Za darmo

Անցյալից

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Ե

1905թ. մայիսի սկզբին Թիֆլիս մտավ կոմս Վորոնցով-Դաշկովը162 Կովկասի փոխարքայի պաշտոնով։ Մինչեւ գալը նա Պետերբուրգից իմաց էր տվել Կովկասի ազգերին, թե ինքը տեղական ազգություններին բարյացակամ վերաբերվող, նրանց կարիքներին ու պահանջներին ամենայն ուշադրությամբ ականջ դնող մի կառավարիչ կլինի։ Ուստի եւ խնդրում էր ամենին լինել կարգապահ եւ այսպիսով աջակցել իրեն, որպեսզի ինքը կարողանա ամբողջապես իրականացնել իր բոլոր դիտավորությունները` հօգուտ եւ ի վերաշինություն կովկասյան երկրների։ Հատկապես հայերին կոմսը խոստանում էր վերադարձնել նրանց եկեղեցական կալվածքները եւ վերստին բաց անել նրանց դպրոցները։

Սա մի ահագին նորություն էր ամբողջ Կովկասի համար։ Նոր մարդ, նոր կարգ։ Գոլիցինից հետո այսպիսի լեզու… Երեւում էր, որ ճապոնական գեներալները եւ ամբողջ Ռուսաստանի հեղափոխականացումը խելքի էին բերում Նիկոլային, իհարկե, ժամանակավորապես` մինչեւ փոթորկի անցնելը։ Ալեկոծ Կովկասի հանդարտեցումը ցարը հանձնել էր արքունիքի արարողությունների, ծեսերի, կեղծավոր ձեւերի, շողոքորթությունների ու նուրբ ինտրիգների մեջ մազեր սպիտակացրած այս կոմսին, որ անթիվ ու անհաշիվ հարստությունների տեր էր եւ իր ծերությունը անցկացնելու համար խաղաղ ու շքեղ անկյուն չէր ընտրում, այլ Թիֆլիսի փոխարքայական պալատը` դրդված միայն հին ազնվականի փառասիրությունից։ «Կովկասը, – ասում էին ռուս բյուրոկրատները, – պետք էր նորից նվաճել»։ Եվ նվաճող խոստացավ լինել Վորոնցով-Դաշկովը, բայց ոչ թե զենքով, այլ քաղաքականությամբ։ Միամտություն կլիներ կարծելը, թե ցարի ձեռքի տակ հնարավոր էր, որ նոր փոխարքան տար այն ամենը, ինչ խոստանում էր։ Եվ կատարելու համար չէին խոստումները։ Ռուսական ամբողջ բյուրոկրատիան էր, որ այդ նեղ ժամանակներում ծախու էր հանում էժանագին լիբերալիզմը` իբրեւ խաբելու, շլացնելու պսպղուն պաճուճանք։

Նախեւառաջ նա դեն քշեց գոլիցինյան քաղաքականությունը եւ ժպիտներ շնորհեց հայերին։ Փոխանակ այդ տնտեսապես ուժեղ ժողովրդին հալածանքներով խրտնեցնելու եւ հուսահատ հեղափոխականներին գետնահարկերը քշելու` ավելի լա՞վ չէր թեթեւ, հաճախ կարծեցյալ զիջումներով նվաճել նրան` իր ամբողջ կազմակերպված հեղափոխությամբ հանդերձ։ Եվ իրավ, նրա այս քաղաքականությունն առաջին իսկ քայլից հաջողություն գտավ։ Հայերն իրենց զգացին հովանավորված եւ ոչ թե առաջվա պես պետության եւ բախտի խորթ զավակներ։ Այս հանգամանքը գրգռեց կովկասյան մյուս ազգերի եւ մասնավորապես վրացիների նախանձն ու չարակամությունը։ Բայց սա ավելի եւս լավ։ Սրանով ավելի հեշտ էր իրարից բաժանած դրության մեջ պահել կովկասյան ազգերին, քան արյան ու բոցերի միջոցով կիրառվող բաժանումը։ Վորոնցով-Դաշկովը Գոլիցինից պակաս չէր ըմբռնում, թե ինչ է հարկավոր Ռոմանովներին` մի վատիկանյան ինքնակալություն պահպանելու համար։ Բայց իր նախորդից տարբերվում էր նրանով, որ Գոլիցինը` կոպիտ ու դյուրագրգիռ մի զինվոր, ամեն ինչ անում էր պարզ ու արագ` արջի պես կոխկրտելով, իսկ Վորոնցով-Դաշկովը գործում էր իբրեւ հին ու փորձված աղվես։

Հայերը մեծ ակնկալություն ունեին, թե նոր բարձր պաշտոնակալը կտրուկ միջոցներով եւ անհապաղ վերջ կդնի հայ-թուրքական կռիվներին։ Բայց սխալվում էին. նրանք չէին հասկանում դրությունն ու քաղաքականությունը։ Դեռ փոխարքայության սահմանները չմտած, Նոր Նախիջեւանի եւ Ռոստովի հայերը երկաթուղու կայարանում նրան մի թուղթ ներկայացրին` լցված դառը գանգատներով հայ ժողովրդի իրավազուրկ եւ հալածական դրության մասին։ Բալաջարի163կայարանում Բաքվի հայության կողմից պատվիրակությունը ներկայացավ իբրեւ փետրվարյան կոտորածից աղետված, դառն վշտով լցված, փողոցներից հարյուրավոր անմեղ մարդկանց դիակներ հավաքած մի համայնքի բերան։ Ամեն տեղ եւ ամենքին Վորոնցով-Դաշկովը հուսադրեց, թե հայ-թուրքական կռիվները չեն լինի այլեւս, քանի որ այդպես է կամենում իրեն ուղարկած կայսրը։ Սակայն մնում էր, որ միայն մի քանի օր անցնի, որպեսզի ամենքի համար ակնառու լինի, թե ո՛չ կայսրն է կամենում, ո՛չ էլ նրա փոխանորդ Վորոնցով-Դաշկովը։ Հազիվ մի շաբաթ անցած վերջինիս Թիֆլիս մտնելուց` հայերի մեծ կոտորած տեղի ունեցավ Հին Նախիջեւանում եւ նրա շրջակա գյուղերում։

Իսկ մի քանի օր էլ հետո` երկրորդ անգամ հայ-թուրքական կռիվ սկսվեց Երեւանում։ Հայկական մի պատվիրակություն ներկայացավ փոխարքային եւ խնդրեց վերացնել այդ ժողովրդական դժբախտությունը։ Վորոնցով-Դաշկովը սիրալիր ընդունելություն ցույց տվեց պատվիրակությանը, ասաց, թե իրեն հայտնի է, որ հայերն իբրեւ կուլտուրական մի ժողովուրդ, նախահարձակ չեն լինում, բայց առաջարկեց ներգործել հեղափոխական կոմիտեների վրա, որ նրանք դադարեցնեն իրենց տեռորիստական գործունեությունը։ Այսպիսով, ուրեմն, նոր փոխարքան էլ հայ-թուրքական կռիվներին նայում էր իբրեւ հեղափոխության եւ, իհարկե, գլխավորապես Դաշնակցության դեմ կռվելու միջոցի։ Այս կողմից Կովկասի նոր գլխավոր վարչապետը շարունակում էր իր նախորդի` Գոլիցինի քաղաքականությունը։ Հայ պատվիրակները ստիպված եղան պատասխանել, թե իրենք անկարող են ներգործել կոմիտեների վրա, որոնց գոյությունը գաղտնի է եւ տեղն անհայտ, եւ որոնք, եթե ճիշտ որ խոշոր նշանակություն են ստացել հայ ժողովրդի համար, [ապա] կալվածքների գրավելուց հետո է, որ թողել են իրենց գործունեությունը Թուրքիայում եւ ձեռք են առել ռուսահայերի ազգային շահերի եւ ֆիզիկական գոյության պաշտպանությունը։

Փոխարքան իհարկե շատ լավ գիտեր, որ ներկայացուցիչների հայտարարությունն իրենց անկարողության մասին` բոլորովին անհիմն էր, քանի որ Դաշնակցությունը գործում էր միանգամայն բաց ու ակներեւ, եւ նրան տեսնում էին ամեն տեղ հրամայելիս եւ կարգադրելիս։ Իբրեւ պատասխան այդ ժխտողական պատասխանի, որով հայ բուրժուական ինտելիգենցիան հրաժարվեց աջակցություն ցույց տալ ցարական կառավարությանը, կոմս Վորոնցով-Դաշկովը մի քանի օրից հետո ավելի եւս սիրալիր կերպով ընդունեց թուրքական պատվիրակությանը, որը նրան գրավոր զեկուցում տվեց մահմեդական ազգաբնակչության կարիքների եւ պահանջների մասին, որի երկրորդ մասն ամբողջովին նվիրված էր հայ-թուրքական կռիվներին եւ իր մեջ պարունակում էր խիստ հարձակումներ հայերի եւ, մասնավորապես, հայ ինտելիգենցիայի դեմ։

Այդտեղ բոլորովին ժխտվում էր, թե մահմեդականները որեւէ տեղ նախահարձակ են եղել հայերի վրա եւ ամենայն լրջությամբ եւ հաստատուն շեշտերով հայտարարվում էր, թե մահմեդականները միայն պաշտպանել են իրենց, թե ամբողջ մեղքն ընկնում է հայ կոմիտեների վրա, որոնք գործադրում են ոչ միայն կատարելագործված զենքեր, այլեւ պայթուցիկ ռումբեր, եւ շարունակ տեռորներ են կատարում։

Այստեղ թուրք բեկերն ակամա մատնում էին իրենց` երեւան հանելով իրենց իբրեւ ռուսական ժանդարմերիայի գործակալներ։ Դաշնակցականները, ճիշտ է, տեռորներ կատարում էին, բայց բացառապես պետական պաշտոնյաների վրա։ Այսպես, նրանց ռումբից փողոցի մեջ ոչնչացել էր Բաքվի նահանգապետ Նակաշիձեն, որը փետրվարյան կոտորածի ժամանակ այնքա՜ն աղաղակող օրինակներով ցույց էր տվել, թե ինքը թուրքերի կողմն է, նրանց կազմակերպողը հայերի դեմ։ Բեկերն իրենց պաշտպանության տակ առնելով ռուսական ոստիկանությանը` դրանով իսկ, ինչպես ասացի վերեւում, փակում էին ցարական բյուրոկրատիայի աչքերը` Ստամբուլից իրենց ստացած համաիսլամական ներշնչումներն իրագործելու համար։ Ուրիշ կերպ անկարելի է բացատրել նրանց կատաղի թշնամությունը Դաշնակցության դեմ, որովհետեւ մինչեւ հայ-թուրքական կռիվները Դաշնակցության տեռորն ուղղված էր բացառապես ռուսական չինովնիկության դեմ եւ ոչ մի վնաս չէր տվել թուրքերին։

Վորոնցով-Դաշկովը, նորից կարդալով թուրքական զեկուցումը, հայտարարում է պատվիրակներին, թե ինքը միանգամայն համաձայն է բոլոր կետերի հետ, թե ռուսական իշխանությունները շատ լավ գիտեն հայ-թուրքական կռիվների բուն պատճառը, իսկ ինքը համոզված է, որ թուրքերը ոչ մի տեղ նախահարձակ չեն եղել, որ հայերի կոտորածների մասին լրագրական նկարագրությունները խիստ չափազանցված են եւ այլն։

Այս հայտարարությունները շատ լավ բնորոշում են Կովկասի այս նոր սատրապի աղվեսային դեմքը։ Հայերին ասում էր, թե նրանք սկսողներ չեն. թուրքերին ասում էր, թե նրանք չեն սկսողները, իսկ Նիկոլայ ցարին գրում էր, թե սկսողները տեղ-տեղ թուրքերն են եղել, տեղ-տեղ` հայերը։

Ըստ երեւույթին, այսքանը բավական պիտի լիներ Վորոնցով-Դաշկովին լավապես ճանաչելու եւ նրա նենգավոր քաղաքականությունից պաշտպանվելու համար։ Բայց հայ բուրժուական իրականությունը ե՞րբ է կարողացել քաղաքական հեռատեսություն, շրջահայեցություն եւ նրբամտություն ցույց տալ։ Հենց այս աղետավոր օրերից էր սկսվում այն անպայման վստահությունը դեպի Վորոնցով-Դաշկովի «հայասիրությունը», որ տարիների ընթացքում ուռչելով դարձավ մի ամբողջ պաշտամունք, եւ այդ պաշտամունքն էլ հայ ժողովրդին անհուն աղետների խորխորատը գլորեց։

Դաշնակցության վերաբերմամբ Վորոնցով-Դաշկովի քաղաքականությունը տվեց նույն հետեւանքները, ինչ արդեն տվել էր Գոլիցինի քաղաքականությունը։ Եթե ուզում էին, որ Դաշնակցությունը կորցնի իր նշանակությունը, պիտի ամեն միջոց գործ դնեին, որ վերջանային հայ-թուրքական կռիվները, եւ հայ աշխատավոր ժողովրդի կյանքն ապահովված լիներ։ Բայց համիդյան մտայնությունը չափազանց շատ էր հափշտակել ռուս բյուրոկրատիայի փայտե ուղեղը։ Հայ-թուրքական կռիվները չվերջացան, անցան Գանձակի եւ Թիֆլիսի նահանգներն էլ, եւ մահվան վտանգին մատնված ժողովուրդը հոժարությամբ ինքն իրեն ենթարկեց Դաշնակցության դիկտատուրային։ Ֆիդայությունը դարձավ իդեալ։ Թուրքահայ գաղթականները` անտուն, անտեր, հողազուրկ թափառականներ, մինչեւ պռունկները լցված վրեժխնդրության զգացումով` դաշնակցական խմբերի մեջ խոշոր թիվ էին կազմում եւ այնպիսի խժդժություններ էին կատարում, ուր թուրք ժողովրդի համար սարսափ արտահայտող մի հնչյուն էր դարձել «թաղթաղան» (գաղթական) բառը։

Եվ բոլորովին չի կարելի ասել, թե Վորոնցով-Դաշկովին անհայտ էր այդ հանգամանքը։ Իմ գրադարանում պահվում է նրա առաջին «ամենահպատակ հաշիվը» Նիկոլայ Բ-ին, որի մեջ նա պատմում է, թե ինչպես հայ-թուրքական կռիվները բարձրացնում են դաշնակցականների հեղինակությունը հայ ժողովրդի մեջ, թե ինչպես նրանք կանոնավոր կերպով հարկեր են հավաքում գյուղացիներից, հարկավոր դեպքում նույնիսկ ծախում են նրանց անասունները` զենք գնելու եւ ամենքին զինելու ու զինվորագրելու համար։ Ռուսաց կառավարությանը հայտնի էր դարձել եւ այն հանգամանքը, որ Դաշնակցությունն այլեւս չի բավարարվում հայ ժողովրդի ինքնապաշտպանության գործով, այլ կյանքի ու մահվան պայքար է հայտարարել անդրկովկասյան թրքության դեմ։ Միատարր հայ ազգաբնակչություն ունեցող շրջաններ կազմելու եւ ապագա ինքնավար Հայաստանի հողը պատրաստելու համար Դաշնակցությունը ձեռնարկում է բնաջինջ անելու թուրքերին այնտեղ, ուր նրանք փոքրամասնություն են կազմում։ Եվ իրավ, Լեւոն Աթաբեկյանը, որ հետո միայն թողեց Դաշնակցության շարքերը եւ դարձավ սոցիալիստ-հեղափոխական, 1905-ին Շուշիում սկսված կռիվների գլխավոր ղեկավարներից մեկն էր հայերի կողմից, Թիֆլիսի դաշնակցական կոմիտեի նիստում պարծենում էր, թե իրենք Ղարաբաղում զբաղված են «հայաստանցիներ» ստեղծելով։ Այդ ժամանակներից էր, ուրեմն, սկիզբ առնում դաշնակցական հռչակավոր «մաքրել-սրբելը», որ իդեալ էր դառնում ոչ միայն հասարակ ֆիդայիների, այլեւ՝ ինտելիգենտ գաղափարախոսների համար164

 

Պատերազմը կատաղության ծայրին էր հասնում Ղարաբաղում եւ մանավանդ նրա մայրաքաղաք Շուշիում։ Այս քաղաքի ճակատագիրը շատ տարօրինակ էր։ Թեեւ նա առանձին մի գործոնի դեր չէր կատարում հայ հեղափոխական իրականության մեջ, բայց Գոլիցինի համար դարձել էր աչքի փուշ։ Այդ, որպես թե ամենահայ (եթե կարելի է եւ այսպես ասել) մի կենտրոն էր համարվում, հայ նացիոնալիզմի միջնաբերդ։ Հայտնի էր, որ Գոլիցինը ծրագրել էր քանդել Շուշիի հայկական մասը եւ հայերին գաղթեցնել Սիբիր` այնտեղ բնակեցնելու համար։ Այս վայրենությունը, սակայն, թույլ չտվեց նրան Պետերբուրգը165։ Այն ժամանակ Գոլիցինն ուրիշ ուղղությամբ տարավ գործը։ Հայերին քաջապես սանձահարելու համար Գանձակի նահանգապետ նշանակեց իր նման խելացնոր մի ռուսացնողի` գեներալ Կիրեեւին, որ մաքրեց Շուշին հայ չինովնիկներից` ուղարկելով նրանց ծառայելու Ռուսաստանի խորքերում։ Հայ դպրոցներ առանց այն էլ չկային, մնացել էր 50 տարիներից ի վեր գոյությունը պահպանած թեմական դպրոցը, որ նույնպես փակվեց։

Երբ սկսվեցին հայ-թուրքական կռիվները, Ղարաբաղի հայ եւ թուրք ազգաբնակչության ներկայացուցիչները հավաքվեցին Թիֆլիսում, իրար խոսք տվին ամեն միջոց ձեռք առնել, որպեսզի կոտորածները մուտք չգործեն Ղարաբաղ։ Երկու կողմերն էլ այն համոզմունքին էին, որ կռիվներն առանձնապես կատաղի եւ առանձնապես շատ ավերիչ կլինեն Ղարաբաղում այն հանգամանքի պատճառով, որ տեղի թե՛ հայ եւ թե՛ թուրք ժողովուրդներն աչքի են ընկնում իրենց խիզախ եւ քաջ բնավորությամբ։ Սա շատ ճիշտ էր, եւ մենք` հայ պատվիրակներս, բաժանվեցինք մեր աչքի ընկնող եւ ազդեցիկ հայրենակից բեկերից` գրեթե հավատացած, որ երկու կողմերս էլ ցույց կտանք, թե «վաթան գարդաշի» (հայրենիքի եղբայրակիցներ) էինք։ Եվ իրավ, գրեթե ամբողջ ամառն անցնելու վրա էր, հայ-թուրքական կռիվները ծավալվում էին Երեւանի նահանգի շատ տեղերում, ուրիշ նահանգներում եւս ստանում էին համատարած ժողովրդական դժբախտության կերպարանք, իսկ Ղարաբաղը լուռ եւ հանդարտ էր։

1905թ. օգոստոսի 1-ը ռուսահայ ժողովրդի համար դարձավ մի կատարյալ ազգային տոն։ Այդ օրը հրապարակվեց Նիկոլայի ուկազը, որով հայերին վերադարձվում էին երկու տարի առաջ այնպիսի խայտառակություններով խլված եկեղեցական կալվածքները։ Բացի դրանից` թույլատրվում էր դպրոցներ բացել ավելի լայն իրավունքներով, քան գոյություն ուներ 1884թ. – ից ի վեր։ Չնայած հայ-թուրքական արյունահեղությունների մղձավանջին, չնայած որ հայ աշխատավոր զանգվածն իր սգի մեջ էր նստած` իր կրած անփոխարինելի կորուստների պատճառով, շատ տեղերում աղմկալի ցույցեր էին կատարում ի պատիվ ցարի, եւ հրապարակավ շեշտվում էր մի նոր երեւույթ` եղբայրացում ռուս զորքերի եւ հայերի միջեւ։ Այսպիսի հանդիսավոր ցույցեր տեղի ունեցան, օրինակ, Շուշիում։ Բայց մի երեք ժամ166[174] հազիվ անցած, կոտորածը սկսվեց եւ Շուշիում։ Եվ «հայաստանցիներ» ստեղծող Լեւոն Աթաբեկյանը, տեսնելով, որ թուրքերը զոռ են անում եւ արդեն հայկական քաղաքամասն են խուժում Քոհնա հանգիստարանի167 կողմից, վազում է իրենց տուն եւ հայտարարում, թե իրեն մի ճանապարհ է մնում` ինքնասպանություն գործել։

Իսկույն վեր են կենում, եթե չեմ սխալվում, 1000 ռուբլի են հավաքում, տանում տալիս Շուշիի ռուս զորքերի գլխավորին, որը զինվորներ է հանում եւ հրացանային կրակով ետ մղում թուրքերին։ Բայց հայկական թաղի մի խոշոր մասը` կենտրոնականը` ավելի քան 400-500 տներ այրվում են։ Եվ որ զարմանալին է, այդ հրդեհումների եւ կողոպուտների մեծագույն մասը կատարվում էր հենց իրենց` հայերի քաղաքային եւ գյուղական տականքների ձեռքով։ Առհասարակ գաղափարական տեսակետից չէր կարելի ամբողջ Շուշին համարել դաշնակցական ծուխ։ Այդտեղ շատ կային տարրեր, որոնք հակառակ էին դաշնակցական հախուռն (քյալլագյոզ) գործողություններին, ընդդիմանում էին նրանց գրգռիչ եւ միամիտ վարմունքին։ Բայց ի՞նչ անես. անճարությունը եւ կառավարության կողմից լքվածության վիճակը ստիպում էին, որ դժգոհներն էլ հպատակվեն ֆիդայական դիկտատուրային։

Շուշիի արյունահեղությունը դեռ չվերջացած` նույն օգոստոս ամսին երկրորդ կոտորածը սկսվեց Բաքվի մեջ, ավելի ահավոր չափերով։ Այդ միջոցին Կիսլովոդսկում գտնվող եւ Թիֆլիսից հատուկ հանձնարարությամբ այնտեղ գնացած հայերից մի պավիրակություն ներկայացավ կոմս Վորոնցով-Դաշկովին եւ նրան մի ջերմ շնորհակալական ուղերձ մատուցեց` եկեղեցական կալվածքների եւ դպրոցների վերադարձման առիթով։

Նիկոլայն, ուրեմն, անձնատուր էր եղել հայերին։ Դաշնակցությունն, իհարկե, ամեն տեղ խաչփողանում, ծեծում էր իր կուրծքը եւ ասում, թե դա բացառապես իր հաղթությունն է, թե ինքն է հարկադրել Նիկոլային` չոքել հայ ժողովրդի առջեւ։ Բայց սա, իհարկե, սովորական լոպպազություններից մեկն էր168։ Նիկոլայ Բ-ին ոչ միայն հայության, այլ ամբողջ աշխարհի եւ մանավանդ ռուս ժողովրդի առջեւ չոքեցրել էր ճապոնական մարշալ Օյաման։ Եվ հետո, մեծ դեր էր կատարել այն հանգամանքը, որ Վորոնցով-Դաշկովը Գոլիցինից խելոք էր։ Խելառ հայակերը մի հիմար թեթեւամտությամբ հափշտակել էր հայ ժողովրդի կալվածքներն ու դրամագլուխները` նույնիսկ չկարողանալով հաշվի տակ գցել, թե հափշտակված գույքն ինչ հարստություն պիտի մտցնի պետական գանձարանի մեջ։

Ռուս բյուրոկրատները ֆանտաստիկ պատկերացում ունեին հայ եկեղեցական հարստությունների մասին։ Ես ինքս կարդացել եմ «Новое Время» – ի մեջ, որ ռուս կառավարչական շրջաններում տարածված էր այն համոզումը, թե միայն անգլիական բանկի մեջ հայ հոգեւորականությունն ունի 30 մլն ռուբլի` ոսկով։ Միայն այն ժամանակ, երբ խլվեց ժողովրդական կարողությունը, հաշվի նստեցին եւ տեսան, որ պետությունը ոչ միայն օգուտներ չպիտի ստանա իր հափշտակություններից, այլեւ իրենից մեծ գումարներ պիտի ծախսի կալվածքները եւ դպրոցները պահպանելու համար։ Ազատվել այդպիսի մի «բարիքից»` պետական մի իմաստնություն էր Կովկասի փոխարքայի համար։ Ռուսները մի հիանալի խոսք ունեն. «На тебе, Боже, что мне не гоже»169։

Իսկ թե կառավարությունը երբեք իրեն պարտված չէր համարում Դաշնակցությունից, այդ ապացուցողը հենց այն է, որ նա շարունակում էր իր քաղաքականությունը հայ-թուրքական կոտորածների վերաբերմամբ։ Օգոստոսի 1-ի ուկազով կառավարությունը կարծում էր, թե իր կողմն է գրավում հայ չափավոր տարրերին, որոնք կարող էին եթե ոչ ոչնչացնել, գեթ փոքրացնել ռումբերով եւ տեռորներով գործ տեսնող հեղափոխական կոմիտեներին։ Բայց այդ բանը տեղի չէր ունենում այն պարզ պատճառով, որ Դաշնակցությունն ուժեղ էր զինված եւ իշխանություն էր կազմում։ Ֆիդայիները Զանգեզուրի եւ այլ գավառների գյուղացիների մեջ կատարում էին այնպիսի սանձարձակ բռնություններ, որոնք հիշեցնում էին նրանց նմանօրինակ սխրագործությունները Սալմաստում եւ Թուրքահայաստանում։ Եվ կառավարությունն անժամանակ էր համարում դադարեցնել կռիվը նրանց դեմ թուրքական հրոսակախմբերի միջոցով։

Կիսլովոդսկի հայ պատվիրակությունը, վերջացնելով իր շնորհակալական ցույցերը, ստիպված էր ցավով ու վշտով նորից եւ նորից գալ օրվա արյունոտ մղձավանջին, նկարագրել Բաքվի սարսափները, նավթարդյունաբերության կործանումը եւ, ինչպես միշտ, խնդրում էր օգնել ու փրկել։ Փոխարքան փոխարենը պատասխանեց, թե ինքը Բաքվում շատ զորք ունի եւ հենց այժմ կհեռագրի, որ անկարգությունները ճնշվեն ամենայն խստությամբ։ Երջանիկ ու հանգստացած պատվիրակությունը հրաժեշտ տվեց փառավոր կոմսին, բայց նրա խոսքերը խոսքեր էլ մնացին։

Հայ-թուրքական ընդհարումները դեռ հարկավոր էին ռուս կառավարությանը, շատ էին հարկավոր…

Զ

Այսօր էլ իմ աչքի առջեւ է այն գեղածիծաղ, [բայց] արյունով ողողված` հոկտեմբերի 18-ի օրը` երկրորդը Նիկոլայի մանիֆեստից հետո170։ Թիֆլիսի փողոցները լցված էին զբոսնողներով, շատերի կրծքի վրա արդեն երեւում էին կարմիր ժապավեններ։

Գոլովինսկի պրոսպեկտում, ինչպես ասվում է, ասեղ գցելու տեղ չկար։ Միտինգներ Պետական օպերայի եւ Արտիստիկական ընկերության առջեւ, մեծ համախմբումներ, խոսք ու զրույց։ Մարդիկ այլեւս չեն վախենում։ Ո՞ւր մնաց ցարական Ռուսաստանը։ Ո՛չ, նա դեռ կա։ Նայի՛ր, դրագունների171 գումարտակներն են իրենց չաղ ու ուժեղ ձիերի վրա շրջագայում փողոցներում։ Ճիշտ է, նրանք միայն շրջում են, ոչ ոքի չեն խանգարում, ոչինչ չեն արգելում եւ նույնիսկ ականջի մի ծայրով են լսում միտինգներում բարձրացող շանթալից զայրույթն ու զզվանքը ցարի ու ցարիզմի դեմ, բայց, այնուամենայնիվ, դա ցարի անունը կրող եւ ցարական շնորհներով հղփացած գնդից մի զինվորական ուժ է։ Զարմանալի կապուտակ երկնքի տակ իրար հանդեպ են եկել երկու սկզբունքներ։ Մի կողմը ազատություն որոնող, դարերից ի վեր ազատությունը երազ դարձրած ժողովուրդ, մյուս կողմից` այդ երազը կոպտորեն ջախջախող, ստրկության շղթաներով նրա կոկորդն օղակավորող բռնակալական բանակ։

 

Թեեւ ազատության այդ վաղ արշալույսին կասկածի եւ երկմտության ամեն մի նշույլ հեռու էր վանվում մարդու սրտից ու մտքից, բայց եւ այնպես, դրագունների կարմիր գլխարկներն ինչ-որ չէին համապատասխանում այդ ժողովրդական տոնին, ասում էին ինչ-որ մի բան, որ համենայնդեպս, լավ բան չէր…

Խիտ առ խիտ իրար շփվող խառնվածքների մեջ հանդիպեցի իմ մանկության ընկեր Հովնան Դավթյանին, որ Դաշնակցության գլխավորներից մեկն էր եւ Ժնեւից եկել էր Կովկաս` այստեղ կուսակցական աշխատանքներ կատարելու համար։

– Հիմա ի՞նչ պիտի անեք, Հովնա՛ն։

Նա շատ լավ հասկացավ ինձ։ Ուզում էի ասել, թե Հայոց հարց Ռուսաստանում այլեւս չի մնում, ուրեմն եւ Դաշնակցությունն այստեղ այլեւս անելիք չունի172։ Եվ երբ այսպես է, էլ ինչո՞վ պիտի նա պարապի։

– Դեռ Թուրքահայաստանը մնում է, – պատասխանեց նա իր սովորական անուշ ժպիտով։

Նա, ուրեմն, ընդունում էր, թե Դաշնակցությունը վերջացրել է ռուսահայերի մեջ իր «ազգային» գործը։ Բայց նա սխալվում էր, իր ընկերների հետ դեռ չէր տեսնվել։ Դաշնակցությունը, ինչ խոսք, Թուրքահայաստանը չէր թողնում, բայց բոլորովին միտք չուներ թողնելու նաեւ Ռուսաստանը։ Եվ այստեղ, գոյության մի նոր իրավունք ստեղծելու համար նա մի գիշերվա մեջ դառնում է… սոցիալիստական կուսակցություն։ Կախարդական գավազանի մի հարվածով ամբողջ այդ բազմատարր զանգվածը` բուրժուական ինտելիգենցիա, մանրավաճառներ, խմբապետներ, հայդուկ-ֆիդայիներ, խուժանավարներ եւ այլն եւ այլն, միասին թափվում էին Մարքսի ավազանի մեջ։ Եվ հայ իրականությունը տեր էր դառնում մի տարօրինակ սոցիալիստական կազմակերպության, որի նմանը դուք իզուր կորոնեք սոցիալիզմի պատմության մեջ։

– Լավ, – ասացի ես Հովնանին, – կերպարանափոխվելու եւ երկերեսանի դառնալու ի՞նչ կարիք կա։ Մենք ունենք հայ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, որ իր սոցիալիզմից դուրս ոչինչ փրկություն չի տեսնում մարդկության համար։ Եթե ես ուզենամ հարել սոցիալիզմին, էլ ինչո՞ւ պիտի գամ ձեզ մոտ եւ ոչ թե սոցիալ-դեմոկրատների մոտ։

Հովնանը միայն այն գտավ ասելու, թե հայ սոցիալ-դեմոկրատները շատ են քիչ, շատ են խեղճ ու ժողովրդի մեջ նշանակություն չունեն։

Բայց սա պատասխան չէր։

Ինչեւիցե։ Բանը կատարվել, պրծել էր։ «Կովկասյան նախագիծ»173 անունը կրող մի որոշումով Կովկասի մեջ գտնվող դաշնակցականները, առանց համակուսակցական ընդհանուր ժողովի հաստատման, իրենց հռչակում էին սոցիալիստ։ Ոչինչ անպատեհություն նրանք չէին էլ զգում։ Դաշնակցությունը միշտ էլ, իր ծննդյան ժամից, եղել է սոցիալիստական։ Ապացույց էին բերում առաջին ծրագրի ներածությունը, որ գրել էր «մարքսիստ» Ռոստոմը։ Եվ այսպես, հիմնավորելով իրենց «դարձը»` դաշնակցականները աղանդավորի նոր մոլեգնությամբ սկսեցին ծառայել նոր պաշտամունքին, որ, իհարկե, սիրով, մտքով յուրացված մի վարդապետություն չէր, այլ մի ձեւականություն, որ առանց դժվարության գալիս էր կենակցելու հայդուկային աշխարհայեցության հետ։

Հոկտեմբերի 18-ին եւ հետեւյալ օրերին կայացան բանվորական կուսակցությունների ցույցեր։ Տեսա սոցիալ-դեմոկրատների երթը Վերայի վերելքով դեպի Գոլովինսկի պրոսպեկտ։ Չեմ մոռացել հնչակյանների փոքրիկ թափորը, որի պոչում գնում էին մի վարդապետ եւ ալեզարդ Ղազարոս Աղայանը։ [Հոկտեմբերի] 20-ին դուրս եկան դաշնակցականները` ցույց տալու համար, թե ոչ մի կուսակցություն չի կարող հավասարվել իրենց` իբրեւ խոշոր կազմակերպություն։ Վաղօրոք տեղական լրագրերում հայտարարված էր, թե այդ օրը Դաշնակցությունը փողոց պիտի հանի իր զինվորներից յոթ հազար հոգի։ Ահագին պատրաստություններով երթն սկսվեց Հավլաբարից։ Յոթ հազար զինվորները պարզապես քաղաքային դռնապաններ էին եւ փողոցից հավաքած այլ տեսակի մարդիկ։ Երկար շարքերով, իրար գոտիներից բռնած, նրանք եկան հասան Գոլովինսկի պրոսպեկտ։ Նրանց մեջ կարգ էր պահպանում մի ձիավոր, որ կրում էր կարմիր դրոշակ, եւ այդ դրոշակի վրա նկարված էր Քրիստափոր Միքայելյանի պատկերը. մի հանգամանք, որ ցույց էր տալիս, թե որքան անկեղծ ու ուղղահավատ սոցիալիստներ են այդ նորադարձները։

Գոլովինսկի պրոսպեկտի վրա` Առաջին գիմնազիայի պատից մինչեւ «Փառքի տաճար» թանգարան, չորս կարգ կանգնած էին զորքեր, որոնք այսպիսով փակեցին դեպի փոխարքայական պալատ տանող ճանապարհը։ Դաշնակցական թափորը կանգ առավ այդ շարքերի առջեւ, բայց, իհարկե, ոչ նրանց պատվելու համար։ Դուրս եկան հռետորներ, որոնք դիմադրեցին զինվորներին` հրավիրելով նրանց միանալ հեղափոխությանը եւ տապալել ցարիզմը։ Գերեզմանային լռություն տիրեց զինվորների մեջ։ Իր խիստ ճառերով աչքի ընկավ Թադեւոս Խաշմանյան անունով մեկը` մականվանված Դեւ։ Բարձրանալով մի պատշգամբ` նա սպառնալիքներ որոտաց ցարական Ռուսաստանի դեմ. Վորոնցով-Դաշկովին կախել, Նիկոլայ Բ-ին ոչնչացնել…

Չխնայվեցին նաեւ կանայք, որոնց անունները մեկիկ-մեկիկ շարվեցին քաջ դաշնակցականի դատավճռի մեջ։ Իսկ ներքեւում, փողոցի մեջ, այժմյան Փոքր թատրոնի դիմաց, կանգնած էին դաշնակցական արիստոկրատական շեֆերը, որոնց վրա ծածանվում էին դաշնակցական դրոշակներ։ Դրանց մեջ հիշում եմ Հովհաննես Թումանյանին` մեր վաղամեռիկ բանաստեղծին։ Հիշում եմ եւ նրա արտասանած ճառից հետեւյալ կտորը. «Էս էն դրոշակն ա, որ ծածանվում էր Սասունի գլխին»։ Գուցե հետաքրքրական լինի ավելացնել եւ այն, որ նույն այդ խմբի մեջ էր նաեւ Համբարձում Առաքելյանը174։ Մինչեւ այդ նա գործունյա դեր էր ունեցել դաշնակցական կազմակերպության մեջ եւ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մի կարճ ժամանակով եղել էր [ՀՅԴ] Արեւելյան բյուրոյի վարիչ։ Այս ցույցից հետո էր, որ Համբարձում Առաքելյանը խզեց իր հարաբերությունները Դաշնակցության հետ եւ, այնուհետեւ, մինչեւ իր մահը դարձավ նրա անհաշտ եւ ոխերիմ թշնամին։

«Դաշնակցության ցույցը ամենից լավ հաջողված ցույցն էր», – այսպես էինք գնահատում մենք` մայթերի վրա հավաքված հանդիսատեսներս։ Մարդ շատ էին բերել իրենց հետ, արտաքուստ ուժի ներկայություն էր զգացվում։ Երբ թափորն սկսեց վերադառնալ Բարյատինսկայա փողոցով, փոխարքայի պալատի կողմից առաջ եկավ մի փոքրիկ խումբ՝ զինվորական երաժշտության ուղեկցությամբ, որ տանում էր Նիկոլայ Բ-ի պատկերը։ Ռուս պատրիոտների ցույցն էր։ Մասնակցում էին գլխավորապես զինվորական դպրոցի (Կադետսկի կորպուսի) աշակերտները։ Խումբը շրջապատված էր հեծելազորով։ Սա, ուրեմն, մի հակացույց էր դաշնակցականների դեմ։ Երկու ցույցերն էլ խաղաղ անցան, այնպես որ կարելի էր կարծել, թե նրանք ոչ մի հետք էլ չէին թողնի առօրյայում։

Բայց ոչ։ Հենց այդ օրվանից էր, որ Նիկոլայի սահմանադրությունը, դեռ չծնված, արյունով էր լվացվում նաեւ Կովկասում։ Եվ ամենից առաջ հայի արյունով։

Միեւնույն օրը դաշնակցականները ցույց կազմակերպեցին նաեւ Բաքվում։ Կարմիր դրոշակներով նրանք գնացին թուրքերի թաղը. այն իսկ թուրքերի, որոնց հետ նրանք պատերազմական դրության մեջ էին ամիսներ ի վեր եւ որոնց այսօր կարծում էին, թե նվաճած կլինեն` «ազատություն» կանչելով։ Բայց ուշ էր արդեն այդպիսի հասկացողությունները միության նշանաբան դարձնելը։ Ռուսական ոստիկանությունն արդեն կարողացել էր լավ դաստիարակել թուրքական խուժանին։ Իսկույն կազմ եւ պատրաստ փողոց դուրս եկավ ռուս սեւ հարյուրակը, որի հետ խառն էին մեծ քանակությամբ կազակներ եւ նույնիսկ զինվորներ։ Նրանք հայրենասիրական երթ էին կազմել` տանելով իրենց ցարի նկարը։ Եվ որովհետեւ ամբողջ Ռուսաստանում ոստիկանության դեպարտամենտը կարգադրել էր այդ «բարձրագույն» եւ «օգոստոսափառ» նկարի համար շրջանակ դարձնել այրվող տներ ու արյունոտ դիակներ, ուստի Բաքվում էլ այդ ինքնակալական սրբազան պոգրոմը175 գործադրվում էր թուրքերի աշխատակցությամբ, բայց այն բացառությամբ, որ Ռուսաստանի պոգրոմների զոհերը բացառապես հրեաներն էին, իսկ Բաքվինը` գրեթե բացառապես հայերը։ Հինգ օր տեւեց արնակեր վայրենության այդ խրախճանքը։ Դարձյալ սարսափ, դարձյալ օգնություն կանչող աղաղակներ։ Հրդեհվեցին հայերի խոշոր տները քաղաքի ամենալավ փողոցների վրա, կոտորածն աջ ու ձախ էր գնում։ Եվ դարձյալ զորքերն իրենց չեզոք էին պահում, միայն նայում էին։ Փետրվարին էլ այսպես էր։ Բայց այն ժամանակ գոլիցինյան ռեժիմն էր։ Իսկ այժմ… Վորոնցով-Դաշկովն է, չէ՞ որ ե՛ւ լիբերալ է, ե՛ւ մասնավորապես «հայասեր»…

Թիֆլիսում էլ այդ նույն մարդը արյան բաղնիք պատրաստեց իր այնքան սիրած հայերի համար։ Խաշմանյանի եւ նրա նման ուրիշ վայրահաչների սպառնալիքներից գրգռված` նա ասաց. «Տեսնենք` ինչպես պիտի հայերն ինձ կախեն»։ Եվ մյուս օրը եւեթ նա Թիֆլիսում կազմակերպեց մի հսկայական կառավարական հակացույց։ Այդ օրը ցարի գահակալության օրն էր` հոկտեմբերի 21-ը։ Զորահանդես նշանակվեց, բայց ոչ սովորական չափով. ամբողջ Գոլովինսկի պրոսպեկտի երկու կողմերով` Դվորցովայա փողոցից մինչեւ Օլգինսկայա փողոցի կեսը, խիտ-խիտ կանգնած էին զորքեր։ Դուրս էին բերվել Թիֆլիսի ամբողջ կայազորը, ամբողջ հետեւակազորը` կանոնավոր եւ անկանոն հեծելազորը, բոլոր թնդանոթները։ Սրանք արդեն երեկվա հավլաբարցիները չէին` իրար գոտիներից բռնած մի մարդկային հոտ, այլ իսկական զորքեր էին` իրենց զենքերով եւ բոլոր հանդերձանքներով։ Վորոնցով-Դաշկովը, որ սովորաբար չէր երեւում այսպիսի հանդեսներին, ձի նստած` գնաց զորքերին ողջունելու։ Բայց սրտի մեջ ասում էր հավաքված ահագին բազմությանը, որ լավ իմանան, թե ինքը ինչի տեր է։ Եվ իսկապես, համեմատությունն ինքնըստինքյան էր առաջ գալիս. եւ եթե կար գոնե մի հոգի, որ հավատում էր, թե Դաշնակցությունն իսկ որ միայն Թիֆլիսում ունի 7000 զինվոր, այդ մի հատիկ անուղղելի միամիտն էլ պիտի համոզվեր, որ գտնվել է Դաշնակցությունից էլ ուժեղ մեկը, եւ դա կոմս Վորոնցով-Դաշկովն է։

Օրն այսպես անցավ։ Մյուս օրը, եթե չեմ սխալվում, կիրակի էր։ Նախքան «Մշակի» խմբագրատուն գնալը` ես անցա Գոլովինսկի պրոսպեկտով, կանգ առա Թիֆլիսի ժողովարանի (այն ժամանակ «Մանթաշյանի տուն», այժմ հրդեհված) մոտ։ Մանր խմբերով հավաքված մարդիկ` հայ եւ վրացի, խոսում էին անհանգիստ, վիճում էին գրգռված։ Տիրում էր մի անաղմուկ, բայց խիստ հուզում։ Օդն էլեկտրականացած էր, ամեն մի չնչին կայծ կարող էր ահալի պայթյուն առաջացնել։ Իմ աչքի առջեւ էր, որ կատարվեց հետեւյալ դեպքը։ Առաջին գիմնազիայից դուրս եկան մի խումբ աշակերտներ, որոնք «Մարսելյեզ» երգելով գնում էին դեպի պալատը։ Նրանց առջեւը կտրեց մի սպա` պահանջելով ընդհատել երգը եւ ետ դառնալ։ Հրամանը սաստկացնելու համար բռնեց իր սրից` կիսով չափ դուրս քաշելով պատյանից։ Գիմնազիստները` ստորին դասարանների փոքրիկներ, վախից դես ու դեն փախան։ Բայց զբոսնող հասարակությունը հարձակվեց սպայի վրա, շրջապատեց նրան երեք կողմից եւ այսպես քշեց-տարավ` սեղմելով «Փառքի տաճարի» պատերին։ Սպան տեսնելով, որ իր համար ինքնադատաստան է պատրաստվում, հուսահատությունից մի անօրինակ ճարպկություն ցույց տվեց` ցատկելով բարձր երկաթե վանդակապատի վրայով այն այգին, որ կոչվում է Փոքր կամ Վերին Ալեքսանդրյան այգի։ Այնուհետեւ նրա համար փախչելը հեշտ էր։ Իր կյանքը նա ազատեց։ Բայց խեղճ գիմնազիստներից քանի՞սն ազատվեցին կոտորածից, որ գալիս էր սկսվելու մի քանի ժամ հետո…

162Վորոնցով-Դաշկով Իլարիոն Իվանովիչ (1837-1916) – Կոմս, գեներալ, 1905-15թթ. Կովկասի փոխարքա, նրա օրոք շարունակվեցին հայ-թաթարական ընդհարումները, նրա պնդմամբ 1905թ. վերադարձվեց Հայ եկեղեցուց բռնագրաված գույքը, Ռուսաստանը 1913-14թթ. ստանձնեց Թուրքիայում Հայկական բարենորոգումների անցկացման նախաձեռնությունը, 1914-ից ստեղծվեցին հայկական կամավորական զորամիավորումները։
163Փոքրիկ բանվորական ավան էր Բաքվի մերձակայքում. ներկայումս Բաքվի վարչական տիրույթում է, խոշորագույն երկաթուղային հանգույց է։
164Նմանատիպ միջոց կիրառվում է ոչ միայն պետություն չունեցող, բայց դրա հավակնությունն ունեցող ժողովուրդների կողմից, այլեւ պետականությունների արշալույսին. երկու աշխարհամարտերի միջով անցած Եվրոպայում էթնիկ զտումներ եղան 20-21-րդ դարագլխին՝ Հարավսլավիայում։ Էթնիկ զտումերի բարբարոս եւ կոշտ միջոցին չդիմելու հարցում ներկայումս կարող են պարծենալ միայն այն երկրներն ու ժողովուրդները, որոնք նախապես են արել դա, բայց շրջանցել, միեւնույն է, չեն կարողացել։ Հարավային Կովկասում դրան ականատես եղանք 1990-ականներին, երբ Ադրբեջանից դուրս մղվեցին հայերը, իսկ Հայաստանից՝ ադրբեջանցիները. Վրաստանում՝ տարբեր միջոցներով վրացացման զանգվածային գործընթացը սկսվել է դեռ Վրաստանի Առաջին Հանրապետության ժամանակներից եւ խորհրդային շրջանի սկզբից։
165Դա ռուսական պետությունն իրականացրեց մի փոքր ուշ՝ մահմեդական բնակչության ձեռքով երկու անգամ սոսկալի կոտորածներ սարքելով, որից հետո նույնիսկ վերաբնակեցման կարիք չկար։ Շուշին իր ռազմա-ստրատեգիական դիրքով մշտապես գտնվել է ուշադրության կենտրոնում, այդ մասին շատ դիպուկ է արտահայտվել Կովկաս աքսորված ռուս բարձրաստիճան իշխան, թագուհու սիրեկան Պլատոն Զուբովը՝ իր «Ղարաբաղի աստղագետը կամ Շուշիի բերդի հիմնարկությունը» (Թիֆլիս, 1882, թարգմ.՝ Րաֆֆու) գրքում՝ գրելով. «Նա, ով իշխում է Շուշիին, իշխում է Ղարաբաղին». մի ճշմարտություն, որ նորովի բացահայտվեց խորհրդային իշխանությունների հրահրած եւ վեց տարի տեւած պատերազմի ընթացքում։
166Այս «երեք ժամ», «երեք օր» արտահայտությունները, որպես խաբուսիկ արդարացում, մի տեսակ ճակատագրական են ռուսական քաղաքականության համար. նույնը կրկնվեց ԽՍՀՄ փլուզման նախօրյակին, երբ ընդամենն այդքան իբր ուշանում էին խորհրդային զորքերը՝ Սումգայիթում, Բաքվում, Գանձակում եւ Ադրբեջանի այլ տարածքներում կոտորվող հայ բնակչության կյանքը փրկելու։
167Հին գերեզմանատուն։
168Այսպիսի մոտեցումն օրինաչափ էր հայ հեղափոխականների մտածողության առումով. մի ֆիդայա-դաշնակցական երգում էլ նման տողերի ենք հանդիպում, որ մինչեւ այսօր շարունակում է պատմության խեղաթյուրման արմատավորման դեր կատարել՝ արգելակելով սթափ մտածողությունը. «Դաշնակցությունը հաղթեց սուլթանին, / Նոր արեւ, նոր կյանք պարգեւեց հային». մինչդեռ հայտնի է, որ սուլթան Աբդուլ-Համիդին գահընկեց անելու գործում Դաշնակցությունը միայն կրտսերագույն գործընկերոջ դեր է տարել երիտթուրքական կուսակցության համար, ոչ ավելին։
169Ռուսերեն՝ «Քեզ վերցրու, Աստված, այն, ինչ ինձ պիտանի չէ»։
170Խոսքը Նիկոլայ Բ-ի՝ 1905թ. հոկտեմբերի 17-ի «Պետական կարգի կատարելագործման մասին» մանիֆեստին է վերաբերում, որով արտոնվում էին որոշ ազատություններ։
171Ցարական բանակի հեծյալ զորախմբի զինվոր, որ նաեւ հետեւակային է, վիշապազորի մարտիկ։
172Լեոյի այս գրքի գրության պահին Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին ճիշտ նույնպիսի վերնագրով գործ էր գրել։
173Այս նախագիծը շուտով հանդիսացավ այն գայթաքարը, որ միմյանց բախեց արեւմտահայ եւ արեւելահայ, մարտական խմբերի մեջ եղող եւ մտավորական դաշնակցականներին։
174Հ.Առաքելյանը հետագայում Ազգային բյուրոյի անդամ էր։
175Ռուսերեն՝ «ջարդ», «կոտորած»։