Za darmo

Անցյալից

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Դ

Հայ հեղափոխական դաշնակցությունն իր խոշոր հաջողությունների հետեւանքով հասել էր այն ամբարտավան մեծամտության, թե ինքը հայոց ազգն է ներկայացնում. եթե ոչ ամբողջը, գեթ նրա 99 տոկոսը։ Իր մասին այդպիսի կարծիք ունեցող կուսակցությունն իհարկե չէր կարող թույլ տալ, որ Հայոց հարցը լուծում ստանա առանց իր եռանդուն մասնակցության։ Եվ իրավ, այդ մասնակցությունը շատ գործուն էր սկզբից եւեթ։ Ամբողջ նախաձեռնությունը պատկանում էր Դաշնակցությանը։ Նա էր, որ կազմեց բարենորոգումների ծրագիր, որ Կ.Պոլսի պատրիրարքի միջոցով ներկայացրեց ռուսաց դեսպանին։ Բանակցությունները հայոց պատրիարքարանի եւ ռուսական դեսպանության մեջ վարվում էին գլխավորապես դաշնակցական գործիչների գծած ուղղությամբ եւ թելադրություններով։ Եվ վերջապես, ինքը` Դաշնակցությունն էլ իր անունից բանակցությունների մեջ մտավ ռուսաց դիվանագիտության հետ, այսինքն այն կառավարության, որի դեմ նա աղմկալի ցույցեր էր անում դեռ մի երկու տարի առաջ` միացած երիտթուրքերի հետ։ «Նարնջագույն գիրքը» հավերժացրել է այն տեսակցությունը, որ Դաշնակցության դիվանագիտական գործերի վարիչ դոկտոր Զավրիեւը ունեցել էր դեսպան Գիրսի հետ։

Իսկ Կովկասում Դաշնակցությունը քաղաքականություն էր ընդգրկվում գործելու հայ բուրժուազիայի մեջքի ետեւում։ Տեսանք արդեն, որ Ազգային բյուրո հիմնելու առաջին իսկ պահից Դաշնակցությունը սեղանի վրա էր դնում ինքնապաշտպանության հարցը. իր հին պահանջը, որ էր` փող ստանալ եւ զենքեր առնել եւ ուղարկել Թուրքահայաստան։ Այդ նպատակով տասնյակ տարիներ աշխատել էին հնչակյաններն էլ, դաշնակցականներն էլ. փող շատ էին հավաքել, բայց գործնական հետեւանքը ողորմելի էր եղել։ Միեւնույն երգը, որ արդեն բավականաչափ արատավորված էր, երգվում էր եւ այժմ։ Սակայն բյուրոն չկարողացավ գումարներ հավաքել մի բանի համար, որի հաջողության վրա հասարակությունը ոչ մի վստահություն չուներ։ Այս բանը, սակայն, չհուսահատեցրեց դաշնակցականներին, եւ նրանք վճռեցին զինել Թուրքահայաստանը… ռուս կառավարության հաշվին։ 1913 թվի մարտին` այն ժամանակ, երբ Կ.Պոլսի ռուսաց դեսպանն արդեն սկսել էր իր բանակցությունները հայկական ռեֆորմների մասին, փոխարքայի զինվորական օգնական, գեներալ Շատիլովին ներկայացավ մի պատգամավորություն` իբր թե Կովկասի հայերի կողմից, բայց իրոք նույն բյուրոյի շրջանից` Մեսրոպ եպիսկոպոս, Խատիսյան, Հարությունյան, Քալանթար եւ Պապաջանյան269։

Պատգամավորությունը գեներալ Շատիլովի ուշադրությունը հրավիրելով այն ծանր դրության վրա, որի մեջ գտնվում էր թուրքահայ ժողովուրդը, խնդրեց, որ ռուսական պահեստներից զենքեր բաց թողնվեն այդ ժողովրդի ինքնապաշտպանության համար։ Կոմս Վորոնցով-Դաշկովն այս մասին հայտնեց արտաքին գործերի մինիստրին, որից պատասխան ստացավ, թե այդպիսի միջոցի կարիք չկա, քանի որ ռուսաց կառավարությունն արդեն բոլոր միջոցները ձեռք է առել թուրքահայերի պաշտպանության համար։ Փոխարքան հաղորդելով այս պատասխանը կաթողիկոսին` նկարագրեց, թե ինչ դրության մեջ է գտնվում ռեֆորմների խնդիրը եւ առանձնապես հանձնարարեց, որ հայերը ծայր աստիճան ինքնազսպում եւ հանդարտություն ցույց տան։

Կար Դաշնակցության առջեւ մի շատ փափուկ խնդիր։ Այդ նրա հարաբերությունն էր երիտթուրքերի կուսակցության հետ։ Երկուսի մեջ գոյություն ունեցած դաշինքը ձեւականապես չէր խախտված։ Եվ ահա առաջանում է այսպիսի մի հանգամանք։ Ջեմալ-փաշան իր հուշերի մեջ պատմում է, թե երիտթուրքերը դիմեցին դաշնակցական գլխավորներին եւ խնդրեցին նրան` աջակցել իրենց կռվի մեջ, որի նպատակն էր դուրս հանել Հայաստանից ռուսական ռեֆորմների ծրագիրը։ «Այժմ, երբ վերջացել է Բալկանյան պատերազմը, – ասում էին երիտթուրքերը, – մեզ համար այլեւս դժվար չէ քրդերին սանձելը եւ ապահովել հայերին խաղաղ գոյություն»։ Բայց դաշնակցականներն այդ բոլոր առաջարկություններին պատասխանում էին. «Որովհետեւ այս գործի մեջ խառնվել են մեծ պետությունները, մենք չենք կարող մասնակցություն չունենալ նրա մեջ»։ Հասկանալի է, որ այնուհետեւ երիտթուրքերը պիտի համոզվեին, թե դաշնակցականներն այլեւս իրենց դաշնակիցները չեն։ Նախկին մտերմությունը պիտի տեղի տար ցրտության եւ արագ փոխվեր թշնամության։ Այստեղից էր սկսվում Դաշնակցության ուժի եւ դիրքի անկումը Թուրքիայում։

Թուրք կառավարությունն ուներ իր ձեռքի տակ անհերքելի փաստեր, թե Դաշնակցությունն ակամա չէր մտել Հայոց հարցի քննության եւ լուծման մեջ, իբր թե լոկ այն պատճառով, որ մեծ պետություններն իրենց ձեռքն են առել այդ հարցը, այլ ինքն էր գլխավոր դրդիչը հանդիսացել, որ տեղի ունենա ռուսական միջամտություն եւ այլն։ Ահա թե ինչ է ասում Դաշնակցության Ամերիկայի կենտրոնական կոմիտեն իր շրջաբերականի մեջ, որի ճակատին գրված էր` «Խիստ գաղտնի», բայց այս բանը արգելք չհանդիսացավ, որ նա ընկնի թուրք կառավարության ձեռքը։

«Ընկերնե՛ր,

Բալկանյան պատերազմի վերսկսումով՝ քաղաքական շրջանակը կրկին շփոթեցավ, ու Հայկական դատի այժմեությունը կարծես մեղմացավ։ Իրականին մեջ, սակայն, այնպես չէ, որովհետեւ որոշ մարդիկ, մարմիններ եւ մեր կուսակցությունը, մասնավորապես, քաղաքական դիմումներով կձգտեն հող պատրաստել Հայկական դատը հառաջիկային ամեն գնով դնելու համար դիվանագիտական սեղանին վրա եւ պահանջել անոր նպաստավոր լուծումը։ Այդ մասին բյուրոյեն եկած նամակներեն կքաղենք հետեւյալ կարեւոր տեղեկությունները։ Հայկական դատի մասին կարող ենք ձեզի հաղորդել երեք որոշ կետեր.

Ա. Որ մեր հարցը այս դեսպանախորհրդին չպիտի դրվի։

Բ. Երեք պետություններ` Ֆրանսա, Անգլիա եւ Ռուսիա, որոշել են մեր խնդիրը ձեռք առնել խաղաղության վերջնական հաստատումեն հետո։

Գ. Երեք պետություններն ալ տրամադիր են հայկական նահանգներուն մեջ հատուկ վարչություն հաստատելու, ուրիշ խոսքով` ապահովելու ռեֆորմների գործադրություն։

Թե Պուանկարե` Փարիզ եւ թե՛ Սըր Էդուարդ Գրեյ` Լոնդոն եւ թե՛ Սազոնով` Պետերբուրգ, ինչպես եւ անոնց դեսպանները Պոլիս, այդ տրամադրություններն են հայտներ` խորհուրդ տալով` այժմ փոքր-ինչ սպասողական դիրք բռնել։

Լոնդոնի մեջ Անգլո-հայկական կոմիտեն, որուն մեջ կմտնեն նախկին Բալկանյան կոմիտեի ազդեցիկ անդամներ, լսելյան բավական գործունեություն ունի։ Անոնք հիշատակագիր մը ներկայացուցին վեց մեծ պետությանց վեհապետներուն եւ նախարարություններուն շատ եռանդուն կերպով, հիշատակագիրը ուղարկված է նաեւ անոնց կողմե Մ. Նահանգներուն նախագահին` Տաֆտի։ Հաստատ տեղեկություններ ունենք, որ ֆրանսական, անգլիական եւ ռուսական դեսպաններ հրահանգ են ստացել զբաղվել մեր դատով։ Ջանքեր կթափենք, որ մյուս մեծ պետությունները, եթե ոչ կողմնակից, գոնե չհակառակին։ Այժմ ստույգ կնկատվի, որ Հայոց հարցը չպիտի դրվի այս դեսպանախորհրդին, ինչ որ պետք չէ հիասթափություն պատճառե մեր հասարակության, որովհետեւ վճռված է Փոքր Ասիո խնդիրը հարուցանել այն ատեն, երբ Րումելիի270 խնդիրը վճռված ըլլա271, ֆրանս. դեսպանատունը եւ կառավարությունը շատ ջերմ համակրությամբ կվերաբերին մեր դատին։ Հույս կա, որ եւ ան ամենակարեւոր կետն է` Անգլիո եւ Ռուսաստանի մեջ մեր հարցի մասին անհամաձայնություն չի ծագիր, որ շատ վտանգավոր կրնա ըլլալ։

Պետերբուրգի մեջ, հայկական գաղութի կողմե դիմում եղած է վարչապետին եւ արտաքին գործոց նախարարին, որոնց վերաբերմունքը եղած է համակրական, եւ խոստացեր են հրահանգներ տալ Պոլսո դեսպանին եւ խորհուրդ են տվեր նաեւ, ինչ-որ տարօրինակ կթվի, պրոպագանդ ընել Անգլիո եւ Ֆրանսայի մեջ։ Ինչպես արդեն ձեզի գրած ենք, պատրիարքարանը գրեթե նույնությամբ որդեգրեց մեր պահանջումները։ Այժմ կսպասվի, որ ամեն մեկ կետ պատճառաբանյալ եւ մանրամասն ներկայացվի։ Այս աշխատանքն է, որ կզբաղեցնե մեզ այժմ, եւ հույս ունենք շուտով ուղարկել ավելի մանրամասն ուրվագիծը։ Պետերբուրգեն հոս եկած են երկու հայ ներկայացուցիչներ` ծանոթանալու պոլսահայ շրջանակներու տրամադրության եւ արդեն վերադարձան բավական տեղեկություններով։ Վանեն կգրեն, որ մեր խումբերու դիմադրությունները բավական ազդել են քյուրդերու վրա։ Ինքը` վալին, սկսել է նահանջել եւ կփորձե մոտենալ մեր այնտեղի մարմիններուն։ Դիվանագիտական հարցի հետ անմիջապես կուգա երկրին պաշտպանության ամենակենսական հարցը։ Երկրի դրությունը, մանավանդ մասնավոր շրջաններու մեջ, սկսած է դառնալ անտանելի հայ տարրին համար, եւ այս անգամ եւս քաղաքական փոթորիկը անցնելու եւ վերապրելու համար անհրաժեշտ է, որ մեր բովանդակ ուշադրությունը դարձնենք դեպի հոն։

Ընկերնե՛ր, նկատի ունենալով հրամայողական պահանջը, ստիպված ենք կոմիտեներին խնդրել, որ՝

Ա. Կարելիության սահմանին մեջ՝ 1913 թվի անդամական տուրքերը ջանան գանձել եւ փութացնել մեզ միանգամ։

Բ. Գաղութների մեջ գործող ՀՅԴ Կարմիր խաչի, դերասանական, երաժշտական եւ այլ խումբերուն թելադրել, որ իրենց գործունեությունն ուղղեն ի նպաստ պաշտպանության գործին։

Գ. Շարունակել պրոպագանդայի եւ հանգանակության ժողովները` հուսալով, որ հասարակության լավագույն տարրը գործի պահուն դարձյալ մեզի հետ է։

Դ. Ուժ տալ «Հայրենիքի» բացած «Ապրելու համար» հանգանակության։

Ե. Դրամ հանգանակել պաշտպանության համար` խնջույքներու, հարսանիքներու ատեն։ Պաշտպանության առթիվ ձեզ կհաղորդենք հետեւյալ կարեւոր լուրերը։ Բյուրոն (չպետք է մոռանալ, որ խոսքն այստեղ Ազգային բյուրոյին չի վերաբերվում, այլ Դաշնակցության Արեւմտյան բյուրոյին – Լեո) մեզ կգրե. «Ստացանք ձեր փոխադրած վերջին գումարը եւ համաձայն ձեր փափագին՝ դրամական բաժնումի գործը կատարեցինք ձեր հիշատակած վայրերու մեջ»272։

 

Եվ այսպես, Դաշնակցությունը դեռ 1913-ի սկզբին էր ռազմական դրության մեջ դնում իր ուժերը։ Եվ երիտթուրքերի կառավարությունը շատ լավ տեղեկացված էր, թե իր դեմ են ուղղված այդ պատրաստությունները։

ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Ա

1914թ. հունիսի սկզբին ես Երեւանում վերջացրի այնտեղի թեմական դպրոցի պատմությունը եւ, վերադառնալով Թիֆլիս, ամբողջ աշխատությունս հանձնեցի տպարանին եւ ընտանիքով գնացի Դիլիջան` ամռանը հանգստանալու համար։ Ստիպված լինելով իմ գործի պատճառով հինգ ամիս ապրել Երեւանում` ես համարյա բոլորովին կտրված էի դրսի աշխարհից։ Իմացա մի երկու բան միայն։ Երեւան եկավ մի ռուս պրոֆեսոր եւ մի դասախոսություն կարդաց Հայոց հարցի մասին։ Գնացի լսելու եւ մեծ հուզմունքով իմացա, որ «հայասեր» Պաուլ Ռոհրբախը` Գերմանիայի նվաճողական իմպերիալիզմի հեղինակավոր գաղափարախոսներից մեկը, ծրագիր է առաջարկել հրապարակորեն` տպված բրոշյուրի միջոցով, որ թուրքահայ ժողովուրդը դուրս հանվի իր երկրից եւ բնակեցվի Բաղդադի երկաթուղու երկարությամբ, ուր նա կարող է շատ պետքական լինել իբրեւ կուլտուրական տարր273։

Որքան եւ խաղաղ էր ժամանակը եւ Հայոց հարցն արդեն, լավ թե վատ, լուծված կարելի էր համարել, բայց եւ այնպես, չէր կարելի չվրդովվել գերմանական ուղեղից ծնված այդ տմարդի եւ վայրենի մտքից, որ սարսուռ էր ազդում իր հրեշավորությամբ։ Եվ այսպես էր Ռոհրբախը. նա, որ մերն էր հաշվվում։ Շատ ժամանակ չէր, գուցե մի տարի միայն առաջ, ես հանդիպել էի այդ մարդուն գնացքի վագոնում։ Ես Երեւան էի գնում, իսկ նա` Վան, այնտեղի հայ-գերմանական որբանոցները տեսնելու համար։ Ամբողջ ճանապարհին խոսեցինք ռուսերեն, եւ նա ինձ այնքան բաներ հաղորդեց թուրքահայերի եւ գերմանական հայասիրության մասին։ Որքան հոգատար եւ խնամատար էր նա երեւում։ Եվ ինչպե՜ս էր, որ այդպիսի սրտի մեջ տեղ գտավ այն հին տեւտոնական274 հրեշը։

Ջանփոլադյանի թատրոնում նստած` ես մի վայրկյան երեւակայեցի երեխաների, կանանց եւ տղամարդկանց բռնի տեղահանությունը եւ սարսափից փակեցի աչքերս։ Պատանեկությանս հասակում ես կազմել էի Դավիթ Լիվինգստոնի կենսագրությունը եւ նրա մեջ կանգ էի առել այն տեսարանի վրա, թե ինչպես նեգրերին եվրոպացիները քշում են դեպի ծովափ` այնտեղ նրանց ծախելու եւ աշխարհի այլեւայլ կողմերն ուղարկելու համար։ Նկարագրում էի, թե ինչպես թշվառները կոտորվում էին ճանապարհին եւ շուկաներում` ձեռքերը դնելով կրծքի վրա, եւ դրանով ցույց էին տալիս, թե թողած հայրենիքի կարոտն է իրենց սպանում։ Այսպես կլինեն, վերհիշում էի ես, եւ Հայաստանի բարձունքներից մտրակներով դեպի Սիրիայի արեւակեզ դաշտերը քշվող հայ մանուկներն ու նրանց մայրերը, քույրերը, տատերը, պապերը… Ո՜վ հավիտյան նզովյալ մարդկային արնախում հնարագիտություն…

Ջանփոլադյանի թատրոնում նստած` ես աշխատում էի դեն քշել այդ մղձավանջը։ Ես կարո՞ղ էի երեւակայել, որ ընդամենը մի տարուց հետո այդ մղձավանջը հայ կյանքի ամենահզոր փաստը կդառնա…

Մի ուրիշ տեղեկություն, որ հասավ Երեւան, երեւում էր շատ մանր եւ երկրորդական։ Բայց իմ հիշողության մեջ այն խրված է հրաշեկ երկաթի նման, այն չափազանց խոշոր ճակատագրական նշանակության պատճառով, որ նա ստացավ մի երկու ամիս հետո։ Ես խոսում եմ Ազգային բյուրոյի մասին։ Մայիսին Թիֆլիսում կայացավ համագումար։ Հայոց հարցն արդեն վերջացել էր, նույնիսկ երկու եվրոպական վերահսկիչները Կ.Պոլսից ճանապարհվում էին գավառները` իրենց պաշտոնը ստանձնելու համար։ Բնական կլիներ սպասել, որ Թիֆլիսի հայ դիպլոմատները վերջացած համարեին իրենց առաքելությունն ու փակեին իրենց բյուրոն։ Բայց այդպես չեղավ։ Համագումարը նոր բյուրո ընտրեց եւ ապա ցրվեց։ Գործը դեռ վերջացած չէր։ Ռեֆորմներն ընդունվել էին, հաստատվել։ Բայց դա բավական չէր, դեռ պետք էր դրանք գործադրել։ Բյուրոն մնում էր, որ դրանք գործադրել տա։ Բացի դրանից, նա իր վրա էր վերցրել մի նոր բան, արդեն ոչ թե քաղաքական-դիվանագիտական, այլ ֆինանսական բնույթի, այն է` հիմնել մի հայկական բանկ, որ, ինչպես խորհուրդ էր տվել արտաքին գործերի նախարար Սազոնովը, իր գործողությունների ասպարեզ պիտի ընտրեր գլխավորապես Փոքր Ասիան եւ այսպիսով պիտի կատարեր նաեւ քաղաքական դեր։ Այսպիսով հայ կապիտալիզմն ազատագրված Հայաստանի հետ կապում էր իր շահերը։ Առաջին անգամն էր, որ նա դուրս էր գալիս այսքան պարզորոշ ծրագրով։

Երեւանը խուլ անկյուն էր, բայց նա փառք էր` համեմատած Դիլիջանի հետ։ Այստեղ մի անհատնում թարմություն կա միայն` բնությունը։ Եվ մոռանալով ամեն ինչ, որը կատարվում է մեծ կենտրոններում, մենք` հովեկներս, ավելի ու ավելի խորն էինք թափանցում բնության ծոցը, սովորում էինք ապրել նրա հմայքներով։ Սա մի բնական կյանք էր, որ հարկավոր էր քաղաքացու չափազանց լարված ջղերը փոքր-ինչ կարգի բերելու համար։

Այս դրության մեջ մենք անց էինք կացրել ամառվա համարյա կեսը, երբ հանկարծ, անսպասելի կերպով, դարավոր անտառների սքանչելի լռության մեջ մի զարհուրելի թնդյունով մի աղետ պայթեց եւ ծանր, ամեն ինչ տափակեցնող անիվի նման իր տակը գցեց մարդկային կյանքն ու սկսեց մոլեգնոտ պտույտներ գործել նրա վրա։

Զինակո՜չ… Ահա՛ ինչ էր այդ աղետի անունը։ Արագ ու տիրական նա մտավ ամեն տեղ, նույնիսկ բնության ամենախուլ անկյունները, ամեն տեղ սուգ ու շիվան բարձրացրեց, կյանքը տակնուվրա արեց, թշվառացրեց։ Մեր Դիլիջանի ամառային փոքրիկ «հասարակական» կյանքը մի րոպեում չքացավ. իսկույն հեռացավ կազակների զինվորական նվագախումբը, կառքերը պակասեցին, ձիերը քշվեցին դեպի հավաքակայաններ, եւ մենք րոպե առ րոպե տեսնում էինք, թե ինչպես է աղքատությունը բարձրանում, եւ ամեն ինչ ընկնում է նրա մահացնող ոտքերի տակ։ «Ամեն ինչ պատերազմի հրեշին», – այսպես էր ձայնում պատերազմի նախակարապետը` զորակոչը։ Եվ ամենքն ու ամեն ինչ համաձայն էին, խոնարհ ծունկ էին ինջում նրա առջեւ։

Եկավ եւ իսկականը` հրեշը։ Հուլիսի 20-ին (հին տոմարով) Դիլիջանի պետական հիմնարկությունների մեջ կախված էր հեռագիր` «Գերմանիան մեզ պատերազմ հայտարարեց. գեներալ-ադյուտանտ Սուխոմլինով»։

Ես ապրում էի մոլոկանների թաղում։ Եվ տեսնում էի, թե քանի՜-քանի սայլեր, գերանդիներ, մանգաղներ անտեր մնացին, քանի՜-քանի բակեր փակվեցին ու խցվեցին։ Ահա մի խումբ է առաջանում մեծ ճանապարհով։ Շատվոր են, միայն մեկն է տղամարդ, մնացածները կանայք են։ Ճամփու են դնում լաց ու կոծով։ Կանգ առան։ Բաժանվելու րոպեն է։ Լաց ու համբույր, համբույրներ ու լաց։ Վերջապես գնացողը ազատվում է հարազատ գրկերից եւ ասում է` «может вернусь»275։ Այս խոսքերը խուլ, մելամաղձոտ, այն րոպեից մինչեւ այսօր ականջներիս մեջ են, եւ ամեն անգամ, երբ իմ մեջ հարց է գալիս, թե ի՞նչ է պատերազմը, մոլոկանի այդ խոսքն է դուրս սողում իբրեւ պատասխան եւ բացատրություն։

Պատերազմ` «может вернусь»։

Այսօր է, որ մենք հարյուր ու հազար գիտենք, թե ինչպես պատրաստվեց ու իրականացավ 1914-ի համաշխարհային ոճիրը` պատերազմը։ Այսօր է, որ մենք հազար ու մի պատճառներ գիտենք, հարյուր ղեկավարներ ու դերակատարներ, որոնք գլորեցին մարդկությունը վայրենացման անդունդը եւ ահռելի, մինչեւ այդ երբեք չտեսնված, հունձ տվին մահին։ Այն ժամանակ մենք դեռ միամիտ էինք, արքայական ոսկեզօծ պալատներում խնամքով թաքնված էին ոճրագործները, եւ պատերազմն ամենքիս երեւում էր իբրեւ մի անակնկալություն։ Անակնկալության մի խոշոր փաստ էր համարվում այն, որ փոխարքա Վորոնցով-Դաշկովն այդ միջոցին արձակուրդի մեջ էր եւ ապրում էր Ռուսաստանի իր կալվածքում։ Պատերազմի հայտարարությունից անմիջապես հետո, ամառվա տապին նա վերադարձավ Թիֆլիս։ Եվ իսկապես. Կովկասը թեեւ հեռու էր Գերմանիայից, բայց ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ Թուրքիան Գերմանիայի դաշնակիցն էր եւ թեեւ այսօր դեռ խաղաղ դրության մեջ էր, բայց ամեն րոպե կարող էր նետվել ռազմական կրակի մեջ, եւ այն ժամանակ Կովկասը կդառնար մի նոր ռազմաճակատ։

Ազգային բյուրոյի նախագահ Սամսոն Հարությունյանը Դիլիջանում էր ապրում։ Նրան հեռագրով կանչեցին Թիֆլիս։ Գնաց ու երկար ժամանակ չվերադարձավ։ Լուրեր էինք լսում, թե ինչ-որ բանակցություններ էին տեղի ունենում։ Վերջապես նա վերադարձավ եւ ինձ մեկիկ-մեկիկ պատմեց` ինչ կատարվել էր Թիֆլիսում։

Պատրաստվելով թուրքական պատերազմին` Կովկասյան ռուս բանակի շտաբն առաջին հարցերից մեկն էր դարձրել հայերի մասնակցությունն այդ պատերազմի մեջ։ Ես արդեն պատմել եմ, որ մի անգամ էլ, 1907-1908-ի ձմռանը, երբ ռուս-թուրքական պատերազմը շատ հնարավոր էր դարձել, Կովկասյան շտաբն իր սպաներից մեկի միջոցով բանակցություններ սկսեց Դաշնակցության հետ։ Միեւնույն տեսակ բանակցությունների անհրաժեշտություն կար եւ այժմ, բայց այս անգամ բանակցություններն իր վրա էր վերցրել ինքը` փոխարքան։ Դաշնակցականներն արդեն մուտք ունեին փոխարքայական պալատ։ Դաշնակցության արտաքին գործերի վարիչ բժ. Զավրիեւը, որ կարողանում էր ամեն տեղ լինել եւ ամեն բանի հասնել, հայտնվեց Թիֆլիսում եւ, ներկայանալով Վորոնցով-Դաշկովին, մի շարք մեծամեծ խոստումներ արավ։

Դաշնակցությունը նրա տրամադրության տակ կդնի իր ուժերը, հայ ժողովուրդը կարող է իր հաշվով կազմակերպել կամավորական խմբեր։ Համաձայնությունն արդեն կիսով չափ կայացած էր, բայց Վորոնցով-Դաշկովը կամեցավ ավելի լայն ծավալ տալ այդ բանակցություններին։ Նրա կողմից, բացի բժ. Զավրիեւից, հրավիրվեց Թիֆլիսի պալատական շրջանը` Մեսրոպ եպիսկոպոս (որ արդեն Թիֆլիսի թեմակալ առաջնորդն էր), Սամսոն Հարությունյան եւ Ալ. Խատիսյան։ Խորհրդակցությունները տեղի էին ունենում պալատում, փոխարքայի հետ ներկա էին լինում նրա օգնականները, շտաբի գլխավորն ու այլ բարձրաստիճան զինվորական պաշտոնակալներ։ Կառավարությունն առաջարկում էր, որ Թուրքիայի հետ պատերազմ սկսվելու դեպքում չորս կամավորական խմբեր կազմվեն հայերից, յուրաքանչյուրը մոտավորապես 400 հոգուց, դաշնակցական խմբապետների հրամանատարությամբ։

Այդ խմբերի անմիջական գործը պիտի լինի հետախուզողների, առաջնորդների276, հարկավոր դեպքերում նաեւ առաջապահ պահակների դերը։ Կովկասյան իշխանությունը թույլ կտա բոլոր փախստական դաշնակցականներին վերադառնալ Կովկաս, աքսորից կվերադարձնի մի քանի խմբապետների եւ խոստանում էր առհասարակ ընդհանուր ներում շնորհել Դաշնակցության գործով բոլոր դատվածներին եւ դատի ենթարկվածներին։ Եվ քանի որ հայերը դժգոհում էին Թուրքահայաստանի համար մշակված եւ թուրք կառավարության կողմից նոր վավերացված ռեֆորմների նկատմամբ` ռուսաց կառավարությունը հանձնառու է լինում բոլորովին նոր կերպարանք տալ Հայոց հարցին` առաջարկելով, որ հայերի կողմից նոր ձեւակերպված պահանջներ ներկայացվեն իրեն։

Բանակցություն վարողներն անմիջապես մշակում են մի նոր առաջարկություն. Սամսոն Հարությունյանը վերցնում է այդ թուղթը եւ ճանապարհվում Էջմիածին, ուր Գեւորգ կաթողիկոսը շնորհում է իր ստորագրությունը։ Եվ ահա Հայոց հարցի համար մի նոր կերպարանավորում։ Պատմության համար այստեղ մի քանի հատված եմ դնում այդ դիմումից.

«Ներկայումս սկսված մեծ պատերազմը կրկին ենթարկում է թուրքահայերի վիճակը նորանոր փորձությունների։ Այժմ, երբ յուրաքանչյուր ռուս քաղաքացու մտքերը անհանգստությամբ հետեւում են դեպքերին, որոնք պահանջում են պետությունից ուժերի ու կամքի մեծ լարում, ես երջանիկ եմ հավաստիացնելու Ձերդ պայծառափայլությանը, որ հայ ժողովուրդը, մոռանալով սեփական վերքերից առաջ եկած ցավի զգացմունքը, իր բոլոր մտքերը կենտրոնացրել է մեծ հայրենիքի վրա, որի փառքի համար նա ոգեւորությամբ արձագանք տվեց իր թագավորի կոչին՝ կատարել իր սուրբ պարտականությունը Նորին կայսերական մեծության եւ հայրենիքի առաջ…

 

Ես երջանիկ եմ հայտարարելու Ձեզ, մեծարելի կոմս, նաեւ այն, որ սահմանից այն կողմը բնակվող հայ ժողովուրդը նույնպես անխախտ հավատարիմ277 մնաց իր անձնվիրության մեջ մեծ ռուսաց պետությանը…

Բայց, իբրեւ հովիվ իմ ժողովրդի, ես չեմ կարող առանց համոզմունքի չհայտնել Ձեզ, որ հայ ժողովուրդը Թուրքիայում ստիպված կլինի ապրել շատ ծանր օրեր, եթե միայն Ռուսաստանի ուշադրությունը դեպի հայկական խնդիրը, թեկուզ ժամանակավորապես, թուլանա…

Ես կարծում եմ, որ կայսերական կառավարությունն այլեւս կասկածի նշույլ անգամ չի կարող ունենալ, որ իր բոլոր փորձերը բարեկամությամբ ազդելու Թուրքիայի վրա` դրական հետեւանքների չեն բերում…

Բ. Դուռը, Գերմանիայից գաղտնորեն խրախուսված, կարողացավ ոչնչացնել հունվարի 26-ի համաձայնությունը, եւ այդ պատճառով ընդունված ռեֆորմների ծրագիրը ոչ ոքի բավականացնել չի կարող։ Ի նկատի առնելով բազմաթիվ տեղեկությունները, որ ես ստանում եմ Կ.Պոլսի պատրիարքարանից եւ Ազգային Ժողովից, ես գալիս եմ այն տխուր եզրակացության, որ անկարելի է հավատալ Թուրքիայում ներկայումս, այնտեղ տիրող կարգերի տակ, հնարավոր լինի իրագործել որեւէ ռեֆորմ` հայերի դրությունը բարելավելու համար, եթե միայն նրանց գործադրությունը ապահովված չլինի առանձին եւ հաստատուն երաշխիքներով…

Քանի դեռ Թուրքահայաստանը Թուրքիայի սահմաններում է, ամբողջ հայ ժողովրդի համար այդ ծանր հարցի վերջնական լուծման համար, իմ եւ ամբողջ հայ ժողովրդի կարծիքով, պետք է անել հետեւյալը.

1. Կազմել հայկական 6 վիլայեթներից Անատոլիայում մի անբաժան նահանգ։

2. Այդ նահանգի կառավարիչ նշանակել բարձր տիտղոսով մի անձ Ռուսաստանի ընտրությամբ, անկախ Բ. Դռնից, քրիստոնյա դավանությամբ։

3. Մտցնել այդ նահանգում ներքին լայն ինքնավարություն` ընտրողական հիմունքներով եւ հավասար ներկայացուցչությամբ` քրիստոնյաների եւ մահմեդականների։

4. Որպեսզի հայ ազգաբնակչությունը հավատա նոր կազմակերպությանը եւ իրավակարգի կենսունակությանն ու հաստատությանը՝ ամբողջ ռեֆորմի գործադրության վերահսկողությունը հանձնել բացառապես միայն Ռուսաստանին։

Վարչական վերոհիշյալ եղանակի կիրառումը հնարավոր է միայն ներկա պատերազմի վերջանալուց հետո։ Մինչդեռ Թուրքիայում հայտարարված զորահավաքի առիթով նկատվում են հուզիչ նշաններ, որոնց շնորհիվ հայ ազգաբնակչությունը վախենում է նորանոր դժբախտություններից։ Ուստի, ցանկալի է, որ կայսերական կառավարությունը այժմ եւեթ խիստ պահանջ դնի թուրք կառավարությանը։

Ա. Անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել հայերի կյանքի եւ գույքի պաշտպանության համար։

Բ. Որքան կարելի է շուտով ընդհանուր վերատեսուչներին իրենց պաշտոնատեղիներն ուղարկել` տալով նրանց հնարավորություն, առայժմ մտցնել 1914թ. հունվարի 26-ի համաձայնությամբ ընդունված ռեֆորմը։

Ամենախոնարհաբար խնդրում եմ Ձերդ պայծառափայլությանը, առ ոտս առկանելով նորին կայսերական մեծության, մեր սիրեցյալ կայսեր, իմ եւ Ռուսաստանի ամբողջ հոտի հավատարիմ հպատակության զգացմունքները, միջնորդել ամենաողորմած կայսեր առաջ թուրքահայերի հովանավորության ու պաշտպանության մասին եւ նրանց վիճակի հիմնովին կարգավորման վերաբերյալ հույսերի իրագործման մասին»278։

Այս թուղթը Էջմիածնից Թիֆլիս բերվելուց հետո կարդացվում է փոխարքայի պալատի խորհրդակցական ժողովում։ «Բոլոր կետերն ընդունելի են», – հայտարարում է Վորոնցով-Դաշկովը եւ այդ հայտարարության, ինչպես նաեւ հայերի նոր դիմումին առանձին մի նշանակություն տալու համար` կարգադրում է կաթողիկոսի թուղթն ուղարկել Պետերբուրգ ոչ թե սովորական կարգով, այսինքն փոստով, այլ արտակարգ սուրհանդակի ձեռքով։

Հարցը վճռվում էր վերջնականապես, թեեւ պետք էր դեռ սպասել Պետերբուրգի կառավարության պատասխանին։ Վճռվում էր չափազանց մեծ հապճեպով, տենդային արագությամբ, առանց շուրջը նայելու, առանց կշռադատելու դրությունն ու հնարավորությունները։ Ասպարեզը հանձնվում էր Դաշնակցությանը, եւ հայ բուրժուազիան իրեն ամբողջապես դնում էր նրա տրամադրության տակ։ Ազգային բյուրոն դառնում էր Դաշնակցական շտաբի համար մի վարագույր, որի ետեւում նստած` նա կարող էր ահագին գումարներ պահանջել իր ռազմատենչ հախուռն կրքերը ծավալելու համար։

Սկսվում էր կամավորական շարժումը։ Հայ ժողովուրդը ռուսական բանակի մեջ ուներ հարյուր հազարից ավելի զինվոր։ Այս բավական չէր։ Կազմվում էր առանձին եւ հատուկ հայկական կամավոր զինվորություն։ Եվ այս նշանակում էր, թե հայ ժողովուրդն առանձին իր կողմից էր պատերազմ հայտարարում Թուրքիային։ Այսպես էր քառորդդարյա հայդուկային դաստիարակությունը` միշտ հանդուգն, խիզախ, բայց եւ միշտ անիմաստ եւ երազական։ Սկզբում` Վարդան Գոլոշյանի ժամանակ, նա հատուկենտ անհատների էր բռնում տանում դեպի գաղափարական արկածներ, այժմ նա արդեն ամբոխային մի մտայնություն էր, որ փայլուն կերպով պահպանում եւ զարգացնում էր Դաշնակցությունը։ Եթե 1914-ի ամառը չլիներ ՀՅ Դաշնակցությունը, կամ նրա նման մի այլ ֆիդայական հիմնարկություն, կարո՞ղ էր առաջանալ հայկական առանձին կամավորական շարժում։ Երբե՛ք։ Էջմիածնի վարդապետները կամ փոխարքայական պալատի հետ բանակցություններ վարող ինտելիգենտները չէին, որ խումբ կազմելու ու վարելու ընդունակությունը եւ մանավանդ հոժարությունն ունենային։ Դրա համար կազմ ու պատրաստ կար Դաշնակցությունը` մի դեմքով համամարդկային-սոցիալիստական, մյուս դեմքով` դաժան-ազգայնական հախուռն ռազմատենչություն։ Երեւանի ո՞ր փողոցովն անցնեիր եւ չլսեիր մեծ թե փոքրի բերանից՝

 
Անդրանիկը քաջ, յուր ընկերներով,
Կուզե պատերազմ, կսպասե գարնան…
 

Պատերազմ է ուզում, ահա՛ եւ պատերազմ… Ինչպե՞ս չգնալ, դաշնակցական մաուզերներն իրենք իրենց պայթում են։

Ճիշտ այսպես։ Պատերազմի հայտարարումից մի քանի օր առաջ դաշնակցականների ընդհանուր ժողովն էր Էրզրումում։ Երիտթուրքերի կուսակցության կողմից հատուկ ներկայացուցիչ է գալիս եւ առաջարկում Դաշնակցությանը` սկսվող պատերազմի ժամանակ միանալ թուրք-գերմանական դաշնությանը, Կովկասի հայության մեջ ապստամբություն հարուցել ռուսների դեմ։ Փոխարենը խոստացվում էր հայկական ինքնավարություն` ռուսական Հայաստանի սահմաններում։ Սա գերմանական ծրագիր էր, որի նպատակն էր Անդրկովկասյան բոլոր ազգությունների` վրացիների, հայերի եւ թուրքերի ընդհանուր ապստամբության միջոցով վտարել ռուսներին Կովկասյան գլխավոր շղթայի հյուսիսային կողմը, այնպես որ` այդ շղթան դառնար սահմանը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, իսկ երեք ապստամբած ազգությունները կկազմեին ինքնավար նահանգներ Թուրքիայի հովանավորության տակ։ Վրացիների հետ բանակցությունները համարյա միաժամանակ էին սկսել, եւ նրանց մեջ գտնվեցին տարրեր, որոնք զույգ ձեռքով բռնեցին այդ առաջարկությունը եւ նույնիսկ դաշնադրություն կնքեցին Թուրքիայի հետ, որ հրատարակվեց ռուսական ցարիզմի անկումից հետո։

Էրզրումի կուսակցական ընդհանուր ժողովը երիտթուրքերի առաջարկության առիթով կայացրեց մի վճիռ, որ միակ կարելին էր սալի եւ կռանի279 մեջ տրորվող մի փոքր ազգության համար։ Նա չընդունեց երիտթուրքերի առաջարկությունը` հայտարարելով, որ Դաշնակցությունը ծագող պատերազմի մեջ իրեն չեզոք կպահի։ Բայց բարձր մարմնի այս որոշումը մնաց մեռած տառ թղթի վրա։ Հարց վճռողներ հանդիսացան Կ.Պոլսի կոմիտեն եւ Կովկասի Արեւելյան բյուրոն։ Դաշնակցությունը չեզոք չմնաց, այլ միացավ ռուսներին եւ տվեց նրանց այն, ինչ մերժել էր թուրքերին` պատերազմ մղելու համար կամավորական խմբեր եւ ապստամբություն Թուրքահայաստանում։

Ես փաստեր շատ ունեմ պնդելու համար, որ այդ ոճրագործ որոշումը կայացել էր ոչ միայն առանց բուն երկրի գիտության, այլեւ հակառակ նրա ցանկության։ Իր տեղում ես կպատմեմ այդ փաստերը, այստեղ միայն այն ասեմ, որ ժողովուրդը Կ.Պոլսի եւ Թիֆլիսի պոռոտախոսներից շատ լավ էր հասկանում իր դրությունը եւ միայն մի բան էր ցանկանում, որ իրեն թույլ տրվի անցկացնել պատերազմական փոթորիկը, ինչպես ինքը կարող էր։ Այսպես չեղավ, դժբախտաբար։ Այդ ժողովրուրդը` անմեղ եւ անլեզու մի ամբոխ, «փրկիչներ» չափազանց շատ ուներ, եւ դրա հետեւանքով նրա համար փրկություն չէր մնում այլեւս։

Հենց որ Գերմանիան եւ Ավստրիան մի կողմից, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Անգլիան` մյուս կողմից մտան պատերազմի մեջ, Թուրքիան, իբրեւ առաջին երկուսի դաշնակից, հայտարարեց «սեֆերբերլիք», այսինքն` զորահավաք, եւ սպասում էր հարմար առիթի` նույնպես ռազմադաշտ իջնելու համար։ Բոլոր տեղերում էլ զորահավաք նշանակում է պատերազմական վայրենությունների օրինականացման առաջին գործողություն։ Թուրքիայում այն միշտ է սարսափելի եղել, առավելապես քրիստոնյաների համար, որովհետեւ պատերազմ գնացող ասկյարի համար ավելի ալլահահաճո բան չի եղել, քան գյավուրների գլուխները թռցնելը։ Սակայն 1914-ի սեֆերբերլիքը բոլորովին բացառիկ մի բան էր հայ ժողովրդի համար։ Նրա դեմ գրգռված էին ամենքը` կառավարությունը, ամբոխը։ Մի ամբողջ տարի հայկական դժբախտ ռեֆորմները ընդհանուր դժգոհության եւ ագիտացիայի աղբյուր էին դարձել։

Դժվար չէր այսպիսի պայմանների մեջ, ցույց տալով երկու եվրոպական վերահսկիչներին, ներշնչել խավար ամբոխին, թե հայերն են պատերազմի պատճառը եւ այլն։ Եվ ահա, թեեւ Թուրքիան դեռ պատերազմող չէ եւ ռուսաց դեսպանը դեռ Կ.Պոլսում է, Թուրքահայաստանի զանազան տեղերից, մանավանդ այնպիսիներից, ուր հայերը աննշան փոքրամասնություն են կազմում, բարձրանում են հուսահատական աղաղակներ։ Թուրքերը բացահայտորեն պատրաստվում են կոտորելու հայերին. այս են հաղորդում լրագրական թղթակցությունները գրեթե ամեն օր։ Ապագա գոռ փոթորկի այս վաղահաս աղմուկներն են ահա, որ ստիպում էին Թիֆլիսի դիպլոմատներին կաթողիկոսի անունից գրված աղերսագրի մեջ մտցնել մի կետ եւս, այն մասին, որ ռուսական դիվանագիտությունը Կ.Պոլսում հարկադրի թուրք կառավարությանը լուրջ միջոցներ ձեռք առնել հայերի պաշտպանության։ Իսկ եթե թուրք կառավարությունը մերժե՞ր այդպիսի մի պահանջ, ինչպես արդեն, պատերազմի պատրաստված, մերժել էր եվրոպական պետությունների դարավոր արտոնությունները, կապիտուլյացիաները։ Կարծես թե երեխաներ էին Թիֆլիսի դիպլոմատները եւ չէին հասկանում, որ Թուրքիայում կոտորածները միշտ կառավարական հրամաններով էին տեղի ունենում։ Եվ եթե դա այսպես է, ի՞նչ ուժ կարող էր գտնվել աշխարհի վրա, որ թշնամի նկատած լինելով հանդերձ, կարողանար արգելել թուրք կառավարությանը, որ նա կոտորածի հրաման չտա…

Եվ այսչափ ողորմելի դրության մեջ էր, որ մենք ուզում էինք պատերազմող կողմ դառնալ…

Թուրքիայի հայության վիճակը որոշված էր…

Կա, սակայն, մի խոշոր հանգամանք, որ ես կարեւոր եմ համարում այստեղ հիշատակել իբրեւ մեկնաբանական միջոց։ Խնդրում եմ` չմոռանալ, որ մենք գտնվում էինք պատերազմական գործողությունների սկզբում, երբ ամեն տեղ եւ բոլոր երկրների մեջ փոթորկում է մի ընդհանուր հիվանդոտ հոգեբանություն, մի փսիխոզ։ Չգիտեմ ուրիշների մոտ ինչպես, մեզանում տիրում էր այն մանկական հավատը, թե պատերազմը կվերջանա շատ շուտով, մի վեց ամսվա մեջ, որ անպատճառ կջարդվի Գերմանիան` Թուրքիայի հզոր պաշտպանը, եւ այնուհետեւ եռյակ համաձայնության պետությունները կիրագործեն իրենց ծրագիրը, որի մեջ կենտրոնական տեղը բռնում էր փոքր ազգությունների ազատությունը։ Մենք էլ փոքր ազգություն ենք, չէ՞, եւ մեր ազատության համար կռվում ու ահռելի զոհեր ենք տալիս 30-40 տարուց ի վեր։ Ուրեմն, այս համաշխարհային պատերազմը մեզ համար էլ է։ Եվ եթե այսպես է, ինչպե՞ս կարող ենք մենք անտարբեր մնալ, չշարժվել…

Եվ իրավ, մեզ վրա զարհուրելի թունոտ ներգործություն էր անում այն հրեշավոր սուտ, հրեշավոր պերճաբան պրոպագանդան, որի մեջ եվրոպական իմպերիալիզմն աշխատում էր թաքցնել գայլի իր ճիրանները` ազգերին խաբելով ամենալկտի ճարտասանությամբ, թե այս վերջին պատերազմն է, որ սկսվում է ոչ թե բանկիրների, մետաղագործների, զինվորական եւ ռազմական արդյունագործության վիշապների կոկորդը լցնելու համար, այլ աշխարհի անարդարությունները ջնջելու, ճնշվածներին եւ տանջվածներին երջանկություն ու հանգիստ, անդորրություն բերելու համար։ Նզովյա՜լ մարդկային լեզու, ինչե՜ր նա կարող է ասել ինչ պայմանների մեջ։ Այս է այն լեզուն, որ, ինչպես ասում է ժողովուրդը, կարող է օձը դուրս քաշել իր բնից…

Խաբում էին ամբողջ երկրագունդը, բեւեռից բեւեռ, եւ պետք է որ խաբվողներ լինեին, չէ՞։ Ահա բանը հենց այս հարցի մեջ էր, այս դաժան ու անողորմ հարցի մեջ։ Գիտե՞ք ինչ տպավորություն թողեց մեզ վրա ռուսաց բարձրագույն հրամանատար Նիկոլայ Նիկոլաեւիչի280 դիմումը լեհերին… Մուրավյով-Կախողից281 հետո այսպիսի՜ լեզու… Հրաշք էր282։ Եվ առաջին մտածումը, որ հաջորդում էր զգացմունքին, մեզ` հայերիս համար այն էր, ինչ թաքցնեմ, որ մի օր այդպիսի մի կոչ էլ թուրքահայերին ուղղվի։ Աշխարհը լցված էր հավատով եւ խաբվում էր սոսկալիորեն։ Մե՞ղք էր, որ մենք էլ խաբվեինք. մենք, որ սկզբից եւեթ լցված ենք եղել ամբողջ տոհմով, մինչեւ մեր հայրերը, պապերը, ապուպապերի պապերը եւ նախահայրերը մի հիմար եւ ապուշ հավատով դեպի ամեն մի խոսք-խաբեություն, մանավանդ` դեպի ամեն մի թուղթ-խաբեություն։ Սա այսպես է, իհարկե։ Րոպեն այսպես էր տանում, եւ ամենքը գնում էին. ոչ ոք մարգարե չէր։ Մի Վիլհելմ, իհարկե, հավատում էր, որ հենց ճիշտ այն պետք է անել, ինչ ինքն էր անում։ Թե չէ` գիժ հո չէ՞ր, որ իմանար, թե չպետք է անել եւ աներ ու այսօր, փետրահան եղած իր հոհենցոլեռնյան283հիմար ուռածությունից, Հոլանդիայի գերին լիներ։

269Միքայել Պապաջանյան (1868-1929) – Ռուսական Պետդումայի կադետ պատգամավոր, Հայ ժողովրդական կուսակցության հիմնադիրներից եւ ղեկավարը, Ազգային Խորհրդի անդամ, Բաթումի պայմանագիրը ստորագրողներից, Ահարոնյանի եւ Խատիսյանի հետ Կ.Պոլիս մեկնած պատվիրակության անդամ։
270Թուրքերն այսպես էին անվանում իրենց կայսրության եվրոպական մասը, ինչպես որ ասիականը՝ Անատոլու։
271Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Արեւմուտքում դրված էր Թուրքիայի աստիճանական անդամահատման խնդիրը, եւ ամեն տերություն աշխատում էր, որպեսզի հայերին պարզապես ծառայեցներ այդ նպատակին՝ յուրաքանչյուրը հօգուտ իրեն. մի բան, որ պետական-կայսերական մտածողության տեր թուրք վերնախավը չհասկանալ ու չտեսնել չէր կարող՝ դրանից բխող համապատասխան վերաբերմունքով։
272Արեւելահայ գրության ենք տառադարձրել հետեւյալ հատուկ անունները՝ Պուանկարե, Պետերբուրգ, Բալկանյան կոմիտե, Տաֆտ, եւ «բյուրո» բառը։
273Մեզ ծանոթ չէ Լեոյի նշած այդ բրոշյուրը, սակայն աներկբա են նախ՝ Ռոհրբախի գերմանացի անդավաճան հայրենասեր ու բարձրաստիճան դիվանագետ լինելու (նա միաժամանակ եւ՛ Գերմանա-հայկական, եւ՛ Գերմանա-թուրքական ընկերությունների անդամ էր), երկրորդ՝ հայերի հանդեպ բավականին դրական վերաբերմունք ունենալու հանգամանքները. անշուշտ, առաջին հանգամանքը կարող էր սահմանային իրավիճակներում ստվերել երկրորդը, ինչի համար մեղադրել պետք չէ, այլ երեւույթներն ընդունել այնպես, ինչպես կան. Ռոհրբախի մասին տե՛ս Ա.Հայրունի, Պաուլ Ռոհրբախը եւ Հայաստանը, «Գիտության գլոբուս», Երեւան, 2004 թ., թիվ 4, էջ 62-70, որտեղից՝ մեր մոտեցման օգտին անենք հետեւյալ մեջբերումը. «Մի հայրենիքի համար (խոսքը Գերմանիայի մասին է – Մ. Հ.)« որը նման սոսկալի ոճրագործությունը (խոսքը Առաջին համաշխարհայինի ընթացքում կատարված հայկական ցեղասպանությանն է վերաբերում, որի մասին դոկտորն այդ ընթացքում ստիպված լռություն է պահպանում ու տվայտվում՝ ի տարբերություն անկրկնելի Յոհաննես Լեփսիուսի – Մ. Հ.) հանդուրժում է« ես նաեւ հետագայում չեմ դադարի գործել« բայց աշխարհի առջեւ այլեւս չեմ կարողանա նրան պատկանել»։
274Խոսքը գերմանական կաթոլիկական հոգեւոր-ասպետական Տեւտոնական օրդենի մասին է, որ հիմնվել էր Պաղեստինում, խաչակրաց արշավանքների ժամանակ եւ հաստատվել Հռոմի Ինոկենտիոս Երրորդ պապի կողմից։
275Ռուսերեն՝ «գուցե վերադառնամ»։
276Խոսքը ռուսական կանոնավոր զորամիավորումներին ուղիներ ցույց տալուն կոչված ուղեկցողների մասին է։
277Դեռ 100 տարի էլ չէր անցել այն օրից, երբ Ռուսաստանը հայտնվեց արեւելահայ տարածքներում, մինչդեռ արեւմտահայությունն ավելի քան 700 տարի ապրում էր մեկ այլ պետության՝ Օսմանյան կայսրության կազմում։ Այժմ նորեկ ռուսներին հավատարմություն էր հայտնվում նաեւ Թուրքիայի քաղաքացի արեւմտահայության անունից. կրկնակի ստանդարտների կիրառումը մեր տիպի ժողովուրդներին երբեք չի ներվում։
278Ամենայն հայոց կաթողիկոսի այս խայտառակ նամակն իսկ բավարար է, որ մինչեւ վերջ համաձայնենք մեկ այլ հետազոտության մեջ («Խոջայական կապիտալ») Լեոյի տված ախտորոշմանը՝ «հայ կղերական դիվանագիտություն»։
279Հետագայում մեկ այլ առիթով Սիմոն Վրացյանը կրկնեց այս միտքը՝ իր «Հայաստանի Հանրապետություն» գրքում ընտրելով այսպիսի վերնագիր՝ «Բոլշեւիկյան մուրճի եւ թուրքական սալի միջեւ» (տե՛ս նշվածը)։
280Ռոմանով Նիկոլայ Նիկոլաեւիչ (1856-1929) – Ցարական ընտանիքի անդամ, Առաջին աշխարհամարտի սկզբում եղել է ռուսական զորքերի գլխավոր հրամանատարը, սակայն դժգոհությունների արդյունքում հեռացվել է եւ նշանակվել Կովկասյան ընդհանուր հրամանատար եւ Կովկասի վերջին փոխարքա (23.08.1915-09.03.1917)։
281Մուրավյով Նիկոլայ Նիկոլաեւիչ (1794-1866) – Ռուս գեներալ, մասնակցել է 1812-1814թթ. ռուսական արեւմտյան արշավանքներին, 1826-28թթ. ռուս-պարսկական, 1828-1829թթ. եւ 1853-1856թթ. ռուս-թուրքական պատերազմներին (վերջինի ընթացքում Կարսը պաշարելու եւ գրավելու համար ստացել է Կարսկի պատվանունը), մասնակցել է լեհ ժողովրդի 1831թ. ապստամբության ճնշմանը, Վարշավայում իրականացրել է սոսկալի գազանություններ։ 1854-1856թթ. եղել է Կովկասի փոխարքան։
282Լեոյի հեգնանքն ակնհայտորեն ունի նաեւ բառախաղային երանգ. եւ՛ Մեծ իշխան Ռոմանովն է Նիկոլայ Նիկոլաեւիչ, եւ՛ Մուրավյովը։
283Վիլհելմ Երկրորդ Հոհենցոլեռնը Գերմանիայում իշխեց մինչեւ 1918թ. նոյեմբեր, ապա փախավ Հոլանդիա, ուր եւ պաշտոնապես հրաժարվեց գահից։