Za darmo

Այինկա

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

– Քանի՞ օխա թյություն վերուցին Մահալլեեն:

– Հարյուր քսան:

– Ո՞ւր է Հակոբոսը:

– Առջևեն կերթա:

Միշտ առջևեն կերթար, մինակուկը ամեն վտանգի դեմ, ձեռքը մեջքի դաշույնին բունին, խորհելով իր եղբոր հետ հավանական հանդիպումին ճամփու մը վրա, ու այս գաղափարին` զգալով կսկիծ մը, սուր ցավ մը, որ սիրտը կը լեցներ, կոկորդեն կը բռներ և շնչահեղձ կըներ զինքը:

Պահ մը կը մտածեր թողուլ այս կյանքը, այս մշտնջենական վտանգի արհեստը, որ հիմա եղբայրասպան հանդիպումներու զարհուրանքով կը լեցվեր, որ իր նշանածը հարս չեղած, զայն այրի թողուլ կսպառնար ամեն վարկյան. և գլուխը կախ կերթար, մոռանալով կարավանը, որ կը հետևեր իրեն, որուն պահպանության հոգը իր պստիկ դաշույնին և իր մեծ սրտին վստահած էին:

Անտառը կը մտներ. ու լուսինն ալ կը խոնարհեր կիջներ իր բարձրութենեն անտառի ծոցը, ծառերուն սաղարթներուն երկարող վտիտ ընձյուղներուն վրա, որոնք իր սկավառակին մեջ կը մեխվեին, կարծես հոն անձնասպան ըլլալու համար նետվելով անտառին սուր ծայրերուն վրա, որոնք զինքը պիտի գիշատեին:

Հեռուն` լեռներեն իջնող ջուր մը երիզուտ ավազանի մը մեջեն վազելով կը խոխոջեր. գորտերը կը կռկռային, խռովելով գիշերվան լռությունը:

Առջի օրվան կորուստին կը խորհեր պահ մըն ալ, կը խորհեր գրավված ծխախոտին, զուր չէին կրցած փախցնել, և միտքը եղբորը կերթար ու ձեռքը` մութին մեջ ուժգին կը սեղմեր դաշույնին կոթը:

Դ

Առջի իրիկվան դեմ Սահակ Պերճուհին տեսավ եկեղեցիեն վար, Մեյտանին մեջ, ու քովը գնաց փախչելու ատեն չթողնելով անոր.

– Սրդողած ես հետս:

– Ե՞ս:

– Բարևս ինչո՞ւ չառիր, բարևը Աստուծո է:

Աղջիկը չխոսեցավ և հեռանալ ուզեց:

– Կեցի°ր, ատեն մը կը սիրեիր զիս, եղբորս հետ չնշանված դեռ, կը հիշե՞ս աղբյուրին քով խոսածներդ:

– Ես եղբորդ նշանածն եմ, մի° խոսիր հետս, ես այինկաճիի աղջիկ եմ:

Սահակ ձեռքը բռնել ուզեց, ու աղջիկը քաշվեցավ ետ:

– Այդչա՞փ գեշ մարդ եմ ես… Եթե գիտնայիր, որ մեկ խոսքովդ սիրտս կբանամ սա դանակով. իմ սերս ամուր է աս երկաթին պես, քուկդ… ծառի մը ոստին պես ամեն դի կը ծռի, պզտիկ եղբորմեն մեծ եղբորը, Սահակեն Հակոբոսին կը դառնա:

Պերճուհի թողուց, որ ձեռքը բռնե. իր առջի բարեկամին ձայնը կը շարժեր զինքը, տեսավ, որ արցունքի կաթիլ մը կը գլորեր անօր արևկեզ այտեն` մրոտած պերևեշտին վրա.

– Ո՞վ ըսավ որ քոլճի ըլլաս:

– Քեզի համար: