Za darmo

Անցյալից

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ. ՍԿԻԶԲՆ ԱՆԿՄԱՆ

Ա

Դաշնակցական–երիտթուրքական մտերմությունն, ինչպես ասացի, երկար չտեւեց եւ չէր կարող տեւել։ Պատճառն այն էր, որ երկու կազմակերպություններն իրենց կազմվածքով եւ բովանդակությամբ կատարյալ հակառակորդներ էին։ Երիտթուրք կառավարությունը միանգամայն անընդունակ հանդիսացավ բարեփոխություններ մտցնելու պետության ներքին կյանքի մեջ։ Նա շարունակ տարված էր արտաքին քաղաքականությամբ եւ զգում էր, որ պառլամենտական ռեժիմը Թուրքիային այնքան ուժ ու հեղինակություն չտվեց, որ նա կարողանա այժմ, ավելի հաջող` քան առաջ, դիմադրել եվրոպական պետությունների ոտնձգություններին, ուստի եւ պարտություններ էր կրում պարտությունների ետեւից։

Նա աշխատում էր ավելացնել զինվորական ուժերը ցամաքում եւ ծովում. այս նպատակով զինվորագրության էր ենթարկում քրիստոնյաներին, բայց հենց դրանով մեծ դժգոհություն էր պատճառում նրանց։ Անկարող լինելով տալ ազգային հարցին նպատակահարմար եւ բավարար լուծում` երիտթրքությունը մնում էր կաշկանդված այն նախապաշարմունքի մեջ, որ ստեղծվել էր նրանց նախահայրերի նեղմտությունից։ Այդ այն էր, որ հավատում էին, թե Թուրքիայի դժբախտությունը նրա մեջ ապրող տարբեր ազգություններն են, ոչ միայն այլակրոն (ուրիշ խոսքով` ոչ մահմեդական), այլեւ կրոնակից, բայց այլացեղ (օրինակ` քրդերը, արաբները)։ Այդ պատճառով կուսակցությունը որոշել էր ամեն ջանք գործ դնել պետությունը միատարր թուրքական դարձնելու համար։ Եվ այս ուղղությունը դարձնում էր երիտթուրքերի կուսակցությունն ավելի եւս թունդ, անհամբերող, նացիոնալիստական։

Արտաքին քաղաքականության մեջ ուժ ձեռք բերելու համար երիտթուրքերն ընկնում էին Գերմանիայի գիրկը եւ այդպիսով հեռանում Թուրքիայի ավանդական բարեկամը հանդիսացող Ֆրանսիայից։ Գերմանական իմպերիալիզմը, տարված համաշխարհային տիրապետության եւ համագերմանականության ցնորքներով, Թուրքիան ավելի լավ իրեն հպատակեցնելու համար խրախուսում էր առանց այդ էլ երիտթուրքերի վաղեմի իդեալը կազմող համաիսլամական ձգտումները. այն տարբերությամբ միայն, որ այժմ կրոնակցության հետ միաժամանակ ուժգնորեն առաջ էր քաշվում եւ ցեղային սկզբունքը։ Համաիսլամությունից ավելի հարգված եւ կարեւոր նշանաբան էր դարձվում համաթրքությունը` բոլոր թուրք տարրերի միացումը։ Այս միացման վրա գերմանական աշխարհակալ ամբարտավանությունը կառուցում էր Կովկասի, Միջին Ասիայի, գուցե նույնիսկ եւ Հնդկաստանի նվաճումը։ Երազվում էր մի այնպիսի մեծ Օսմանյան կայսրություն, որի նմանը չէր եղել։

Այսպիսի ծրագրերով, համաթուրքական լայնատարած պրոպագանդայով էին զբաղված երիտթուրքերը, մինչդեռ պետության ներքին բարեկարգության մասին ոչ մի հոգս չէր տարվում։ Այսպես, նրանք ոչ միայն չկարողացան, այլեւ չկամեցան փոքր-ինչ կարգավորել հողային հարցը Հայաստանում։ Այս մի ցավոտ, կնճռալից հարց էր, որ 50-60 տարիներից ի վեր հայ ժողովրդի տառապանքների գլխավոր աղբյուրն էր կազմել եւ Հայոց հարցի հիմքը։ Հողային հարցի մեջ խառնված էին քուրդ ավատական տերերի շահերը։ Հին ռեժիմին հարկավոր էին այդ տերերն իբրեւ ռազմական ուժի ներկայացուցիչներ, եւ այդ պատճառով հայ գյուղացիության ձայնը խեղդվում էր, եւ նրա հողերին բռնի տիրացած քուրդ կալվածատիրությունը խրախուսվում եւ փայփայվում էր ամեն կերպ։

Նոր պառլամենտական ռեժիմից սպասվում էր, որ նա այլ կերպ կվերաբերվի հարցին եւ աշխատավոր գյուղացիության շահերի պաշտպան կհանդիսանա։ Բայց երիտթուրքերը շտապեցին ցույց տալ, որ քուրդ կալվածատերերն իրենց համար նույնքան թանկ են, որքան եւ հին ռեժիմի համար։ 1911թ. ամռանը ամբողջ թուրքահայության մեջ մեծ հուզում տարածեց Մուշի Օսման-փաշան, որ Մուշի գյուղերից մեկում, դիմելով հավաքված քրդերին, ասաց, թե հայերը նեղում են նրանց, կողոպտում ու թալանում են, բայց կառավարությունը չի թողնի նրանց եւ երբեք թույլ չի տա, որ հայերը տիրանան նրանց հողերին։ Սա մի պրովոկացիա էր, որ կատարվում էր կառավարության ներշնչումով եւ վերացնում հայ-քրդական հարաբերությունների լավացման ամեն մի հույս։ Նույն ամռանը սկսեցին լուրեր տարածել, թե պատրաստվում են նոր հայկական ջարդեր Թուրքիայում։ Ջարդեր չեղան, բայց հայտնի է, որ առանց կրակի ծուխ չի լինում։ Գերմանական աղբյուրները հաղորդում էին, որ հենց այդ ժամանակ երիտթուրքերի կուսակցական ընդհանուր ժողովը որոշել էր իրագործել «Թուրքիան թուրքերի համար» սկզբունքը, այսինքն` Թուրքիայի ամբողջ իսլամ ազգաբնակչությանը թուրքացնել լեզվի միջոցով։ Հայերի եւ ուրիշ այլակրոն ցեղերի մասին խոսք անգամ չէր կարող լինել, որոնք պիտի ջարդերի միջոցով վերացվեին մեջտեղից։

Ի՞նչ էր անում այդ ժամանակ Դաշնակցությունը։ Տեղյա՞կ էր երիտթուրքերի գաղտնի ծրագրերին։ Եթե տեղյակ էլ լիներ, դրանց վերաբերվում էր կատարյալ անտարբերությամբ եւ անհոգությամբ։ Ընկած էր իր ծապլվարական սոցիալիզմի ետեւից, գավառներում դպրոցական գործունեությամբ էր զբաղված, ինքնապաշտպանության համար զենքեր էր գնում եւ բաժանում, իսկ նրա ֆիդայիները պահում էին իրենց ինչպես նվաճողներ։ Գրգռումը սաստկանում էր գավառներում, հարստահարությունները եւ մանավանդ հողերի բռնի հափշտակումները քրդերի եւ կառավարական պաշտոնյաների ձեռքով շատանում էին, եւ առաջվա նման Կ.Պոլսի հայոց պատրիարքարանն էր, որ այս առիթով գանգատներ էր ուղարկում թուրք կառավարությանը։ Հետզհետե հիասթափություն էր մտնում հայ ազգաբնակչության մեջ։ Ռուսաց զորքերը կանգնած էին Սալմաստում, Վանին այնքան մոտ եւ տեղական հայ ազգաբնակչությունը, միշտ անվստահ իր ապահովության համար, անհամբեր սպասում էր, թե երբ նրանք կգան իրենց երկիրը նվաճելու։

Իսկ արտաքին գործերը գնալով ավելի ու ավելի էին խճճվում։ 1911թ. Թուրքիան պատերազմի էր բռնվեց Իտալիայի հետ Տրիպոլիի համար. մի պատերազմ, որ տեւեց գրեթե մեկ տարի։ Դաշնակցությունն անփոփոխ էր պահում իր բարեկամությունը երիտթուրքերի հետ։ Բայց 1912-ի պառլամենտական ընտրությունները գալիս էին եթե ոչ իսպառ ավիրելու, գոնե սառնություն մտցնելու այդ հարաբերությունների մեջ։ Խոստացված 20 պատգամավորների փոխարեն Դաշնակցությունն ստացավ միայն 12-ը237։ Սա պարզապես նշանակում էր, թե բարեկամները խաբել են բարեկամներին։ Կուսակցական եսամոլությունը սաստկապես վիրավորված էր. թեեւ մալումյանները եւ թալեաթները դեռ շարունակում էին իրենց մտերմությունը, սակայն այլեւս համերաշխ գործունեության, երկրի ընդհանուր շահերին նվիրվելու գաղափարներն արագ գունատվում էին, ցրտանում։ Երկու կողմերն էլ մոռանում էին, որ նոր Թուրքիան հավասարության եւ ազատության սկզբունքներ է հայտարարել, եւ երկուսն էլ իրար հանդեպ ուրիշ մի բան չկարողացան անել, բացի միայն հին ռեժիմը կրկնել։ Եթե երիտթուրքերը ջանում էին ընդհանուր համիդական ջարդերով ազատվել հայերից, դաշնակցականներն էլ մի նոր գործ էին սկսում` երիտթուրքերից Հայոց հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու միջոցով238։

Նպաստավոր հանգամանք բերում էր այն, որ 1912-ի աշնանը Թուրքիային պատերազմ հայտարարեց Բալկանյան նորակազմ միությունը (Չեռնոգորիա, Սերբիա, Բուլղարիա եւ Հունաստան)։ Հազիվ էր վերջացել իտալական պատերազմը, եւ ջարդված ու թուլացած Թուրքիան միմյանց ետեւից խիստ պարտություններ էր կրում այն փոքր ազգություններից, որոնք մի ժամանակ նրա հպատակներն էին եղել։ Դաշնակիցներն իրենց հաղթական զորքերը բերել-հասցրել էին Կ.Պոլսին. եւ արդեն խոսվում էր այն կոնֆերանսի մասին, որ պիտի հավաքվեր հաշտության պայմաններ մշակելու համար։ Եվ հասկանալի է, որ հայ դիվանագետների, ինչպես ասում են, «ջանը քոր է ընկնում»։ Ինչպե՞ ս կարելի է, որ մի տեղ կոնֆերանս հավաքվի եւ հայն իսկույն չկտրի նրա դուռը` խնդրագիրը ձեռքին բռնած։

Դաշնակցությունն առանց այդ էլ ցուցադրել էր իր երկդիմությունը։ Մինչ Կ.Պոլսի նրա օրգանը հայրենասիրական հոդվածներ էր տպում եւ պահանջում, որ ամենքը գնան հայրենիքը պաշտպանելու, նրա անվանի եւ փառավորված խմբապետ Անդրանիկն իր կամավորներով կռվում էր բուլղարական շարքերի մեջ եւ հաղթություններ էր տանում թուրքերի դեմ։ Այս տեսակ մի գործ էր եւ այն, որ նա նախաձեռնություն հանձն առավ հարուցանելու Հայոց հարցը։ Առաջին անգամ խոսք եղավ, ասում են, Կ.Պոլսի Ազգային ժողովի մեջ։ Եվ իսկույն հայ դիվանագետները գործի կպան։ Ամենից առաջ, իհարկե, Դաշնակցության արտաքին գործերի շրջիկ մինիստր դոկտոր [Հակոբ] Զավրիեւը։ Այս անգամ կարծում էին, թե Հայոց դատի պաշտպան կհանդիսանա Բուլղարիայի թագավոր Ֆերդինանդը։ Նա էր հաղթողը եւ, բացի դրանից, նա իր մանիֆեստի մեջ ասել էր, թե Բուլղարիայի պատերազմը Թուրքիայի դեմ` խաչի պատերազմն է մահիկի դեմ։ Եվ հավատացել էին մեր անուղղելի միամիտները եւ խաչի անունով մի խնդիրք էլ նրան էին տվել։

Բ

Բայց սխալ կլինի կարծել, թե նախաձեռնությունը Բոսֆորի ափերում բուսավ։ Իսկական նախաձեռնողին, եթե ուզում ենք որոնել, գնանք Թիֆլիսի փոխարքայական պալատ, ուր «հայոց թագավոր» Վորոնցով-Դաշկովն էր նստած։ Նիկոլայի կառավարության մեջ հասունացած էր Մերձավոր արեւելքում ավելի կտրուկ քաղաքականություն վարելը` եվրոպական պետություններից ետ չմնալու համար։ Եթե Վիլհելմ կայսրը, իբրեւ բարձրագույն շահ գերմանական կապիտալիզմի համար, ընտրել էր երեք տառ, երեքն էլ` Բ (Բրեմեն-Բեռլին-Բաղդադ երկաթուղի239), ապա Նիկոլայն էլ ուներ իր երկու Պ-ն (Պետերբուրգ-Պարսից ծոց)։ Նա արդեն գտնվում էր այդ ճանապարհի վրա եւ հասել էր Սալմաստ։ Բայց հին, նույնիսկ նախապատմական ժամանակներից մնացած մի ռազմագիտական այբուբեն էր` տիրել Հայկական բարձրավանդակին` Պարսից ծոցին տիրելու համար։ Հարկավոր էր հարմար դիրքեր, համակրություններ ստեղծել այդ լեռների վրա։ Եվ Նիկոլայի կառավարությունը մտածում էր ձեռք վերցնել այն ապուշ քաղաքականությունից, որին կպած էր 1890-ական թվականների հայկական ճգնաժամին։ Լոբանով-Ռոստովսկին կամենում էր Հայաստանի լեռնադաշտը, բայց նախապես մաքրված հայերից։

Չէր կարող լինել իմպերիալիստական Ռուսաստանի եւ ոչ մի հատ պաշտոնյա, որ Հայաստան չկամենար։ 1877-1878թթ. պատերազմը վերջանալուց հետո արդեն երեխաների համար էլ պարզ էր, որ այնուհետեւ Ռուսաստանի առջեւ մի ճանապարհ է մնում դեպի Միջերկրական ծովը` Հայաստան։ Բեռլինի կոնգրեսի ժամանակ կոմս Լոռիս-Մելիքովը, որ Բեռլինի վրայով անցնում էր արեւմտյան Եվրոպա, տեսակցություն ունեցավ հայ պատվիրակների հետ, ասաց նրանց. «Ի՛նչ պահանջելու եք` պահանջեցեք Կիլիկիայում։ Այս կողմը (Հայաստանը) մեզ թողեք, այս մեր ճանապարհն է»240։ Հայերն այս բանը չհասկացան եւ ամբողջ ժամանակ կանգնած էին ռուս կառավարության դիմադրության առաջ։ Այժմ գալիս էին այնպիսի ժամանակներ, երբ քաղաքական հանգամանքները ստիպում էին, որ ռուսաց կառավարությունն իր դիվանագիտական միջոցներից մեկը դարձներ Հայոց հարցը։

 

Կովկասի փոխարքային մնում էր այնպես մշակել հայերին, որ ռուսական դիվանագիտությունն իր միջամտությունը խարսխեր հայերի հատուկ դիմումների վրա։ Այստեղ էլ Վորոնցով-Դաշկովի համար հլու գործիք էր դառնում հայ պալատականների շրջանը։ Դեռ 1908-1909թթ., երբ Պետական դումայում քննվում էր Կովկասյան համբավավոր հարցապնդումը եւ աջակողմը կատաղորեն հարձակումներ էր գործում Վորոնցով-Դաշկովի վրա այն պատճառով, որ նա իբր թե հենվում է ոչ թե պետության հլու հավատարիմ թուրքերի, այլ անվստահելի, անջատական ձգտումներով ապրող հայերի վրա, նույնիսկ այս պալատականների նախաձեռնությամբ հայերը մի շարք հեռագրերով եւ ուղերձներով ցույցեր արեցին ի պատիվ Կովկասի զրպարտված փոխարքայի։ Այժմ նրանք տեղեկանալով, որ Վորոնցով-Դաշկովն արդեն հարց է հարուցել Պետերբուրգում, որ փոխվի վերաբերմունքը դեպի Հայկական հարցը, ձեռնարկեցին մի ավելի մեծ գործի` ստեղծեցին համբավավոր Ազգային բյուրոն։

Բյուրոյի պաշտոնական արձանագրությունների մեջ այսպես է պատմված այդ հիմնարկության ծննդաբանությունը.

«1912 թվի աշնանը` Բալկանյան պատերազմը սկսվելուց հետո, թուրքահայ ժողովրդի վիճակը նորից եւ բուռն կերպով հայ հասարակության զանազան խավերի մտահոգության առարկա դարձավ։ Մի կողմից` հնարավոր ջարդերի սպառնալիքը եւ մյուս կողմից` Թուրքիայի գործերը վերջնականապես կարգավորելու համար հրավիրվելիք միջազգային կոնֆերանսի վրա դրված հույսերն առիթ տվին հայ մտավորականության զգայուն մասին` ըստ կարելույն համախմբել իրենց ջանքերը` ավելի լավ կերպով օգտագործելու հարմարավոր պատմական մոմենտը, նամանավանդ որ կողմնակի կերպով հաստատապես հայտնի էր դարձել ռուս կառավարության շատ նպաստավոր տրամադրությունը դեպի թուրքահայերի դատը։ Միաժամանակ Բաքվում եւ Թիֆլիսում միտք ծագեց հրավիրել զանազան հայաբնակ վայրերի ներկայացուցիչներից մի համագումար՝ խորհրդակցելու համար օրվա այդ հրատապ խնդրի մասին։

Առաջին խորհրդակցական ժողովը տեղի ունեցավ Թիֆլիսում, 1912 թվի հոկտեմբերի վերջերին։ Ժողովին ներկա էին պատգամավորներ Բաքվից, Երեւանից, Ախալցխայից, Նոր Նախիջեւանից, Արմավիրից241, Բաթումից եւ այլ տեղերից, իսկ Թիֆլիսից՝ զանազան կուլտուրական հիմնարկությունների ներկայացուցիչներ։ Ժողովն ունեցավ երկու նիստ եւ որոշվեց՝

1) հրավիրել մոտ ապագայում ավելի լայն կազմով մի նոր համագումար` ըստ կարելվույն բոլոր հայաբնակ կարեւոր վայրերի ներկայացուցիչներից` ընտրելու համար մի լիազոր մարմին` Հայկական հարցի շուրջն աշխատելու համար եւ

2) դիմել Ամենայն հայոց կաթողիկոսին եւ խնդրել, որ նա հանուն հայության մի դիմում անի Նորին մեծություն ռուսաց կայսեր՝ օգնության հասնելու թուրքահայ ժողովրդին այս տագնապալից օրերում։ Ժողովը մշակեց այդ մտքով մի բանաձեւ եւ հատուկ պատգամավորության ձեռքով այն ներկայացրեց Վեհափառ կաթողիկոսին։

Նույն ժողովում խնդիր եղավ նաեւ թուրքահայերի ինքնապաշտպանության մասին, բայց մեծամասնությունը որոշեց սահմանափակվել դիվանագիտական դիմումներով։

Ընտրվեց մի ժամանակավոր բյուրո, բաղկացած 7 հոգուց՝ Ս. Հարությունյան, Ալ. Խատիսյան, Ա. Քալանթար, Հ. Առաքելյան, Ա. Պողոսյան, Հովհ. Թումանյան եւ Ն. Աղբալյան։ Բյուրոն պիտի զբաղվեր ընթացիկ գործերով եւ պատրաստություն տեսներ հրավիրելու Թիֆլիսում նոր, ավելի բազմամարդ համագումար»։

Այս պաշտոնական կոկիկ նկարագրությունը ես պետք է լուսաբանեմ իմ մի քանի հիշողություններով։ Առաջին համագումարը կայացավ Թիֆլիսի առաջնորդարանում, Կոստանդին Խատիսյանի նախագահությամբ։ Ժողովը սակավամարդ էր։ Որ դաշնակցականներ կային, այդ ցույց է տալիս հենց այն, որ հարց էր բարձրացվում թուրքահայերի ինքնապաշտպանության մասին, այսինքն` զենքեր գնելու եւ Թուրքիա փոխադրելու մասին։ Իսկ այս, ինչպես հայտնի է, Դաշնակցության մշտական գործն է եղել տարիներից ի վեր` փող պահանջել զենքեր առնելու համար։ Փողեր ստանում էին, բայց թե դրանից ո՞ր մասն էր զենք դառնում եւ թուրքահայերի ձեռքն անցնում, այդ կորած է անհայտության խավարի մեջ։ Վիճաբանությունների ժամանակ բյուրո հիմնարկելու գաղափարը հակառակություն գտավ իմ կողմից միայն։ Ես ավելորդ էի համարում կաթողիկոսի միջոցով դիմում անելը եւ դրա համար մի ամբողջ բյուրո հիմնելը, որովհետեւ, ասում էի, Ռուսաստանն առանց մեր կանչելու էլ կերթա Թուրքահայաստան, երբ այդ հարկավոր դատի իր շահերի համար։ Եվրոպական գրականությունից վերցրած վկայություններով ես փորձեցի հասկանալի դարձնել այն հանրածանոթ իրողությունը, որ Թուրքահայաստանը ճանապարհ է Ռուսաստանի համար եւ վաղ թե ուշ պիտի լինի նրա ձեռքին։ Մեր դիմումը կարող է պատրվակ դառնալ այդպիսի մի գրավման, բայց կարող է եւ չդառնալ` եվրոպական պետությունների խիստ մրցակցության պատճառով։ Այդ ժամանակ ի՞նչ կլինի մեր դրությունը։

Իմ խոսքն իհարկե ոչ ոքի չհամոզեց։ Ես հիշում եմ մի հին դաշնակցականի, որ պատասխանեց ինձ հեգնորեն` անվանելով իմ խոսքերը «18-րդ դարու պատմություն»։ Եվ դարձյալ, ուրեմն, խնդիրը լուծվում էր հախուռն կերպով, առանց լրջորեն ծեծելու եւ ուսումնասիրելու։ Ինձ պատասխանեցին, թե բյուրոն ինքը մի առանձին բան չէ, նա միայն եւ միայն լինելու է Վեհափառ կաթողիկոսի խորհրդականը։ Սակայն ո՞վ չգիտեր, որ դա այդպես չէ, այլ բոլորովին հակառակը. կաթողիկոսը անկախորեն չպիտի գործեր եւ չէր էլ կարող գործել, այլ պիտի ստորագրեր այն թղթերը, որ կպատրաստեր բյուրոն։ Ահա բյուրոյի առաջին թելադրությունը, որ կատարվեց առաջին համագումարի որոշմամբ։

«Ձերդ Սրբություն,

Թիֆլիսի հայ հասարակությանը պատկանող անձանց մի խումբ, որ բաղկացած է Թիֆլիսի հայ կրթական եւ բարեգործական հիմնարկությունների, մամուլի եւ հասարակական այլեւայլ խավերի ներկայացուցիչներից, քննության առնելով թուրքահայերի դրությունը, որ անտանելի է դարձել նրանց կյանքի, պատվի եւ գույքի վրա գործադրվող անընդհատ բռնությունների հետեւանքով, եւ չտեսնելով թուրք կառավարության կողմից ձեռք առնված իրական միջոցներ եւ երաշխիքներ, որոնք ուղղված կլինեին այդ երեւույթները վերացնելու գործի օգտին, եւ անկարող լինելով այլեւս լուռ եւ անկարեկից լսել իրենց եղբայրների վրա կատարված այդ գազանությունների մասին` դիմում է Ձերդ Սրբության` իբրեւ թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Թուրքիայի հայ ժողովրդի, նույնպես եւ բոլոր հայերի հոգեւոր գլխին, խոնարհաբար խնդրելով դիմում անել թագավոր կայսրին` միջնորդելով Թուրքիայի հայ ժողովրդի պաշտպանության մասին տանջանքներից եւ իրավազրկությունից։

Մենք հաստատապես հավատում ենք, որ իբրեւ Արեւելքի քրիստոնյաների մշտական պաշտպան, նույնպես եւ իբրեւ մի մեծ պետություն, որ Բեռլինի դաշնագրով իր վրա է վերցրել Թուրքիայի հայաբնակ վիլայեթներում անհրաժեշտ ռեֆորմներ մտցնելու հոգսը, ռուսական պետությունն առանց ուշադրության չի թողնի Ձերդ Սրբության եւ, ի դեմս Ձեր հոտի, նրա հավատարիմ որդիների խնդիրքները եւ իր ուժեղ հովանավորությամբ եւ միջամտությամբ վերջ կդնի մեր եղբայրակիցների տանջանքներին, նորից ամբողջ աշխարհի առաջ կհայտնագործի իր բարձր պատմական առաքելությունը Մերձավոր արեւելքում»։

Ճակատագրական քայլն արված էր։ Այնուհետեւ թուրքահայ ժողովրդի կյանքի եւ մահվան հարցն իր ձեռքն առած Թիֆլիսի բուրժուական ինտելիգենցիայի այդ հատվածն արագորեն առաջ տարավ իր կազմակերպման ամրացումը` միանալով Դաշնակցության հետ։

«Նոյմեբերի 25-ին նույն թվի, – շարունակվում է արձանագրությունը, որից մենք քաղվածքներ ենք անում, – Թիֆլիսում կայացավ երկրորդ համագումար-ժողովը, որին ներկա էին պատգամավորներ Թիֆլիսից, Բաքվից, Նոր Բայազետից, Բաթումից, Հաշտարխանից242, Հին Նախիջեւանից, Շուշիից, Թիֆլիսի հայ կաթոլիկ համայնքից, նաեւ ներկայացուցիչներ «Մշակի» եւ «Հորիզոնի» խմբարգրություններից։ Ժամանակավոր բյուրոյի զեկուցումից հետո քննության դրվեցին միեւնույն երկու խնդիրները, այն է՝ դիվանագիտական միջնորդություն եւ ինքնապաշտպանություն։ Հարցերի քննությունից հետո ժողովը հրահանգներ մշակեց ընտրվելիք բյուրոյի համար. հանձնարարել նրան՝

1) Օժանդակել Նորին Վեհափառություն կաթողիկոսին իր գործունեության մեջ՝ Հայկական հարցի վերաբերմամբ,

2) Կապեր հաստատել Պոլսի, Փարիզի եւ ուրիշ վայրերի հայ մարմինների հետ, որոնք նպատակ ունեն աշխատելու Հայոց հարցի համար,

3) Պրոպագանդայի միջոցով նպաստավոր տրամադրություն ստեղծել ռուս հասարակության եւ վարիչ շրջանների մեջ դեպի Հայոց հարցը։

Գալով ինքնապաշտպանության խնդրին` ժողովը միաձայն ընդունեց նրա կարեւորությունը եւ անհրաժեշտությունը, բայց պարտավորիչ որոշումներ չկայացրեց բյուրոյի համար այդ խնդրի վերաբերմամբ, միեւնույն ժամանակ համագումարը հանձն առավ կարիքի դեպքում նյութական օժանդակություն հասցնել բյուրոյին։

Դիմելով ընտրություններին` ժողովը վերընտրեց ժամանակավոր բյուրոյի եղած կազմը, երկու նոր անդամ եւս ավելացնելով նրանց` բժ. Կ. Ստեփանյանին եւ Ա. Ջամալյանին»։

Գեւորգ կաթողիկոսը, Թիֆլիսի նորակազմ բյուրոյի դիմումի վրա հիմնված, փոխարքա Վորոնցով-Դաշկովի միջոցով մի աղերսագիր ուղարկեց Նիկոլայ կայսրին` խնդրելով, որ Լոնդոնի կոնֆերանսում, ուր պիտի մշակվեին Բալկանյան պատերազմին վերջ դնող հաշտության պայմանները, հերթական դարձվեր եւ Հայոց հարցը։ Միաժամանակ, նկատի առնելով, որ վարչապետ Կոկովցեւը եւ արտաքին գործերի մինիստր Սազոնովը243 Մեսրոպ եպիսկոպոսի հետ ունեցած խոսակցության մեջ այն միտքն էին հայտնել, որ լավ կլինի, եթե հայերը Եվրոպայում էլ դիմումներ անեին մեծ պետություններին, կաթողիկոսն իր կողմից պաշտոնական պատվիրակ նշանակեց իր մեծ հարստություններով շատ հայտնի եւ Եվրոպայում կապեր ունեցող եգիպտահայ Պողոս-փաշա Նուբարին244, որ իսկույն ուղեւորվեց Եվրոպա` իր պաշտոնի գլուխն անցնելու համար։

Սակայն 1912թ. դեկտեմբերի 22-ին փոխարքա Վորոնցով-Դաշկովը գրում էր Գեւորգ կաթողիկոսին հետեւյալ պատասխանը.

«Ձերդ Սրբությունը հայ ժողովրդի անունից իմ միջոցով դիմեցիք` խնդրելով, որ պաշտպանություն ցույց տրվի փոքրասիական Թուրքիայում քրդերի ձեռքով հարստահարվող հայ ազգաբնակչությանը, եւ որպեսզի նա ընդունվի Ռուսաստանի հովանավորության տակ։ Այս միջնորդությունը ներկայացվեց ի բարեհայեցողության Նորին կայսերական մեծությանը, եւ թագավոր կայսրը բարեհաճություն ունեցավ վերաբերվել հայ ժողովրդի վիճակին կատարյալ բարյացակամությամբ։

Այժմ կայսերական կառավարությունն առաջարկություն է արել թուրք կառավարությանը` ցույց տալով նրան, որ մեր ունեցած տեղեկություններով հայերի դրությունը Փոքր Ասիայում վերջին ժամանակները վատացել է, եւ առաջ է բերվում արդարացի գանգատներ քրդերի կողմից եղած հարստահարությունների եւ անձնական ու կալվածական ապահովության բացակայության վրա. բաներ, որոնք առաջանում են վարչական անբարեկարգ դրությունից եւ վատ կողմից։ Դրա հետ միասին, Թուրքիային ցույց է տրված, որ նրա համար անհրաժեշտ է Թուրքահայաստանում այժմ իսկ լրջորեն զբաղվել վերանորոգումներով եւ լավացնել վարչության կազմը` մատնանշելով, որ քրիստոնյա հպատակների օրինավոր շահերի արհամարհումը եղել է մի շարք տարիների ընթացքում Թուրքիայի համար մշտական խռովության եւ բարդությունների աղբյուր նրա եվրոպական նահանգներում եւ, վերջիվերջո, բերել հասցրել է Թուրքիայի համար դժբախտ պատերազմին Բալկաններում` իր բոլոր հետեւանքներով։

 

Հետեւելով դարավոր ավանդույթներին եւ խորին զգացմունքով վերաբերվելով հայ ժողովրդի տանջանքներին` կայսերական կառավարությունը մտադիր է այսուհետեւ էլ ամենաբարյացակամ կերպով վերաբերվել Թուրքիայում կեղեքվող հայ ժողովրդի կարիքներին եւ ջանքեր գործադրել գոյություն ունեցող զեղծումները հեռացնելու եւ անհրաժեշտ բարենորոգումները գործադրելու նպատակով։

Կայսերական կառավարությունը, սակայն, հենց իրենց` հայերի շահերին բոլորովին անհամապատասխան է համարում, որ Թուրքիայի հայերի հարցն առաջիկայում քննվի պետությունների կոնցերտի245 կողմից` բալկանյան ճգնաժամը հարթելու համար գումարվելիք կոնֆերանսում, որովհետեւ կատարյալ հիմք ունի կասկածելու, թե եվրոպական պետությունները միակամ կլինեն հայերի համար կենսական հարցի լուծման մեջ։ Եվ այսու` պետությունների մեջ այդ միակամության բացակայությունը եւ դրա հետեւանքով տարաձայնությունների ծագումը կստեղծեն, ինչպես այս ապացուցել է տխուր պատմական փորձը, չափազանց բարեպատեհ միջավայր տեղական թուրք վարչության համար` խուսափողական վերաբերմունք ցույց տալու դեպի հայերի դրության բարելավման գործը։

Գրավելով Ձերդ Սրբության ուշադրությունը մանավանդ վերջին հանգամանքի վրա, ես առանձնապես կարեւոր կհամարեի, որ ներկա վճռական րոպեին հայերը ցույց տային առանձին զսպվածություն ու տակտ եւ անժամանակ հավաքական դիմումներով չբարդացնեն կայսերական կառավարության համար թուրքահայերի վիճակի բարելավման խնդիրը։

Ես լիապես համոզված եմ, որ Ձերդ Սրբությունն իր ծերունազարդ հեղինակությամբ կկարողանաք ներգործել հայերի վրա հենց իրենց` հայերի օգտի համար ցանկալի ուղղությամբ»։

Ահա թե ինչ լեզու էր բանեցնում 30 տարի հայերի ամենաոխերիմ եւ անգութ թշնամի կայսերական կառավարությունը246։ Սա, իհարկե, հրաշք չէր, այլ միայն ապացույց, որ ռուսական շահերն այժմ այլ տեսակ դասավորություն են ստացել Թուրքահայաստանում։ Այժմ ցարական դիվանագիտությունն ուզում էր դարձնել Հայոց հարցն իր ձեռքում մի մշտական գործիք` ներգործելու համար թուրք կառավարության վրա։ Իր վրա վերցնելով թուրքահայերի դրության բարվոքումը` ռուսական կառավարությունը չէր էլ ուզում, որ դրա մեջ մասնակցություն ունենան եվրոպական մյուս պետությունները։ Ինչպես միշտ, Կ.Պոլսի հայ ինտելիգենցիան չէր ուզում, որ Թուրքահայաստանը փրկված լինի մենակ Ռուսաստանի ձեռքով, որ նշանակում էր գտնվել մենակ Ռուսաստանի ճանկերում։ Նա ուզում էր փրկված լինել Եվրոպայի ձեռքով, եւ չգիտենք` ի՞նչ բարիքներ էր գտնում դրա մեջ։ Եթե հրամայական պահանջ դնողը թուրքահայ ժողովրդի ֆիզիկական գոյության հարցը լիներ, այն ժամանակ գուցե եւ վատ չհամարվեր այն հանգամանքը, որ Բաթումից միչեւ Վան թուրքական սահմանի վրա կանգնած ռուսական զորքերը, համենայն դեպս, այնքան վախ կներշնչեին թուրք կառավարությանը` այժմյան փոխված հանգամանքների մեջ, որ նա այլեւս չէր կարող հեղինակել հայկական համատարած ջարդեր։

Եթե հայերն այժմ մոռանում էին այն դառնությունները, որ ռուսաց կառավարության երեսից տեսել էին դեռ երեկ-անցյալ օրը, եւ արդարացնում էին իրենց այդ մոռացումը նրանով, որ այժմ ռուսական եւ հայկական շահերի մեջ համերաշխություն կա, նրանք պետք է այն էլ հասկանային, որ թուրքահայության պաշտպանության լավագույն եղանակը գոյություն ունեցող պայմանների մեջ հենց այն էր, որ առաջարկում էր ռուսաց կառավարությունը, այսինքն` առանձնակի միջամտության եղանակը։ Բայց մենք չէինք հասունացած մինչեւ մեր ժողովրդի կենսական պահանջները հասկանալը։ Դժբախտ Թուրքահայաստանը մեր քաղաքական ռոմանտիզմին անվերջ կերակուր տալու դերը պիտի կատարեր։ Չէինք ուզում, որ ռուսական ցարիզմը մեզ կլանի, ուզում էինք ինքնավար լինել, գուցե եւ` անկախ, եւ դրա համար հարկավոր էր, որ մեր հարցը լիներ միջազգային, եւ նրա լուծողը լիներ… Եվրոպան։ Քառասուն տարուց մոտ էր, որ ունեինք 61-րդ հոդվածը եւ մազի չափ չէինք խրատվել. այսօր էլ նույնն էինք, ինչ եղանք Բեռլինի դաշնագրի թարմ տպավորության տակ, թեեւ այժմ 61-րդ հոդվածն արդեն դեղնած, մելոտած, դիվանագիտական արխիվների մկներից անողորմ կրծոտած մի թղթի կտոր էր։

Ահա այս ժառանգական ռոմանտիկ մտայնությունն էլ լիակատար չափով երեւան է գալիս եւ Գեւորգ կաթողիկոսի, կամ ավելի ճիշտն ասած, Թիֆլիսի նրա խորհրդատուի` Ազգային բյուրոյի մեջ։ Լոնդոնում կոնֆերանս է լինելու Բալկանյան պատերազմի առիթով, եւ ինչպե՜ս հայերն այդտեղ չլինեն իրենց 61-րդ մշուշապատ հոդվածով։ Նախքան կոմս Վորոնցով-Դաշկովի վերոհիշյալ պատասխանը ստանալը` Էջմիածնի կաթողիկոսը Նիկոլայ կայսրի անունով մի նոր աղերսագիր է ստորագրում, որի մեջ նորից խնդրում է Լոնդոնի կոնֆերանսի սեղանի վրա դնել Հայոց հարցը, եւ այդ աղերսագիրը մի հատուկ պատգամավորության ձեռքով ուղարկվում է Թիֆլիս` փոխարքային ներկայացնելու համար։ Պատգամավորությունը երեւի շատ լավ էր զգում իր առաքելության ամբողջ կարեւորությունն ու պատասխանատվությունը եւ այդ պատճառով կազմել է մի մանրամասն արձանագրություն կոմս Վորոնցով-Դաշկովի հետ իր ունեցած բանակցությունների մասին։ Իմ պատմական արխիվի մեջ գտնվում է մի օրինակ այդ արձանագրությունից։ Եվ ես իմ ընթերցողին եմ առաջարկում այդ պատմական վավերագիրը, որի բովանդակությունը հետաքրքրական է շատ կողմերից.

«Վեհափառ կաթողիկոսի կողմից նշանակված պատգամավորության ներկայացնողը Նորին պայծառափայլության Տ. փոխարքային 1912թ. դեկտ. 26-27-ին։

Պատգամավորներ` Մեսրոպ եպիսկոպոս, Բագրատ վարդապետ, Ալեքսանդր Խատիսյան եւ Սամսոն Հարությունյան։

Դեկտեմբերի 25-ի առավոտյան Էջմիածնից հասանք Թիֆլիս (Մեսրոպ եպիսկոպոս, Բագրատ վարդապետ եւ Սամսոն Հարությունյան)։ Նույն օրը նամակով Մեսրոպ եպիսկոպոսը հայտնեց Տ. փոխարքային Վեհափառ կաթողիկոսի կողմից նշանակված պատգամավորության մասին` խնդրելով նշանակել ընդունելության ժամանակ՝ ներկայացնելու Նորին կայսերական մեծության անունով մեմորանդում։

Ըստ որոշման Տ. փոխարքայի՝ բոլորս ներկայացանք դեկտեմբերի 26-ին, երեկոյան ժամը 4-ին։ Մեսրոպ եպիսկոպոսը մի քանի խոսքերով ողջունեց Վեհափառ կաթողիկոսի կողմից` ներկայացնելով թագավոր կայսեր անունով մեմորանդումը։

Փոխարքան բացեց իր անունով գրած նամակը եւ մեմորանդումը հանձնեց Ս. Հարությունյանին` կարդալ բարձր։ Վերջացնելուց հետո փոխարքան ասաց. «Միջոցի մասին որոշ բան չէ ասված»։

Հայտնվեց փոխարքային, որ նպատակն ու խնդիրը տաճկահայոց պատվի, կյանքի, գույքի եւ ազատ քաղաքակրթվելու կատարյալ ապահովությունն է. իսկ այդ իրագործելու միջոցի մասին դիվանագետներն ավելի լավ կիմանան։ Փոխարքան այդ առթիվ հայտնեց, որ Ռուսաստանը չի կարող այժմ մտնել Տաճկաստան եւ տիրել, քանի որ պայմանները նպաստավոր չեն։

Փոխարքան հայտնեց, որ արդեն գրել է կաթողիկոսին պատասխան տաճկահայոց հարցի մասին. այդ պատասխանի պատճենը գտնվում է կանցելարիայում, պատվիրեց հետեւյալ օրը կրկին ներկայանալ իրեն առավոտյան ժամը 10-ին` պատասխանը կարդալու։

Այնուհետեւ խոսակցությունը հետեւյալ հարցերի մասին եղավ.

1. Հայերի հույսն ու սպասելիքը. բացատրվեց, որ ամենայն կողմի հայերի հույսն ու համոզմունքն այն է, թե ռուսաց կառավարությունը այս անգամ լուրջ ուշադրություն կդարձնի եւ կբարելավի տաճկահայոց վիճակը, որ միանգամայն անտանելի է։ Շեշտվեց անձնապես փոխարքայի, նախարարապետ Կոկովցեւի եւ արտաքին գործոց նախարար Սազոնովի բարյացակամ տրամադրությունը, հուսադրությունն ու խորհուրդները տաճկահայ խնդրի վերաբերմամբ։

2. Տաճիկ պաշտոնյաների երկյուղը. Տաճկաստանի հայաբնակ գավառներում տաճիկ պաշտոնյաները վերջերս շարունակ երկյուղ են արտահայտում, թե միգուցե ռուսաց զորքը մտնե Տաճկաստան` հայերի վերաբերմամբ գործադրվող քրդական եւ թուրքական բռնությունների առաջն առնելու համար. այս պատճառով վալիները առայժմ նախազգուշացնում են քրդերին եւ թուրքերին, որպեսզի առիթ չտան եւ զգույշ մնան հայերին ճնշելուց։ Բնական է,այս երկյուղը ժամանակավոր կլինի եւ կանցնի, եթե ռուսաց կառավարությունը ձեռնպահ մնա եւ ոչ մի դրական քայլ չանի Տաճկաստանի մեջ պատվի, գույքի եւ անձի ապահովության համար։

3. Պետերբուրգ` նախարարապետի եւ արտաքին գործոց նախարարի մոտ ուղարկվելիք պատգամավորության մասին եւս խոսվեց. այս առթիվ փոխարքան ի պատասխան հայտնեց, որ պատգամավորության ուղարկելը նպատակահարմար կլինի գործի հաջողության տեսակետից։

Այս օրվա խոսակցությունը տեւեց մոտ 50 րոպե։

Դեկտեմբերի 27-ի առավոտյան ժամը 10-ին ներկայացանք փոխարքային։ Կարդացվեց իր տված պատասխանը Վեհափառին. ապա հայտնեց, որ այդ նամակն ինքն է խմբագրել եւ, կաթողիկոսին ուղարկելուց առաջ, հեռագրով ամբողջ նամակը հայտնել է Պետերբուրգ եւ այնտեղի հաճությունը ստանալուց հետո միայն ուղարկել է Էջմիածին, ու ավելացրեց, որ այդ կերպ «նախարարական ցենզուրայի» ենթարկվեց։

Այդ նամակի մեջ երկու որոշ կետ կա տաճկահայոց հարցի վերաբերմամբ աննպաստ.

ա) Ի նկատի ունենալով, որ եվրոպական մեծ պետությունների մեջ տաճկահայոց հարցի լուծման առթիվ այժմյան պայմաններում համաձայնություն չի կայանալու, այդ հարցը Լոնդոնի դեսպանաժողովի խորհրդակցության նյութ չէ դառնալու, ուստի՝

բ) Կաթողիկոսը չպետք է դիմի մյուս եվրոպական պետություններին այդ խնդրով այժմ։

Նամակի ընթերցումից հետո ամենայն մանրամասնությամբ բացատրվեց փոխարքային այն ծանր տպավորությունը, որ կունենա այդ պատասխանը ամեն կողմի հայերի, հատկապես, տաճկահայերի վրա, առանձնապես այժմ, երբ հայերն առանց խտրության համոզված են, թե Ռուսաստանն անպատճառ կմիջամտի եւ, իր հովանավորության տակ առնելով տաճկահայերին, իրագործել կտա անհրաժեշտ ռեֆորմներն իր կոնտրոլի ներքո։ Շեշտվեց եւ այն, որ եթե տաճիկ կառավարությունը, մանավանդ հայաբնակ վիլայեթների տաճիկ պաշտոնյաները իմանան, թե Ռուսաստանն այժմ ձեռնպահ է մնում եւ չի ցանկանում միջամտել, անպայման հայերի վիճակն ավելի կվատթարանա եւ մինչեւ իսկ կարող է սոսկալի հետեւանքներ տալ։

Փոխարքան մի քանի անգամ կրկնեց, որ Ռուսաստանը այժմյան րոպեն, ներկա պայմանները միայն աննպաստ է համարում գործնական քայլեր անելու համար, եւ այդ երբեք չի նշանակում, թե դադարում է միջամտելուց։ Ռուսական կառավարությունն իր դիպլոմատիական ազդարարությունները շարունակելու է։

Այս խոսակցություններից հետո փոխարքան սկսեց գրել` փոխադարձ խորհրդակցությամբ ձեւակերպելով այն գլխավոր կետերը, որոնց մասին մանրամասն բացատրություններ տեղի ունեցան։

Խնդրեցինք փոխարքային, որ ռուսաց կառավարությունը իր դեսպանի եւ հյուպատոսների միջոցով վերահսկողություն ունենա տաճկահայոց վրա, որպեսզի դրությունն ավելի չվատթարանա։ Փոխարքան համաձայնեց եւ մոտավորապես հետեւյալ կերպով ձեւակերպեց.

«1. Կ.Պոլսի ռուսաց դեսպանին եւ Տաճկահայաստանի հյուպատոսներին հրահանգ տրվի, որ շարունակեն պաշտպանել տաճկաց կառավարության առաջ հայերին քրդական եւ թուրքական ճնշումներից»։

Բացատրվեց, որ նախարարապետ Կոկովցեւի եւ արտաքին գործոց նախարարի խորհրդի հիման վրա եւ բոլոր կողմերի հայերի ցանկության համաձայն՝ կաթողիկոսը նշանակեց Պողոս-փաշա Նուբարին իր կողմից ներկայացուցիչ, եվրոպական պետությանց ներկայացուցիչների կոնֆերանսում աշխատելու Տաճկահայաստանի բարենորոգումների համար՝ ռուսական կոնտրոլի տակ։

Կաթողիկոսը դեռ հրահանգ չի տվել Նուբար-փաշային, որը տեղի պիտի ունենար ռուսաց կառավարությունից պատասխան ստանալուց հետո։ Նուբար-փաշան իր կողմից, իր անհատական հեղինակավոր դիրքի շնորհիվ կատարել է մասնավոր դիմումներ։ Իսկ պաշտոնական դիմումներ անելու համար հարկ է համարել խնդրելու հեռագրով կաթողիկոսից ռուսաց կառավարության վերաբերմունքը, որը հարցումից անկախ պիտի հեռագրվեր նրան։ Իսկ այժմ ստացած պատասխանը շատ ծանր կացություն կստեղծի։ Արդյո՞ք Նուբար-փաշան պետք է շարունակի Վեհափառի կողմից եվրոպական պետությանց մոտ աշխատելը, թե՞ դադարի իր պաշտոնից։ Վերջին դեպքը ծանր կլինի կաթողիկոսի եւ տաճկահայոց համար եւ, անշուշտ, վերին աստիճանի խրախուսիչ` տաճկաց կառավարության համար։ Փոխարքան համաձայնելով այս հիմնավոր առարկությանց հետ՝ ձեւակերպեց մոտավորապես հետեւյալ կերպով.

«2. Պողոս-փաշա Նուբարը նշանակված է կաթողիկոսի կողմից, հավանությամբ պատրիարքի եւ Ազգային Ժողովի, որ աշխատի եվրոպական կառավարությանց մոտ 61-րդ հոդվածի իրագործման համար հայաբնակ նահանգներում ռեֆորմներ մտցնելու վերաբերմամբ` ռուսաց կառավարության նախաձեռնությամբ եւ նրա կոնտրոլի տակ»։

Բացատրվեց, որ Կ.Պոլսում տաճկաց կառավարությունը, վախենալով օտար միջամտությունից հայկական հարցի առթիվ եւ ցանկանալով առաջն առնել այդպիսի միջամտության, ըստ իր նախնավանդ սովորության` կազմել է մասնախումբ, ներքին գործոց նախարար Ռեշիդ-բեյը կոչել է մի քանի հայերի` որպես թե հայաբնակ գավառների վերանորոգության մասին խորհրդակցելու։ Բացատրվեցին այդ կեղծ քայլի շարժառիթները։ Փոխարքան գրեց մոտավորապես հետեւյալը.

237Երիտթուրքերի սահմանած այս 12 հոգիանոց պատգամավորական տեղերի նշագիծը Դաշնակցությունը կարողացավ հաղթահարել միայն 2007թ. ՀՀ ԱԺ «ընտրություններում»։
238Այսինքն՝ հարցը երիտթուրքերից խլելու, վերցնելու, հեռացնելու։
239Ժամանակի գերմանական մամուլը հենց այդպես էլ գրում էր՝ ԲԲԲ։
240«Մեզ» ասելով՝ հայազգի ռուսական պետական գործիչն ի նկատի ունի ռուսներին եւ ոչ թե հայերին։ Արձանագրված է նույնիսկ, որ մի առիթով, սաստելով ռուսական գորշ կարդինալ Պոբեդոնոսցեւին, Լոռիս-Մելիքովն ասում է. «… որովհետեւ ես ավելի ռուս եմ»։ Սա շատ բնական է, եւ այպանելի ոչինչ չկա. պարզապես ընկալել է պետք այս տրամաբանությունը։
241Հայաշատ քաղաք Ռուսաստանի հարավում։
242Այժմ՝ Աստրախան, ժամանակին հայաշատ քաղաք։
243Սազոնով Սերգեյ Դմիտրիեւիչ (1860-1927) – Վարչապետ Ստոլիպինի կնոջ քրոջ ամուսինը լինելու հանգամանքով նշանակվել է արտգործնախարար (1910-16). պատկանել է կառավարության լիբերալ թեւին, Հայկական հարցը վերարծարծվել է իր օրոք, ձգտել է համաշխարհային պատերազմից հետո կայսրության համար ելք ապահովել դեպի Միջերկրական, եղել է Դենիկինի եւ Կոլչակի կառավարությունների անդամ։
244Պողոս-փաշա Նուբար (1851-1930) – Ղարաբաղից Կ.Պոլիս գաղթած եւ հաջող ամուսնության շնորհիվ զավակների համար նպաստավոր դիրքեր ապահոված առեւտրականի որդի Նուբար-փաշայի (Եգիպտոսի արտգործնախարար, վարչապետ) որդին է, հասարակական քաղաքական գործիչ, Եգիպտոսի երկաթուղիների վարչության ընդհանուր տնօրեն, բարեգործ, ՀԲԸՄ-ի հիմնադիր, կաթողիկոսական նշանակմամբ հայկական միջազգային պատվիրակության ղեկավար 1913-ից. նրա կտակած միջոցներով է 1932-ին հիմնվել Նուբարաշեն ավանը (այժմ համայնք Երեւանում)։
245Այստեղ՝ համահավաք, բազմազան տարրերի մեկտեղում։
246Համաձայնելով ռուսական իշխանություններին տված Լեոյի բնութագրին՝ պետք է արձանագրել, սակայն, որ այս պատասխանը լրացուցիչ սթափության եւ քաղաքականության այբուբենն ընկալելու շահեկան կոչ կարող էր լինել, եթե հայ վերնախավն այն ընկալելու աստիճանին հասած լիներ, ինչի մասին պատմաբանը գրում է մի քանի տող ներքեւում։