Za darmo

Անցյալից

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Է

Կեսօրին մոտ էր, երբ ես իջնում էի Քաշվեթի եկեղեցու մոտով դեպի Բազարնայա փողոց։ Ալեքսանդրյան ծառախիտ այգու ետեւում` Կուկիայի կողմից լսվում էր զինվորական երաժշտություն, որ հաճախ ընդհատվում էր ուռաներով։ Ուշադրություն չդարձրի։ Արդեն լսել էի, որ այսօր սեւհարյուրակային պատրիոտները ռուս տերտերների առաջնորդությամբ ցարասիրական երթ պիտի ունենան մինչեւ փոխարքայի պալատը։

Խմբագրատանը հավաքված էին բազմաթիվ մարդիկ։ Նրանց մեջ էր եւ պաշտոնաթող սպա Նեմիրովիչ-Դանչենկոն (Հանդ), որ նոր էր վերադարձել Մանջուրիայի դաշտերից եւ «Русское слово» – ի176 թղթակցի պաշտոնով ճանապարհորդում էր Անդրկովկասում` գլխավորապես հայ-թուրքական կռիվների պատճառներն ուսումնասիրելու համար։ Նստած խոսում էինք, մեկ էլ` փողոցում եւ տան բակում ձայներ բարձրացան, որոնք տարօրինակ չթվացին մեզ։ Կարծեցինք, թե դա պարզապես երկաթե երկար շերտերի փոխադրություն է երկար սայլերով, երբ իրար վրա դարսված երկաթները ծեծվում են իրար եւ աղմուկ հանում։

Միայն Հանդի` Մանջուրիայի դաշտերում եւ լեռներում փորձված ականջներն էին, որ իմացան, թե բանն ինչ է։ Սաստիկ հուզված` նա տեղից վեր թռավ ու ասաց.

– Это – стрельба пачками…177

Բոլորիս վրա ձյուն մաղվեց։ Եվ ինքնապաշտպանության կենդանական բնազդն էր, որ հարկադրեց դես ու դեն վազել` մի քանի նախազգուշություններ ձեռք առնելու համար։ Շտապով կողպեցինք բոլոր դռները, փողոցին նայող պատուհանների փայտե փեղկերը, շատացրինք մութ անկյունները եւ դարձանք մի պաշարված մարտկոց։ Բաց էր մնացել միայն մի օդանցք, որ մեզ դրսի աշխարհի հետ էր կապում։ Ի՛նչ էր կատարվում այնտեղ` չգիտեինք։ Մեր ինքնակամ պաշարման անկյունն էին ներս թափվում միայն «Боже царя» երաժշտության հանդիսավոր հնչյունները եւ անընդհատ «ուռա՜» ձայները։ Ա՛հ, անիծյալ պաշտամունք։ Էլի, ուրեմն, պիտի քաղցկեղի նման խրվի մեր կոկորդի մեջ…

Հրացանաձգությունը եւ նրան եղբայրացած հաղթական երգն ու նվագը դադարեցին։ Օրը ցերեկով մեծ քաղաքը գերեզմանոց է դարձել. ոչ մի տեղ չկա մեկ հատիկ բացված պատուհան։ Շշուկ անգամ չի լսվում։ Եվ հանկարծ… նոր սարսափ։ Խմբագրատան կողքին` «Южные номера»178 հյուրանոցի մուտքի մոտ, պայթեց մի ռումբ… Գլուխներս այնքան կորցրինք, որ փախանք ներքին սենյակները։ Սպասում ենք ահ ու դողով, թե ահա կգան թնդանոթները եւ կսկսեն ռմբակոծել պայթյունի շրջակա տները։ Բայց անցնում են րոպեներ, անցնում է եւ մի ամբողջ դաժան ժամ, եւ ոչինչ չկա։ Հետո իմացանք, որ մի մարդ ռումբը տանելիս է եղել պալատի կողմը, բայց հանկարծ վեր է գցել եւ ինքն էլ սպանվել տեղն ու տեղը։

Արդեն հոկտեմբերյան օրը սպառվելու վրա էր։ Քաղցը տանջում էր պաշարվածներիս։ Բարեբախտություն էր, որ մի հարեւանուհի ունեինք` մի բարի լեհուհի, որ մեզ պատվական ձվածեղներ ուղարկեց։ Մի րոպեում կլանեցինք կերակուրը։ Հիմա էլ հոգս էր` թե ինչ պիտի անեինք գիշերը։ Բայց մինչեւ մթի ճանկն ընկնելը` դրսից մի բանբեր եկավ։ Դա խմբագրատան աղախինն էր, մի, ինչպես անվանում են, «գզօղլան»179 խոխլուշկա180, որ կորել էր երկու ժամից ի վեր։ Սառնասրտորեն պատմեց, թե գալիս է վերեւից` Գոլովինսկի պրոսպեկտից։ Զինվորներն իրեն չարգելեցին, երբ իմացան, որ ինքն էլ զինվորի կին է։

Եվ պատմություններ արավ նա, ինչպես կարող էր անել Ուկրաինայի գեղջուկ դուստրը մի «չալ» ռուսերենով` իր մայրենի լեզվի շեշտերով եւ բառերով ողողված։ Եվ ի՜նչ էինք իմանում։ Մենք կարծում էինք, թե այնտեղ` դրսում կռիվ է տեղի ունեցել։ Բայց այնտեղ կռիվ չի եղել։ Այնտեղ եղել է սպանդանոց։ Երեկվա իրար գոտիներից բռնած 7000 զինվորներից չգտնվեց գոնե մի 100 հոգի, որ Գոլովինսկի պրոսպեկտի ծայրը դարձներ մի փոքրիկ, խոշորացուցային Պրեսնյա181 եւ ընկներ բարիկադների վրա։ Ո՛չ։ Այդպիսի բան չի եղել։ Եղել է միայն այն, որ Թիֆլիսի սիրտը կազմող մեծ եւ գեղեցիկ փողոցն ամբողջապես տրված է եղել զինվորներին։ Եվ քանի որ այն «ազատության օրերին» ցարիզմն իր նոր նշանաբանն էր հռչակել` «Փամփուշտներ չխնայել», ուստի զինվորները լավագույն կերպով գնդակածեծ էին արել ամբողջ տարածությունն ըստ հին ավանդի` «Սահման քաջաց` զէնն իւրեանց»։ Փողոցի երկու կողմին կանգնած հոյակապ տները մեծագույն մասամբ պատկանում էին հայերին։ Եվ ահա զինվորները հանդիպակաց տներին մեջք տված` գնդակների տարափ էին ուղարկում տների ներսը` հուսալով, որ եթե տասից-քսանից մեկն անգամ դիպչի մի «արմյաշկայի»182, այդ էլ բավական է վրեժ հանելու համար այն 7000 զինվորի համար, որ երեկ իրար գոտիներից բռնած քայլում էին նույն այս փողոցով։

Զոհերի թիվը մեծ էր, պաշտոնական տեղեկություններով` 150-ից ավելի։ Հետո մենք իմացանք, որ այդ կոտորածն սկսվել է այսպես։ Երբ պատրիոտների թափորը, բարձրանալով Բարյատինսկայա փողոցով, մտել է Գոլովինսկի պրոսպեկտ եւ շուռ գալիս է եղել դեպի Վորոնցով-Դաշկովի պալատը, այդ ժամանակ բազմահարվածային ատրճանակից մի պրովոկատորական պայթյուն է լսվել, որ վիրավորել է թափորին մասնակցող զինվորական վարժարանի աշակերտներից (կադետներից) մեկին։ Անկարելի եղավ ճշտել, թե որտեղից է եղել այդ կրակոցը։ Ոմանք ասում են, թե խփել են Թիֆլիսի ժողովարանից (Հայոց, կամ ավելի հասարակորեն` «բուրդյուչնի կլուբ»183), ոմանք թե` գիմնազիայի պարսպի գլխից, իսկ ոմանք էլ ցույց էին տալիս Գոլովինսկի պրոսպեկտի եւ Բարյատինսկայա փողոցի անկյունի տունը (այժմ Բանվորական պալատի անկյունը)։ Ինչեւիցե։ Կրակոցն ազդանշան էր դարձել, որ զինվորները կոտորած սկսեին։ Ամենից առաջ կազակները թափվել էին «ապստամբության օջախ»` Հայոց կլուբ, եւ ի՜նչ տեսնեն այնտեղ, որ լավ լինի։ Աչքդ բարին տեսնի։ Կանաչ սեղաններ եւ նրանց շուրջը հայ բուրդյուչնի բուրժուաները թուղթ են խաղում։ Մի քանիսը դես ու դեն են փախել եւ սպանվել կազակների ձեռքով։ Մյուսներին հավաքել են, երկկարգ շրջապատել հրացանները պատրաստ բռնած կազակներով, «առոք-փառոք, կառոք եւ երիվարոք» փոխադրել մոտակա զինվորական պահականոցը (հաուպտվախտ), ուր մեր բուրդյուչնիների ճարպոտ մարմինները մի լավ ծեծել եւ հետո բաց են թողել։ Նրանցից մի քանիսն իմ ծանոթներն էին։ Չորս-հինգ օր անցնելուց հետո էլ նրանց խեղճ ուղեղները դեռ չարաչար աշխատում էին այն հարցերի վրա, թե այն ի՞նչ էր եւ ինչու՞ այդպես եղավ։ Իրենց բութ դեմքերի վրա մի զարմանք ու մտահոգություն ներկայացնելով` նրանք հարցնում էին.

– Ա՛յ տա, էս մեզ ինչո՞ւ ծեծեցին։

– Ո՞նց թե ինչու։ Կրամոլայի184 բույնը գտնելու համար։

Եվ գտան։ Կազակները լավ թալանեցին բուրդյուչնի կլուբի հարուստ արդուզարդը, ապա եւ գրավեցին այն ու հաստատ բնակություն դրին մեջը։ Այսպես էր Հայոց կլուբը։ Իսկ նրա կողքին գտնված չինովնիկական «Կրուժոկին185» մատ անգամ չդիպցրին։

Այս, եթե կամենում եք, մի զավեշտ էր` ցարական համ ու հոտով։ Բայց նրա կողքին… կսկծալի, արյուն-արցունքով լվացված մի դրամա` երեխաների կոտորածը Առաջին գիմնազիայում։ Այստեղ էլ խուժել էին կազակները եւ, կրամոլնիկներ տեսնելով անմեղ խաղացող երեխաների մեջ, կոտորել շատերին։ Այս գազանային վայրագությունները կատաղություն պատճառեցին ամենքին։ Բայց ինչ արժեք ուներ աննյութ կատաղությունը ոճրագործության իսկական հեղինակ Վորոնցով-Դաշկովի համար, որի մասին ասում էին, թե կանգնած էր իր պալատի պատուհանի առաջ եւ նայում էր սպանդանոց դարձած Գոլովինսկի պրոսպեկտին։ Իսկ սպանված գիմնազիստներից շատերը հայեր էին… Պատմում էին եւ առանձնապես ցավում մանավանդ երկու եղբայրների համար, երկուսն էլ սքանչելիորեն ընդունակ էին եւ առաջադեմ։

 

Ամեն ինչ վերջ ունի. մեր ակամա տնարգելությունն էլ վերջացավ։ Գերեզմանոցի մեջ կյանքը վերսկսվեց։ Խմբագրատան պատուհանի դիմաց կանգնեց մի զինվոր` հրացանը ձեռքին։ Պահակ էր։ Հարցնում ենք` կարելի՞ է գնալ։ Կարելի է` պատասխանում է։ Ես եւ Սեւ Սանդրոն փողոց դուրս եկանք։ Բազարի միջով գնացինք դեպի Սոլոմոնովսկայա փողոց, ուր իմ բնակարանն էր։ Նեղ, ծուռումուռ փողոցներ եւ կենդանության ոչ մի նշույլ։ Մեր քայլերն էին խուլ արձագանքներ տալիս եւ վախեցնում մեզ։

Մեր տանն ինձ նորից գտած համարեցին։ Ի՞նչ կլիներ իմ երեխաների դրությունը, եթե այդ գիշեր դրսում մնայի։ Թանձր խավար իջավ քաղաքի վրա։ Ոչ մի տեղ չպսպղաց ոչ մի ճրագ։ Ոչ մի պատուհան չբացվեց։ Ազգաբնակչությունը կուչ էր եկել մթի ծալքերի մեջ եւ ժամերի դանդաղ ընթացքն էր հաշվում մինչեւ… մինչեւ որ ի՞նչ լիներ…

Մենք էլ, այո՛, վայելեցինք Նիկոլայի հոկտեմբերյան մանիֆեստի ազատությունները. իզուր չէին նրան «առատաշնորհ» անվանում նրա լակեյները։ Եվ, իրավ, սա դեռ բոլորը չէր, այս միայն «սկիզբն էր երկանց»։

Վորոնցով-Դաշկովը չէր բավականացել հոկտեմբերի 22-ի «հաղթությամբ»։ Նա կարծել էր, թե իրեն կհաջողվի բռնել դաշնակցական հիդրայի հազար գլուխներից գեթ մեկը, բայց չէր կարողացել նույնիսկ պոչի ծայրից բռնել։ Եվ սա այն պարզ պատճառով, որ Դաշնակցությունը, վաղօրոք ինչ-որ հոտ առնելով, այդ օրն իրեն եւ իր 7000 զինվորներին փառահեղ մենության մեջ էր պարուրել` թույլ տալով, որ հայ ժողովուրդն ինչպես իմանում է` իր մեջքով պատասխան տա իրար գոտիներից բռնած 7000 զինվորի համար։ Չէ՞ որ մի քանի ամիս առաջ նահատակված Քրիստափոր Միքայելյանը գրել եւ ապացուցել էր. «Միեւնույն է, ձեզ առանց այդ էլ կոտորելու են, իսկ մենք չենք կարող հեղափոխություն չկատարել»։

Եվ ահա մի նոր տագնապ Թիֆլիսի հայության համար։ Հոկտեմբերի 24-ի առավոտից մի աներեւակայելի հուզմունք հազարավոր մարդկանց դուրս շպրտեց փողոց։ Հուզմունքը տարածվում էր ավելի ու ավելի, եւ հայտնի չէր, թե ովքեր են տարածողները։

– Գալիս են, – ասում էին իրար։

– Ովքե՞ր։

– Բորչալվի թուրքերը, անթիվ, անհամար։

– Ո՞վ գիտե, ո՞վ իմացավ։

– Հրեն, մոտ են քաղաքին, շատերն են տեսել։

Եվ տագնապը մեծանում էր, կեսօրին իրարանցումն [արդեն] ալիքներ էր տալիս. կացությունը դառնում էր անհանդուրժելի։ Եվ ահա քարեքար ընկած ամբոխի մեջ լուր է տարածվում, թե առաջնորդարանում հավաքվել են մեծերը։ Խորհրդակցում էին, թե ինչ անեն ժողովրդի փրկության համար։ Ժողովուրդը հավաքվում էր առաջնորդարանի մոտ` սպասելով, թե ինչ պիտի անեն մեծերը։ Պատվիրակություն կազմվեց մոտ 30 հոգուց` եպիսկոպոսներ, վարդապետներ եւ ազգային ջոջեր։

Գնացին ներկայանալու Վորոնցով-Դաշկովին։ Ամբոխը շարունակում էր կուտակված մնալ առաջնորդարանի շուրջը` սպասելով պատվիրակության վերադարձին։

Իրիկնապահին շփոթմունքն արդեն խուճապի կերպարանք ընդունեց։ Երեւանյան հրապարակի խռնումների մեջ ես հանդիպեցի Հովնան Դավթյանին։

– Այս ի՞նչ արիք, – ասացի։

Նա սաստիկ բարկացավ վրաս եւ հեռացավ` ասելով.

– Ես չեմ էլ խոսի հետդ։

Բայց էլ ի՞նչ խոսեր։ Արդեն փախչող փախչողի ետեւից էր։ Մի ընդհանուր հոտային բնազդով Թիֆլիսի արեւելյան մասն իր դրությունը վտանգված էր զգում եւ հավատացած էր, որ վտանգից անպատճառ կազատվի, եթե տեղափոխվի արեւմտյան մաս։ Ով ծանոթ-ազգական ուներ այդ անվտանգ մասում, շտապում էր ժամ առաջ գնալ այնտեղ, տեղավորվել գոնե մի գիշեր, մինչեւ որ լույսը կբացվեր եւ կիմացվեր, թե ինչ է լինելու։

Եպիսկոպոսների եւ ջոջերի պատվիրակությունը պալատում իրեն տալիս է խորամանկության` իբր թե եկել է հավատարիմ հպատակական հրճվանք հայտնելու այն մեծ շնորհների համար, որոնք արված են հոկտեմբերի 17-ի մանիֆեստով։ Բայց ցարի փոխանորդը այնքան էլ միամիտ չէր, որ չհասկանար եկած «ներկայացուցիչների» իսկական փորացավը։ Պատվիրակներից մեկն ինձ պատմել է, որ փոխարքայի օգնականն այդ միջոցին կանգնած էր պատշգամբում եւ նայում էր, թե ինչպես էին խուճապի բռնված հայերը կառքերով փախչում դեպի Վերայի կողմը` տանելով իրենց հետ անկողիններ, տնային իրեր, նույնիսկ օրորոցներ։ Դուք երեւակայո՞ւմ եք այնպիսի մի իշխանություն, այն էլ բարձր, ամբողջ երկրի տեր, որ նայում, զվարճանում է, թե ինչպես է իր պրովոկացիայից շշմած ժողովուրդն այս ու այն կողմ խփում իրեն։

Փոխարքան, որ չափազանց լավ էր տեղյակ, թե ինչ է կատարվում իր շուրջը, խորամանկների հետ է՛լ ավելի խորամանկ լինելու դիրք է ընդունում եւ ուրախություն է հայտնում պատվիրակությանը տեսնելու առիթով եւ ավելացնում, թե հայ ժողովրդի արտահայտած հպատակական հրճվանքն ինքն անմիջապես կհաղորդի թագավորին։ Զրույց է սկսվում։ Պատվիրակներից յուրաքանչյուրը խոսում է այն, ինչ վաղօրոք հանձնարարված էր իրեն։ Մեկն ասում է, թե այս քանի օրերի դեպքերի պատճառով պատվիրակությունը չկարողացավ ավելի վաղ կատարել իր պարտականությունը, այսինքն՝ ներկայանալ կոմսին։ Մի ուրիշը պատմում է, թե հայերը միշտ ձգտել են դեպի Ռուսաստան եւ ռուսաց ցարերի հավատարիմ հպատակներն են եղել։ Բոլորին լսում է ցարական հին աղվեսը, բոլորի հետ էլ համաձայն է, ուրախ է, որ այդպես է եւ ոչ թե ուրիշ կերպ։

Միայն վերջում, իբրեւ թե իմիջիայլոց, Թիֆլիսի առաջնորդը խոսք է բաց անում ժողովրդի այդ օրվա հուզված դրության մասին։ Վորոնցով-Դաշկովը հանգստացնում է, թե ոչինչ չի լինի, եւ իր օգնականին պատվիրում է հեռախոսով հրամայել ամեն կողմ, որ զորքեր ուղարկվեն ճանապարհները բռնելու եւ թուրքերին ետ քշելու համար։ Իսկ պատվիրակներին խնդրում է չմոռանալ, որ այնուամենայնիվ հայ հասարակության մեջ գտնվում են տարրեր, որոնք արհեստ են դարձրել խռովությունները։ Այդ եւ ուրիշ ակնարկությունները վերաբերվում էին Դաշնակցությանը։

Օգնականը ներս մտնելով` հայտնում է, թե բոլոր կարգադրություններն արված են։ Եվ այդժամ ցարական փոխանորդը հրաժեշտ է տալիս պատվիրակությանը` ներշնչելով նրան այն զգացումը, թե ինքը մեծ բարերարություն արեց Թիֆլիսի հայ ժողովրդին։

Առաջնորդարանի մոտ, մթի մեջ սպասող բազմությունը սկսեց ցրվել։ Դրությունը միայն համեմատաբար լավացավ։ Ամենքը չհավատացին ցարական չինովնիկների խոստումներին, որոնք այնքան խաբեբայական էին դարձել, մանավանդ հայ-թուրքական կռիվների ընթացքում։ Ես էլ, տեսնելով կնոջս եւ երեխաներիս անհանգստությունը, ուղարկեցի նրանց Վերա` մի ծանոթի մոտ, իսկ ինքս մնացի տանը` պառավ զոքանչիս մոտ։ Մեր տունը պատկանում էր մի թրքուհու։ Երեկոյան նա գնաց թուրքերի թաղը` խոստանալով մեզ այնտեղից հաղորդել, թե որքանով են ճիշտ տարածված լուրերը։ Այդ տեղեկությանը հարկավոր եղավ սպասել երկար, մինչեւ երեք ժամ։ Ես նստած էի հարեւանիս մոտ, որը թուրքահայ էր` Տրապիզոնի կոտորածի ժամանակ իր բոլոր ունեցածն ու իր որդուն կորցրած, այն օրից ի վեր փախստական դարձած։ Երկար, վշտալի, խեղդիչ էր մեր խոսակցությունը, որ շարունակ պտտվում էր այսօրվա հուզմունքների շուրջ։ Հարեւանս ու իր ընտանիքը վերապրում էին տրապիզոնյան արհավիրքները։ Եվ ես այժմ նրանց հետ էի, միատեսակ տրամադրված, միատեսակ զգացող ու մտածող։ Ես էլ նույն վիճակի մեջ էի գտնվում` ուխտվածի վիճակի մեջ։ Իր տխրամած պատմությունների ընթացքում հարեւանս շատ փաստեր էր բերում, թե ինչպես դժբախտ ժողովուրդը շարունակ հանգստացնող, բայց իրապես զարհուրելիորեն դավաճան խոստումներ էր ստանում սուլթանական պաշտոնյաներից։

Իսկ ցարականնե՞րը։ Միեւնույն ծառի պտուղները չէի՞ն։ Եկավ մեր տանտիրուհու ծառան։ Նրա բերած թղթի մեջ մեզ հաղորդվում էր, թե ոչ մի վտանգ չկա, եւ ոչ ոք չի էլ մտածել հարձակում գործել հայերի վրա։ Եվ սա միանգամայն ճիշտ դուրս եկավ։

Որքա՜ն հիմար, որքա՜ն զզվելի դրություն է, երբ զգում ես քեզ զոհվող մի անասուն։ Ես անիծում էի իմ մարդկությունը, անիծում էի մեր բախտը, որ մեր կյանքի կարգադրությունը դրել էր սուլթանների, ցարերի եւ այլ գահակալ գազանների ձեռքում։

Ը

Թիֆլիսն ազատված էր հայ-թուրքական խայտառակ արյունահեղությունից։ Բայց… միայն այս անգամ եւ ոչ ընդմիշտ։ Հոկտեմբերի 24-ի օրը շատ բացահայտ կերպով ցույց տվեց, թե որքան անհրաժեշտ են հայ-թուրքական կռիվները կովկասյան բյուրոկրատիային` հեղափոխական հրաբուխ դարձած Ռուսաստանում րոպեի պահանջած դիրքերն ստեղծելու համար։ Հազիվ մի ամիս անցած` նորից հարկավոր եղավ [կովկասյան բյուրոկրատիային] այդ արյունոտ մղձավանջը օրերի իրականություն դարձնել։

Այլեւս չէր կարելի պրովոկացիայով հուզել ժողովրդին, քարեքար գցել նրան։ Անհրաժեշտ էր հայերին կռվեցնել թուրքերի հետ իրապես։ Եվ դա` հակառակ նրանց կամքի։ Ի՞նչ նշանակություն ուներ նրանց կամքը, երբ Ռուսաստանում գործադրվում էին դեռ ոչ մի տեղ չտեսնված հսկայական, համապետական գործադուլները։ Մեկը կար արդեն` փոստ-հեռագրականը, պատրաստվում էր մյուսը` երկաթուղայինը` երկրորդ անգամ։ Հեղափոխական շարժման մեջ էր ամբողջ արեւմտյան Վրաստանը։ Եվ ահա ամենայն պարզությամբ կարելի է ասել ամբողջ աշխարհի առաջ, [որ] օրն օրին, անդիմադրելիորեն, կարծես տարերային ուժով, պատրաստվում էր արյունահեղություն նաեւ Թիֆլիսում։ Թուրքերը Թիֆլիսում հայերի համեմատությամբ աննշան փոքրամասնություն էին կազմում, եւ այս բանը, թվում էր, կկանգնեցներ նրանց թշնամական գործողությունների նախաձեռնությունից։ Այսպես էլ համոզված էին ամենքը, եւ երկու կողմերի հասկացող շրջանները ջանք էին թափում խաղաղությունը հաստատ պահելու։ Սակայն գրգռվող դեպքերը, պրովոկացիան շարունակվում էին անդադար` աճելով օրն օրի վրա։ Սեւհարյուրակային մեթոդն այս անգամ էլ կրկնվեց ճշտությամբ. մի օր սպանված գտնվեցին երկու թուրքեր, եւ իսկույն, իհարկե, լուր տարածվեց, թե հայերն են երկուսի սպանողները։ Օդը հետզհետե էլեկտրականացավ։

Բռնկվեց մի հանկարծակի, անակնկալ հրդեհ։ Նոյեմբերի երկրորդ կեսին Գանձակում, նոր միայն Վորոնցով-Դաշկովի հրամանով ընդհանուր նահանգապետ նշանակված գեներալ Տակայշվիլու186 բարեհաճությամբ եւ ակնհայտ աջակցությամբ, կոտորած սկսվեց, որի ժամանակ հայերը մեծամեծ վնասներ կրեցին։

Գանձակի կոտորածը նոր ուժով բորբոքեց երկու կողմերի կրքերը։ Թիֆլիսի հասարակական կազմակերպությունները, քաղաքական կուսակցությունները, մամուլն ամեն ջանք թափում էին, որ հայերն ու թուրքերը հասկանան դրության լրջությունը, զսպեն իրենց թշնամական կրքերը։ Քաղաքագլուխը հայ-թուրքական խորհրդակցություն գումարեց Դումայում, ուր երկու կողմերն էլ հավատացրին իրար, թե հարձակվելու ոչ մի դիտավորություն չունեն։ Բայց այս հանդիսավոր խոստումներն արդեն վաղուց եւ ամեն տեղ փորձված էին իբրեւ եղբայրական ուխտի ողորմելի կոմեդիաներ, որոնք հենց այն էին ապացուցում, թե կոտորածներ կլինեն անպատճառ։ Ոստիկանական սեւհարյուրակային ագիտացիան անհաղթահարելի մնաց եւ այս անգամ։ Նոյեմբերի 24-ին սկսվեց հրացանաձգությունը, ընկան առաջին զոհերը։

Ում համար ինչ էլ լիներ այս նոր ժողովրդական դժբախտությունը` Դաշնակցության համար դա մինչեւ այդ չեղած մի դիպված էր` ավելի ուժեղանալու, ավելի բարձր դիրք գրավելու համար։ Ահագին ոստիկանություն, տասնյակ հազարներով հաշվվող զորք ունեցող կովկասյան մայրաքաղաքի մեջ մենամարտի դաշտ էր բացվում այն հին, ծուռումուռ ու նեղլիկ փողոցներում, որոնք պարփակվում էին Շեյթան-բազարից, բաղնիսների թուրքական թաղերից` Խարփուխից մինչեւ Հավլաբար։ Թուրքերը գրավեցին իրենց դիրքերը, հայկական դիրքերի մեջ նրանց հանդիման կանգնեցին դաշնակցական զինվորները։ Մասնակցում էին եւ հնչակյանները, բայց նրանց թիվը շատ չէր, եւ դրության տերը լիովին դաշնակցականներն էին։ Դաշնակցական շտաբը ստանում էր ավելի մեծ նշանակություն, քան ընդհանուր կովկասյան բանակի շտաբը, որ գտնվում էր փոխարքայի պալատի մոտ։ Սոլոլակի հայ բուրժուազիան, զգալով իր գլխին կախված թուրքական վտանգը, լավ իմանալով, մանավանդ, որ եթե հայկական դիրքերը լքվեն, թուրքերն ամենից առաջ իրենց հաստատությունները պիտի թալանեն, գգվում էին դաշնակցական կռվողներին` ամեն օր ուղարկելով նրանց մեծ առատությամբ հաց, միս, գինի, ծխախոտ եւ այլ նյութեր։ Դաշնակցական շտաբը հրամաններ եւ կարգադրություններ էր արձակում, որոնց անպայման ենթարկվում էր ամբողջ հայ ազգաբնակչությունը։ Փոխարքայական պալատը երկրորդական դիրք էր ստանում։

Առաջին անգամն էր, որ ես դժբախտություն էի ունենում գտնվելու հայ-թուրքական կռիվների դաշտում։ Զարհուրելի էր այն հոգեբանությունը, որ ստեղծվեց փոխադարձ հրացանաձգության առաջին իսկ վայրկյանից։ «Արյան ծարավից փոթորկված գազանային կրքեր»` սա՛ է ընդհանուր վերնագիրն այդ հոգեբանության, եւ նրա մեջ կարող են զետեղվել ամեն տեսակ հրեշավոր մանրամասնություններ։ Ճիշտ է, ամեն մի պատերազմական դաշտ է այդպիսին լինում, եւ շատ լավ է մեր ժողովուրդը նկատել, որ «կռվի մեջ չամիչ չեն բաժանում», բայց այլ է պրոֆեսիոնալ սպանողների, պատերազմի համար հատուկ խնամքով մարզվող թնդանոթային մսի գազանացումը եւ այլ է, երբ այդ դրության մեջ ընկնողը խաղաղ քաղաքացին է, աշխատանքի եւ քրտինքի մարդը։ Ի՜նչ զարհուրանքով ես իմացա, որ կռիվների հենց առաջին օրը հայերը մորթել էին 5 թե 10 խեղճ ու անմեղ պարսիկ բանվորի։ Նույն օրն էր, թե մյուս օրը ես վերադառնում էի տուն։ Մեր տան երկրորդ հարկում ապրում էր մի հույն ընտանիք, որ ոչ հույների հետ խոսում էր թուրքերեն։ Այդ ընտանիքի պառավ տատը պատշգամբում մեկի հետ թուրքերեն էր խոսում։ Երկու երիտասարդներ էին անցնում այդ միջոցին, ինչպես երեւում էր` կռվողներից։

Նրանք զայրացած կանգ առան, վեր նայեցին։ «Այստեղ թուրքեր են ապրում», – ասացին։ Ես զգացի, թե ինչ պիտի լիներ այնուհետեւ եւ մոտենալով, ասացի նրանց. «Այն պառավը թուրք չէ, հույն է»։ Երիտասարդները նայեցին ինձ տարակուսանքով։ Լավ է, որ ինձ ճանաչեցին։ «Դուք ասում եք, պրն Լեո, հավատում ենք Ձեզ, թեեւ մի քիչ դժվարությամբ։ Թող ձեր գլխին ղուրբան լինի»։ Ու նրանք գնացին` երկար մաուզերները կողքերից կախած։ Դժվարությամբ բարձրացա սանդուղքներով։ Սիրտս խեղդում էր զարհուրանքի զգացումը։ Այս ի՜նչ օրեր են, այս ի՜նչ ժամանակներ։ Եվ մա՞րդ ենք մենք։ Եվ այդ դառնության մեջ, որով համակվել էր ողջ էությունս, փոքրիկ ճրագի պես առկայծում էր այն գիտակցումը, որ եթե ոչ մի ամբողջ ընտանիքի, գոնե մի առույգ ու հաղթանդամ պառավի կյանք եմ ազատել։

 

Եվ ահա այսպիսի հոգեբանության մեջ, երբ ամենքն ուզում էին սպանել եւ ամենքը վախենում էին սպանվելուց, միանգամայն բնական էր դառնում այն մեծ դիրքը, այն փառքը, որ ստանում էր դաշնակցական շտաբը։ Դա գործողի, վճռական ոգու փառքն էր։ Վորոնցով-Դաշկովն իր գեղեցիկ մայրաքաղաքում էլ չկարողացավ բյուրոկրատիկ գլուխկորցրածությունից ավելի մի բան ցույց տալ։ Իր ձեռքն առնել դրությունը նա չուզեց, եւ նրա բազմաթիվ գեներալներն ու զորքերն անգործության էին մատնված, չեզոք հանդիսատեսներ էին` նստած իրենց զորանոցներում։ Իսկ այնտեղ` դիրքերում, անընդհատ հրացանաձգություն էր, կյանքի եւ մահվան կռիվ։ Եվ, ուրեմն, էլի Դաշնակցությունն էր հայ ազգի փրկիչը։ Նրան էլ, ուրեմն, ամեն փառք ու պատիվ։ 10-20 զինվոր ունեցող մի խմբապետ` հայի համար Վորոնցով-Դաշկովի յուրաքանչյուր գեներալից լավ էր։ Այսպես էր դրությունն արտաքուստ։ Կառավարական ծրագիրը մի անգամ եւս, փոխանակ հաջողվելու, բոլորովին հակառակ հետեւանքներ էր տալիս։ Ուզում էին ոչնչացնել Դաշնակցությանը, ընդհակառակը` ավելի եւս բարձրացրին, ուժ ու հեղինակություն շատ ու շատ տվին նրան։

Ես գործածեցի «գլուխկորցրածություն» բառը։ Ավելացնեմ, որ այդ աղվեսային գլուխկորցրածություն էր։ Վորոնցով-Դաշկովի կառավարությունն իհարկե այն մտքով չէր հայ-թուրքական արյունահեղություն մտցրել Թիֆլիսի փողոցներում, որպեսզի իր զորքերի եռանդուն շարժումներով այն իսկույն եւեթ դադարեցներ։ Սկզբից եւեթ բանն այնպես էր դրվել, որ մարդկանց կոտորել տան, գյուղեր ու քաղաքներ այրեն ու ոչնչացնեն եւ այս բանից օգուտներ քաղեն։ Այսպես պիտի լիներ եւ Թիֆլիսում։ Հինգ-վեց օր տեւեց հրացանաձգությունը, որին հետեւեցին մի շարք հրդեհներ։ Եվ արյան ու կրակի այս ծովը փռվեց փոխարքայի առջեւ իբրեւ հենք, որի վրա կարելի էր շահավետ ձեռնարկումներ կառուցել։

Թիֆլիսի ընդհարումների սկզբից փոխարքան մի քայլ արեց, որ զարմացրեց ամենքին։ Նա դիմեց վրաց սոցիալ-դեմոկրատների կուսակցությանը եւ առաջարկեց նրան խաղաղարարի դեր հանձն առնել։ Բանվորական կուսակցությունն անտարբեր չէր մնացել դեպի ժողովրդական այն մեծ դժբախտությունը, որ ներկայացել էր հայ-թուրքական կռիվների կերպարանքով։ Թիֆլիսում բարձրացած հրացանաձգությունը զայրույթի եւ ահազանգի արձագանքներ էր տալիս երկաթուղու գլխավոր արհեստանոցների շչակի երկարատեւ սուլոցների մեջ, որոնցով բանվորները կանչվում էին վերջ դնելու նոր սկսված եղեռնին։ Կայացավ միտինգ, որ պահանջեց գործադուլ հայտարարելով դադարեցնել անմիտ արյունահեղությունը։ Կազմվեց թափոր, որ սպիտակ դրոշակներով ուղեւորվեց պատերազմի դաշտ դարձած թաղերով դեպի Նավթլուղ` հրավիրելով կռվող կողմերին գնալ այնտեղ` հաշտության եւ եղբայրության միտինգին մասնակցելու համար։ Բանվորների հետ մեն-մենակ, ոտքով գնում էր եւ Թիֆլիսի նահանգապետ Րաուշը։ Երբ միտինգը վերջանում էր, երբ բոլոր ճառախոսներն անխնա դատապարտել, անարգանքի սյունին էին գամել կառավարությանը` ասելով, որ նա է հանդիսանում հայ-թուրքական պատերազմի միակ պատճառը եւ դրդիչը, նահանգապետը ձայն խնդրեց նախագահից եւ առաջ դուրս գալով ասաց, թե ահա ինքը բանվորների ձեռքին է, թող այստեղ իսկ պատառ-պատառ անեն, բայց ինքը հայտարարում է, որ իր համար ամենքը` հայ, թուրք, վրացի եւ ռուս հավասար են, ամենքն էլ կատարյալ իրավատեր քաղաքացիներ։ Այս էլ հեղափոխական ժամանակի մի նոր հոյակապ տեսարան էր` նահանգապետը բանվորների մեջ, նրանց առջեւ խոնարհ գլուխ իջեցրած։

Բայց նահանգապետից ավելի փոխարքան էր խտացնում այդ նոր տեսարանի գույները։ Ստանալով վրաց սոցիալ-դեմոկրատիայի համաձայնությունը հայ-թուրքական կռվի մեջ չեզոք խաղաղարար միջնորդի դեր կատարելու մասին` Վորոնցով-Դաշկովը կատարեց եւ նրա առաջարկած պայմանը. նա պետական պահեստներից բաց թողեց նրան [սոցիալ-դեմոկրատիային] 500 բերդան հրացան։ Եվ զինված այդ զենքերով` բանվորները դուրս եկան փողոցները` կարգ եւ խաղաղություն պահպանելու համար։ Նրանք կրծքի վրա կրում էին իրենց պաշտոնը երեւութականացնող սպիտակ գույնի ժապավեններ եւ գրավեցին այն բոլոր փողոցները, որոնք պատերազմական դաշտի շրջանում էին գտնվում թե՛ հայոց եւ թե՛ թուրքաց թաղերի կողմից։ Նրանք էին, որ թուրքերին կառքերով փոխադրում էին քաղաքի կենտրոնը եւ ուրիշ թաղեր, ուր նրանք գործեր ունեին։

Առաջին անգամն էր, որ բանվորական զինված եւ կազմակերպված ուժը հանդես էր գալիս մեր իրականության մեջ իբրեւ հասարակական կարգի տեր եւ տնօրեն։ Ես ողջունեցի այդ նոր երեւույթը «Մշակի» էջերից։

Այդ ուժն այնքան մեծ չէր, որ կարողանար ճնշման միջոցներով խաղաղեցնել երկու կռվող կողմերին, հաշտության բերել նրանց։ Եվ սակայն Վորոնցով-Դաշկովը կարգադրություն էր արել, որով պաշտպանության համար զենք կրելու իրավունք տրվում էր միայն սոցիալ-դեմոկրատիային։ Այս կարգադրության բուն միտքը շատ լավ էր ըմբռնում սոցիալ-դեմոկրատիան, որը եւ հայտարարեց իր թերթի մեջ, թե դրանով Կովկասի փոխարքան կամենում է խաղ պատրաստել հայերին զինաթափ անելու եւ հիմա էլ հայ-վրացական թշնամություն ստեղծելու համար, ինչպես արդեն ստեղծել էր հայ-թուրքական թշնամություն։ Ուստի, սոցիալ-դեմոկրատիան պահանջում է ոչնչացնել այդ կարգադրությունը, հակառակ դեպքում ինքն ստիպված կլինի հրաժարվել իր ստանձնած դերից։

Խորամանկ ծրագիրը մերկացված էր եւ պետք էր այն թողնել։ Փոխարքային օգնության հասավ նրա զինվորական շտաբը, որ ավելի ազդու ուղղություն էր տվել իր սեւհարյուրակային գործունեությանը։ Սպայակույտը, քննության առնելով իր հրամանատարի կարգադրությունները եւ մանավանդ այն, որ զինվել էր վրաց սոցիալ-դեմոկրատիան, գտավ, որ հասարակական կարգի պահպանությունը բանակի առաջին պարտականությունն է, մինչդեռ բանակը, բոլորովին բարձիթողի է արված այնպիսի մի ժամանակ, երբ անիշխանություն է ամեն տեղ, եւ օրն օրին բազմանում են վերին աստիճանի վտանգավոր հեղափոխական շարժումները։ Այսպիսով զինվորությունը կկորցներ իր նշանակությունը, կդառնար ետ քաշված, գրեթե անպետք մի ուժ։ Ուստի եւ ընդհանուր ժողովը պահանջեց փոխարքայից զինաթափ անել սոցիալ-դեմոկրատներին, հեռացնել ասպարեզից բոլոր գաղտնի ռազմական կազմակերպություններին եւ կանոնավոր կյանքի վերականգնումը հանձնել բանակին։

Եվ իր ձեռքն առնելով կարգի փրկության գործը` շտաբը զորաբաժիններ ուղարկեց հայ-թուրքական ընդհարումների շրջանում դիրքեր գրավելու համար, իսկ սոցիալ-դեմոկրատներից սկսեց հետզհետե խլել արքունի հրացանները։ Վերջին օրերին Բորչալուից զինված թուրքական խմբեր էին մտել Թիֆլիս` առանց արգելքի հանդիպելու ճանապարհները պահող զորքերի կողմից։ Կռիվն այս պատճառով սաստկացել էր։ Համազարկերը շարունակ որոտում էին դժբախտ քաղաքամասի վրա, հրդեհված տները գիշերը տարածում էին իրենց չարագուշակ լուսավառությունը։ Առանձին դիրքեր գրաված զորամասերն իրենց իսկ նախաձեռնությամբ հաճախ միանում էին հայկական դիրքերին` գրավված մանավանդ այն առատ ուտելեղեններով, որ թափում էին դաշնակցականների դիրքերի մեջ քաղաքացի հայերը։ Լավ հյուրասիրվելով հայ զինվորների մոտ` կառավարական զորքերը վերջին օրերին շատ հաճախացրին իրենց կրակը թուրքերի դեմ, որոնց դրությունը կատարելապես անտանելի էր դառնում իրենց նեղ ու փոքրիկ տների մեջ։ Զոհերի թիվն էլ այնքան էր մեծանում, որ նրանք, վերջապես, ըմբռնեցին կռվող կողմ դառնալու անմտությունն այդպիսի հանգամանքների մեջ եւ զենքերը ցած դրին։ Թիֆլիսն ազատվեց մի մայրաքաղաքի համար ամոթալի եւ խայտառակ դրությունից։

Բայց մի՞թե բոլորովին անօգուտ էր անցնում Թիֆլիսի հայ-թուրքական պատերազմը ցարական բյուրոկրատիայի համար։ Ո՛չ, ինչո՞ւ պետք է անօգուտ անցներ։ Զբաղեցնելով վրաց սոցիալ-դեմոկրատներին Շեյթան-բազարում խաղաղեցնողների բավական զիզի-բիզի դերով` Վորոնցով-Դաշկովը պատրաստեց գեներալ Ալիխանով-Ավարսկու187 նվաճողական արշավանքը դեպի արեւմտյան Վրաստան, որ ապստամբել եւ զինաթափ էր արել տեղական ռուս զորքերին` հաստատելով տեղական մանր հանրապետություններ։ Եվ սկսվեց, ճիշտ որ, նվաճում բարբարոսության բոլոր միջոցներով` ջնջելով եւ ոչնչացնելով ամեն ինչ, որ հանդիպում էր ճանապարհին։ Վրաստանը մենակ էր եւ մեկուսացված, նրան կարելի էր ջարդել բոլոր կողմերից։ Ահա՛ հայ-թուրքական կոտորածների պատրաստած մի խոշոր արդյունքը։ Վրաց ինտելիգենցիան եւ հատկապես սոցիալ-դեմոկրատիան նոր միայն տեսավ, թե ինչի համար էր եւ ինչի բերեց կովկասյան ժողովուրդների բաժանումը, որ ցարական քաղաքականության գլխավոր հիմքն էր կազմում տասնյակ տարիներից ի վեր։

Հայ-թուրքական կռիվը Թիֆլիսում, կարծեք, մի քիչ մերձեցում առաջացրեց վրաց սոցիալ-դեմոկրատների (մենշեւիկների) եւ Դաշնակցության միջեւ։ Նրանք համերաշխ էին գործում կռվից հետո Թիֆլիսում դեկտեմբերյան օրերին, երբ հեղափոխությունը կանոնավոր պատերազմ էր մղում կառավարության դեմ գործադուլների եւ տեռորիստական գործողությունների միջոցով։ Բայց համաձայնությունը երկար չտեւեց եւ չէր կարող տեւել, որովհետեւ երկու կազմակերպություններն էլ իրենց էությամբ նացիոնալիստական էին։

176Ռուսերեն՝ «Ռուսաց խոսք»։
177Ռուսերեն՝ «Սա փնջային կրակահերթ է»։
178Ռուսերեն՝ «Հարավային համարներ»։
179Թուրքերեն՝ «տղամարդ աղջիկ». ունի բացասական վերաբերման իմաստ։
180Քամահրաբար՝ «ուկրաինուհի»։
181Նույնանուն փողոց Մոսկվա գետի վտակ Պրեսնյայի ափին, ուր 1905թ. հեղափոխության ժամանակ տեղի են ունեցել արյունալի իրադարձություններ. 1918-ից՝ Կարմիր Պրեսնյա։
182Ռուսներն այսպես են արհամարհական անվանարկում հայերին, ինչպես որ հրեաներին՝ «ջհուդ», ուկրաինացիներին՝ «խոխոլ» եւ այլն։
183Ռուսերեն է, բառացի՝ «Տիկերի ակումբ», այստեղ՝ զբաղմունքի, թեթեւության վայր։
184Ռուսերեն՝ «խռովարարության»։
185Ռուսերեն՝ «խմբակ»։
186Այս վրացի իշխանը Բաքվի նահանգապետ Միխայիլ Նակաշիձեի զարմիկն էր. ինքն էլ իր հերթին հրահրեց Գանձակի ջարդերը եւ ենթարկվեց ահաբեկչության։
187Մաքսուդ Ալիխանով-Ավարսկի (1846-1907) – Ռուսական բանակի ազգությամբ ավար գեներալ։ Հայտնի էր խիզախությամբ եւ ճարպկությամբ։ Նպաստել է թուրքմենական Մերվի՝ Ռուսաստանին միացմանը, մասնակցել է 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմին, 1900թ. չինական արշավանքին, բանակցել է Պարսից շահի հետ։ Եղել է Թիֆլիսի, Քութաիսի ժամանակավոր գեներալ-նահանգապետ։ Հակահայ գործողությունների պատճառով 1907թ. հուլիսի 3-ին Ալեքսանդրապոլում դարձել է Դրոյի եւ դաշնակցական Մարտիրոս Չարուխչյանի ահաբեկչության զոհ։