Za darmo

Անցյալից

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Ժ

1906թ. ամռանն էլ ես բժշկվում էի Էսենտուկիում եւ տեսա, թե որպիսի արագությամբ Ստոլիպինի208 կառավարությունը ճնշեց այն ցույցերը, որոնք իբրեւ բողոքի արտահայտություններ սկսել էին կազմակերպվել առաջին Պետական դումայի արձակման առիթով։ Բայց մինչ Ռուսաստանը դեռ չվայելած` բարձրացող ռեակցիային զոհ էր տալիս իր անդրանիկ ներկայացուցչական հիմնարկությունը, հայերի մեջ նոր ծայր էր առնում մի ներկայացուցչական կատակերգություն, որ ամբողջովին Դաշնակցության գործն էր։

Հայտնի է, որ 1860-ականին թուրքահայերն ունեցան իրենց Սահմանադրությունը209։ Երկու խոսքով եթե բնորոշելու լինենք այդ խոշոր հասարակական շարժումը, կստանանք «Սահմանադրական պատրիարքություն» հասկացողությունը։ Կ.Պոլսի հայոց պատրիարքի իշխանությունը մինչեւ այդ միահեծան էր, այնուհետեւ դարձավ սահմանափակված։ Եվ սահմանափակողը ժողովրդական ներկայացուցչությունն էր, որ իր ձեռքն էր առնում պատրիարքի բոլոր վարչական իրավունքները, իսկ նրան տալիս էր գործադիր իշխանության նախագահի դեր։ Այժմ նույնպիսի սահմանափակման ուզում էին ենթարկել կաթողիկոսական իշխանությունը եւ սրա համար կանչում էին հիմնադիր ժողով, որ պիտի գումարվեր Էջմիածնում, օգոստոս ամսի երկրորդ կեսին։ Խրիմյան կաթողիկոսը, որ զառամությունից արդեն գրեթե մի կենդանի դիակ էր, ստորագրել էր Սիրական Տիգրանյանի եւ Գալուստ Տեր-Մկրտչյանի կազմած կոնդակը, որով ընտրություններ էին նշանակվում քառանդամ սիստեմով, եւ ընտրության իրավունք տրվում էր նաեւ իգական սեռին։

Էսենտուկի էր եկել նաեւ Մեսրոպ վարդապետը, որին նոր էր հանձնվել ճեմարանի տեսուչի պաշտոնը։ Նա նկատի առնելով, որ ես բոլորովին թողել եմ «Մշակի» խմբագրությունը, առաջարկեց ինձ հայոց նոր պատմության եւ նոր գրականության պատմության դասեր ճեմարանի լսարանական բաժնում, եւ ես, առանց երկար տատանվելու, հանձն առա, որովհետեւ ապրուստի ուրիշ ոչ մի միջոց չունեի։ Այս մի մեծ փոփոխություն էր կյանքիս մեջ, որովհետեւ երբեք ուսուցչություն չէի արել եւ չգիտեի` արդեն շատ խախտված առողջությունս պիտի թույլ տա՞ արդյոք դպրոցական պաշտոնյա լինել։

Շուտով լուր առա եւ այն մասին, որ Կարսի մոտ եղած մի գյուղից ես ընտրված եմ Էջմիածնի սահմանադիր ժողովի պատգամավոր, ուստի սովորական ժամանակից առաջ ճանապարհվեցի Ղարաքիլիսա, ուր գտնվում էր ընտանիքս։ Այստեղից ես մի ճանապարհորդություն կատարեցի դեպի Անի եւ հարավային Շիրակ, որ ինձանից մոտ երկու շաբաթ ժամանակ խլեց։ Այս միջոցին արդեն բացվել էր, այն էլ շատ աղմուկով, Էջմիածնի հիմնադիր ժողովը։ Պատգամավորների ճնշող մեծամասնությունը դաշնակցականներից էր բաղկացած, որ եւ տվել էր ժողովին բացառապես սոցիալիստական գույն եւ, այս ուղղությամբ վարելով իր զբաղմունքները, ընդհարվել բուրժուական-պահպանողական փոքրամասնության հետ, որ թողել էր ժողովը` հրաժարվելով մասնակցության ամեն մտքից։

Օգոստոսը մոտենում էր իր վերջին, երբ ես ընտանիքով գնացի Էջմիածին։ Այստեղ ես ճեմարանի ննջարանում զետեղված տեսա մի ամբողջ պառլամենտ` վերին աստիճանի աղքատ ու անհրապույր արդուզարդի մեջ։ Նույնիսկ հասարակ աթոռներ եւ նստարաններ չկային, եւ պատգամավորները նստում էին հին ու ճռճռան տաբուրետների վրա։ Բայց նախագահությունը համեմատաբար ավելի օրինավոր սարք ու կարգի մեջ էր։ Կարմիր մահուդով ծածկված սեղանի ետեւում նստած էր նախագահ Սիմոն Զավարյանն իր երկու օգնականների ընկերակցությամբ եւ ղեկավարում էր վիճաբանությունները։ Ինչպես վայել է փոքրիշատե կարգին պառլամենտին, սենյակում շարված տաբուրետները բաժանված էին երկու մասի` ձախ եւ աջ։ Աջն արդեն գրեթե բոլորովին ամայացած էր, եւ դաշնակցական ձախը մնացել էր առանց ընդդիմադիր հոսանքի, առանց օպոզիցիայի։ Ես տեղավորվեցի աջի ամայության մեջ եւ, գրեթե առանց մասնակցություն ունենալու վիճաբանությունների մեջ, լուռ ուսումնասիրում էի այս դաշնակցական ձեռնարկումը, որ աղմուկ շատ էր հանել եւ տակավին շարունակում էր հանել։

Թուրքահայերի Սահմանադրությունը, բարենորոգելով հին միանձնյա գործավարությունը, նոր սահմանած կարգերի հիմք եւ կենտրոն թողել էր եկեղեցուն, որ դարձյալ իրավատեր եւ հրամայող հիմնարկություն էր մնում։ Այդ հիմնարկությունն ավելի եւս ուժեղացնելու համար Սահմանադրությունը թույլ էր տվել նույնիսկ կաստայական սկզբունքի կիրառում։ Հոգեւորականները բացի նրանից, որ իրավունք ունեին ընդհանուր հիմունքներով մասնակցելու ընտրություններին, այսինքն` ընտրելու եւ ընտրված լինելու, կազմում էին եկեղեցական համագումար, որ ընտրում էր Կրոնական ժողով՝ Ազգային Ժողովի կողմից ընտրված Քաղաքական ժողովի հետ գործադիր իշխանություն կազմելու համար։ Ինքն Ազգային ժողովն էլ իր գործունեության մեծագույն մասը նվիրում էր զուտ եկեղեցական հարցերի` կաթողիկոսների, պատրիարքների, առաջնորդների ընտրությանը։

Այսպես, ուրեմն, Կ.Պոլսի Սահմանադրությունը միանգամայն հասկանալի էր, ուներ իր կատարյալ raison d’ etre-ն210։ Մինչդեռ Էջմիածնում… նորաթուխ դաշնակցական սոցիալիստները մի հին վանքում, եպիսկոպոսների եւ վարդապետների հովանավորությամբ ու ղեկավարությամբ, ուզում էին իրականացնել սոցիալիստական դրախտ։ Ահա՛ ինչն էր ծաղրական դարձնում այդ ամբողջ ձեռնարկումը։ Սոցիալիզմն իրեն անհաշտ թշնամի էր ընդունում կրոնն ու եկեղեցականությունը, իսկ դաշնակցականներն ուզում էին այն տանել պատվաստել այդ թշնամի միջավայրում, դնել այն եկեղեցու հովանավորության տակ։ Դեռ երբեք, կարծեմ, այսքան կոպիտ կերպով աղավաղված չի եղել սոցիալիզմի էությունը, նրա սրբություն սրբոցը։ Վիճաբանությունների մեջ իրար էին բախվում (հաճախ բավական սուր կերպով) Դաշնակցության ձախ կամ երիտասարդ եւ աջ թեւերը։ Երիտասարդների ներկայացուցիչն էր ուսանող Արտաշես Չիլինգարյանը211, որ ժողովներում (բայց մանավանդ ժողովներից դուրս) մտրակում էր հոգով-մարմնով ազգային, կարելի է նույնիսկ ասել` ուղղափառ-լուսավորչական կուսակցությանը` դեպի ձախ, դեպի սոցիալիզմ212։ Ինքը` Չիլինգարյանը, հարած էր ԷսԷռության եւ շարունակ սպառնում էր, թե կմտնի ԷսԷռների կուսակցության մեջ, եթե Դաշնակցությունը կարգի չգա։ «Ի՞նչ կասեն ԷսԷռները… Ամոթ չէ՞, որ լինելով սոցիալիստ` եկել մտնել եք այս վանքի փեշերի տակ», – ասում էր նա շարունակ, եւ նրա խոսքը կրակոտ էր, ազդու, իսկապես հարկադրում էր, որ դաշնակցական ծանր մարմինը ժաժ գա…

Եվ ժաժ էր գալիս այդ մարմինը ոչ միայն այն ուղղությամբ, որ ցույց էր տալիս Արտաշես Չիլինգարյանը իր` գրեթե վախ ազդող հարցով՝ «Ի՞նչ կասեն ԷսԷռները»։ Բարձրանում եւ ահեղ կերպարանք էր առնում նաեւ հակառակ ուղղությունը, որ գալիս էր ցույց տալու, թե Դաշնակցությունն այլեւս մի կուսակցություն չէ, այլ տարամերժ տարրերի մի արհեստական համախմբում։

Էջմիածին հասած օրը ես չկարողացա սենյակ գտնել ընտանիքիս համար, ուստի իջա հյուրանոցում, որ գտնվում էր ճեմարանի ետեւում։ Այդ «հյուրանոց» հորջորջվածն իրականում մի գինետուն էր, որի ետեւում, պատշգամբի վրա վարձու տրվելիք երկու թե երեք սենյակ կար։ Նույն օրը երեկոյան, երբ մենք պատրաստվում էինք քնելու, ծառան ինձ հայտնեց, թե դրսում ինձ հարցնող կա։ Դուրս եկա։ Առջեւս կանգնած էին երկու անծանոթ մարդիկ, որոնք ինձ խնդրեցին անց կացնել իրենց հետ մի կես ժամ։ Նստեցինք պատշգամբում։ Անծանոթները խորոված պատվիրեցին ծառային։ Նրանցից մեկը, որ ասաց, թե ինքը ղազախեցի Շխալին է, կոպիտ ու անտաշ ձեւերով մի մարդ էր, երեւի բոլորովին անգրագետ։ Ես թեեւ չէի տեսել նրան, բայց գիտեի, որ բավական հայտնի մի հայդուկ էր, որ անուն էր հանել մանավանդ հայ-թուրքական կռիվների մեջ Ղազախում։ Նրա ընկերը խմբապետ Միհրանն213 էր` թուրքահայ, ավելի մեղմ ու կիրթ ձեւերով եւ բավականին կարդացած։ Թուրքահայ խմբապետների մեջ պատվավոր տեղ էր գրավում, փառաբանված էր, որովհետեւ զինված խումբ էր տարել Թուրքիա, բայց հենց սահմանի վրա` Մոսուն գյուղում կռվի էր բռնվել օսմանյան մի զորամասի հետ եւ քաջությամբ կռվելով` հետ քաշվել դեպի ռուսական սահմանը։

 

Շխալին ձկան լռության մատնվեց, իսկ Միհրանը բաց արավ իմ առջեւ մի ամբողջ ծրագիր։ Երկուսով եկել էին այստեղ` հիմնադիր ժողովը ցրելու եւ զինվորական դիկտատուրա հաստատելու համար, որ պիտի դատի ենթարկեր ժողովի բոլոր դաշնակցական անդամներին։ «Որովհետեւ, – ասում էր, – նրանք հանդգնել են ոտքի տակ տալ կուսակցության բուն եւ միակ իսկական նպատակը։ Դաշնակցությունը հիմնված է ոչ թե սոցիալիզմի համար, այլ թուրքահայերի դատը պաշտպանելու համար։ Եթե ես նրա շարքերի մեջ եմ, ապա պարզապես այն պատճառով, որ ուխտել եմ վրեժ հանել թուրքերից, որոնք սպանել են իմ քույրերին եւ եղբայրներին։ Այսպես է եւ ամեն մի ուրիշ թուրքահայ։ Մենք սոցիալիզմից ոչ մի հասկացողություն չունենք, նահապետական ժողովուրդ ենք եւ որոնում ենք գլուխ դնելու մի ապահով տեղ։ Մեր ի՞նչն է սոցիալիզմը, ինչո՞ւ համար պիտի կռվենք եւ թշնամանանք Ռուսաստանի հետ, որ մեր դատը պաշտպանողներից մեկը պիտի լինի»։

Ահա թե ուր էր հասել բանը։ Միհրանն իր ընկերոջ հետ հենց այդ օրն էր եկել Թիֆլիսից եւ ինձ բավական առիթներ տվեց կռահելու, որ նրան շատ բան ներշնչել էր Թիֆլիսի բուրժուազիան։ «Մշակի» խմբագրատանը նրանց երկուսին ընդունել են հաճությամբ։ Ժողով են կազմել եւ Թիֆլիսի հարուստները (տվեց [Ալեքսանդր] Մելիք-Ազարյանի214 անունը), խոստացել էին դրամական առատ նպաստ։ «Մշակի» մեջ Միհրանն արդեն տպագրել էր մի քանի հոդված։ Մի մեծ հոդված էլ շարված էր եւ պիտի լույս տեսներ մյուս օրը, բայց խմբագրությունն այնքան ուշադիր էր եղել դեպի իր նոր աշխատակիցը, որ նրա ձեռքն էր տվել սրբագրական փորձի թերթը215։ Վերջում մի քանի խոսք էլ Շխալին ավելացրեց, եւ ես այդ խոսքերի մեջ պարզ տեսա կռիվը արհեստ դարձրած մի մարդու, որին սպառնում է գործազրկությունը։ Հայ-թուրքական կռիվները դեռ շարունակվում էին այն միջոցին էլ, երբ Դաշնակցությունը քափ ու քրտինք էր թափում վեղարավոր սոցիալիզմ ստեղծելու համար։ Բայց ի՞նչ կլինի, եթե այդ սոցիալիզմն իրականանա եւ հայդուկությունն ավելորդ դառնա։ Շխալին թույլ չի տա, որ կռվող մարդիկ մնան առանց պարապմունքի եւ մանավանդ առանց ռոճիկի եւ հասույթի։

Այսպես գլուխ էր բարձրացնում միհրանականությունը, որ գալիս էր հարվածելու Դաշնակցությանն աջից եւ որ ահագին գլխացավանք էր բերում նրան, մասնավորապես ներկուսակցական արյունահեղություն։ Ինչպես տեսնում եք, այդ մի բարդ երեւույթ էր, որի մեջ իրար գալիս-հանդիպում էին զանազան տեսակի անձնական, կուսակցական եւ դասակարգային շահեր։ Թեեւ Միհրանն ինձ շարունակում էր հավատացնել, թե իր ծրագրած զինվորական դիկտատուրան լոկ գաղափարական շարժառիթներ ունի, բայց ես հավատացած էի, որ այդ շարժառիթները գործի չէին փոխվի, եթե Թիֆլիսի հայ հարուստները չխոստանային քաջ խմբապետի ձեռքում համրել 20-25 հազար ռուբլի, եւ եթե Շխալին համոզված չլիներ, թե հենց այդ հազարներն էլ կգան դրականապես լուծելու իրեն անհանգստացնող առեղծվածը, այն է` թե ինչպես պետք է գոյություն պահպանել ֆիդայական արհեստի վերացումից հետո։

Զինվորական դիկտատուրան, որ սոսկ մի դաշնակցական արկածախնդրություն էր, պիտի հայտարարվեր իբր թե սեպտեմբերի 1-ին։ Ես ուզեցի իմանալ, թե արդյո՞ք Միհրանը ցանկություն չունի վաղօրոք խոսելու այստեղ հավաքված դաշնակցական շեֆերի հետ, առհասարակ ինչպե՞ս է վերաբերվում նրանց։ Վերաբերմունքը միանգամայն բացասական էր։ Կատաղություն պատճառում էին մանավադ նրանք, ովքեր առանձին մոլեգնությամբ էին խաչվում սոցիալիզմի համար (այդպիսիք էին, օրինակ, Եղիշե Թոփչյանը, Լեւոն Աթաբեկյանը, Արտաշես Չիլինգարյանը)։ Ահարոնյանին երկու ընկերներն անվանեցին երկերեսանի։ Նույնիսկ Սիմոն Զավարյանը, որ համակուսակցական մի հմայք էր, հարգանքի ոչ մի ցույցի չարժանացավ։ Գտան, որ նա այսօրվա իր բռնած ուղղությամբ դավաճանում է կուսակցությանը։

Մեր խոսակցությունը բավական երկար տեւեց։ Ինձ խնդրեցին մնալ մի շիշ գինի խմելու, բայց ես շնորհակալություն հայտնելով` գնացի սենյակս։ Մյուս օրն առավոտյան ես պատմեցի Միհրանի այցելությունն Ահարոնյանին։ Նա հեգնանքով եւ արհամարհանքով վերաբերվեց Միհրանի ձեռնարկությանը։ Բայց մի քանի օր անցած ամբողջ Դաշնակցական պատգամավորությունը կատարյալ հուզմունքի մեջ էր։ Միհրանն ուզեցել էր Էջմիածնի տպարանում կոչեր եւ հայտարարություններ տպել իր դիկտատուրայի մասին, այս իմացել էր մի դաշնակցական վարդապետ, որ եւ ոտքի էր հանել իր ընկերներին։

Ես գնացել էի Հովնան Դավթյանի մոտ եւ տեսա այնտեղ մեծ խոսք ու զրույց։ Դատում էին, թե ինչ դուրս կգա այս արկածախնդրությունից։ Շատերը հանաքներ էին անում։ Ես էլ հանաքով ասացի Եղիշե Թոփչյանին, թե Միհրանն ամենից շատ նրան է ատում իբրեւ սոցիալիստի եւ ուրեմն նա պիտի ամենից առաջ ճաշակի զինվորական դիկտատուրայի ծանրությունը։ Նա ինձ պատասխանեց լրջորեն. «Յոթը հազար կազմակերպված բանվոր եւ արհեստավոր ունիմ թիկունքումս, ո՞վ կարող է ինձ մատ դիպցնել»։ Էլի նույն կախարդական թիվը` 7 հազար, ոչ ավել եւ ոչ պակաս։ Բայց երեւում էր, որ վախենում են ամենքը, բաց չառած եւ Թոփչյանին։ Հեռագրով Պյատիգորսկից Թիֆլիս կանչվեց հայտնի խմբապետ Դումանը, որ պիտի զինվորական դատարան կազմեր` Միհրանին դատելու համար։ Սակայն այդ մի հեշտ, նույնիսկ հնարավոր բան չէր. Միհրանի նման վերաբերվում էին եւ մյուս թուրքահայ խմբապետները, թեեւ առանց զինվորական դիկտատուրային դիմելու։ Միհրանականությունը կարող էր չափազանց ուռճանալ եւ մեծ աղետի վերածվել, եթե նրա հետ զգուշությամբ չվարվեին։

Սակայն Միհրանի զինվորական դիկտատուրան չիրականացավ եւ իրականանալ չէր էլ կարող։ Նրա տեղ իրականացավ այն, ինչին վաղուց սպասում էին։ Վորոնցով-Դաշկովն աղվեսախաղ էր տալիս։ Երբ ամեն ինչ պարզվեց ու հայտնագործվեց, իսկ ետեւում հաղթականորեն ստոլիպինյան ռեակցիան էր ամրանում, Էջմիածնի գավառապետ Լեմերմանը մի թուղթ ուղարկեց վանք, որի մեջ մեկիկ-մեկիկ գրված էին մեծախոս եւ աղմկաշատ հիմնադիր ժողովի պատգամավորների անուններն ու ազգանունները, պահանջելով, որ նրանք ստորագրեն, թե պարտավորվում են հեռանալ Էջմիածնից 24 ժամվա ընթացքում։

Այս կարգադրությունը դաշնակցականները կատարեցին ամենայն փութաջանությամբ եւ նշանակված ժամանակի կեսն էլ դեռ չէր անցած, երբ վանքի պարիսպների միջից չքացավ ամեն մի եկվոր դաշնակցական պատկեր։ Շատերը գնում էին` չծածկելով իրենց ուրախությունը։ Նրանք անկեղծորեն խոստովանում էին, թե կառավարությունն իրենց ազատեց մի ծիծաղելի դրությունից։ Եթե փակած չլիներ ժողովը, իրենք չպիտի իմանային, թե այլեւս ինչ անեն։ Եվ, իրավ, սոցիալիզմի գլխին վեղար նստեցնելու կատակերգությունը վերջանում էր կատարյալ խայտառակությամբ` մի անգամ էլ ցույց տալով, թե որքան ողորմելի միամիտներ էին այն հեղափոխականները, որոնք մի ամբոջ ժողովրդի փրկության մենաշնորհն էին ստանձնել։ Անընդունակություն թուրքահայկական հեղափոխության կազմակերպման մեջ։ Անընդունակություն եւ ռուսական հեղափոխության լայն ու հարթված (համեմատաբար դատելով) ուղիների վրա։

Էջմիածնի հիմնադիր ժողովն, այնուամենայինիվ, մի քանի որոշումներ մշակեց, որոնց դասակարգությունն այսպես է բերում կոմս Վորոնցով-Դաշկովը Նիկոլայ Բ-ին ներկայացրած իր հաշվի մեջ.

«1) Ցանկալի համարել ընդհանուր ձրի ուսուցումը` հատկացնելով այդ առարկային բոլոր եկեղեցական դրամագլուխները եւ մտցնելով սրա համար առանձին եկամտային հարկ առաջադիմության (պրոգրեսիվ) սկզբունքների վրա, պարտադիր թողնելով ռուսաց լեզվի` իբրեւ պետական լեզվի ուսուցումը եւ մտցնելով, ցանկացողների համար, թուրքական եւ վրացական լեզուների դասեր, դուրս ձգել ցած դպրոցների ծրագրից կրոնի դասավանդությունը, իսկ միջնակարգ դպրոցներում այն համարել ոչ պարտադիր։

2) Եկեղեցական վանքական կալվածքները համարել սոցիալիզացիայի ենթարկված ազգային սեփականություն` ապահովելով երկրագործական համայնքների համար հնարավորություն օգտվելու այն հողամասերից, որոնցից օգտվում են այժմ եւ որոշելով նրանց իրավունքը լրացուցիչ կերպով ստանալու հողաբաժիններ, որքան պահանջվում է։

3) Պահանջել պետական բյուջեից հայ ժողովրդի կուլտուրական կարիքների համար մի մաս, որ համապատասխանում է նրա թվին պետության մյուս ազգաբնակչության համեմատությամբ։

4) Բոլոր դպրոցական եւ այլ ազգային գործերի կառավարման համար կազմել ռուսահպատակ հայերի պատգամավորական ժողովի գլխավորությամբ, որի ընտրությունը կատարվում է քառանդամ ձեւաբանությամբ, առանձին համայնական օրգաններ, որոնք ընտրվում են միեւնույն կարգով եւ որոնք, լինելով անկախ տեղական գործերի մեջ, կապված են իրար հետ դաշնակցային (ֆեդերացիայի) հիմքերի վրա։

5) Եկեղեցուն եւ հոգեւորականությանը թողնել միայն դավանական գործերը»։

Գրեցին եւ թողին գնացին։ Ո՞վ պիտի կատարեր այդ որոշումները, ի՞նչ միջոցով։ Այդ հոգեւորականությունն էր, որ պիտի ինքն իր գլուխը կտրեր եւ էլի կենդանի մնար` նոր ֆեդերացիային կյանք տալու համար։ Այդ հոգեւորականությունն էր, որ պիտի արգելված հայտարարեր կրոնի դասավանդումը։ Էջմիածինը հինգ գյուղ ուներ եւ մե՜ծ բան կլիներ, եթե դրանց հողերը ազգայնացված լինեին, մինչդեռ հարյուրավոր հարեւան գյուղեր պիտի շարունակեին մնալ մասնավոր սեփականության հիմունքների վրա։ Հետաքրքրականն այն է, որ Էջմիածնի ճեմարանի ննջարանում քվեարկված հողային օրենքը պիտի պարտադիր դառնար նաեւ Պարսկաստանի, Թուրքիայի, Ավստրիայի, Անգլիայի եւ բոլոր այն պետությունների համար, ուր գտնվում էին հայ եկեղեցիներ եւ եկեղեցական կալվածքներ։ Եվ այս սոցիալիզացիան պիտի պետություններին հարկադրեր ընդունել, իհարկե, զառամյալ Խրիմյան կաթողիկոսն իր հիվանդության մահճից…

ԺԱ

Գավառապետ Լեմերմանի թղթի վրա ես գրեցի, թե ճեմարանի ուսուցիչ եմ, ուստի չպիտի հեռանամ Էջմիածնից։ Երկու շաբաթից հետո ես բոլորովին հաստատվեցի իմ նոր բնակավայրում` ստանալով սեփական սենյակ ճեմարանի շինության մեջ։

Անսովոր շրջան, անսովոր պարապմունք։ Մի բան եթե կար, որ մոռացնել էր տալիս ամեն անհարմարություն եւ անպատեհություն, այդ այն էր, որ ես բավականաչափ ազատ ժամանակ ունեի ճեմարանի եւ վանքի հարուստ գրադարաններից օգտվելու համար։ Իմ մեծ սենյակը մինչեւ պռունկները լցրի գրքերով եւ լրագրերով ու սկսեցի պարապել անխնա ու անդուլ։ Գոհ եմ բախտիցս, ես մնացի Էջմիածնում մոտ ութ ամիս եւ անթիվ ու անհամար բաներ սովորեցի իմ ուսումնասիրություններով, բայց այդ մեծ բավականությանը զոհ տվի իմ աչքերը։ Զարհուրելի դրության մեջ էին կաթողիկոսական արխիվները։ Փոշին, իսկապես ասած` ոչ թե փոշին, այլ աղբը, մատի հաստությամբ էր նստած հազարավոր ու տասնյակ հազարավոր թղթերի կույտերի վրա։ Կյանքի վտանգով կարելի էր մոտենալ այդ աղբակույտերին, բայց ես կարողացա մի քանի հազար երես արտագրություններ անել իմ ձեռքով։ Բացի դրանից, իմ ստացած ռոճիկի մեծագույն մասը տալիս էի աշակերտներին եւ Սինոդի գրագիրներին ու հազարավոր երեսներով արտագրություններ էի անել տալիս գործերից, արեւմտահայ մամուլից (մանավանդ «Մասիս» լրագրից) եւ այսպիսով կազմեցի իմ սեփական հարուստ արխիվը, որ վերաբերում էր մեր նոր եւ նորագույն պատմությանը, բայց մասնավորապես գրականությանը։ Գրեթե կուրացա, բայց այդ ժամանակից ուրիշ մարդ դարձա։ Մինչեւ այդ իմ գրած ու հրատարակած պատմական աշխատություններն ինձ երեւում էին կիսատ ու պակասավոր, եւ ես զգում էի, թե որքան դժբախտ էր Թիֆլիսն իբրեւ հայ գրական ու պատմաքննական ուսումնասիրության միջավայր…

Բայց սա չէր նշանակում, թե ես անտես էի անում Ճեմարանը։ Ո՛չ, ես նրա հետ կապվում էի ջերմորեն, առաջին անգամ զգալով կյանքիս մեջ, թե որքան պատվավոր պաշտոն էր լինել երիտասարդ սերնդի դաստիարակիչ եւ ղեկավար։ Այդ երիտասարդությունը ես սիրեցի վառ սիրով եւ աշխատում էի նրա շահերին ծառայել իմ բոլոր ուժերով։

Հեղափոխական տարի էր, այժմ սկսվել էր մեծ տեղատվությունը։ Ստոլիպինն արդեն խեղդել էր շարժումները։ Եվ, ահա, այդ ժամանակից էլ` 1906թ. աշնանից, ամեն տեղ եւ միանգամից, կասես կախարդական գավազանի մի շարժումով, դադարեցին հայ-թուրքական կռիվները։ Դրանք այլեւս հարկավոր չէին ամրացող ռեժիմին. եւ հազարավոր ավերակներ, հազարավոր գերեզմաններ երկնքի տակ անշարժանում էին իբրեւ հրեշ-հուշարձաններ նիկոլայյան ոճրագործ ու հրեշ կարգի։ Կյանքն այսպիսով նորից մտցվում էր լծի տակ։ Դպրոցն էր, որ դեռ շարունակում էր իր ընդվզումները, ապրում էր վայրիվերություններ, պահանջներ էր անում կյանքին։

 

Եթե կար մի դպրոց, որ ամենից շատ ուներ իրավունք պահանջատեր լինելու, այդ հենց Էջմիածնի ճեմարանն էր։ Ես չէի տեսել այդքան դժբախտ մի հիմնարկություն։ Ենթարկված մի վանքի` նրա անկողոպտելի, ոչնչով չսահմանափակված սեփականությունը` այդ դպրոցը, որ դեռ հավակնություն ուներ «բարձր» կոչվելու, համարյա իր ամբողջ կյանքն անց էր կացրել կաթողիկոսների, եպիսկոպոսների, վարդապետների ու նրանցից ոչնչով չտարբերվող աշխարհական տեսուչների բռնակալության տակ։

Տեսուչը խնդրում է ինձ, որ ես վերցնեմ դասերը։ Գնում եմ դասարան, հարցնում եմ, թե պատմության ո՞ր տեղն են կանգ առել, աշակերտները խնդրում են` սկսել ֆրանսիական մեծ հեղափոխությունից եւ տալ նրա մանրամասն պատմությունը։ Ու ես սկսում եմ Բլոսսի216 գրած պատմությունից, մի քանի ամսվա ընթացքում տանում, հասցնում մինչեւ մեծ ուտոպիստները, մինչեւ 1848 թվականը եւ գիտական սոցիալիզմը։ Որքան հետաքրքրություն, որքան հարցասիրություն… Դասը վերջանալուց հետո դասարանի կես մասը գլխիս հավաքված, խաչաձեւ հարցմունքների տարափի տակ տանում է ինձ մինչեւ իմ սենյակի դուռը։ Օ՜, երիտասարդություն, ոգեւորության անսպառ աղբյուր։ Կեսօրից հետո ես երբեմն կարդում էի ընդհանուր ճեմարանական դասախոսություններ։ Կամենալով գոնե մասամբ դուրս բերել այդ հիմնարկությունը նրա վրա քարացած կրոնական ավանդույթներից` ես տալիս էի իմ ունկնդիրներին գիտելիքներ նախապատմական մարդկության մասին, բացատրում էի քաղաքակրթության դանդաղ եւ աստիճանական զարգացումը, կրոնների ծագումը եւ էությունը, մի երկու անգամ էլ հանդգնություն ունեցա խոսելու Քրիստոսի եւ քրիստոնեության մասին` ըստ [Ժոզեֆ] Ռենանի217 եւ Դավիթ Շտրաուսի218։ Այս բանն ինձ, սակայն, չներվեց։

Այսքանով չէի բավարարվում։ Մանկավարժական ժողովների մեջ պահանջում էի վերացնել գիշերօթիկությունն իբրեւ մեծագույն չարիք, որ թունավորում էր դպրոցական կյանքը. պահանջում էի, որ աշակերտները տեղավորվեն գյուղի մեջ, ապրեն մարդկանց հետ եւ ոչ թե ինչպես մի մեկուսացած կաստա։ Սակայն այս պահանջները, որոնց միանում էին եւ ուրիշ մի քանի ընկեր-ուսուցիչներ, անկարելի եղավ ընդունել տալ այն պահպանողական մեծամասնությանը, որ տասնյակ տարիներ ապրել էր այստեղ, տեսել էր ճեմարանը ննջարանով եւ սեղանատնով։ Այժմ ինչպե՞ս կարող էր այդպես չլինել։ Հիմնադիրը` Գեւորգ կաթողիկոսն այդպես էր կամեցել։ Ինչպե՞ս խախտել նրա կամքը։

Եվ ճեմարանը մնաց գիշերօթիկ, փակ հիմնարկություն։ Ահա ինչքան դժբախտ էր նա։ Բերեմ դժբախտության եւ մի այլ օրինակ։ Երրորդ լսարանի ուսանողները գրում էին ավարտական շարադրություններ, որոնք կոչվում էին դիսերտացիա։ Նյութն ընտրում էր լսարանական խորհուրդը, եւ այն միակն էր լինում ամբողջ լսարանի համար։ Այն ընտրվում էր բացառապես աստվածաբանությունից։ Օրինակ, նախանցյալ տարի նյութը եղել էր «Սարկավագությունը» թե «Քահանայությունը», լավ չեմ հիշում։ Երրորդ լսարանի աշակերտներն ինձ խնդրեցին փոփոխություն մտցնել այդ սովորության մեջ, եւ մենք միասին որոշեցինք, որ ընտրվեն մի քանի նյութեր աշխարհական բովանդակությամբ եւ յուրաքանչյուր ուսանողի թողնվի վերցնել այդ նյութերից մեկն ու մեկը` շարադրություն գրելու համար։ Նորամուծության նախաձեռնությունն ինձ էր պատկանում, եւ ինձ վրա էր մնացել նյութերի ընտրությունը։ Ավարտող լսարանցիների թիվը, որքան հիշում եմ, 12-ն էր, եւ ես այդքան էլ նյութեր ընտրեցի եւ բաժանեցի։ Բայց այսքանը դեռ բավական չէր. պետք էր նաեւ ղեկավարել ուսանողներին, նրանց ցույց տալ աղբյուրները։ Այն նյութերի համար, որոնք վերաբերում էին հայոց նորագույն պատմությանը եւ գրականությանը, Էջմիածինը կարող էր համարվել աղբյուրներով հարուստ մի վայր։ Բայց ահա ուսանողներից մեկը, Վահան Խորենի, որ այն ժամանակ դեռ դաշնակցական չէր, ցանկություն հայտնեց դիսերտացիայի նյութ վերցնել սոցիալիզմի պատմությունը, եւ ես սիրով հանձն առա հաջողեցնել այդ բանը։ Էջմիածինը կատարյալ ամլություն էր ներկայացնում այդպիսի մի պատմության աղբյուրների կողմից։ Ուստի ես ձմեռվա արձակուրդներին Թիֆլիս գնալով` իմ գրադարանից մի կույտ գրքեր տարա եւ հանձնեցի Խորենիին, ղեկավարում էի նրան իմ ցուցումներով։

Այս բոլորի հետեւանքով ստացվեց մի շատ գեղեցիկ գործ։ Դիսերտացիան այլեւս տանջանք չէր, ուսանողներն աշխույժով եւ մեծ հետաքրքրությամբ էին որոնումներ անում գրադարաններում, պարապում էին եւ ուսումնական տարվա վերջին իմ սեղանի վրա դարսված էին 11-12 հատոր լուրջ աշխատություններ` որը Հայոց հարցի պատմությունն էր գրել, որը` հայ գաղութներինը, որն էլ` հայ կրթական եւ բարեսիրական ընկերություններինը։ Եվ դրանց մեջ բազմած էր սոցիալիզմի պատմությունը (կարծում եմ, առաջինը հայերի մեջ), անշուշտ, երախացրիվ219 իր թերություններով, բայց բավական մանրամասն եւ փաստալից։

Ահա թե ինչ նորություններ էր մտցնում հեղափոխական ժամանակն այդ ճեմարանի պես կղզիացած եւ ընդարմացած հիմնարկության մեջ անգամ։ Աշակերտությունը բաժանված էր քաղաքական կուսակցությունների։ Ամենից բազմամարդը դաշնակցականն էր, նրան հետեւում էր հնչակյանը։ Համեմատաբար նոր էր եւ սակավաթիվ սոցիալ-դեմոկրատների հոսանքը, որի գլուխ կանգնած էին երկու լսարանցիներ` Թադեւոս Ավդալբեկյան եւ Փիլոսյան։ Ձմռանն այդ հոսանքների սուր շփումներից առաջացան աշակերտական խառնակություններ, որոնք քիչ տակնուվրայություններ չմտցրին ճեմարանական կյանքի մեջ։ Մի կերպ դուրս եկանք գարուն, սկսվեցին տարեկան քննությունները։ Իմ դրությունից ես դժգոհ չէի։ Աշակերտությունն ինձ սիրում էր, եւ այդ սերն արտահայտեց մի քանի ցույցերով։ Բայց այստեղ վերջ էր դրվում իմ ուսուցչական հովվերգությանը։ Ինձ մատնել էին, եւ Թիֆլիսից եկած կարգադրության համաձայն` գավառապետ Լեմերմանը պահանջեց ինձանից ստորագրություն` անմիջապես Էջմիածնից հեռանալու մասին։ «Մեղքս» այն էր, որ խախտել էի ճեմարանի կրոնական հաստահեղույս հիմքերը` մտցնելով նրա մեջ անաստվածություն։ Հազիվ կարողացա սակարկությունների միջոցով Լեմերմանից մի ամսվա ժամանակ ստանալ` իմ արխիվային աշխատանքները վերջացնելու համար, որից հետո թափ տվի ոտներիս փոշին եւ… մնաս բարով, ուսուցչություն…

Բնորոշ է, որ ճեմարանի տեսուչ Մեսրոպ վարդապետը գնաց Թիֆլիս գանգատվելու Սինոդի պրոկուրոր Ֆրենկելի մատնությունների դեմ, բայց ոչինչ չկարողացավ անել։ Եվ սակայն, որպիսի՜ շուքով եւ ոգեւորությամբ էր Էջմիածնի վանքն ընդունել աշնանը կոմս եւ կոմսուհի Վորոնցով-Դաշկովներին, երբ նրանք Երեւանից եկան տեսնելու հայոց Մայր Աթոռը, եւ կոմսուհին կարողացավ իր սրտի փափագը կատարել` համբուրելով Մծբնա Հակոբ Հայրապետի մասունքները։ Մեսրոպ վարդապետը մեծ հանդիսով ընդունեց իր բարեկամներին ճեմարանում, ողջույնի ճառ արտասանեց։ Ճեմարանից էր, որ կոմսուհին հեռագիր ուղարկեց Պետերբուրգ` Մարիա Ֆեոդորովնային եւ հայտնեց, թե որքան ինքը հմայված է Մասիսի ստորոտում, այս հռչակավոր հնությունների մեջ։ Երկու ամուսիններն առանձին ուշադրություն էին ցույց տալիս Մեսրոպ վարդապետին, եւ այս բանն ավելի սաստկացնում էր մյուս վարդապետների նախանձը։ Բայցեւայնպես, Ֆրենկելի հանդեպ փոխարքայական պալատն այնպիսի դիրք բռնեց, որ Մեսրոպ վարդապետը գեղեցիկ դաս պիտի առներ «Служба службой, дружба дружбой»220 բովանդակությամբ։

Թիֆլիսում հասարակական հետաքրքրությունն առաջվա պես կենտրոնացած էր Դաշնակցության շուրջ։ Միհրանականությունն արդեն ներկվել էր արյունով։ Դեռ ձմռանը սպանվել էր Շխալին եւ թաղվել էր մեծ հանդիսով, իբրեւ ցույց։ Դումանը չէր կարողացել կատարել իրեն տրված հանձնարարությունը, որի մասին խոսել եմ վերեւում։ Ինձ նա ասում էր, թե անմտություն կլինի Միհրանի դեմ բռնություն գործ դնելը։ Միհրանն այժմ դեռ չունի կուսակցություն, բայց նրա պես հակասոցիալիստական մտածումներ ունեցողներ շատ կան կուսակցության մեջ։ Իսկ Միհրանը, չկարողանալով իրագործել իր ծրագրերից եւ ոչ մեկը. փաստորեն արդեն հեռացել էր Դաշնակցությունից եւ միառժամանակ կազմակերպել բուրժուազիայի պաշտպանությունը հարձակումներից եւ սպանություններից։ Եվ իրավ, բուրժուաների մեծ որս էր կատարվում` նրանցից փող կորզելու համար։ Այս միջոցով ապրուստ հայթայթելն անհրաժեշտություն էր դարձել, մանավանդ դաշնակցական զինվորների համար, որոնք անգործ էին մնացել հայ-թուրքական կռիվների դադարման հետեւանքով։

Կազմվել էր ձրիակերների մի ստվար խումբ, որ հավաքված էր լինում Միջին փողոցի «Վենեցիա» անունով ճաշարանում, եւ այստեղ բռնության այլեւայլ միջոցներ էին մշակվում` փաշայական անհոգության մեջ ապրելու համար։ Ինձ պատմել էին, թե այդ ճաշարանում նույնիսկ դատարան էլ կար հաստատված, որ մինչեւ անգամ ամուսնական վեճեր էլ էր քննում։ Չէր կարելի ասել, թե Թիֆլիսում տեղի ունեցող բոլոր բազմաթիվ ճողոպրումները, կամ ինչպես ասում էին այն ժամանակ` զարկումները, միայն դաշնակցական «Վենեցիայից» էին դուրս գալիս։ Տեռորիստական միջոցներով փող կորզելու համար հատուկ ընկերություններ կային կազմված եւ ուրիշ ազգությունների մեջ` Թիֆլիսում, Բաթումում, Բաքվում եւ այլ տեղերում։ Բայց որ «Վենեցիան» էր այդպիսի գործողությունների գլխավոր կայանը, այս անկասկած էր։ Ես ինքս տեսել եմ հայտնի խմբապետ Մուրադի մոտ մի նամակ մակեդոնական հերոս Բորիս Սարաֆովից, որ ասում էր, թե մակեդոնական կոմիտեն նեղ դրության մեջ է եւ խնդրում է մի «փոշտ զարկել» եւ զարկած փողն ուղարկել իրեն։

Այս ձրիակեր զինված ուժը ծանրանում էր հայ ժողովրդի վզին։

Այսպես էին, ընդհանուր առմամբ, այն նացիոնալիստական եւ հակասոցիալիստական տարրերը, որոնք խեղդում էին Դաշնակցությունն աջից։ Բայց խեղդողներ կային նաեւ ձախից, եւ` ոչ պակաս թափով եւ համառությամբ։ Այդ երիտասարդ թեւն էր, որ չէր կարողանում տանել կուսակցության երկերեսանությունը եւ խորշում էր ֆիդայական մտայնությունից` պահանջելով վերակազմել կուսակցական գործերը զուտ սոցիալիստական հիմքերի վրա։ Այսպես մտածողները անջատվեցին Դաշնակցությունից, ուստի եւ հոսանքն ստացավ «անջատականություն» անունը։ Եվ այսպես, կեղեքվելով մի կողմից միհրանականությունից, եւ մյուս կողմից` անջատականությունից, Դաշնակցությունը 1907-ի ամռանը Վիեննա գնաց ընդհանուր ժողովի, ուր թեւերի սուր շփումները մեղմացվեցին. ով հեռանալու էր կուսակցությունից, հեռացավ, իսկ ովքեր մնացին` յուրացրին իրար չխանգարելու քաղաքականությունը։ Այնպես որ, «հետեւողական դեմոկրատ» կամ, ուրիշ խոսքով, «սոցիալիստ» Ջամալյանը ոչ մի անհարմարություն չէր գտնում Անդրանիկի, Սեպուհի221 կամ մի այլ` սոցիալիզմի անողոք թշնամի խմբապետի հետ կենակցելիս եւ գործակցելիս։ Կովկասյան նախագծի վրա ձեւվեց մի ծրագիր, որ խստորեն տոգորված էր սոցիալիզմով, բայց որ իսկապես անփոփոխ էր պահում հին իրականությունը։

208Ստոլիպին Պյոտր Արկադեւիչ (1862-1911) – 1906-ից Ռուսաստանի ՆԳ նախարար եւ միաժամանակ վարչապետ, համոզված միապետական, ռուս շովինիստ. դարձել է էսէռ ահաբեկչի զոհ։
209Խոսքը 1863-ին ընդունված Ազգային սահմանադրության մասին է, որով թուրքահայերին տրվեց կրթական, եկեղեցական եւ ներազգային հարցերի որոշ ինքնավարություն։
210Ֆրանսերեն՝ 1) գոյության իրավունք, գոյության իմաստ, 2) տրամաբանական հիմնավորում։
211Արտաշես Չիլինգարյան (1883-1968) – Հայտնի է Ռուբեն Դարբինյան անվամբ, սովորել է Թիֆլիսում, Մոսկվայում, Հայդելբերգում, Մյունխենում։ Առաջին Հանրապետության ընթացքում եղել է արդարադատության նախարար, խորհրդայնացումից հետո ձերբակալվել է, ազատվել փետրվարյան ապստամբության շնորհիվ։ Բոստոնում հիմնել է «Հայրենիք» ամսագիրը։ 1991թ. Երեւանում հրատարակվեց նրա «Ռուսական վտանգը» արժեքավոր գրքույկը։
212Լեոյի այս մոտեցումը՝ իբր ՀՅԴ-ն ազգային կամ ազգայնական կուսակցություն է, գերիշխող է եղել ե՛ւ Սփյուռքում (հիմնականում դրական մոտեցմամբ), ե՛ւ Խորհրդային Հայասատնում (միայն բացասական վերաբերումով). այն գերիշխող է նաեւ ներկայում։ Լեոն ինքը նախընթացում ցույց տվեց, որ ՀՅԴ-ն հիմնողները ռուսակիրթ, ժամանակի արեւմտյան ուղղություններով տարվածներ էին, որոնց պետք եղավ նաեւ ազգային երանգ պատվաստել խառնիճաղանջ, հիմնականում սոցիալ-հեղափոխական (էսէռական) գաղափարախոսությանը։ Ազգային երանգը երբեմն խտացել, երբեմն մարել է՝ նայած հանգամանքների պարտադրմանը։ Սրա հավաստումը տե՛ս նաեւ քիչ ներքեւում։ Ավելորդ չէ մեջբերել Վարանդյանի հետեւյալ խոստովանությունը. «Կուսակցությունը կշարժեր, մի խոսքով, այն գաղափարներով ու կարգախոսներով, զոր կառաջադրեին Ռուսաստանի ու Կովկասի ամենեն զորավոր ընկերվարական կուսակցությունները» (նշվածը, էջ 398)։
213Այս անունով երկու խմբապետ կա։ Առաջինը Միհրան Տամատյանն է (1863-1945), ով նախապես Հնչակյան կուսակցության անդամ էր, ապա՝ Սահմանադիր ռամկավար։ Մասնակցել է Գում-Գափուի ցույցին, եղել է Սասունի ինքնապաշտպանության կազմակերպման ղեկավարներից, Պողոս-փաշա Նուբարի Ազգային պատվիրակության անդամ, 1920-ին Կիլիկիայում հռչակել է անկախ հանրապետություն։ Երկրորդը բաբերդցի խմբապետ Միհրան (Գաբրիել) Քեշիշյանն է (? -1910), ով դաշնակցական էր, ղեկավարել է Մոսունի արշավանքը. հետագայում, չհամակերպվելով Դաշնակցության «Կովկասյան նախագծին», առաջ է բերել միհրանական անվանված շարժումը։ Դաշնակցությունը սպանել է միհրանականների, Միհրանը՝ դաշնակցականների։ Արդյունքում Միհրանը համագործակցել է ռուսական իշխանությունների հետ՝ մատնելով բազում հայերի։ Սպանվել է դաշնակցական ահաբեկչի ձեռքով։ Հետայսու խոսքը երկրորդի մասին է։
214Մ.Վարանդյանը գրում է, որ թիֆլիսեցի մեծահարուստ Մելիք-Ազարյանը, ով նաեւ բանտարկվել է «Դաշնակցության գործով», «ստանձնած էր Հ.Յ.Դաշնակցության դրամներու փոխադրությունը կամ պահպանումը, թուրք-հայկական կռիվներու միջոցին» (նշվածը, էջ 524)։
215Խոսքը սրբագրման նախնական նմուշօրինակի մասին է, ոչ տպարան ուղարկվելիք վերջնական ազդօրինակի։
216Գերմանացի պատմաբան եւ հրապարակախոս Վիլհելմ Բլոսսը հեղինակն է «Հեղափոխությունը Գերմանիայում (Գերմանական շարժման պատմությունը 1848-1849թթ)», «Ֆրանսիական հեղափոխության պատմություն» աշխատությունների. լինելով սոցիալիստ՝ նամակագրական կապի մեջ է եղել Մարքսի եւ Էնգելսի հետ։
217Ժոզեֆ Էռնեստ Ռենան (1823-1892) – Ֆրանսիացի պատմաբան, հնագետ, «Քրիստոնեության ծագման պատմություն» ութհատորյակի, բազմաթիվ այլ աշխատությունների հեղինակ, որոնք ժամանակին սկանդալների առիթ են տվել ֆրանսիական հասարակության մեջ։ «Միայն գիտությունն է ունակ լուծելու բոլոր հարցերը եւ ժամանակի ընթացքում այն կփոխարինի կրոնին» մտքի հեղինակ։
218Դավիթ Ֆրիդրիխ Շտրաուս (1808-1874) – Գերմանացի փիլիսոփա, պատմաբան, կրոնագետ, հրապարակախոս. նրա հիմնական «Հիսուսի կյանքը» եւ մյուս գործերն ու գործունեությունը հուզումների առիթ են հանդիսացել։
219Այստեղ՝ բարձրաոճ, պոռոտախոս։
220Ռուսերեն՝ «Ծառայությունը ծառայություն, բարեկամությունը՝ բարեկամություն»։
221Խմբապետ Սեպուհ (Արշակ Ներսեսյան) (1872-1940) – Արեւմտահայ նշանավոր հայդուկ, մասնակցել է Խաստուրի մարտին, Գանձակի եւ Բաքվի հայերի ինքնապաշտպանական կռիվներին, հայկական կամավորական շարժմանը, բոլշեւիկների մայիսյան ապստամբության ճնշմանը։ Գրել է «Էջեր իմ յուշերէն» վերնագրով գիրք (Բոստոն, 1929)։