում էին Լվովի առումը։ Բայց եւ այնպես, դա` հունիսին իմ թողած Թիֆլիսը չէր։ Պակասել էր կենդանությունը, շարժում քիչ կար, ամենքը գանգատվում էին օրավուր աճող թանկության վրա։

Ճնշված իմ առողջական եւ տնտեսական ծանր պայմանների տակ` ես տրամադրություն էլ չունեի տեսնվելու, այսպես կոչված, ազգային շրջանակների հետ, բայց եւ այնպես իմացա, որ Ազգային բյուրոն եռուն աշխատանքի մեջ է։ Ընդամենը մի երկու ամիս առաջ լինելով իր raison d’etre-ն285 կորցրած մի դիվանագիտական անկելարան, ինչպես Գեւորգ կաթողիկոսն էր անվանել` «թաժա խաբարները իմանալու տեղ», հիմա միաժամանակ վերածվել էր մի ռազմական շտաբի, որ կամավորական շարժում էր պատրաստում` մի կողմից Ռուսաստանի բոլոր հայաբնակ անկյունները կրակոտ կոչեր ուղարկելով, որ փող հավաքվի զինվորներին հագցնելու եւ պարենավորելու համար, մյուս կողմից` կամավորական կազմակերպության գործնական աշխատանքները առաջ տանելով։ Լուռ, ինքնըստինքյան միանգամայն հասկանալի համաձայությամբ այս երկու գործունեությունները բաժանվում էին. հասարակության դիմելը, փող հավաքելը, հանդերձանք հայթայթելը բուրժուազիայի վրա էր ընկնում, մնացածը` Դաշնակցությանն էր պատկանում` առանց որեւէ կողմնակի հսկողության եւ հաշվապահանջության։ Եվ զարմանալին այն էր, որ Դաշնակցությունը շարունակ երդում-հավատ էր անում, թե Ազգային բյուրոն դաշնակցական չէ, եւ ապացույցի համար մատը դնում էր այն վաճառականների անունների վրա, ովքեր բյուրոյի անդամ էին։ Ումի՞ց եւ ինչի՞ց էին թաքնվում։ Սոսկ մի հանգամանքից, որ սոցիալիստները չնայեին Նիկոլայի համար զինվորներ պատրաստող այդ «սոցիալիստների» վրա եւ չասեին` «Ամո՞թ չէ»։

Թե չէ ամեն ինչ չափազանց պարզ էր։ Արդեն եկել հավաքվել էին դաշնակցական բոլոր հռչակավորները։ Երբ ես Թիֆլիս եկա, արդեն այնտեղ էր բազմահռչակ Անդրանիկը, որ հետո մի ժողովի մեջ, զինվորի պարզամտությամբ պատմում էր, թե ինքը Վառնայի մոտ իր փոքրիկ հողամասն էր մշակում, երբ առաջարկություն ստացավ Կ.Պոլսի դաշնակցական կոմիտեից` անմիջապես մեկնել Կովկաս եւ իրեն դնել Թիֆլիսի կոմիտեի տրամադրության տակ։ Թիֆլիսում էին Քեռին286 եւ ուրիշները, շուտով եկավ եւ Համազասպը287, որ Սիբիր էր աքսորված։ Կ.Պոլսից եկավ նաեւ Գարեգին Փաստրմաճյանը (Արմեն-Գարո)288` օսմանյան պառլամենտի անդամը։ Այս մարդուն շատ լավ էինք ճանաչում Թիֆլիսում։ Մի համեստ, շատ սիրելի եւ անուշ բնավորության տեր էր` չօժտված առանձին մեծ արժանավորություններով։ Բախտը տվել էր նրան իբրեւ տեռորիստ հայտնի դառնալու մի հաջող դեպք. նա 1896-ին Բանկ-Օտոմանը գրաված հերոսներից էր։ Եվ ահա մոտ 20 տարի այդ փառքի օրից անցնելուց հետո` Արմեն-Գարոն թողնում էր պառլամենտական խաղաղ նստարանը, նորից ընդգրկելու արյան արհեստը։ Նա Թիֆլիս էր եկել կամավորական խմբերից մեկի գլուխն անցնելու համար։

Ավելի մեծ անտակտություն Դաշնակցությունն իր կյանքում չէր արել։ Ոչ մի բան այնքան չկատաղեցրեց երիտթուրքերին, որքան այն հանգամանքը, որ թուրքական պառլամենտի անդամն անցնում է Թուրքիայի դարավոր ոխերիմ թշնամու կողմը` Թուրքիայի դեմ կռվելու համար։ Հայերի պետական դավաճանության ապացույց է այն լուսանկարը, որ ներկայացնում է պառլամենտի այդ անդամին` իր զինվորների հետ։ Եվ այդ փոքրիկ մարդն իր փոքրիկ փառասիրությամբ, ով գիտե, որքան ուժ է տվել այն ձեռքին, որ ստորագրում էր թշվառ թուրքահայության բնաջնջման վճիռը։ Զարհուրելի է այս մասին մտածելն անգամ։

Ամեն ինչ վճռված, վերջացած էր։ Մնում էր միայն Պետերբուրգի կառավարության պատասխանն այն նոր առաջարկների առթիվ, որոնք արված էին կաթողիկոսի գրության մեջ։ Այս պատասխանին սպասում էին ինչպես երկնային մանանայի։ Այս պետք է լիներ մի տեսակ զինակցության պայմանագիր, մի տեսակ պարտաթուղթ, մուրհակ, որ պիտի տար ռուսաց ցարի կառավարությունը հայ ժողովրդին։ Եվ եկա՜վ այդ պատասխանը։ Փոխարքա Վորոնցով-Դաշկովը 1914թ. սեպտեմբերի 2-ին գրեց Գեւորգ կաթողիկոսին.

«Իմ քաղցր պարտականությունն եմ համարում տեղեկացնել Ձեզ, որ Ձեր օգոստոսի 5-ի թիվ 1131 նամակը, որով Դուք միջնորդում էիք թուրքահայերի հովանավորության եւ պաշտպանության եւ նրանց վիճակի բարվոքման մասին, ես ներկայացրեցի նախարարների խորհրդի նախագահին։ Այժմ ստատս-սեկրետար Գորեմիկինը289 տեղեկացնում է ինձ, որ ռուս կառավարությունը ոչ մի դեպքում ոչ մի զիջում չի անի Հայկական հարցի հողի վրա այն մտքով, որ ռեֆորմները Թուրքիայի հայկական նահանգներում մտցվելու են ռուսաց սկզբնական ծրագրով եւ Ռուսաստանի բացառիկ հսկողության տակ։

 

Նախարարների խորհրդի նախագահի վերոբերյալ հավաստիացման շնորհիվ բոլորովին համոզված լինելով հայերին հուզող խնդիրների նպաստավոր լուծման մեջ` ես պարտք եմ համարում, այնուամենայնիվ, նախազգուշացնել Ձեզ, որ թե՛ մեր կողմերի եւ թե՛ սահմանի մյուս կողմի հայերի գործողությունները ներկա րոպեում պետք է խստիվ համաձայնեցված լինեն իմ ցուցումների հետ, որովհետեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ներկայումս տիրող լարված դրության պատճառով, ընդհանուր քաղաքական տեսակետից, ինչպես եւ նույնպես ընդունում են մեր դաշնակից պետությունները, շատ կարեւոր է, որ Թուրքիայի դեմ պատերազմի առիթը տա ինքը` Թուրքիան, եւ ոչ թե որեւէ գործողություն մեր կողմից, ուստի շատ անցանկալի կլինի, եւ նույնիսկ վտանգավոր, առաջ բերել որեւէ ապստամբություն Թուրքիայի հայերի մեջ։

Միեւնույն ժամանակ ես խոնարհաբար խնդրում եմ Ձերդ Սրբությանը, վերոհիշյալ նկատումներից դրդված, գործ դնել Ձեր բարձր հեղինակավոր ազդեցությունը Ձեր հոտի վրա այն մտքով, որպեսզի մեր հայերը սահմանի մյուս կողմի հայերի հետ պատրաստ լինեն ինչպես այժմ, Թուրքիայի անորոշ դրության միջոցին, այնպես էլ ապագայում, ի դեմս մեր պատերազմի նրա հետ, կատարել այն հանձնարարությունները, որ ես ըստ ժամանակի պահանջման կարեւոր կհամարեմ եւ կառաջարկեմ նրանց ի կատարում»։

Սուտը, ինչպես ասում են, երկնեց եւ ծնեց… մի մուկ։ Նորից կարդացեք կաթողիկոսական թուղթը։ Ի՞նչ էր իբրեւ պատասխան ասում ռուս կառավարությունն այդ պարզորոշ առաջարկություններին. օրինակ` ընդունո՞ւմ էր Թուրքահայաստանի կատարյալ ավտոնոմ անջատումը սուլթանի իրավասությունից։ Ո՛չ, չէր ընդունում այդ առաջարկներից եւ ոչ մեկը։ Եվ ի՞նչ էր առաջարկում իր կողմից։ Ոչ մի նոր բան, այլ միայն այն, ինչ առաջարկել էր Թուրքիային 1913-ին եւ կրճատվել էր Գերմանիայի եւ նրա դաշնակիցների միահամուռ դիմադրության շնորհիվ։ Ռուս կառավարությունն իսկապես իր համար էր շահավետ դիրք ստեղծում` կոնտրոլի բացառիկ իրավունք։ Եվ հայերը, այդ հաջողացնելու համար, պիտի կռվի մեջ նետվեին ամենաանմիտ, ամենահիմար կերպով։

Ես զուր չեմ դիմում խիստ խոսքերի։ Ռուսաց կառավարության խոստումն անորոշ էր, մշուշային, ինչպես էր 1878 թվականին։ Եվ միայն մենք էինք, որ դրական, խրախուսիչ բովանդակություն էինք դնում վարչապետ Գորեմիկինի մանվածապատ, գրասենյակային տողերի մեջ, ինչպես մի ժամանակ դնում էինք 61-րդ հոդվածի մեջ։ Եվ այսօր էլ մենք, մեր սեփական մեկնաբանություններով մեզ շպրտված հինգ-վեց տողերը զարդարելով, հայտարարում էինք մեզ լիովին բավարարված. ասում էինք, թե ռուս կառավարությունը գրավոր կերպով խոստացել է այն, ինչ մենք ենք ցանկացել, եւ ասում էինք՝ «Դե, հայ ժողովուրդ, մարդիկ բեր, փող բեր, որ մենք կամավորական խմբեր կազմենք»։ Ինձ հաստատ աղբյուրներից հայտնի են շատ փաստեր, երբ Ազգային բյուրոյի կողմից ուղարկված ինտելիգենտ գործակալները (շատերը նույնիսկ իրենց հասարակական գործունեությամբ հայտնի) փող շատ հավաքելու, կամավորական տրամադրություն ստեղծելու համար անպատկառորեն հավատացրել էին, թե Գորեմիկինն այդ թղթում հաստատ խոստացել է անգամ անկախ Հայաստան։

Բայց սա դեռ քարը գլուխը։ Վորոնցով-Դաշկովի գրության նշանակությունն առաջին մասի մեջ չէ` անորոշ ու խուսափուն այն մի քանի զույգ բառերի մեջ։ Պարզ է, զարհուրելի պարզ այդ նամակի երկրորդ մասը, որից երեւում է, որ կառավարության դրած պայմաններից մեկը եղել է հայկական ապստամբություններ հարուցանելը Թուրքահայաստանում, եւ այս պայմաններն ընդունել են հայերը։ Պատմությունը զարհուրանքով կարձանագրի այս փաստը եւ կասի, որ սա այլեւս հիմարություն չէ, անմտություն չէ, սա եղեռն է… Պատերազմի ժամանակ ապստամբեցնել մի ժողովուրդ` նշանակում է պարզապես բոլոր իրավունքները տալ պատերազմող երկրի կառավարությանը, որ նա հրով եւ սրով ոչնչացնի այդ ապստամբած ժողովրդին։ Այս պարզ է ամենքի համար, բայց պարզ չէր այդ ոճրագործ ժողովներում, որոնք տեղի էին ունենում ցարական գեներալների հետ միասին, եւ որոնք չէին բավարարվում կամավորական զորք տալով, այլեւ դնում էին ռուսահայերին էլ, թուրքահայերին էլ Վորոնցով-Դաշկովի տրամադրության տակ, որ ինչպես ուզի` խաղացնի, ինչպես ուզի` ապստամբեցնի…

Ահա՛ թե ուր էին մեզ հասցրել փրկիչները։ Մինչեւ սպանդանոց, մինչեւ ոչխարային ողջակիզման Գողգոթա։ Այլեւս հեռու գնալու տեղ չէր մնում։ Ի՞նչ կարող է ունենալ մի ժողովուրդ ավելի թանկ, քան իր կյանքը։ Եվ երբ այդ մեծագույն բարիքը, այդ ամենաթանկ ստացվածքն էլ ինքնաբերաբար տրվում է ամբողջովին` առանց վերապահության, այլեւս ո՞ւր գնալ, ի՞նչ անել…

Դիլիջանից վերադառնալուցս բավական ժամանակ անց` Ազգային բյուրոն բարեհաճել էր ինձ էլ, մի քանի ուրիշ մարդկանց հետ միասին, կոոպտացիայի իրավունքով իր նիստերին հրավիրելու։ Շարունակում էի հեռու մնալ, բայց բյուրոյի քարտուղար Հակոբ Քոչարյանը մի քանի անգամ եկավ ինձ մոտ եւ ասաց, որ իմ ներկայությունը անհրաժեշտ է դիտված, եւ խնդրեց չմոռանալ այն օրերը, երբ կայանում են բյուրոյի նիստերը։

Ու վերջապես գնացի։ Նիստերը տեղի էին ունենում առաջնորդարանում` Մեսրոպ եպիսկոպոսի առանձնասենյակում։ Թիֆլիսի հայոց առաջնորդարանը դարձել էր մի շատ կարեւոր քաղաքական կենտրոն, եւ ինքը` Մեսրոպ եպիսկոպոսը, կատարում էր վերին աստիճանի խոշոր դեր։ Պալատի, զինվորական իշխանությունների, օտար պետությունների ներկայացուցիչների հետ հարաբերություններ պահպանողը, բանակցություններ վարողը նա էր` շարունակելով մնալ կոմս Վորոնցով-Դաշկովի եւ նրա ամուսնու անձնական բարեկամը։ Այդ բարձր դիրքի համեմատ էլ նա բարձ ուներ Ազգային բյուրոյի մեջ, ինչի շնորհիվ նա պատվավոր նախագահն էր, իսկ հասարակ նախագահությունը վարում էր Սամսոն Հարությունյանը։ Բավական բազմամարդ էր բյուրոյի այն նիստը, որին առաջին անգամ ներկա էի եւ ես։ Առաջնորդական առանձնասենյակը լեցուն էր։ Հիշում եմ այդտեղ Հովհաննես Թումանյանին, մի երեք-չորս հատ ջոջ վաճառականների` Մկրտիչ Քալանթարյան, Խաչատուր Ափրիկյան, Սերովբե Կյուլբենկյան, Ավետիս Պողոսյան, մի շարք դաշնակցական շեֆերի` Հովսեփ Արղության290, Արշակ Ջամալյան, Ավետիք Սահակյան։ Բայց գլխավոր, կենտրոնական անձնավորությունը, որին ամենքը վերաբերվում էին մեծ հարգանքով, Անդրանիկն էր։

Իմ բախտից բյուրոյի այս նիստն այնքան էլ հետաքրքրական չէր։ Քննվում էր կամավորներին հագցնելու հարցը, եւ Անդրանիկը հեղինակավոր ցուցումներ էր տալիս, թե ինչ տեսակ ոտնամաններ, վերարկուներ, գլխարկներ եւ այլն են պահանջվում։ Ինձ տարօրինակ թվաց այն հանգամանքը, որ մենք այսպիսի հապճեպով պատրաստություններ ենք տեսնում, մինչդեռ Թուրքիան իրեն պահում էր հանդարտ եւ մինչեւիսկ, նայելով լրագրական տեղեկություններին, կարող էր պատահել, որ նա պատերազմի մեջ չմտներ։ Եվ արդյո՞ք վաղաժամ չէին այս խոշոր ծախսերը։ Եվ վերջապես, հայտնի՞ էին այն պայմանները, որոնցով մենք մտնում էինք այս ծանր բեռան տակ։ Ինձ պատասխանեց Խաչատուր Ափրիկյանը.

– Է՜հ, պարոն Լեո, ի՜նչ միամիտն եք եղել… Ամեն ինչ արդեն վերջացել, պրծել է։

Ես, ճիշտ որ, միամիտ էի։ Եվ այդպիսի միամիտ էլ մնացի բյուրոյի կազմի մեջ։ Ընտրյալներից չէի։ Կառավարության մարդիկ առաջին իսկ հանդիպումներից նկատել էին, որ հայերն առհասարակ շատ բերան պատռած մարդիկ են, գաղտնապահություն չգիտեն, ուստի դրել էին իրենց պայմանները։ Ահա գաղտնապահությունը փրկելու համար բյուրոյի անդամներից կազմված էր մի առանձին գործադիր մարմին, որի մեջ մտնում էին նախեւառաջ, իհարկե, այն չորս հոգին, ովքեր սկզբից էին բանակցություններ վարում կառավարության հետ` Մեսրոպ եպիսկոպոս, Սամսոն Հարությունյան, Ալեքսանդր Խատիսյան եւ բժ. Զավրիեւ. դրանց վրա ավելանում էին 6-7 հոգի բյուրոյի անդամներից։ Այս գործադիր մարմինն էր, որ վարում էր, գաղտնի իհարկե, բոլոր պատասխանատու բանակցություններն ու գործերը։ Կար եւ մի ուրիշ, շատ գաղտնի (ինձ նման անդամների համար միայն, իհարկե) մարմին` զինվորականը` ամբողջովին բաղկացած դաշնակցականներից, որոնց երեսը մենք նույնիսկ չէինք տեսնում, ուր մնաց անուններն իմանայինք։ Եվ այսպիսով մենք կազմում էինք անգիտակ մասը, ամբոխը, եթե կարելի է այսպես ասել, եւ մեզ բարձրերից` գործադրից եւ զինվորականից, հաղորդվում էր միայն այն, ինչ կարելի էր համարվում։ Մեր առջեւ գալիս էին միայն դրամական պահանջներ, մանրմունր կազմակերպչական խնդիրներ, դիվանական գործողություններ եւ այլն։

Չնայած այս կաստայական կացությանը, երբեմն մեր առջեւ էլ պատռվում էր այն խորհրդավոր վարագույրը, որի ետեւն անցնել մենք չէինք կարող։ Պատռվում էր, ճիշտ է, պատահաբար, շատ նեղ ճեղք տալով եւ շատ կարճ ժամանակով, բայց եւ այնպես մենք բավական լույս էինք առնում մի քանի բաների վրա։ Այսպես, մի երեկո Ալեքսանդր Խատիսյանը պատմեց գործադիր մարմնի անդամներից մի քանիսի խոսակցությունը գեներալ Մշլաեւսկու հետ, որ փոխարքայի զինվորական օգնականն էր։ Նա պատմել էր, թե ինչ ծրագիր է ինքը կազմել Էրզրումի վրա հարձակվելու համար եւ իր այս պատմությունը վերջացրել էր այսպիսի մի անտեղի, հեգնական եւ շնական հարցով. «Ասացեք, երբ դուք ձեր հանրապետությունն ունենաք Էրզրումում, ինձ ի՞նչ պաշտոն կտաք»…

Խատիսյանը սա պատմում էր իրբրեւ զվարճալիք, իբրեւ ջոջ մարդու հանաք, բայց երեւույթն ամենեւին այդ հանգամանքը չուներ։ Այն սուր խայթոցներով հիշեցնում էր, թե ինչ ողբերգություն է ապրում հայ ժողովուրդը։ Մենք զոհում էինք ամեն ինչ, մեր ֆիզիկական գոյությունն անգամ` ինչ-որ մշուշային բառերի, ինչ-որ մութ ակնարկների ի փոխարինություն. եւ մեզ դարձյալ քամահրում էին` «լայաղ» չէին անում գեթ հասարակ քաղաքավարությամբ, առանց ծամածռությունների ընդունել մեր զոհը… Մշլաեւսկին մի հատիկ չէր, ինչպես կտեսնենք։

Առայժմ ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել բյուրոյի մի նիստը, որ ինձ համար անմոռանալի է։ Այդ նիստին, որ նույնպես տեղի ունեցավ առաջնորդարանում, ներկա էր Հովհաննես Քաջազնունին, դաշնակցական էմիգրանտ, որ եկել էր Վանից եւ բյուրոյին զեկուցելու համար իր հետ պաշտոնական հանձնարարություն էր բերել։ Վանի դաշնակցական կենտրոնական կոմիտեն էր նրա միջոցով խոսողը։ Քաջազնունին ասաց, որ թե՛ Վանի եւ թե՛ երկրի այլ դաշնակցական մարմինները դեմ են Կովկասում սկսված կամավորական շարժմանը, այն համարում են մի ձեռնարկում, որ չափազանց վտանգավոր է թուրքահայերի համար։ Հիմնվելով, բացի դրանից, նաեւ Էրզրումի ընդհանուր ժողովի որոշման վրա, Վանի կոմիտեն պահանջում էր անմիջապես վերջ տալ այդ շարժմանը` թուրք կառավարության կասկածները զուր տեղից հայերի դեմ չգրգռելու համար։

Երկրի ինքնապահպանման բնազդն էր խոսում… վերջին անգամ։ Բայց մի անգամ էլ, դարձյալ վերջին անգամ, նրան բռնաբարում էր ռուսահայերի էգոիզմը։ Սկսվեցին վիճաբանություններ։ Այս մարդիկ, Կուրի ափին նստած, որտեղի՞ց էին վերցրել այն հեռավոր աշխարհի բախտը տնօրինելու իշխանությունը։ Եվ որտեղի՞ց էր, որ Շամիրամ-սուի ափին նստած մարդիկ համակվեցին այնքան անվերապահ հլու հնազանդությամբ այստեղի որոշումներին ու դատավճիռներին։

Փաստը փաստ է։ Ազգային բյուրոն չափազանց խելոք էր, չափազանց լավատեղյակ` Մշլաեւսկու նման աղբյուրներից, եւ գիտեր, որ կամավորական շարժումը ոչ մի վտանգ չի կարող սպառնալ թուրքահայ ժողովրդին նախեւառաջ այն պատճառով, որ ռուսական բանակը արագ պիտի գրավի ամբողջ Թուրքահայաստանը։ Պայքարը մի քանի ամսվա հարց է, եւ այսպիսի հավանականության մեջ անթույլատրելի կլինի լոկ երկյուղի թելադրությամբ լքել մի ձեռնարկում, որի հետ կապված են այնքան խոշոր ազգային շահեր։ Դաշնակցականների կողմից վանեցիներին պատասխանեց Արշակ Ջամալյանը` ասելով, թե Վանի ընկերները լավ չեն հասկացել Էրզրումի ընդհանուր ժողովի որոշումը։ Ինքը մասնակցել է այդ ժողովին եւ լավ գիտի նրա իսկական տրամադրությունները։ Իզուր Քաջազնունին, իբրեւ ականատես եւ ականջալուր, բացատրություններ էր տալիս երկրի դրության մասին, եւ թե որքան անտանելի վիճակ էր ստեղծել «սեֆերբերլիքը» հատկապես հայ ժողովրդի համար։ Եվ արագ, գրեթե րոպեական էր վճիռը։ Մերժվեց պահանջը. ինքը` Քաջազնունին, համակերպվեց այդ վճռին եւ այնուհետեւ դարձավ բյուրոյի դաշնակցական անդամներից եւ աշխատակիցներից մեկը։

Վե՞րջ տալ կամավորական շարժմանը։ Իսկ ի՞նչ ասել Վորոնցով-Դաշկովին, Գորեմիկինին, ի՞նչ ասել հենց իրեն` Դաշնակցությանը, որ այնքան գեղեցիկ առիթ էր գտել իր կուսակցական եսամոլությունը ծավալելու համար։ Վերադարձել եւ վերադառնում էին այնքան փախած եւ աքսորված ընկերներ, տեղ էր գրավված փոխարքայական պալատի մեջ, առատ դրամական միջոցներ կային ընկերներին զանազան պաշտոններում տեղավորելու համար։ Կարելի՞ էր թողնել մի դիրք, որ ըստ ամենայնի հրամայողական էր։

Կամավորական շարժումը կանգ չառավ, նա չէր կարող կանգ առնել։ Ընդհակառակը, օր օրի վրա ընդունում էր աղմկաշատ, շռնդալից բովանդակություն։ Շուտով Թուրքիան պատերազմի մեջ ընկավ, կովկասյան ճակատի վրա հրազենները ճարճատեցին, դաշնակցական խմբապետները ուղեւորվեցին ռազմաճակատ, կամավորները սկսեցին գործել` Թիֆլիսի փողոցներում երեւացին հայրենասիրական ցույցեր. հայերն ուզում էին գերազանցել ամենքին, եւ մի օր Գոլովինսկի պրոսպեկտը, Դվորցովայա փողոցը լցվեցին մարդկային լավայով։ Զինվորական երաժշտությունը դաշնակից պետությունների հիմներն էր հնչեցնում, փոխարքան ընդունում էր բոլոր ազգերի եւ ցեղերի հավատարիմ հպատակության արտահայտությունները։ Ամենքն իբրեւ թե պարտավորվում էին թափել իրենց արյան վերջին կաթիլն իրենց թագավորի համար։

 

Այս ցույցերը, այս խոսքերը մի օրվա համար էին։ Օրն անցավ` ամեն ինչ անցավ։ Այսպես չէին հայերը։ Կամավորները գալիս էին, գալիս հեռու տեղերից` Ամերիկայից, Եգիպտոսից, Բուլղարիայից։ Կային եւ ռուսահայեր` աղմկարար տարրեր, մանավանդ ուսանողներից։ Նրանք հայրենասիրական ցույցեր էին անում, ուր որ հարմարություն էին գտնում` Պետերբուրգում, Նոր Նախիջեւանում, Թիֆլիսում` փոխարքայի պալատի առաջ, եւ ամբողջ տարածության վրա` մինչեւ սահմանագլուխները, թեեւ տեղացիներից շատերը ճանապարհին կորցնում էին իենց ամբողջ ավյունը եւ սուսիկ-փուսիկ սլլում էին իրենց տները։

Խոստովանում եմ` ես երբեք սիրտ չեմ արել գնալ տեսնել այդ հայրենասիրական ցույցերը` նվագածության, շողուն զենքերի, «Մեր հայրենիքի» միաբան հնչյունների խառնուրդով։ Միշտ զգում էի, որ այդ բոլոր հրճվանքը արհեստականորեն մշակված եւ ուռցված է. հիշում էի 1870-ի հունիսը Փարիզում, այն երկար ու անվերջ շարքերը, որոնք մոլեգնորեն քայլում էին սալահատակների վրա եւ կանչում՝ «Դեպի Բեռլին, դեպի Բեռլին», որպեսզի մյուս օրը լռեն, անհետանան։ Ես միայն մի հարց էի տալիս` ի՞նչ տպավորություն է թողնում այս բոլորը մեր հարեւանների` վրացիների եւ թուրքերի վրա, որոնք պահում էին իրենց մեկուսի, զսպված, բայց, իհարկե, ոչ միանգամայն անտարբեր։ Այս հարցը հեգնանք ու արհամարհանք կարող էր ազդել ռուսական սվինների վրա նստած մեր ազգասերներին։ Բայց մի օր սվինները պիտի հեռանային Կովկասից, եւ այն ժամանակ հայերը պիտի իրենց տեսնեին միանգամայն մեկուսացած291։

Այսպես թե այնպես, ռուս-թուրքական պատերազմի սկզբում սահմանագլուխների վրա կազմ ու պատրաստ հայ կամավորական չորս խումբ կար։ Ամենից խոշորն Անդրանիկինն էր, որ գտնվում էր Սալմաստում, ռուսական այն զորաբաժնի հետ, որ պիտի գործեր Վանի դեմ։ Այդ խումբը բաղկացած էր, ինչպես երեւում է Ազգային բյուրոյի հաշիվներից, մոտավորապես 1200 հոգուց։ Այդքան զինվոր կար մյուս երեք խմբերի մեջ, այնպես որ` հայ կամավորների ընդհանուր թիվը 2500-ից չէր անցնում։ 1915-ին բյուրոն ավելացրեց այդ թիվը` իդեալ դարձնելով հրացանի տակ ունենալ գոնե 10 հազար կամավոր։ Սա հաջողվեց նրան, բայց շատ կարճ ժամանակով. այնպես որ` կամավորական կազմի միջին թիվը կարելի է վերցնել 6-8 հազար հոգի։

Ժամանակակից պատերազմներում, ինչպես հայտնի է, 50-100 հազար կազմ ունեցող զորաբաժիններն էլ մեծ բան չեն համարվում։ Բայց հայ կամավորական բանակը, որ 1914-ի հոկտեմբերից մինչեւ 1915-ի մարտը 2500 հոգուց ավելի չէր, ազգային սնապարծության եւ հոխորտանքների առարկա դարձավ։ Իբրեւ թե ահագին բան էինք արել այդքան մարդ հավաքելով, իբրեւ թե ռուսական բանակը, որ Կովկասյան ճակատում հավաքել էր մոտ 800 հազար զինվոր, շատ է պարտական մեզ` մեր 3-5 հազարի համար, եւ իբրեւ թե Թուրքիայի համար էլ մեր այդ ուժը խոշոր վտանգ է։ Եվ ստեղծելով մեզ համար այսպիսի օդային ամրոցներ, մենք մեզ տոգորում էինք ամբարտավան մեծամտությամբ, փքուն պահանջկոտությամբ, ուզում էինք աշխարհ զարմացնել ոչ միայն մեր ունեցածով, այլեւ չունեցածով։ Դաշնակցական «Հորիզոնն» ամեն կիրակի օր հրատարակում էր պատկերազարդ հավելվածներ, ուր տպվում էին կամավորների խմբանկարները։ Սովորաբար դրանք ներկայացնում էին 50, 100 եւ ավելի մարդկանց, ոտքից մինչեւ գլուխ զինված, հրացանները դեպի նույն կողմն ուղղած։

Այդ խմբանկարներն իրենց տակ սկզբում կրում էին «խումբ» անունը։ Հետո այդ բավական չհամարվեց դաշնակցական հոխորտանքի համար եւ խմբերը վերանվանվեցին «գնդեր», ապա այս էլ քիչ եղավ եւ տպվում էր՝ «կամավորական առաջին բանակ», «երկրորդ բանակ» եւ այլն` ըստ կարգին։ Այս պատկերազարդ հավելվածները տարածվում էին մեծ քանակությամբ եւ նրանց գնողների մեջ էին եւ օսմանյան գործակալները, որոնք այդ վավերագրերն ուղարկում էին իրենց գլխավոր շտաբին։ Այդքանով էլ չբավականանալով` դաշնակցական [Մարտին] Շաթիրյանը Պետերբուրգում հրատարակեց հայ կամավորների շքեղ ալբոմ, որի մեջ մտնում էին մինչեւ իսկ փոքրահասակ մանուկներ` զինվորի զգեստ հագած եւ հրացանով ու դաշույնով զինված։ Այս վավերագրերն էլ ընկնում էին օսմանյան կառավարության կազմած ժողովածուի մեջ։

Ավելի վարպետորդի հանդիսացավ «Խաթաբալա» ծաղրական թերթը։ Հատավաճառով որքան կարելի է շատ 5 կոպեկներ հավաքելու համար նա տպում էր Անդրանիկի պատկերը եւ նրա ոտքերի տակ ընկած` օսմանյան դրոշակը։ Պատմում էին, որ այս նկարը ահագին հուզում էր առաջացրել արեւելյան Անդրկովկասի թրքության մեջ եւ Գանձակում։ Երեք ռուբլի էին տալիս մի հատ ձեռք բերելու համար։ Այսպես մենք գիտեինք ուռցնել, չափազանցնել անհնարին կերպով։ Կուսակցական ինքնագովությունն ու պոռոտախոսությունը չափ ու սահման չէր ճանաչում։ Թուրքական հակահետախուզությունը ձեռք էր բերել մի հնչակյան շրջաբերական, որի մեջ ասված էր, թե հայ կամավորների թիվը հասնում է… քառասո՜ւն հազարի292… Հավատալ չի կարելի, թե կարող է այսքան ստախոսություն լինել, բայց մեզ տալիս էին վավերագրի լուսանկարը…

Ես, իհարկե, չեմ քննի կամավորական խմբերի գործունեությունը պատերազմական արհեստի տեսակետից։ Այս գործունեությունը եղել է ընդհանրապես շատ գնահատելի որոշ միջավայրի եւ որոշ շրջանակի մեջ։ Երկու խոսք կասեմ միայն Անդրանիկի խմբի գործողությունների մասին Սալմաստ-Վան ուղղության վրա։ Առաջին շարժումը տեղի ունեցավ 1914-ի նոյեմբերին։ Անդրանիկի խումբը մյուսների համեմատությամբ խոշոր էր, որովհետեւ նրան հատկացված էր գործողության լայն շրջան։ Ես լսել եմ, որ ծրագիրն այսպես է եղել. հենց որ Անդրանիկը մոտենար Վանին, այդտեղի դաշնակցական մարտիկները պիտի քաշվեին լեռները եւ ապստամբություն բարձրացնեին։ Այս ցույց է տալիս, որ Վանի հեղափոխական մարմիններն արդեն համակերպվել էին Թիֆլիսի բյուրոյի վճռին, որ ինչպես պատմեցի, մերժել էր նրանց առաջարկությունը` կամավորական շարժումը դադարեցնելու մասին, եւ Վանն առաջինն էր կանգնում ապստամբության ճանապարհի վրա։ Սակայն Անդրանիկը Վանին չհասավ, եւ կատարելով ընդհանուր հրամանատարության ցուցումը` ետ նահանջեց դարձյալ Պարսկաստան։

Շուտով սկսվեց ռուսական նահանջ Սալմաստից դեպի Արաքս։ Անդրանիկի այս առաջին արշավանքի ժամանակ պարզվեց, թե ինչ իրականություն կարող է հաստատել կամավորությունը Թուրքահայաստանում, հայ-քրդական փոխհարաբերությունների մեջ։ Հայ կամավորներն, իհարկե, չէին խնայում քրդական այն գյուղերը, որոնք նրանք գրավում էին։ Քրդերն էլ, որոնք նույնպես զինվորական ծառայություն էին կատարում օսմանյան բանակում, հայ գյուղերն էին կոտորում։ Այսպիսով, այս երկու ազգությունները սկսում էին իրար ջնջել։ Քրդերի գործն ավելի հաջողակ էր գնում։ Ռուս զորքի նահանջումը նրանց կատարյալ իրավունքի տակ էր դնում Հաղբակի, Բաշկալեի եւ Սարայի հայությանը293, որն ամբողջապես սրի քաշվեց 1914-1915-ի ձմռանը։

Սա առաջին կոտորածն էր` նախերգանքն ավելի ահռելի, համատարած կոտորածների։ Պատերազմն առաջին իսկ քայլից ցույց էր տալիս, որ հին դրությունը ոչ միայն չի փոխվել, այլեւ տասնապատիկ վատացել է… Միշտ այսպես էր եղել նախկին պատերազմների ժամանակ. երբ ռուսները թողնում էին իրենց գրաված տեղերը եւ հեռանում, թուրքերը, կամ նրանց դրդումով քրդերը, հարձակվում էին այն տեղերի հայերի վրա, որոնք համակրություն էին ցույց տվել ռուսներին, կողոպտում ու կոտորում էին նրանց։ Բայց այդ կոտորածները մասնակի էին լինում, փոքր չափերով, եւ համենայնդեպս շատ շատերն էին ազատվում։ Իսկ այժմ խնայել չկար. հայկական կոտորածը, Աբդուլ-Համիդի տված դաստիարակությունից հետո, չէր կարող բավականանալ հարյուր, մինչեւ իսկ հազար դիակներով. ինչքան կար` սրի էր քաշվում, եւ պրծավ-գնաց…

Իսկ մենք, բնական եւ անխուսափելի համարելով այդ, զբաղված էինք մեր կամավորների քաջագործություններով, գովում, բարձրացնում էինք Քեռիին, Համազասպին, Դրոյին… Հերոսներ շատ ունեինք եւ ինչո՞ւ չդառնայինք հերոսապաշտներ…

284Հայ սթափ մտավորականների հիացմունքի առարկան են եղել լեհերը, որոնց հայրենիքը եւս բաժանված էր մի քանի տերությունների միջեւ, եւ որոնք նույնպես ենթակա էին իշխող ազգերի (մասնավորապես ռուսների) գազանություններին։ Վահան Տերյանը (տե՛ս վերոնշյալը) նույնպես հայ մտավորականների ցածրակարգությունը ցույց տալու համար որպես օրինակ է բերում լեհերին, որոնք իրենց երեխաներին կրթում էին ոչ թե ռուսերեն, այլ մայրենի լեզվով՝ դրա համար չխնայելով միջոցներ, ջանքեր եւ նվիրում։
285Ֆրանսերեն՝ «գոյության իմաստ», «գոյության իրավունք»։
286Քեռի (Արշակ Գաֆավյան) (1858-1916) – Ծնվել է Կարինում, մասնակցել է Կուկունյանցի եւ Խանասորի արշավանքներին, Պարսկաստանի հեղափոխությանը, եղել է Հայկական Չորրորդ կամավորական ջոկատի հրամանատարը, Արարատյան գնդի կազմում ազատագրել է Վանը, զոհվել է Ռեւանդուզի ճակատամարտում։ Նրա մահվան շուրջ հյուսված երգը թարմ է առ այսօր։
287Համազասպ Սրվանձտյան (1873-1921) – Գարեգին Սրվանձտյանի եղբորորդին, վանեցի, սկզբում արմենական էր, այնուհետ՝ դաշնակցական։ Հմուտ հրամանատարի համբավ է ձեռք բերել 1905-1906թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Ղարաբաղում իր կազմակերպած հաջող մարտական գործողությունների շնորհիվ։ 1908-ին ձերբակալվել է, դատապարտվել մահապատժի, սակայն այն փոխարինվել է 15 տարվա տաժանակրության Սիբիրում, որտեղից փախել է 1913-ին։ Եղել է Հայկական Երրորդ կամավորական ջոկատի հրամանատարը, աչքի է ընկել տաղանդով եւ խիզախությամբ։ 1918-ին թուրքական ներխուժումից պաշտպանել է Բաքուն՝ գլխավորելով հայկական 3 հազարանոց զորամիավորումը։ Բաքվի կոմունայի անկումից հետո անցել է Պարսկաստան, ապա՝ Հայաստան՝ մասնակցելով երկրի պաշտպանությանը։ Բոլշեւիկ ճիվաղ Ավիս Նուրիջանյանի (ծանոթ էր Բաքվից) կողմից խաբեությամբ ձերբակալվել է եւ 1921թ. փետրվարի 17-ին կացնահարվել Երեւանի բանտում։
288Գարեգին Փաստրմաճյան (Արմեն-Գարո) (1873-1923) – Բնագիտության եւ քիմիայի դոկտոր, օսմանյան Խորհրդարանի դաշնակցական անդամ, Դրոյի վիրավորվելուց հետո ղեկավարել է Հայկական Երկրորդ կամավորական ջոկատը։ Հայոց ցեղասպանության հեղինակ երիտթուրքերի պարագլուխներին մահապատժի ենթարկելու «Նեմեսիս» վրիժառուական գործողության ղեկավարներից։
289Գորեմիկին Իվան Լոգգինովիչ (1839-1917) – Ռուս ազնվական պետական գործիչ, աջ հետադիմական, զբաղեցրել է փոխնահանգապետի, արդարադատության փոխնախարարի, ՆԳ փոխնախարարի եւ նախարարի պաշտոններ, 1906-ին եւ 1914-1916-ին եղել է վարչապետ, փետրվարյան հեղափոխությունից հետո 13 օրով ձերբակալվել է, հարցաքննվել, ազատ արձակվել. կնոջ, դստեր եւ փեսայի հետ սպանվել է Սոչիի մոտ գտնվող իր ամառանոցի վրա ավազակային հարձակման ընթացքում։
290Այս եւ հետագա դեպքերում խոսքը Հայկական կամավորական 7-րդ (5-րդ) ջոկատի հրամանատար, դաշնակցական Հովսեփ Արղությանի (1863-1925) մասին է, ով անվանակիցն է Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի. ունեցել է «Իշխան» ծածկանունը, թեեւ իրականում էլ սերում է ազնվականական Արղության տոհմից։ Ուսուցչություն անելու պատրվակով 1890-ին մեկնել է Տրապիզոն, սակայն ձերբակալվել եւ հանձնվել է ռուսներին։ Խանասորի արշավանքի ժամանակ եղել է հրամանատար Վարդանի օգնականը։ 1904-ին ձերբակալվել է նաեւ ռուսների կողմից՝ Գոլիցինի դեմ մահափորձի մեղադրանքով։ 1905թ. մասնակցել է Բաքվի հայերի ինքնապաշտպանությանը։ Եղել է ՀՀ Խորհրդարանի անդամ, դեսպան՝ Թեհրանում։
291Սա քաղաքական, ռազմավարական լրջագույն ազգային հարցադրում է, որ ուղեկցել է հայության սթափ հատվածին՝ վերջին երկու հարյուր տարվա ընթացքում, եւ այսօր էլ՝ անկախ պետականության պարագայում, դժբախտաբար, դեռ չի կորցրել իր արդիականությունը։
292Ճիշտ նույնպիսի պոռոտախոսությամբ (գունդ, բանակ եւ այլն) ճիշտ նույնքան թվեր (40 եւ 100 հազար) էին ի լուր աշխարհի հայտարարում մի քանի տասնյակ զինյալ ունեցող որոշ ջոկատներ 1988-ից սկիզբ առած Արցախյան շարժման սկզբում։ Այս անգամ, բարեբախտաբար, Շարժման առաջնորդները կարողացան հաշվարկված գործել եւ ոչ միայն սանձել 100-ամյա վնասկար պոռոտախոսությունը, այլեւ արձանագրել հաղթանակներ, որոնցից մեծագույնը եղավ 1920-ին տանուլ տված պետականության վերականգնումը։
293Վանի վիլայեթի քրդաբնակ գավառակներ, ուր հայերը կազմում էին խիստ փոքրամասնություն եւ կոտորվեցին քրդերի կողմից։