Za darmo

Ժառանգներ

Tekst
0
Recenzje
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

Զ

– Ա՛յ մարդ, էս ի՞նչ է քու արածը, էս ի՞նչ ճանապարհ ես բռնել, գիտե՞ս ուր ես դիմում, – ասում էր վշտալի սրտով մի գիշեր անկողնում Անթառամը յուր ամուսին Քյալաշին:

– Դու ձայնդ կտրիր, այդ քու գործը չէ, տղամարդու գործին խառնվելը երկար մազ ունեցողներին չէ մնացել:

– Ախար դու էդ գայլին ինչի՞ բերի՜ր տունդ կոխեցիր, քանի մեկ նա իր ավազակներով ուտե, խմե, կոտրե, թափե էս տան մեջ: Հորս կտակը ոտքի տակ գցեցիր. ժամ և ուսումնարան շինելու համար չտվի՜ր էն հողը, որտեղ այժմ ավազակը իրեն համար սարայ է շինում: Էդ էլ հերիք չէ, էսօր վեր ես առել և տասը օրավար հող էլ ես բաշխում… Ո՞ւմ հողը ո՞ւմն ես տալիս… Գյուղերը քանդեց, դատարկեց, մարզիկը կոտորեց յուր շինելիք մի բրիշակ դառնալու սարայի համար, այժմ էլ թշվառի բերանից պատառն է խլում: Քանի՞ մեկ անեծք ու նզովք պիտի կարդա քու գլխին գյուղ ու գավառը, քանի մեկ քու պատճառով գերեզմանի մեջ անգամ հորս խաղաղությունը պիտի վրդովվի, էս ի՛նչ սև օրի թողիր դու ինձ, ո՜չ տանից դուրս կարող եմ գալ, ո՜չ մի դրկիցի տուն մտնել, ո՜չ էլ երկնավոր թագավորին մի խնդրվածք անելու համար աղոթարանի դուռը գնալ:

– Զահլա մի՜ տանիլ, դու ի՞նչ գիտես իմ միտքս, ես իմ կարողության թշնամին խո չե՞մ, որ ցրիվ տամ ունեցածս:

– Ա՛յ մարդ, էդ սառած օձը մի տաքացնիլ կրծքիդ վրա, դա զորանալու պես ամենից առաջ քեզ կխայթե, ամենից առաջ քու սիրտը կծակե… Դրա գալուց հետո քունս ու դադարումս կտրվել է, աչքերը աչքերիս հառելիս ողջ մարմնով սոսկում եմ, գիշեր չի լինում, որ գեշ-գեշ երազները քունս չխռովեն…

– Դեռ շա՛տ ես զահլա տանելու, շնթռկի՜ր, թո՜ղ քնեմ, հերիք լեզվիդ տաս:

– Ա՛խ, էս ի՞նչ սև օրը մնացինք, մարդ էլ ձեռքով յուր ոչխարի հոտը գայլին պահ տա…

– Ձայնդ կտրե, թե չէ հիմի քեզ ոտքիս տակը կգցեմ, խաշիլ կշինեմ… Ձա՜յնդ, ձա՜յնդ, թող քիչ հանգստանամ…

– Օ՛ֆ, համբերությունս կտրվեց, սիրտս տրաքվում է, գլուխս խոստուկից բժժել է, ես էս համառ, ամբարտավան մարդու ձեռքում քանի՞ մեկ պիտի տանջվիմ: Անխի՜ղճ, անհոգի՜, մի՞թե կարելի է Մատոյի տղի՝ Մինասի, հախից գալու համար ամբողջ գեղը-գավառը կրակին դնել ու խորովել, հինգ-տասը մարդու պատժելու համար հազար տան ծուխը կտրել: Թեմրանցիներին խոնարհեցնելու համար ողջ գավառը սգացնել: Ինչի՞դ էր պետք քեհյայությունը:

– Աղջի՜, ձայնդ կտրի՜ր, կնի՜կ, ինձ մի կատաղեցնիլ, ես գիտեմ, քու սատկելիքդ մոտեցել է, մի ինձ ստիպիլ քեզ վրա ձեռք բարձրացնելու…

– Քեզ պես անխիղճ մարդու հետ ապրելուց, չապրելը հազար անգամ ավելի բարի է:

– Լռի՜ր, սատկի՜ր, դո՜ւրս կորիր, ձայնդ էլ ականջիս չհասնի, – ասելով բարձրացավ պառկած տեղից Քյալաշը և մի քանի հարվածներ տալով, հրելով դուրս արավ սենյակից Անթառամին: Բայց ինքն էլ գիշերը հանգիստ քուն չունեցավ:

Անթառամը նույն գիշերը գնաց աղջկա՝ Աննմանի կողքին ընկավ, քնեցավ մինչև, արևագալը:

Առավոտ վաղ Մամո բեգը յուր նախաճաշը կատարելուց և ղայֆան խմելուց հետո Անթառամին կանչել տվեց յուր մոտ: Քյալաշը նստած էր բեգի դիմաց, բազմոցի գլխին, օջախի ձախ կողմը:

– Անթառա՜մ խաթուն, – ասաց Մամոն հրամայական ձայնով, – մեր սարայը վերջանալու մոտ է, մեկ-երկու ամսից կգնանք այնտեղ և քեզ էլ նեղությունից կազատենք: Բայց մինչև սենյակների պատրաստելը, ես քեզ վրա մի պարտք եմ ուզում դնել, նախ խոստացիր, որ կկատարես:

Անթառամը գլխով նշան արավ, իբր թե լսում էր բեգի հրամանները:

– Ջահել տղերքը խոստացան սարայիս ընդունարանի համար մի մեծ թաղիք թափելու, դու էլ գեղի հարս-աղջիկները հավաքիր և մի այնպիսի խալի պատրաստիր, որ ամբողջ սենյակի հատակը ծածկե: Շատ մեծ չէ, երկայնությունը տասներեք արշին, լայնությունը յոթ արշին: Բայց այնպես գեղեցիկ բան պիտի լինի, որ վալիի սարայում էլ նմանը չգտնվի: Ուշացնելու չէ, պիտի այս շաբաթ սկսես, որ ժամանակին հասնի:

Անթառամը չգիտեր ի՞նչ պատասխան տալ անօրենին: Նա յուր որդու` Արտաշի, ականջում ասաց, որ բեգին հայտնի, թէ շուտով գյուղացիք յայլա էին գնալու, այդ բանը հետաձգելու էր մինչև ձմեռ: Իսկ Քյալաշը որդու խոսքը ընդմիջեց և կնոջ կողմից խոստացավ բեգին, որ հրամանը անպատճառ ժամանակին կկատարվի: Անթառամը, Քյալաշի սպառնալիքներից ստիպված, հավաքեց յուր շուրջը հարս-աղջիկ և ամառանոցում կաթնային գործերը կատարելուց հետո, մնացյալ ժամանակը զբաղվում էին թելեր մանելով, ներկելով, հինելով և գործելով: Թշվառ կանայք այնքան զբաղված էին, որ մայիսի մեջ երկնքի առատապես շնորհած պարգևը հավաքելու ժամանակ չէին գտնում, որով գոնե կարողանային ձմեռը, մեծ պասին կերակրել իրենց կաթնակերներին:

Սարայը պատրաստ էր, մնում էր միջի զարդարանքը: Աղքատ գյուղացու պատռած ու կեղտոտ փալասներով չէր կարելի զարդարել, թանկագին գորգեր, կերպասներ, բեհեզներ և ոսկեթել դիպակներ էին հարկավոր, այնպիսի կտորներ, որոնց մասին գաղափար անգամ չուներ կոպիտ մշակը: Ջինգյանայի ծակ քսակից երբեք արծաթ, ոսկի չի դուրս գալ մետաքս ու դիպակ գնելու, բայց նա յուր թափառական կյանքում, մեծատան և իշխանական դռներում յուր ապրուստը մուրալիս դրանց մասին կարողանում է գաղափար կազմել: Ո՞ր ջինգյանան չէ հաճոյացել յուր երգերով առատաձեռն աղային կամ նրա տիկնոջը և չէ արժանացել յուր կյանքում հինգ-տասը կիսամաշ կամ մնացած զգեստներով կուրծքն ու ազդրը զարդարելու: Մամոն, որ այնչափ բաց բերաններից չէր, տիրոջ աչքով քննել էր արևելյան իշխանականների ճոխ ապարանքները: Նա ուզում էր նմանիլ Բաղդադի, Շամի, Կահիրեի փարթամ կալվածատերերին:

– Քյալա՜շ քեհյա, ահա ուստա Սեթոն պրծավ գաջի ծեփվածքը, ապակիներն էլ խո՜ ժամկոչի տղան ղալամը ձեռքին գիշեր-ցերեկ նախշում է, բայց ինչպե՞ս անենք միջի սարքը:

– Պետք է երթալ Արզրում և հարկավոր եղած կահ-կարասիները գնել և բերել: Այնտեղ ինչ որ պետք է կգտնես:

– «Կգտնե՜ս», բայց գտնելու համար փող է պետք, առանց փողի ո՞վ ինձ ապրանք բաց կթողնե, այն էլ թանկագին ապրանքներ` մետաքսի, բրդի կտորներ, արծաթյա, ապակյա անոթներ, դրանք նիսիա չեն ծախում:

– Ուղիղ է, դրանց համար կանխիկ և շատ փող է պետք: Տիրեց խորհրդավոր լռություն, երկուսն էլ զբաղված էին փող ճարելու մտքով: Ո՜չ հեշտ էր այնքան փող ճարելը և ո՜չ էլ ձեռքները կշարժվեր այդքան փողը քսակից հանելով, վաճառականին վճարել: Քիչ մտածելուց հետո մի խորհրդավոր ժպիտ երևեցավ Մամոյի ճակատի վրա, և նա ուրախ-ուրախ կանչեց.

– Սուլո՛, Սուլո՛, ձիերը թամքի՜ր, Մատոլին էլ ասա պատրաստվի:

– Ո՞ւր ես մտադիր գնալու, – ասաց Քյալաշը:

– Արզրում կամ Խարբերդ, ձիս ո՜ր ճանապարհը որ բռնե: Հա՜, լավ կլինի, քո քյոհլանը տուր, մի փառավոր կերպով մտնեմ քաղաք, էլի կվերադարձնեմ…

– Քեզ փեշքյաշ, Սուլո՜, գնա՜ թամբիր, – թեև երեսանց, ասաց Քյալաշը, բայց բարկությունից քիչ մնաց սիրտը տրաքեր: Նա յուր սեփական ձին, որին աչքի լսի հետ չէր փոխիլ, որի վրա որդին անգամ չէր բարձրացել, թույլ տար, որ մի մուրացկան, ջինգյանա նստի՞ … բայց արդեն ուշ էր, նժույգի համար չէր կարելի նրա սիրտը կոտրել: Երբ մի ժամ հետո Սամոն յուր ձիավորների հետ սլացավ գնաց, Քյալաշը նրանց ետևից երկար ժամ տնակ դիտելուց հետո ասաց քթի տակ.

– Անոթի գա՜յլ, հերիք չէր որ փորդ կշտացրի, թիկունքիդ և ազդրիդ մերկությունը ծածկեցի, բոբլիկ ոտքերդ տաքացրի, հիմի էլ աչքդ տնկեցիր իմ քյոհլանիս վրա՞:

Հայտնի բան է, այս խոսքերը ոչ միայն չէր լսում Մամոն, այլ մտքովն անգամ չէր անցնում, որ յուր ընթացքով վրդովում էր Քյալաշին: Քուրդը, որ հազիվ նպատակին հասել ու ձեռք էր բերել նժույգը, անընդհատ սանձարձակ մղում էր, մինչև բոլորովին հեռացան Թեմրանի սահմաններից:

– Կոռո՜, Սուլո՜, – ասաց ճանապարհին Մամոն, – երեկվա Եկավեկացվենց քարավանը ո՞ր կողմը գնաց:

– Բալու:

– Հիմա նրանք որտե՞ղ կլինեն:

– Բալվա սահմանը դեռ անցած չեն լինիլ:

– Քշենք, նրանց հասնենք:

Ամեհի երիվարները անդադար արշավելով անցնում էին դաշտեր, սարեր ու ձորեր: Քրդական օբաներում երբեմն-երբեմն իջնելով, թե՜ իրենց և թե՜ անասուններին կերակրում, կշտացնում և, առանց հանգստանալու, դիմում էին իրենց նպատակին:

Ութ օր հետո Մամոն յուր ձիավորներով Մշում յուր ծանոթներին այցելելուց հետո դիմեց Արզրում: Մի ամիս Արզրում մնաց, մինչև որ ոսկերիչներն ապսպրած զանազան անոթները պատրաստեցին և այդ ժամանակամիջոցում Սուլոն և ընկերները քաղաքից Թեմրան էին կրում բեգի գնած զանազան հախճապակյա ամանները, էպինոսի զարդերը, հայելիները, Ղարսից բերել տված նիկելի հեշտաեռները՝ իրենց պարագաներով: Արդուզարդի բոլոր պարագաները գնելուց հետո նա Արզրումից վեր առավ հայտնի հալաջ (драпироещик) ստամբուլցի Յուսուֆ ուստային, դիմեց Թեմրան: Մի ամիս չանցած հալաջը Լիոնի, Դամասկոսի և Լահորի թանկագին կերպասներով և դիպակներով զարդարեց Մամո բեգի դահլիճների և սենյակների բազմոցները, գահավորակները, բազկաթոռները, աթոռները, դռների ու լուսամուտների վարագույրները, և Անթառամի գործած ծաղկուն գորգը սրահի հատակի վրա փռելուց հետո մեծ վարձատրությամբ վերադարձավ իր տունը:

Ամեն բան պատրաստ էր, Մամոն էլ տեղափոխվել էր յուր սարայը, միայն պակասում էր տան դշխուհին. մի տիկին էր պետք, որ կառավարեր այդ ապարանքը: Կեղտոտ, մրոտ Ֆաթիին չարժեր բերել բազմեցնել այդ դղյակում, նա յուր գարշահոտությամբ վաղուց զզվացրել էր բեգին: Իսկ այնպես արժանավոր մեկն էլ չկար, նամանավանդ որ Մամոյի իշխանության տակ գտնված բոլոր գյուղերում հայեր էին բնակվում, իսկ ոչ մի հայ աղջիկ յուր կամքով երբեք չէր զիջանիլ ոչ թե բեգի, այլ սուլթանի հարեմն էլ հարճ գնալ: Լեռնական քրդերի աղջիկներն էլ իրենց ազատությունը չէին փոխի հարեմի ճոխ, բայց ստրկական կյանքի հետ, նրանք հովիվ երիտասարդի աղքատիկ, բայց սիրալիր վրանը, յուր սակավաթիվ խաշներով, հազար անգամ նախապատիվ էին դասում Մամոյի ոսկեզեղուն բանտից:

Մամոն ցանկանում էր մի գեղանի, խելացի և բարձրադիրք տիկին ունենալ, որը կարողանար կառավարել յուր տունը, յուր ներքին ելումուտը, իսկ այնպիսի մի կնոջ մասին խնամություն չէր հանդգնում առաջարկել յուր նախանձորդ, գոռոզ հարևան բեգերին, որոնք իրեն ջինգյանությանը, մուրացկանությանը ականատես էին եղել: Նա պարտավորված էր այս գործի թնջուկն էլ Քյալաշ քեհյային առաջարկել լուծելու, բայց շինգյանայի սրտում մի այնպիսի գաղտնիք կար, որ անկարելի էր պարզել: Դեռ Քյալաշ քեհյայի տանը ապրելիս, մի ինչ-որ միտք ժամերով ջինգյանային զբաղեցնում էր: Ամեն անգամ դռները բացվելիս նրա աչքերը իսկույն ուղղվում էին անցող-դարձողների վրա և միշտ նրա սրտի խորքերից մի ծանր հառաչ էր բարձրանում, որը թեև խորամանկ քուրդը խեղդում էր բերանի մեջ ատամները և շրթունքները սեղմելով, բայց չէր կարողանում բոլորովին ծածկել իրեն շրջապատողներից: Հուսախաբ հայացքը իսկույն մատնում էր նրան և մտածմունքի նյութ դառնում իրեն շրջապատողներին: Իսկ նորաշեն սարայը տեղափոխվելուց հետո նա օրվա մեծ մասը անցկացնում էր պատշգամբում և հայացքը ուղղած դիտում գյուղի անցուդարձը:

Այդ օրերը մի շրջաբերական էր եկել վալիից Մամոյին, Բալուի մոտերքը Սև ջրի ափերում երկու ամիս առաջ կատարված մարդասպանության և ավազակության մասին, որի մեջ հրամայված էր բոլոր ծառայողներին ամեն միջոց գործ դնել ավազակների հետքը գտնելու համար: Վալին այդ ավազակներին գտնողին խոստանում էր ոչ միայն պատվանշան, այլև կանխիկ փող՝ հարյուր ոսկի: Այդ սպանության գործը նույնպես քիչ չէր զբաղեցնում Մամոյին, որը սաստիկ երկյուղի մեջ էր: Երբ այդ մտածմունքները սաստիկ տխրեցնում էին Մամոյին, իսկույն կանչել էր տալիս յուր միակ բարեկամ Քյալաշին, որը յուր խորհուրդներով հուսադրում և ցրում էր նրա տանջող տխուր մտքերը:

 

– Գիտե՞ս ինչ կա, նոր բան եմ իմացել, – ասաց մի օր Քյալաշը Մամոյին ներս մտնելով:

– Ի՞նչ:

– Շատ հետաքրքիր բան:

– Ախար ի՞նչ է պատահել, – ասաց անհամբեր կիսազայրալի դեմքով Մամոն, աչքերը հառելով քեհյալի երեսին և անմռունչ ծծելով չիբուխը:

– Երեկ իրիկուն երկու ձիավոր իջել են Մինասի տունը և այսօր առավոտ ծեգը չծագած ճանապարհ ընկել:

– Որտեղի՞ց են եկել:

– Դերսիմից:

– Դերսիմի՞ց:

– Այո՜, բայց բանը միայն այդքան չէ, գաղտնիքն այն է, որ երբ դուք Արզրում գնացիք, այն օրերը այս մարդիկը դարձյալ մտած են եղել մեր գեղը, մի գիշեր մնալով, այստեղից գնացել են Դերսիմ: Այս բանը այնքան ծածուկ են պահել գյուղում, որ ես այս գաղտնիքը հավիտյան չպիտի լսեի:

– Ովքե՞ր են եղել:

– Ոչ ոք չի իմանում, այն գիշերը քեհյայի օդայում մարդ է եղել, բայց զենքերից և շորերից կարծում են, – որ անպատճառ ուռուսի մարդ են եղել:

– Դերսիմում երկու ամիս ի՞նչ գործ են ունեցել:

– Բանն այդտեղ է: Բայց դու այս մտածիր, թե ինչպե՞ս են մտնում գեղ, ինչպե՞ս դուրս գալիս, որ մարդ չի իմանում: Վալիի գթած ավազակների գործը ե՞րբ է պատահել, ես կարծում…

– Հան… երկու ամիս առաջ, եկել անցել են, ասիր, այդ օրերին մոտ է… կարելի է կասկածել…

– Ախր, ինչպես գրած էր շրջաբերականում, ավազակները սպանել էին վաճառականներին բերդյանի թվանքով, իսկ ուռուսի միջից գալողները ամենքն էլ խո այդ թվանքից ունին: Տարած փողերից մի մասը Դերսիմի բեգերին կտային, որոնք միշտ պատրաստ են ընկերանալ այդպիսի քաջերի հետ:

– Խելքի մոտիկ բան է, – ասաց բեգը, – շատ կարելի է: Պետք է Մինասին կանչել և քննություն անել:

– Այդպես էլ հարկավոր է… Ցտեսություն: Մինասը հիմի յուր ձեռքով կբերե աղջկան քո դուռը, դու քիչ խրոխտա, – ասաց քթի տակ Քյալաշը Մամոյի սարայից դուրս գալով:

– Ուղիղ, լավ է ասած, – մրմնջաց Մամոն Քյալաշի հեռանալուց հետո: – Ո՞վ ուտե եղն ու ճմուռը, ո՞վ գլուխը դեմ տա սուրը:

– Լավ է, այս գործը այդպես կփակենք, կքնացնենք և սրանից հետո ամեն հանցանք կբարդենք սահմանից անցնողների վրա: Թեև վաճառականների ոսկիները մարսված են, բայց և այնպես վնաս չունի, եթե Մինասին էլ բանտի մեջ քիչ ճնճրտացնենք` դժոխքի ճիվաղներին ծիծաղեցնելու համար: Կարելի է գյավուրը վախից աղջկանն էլ ինձ համար մատաղ բերե: Հա՜, հա՜ հա՜, Սուլո՜, Սուլո՜:

– Հրամայե՛, բեգ, – ասելով ներս մտավ Մամոյի ընկերը քմծիծաղով:

– Սուլո՜, գնա գյավուրին կանչե:

– Մինասի՞ն, թե՞ Քյալաշին:

– Մինասին:

Սուլոն սլացավ բարակի նման, տիրոջ որսը բերելու:

– Լա՜վ, ասենք թե Մինասին բռնեցի, բանտարկեցի, տանջեցի, – ասաց մտածելով Մամոն, – ինձ ի՞նչ օգուտ… Ինչ եմ անում նրա աղջիկը, որը կարող է մեկ-երկու ամսից, մեկ-երկու տարուց թառամել, մի՞թե նրա աղջկա նման հազարավորները չկան իմ շուրջը… Ո՞ր գեղից, ո՞ր տանից չեմ կարող փախցնել տասնյակներով այդպիսի դատարկ աղջիկներ: Ինչի՞ս է պետք նախշունը, որ ներկարարի ներկած դռների ու պատերի նման թեև այժմ նախշուն է, բայց ներկը թափվելուց հետո դարձյալ կմնա նույն հասարակ փայտը… Ինձ խանում-խաթուն կին է պետք, սարայի դշխուհի է պետք, ես սիրտս այրող ու լափող Անթառամին կուզեմ… Որ Անթառամն իմս լինի, Թեմրանն էլ խո՜ հավիտյան իմս կլինի, Ամիրխան քեհյայի ունեցած-չունեցածն էլ Անթառամի տիրոջը կլինի… Էլ զահլաս չի տանի Քյալաշը իրեն տեղի-անտեղի նկատողություններով, և էս սարայում, հուրիիս գրկում, ցմահ կվայելեմ երջանիկ օրեր…

Դեռ Մինասը չեկած, քաղաքացի հյուրեր եկան իջան Մամոյի դռան առաջ: Անակնկալ հյուրերը տանտիրոջ զարմանքն ու երկյուղը սաստկացրին իրենց արտասովոր շարժումներով: Քուրդը որքան որ աշխատում էր իրեն սառնասիրտ և անվրդով ցույց տալ, բայց սրտի սաստիկ բաբախումները չէին հնազանդում նրա թույլ կամքին: Չինական ձևերով ամեն տեսակ հարգանքներ տվեց բեգը այդ քաղաքացի պաշտոնյաներին, որոնց շարժումները անթարթ հայացքով դիտում և ամենայն ուշադրությամբ խոսակցությունները լսում էր: Խոսակցություններից պարզվեց, որ եկողը դատախազի օգնականն էր, որը քննիչի հետ քննություն էր կատարելու գավառում: Այս հանգամանքը ավելի շփոթեցրեց Մամոյին, որը վախենում էր, որ չլինի թե կառուցած փառավոր սարայից Արզրումի միջնաբերդի բանտը տեղափոխվի: Քիչ հանգստանալուց հետո դատախազը սկսեց քննությունը:

– Այդ բոլորի մասին ձեզ լիովին տեղեկություն կարող է տալ մեր Քյալաշ քեհյան, – ասաց Մամոն: – Նրան պետք է կանչել: Այս իրիկուն նա ինձ մի գաղտնիք հայտնեց, որը ես արդեն պատրաստվում էի մի առանձին նամակով վալիին հայտնել:

Կանչել տվին Քյալաշին: Վերջինս զանազան զարդարանքներով և յուր նկատողություններով ու կարծիքներով նկարագրեց ձիավորների պատմությունը ականատեսի նման, դատախազի ներկայության քննիչին, որը մեկ-մեկ արձանագրում էր լսածները: Քյալաշը խոսքը ավարտելուն պես Մինասին ներս կանչեցին, որը բոլորովին ապշած մնաց, երբ լսեց յուր հակառակորդի և մերժած խնամու զարհուրելի զրպարտությունը, իսկ արհամարհված խնամին անգութ կերպով պնդեց քննիչի առաջ յուր զրպարտությունները: Մինասը դատապարտյալների դասն անցավ, որին քննիչն ու դատախազը կապկպած ուղարկեցին Արզրումի միջնաբերդի բանտը, մեծապես շնորհակալ լինելով Մամոյից և Քյալաշից, որ կարողացել էին մի այնպիսի կնճռոտ գործ այդպես շուտ պարզել:

Գույժը իսկույն տարածվեց գյուղում և գավառում: Լացի, կոծի, հառաչանքի, ախուվախի ձայնը լսվում էր ամեն կողմից, ամեն մարդ՝ կին, ծեր, երեխա դուրս թափվեցին և արտասուքները աչքերին, վզերը ծռած, սկսեցին դիտել, թե ինչպես շղթայակապ, անարգանքներով, մտրակելով զապթիեները տանում էին իրենց սիրելի քեհյային դեպի քաղաք: Ժամերով կանգնած դիտեցին նրա գնացած ճանապարհը ու հառաչեցին: Նրանցից ոչ ոք չհամարձակվեց մոտենալ, երկու մխիթարական խոսք ասել, քաջալերելու այն անմեղ մշակին, որը կյանքը թշվառներին մխիթարելով էր մաշել:

Դատախազի անունը սարսափ էր սփռել գավառում, նամանավանդ այն ժամանակ, երբ դեռ նոր էր հաստատվել այդ պաշտոնը Քրդահայաստանի գավառներում: Նրանց անսահման իրավունքները առասպելականացնում էին, մինչև անգամ Արզրումի վալին՝ Ֆոսֆոր Մուստաֆա փաշան, մի անգամ ժողովում դատախազների իրավունքների մասին խոսելիս վերջիններին նմանեցրել էր ենիչերիական շրջանի հայթաներին, որոնք դատավորների, փաշաների և կրոնականների վճիռները քանդում, փոխում էին իրենց քմքի համաձայն:

Այս խառնաշփոթությունները վերջացնելուց հետո Մամոն թեմրանցիներից հինգ-տասը ծերեր հավաքեց, որ նոր քեհյա ընտրեն: Գյուղացիք բեգին դուր գալու և չարություններին վերջ տալու հույսով ընտրեցին Քյալաշին, որը նախապես մի քանի ծերերի խոստացել էր ութ-տասն օրից հեռացնել տալ Մամոյին գավառակից:

Այս ընտրությունը թեև բոլորովին Մամոյի քեֆով չէր, բայց առժամանակ ստիպված էր լռելու, մինչև հաջող առիթ ներկայանալը:

Քննիչի և դատախազի օգնականին լավ փեշքյաշներ տալով ճանապարհ դրեց Մամոն, որոնք վերջինիս խոստացան իրենց պատրաստակամությունը` հարկավոր դեպքում ծառայելու:

Քյալաշը, դեռ չհաստատված յուր պաշտոնի մեջ, մի փոքր վեճ ունեցավ Մամոյի հետ: Բեգն առաջարկել էր Քյալաշին յուր աղբյուրի մոտի փոքրիկ մարագն ու ախոռը բնակության համար Սուլոյին տալ: Նորընտիր քեհյան էի գյուղացիների աչքը կապելու և նրանց զայրույթն ու ատելությունը կրկին բորբոքելու համար ուզում էր հակառակվել և չթողնել, որ օձը բուն դնե գյուղի սրտի մեջ: Բայց այդ ընդդիմությունը էժան չնստեց Քյալաշին, նա փափագած պաշտոնում հաստատվելու և Մամոյի սիրտն առնելու համար ստիպվեցավ բաշխելու Սուլոյին ոչ միայն պահանջված կայքերը, այլև մի լուծ եզ և մի սարք արոր: Քյալաշի այս հակառակությունը նոր մտքեր ծնեցրինին Մամոյի գլխում: Նա հեռու տեղերից երկու-երեք աղքատ քուրդ հովվական ընտանիք հրավիրել տվեց իրեն խաշները արածելու և գյուղացիներին ստիպեց, որ դրանց համար էլ տուն շինեն և իրենց հողերից բաժին հանեն վարուցանքի համար: Մամոն էլ Մինասին բանտից ազատելու հույսեր տալով և խոստումներ անելով, նրա եղբայրներից նախապես մի լավ տուն վարձ ստացավ:

Բայց ո՜չ սարայը, ո՜չ նրա ճոխ կահ-կարասիները, ո՜չ ախոռում կապված նժույգները, ո՜չ էլ գյուղական հարս-աղջիկները չէին կարողանում գրավել Մամոյի աչքերը: Նա պատշգամբից անդադար երբեմն դիտում էր թեմրանի շրջապատի ընդարձակ տափերը, Ամիրխան քեհյայի թողած ջրարբի հանդերն ու հանդաստանները, այգիներն ու ջրաղացները, երբեմն էլ աչքերը դարձնում էր նրանց չարդախում բանի-գործի ետևից վազող Անթառամին, որն արշալույսից մինչև կեսգիշեր անդուլ շրջում էր բանանողների գլխին, եփում, թափում, մաքրում, րոպեն զուր չէր կորցնում: Շատ անգամ Մամոն այնքան սնշարժ, անթարթ աչքով նայում էր մի առարկայի վրա, որ տեղն ու տեղը թմրում, մրափում, մնում էր, մինչև որ Սուլոն և ընկերները գալիս, թևն ընկած տանում էին անկողին դնում: Իսկ չիբուխը աֆիոնի փշրանքով ծխած օրերը, ութ-տասը ժամ դիակի նման անշարժ տարածվում էր բազմոցների մեջ և երազներով հյուրի-մելեքների հետ ժամանակն անցկացնում:

Անթառամին ձեռք բերելու և մանավանդ Ամիրխանենց կայքն ու կարողությունը հափշտակելու տենչով վառված, Մամոն գիշեր-ցերեկ մտածում էր մի կերպ Քյալաշի գոյությունը ոչնչացնել, որը յուր նպատակին հասնելու ամենամեծ արգելքն էր կազմում: Նա ամեն օր անզգալի կերպով տանջում էր Քյալաշին, որը թեև սրտի խորքում սաստիկ բորբոքվում էր, բայց դեմքի վրա ծիծաղ ու ժպիտ կեղծելով, անցկացնում էր օրերը, հարմար առիթի սպասելով: Քղիի ղայմաղամը Քյալաշին թեև երկու անգամ խոստացել էր շուտով հեռացնել տալ Մամոյին յուր պաշտոնից, բայց գործը օրեցօր հետաձգում էր, պատվիրելով միանգամայն համբերությամբ տանել ամեն բան, մինչև պատեհ առիթի ներկայանալը: