Za darmo

Դանթեական առասպել

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Երգ էին ասում, ոռնում էին խուլ,

Հեծկլտում էին, ծիծաղում, շաչում, —

Խինդի էր նման ոռնոցը տխուր,

Լացի էր նման խինդը կարկաչուն, —

Բայց մահո՛ւ նման և՛ ծանըր, և՛ խոր —

Կրծում էր հոգիս ամե՛ն մի հնչյուն։





Եվ դժժում էր իմ ուղեղում բորբոք

Երգը այդ շփոթ, սատանայական,

Դառնում էր հեռու կարոտի մորմոք,

Եվ թվում էր ինձ, որ արդեն չկամ,

Այլ ինչ-որ հեռու երազում մի շոգ

Տարվում է հոգիս անզո՛ր ու անկամ։





Թռչում էի ես, որպես մի ուրու —

Նրանց պես ուրախ խաղում, ցատկոտում:

Եվ հանկարծ նրանց աղմուկը հեռու

Երգ դարձավ անփույթ՝ մանկական խնդում։

Եվ ես հասկացա, որ հեռո՜ւ-հեռուն

Ծո՛վն է շառաչում գիշերվա տոթում։ —





Մանուկներ ուրախ, խլրտուն ու վառ,

Արևի նման կարմրավառ լուսին,

Մեռելներ զվարթ ու խայտանկար —

Պա՛ր էին խաղում, երգում միասին…

Թռչկոտում էին սեթևեթ1 ու չար

Եվ երգում էին Աստղկա մասին…





Խե՛նթ երգում էին, որ Աստղիկը կա՛,

Ապրում է այնտեղ – ջրերի խորքում.

Թո՛ղ բուքը ոռնա՜ աշխարհի վրա —

Իրե՜ն ինչ՝ նա կա՛ – անմահ, անհերքում, —





Եվ մի՛շտ գեղեցիկ ու կույս կմնա

Իր աստվածային, անբուն եզերքում։





Եվ մեռելների շուրջպարն էր թռչում

Լուսնապար, խելառ, տխուր, արնաներկ,

Հնչում էր նրանց երգը կարկաչուն՝

Սատանայական տագնապի մի երգ, —

Ու ցատկում էին խավարի միջում

Մարմինները մառ, սրունքները մերկ…





Ու ձուլված իրար սեր, ցնորք ու մահ,

Լուսնապար ծովի երգով օրորուն —

Ուղեղիս բորբոք կտավի վրա

Թանձրացան նրանք ու անցան հեռուն, —

Եվ խավարն իջավ աչքերիս վրա

Եվ ո՛ղջը կորավ աներազ նիրհում…



VI



Մեռած Քաղաքից մենք ճամփա ընկանք

Ճի՛շտ դեպի կռիվ – դեպի ռազմավայր։

Գնում էինք մենք՝ համառ և ուրախ

Կռվելու, կռվով մեռնելու համար։

Նահանջում էր դեռ թշնամին արագ —

Եվ չէինք մենք դեռ հանդիպում իրար։





Թնդանոթները թնդում էին թունդ,

Եվ սրտատրոփ տեսնում էինք մենք,

Թե ինչպես այնտեղ, լեռներում կապույտ

Ավեր է փռում նա, հարված ու վերք,

Ու դառնում են շեն գյուղեր – մոխրակույտ,

Եվ ծուխը կապույտ,