Za darmo

Պոեմներ, առակներ, հեքիաթներ

Tekst
Oznacz jako przeczytane
Czcionka:Mniejsze АаWiększe Aa

– Բռնեցե՛ք, հա՛, բռնեցե՛ք:



Չարչին փախավ: Է՜ն փախչելն է, որ փախչում է:



Կատուն մտավ, հավանոցից Հավին դուրս բերավ, Աքլորը նստեց Իշուկի վրա, Հավը իր առաջը նստեցրեց, Կոպալի գլխին խփեց Ասեղը և դրեց իր ուսին:



Մյուս ընկերները՝ Կատուն, Շունը, Ուլիկը շրջապատեցին Իշուկին և այնպես մլավելով, հաչելով, մկկալով և զռալով, ծուղ-րու-ղո՛ւ կանչելով, լուսաբացին գյուղ մտան:



Աքլորը Իշուկի վրայից թռավ կտուրը և հպարտ-հպարտ երգեց.





– Ծուղ-րու-ղու-ղու…

Աքլորն եմ,

Մի հավ ունեմ՝ տունն է,

Մի հավ ունեմ՝ բունն է,

Մինն էլ տարել էր չարչին,

Դուռ ու դրկից ժողովեցի,

Մութ գիշերով գնացի,

Չարչուն տան մեջ պատժեցի,

Վառոս տարել էր գերի,

Գնացի ու ետ բերի.

Ծուղ-րու-ղու-ղո՛ւ… Թագվորն եմ,

Ծուղ-րու-ղու-ղո՛ւ… Աքլորն եմ:



ՃՌԻԿԸ

1

Թռչկոտում էր Ճռիկը, թռչկոտում էր ծաղկից ծաղիկ, խոտից խոտ ու ճռի՛կ, ճռի՛կ, ճռճռում:





Անմեղ աղջիկ էր,

Ծաղկի փնջիկ էր,

Սիրտն էր խոսում,

Երգ էր ասում:



Մի օր Ճռիկը մի արծաթ շահանոց գտավ ու ճռի՛կ ճռի՛կ, ճըռճըռաց:



(Օ՜յ, օ՜յ, օ՜յ, էս ի՛նչ բախտ է, էս ի՛նչ գանձ է, էս փողով ես ի՞նչ գնեմ: Կապուտակ ձի առնեմ, հեծնեմ թռչեմ: Չէ՜, չէ՜, ինչպե՞ս ջրեմ, ինչպե՞ս կերակրեմ: Գորգ առնեմ, տակս փռեմ: Չէ՜, չէ՜, ինչպե՞ս մաքրեմ, ինչպե՞ս թափ տամ: Չէ, լավն էն է՝ կարմիր ժապավեն առնեմ, – ասավ Ճռիկն ու ժապավեն առավ: Առավ, կապեց կարմիր ժապավենը, զուգվեց-զարդարվեց, նստեց տան շեմքին, իրեն ցույց տվեց:



2



Եկավ Եզիկը, տեսավ ճռիկին,

– Բարև, քեզ, ճռիկ,

Նազելի աղջիկ,

Եկ ընկերանանք,

Ընկերներ դառնանք:

Ես Եզիկն եմ, հեզիկն եմ,

Պեծիկ, մեծիկ մազիկն եմ:

Ճռիկն ասավ.

– Ես էլ Ճռիկն եմ…

Սիրուն աղջիկ եմ,

Վարդի փնջիկ եմ

Ոսկեզօծ մազիկ,

Կարապի վզիկ,

Մի բուռ կրակ եմ,

Մութ տան ճրագ եմ,

Իմ սիրտն է խոսում,

Ես երգ եմ ասում:

Մի վրաս նայի՝

Գտա մի շահի,

Ժապավեն առա

Ու պեծիկ դառա:

Նա է ընկերս, ով երգել գիտե:

Եզիկը երգեց բառաչելով.

– Մո՛ւ, մո՛ւ, մո՛ւ…

Ես Եզիկն եմ, հեզիկն եմ,

Պեծիկ-մեծիկ մազիկն եմ:

(Է, լա՜վ, լա՜վ:

Եզիկ, հեզիկ,

Պեծիկ-մեծիկ,

Գնա՜, մի բան չե՜ս,

Հերի՜ք բառաչես:



3



Եզիկը գնաց, Իշուկը եկավ:

Եկավ ու ասավ.

– Բարև քեզ, Ճռիկ,

Նազելի աղջիկ,

Եկ ընկերանանք,

Ընկերներ դառնանք:

Ես Իշուկն եմ,

Չոշ-չոշուկն եմ,

Ձենս քնքուշ, երգս անուշ:

Ճռիկն ասավ.

– Ես էլ Ճռիկն եմ,

Սիրուն աղջիկ եմ,

Վարդի փնջիկ եմ,

Ոսկեզօծ մազիկ,

Կարապի վզիկ,

Մի բուռ կրակ եմ,

Մութ տան ճրագ եմ,

Իմ սիրտն է խոսում,

Ես երգ եմ ասում:

Մի վրաս նայի,

Գտա մի շահի,

Ժապավեն առա

Ու պեծիկ դառա,

Նա է ընկերս, ով երգել գիտե:

Իշուկը երգեց խռանչելով.

– Ես Իշուկն եմ,

Չոշ-չոշուկն եմ,

Ձենս քնքուշ,

Երգս անուշ…

(Է, լա՜վ, լա՜վ, Իշուկ,

Ձենդ պահի քեզ,

Դու էլ մի բան չես,

Հերիք խռանչես:



4



Իշուկը գնաց, Փիսիկը եկավ.

Եկավ ու ասավ.

– Բարև քեզ, Ճռի՜կ,

Նազելի աղջիկ,

Եկ ընկերանանք,

Ընկերներ դառնանք:

Ես մլավան Փիսիկն եմ,

Խուճուճ-մուճուճ մազիկն եմ,

Աղաների մուշտակն եմ,

Խանումների չուստակն եմ:

Ճռիկն ասավ.

– Ես էլ Ճռիկն եմ,

Սիրուն աղջիկ եմ,

Վարդի փնջիկ եմ,

Ոսկեզօծ մազիկ,

Կարապի վզիկ,

Մի բուռ կրակ եմ,

Մութ տան ճրագ եմ:

Իմ սիրտն է խոսում,

Ես երգ եմ ասում:

Մի վրաս նայի,

Գտա մի շահի,

Ժապավեն առա

Ու պեծիկ դառա:

Նա է ընկերս՝ ով երգել գիտե:

Փիսիկը երգեց մլավելով.

( Ես մռմռան Փիսիկն եմ,

Խուճուճ-մուճուճ մազիկն եմ…

(Է՜ լա՜վ, լա՜վ, Փիսիկ,

Դու լավը՝ լավն ես,

Բայց լավ կանես,

Որ չմլավես:



5



Փիսիկը գնաց, Մկնիկը եկավ:

Մկնիկը եկավ, բեղերը սրած

Ու վերև ծռած,

Մուշտակը հագին,

Ոլորած ագին,

Աչք է ման ածում,

Պռոշը կծում:

Եկավ ու տեսավ.

– Բարև՜, պայծառիկ,

Ճըռճըռան Ճռիկ,

Աղու – աղունակ,

Ծիտ ու ծիծեռնակ,

Նազանի աղջիկ,

Ալ վարդի փնջիկ,

Եկ ընկերանանք,

Ընկերներ դառնանք:

Ես Մկնիկն եմ, Մկնիկն եմ,

Դաշտի ոսկի ձկնիկն եմ:

Ճռիկն ասավ.

( Ես էլ Ճռիկն եմ,

Սիրուն աղջիկ եմ,

Վարդի փնջիկ եմ,

Ոսկեզօծ մազիկ,

Կարապի վզիկ,

Մի բուռ կրակ եմ,

Մութ տան ճրագ եմ,

Իմ սիրտն է խոսում,

Ես երգ եմ ասում:

Մի վրաս նայի,

Գտա մի շահի,

Ժապավեն առա

Ու պեծիկ դառա:

Նա է ընկերս, ով երգել գիտե:

Մկնիկը երգեց ծըվծըվալով.

– Ես Մկնիկն եմ, Մկնիկն եմ,

Դաշտի շեկլիկ ձկնիկն եմ…

(Է, լա՜վ, լա՜վ, Մկնիկ,

Դու լավ ես երգում,

Ձենդ լսեցի,

Քեզ շատ սիրեցի:

Եկ ընկերանանք,

Ընկերներ դառնանք:



6

Ճռիկի բախտը չբերեց. ճիշտ է, Մկնիկը լավ էր երգում, բայց տանը չէր մնում, որ երգեր, Ճռիկը լսեր:



Շարունակ դուրսն էր, ինչ որ գտնում էր մենակ էր՝ ուտում: Մի անգամ Մկնիկը տուն եկավ, տեսավ, որ Ճռիկի ընկերուհիները հյուր են եկել: Շատ քաղցած էր, դեսուդեն ընկավ, որ մի բան ճանկի. բարձրացավ կճուճի վրա ու ընկավ տաք սպասի մեջ: Ընկավ ու մեռավ: ճռիկը քիչ մնաց խելագարվի: Նստեց ու լաց եղավ ընկերոջ համար.





– Ի՞նչ եմ անում ոսկի մազիկ,

Ոսկի մազիկ, երկար վզիկ:

Թող ես շաղվեմ հում կաթի պես,

Սիրտս սև է սև սաթի պես,

Դարդս ծով է, ճռիկ-ճռիկ:

Ա՛խ, Մուկիկ ջան, վաղամեռիկ,

Ձենդ անուշ, մազդ խուճուճ,

Անտեր մնա էս խոր կճուճ,

Որ քեզ չաներ ճստիկվստիկ,

Ա՜յ իմ ընկեր, պստիկ-մստիկ:



Ու մինչև այսօր ճռիկը ճռռալով լալիս է իր ընկեր Մուկիկի մահը:



ԾԻՏԸ

Ծառի տակին պտեղ անելիս Ծտի ոտը փուշ մտավ: Նա լաց լինելով եկավ, պառավին. ասաց.



– Նանի՜ ջան, նանի՜, ոտս փուշ է մտել, եկ փուշը հանի: Գնամ կոլ անեմ, կոմբոլ անեմ, գլուխս պահեմ, մորս մինուճարն եմ:



Պառավը խղճաց Ծտին, փուշը ոտից հանեց, ճամփու դըրեց:



Ծիտը գնաց կոլ արավ, կոմբոլ արավ, նորից եկավ պառավի մոտ, ճտվտալով ասաց.



– Փշիկս տո՜ւր, փշիկս:



( Փշիկդ գցեցի, թոնիր վառեցի…



( Կամ փշիկ, կամ լոշիկս, – ասաց Ծիտը:



Պառավը մի լոշ հաց բերեց տվեց Ծտին: Ծիտը լոշը վերցընելով գնաց:



Մի տեղ Ծիտը տեսավ, որ հովիվը ծառի տակ նստած կաթ է խմում՝ առանց հացի:



– Ծ՜իվ, ծի՜վ, ծի՜վ, ա՜յ հովիվ, ինչո՞ւ կաթդ անհաց ես ուտում, առ այս հացը բրդիր կաթի մեջ և կեր: Ես գնամ կոլ անեմ, կոմբոլ անեմ, գլուխս պահեմ, – ասաց Ծիտն ու թը՛ռ, թռավ:



Մի քիչ անց՝ Ծիտը նորից եկավ հովվի մոտ ծտվտալով ծի՛վ, ծի՛վ, ծի՛վ, ասաց հովվին.



– Լոշիկս տո՜ւր, լոշիկս:



– Լոշիկդ կերա:



– Կամ լոշիկս, կամ գառնիկս:



Հովիվն իր հոտից մի գառ տվեց Ծտին: Ծիտը վերցրեց գառը և թռավ: Թռավ իջավ մի տան կտրան: Տանտերը իր որդու հարսանիքն էր անում, բայց աղքատ էր. դրա համարէլ հարսանիքին մսացու չուներ: Ծիտը խղճաց և ծլվլոցով ասաց…



– Առ այս գառը, ա՜յ մարդ, հարսանիքիդ մսացու արա. դա էլ ծտիս նվերը՝ հարսիկին: Ես գնամ կոլ անեմ կոմբոլ անեմ, գլուխս պահեմ: Ասաց ու ինքը թը՛ռ, թռավ, գնաց, գառը մսացու մնաց:



Հարսանիքի երկրորդ օրը Ծիտը եկավ տանտիրոջ դուռը կտրեց: Ծի՛վ, ծի՛վ, ծի՛վ:



– Գառնիկս տո՜ւր, գառնիկս:



– Մորթեցինք, կերանք:



– Կամ գառնիկս, կամ հարսիկս…



Տանտիրոջ ճարը որ կտրվեց, վերցրեց հարսին տվեց Ծտին: Ծիտն էլ առավ նորահարսին իր թևերի վրա և թռավ:



Շատ թռավ, քիչ թռավ, շատն ու քիչը ո՞վ գիտե, վերջն իջավ մի աշուղի մոտ՝ սազն ածելիս: Ծի՛վ, ծի՛վ, ծի՛վ…



– Աշուղ ախպեր, առ հարսիկս քեզ: Ես գնամ կոլ անեմ, կոմբոլ անեմ, գլուխս պահեմ:



Երկրորդ օրը Ծիտը եկավ աշուղի մոտ և ծլվլալով ասաց.



– Ծի՛վ, ծի՛վ, ծի՛վ, հարսիկս տո՜ւր, հարսիկս, հարսիկըս տո՜ւր, հարսիկս…



– Տերն եկավ հարսիկին տարավ:



– Կամ հարսիկս, կամ սազիկս, կամ հարսիկս, կամ սագիկս…



Աշուղը սազը տվեց Ծտին: Ծիտն առավ սազը, կախեց իր վզից և այն օրից մինչև հիմա անվերջ սազն ածելով երգում է.





Փշիկը տվի՝ լոշիկ առա,

Լոշիկը տվի՝ գառնիկը առա,

Գառնիկը տվի՝ հարսիկը առա,

Հարսիկը տվի՝ սազիկը առա,

Ծիվ, ծիվ, սազիկը առա

Ու աշուղ դառա:



ՈՒԽՏԱՎՈՐ ԱԳՌԱՎՆ ՈԻ ԱՔԼՈՐԸ

Օրերից մի օր Ագռավն ու Աքլորը խոսքը մեկ արին, որ ուխտ գնան: Նրանք իրենց խոսքի տերն էին, ինչպես ասին, էնպես էլ արին. վեր կացան, ճամփա ընկան ու գնացին: Շատ գնացին, քիչ գնացին, շատ ու քիչը ո՞վ գիտե, ես էլ հետները չէի, որ իմանայի, գնացին, գնացին, մին էլ, ըհը՜, Աղվեսը:



– Էս ի՞նչ բան է, – ասում է Աղվեսը, – դաշտում՝ Աքլո՞ր, հետն էլ Ագռա՞վ: Էս երա՞զ է, թե աչքիս է երևում: Բայց ինչպե՞ս անեմ, որ բռնեմ:



Գլուխը կախեց, տխուր-տրտում գնում էր ու բարձր-բարձր խոսում, էնպես որ՝ ուխտավորները լսեցին:



( Ա՛խ, մեկի աչքը դուրս գա լավ է, քան թե անունը: Մեր աղվեսների անունը վատ է դուրս եկել: Ես էսքան բարի աղվես լինեմ, կյանքիս մեջ ծիտն ի՛նչ է՝ ծտի էլ ձեռք տված չլինեմ ու էսպես վատ անուն ունենա՞մ: Շատ էլ՝ շատ աղվեսներ անպիտան են եղել, ինձ ի՞նչ, ես ի՞նչ մեղավոր եմ: Բա մեղքը չե՞մ, որ ինձ էսքան հալածում են, ոչ ոք չի ուզում ինձ ընկեր դառնալ. մի տես էն ջուխտը ինչպես անուշ-անուշ իրար հետ զրուցում են, երնեկ թե իմանայի՝ ուր են գնում, ընկեր դառնայինք, ջան ասեինք, ջան լսեինք: Ընկեր էլ չդառնայի, էդ բախտը ինձ՝ մեղավորիս ո՞վ է տվել, նրանց ծառան լինեի, ջուր ուզեին՝ ջուր բերեի, կուտ ուզեին՝ կուտ բերեի, հիվանդանային՝ պահեի, պահպանեի, գիշերները անուշ քունս կտրեի, պահապան կանգնեի, մի իմանային, որ աշխարհումս աղվես էլ կա, աղվես էլ:



Էսպես էր ասում ու ոտը կախ գցած, աչքի տակով նայելով՝ կամաց-կամաց գնում էր:



– Էս ի՛նչ բարի Աղվես է,(ասում է Ագռավը:



– Էս ի՛նչ բարի Աղվես է, եկ կանչենք, – ասում է Աքլորը:



( Պարոն Աղվես, պարոն Աղվես, կաց, կաց, գանք հաս նենք:



– Է՜, թե որ չեք վախենում, համեցեք:



Որ եկան հասան, Աղվեսը հարցրեց.



– Ո՞ւր եք գնում էդպես ջուխտ:



– Տա մուրազդ, հեռու ուխտ:



(Էս ի՞նչ բան է, ախր ես էլ եմ գնում, էս ինչ լավ պատահեցինք:



Պարոն Աղվեսը բաց արավ իր անուշ, մեղուշ լեզուն ու սկսեց դեսից դենից խոսել: Գովեց Ագռավին, գովեց Աքլորին ու հետն էլ մտածում էր, ինչպես անի, որ երկուսին էլ միանգամից բռնի. թե մոտենա Ագռավին բռնի, Աքլորը կփախչի, թե Աքլորին բռնի, Ագռավը կթռչի: Էսպես խոսք մեջ գցելով, սրան, նրան գովելով, բերեց իր բնի բերանին կանգնեցրեց ու էսպես սկսեց.

 



– Ագռավ ազի, անհաղթ Աքլոր, խոսք չկա, որ մենք ազիզ եղբայրներ ենք, ես էլ եմ անկեղծ, դու էլ եք անկեղծ: Ինձանից թեև ձեզ խրատ չի հասնի, բայց էլի, ասում է՝ «Մի խելքը լավ է, բայց երկու խելքը լավ է ու լավ»: Ես քանի որ ձեր եղբայրն եմ, չեմ ուզում ձեզ մի փորձանք պատահի: Ա՛յ ասեմ, որ որսորդը բազեներով որսի գա, ձեզ երկուսիդ էլ կբռնի, ես կփախչեմ, կազատվեմ. թե որ որսորդը շուն ունենա հետը, դո՜ւք կազատվեք, ես կբռնվեմ: Ա՜յ ձեզ մի լավ բան ասեմ, եկեք գետնի տակով գնանք, ա՜յ ճամփա, – ցույց տվեց իր բունը: – Այնտեղ ոչ բազե կա, ոչ շուն:



( Լավ ես ասում, պարոն Աղվես, – ասում է Ագռավը:



– Լավ ես ասում, պարոն Աղվես, – ասում է Աքլորը:



Աղվեսն էդ ուխտավորներին տարավ իր բունը:



– Էս ի՛նչ մութն է, ճամփեն չեմ տեսնում, պարոն Աղվես:



– Ջիվան Աքլոր, անհաղթ Աքլոր, եկ մեղքերդ խոստովանի, աչքերդ լույս կտան, ճամփեն կգտնես:



– Ես մեղք չունեմ:



– Ի՞նչ Աքլոր ես, որ մեղք չունես, էլ ինչո՞ւ ես ուխտ գնում. որ մեղքդ ասեմ, քեզ ուտե՞մ, մարսե՞մ:



– Լավ, բայց ես մեղք չունեմ:



– Դե լսիր: Կեսգիշերին, մեջ գիշերին որ վեր ես կենում ու խելքիցդ դուրս կանչում ես՝ ծուղրուղո՛ւ հա ծուղրուղո՛ւ, դու էլ գիտես՝ մի մեծ բանի վրա ես, քո ձենը քո ականջը բա չի՞ ընկնում: Չես թողնում, որ խեղճ ու կրակ բանվոր մարդիկ մի կուշտ քնեն. բա մեծ մեղք չի՞, դեռ լույսը չբացված, դեռ արևը չծագած, տո՜ բաց բերան, նրանց քնահարամ ես անում: Հլա դա գնա ու գա, բա որ ձմեռն էլ բուք-բորանի ես տալիս քարավաններին, սառեցնում թողնում. դա որ մահացու մեղք է: Դե, էն է էլի լույսը որ բացվի, մարդ կիմանա, որ լույս է, վեր կկենա, կգնա իր գործին, էլ քո ծուղրուղուն ինչի՞ս է հարկավոր, – ասաց ու գլուխը մարմնից կիսեց:



– Հիմի դու արի, իմաստուն Ագռավ, արի ու մեղքերդ խոստովանի:



– Ես, ես, պարոն Աղվես, – կռռաց Ագռավը, – Աքլորի պես հո մեղք չունեմ. իրիկունը շուտ եմ քնում, կեսգիշերին, մեջ չեմ կանչում, բանվորների քունը չեմ կտրում, քարավան չեմ սառեցնում, բուք-բորանի բերան չեմ տալիս:



– Ի՛նչ, տո՜ չարագուշակ, սևասիրտ, սևաշոր Ագռավ, որ մեղքդ ասեմ, քեզ ուտե՞մ մարսե՞մ:



( Լավ:



– Լավ օրի մնաս, Աքլորի մոտ գնաս: Դեհ լսիր, ասեմ. ամառը լծած եզան վզին որ վերք է բացվում, տերը բաց է թողնում եզանը, մի երկու շաբաթ արածի, վերքը սազացնի: Բայց դու, անխիղճ Ագռավ, ամառվա էն շոգին, վեր ես գալիս անլեզու, անբերան, վիրավոր անասունի վերքին, հա՜ պտխորում ես, հա՜ վերքը կտցում, հա՜ խորացնում: Խեղճը պոչով է անում, վեր չես գալիս, գլխով է անում՝ վեր չես գալիս, վերքը խորացնում ես, հա՜ խորացնում. վերքն էլ որդնոտում, խեղճ եզանը տալիս սպանում է: Տեսա՞ր ինչ ծանր մեղքի տեր ես, – էսպես ասավ ու Ագռավին էլ Աքլորի օրին գցեց ու սկսեց թռչկոտել, հետն էլ երգել.





– Ագռավիկ սևամազիկ,

Աքլորիկ երկար վզիկ,

Բարակ ճամփով եկաք ջուխտ,

Բողազավանք եկաք ուխտ:

Ա՜խ, ի՛նչ էիք, ի՛նչ չէիք,

Մի ջուխտ էիք, քիչ էիք.

Ջուխտիդ մեղքը իմ վզին,

Հասաք դուք ձեր մուրազին:

Դեհ թռե՜ք, թռե՜ք, թռցնեմ,

Բողազավանք հասցնեմ:



ՊՈԻՃՈԻՐ ՄԿՆԻԿԸ

Պուճուր մկնիկն ասում է Մեծ մկանը՝ խմորը ես անեմ. մեծն ասում է՝ ո՜չ, ես անեմ: Վերջապես Պուճուր մկնիկը զոռում է, խմորն ինքն է անում, բայց ձեռները կոտրատվում՝ մնում են խմորում: Այդ դժբախտությունը տեսնելով՝ Մեծ մուկը սրտապատառ դուրս է վազում, ձեռները խաչում և սկսում է լաց լինել:



Մի Ծիտ, լսելով Մկան լացը, ուզեց իմանալ, թե ինչու է լալիս:



– Ա՛յ Մուկ, – հարցրեց Ծիտը, – ինչո՞ւ ես ձեռներդ խաչել և աղիողորմ լաց լինում:



– Բա չե՞ս ասիլ, ա՜յ Ծիտիկ, – պատասխանում է Մուկը,



– Պուճուր մուկիկը խմորն անելիս ձեռները կոտրեց:



Ծիտը շատ ցավեց, շատ ափսոսեց և սաստիկ ցավից նրա մի աչքը խփվեց, կուրացավ:



Ծտին պատահեց մի Արտուտիկ և հարցրեց.



– Ծիտիկ, աչքդ ինչո՞ւ է փակվել:



– Բա չե՞ս ասիլ, Արտուտիկ, Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները խմորումն են մնացել…Աչքախուփիկ Ծիտիկն եմ:



Արտուտիկի թևերն իսկույն կոտրվեցին: Նա տխուր-տրտում մի թփի տակ ընկած Պուճուր մուկիկի մահն էր սգում:



– Ինչո՞ւ ես լալիս, Արտուտիկ, – հարցրեց նրան Ագռավը:



– Բա չե՞ս ասիլ, Ագռա՜վ ազի, Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում: Աչքխփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ:



Ագռավը հենց որ լսեց Պուճուր մկան դժբախտությանը, իր փետուրները թափեց և տխուր-տրտում մի ծառի վրա նստեց, ղա՛-ղո՛ւ անելով Պուճուր մկնիկի մահը սգաց:



– Ասա ինձ, Ագռա՜վ – հարցրեց Ծառը, – պատճառն ի՞նչ է, որ դու փետուրներդ թափել ես և այդպես ցավալի կռավում ես:



– Բա չե՞ս ասիլ Ծառիկ, Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում, աչքախփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ:



Ծառը հենց որ լսեց Պուճուր մկան դժբախտությունը, իսկույն ճղակոտոր եղավ: Նրա ճյուղերը թափվեցին այն քարի վրա, որն ընկած էր ծառի տակ:



– Ա՜յ Ծառ, քեզ ի՞նչ պատահեց, որ հանկարծ ճղակոտոր եղար, – հարցրեց Քարը:



– Բա չե՞ս ասիլ, – պատասխանեց Ծառը, – Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում: Աչքախփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ:



Քարն իր տեղից թոլ եղավ, գնաց ընկավ Ծովը: Ծովը ուզեց իմանալ Քարի տեղից շարժվելու պատճառը:



– Ինչո՞ւ թոլ եղար քո տեղից, ա՜յ Քար:



– Բա չե՞ս ասիլ, – պասասխանեց Քարը, – ես որ թոլ չլինեմ, ո՞վ լինի: Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում: Աչքախուփիկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ, թոլիկ-մոլիկ Քարիկն եմ: Ծովը ցավից իսկույն արյուն կտրավ: Մի աղջիկ կոտը գլխին դրած աղբը բերեց Ծովը թափելու: Տեսնելով, որ Ծովն արյուն է դառել, խղճահարվեց, ուզեց պատճառն իմանալ:



( Ա՜յ Ծով, քեզ ի՞նչ պատահեց, որ արյուն կտրար:



– Բա չե՞ս ասիլ, սիրուն աղջիկ, Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում: Աչքախփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ, թոլիկ-մոլիկ Քարիկն եմ, արնակոլոլ Ծովիկն եմ:



Լսելով Պուճուր մուկիկին հասած դժբախտությունը, աղջիկը սաստիկ ցավ զգաց, այնպես որ աղբով կոտը կպավ նրա գլխին: Նա լացուկոծով, կոտը գլխին, վերադարձավ տուն:



Տատը, որ ջահրա էր մանում, հարցրեց.



– Ա՜յ աղջի, ինչո՞ւ ես լալիս, ինչպե՞ս պատահեց որ աղբի կոտը գլխիդ կպավ, մնաց:



– Բա չե՞ս ասիլ, տատի, – սկսեց աղջիկը, – ինչ մեծ դժբախտություն է պատահել: Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում: Աչքախփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ, թոլիկ-մոլիկ Քարիկն եմ, արնակոլոլ Ծովիկն եմ, կոտը գլխիս աղջիկն եմ:



Ջահրեն կպավ պառավի կողից: Պառավը լաց լինելով գնաց տերտերի մոտ:



– Բա չե՞ս ասիլ, տեր հա՜յր, – լաց լինելով պատմեց պառավը, – էսպես մի մեծ փորձանք: Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկը ձեռները թողել է խմորում: Աչքախփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ, արնակոլոլ Ծովիկն եմ, կոտը գլխիս աղջիկն եմ, ջահրեն կողքիս պառավիկն եմ:



Տերտերը մեջքը տված դռան՝ լսում էր պառավին և հանկարծ զգաց, որ դուռն էլ իր մեջքին է կպել և պոկ չի գալիս:



Գյուղացիները հավաքվեցին տո՜ւր, հա տո՜ւր տերտերին, որ դուռը մեջքից պոկվի: Այդպես էլ լինում է: Դուռը տերտերի մեջքից է պոկվում, ջահրեն պառավի կողից, կոտն աղջկա գլխից, Ծովը նորից պարզվում, ջուր է դառնում, Քարը գլորվում է իր նախկին տեղը, Ծառի ճյուղերը նորից բուսնում են: Ագռավին նոր-նոր փետուրներ են գալիս, Արտուտը թևերի տեր է դառնում, Ծտի աչքը բացվում է, Պուճուր մկնիկն էլ իր ձեռները ետ է ստանում:



ՓԸՇԿՈ ՆՌՆՈՆ

Մի տղա իր հորից ժառանգություն ստացավ մի կատու: Կատուն դրեց թևի տակն ու գնաց:



Գնաց մտավ մի էնպիսի գյուղ, որ իսկի կատու տեսած չէին: Գնաց ու մի տուն հյուր եղավ:



Տանեցիք, որ կատվին տեսան, սաստիկ վախեցան, ամեն մեկը մի փայտ քաշեց ու կանգնեց, բան է՝ թե կատուն իրենց վրա հարձակվի, պաշտպանվեն:



– Ա՜յ մարդիկ, – ասավ կատվատերը, – չտե՞ս եք, ի՜նչ է, սա հո մարդակեր չէ, որ փայտերը քաշել կանգնել եք, սա ձեզ վնաս չի տա, սա մկների թշնամին է:



Կատուն չեղած տեղը մուկ շատ կլինի: Մկները որ իրենց բներից դուրս եկան, տերը կատվին բաց թողեց: Ծըզծըվոցն ընկավ մկների մեջ:



Լուրը հասավ գյուղամեջ թե՝ հա՛յ, հա՜րայ, եկեք, չտեսած բանը տեսեք:



Գյուղացիք հավաքվեցին էդ տղի գլխին:



– Գազանի անունն ի՞նչ է, – ասին:



– Փշկո-Նռնո է, – պատասխանեց տերը:



(Ինչ էլ որ լինի, մեր անձի շապիկներն էլ կծախենք ու Փշկո-Նռնոն կառնենք, – ասին գյուղացիք ու երկու հարյուր ոսկի տվին կատուն առան:



Կատվին փոխնեփոխ օրական մի տուն հյուր էին տանում:



Էլ ի՛նչ պատիվ, էլ ի՛նչ գառ ու ոչխար մորթել, ի՛նչ սեր ու սերուցք ուտեցնել, կատվի պատիվն եղել էր շահի պատիվը:



Մի օր էլ մի աղքատ պառավ կատվին տուն տարավ: Պառավի ունեցած չունեցածը մի աքլոր էր: Նա մորթեց իր աքլորը, կարմրցրեց, միայն մի պատառ տվեց իր հիվանդ թոռիձեռքը, կուժը դրեց ուսին ու գնաց ջրի: Կատուն մի քանի անգամ ման եկավ երեխի շուրջը, ձեռքերը ճանկռոտեց, արյունի մեջ կորցրեց, մսի կտորը խլեց, փախցրեց: Երեխան ղժվժոցը դրեց, արյունլվա ձեռները քսեց երեսին, քիթ ու մռութն արյունոտեց:



Երբ պառավը ջրից ետ եկավ, տեսավ որ երեխեն արյունի մեջ կորած՝ գետնի վրա թավալ է տալիս, ոտները գետնին է խփում ու ղժվժում: Կատուն էլ ուռած, փքված պոչը մանգաղ է արել, մլավում է, մըռմըռում ու երեխի չորս կողմը ման է գալիս:



Պառավը կուժն ուսից տվեց գետին ու լեղա