Czytaj książkę: «Կայծեր Մաս 1», strona 13

Czcionka:

ԻԸ
ՆՇՈՒՅԼՆԵՐԸ ԵՐԵՎՈՒՄ ԵՆ

Թեև ծերունի որսորդը միշտ ցավակցական արհամարհանքով էր խոսում հայերի մասին, ասելով` թե նրանք հոգով և մարմնով բոլորովին ընկած և սպանված ժողովուրդ են, բայց ես նրա նկատողությունը իրավացի էի գտնում միայն Պարսկաստանի հայերի վերաբերությամբ, այսինքն նրանց, որ բնակվում էին Ատրպատական նահանգում: Ընդհակառակն, Տաճկաստանի հայերը – Տարոնի և Վասպուրականի մեջ – համեմատելով իրանց ատրպատկանցի համազգայինների հետ, բավականին աշխույժ և կենդանի մարդիկ էին:

Դա ուներ իր տեղական և կլիմայական պատճառները:

Ատրպատականի գավառները, բացի լեռնային և անտառապատ Ղարադաղից, մնացածները տափակ երկիրներ էին և ավելի տաք կլիմայով: Երկրագործությունը, որ միակ աղբյուրն էր ժողովրդի ապրուստի, խիստ պինդ կերպով կապել էր բնակիչներին հողի հետ, և հետևաբար շատ նեղ կերպով սեղմել էր նրանց հողատիրոջ – աղաների ճանկերի մեջ:

Աղաների ճնշումն էր հաջորդաբար և տևողական: Մի այսպիսի կեցության մեջ մարդը կորցնում էր իր ազատությունը և նրա հետ իր մտավոր և հոգեկան կենդանությունը: Նա դառնում է կրավորական էակ: Արձակ դաշտը, տափակ երկիրը շինում է նրան ավելի ընտանեկան, ավելի խաղաղասեր, միևնույն ժամանակ երկչոտ: Մինչդեռ լեռը, անտառը պահպանում են մարդու մեջ նրա սկզբնական վայրենությունը և հետևապես նրա սրտի ամրությունը և քաջությունը:

Ստրկությունը սկսվել է և շարունակվել տափակ երկրների վրա և ավելի տաք կլիմայի մեջ: Տափակ երկիրը տալիս է մարդուն տափակ բնավորություն, զարգացնում է նրա մեջ թեքվելու ընդունակությունը: Բայց լեռնային երկրի բնակիչը նույնպես ուղղաձիգ, նույնպես բարձրադիտակ է, որպես իր շրջապատող սեպաձև ժայռերը: Հարթ-հավասար անապատը չէ տալիս փախուստի միջոց և պատսպարան իր նեղյալներին: Մինչդեռ սարերը և անտառները միշտ ունեն իրանց ծոցի մեջ ապահով ապաստարան ապավինողի համար:

Ատրպաաականի գավառները, բոլորած լեռների շղթաներով ընդարձակ հովիտներ էին հարթ-հավասար մակերևույթով: Ժողովուրդը խիստ խորին կերպով արմատ էր գցել երկրի մեջ, նա ուներ հաստատ տուն և բնակություն. նա ուներ այգիներ, պարտեզներ և կայք: Ուր և քշում էին նրան, որքան և հալածում էին, նա դարձյալ չէր բաժանվում իր բնակության տեղից: Նա կանգնած էր միևնույն կետի վրա և համբերում էր իր վիճակի թշվառությանը: Նա համբերում էր, որովհետև նրան դժվար էր բաժանվել մի երկրից, ուր պետք է թողներ իր շատ տարիների աշխատության պտուղը: Նա մեխված էր գետնի հետ, որպես իր տնկած ծառերը, իր շինած տունը և իր ցանած բույսերը, որովհետև նրանց գոյության հետ կապված էր իր կյանքը: Թեև այստեղ ժողովուրդը աշխատում էր մեծ մասամբ աղաների համար, բայց նրանք թողնում էին այնքան, որ մշակը կարողանար շարունակել իր կենդանությունը, որ նրա ձեռքերը կարողանային գործել: Բայց իսպառ խլել մշակից կյանքը, դա աղայի համար ձեռնտու չէր, որպես ձեռնտու չէր նրան սպանել իր աշխատող անասուններին:

Ատրպատականի հայը միշտ երևում էր զինվորված իր երկրագործական գործիքներով. նրա ձեռքում միշտ տեսնվում էր բահ, բրիչ, մանգաղ և անասունները քշելու խարազան: Արյուն թափող և անձնապաշտպանության անոթների մասին նա գաղափար անգամ չուներ: Նա այնքան վախենում էր արյունից, որքան դևից և սատանայից: Տաք կլիման թուլացրել էր նրա ուղեղը, նրա կենսական ուժը: Տափակ երկիրը շինել էր նրան մի անփախչելի որս աղայի ձեռքում: Իսկ հողագործությունը պահպանում էր նրա մեջ անասնական բթամտությունը և եզի համբերությունը:

Տարոնը և Վասպուրականը ավելի լեռնոտ և սառն երկիրներ էին: Շատ տեղ սարերը ծածկված էին անտառներով: Երկարատև ձմեռը, անդադար անձրևները, իսկ տարվա ջերմ եղանակներում երաշտությունը` կացուցանում էին հողը անհարմար ցանքերի համար: Ի բաց առյալ Վանա ծովակի շրջակա ցած երկիրները, և Ասորեստանի սահմանակից հարավային կողմերը, մնացյալ գավառները լեռնային բարձրավանդակներ .էին, որոնք միայն տալիս էին ճոխ մարգեր խաշնարածության համար: Այս պատճառով բնակիչների գլխավոր պարապմունքը անասնապահությունն էր:

Հայերը առավելապես բռնել էին այն տեղերը, ուր կարելի էր և վարուցանքով պարապվել. իսկ այդ չէր կացուցանում նրանց ապրուստի գլխավոր աղբյուրը, նրանք միևնույն ժամանակ և երկրագործ և հովիվներ էին: Ձմեռը անցուցանում էին նրանք գետնափոր խրճիթներում, իրանց գյուղերի մեջ, իսկ տարվա մնացած ամիսները չադրներում, լեռների բարձրավանդակների վրա:

Այստեղ հայերի մի այսպիսի կիսա-չվական և կիսա-հաստատաբնակ կեցությունը տվել էր նրանց բնավորությանը երկակենցաղ կենդանիների հատկություններ: Նրանց գետնափոր խրճիթներն, իրենց ստորերկրյա ոլոր-մոլոր խորշերով, ավելի նման էին սողունների որջին, և դա մտցրել էր բնակիչների մեջ օձի նենգությունը և նրա ոխերիմ չարամտությունը. նա պատրաստ էր խայթել, եթե հարմար միջոց գտներ: Նրանց հովվական չադրները, կազմված լեռների բարձրավանդակների վրա, բազմագոչ ջրվեժների մոտ, շրջապատած հսկայական ժայռերով, որոտի և կայծակի ահեղ սպառնալյաց ներքո, – տվել էին նրանց բնավորությանը ավելի կիսավայրենի և կիսագազանային հատկություններ:

Հովվական կյանքը իր նահապետական պարզության հետ ունի և իր վայրենի կատաղությունը: Մշակական կյանքը իր աշխատասեր հոգու հետ պահպանում է թուլասրտություն և երկչոտություն:

Հայը իր հայրենի լեռների թեև հարազատ, բայց փչացած որդին էր: Քուրդը նրա մտերիմ որդեգիրն էր: Հայը ոչ կատարյալ, երկրագործ էր և ոչ կատարյալ հովիվ: Քուրդը հավատարիմ էր մնացել իր պարապմունքին. նա հոգով և սրտով հովիվ էր, այդ բառի բուն նշանակությամբ: Այս պատճառով նա տիրում էր:

Հովիվները միշտ տիրում են, որպես իրանց հոտերին, նույնպես և մերձավոր ժողովուրդներին: Մարդկության առաջին տիրապետողները եղել են հովիվները: Մեր Հայկ նահապետը նույնպես մի քաջ հովիվ էր:

Տարոնի և Վասպուրականի հայը և հովիվ էր և երկրագործ. նա վարում էր որպես չվական, նույնպես և հաստատաբնակ կյանք: Իր գյուղում, գետնափոր խրճիթների մեջ նա ապրում էր որպես գազանը իր որջում. իր արտերի մեջ նա զինվորված էր բահով և մանգաղով. իր լեռների արոտներում նա զինվորված էր հրացանով և թրով: Այսպիսի երկակենցաղ ապրուստը տվել էր նրան երկերեսանի բնավորություն, – նա միևնույն ժամանակ նվաճյալ ժողովուրդ էր հպատակի բոլոր համբերությամբ, և միևնույն ժամանակ կատաղի ապստամբ էր, եթե միջոցները կնպաստեին նրան:

Այս էր պատճառը, որ Կարոն շատ անգամ ասում էր` «այս ժողովրդից կարելի է մի բան սպասել. նա բոլորովին մեռած չէ. նա մի օր կգցե իր պարանոցեն քրդի լուծը»:

Կարոյի գուշակությունը անհիմն չէր: Շատախի, Սասնո և Մոկաց երկրի հայերը, որոնք իրանց կենցաղավարությամբ չէին զանազանվում քրդերից, բոլորովին ազատ էին և ինքնակա: Նրանք շատ անգամ միանալով քրդերի հետ, թալանում էին այս և այն երկրները. և զարմանալին այն է, որ չէին խնայում մինչև անգամ իրանց ազգայիններին: Սասնո հայը երբեք իր պատյանը չէ դնում մերկացրած խենջարը առանց նրան թաթախելու հակառակորդի արյան մեջ: Նա շատ դժվարությամբ է դուրս քաշում իր սուրը, իսկ երբ սուրը մերկացավ պատյանից, գործը վճռված է. նա պետք է կոտորե:

Այս երկրում, որքան ես նկատում էի, յուրաքանչյուր հայի սիրտը նմանում էր կիսահանգած օջախի, որքան քրքրում ես մոխիրը, նոր և նոր կայծեր էին հայտնվում. մի փոքր վառելու նյութ, մի բորբոք – և ահա բռնկեց կրակը…

Վերքն այնքան վտանգավոր չէ, երբ վիրավորը զգում է նրա ցավը. – դա կենդանության նշան է: Տարոնի և Վաասուրականի հայը իսպառ թմրած չէր, նա իր սրտի մեջ զգում էր վերքերը, հասցրած նրան բռնության կոպիտ ձեռքից: Այս պատճառով նա միշտ սնուցանում էր իր սրտի մեջ վրեժխնդրության դառն թույնը: Ոչ այնքան հայրենասիրությունը, ոչ այնքան անձնասիրությունը դրդում էր նրան դեպի մի այսպիսի միտք, որքան իր եկեղեցու, իր սրբությունների հալածանքը մահմեդական ազգերից: Հայը ամեն բանի համբերում է, ամեն թշվառություն տանում է, բայց նա համբերել չէ կարող, երբ բռնաբարվում է նրա եկեղեցին, նրա միակ սրբարանը: Եկեղեցին հայի կյանքի նպատակն է և նրա բարձրագույն իդեալը:

Կարոն լավ էր հասկացել հայի սրտի այս ամենազգալի կողմը, և նրա տեսությունը Բարդուղիմեոս առաքելո վանքի վանահոր հետ ուներ մի գաղտնի խորհուրդ, որ կապված էր իր նպատակների հետ: Ես այս չէի գիտենալ, եթե մի դեպք առիթ չտար ինձ կիսով չափ տեղեկանալ նրա դիտավորությանը:

Կարոն, որպես հայտնի է մեր ընթերցողին, իր ընկերների հետ գնաց Բարդուղիմեոս առաքելո վանքը, խոստանալով, թե կվերադառնա ոչ ավելի, քան մի օրից հետո: Բայց ահա մի շաբաթ անցավ այն օրից, նրանից ոչինչ լուր չկա: Ծերունի որսորդը այս մասին խիստ անհանգստության մեջ էր, չգիտեր ինչ բան արգելք եղավ նրանց վերադարձին: Մի գիշեր դեռ նոր էր պատել մութը, հայտնվեցավ մի գրաբեր, բոլորովին քրդի ձևով հագնված, նա տվեց ծերունի որսորդին մի նամակ: Ես այն ժամանակ հասկացա, թե նա գիտեր կարդալ: Իմանալով, որ նամակը Կարոյիցն է, նա անհամբեր կերպով սկսեց կարդալ: Ես նստած էի նրա մոտ: Նամակի պարունակության մասին նա ինձ ոչինչ չհայտնեց, կարծես բոլորովին մոռացավ իմ գոյության մասին: Միայն վերջացնելով ընթերցումը, նա իսկույն հրամայեց Մըհեին իր ձին թամքել, և ասաց Մարոյին շուտով իր զենքերը բերե: Այսպիսի երևույթները ծերունի որսորդի տնակում սովորական լինելով, Մարոն ամենայն հանդարտությամբ գնաց հոր զենքերը բերեց, և մինչև անգամ չհարցրուց` հայր, ո՞ւր ես գնում, երբ նա նստեց ձին և բակից դուրս էր գնում: Այդ ժամանակ միայն ծերունին տեսավ ինձ և ասաց.

– Ես կվերադառնամ մի քանի օրից հետո:

Գրաբերը գնաց որսորդի հետ:

Երբ ես մտա սենյակը, Մարոն սովորական ժպիտը երեսին ինձ ասաց.

– Մենք էլի՜ մնացինք մենակ…

Բայց ես այնքան խռովված էի ծերունու անակնկալ հեռանալով, որ ոչինչ չպատասխանեցի Մարոյի ուրախ ժպիտին: Նա, երևի, վիրավորվեցավ իմ սառնասրտությամբ, և մի գեղեցիկ խոժոռ գործելով իր սիրուն երեսի վրա, ասաց.

– Դու չա՜ր մարդ ես, Ֆարհատ:

Մարոն էլ չնայեց իմ վրա, ծիծաղելով սենյակից դուրս վազեց: Ես մնացի միայնակ: Իմ խռովությունը հետզհետե սաստկանում էր: Ծերունի որսորդի վարմունքը չափազանց տանջում էր ինձ, որ նա արժան չհամարեց հաղորդել և ոչ մի բառ Կարոյի նամակի պարունակությունից, լավ գիտցած լինելով, որ ամենայն տեղեկություն նրա մասին որքան իր համար, նույնքան և իմ համար ուրախալի էր: Ինչո՞ւ նա զրկեց ինձ այդ ուրախությունից: Ինչո՞ւ չգիտենալ ինձ, թե ո՞ւր մնաց այն մարդը, որին ոչ միայն հարգում էի ես, այլև սիրում էի:

Մինչ ես այս վրդովմունքի մեջ էի, աչքս դարձրի դեպի այն կողմը, ուր նստած էր ծերունի որսորդը. տեսա մի թուղթ ընկած էր այնտեղ, մոտենում եմ, – նույն նամակը:

Ծերունին սաստիկ շտապելով, մոռացել էր իր հետ վեր առնել նամակը: Իմ ուրախությանը սահման չկար. ես մի քանի րոպե միայն երեխայի հրճվանքով շրջում ու շրջում էի ձեռքումս երկծալ թերթը, որի չորս երեսների վրա սպիտակ տեղ չէր մնացել: Ամբողջապես գրված էր:

Կարոն տեր Թոդիկի դպրոցից փախչելու ժամանակ այնքան չէր սովորած, որ գրել գիտենար: Իսկ այնուհետև ո՞րտեղ ուսել էր նա: Ես առաջ չէի կարդում նամակը, միայն նայում էի նրա վրա: Երևում էր, գրիչը խիստ ճարպիկ և համարձակ կերպով վազել էր տողերի վրա, ուր տառերի յուրաքանչյուր գծերից երևում էր մի հաստատուն ձեռքի ամրություն, որ գիտե տիրապետել գրչին, որպես իր սրին:

Որքան կարդում էի նամակը, այնքան ավելի գրգռվում էր իմ հետաքրքրությունը: Կարոն նույնն էր մնացել իր գրության մեջ, ինչ որ էր իր խոսակցության ժամանակ: Նա խոսում էր խիստ պարզ, առանց գեղաբանության և հասարակ լեզվով: Նրա պարբերությունները շատ կարճ էին, միևնույն ժամանակ հասկանալի և խորախորհուրդ: Իր նամակի մեջ մնացել էր նա միևնույն ոճով: Ինձ առաջին անգամ պատահում էր տեսնել, որ մարդը գրում է այնպես, որպես խոսում են: Բայց ինչո՞ւ իմ վարժապետը չէր գրում այնպես, որպես մարդիկ խոսում են: Նրա գրածն ինձ համար մնում էր միշտ հանելուկ, չէր կարելի հասկանալ, կարելի էր միայն գուշակել, թե ինչ էր ուզում ասել:

Կարոյի նամակի մեջ ևս մի քանի տեղեր մնացին ինձ անբացատրելի. նրանց մթին այլաբանական ձևը, որպես երևում էր, պարունակում էր իր մեջ մի գաղտնիք, որ հայտնի էր միայն այն մարդուն, որի անունով ուղարկված էր նամակը:

Ես կբերեմ մի քանի կտորներ նույն նամակից, որ մինչև այսօր չեմ մոռացել, որ և երբեք մոռանալու չեմ:

«Բարդուղիմեոս առաքելո վանահոր հետ տեսնվեցա: Ես գտա նրան այնպես, որպես հույս ունեի: Ամեն ինչ պատրաստ էր: Այս աբեղային կարելի է կոչել մարդ, որ իր խոսքի տերն է, և ո՛չ վարդապետ: Հազվագյո՜ւտ բացառություն: Մի ամիս առաջ նա սկսել էր ծախել վանքի ավելորդությունքը, որպես պատվիրել էի ես, և գոյացած գումարը բավականացել էր գնելու գործիքներին: Խեղճ գյուղացիներից շատերը սոխ կոտորելու դանակ անգամ չունեին իրանց տանում. այժմ նրա վիճակի մեջ ամեն տղամարդ զենքեր ունե: Բոլորը վանահոր շնորհիվն է: Վանքը կլինի գլխավոր ամրոցը. նրա դիրքը և ամրությունը հարմարություն ունեն այդ կոչմանը: Ինքը վանահայրը կառաջնորդե իր վիճակի հաղբակեցիներին: Հասբիստանու կռվում նա արդեն ցույց տվեց, թե ինքը ընդունակ է այս գործին»:

Հասբիստան կոչվում էր Բարգուղիմեոս առաքելո վանքի մոտ մի դաշտ, ուր քանի տարի առաջ պատահեց մի արյունահեղ կռիվ հայերի և քրդերի մեջ արոտամարգերի սահմանների պատճառով: Քրդերի մի նոր ցեղ, որ գաղթել էր այստեղ Մար-գավառի կողմերից, չէր թողնում հայերին արածացնել իրանց հոտերը: Հասբիստանում, որ սկզբանե հայերի սեփականություն էր: Վեճը վճռվեցավ սրով, և հաղթությունը մնաց հայերի կողմը:

Մի քանի տողերից հետո Կարոն շարունակում էր.

«Վանահոր հետ – դարձյալ Բարդուղիմեոս առաքելո-մեր խորհրդակցությունից երևցավ, որ հակառակ կողմի ուժը ավելի զորավոր է, քան թե մենք կարծում էինք: Երկու եղբայրներ` Օմար և Օսման աղաները, որոնցից յուրաքանչյուրը Ջալալիների ցեղի գլխավորությունը հափշտակելու պատճառով թշնամացել էին, կրկին հաշտվել են: Ջալալիների բաժանված կուսակցությունները միացել են: Շիկակների Մահմոլղ աղան, իր աղջիկը հարսնության տալով Ռավանդների Ղադիր աղայի որդուն, երկու ցեղերի մեջ բարեկամական հարաբերությունները նորից սկսվել են: Մյուս կողմից, Մուքրիների և Մամըքանների մեջ հին թշնամությունը նորոգվել է: Ռաշիդ աղայի կինը, երկար սպասելով, թե իր սպանված ամուսնի եղբայրները չկամեին առնել նրա արյան վրեժը, քանի օր առաջ ծպտյալ հագուստով հանդիպում է իր տղամարդի սպանողին, և ինքը կինը վրեժխնդիր է լինում: Դու գիտես, որ այդ երկու ոսոխները հիշյալ երկու ցեղերի գլխավորներն են»:

Ես զարմանում էի, թե Կարոն ինչո՞ւ է ուրախանում քրդերի զանազան ցեղերի միմյանց հետ թշնամական հարաբերություններ ունենալու մասին, և կամ ինչո՞ւ է տխրում, երբ նրանք հաշտվում են: Բայց վերջին դեպքի մանրամասնություններն իմացա ես հետո: Ռաշիդ աղան Մամըքանների ցեղապետի որդին էր: Նրա իսկական անունն էր Կրպո. կոչվեցավ Ռաշիդ (քաջ) իր զարմանալի քաջագործությունների համար: Նա սպանվեցավ Մուքրիների ցեղապետի որդու նենգությամբ: Ռաշիդի կինը ուխտել էր չվեր առնել իր երեսից սգավորի սև քողը. մինչև իր ամուսնի գերեզմանը չհանգստացնե: Դա նշանակում է քրդի լեզվում` մինչև սպանվածի արյան վրեժը չառնվի: Այս նպատակով նա սնուցանում էր իր տասներկու տարեկան որդուն, որ առնե հոր վրեժը և կատարե մոր ուխտը: Որդին մեռնում է կարճատև հիվանդությունից հետո: Մայրը մի քանի օր անհետանում էր իր չադրից: Նրան գտնում են իր տղամարդի գերեզմանի մոտ այն ժամանակ, երբ իջնում է իր ձիուց, և ոսոխի կտրած գլուխը դնելով ամուսնի շիրիմի վրա, ասում է`«այժմ թո՛ղ հանգստանան քո ոսկերքը»…

«Վերջին օրերումս Ուշնիի մեջ պատահած անցքը բավականին երաշխավորում է ասորոց կաթողիկոսի դաշնադրությունը մեզ հետ, – շարունակում էր նամակագիրը: – Այնտեղի շեյխը քանդել է տվել մի հին ասորոց վանք, նրա քարերը իր բաղնիքի շինվածքի համար գործ ածելու: Այդ այն վանքն է, ուր նեստորականները վաղեմի ժամանակներից սովորություն ունեին իրանց եպիսկոպոսների մարմինները թաղելու: Կաթողիկոսը, որպես լսում եմ, բոլորովին կատաղած է այս բարբարոսության պատճառով: Այսօր նրա սուրհանդակը ինձ մոտ եկավ: Կաթողիկոսը կանչում է ինձ: Առավոտյան ճանապարհ կընկնեմ դեպի Ճոլամերիկ: Հարմա՜ր առիթ… պետք է օգուտ քաղել դրանից»…

Ասորոց կաթողիկոսը նստում էր Ճոլամերկի Կոճանիս կոչված գյուղում, որ սահմանակից էր Հաղբակին: Ասորոց մի ցեղ, որ կոչվում էր Ջուլո, անհիշելի ժամանակներից, պատսպարվելով Ճոլամերկի լեռների մեջ, պահպանել էր իր անկախությունը, որպես լազգիները Դաղստանում: Կաթողիկոսը, որ կոչվում էր Մար-Շիմոն, էր իր ցեղի քահանայապետը, միևնույն ժամանակ նրա մարմնավոր իշխանը: Նա ուներ մինչև երեսուն հազար զենք բռնող տղամարդիկ, մի խոսքով, նրա ժողովուրդը բոլորը պատերազմողներ էին: Կաթողիկոսը ինքը սուր էր կրում: Ճոլամերիկը, զետեղված էր Կորդվաց լեռների մեջ, մի փոքրիկ, փակյալ Չինաստան էր, որի մուտքը կապված էր օտարների համար: Այնտեղ բնակվում էին միայն ջուլոներ և հայեր: Եթե ուրիշ մարդ այնտեղ մտներ, առանց կաթողիկոսից թուղթ ունենալու իր ձեռքում, ամեն պատահող ջուլոն պատրաստ էր նրան սպանելու: Բոլոր ժողովուրդը անասնապահներ էին. նրանց կյանքի պետքերը գոյանում էին իրանց հոտերից: Ջուլոներն ամենևին հարաբերություններ չունեին դրսի հետ, նրանք կենտրոնացած էին իրանց երկրի մեջ: Ջուլոն հայտնի է իր դյուրագրգիռ, բարկացկոտ և հանդուգն բնավորությամբ. նա միևնույն ժամանակ քաջ և բարի մարդ է: Բայց Կարոն ի՞նչ գործ ուներ միանալու այդ վայրենիների հետ. ի՛՞նչ դաշնադրություն էր, որ նա կապում էր ասորաց պատրիարքի հետ…

«Այստեղ (Բարդուղիմեոս առաքելո վանքում) ես ստացա մի քանի նամակներ: Ն. Կ. Վ. գրում է Վարագա վանքից, թե գործերը այստեղ վատ են. քրդերի մի նոր արշավանք թալանեց Հայոց-Ձորը: Արտամետ գյուղը իր ընդդիմադրության համար մոխիր դարձավ: Հրձիգությունը թշնամիների կողմից պատահել է գիշերով: Ավելի քան հարյուր հոգի-ծերունիներ, երեխաներ, փախչելու կարողություն չունեցող մարդիկ, – այրվել են կրակի մեջ: Այս, թեև խիստ տխուր, լուրը ինձ ուրախություն պատճառեց: Հայոց-Ձորը գոնյա այժմ կզգա իր սխալը… նա երկար չէր ուզում մասնակից լինել ընդհանուր գործին… Բժշկության մասին մտածում են այն ժամանակ, երբ հիվանդն ընկած է»…

Վերջին տողերը կարդալու ժամանակ ես սարսափեցա: Կարոյի խստասրտությունն անցնում էր չափից: Ավելի քան հարյուր ծերեր, երեխաներ այրվում են հրդեհի բոցերի մեջ, նա ուրախանամ է, որովհետև այս դեպքից կարող էր նա օգուտ քաղել իր դիվական նպատակների համար, իսկ նպատա՞կը, – դեռ ինձ հայտնի չէր:

«Մուշի և Բաղեշի կողմերից ոչինչ լուր չկա: Դատվանի ռայիսը (տանուտերը) գրում է` այստեղ ամեն ինչ պատրաստ է: Շատախում նոր վրդովմունք է ծագել ժողովրդի մեջ: Հոգվոց վանքի վարդապետը չէ դադարում իր վաղեմի նենգություններից: Ի՞նչ պետք է անել այդ Վասակի հետ. ուղարկեցեք այնտեղ Մըհեին, իմ կարծիքով նրա գործն է հանգստացնել սևագլուխ սատանային»…

Մըհեն, ծերունի որսորդի գնացած գիշերի մյուս առավոտը, էլ չերևաց: Քանի օրից հետո մենք լսեցինք հոգվոց վանքի վարդապետին իր խուցի մեջ սպանել են: Երկու օր չանցած, այս լուրը մեզ հասնելեն, կրկին հայտնվեցավ Մըհեն:

«Ասլանին ուղարկեցի Բաղեշի և Մուշի կողմերը այնտեղի դրությունը իմանալու համար: Սագոն կանցնի Խնուսից դեպի Արզրում, Բայազեդ և կվերադառնա Խոյի ճանապարհով: Ջալլադը և Մուրադը գնացին Մոգաց և Սասնո կողմերը: Յուրաքանչյուրի համար նշանակվել է մի ամիս ժամանակ, իրանց ճանապարհորդությունը, հետազոտությունները և կարգադրությունները վերջացնելու համար: Ամեն մեկին ես տվել եմ հարկավոր հրահանգները: Այսօր հուլիսի քսանն է, կնշանակե, մինչև օգոստոսի քսանը բոլորը կրկին կհավաքվեն Բարդուղիմեոս առաքելո վանքումը, իրանց գործունեության համարը տալու»:

Ջալլադը և Մուրադը այն երկու քրդստանցի տղամարդիկն էին, որոնց ես առաջին անգամ տեսա արաբական մինարեթում: Դրանք այն օրից անհայտացած էին, իսկ այժմ երևում էր, որ դարձյալ խառն էին Կարոյի գործերի մեջ:

«Իսկ դու, ծերունի ընկեր, այս նամակը քեզ հասածին պես, կգնաս եզիդիների ցեղապետ Միր-Մասումի մոտ. դա քո հին բարեկամն է, այս պատճառով որոշվեցավ, որ դու կապես նրա հետ հարկավորած պայմանները: «Անտառը կոտորող կացինի կոթը փայտից են շինում»: Քուրդը քրդի դեմ – մի լավ գործիք է մեր ձեռքում:

Եզիդիները, եթե ընթերցողը հիշում է, քրդերի այն ցեղն էին, որ կրոնքով տարբեր էին իրանց մահմեդական ազգայիններից և միշտ հալածված նրանցից: Այդ միակ ցեղն էր, որ հաշտ էր հայերի հետ և ավելի բարեկամ, թեև նա ուներ իր ազգի բոլոր ավազակային հատկությունները: Մահմեդական քրդերը համարում էին եզիդիներին հեթանոսներ և խիստ ատելությամբ վարվում էին նրանց հետ: Եզիդիները ներկայացնում էին մարական ցեղի սկզբնական տիպը, մնացած իր մոգական սովորություններով: Կարդալով Կարոյի գրածները եզիդիների մասին, ես այժմ գիտեի ծերունի որսորդի ճանապարհորդության նպատակը: Մի քանի տողեր նամակի մեջ վերաբերում էին ինձ:

«Ֆարհատի մասին անհանգիստ եմ, ես նրան թողեցի հիվանդ, չգիտեմ ի՞նչպես է այժմ նրա առողջությունը: Իհարկե, նրա մասին ինձ տեղեկություն կտաք: Խնամեցեք այդ մանուկ վագրին, նրա մեջ շատ հարուստ, բայց դեռ չմշակված ուժեր կան»…

Վերջին տողերը կարդալու ժամանակ արտասուքս սկսեց թափվել իմ աչքերից, ես չկարողացա շարունակել ընթերցումը:

ԻԹ
ՄԸՀԵԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ

Կարոյի իսկական նպատակը դարձյալ մնում էր ինձ համար մթության մեջ: Ես չգիտեի` ի՞նչ էր կամենում անել նա. ինձ հասկանալի չէր` ինչո՞ւ համար նա իր ընկերներին այս կողմ և այն կողմ էր ուղարկում: Եվ իր` Կարոյի ասորոց կաթողիկոսի – այն կիսավայրենի զինվորի և քահանայապետի – մոտ գնալը արդյոք ի՞նչ խորհուրդ ուներ: Կարոն այն մարդերից չէր, որ օդի մեջ ամրոց կառուցանե կամ դատարկ ցնորքների ետևից ընկնե: Նա կցաներ այնտեղ, որտեղից հաստատ գիտեր, թե հնձել կարող է: Իսկ այդ բոլոր զգուշավոր և գաղտնածածուկ նախապատրաստություններից ի՞նչ օգուտ պետք է քաղեր նա:

Ահա մտքեր, որոնք ինձ պաշարեցին նամակի ընթերցումից հետո:

Կարոյին ես ճանաչում էի այն ժամանակ, երբ նա մի լուռ, մտախոհ, միևնույն ժամանակ դեպի ամեն վատություն ոխերիմ պատանի էր: Երբ նա մեր դպրոցից անհայտացավ, այնուհետև նրա մասին ոչինչ չգիտեի, թե ո՞ւր գնաց նա, ի՞նչով էր պարապում այնքան ժամանակ և ի՞նչ առիթով կրկին վերադարձավ: Միայն հասարակական կարծիքը նրա մասին լավ չէր խոսում. նրան համարում էին մի համարձակ սրիկա և ավելի ոչինչ:

Բայց մի մարդ, որ միշտ անբախտի և թշվառի բարօրության համար էր մտածում, մի մարդ, որ աշխատում էր նեղյալի հանգստության համար, կարո՞ղ էր սրիկա լինել:

Ներքին ձայնը պատասխանում էր` ոչ:

Իսկ միևնույն ժամանակ Կարոյի անսահման բարեմտության հետ խառն նկատվում էին արարմունքներ, որոնք բարի մարդու գործեր չէին: Մարոյի հայտնած գաղտնիքը «քանդված մատուռի» մոտ, Ղանլի-դարայի մեջ, այն նվիրական ծառերի հովանու տակ, – թե որպես Կարոն սպանել էր իր ընկերներից մեկին, մի հնդկացի երիտասարդի, ամենափոքր կասկածանքի պատճառով, – այս սարսափելի եղեռնագործությունը ես տակավին մոռացել չէի: Իսկ այժմ իր նամակի մեջ նա ծերունի որսորդին առաջարկում էր մի ուրիշ չարագործություն` «հանգստացնել» Հոգվոց վանքի վարդապետին, կտրել մի օծյալ գլուխ, և կիսախելագար Մըհեն պետք է կատարեր դահճի պաշտոնը:

Բայց կմասնակցե՞ ծերունի որսորդը մի այսպիսի արյունոտ գործին, մտածում էի ես:

Ներս մտավ Մարոն ծիծաղելով, նա ձեռքը սեղմել էր իր կուրծքի վրա, կարծես աշխատում էր պահել իր ծիծաղը, թեքթեքվում էր, ուզում էր խոսել, բայց դարձյալ զսպել իր ծիծաղը չէր կարողանում. այնպես ծիծաղելով ընկավ օթոցի վրա, համարյա թե մարեցավ:

– Ի՞նչ է պատահել, – հարցրի ես:

Նա չկարողացավ պատասխանել:

Հանկարծ դռները, շառաչմամբ ետ գնացին, լսելի եղավ Մըհեի ձայնը.

– Ո՞ր սատանան տարավ իմ տրեխները:

Վիթխարի կերպարանքը հայտնվեցավ սենյակի մեջ, որպես մարմնացած կատաղություն: Նա իր ձեռքում բռնած ուներ մի ահագին լախտ, որի գնդաձև գլխի վրա մեխել էր իր կյանքի մեջ գտած բոլոր բևեռները:

Մարոն սկսեց հավատացնել Մըհեին, թե ինքը նրա տրեխների կորուստի մեջ հանցավոր չէ, թե նա շատ ցավում է, որ այսպես էր պատահել: Եվ ավելացրուց, տրեխները բոլորովին հում կաշուց շինած լինելով, և որովհետև ինքը Մըհեն չէր հագնում նրանց, այլ քարշ տալով ախոռի պատից, պահում էր զատիկ օրվա համար, տրեխները բոլորովին չորացել և կծկվել էին: Երբ Մըհեն դրեց նրանց ջրի մեջ, որ փափկեն, լայնանան, որ կարողանա հագնել, անիծված շունը օգուտ քաղելով Մըհեի բացակայությունից, գողացավ տրեխները, և ինքը Մարոն այս րոպեիս տեսավ, որ նա բակի մեկ անկյունում նստած, դեռ վայելում էր իր անուշ ընթրիքը:

Մարոն այս բոլորը պատմեց մի այնպիսի հեգնական ոճով, որ ավելի շարժեց Մըհեի կատաղությունը և ավելացրուց.

– Դու խո գիտես, Մըհե, որքան ես սիրում եմ քեզ: Ես այնպես բա՞ն կանեմ քո տրեխների հետ:

– Ես գիտեմ… – քրթմնջաց վիթխարին, և իր վայրենի աչքերը ուղղելով սիրուն օրիորդի երեսին, դուրս գնաց սենյակից:

– Իմանում ես, Ֆարհատ, ախար այդ հիմարը սիրահարված է իմ վրա, – դարձավ Մարոն դեպի ինձ:

– Չէ կարելի քեզ տեսնել ու չսիրահարվել:

Նա որպես թե չլսեց իմ խոսքը:

– Խե՜ղճ տղա, նա մինչև այսօր պահում է իր ծոցի մեջ իմ հին գուլպաների մի հատը: Քանի՜ տարի է: Շատ անգամ տեսել եմ, ինչպես հանում է նա ծոցեն, մտիկ է անում, ուրախանում է ու սեղմում է շրթունքի վրա: Մի անգամ հիվանդ էի ես. ձմեռ էր, խեղճը նստում էր իմ սենյակի դռանը, ամբողջ գիշերը չէր քնում. դռան ճեղքից ականջ էր դնում, թե ինչպես շունչ եմ քաշում ես, որպես հոգոց եմ հանում: Շատ անգամ ես լսում էի, նա լաց էր լինում. մի այնպիսի գազանը լաց էր լինում: Դու գիտե՞ս, Ֆարհատ, իմ սենյակի դուռը բացվում է ուղիղ բակի մեջ. նա նստում էր ձյունի և սառի տակ:

– Երևի, նա երբեմն քաղցրիկ խոսքեր է ասում քեզ:

– Ոչ, չէ ասում: Նա միայն մտիկ է անում իմ երեսին, խորին կերպով մտիկ է անում, ուրախանում է, երբ ես նրան ուշունց եմ տալիս:

– Երևի, դա նրան զվարճություն է պատճառում:

– Հա՛, մի այդպիսի բան: Լսիր, մի անգամ նա ինձ ասաց` «Մարո, բե՛ր ձեռքս քսեմ քո մազերին»:

– Դու բարկացա՞ր:

– Չբարկացա: Եթե մի այսպիսի խոսք Սագոն ասեր, ես կբարկանայի, բայց Մըհեն ինչ որ ասե, ես չեմ բարկանա. նրա սիրտը իստակ է, նա չէ հասկանում ինչ բան է սերը:

– Դու հասկանո՞ւմ ես:

Մարոն ոչինչ չպատասխանեց, որովհետև նույն րոպեում լսելի եղավ շան խորին կնձկնձոցը և իսկույն լռեց գիշերային մթության մեջ:

– Վա՜հ, այս ի՞նչ արեց, երևի այն հիմարը շանը սպանեց, – ձայն տվեց Մարոն և ճրագը խլեց, դուրս թռավ:

Ես էլ գնացի նրա հետ: Եվ իրավ, շունը անմռունչ կերպով ընկած էր բակի մեջ. ճրագի լուսով մենք տեսանք` նրա գլուխը Մըհեի լախտի մի հարվածից բոլորովին փշրվել էր և ուղեղը դուրս թափվել:

– Թաղե՜մ քո սարսաղ գլուխը, ինչո՞ւ սպանեցիր շանը, – ասաց Մարոն ցավողի կերպով:

Մըհեն, որ դեռ կանգնած էր իր զոհի մոտ, ոչինչ չպատասխանեց, մոտեցավ բակի դռանը, ոտքով մի կողմ գլորեց ահագին քարը, որ դրած էր դռան ետևը փականքի տեղ, և լախտը իր ուսին դնելով, լուռ ու մունջ դուրս գնաց:

– Ո՞ւր է գնում նա, – հարցրի ես Մարոյից:

– Աստված ոչ գիտե նրա գլուխը: Նա երբ որ իր մահակը վեր առավ, տրեխները հագավ, կնշանակե հեռու տեղ ունե գնալու: Թե չէ ողջ տարին նա բոբիկ ոտքերով է ման գալիս. ոտնամանը մի ծանրություն է նրա համար:

– Նա հիմա էլ ոտնաման չուներ:

– Նրա համար, որ շունը կերավ: Փակիր դուռը, Ֆարհատ:

Ես մոտեցա դռանը. այն քարը, որ Մըհեն մեկ ոտքով հեռու գլորեց որպես թեթև տաշեղ, ես հազիվ կարողացա երկու ձեռքով իր տեղը դնել: Մարոն տեսնելով այդ, սկսեց ծիծաղել:

– Այնպես, խո ես էլ կարող էի մոտ մղել քարը:

– Դե՛, փորձիր:

Եվ իրավ, Մարոն ավելի թեթև կերպով, քան թե ես, վեր առավ ահագին քարը և բարձրացրուց գետնից:

– Դու ուժեղ ես, Մարո, դրա համար էլ Մըհեն քեզ սիրում է, որ իր պես ուժեղ ես:

– Սատկի՜ Մըհեն, ես նրան էլ չպետք է սիրեմ, – պատասխանեց նա, երբ կրկին տեսավ սպանված շանը, որի ահագին դիակը պառկած էր բակի մեջ:

Մյուս շները հավաքվել էին և լիզում էին իրանց բարեկամի վերքը: Կարծես, ուզում էին բժշկել նրան:

Մենք գնացինք սենյակը:

– Ես գիտեմ Մըհեն ուր գնաց Մարո:

– Ո՞ւր գնաց:

– Չեմ ասի, վախենում եմ ուրիշին ասես:

– Ես խո երեխա չեմ:

Ես հայտնեցի Մարոյին, ինչ որ գիտեի Մըհեի ճանապարհորդության նպատակի մասին: Նրա դեմքն ընդունեց խիստ աղոտ արտահայտություն և խոսեց բարկացկոտ, դողդոջուն ձայնով:

– Ես հավատում եմ, նա կանե, նա պատրաստ է ամեն բան անել, երբ հայրս հրամայում է նրան: Ա՜խ, հայրս…

Նա խեղդեց իր ձայնը և չշարունակեց խոսքը:

Րոպեական լռությունից հետո նա ասաց.

– Դու գիտե՞ս, Ֆարհատ, Մըհեն մարդասպան է:

– Ո՞րպես:

Մարոն պատմեց, թե Մըհեն հաղբակեցի չէ, ինչ որ երկրից է, որի անունը մոռացել է, բայց այն երկիրը շատ հեռու է: Թե նա, Մըհեն ունեցել է մի քույր, որպես ինքն է ասում, գեղեցիկ աղջիկ: Նրանց գյուղի աղայի տղան աչք է ունեցել Մըհեի քրոջ վրա: Քույրը հայտնել է եղբորը: Աղայի տղան հայ չէ լինում, «անօրեն» պարսիկ է լինում: Մի օր քույրը մենակ գնում է դաշտից խոտ քաղելու, աղայի տղան նրան բռնում է, չարչարում է… Մըհեն վրա է հասնում և իր դանակով նրա վիզը կտրում է, ու հետո թողնում է այն երկիրը, փախչում է:

Ես Մարոյին պատասխանեցի, թե այս գործի մեջ Մըհեն շատ հանցավոր չէ, թե ես ինքս այնպես կվարվեի, եթե մեկը համարձակվեր անպատվել իմ քրոջը:

– Ես ինքս կսպանեի մի այնպիսի տղին, և չէի թողնիլ, որ եղբայրս մեջ մտներ, – պատասխանեց Մարոն: – Բայց Մըհեն այստեղ էլ շատ բաներ է արել…

– Ի՞նչ բաներ:

– Չեմ կարող ասել, մի՛ հարցրու: Հայրս պատվիրել է, որ ոչ մի մարդու չասեմ:

– Ի՞նձ էլ:

– Քեզ էլ:

Ես տեսա, որ անկարելի էր Մարոյից խոսք դուրս քաշել այս գաղտնիքի մասին, որովհետև Մարոն միամիտ աղջիկներից չէր: Եվ հարցրի.

– Ինչո՞ւ հայրդ պահում է իր մոտ մի այսպիսի մարդասպանին:

– Նրա համար, որ նա մարդասպան է:

– Լա՞վ է մարդ սպանելը:

– Վատ մարդուն, իհարկե:

– Ուրեմն դու ինչո՞ւ Մըհեի վրա բարկանում ես:

– Նրա համար, որ նա սպանեց շանը:

– Շունը մարդից լա՞վ է:

– Շատ մարդերից, որոնք վատ են, ինչպես քրդերը: Շունը մեր տունը պահում էր: Բայց քրդերը մեր տունը քանդում են:

«Իսկ և իսկ իր հոր կտորն է»… ասեցի ես իմ մտքում:

– Գիտես, Ֆարհատ, ո՜րքան գող են քրդերը. նրանց երեխաներն էլ գող են. հենց որ օրորոցից դուրս են թռչում, գողություն են անում: Անցյալ տարի մեր հավերի ճուտերից ամեն օր մեկը պակասում էր, էնպես որ տասներկու ճուտից մնաց երեքը: Ո՞վ է տանում, տեր աստված: Հայրս ասում էր` քորքորան (ուրուրը) է տանում: Մըհեն ասում էր` աղվեսն է գողանում: Ես բակի բոլոր ծակերը բռնեցի, որ աղվեսը ներս չմտնի. մի ծակ միայն բաց թողի, որ գալու ժամանակ բռնեմ նրան: Գիշերը նստում եմ, մտիկ եմ անում, մտիկ եմ անում, աղվեսը չկա: Ցերեկով մտիկ եմ անում, ագռավն էլ չէ թռչում մեր կտուրի վրայով: Բա՛ ո՞վ է տանում ճուտերը: Մի օր տեսնեմ, մեր հարևան քրդի աղջիկը, Գյուլին, մեր տան դռնիցը անց կացավ, մտավ մարագը, կանչեց՝ ճո՜ւ, ճո՜ւ: Ճուտերը նրա ձայնին սովորած էին, իսկույն դուրս վազեցին: Նա կուտ գցելով, ճուտերին հեռացրուց, տարավ մինչև մեր տան մոտի խրամը, իջավ փոսի մեջ: Ի՞նչ սատանա է: Ես վրա հասա, տեսնեմ` ճուտերից մեկը բռնել է, ուզում է տանել: «Տո, սատկած Գյուլի, ո՞ւր ես տանում մեր ճուտը», ասում եմ ես ու բռնում նրա ծամերից: Նա մատները գցեց, ուզում էր իմ երեսը ճանկռտել: Ես բռնեցի բողազից (շնչափողից), դրի տակս, խեղդում եմ, խեղդում, մինչև աչքերը դուրս թռան: Ափսո՜ս, որ Հասոն եկավ, ձեռքիցս առեց:

– Մե՞ծ էր այն աղջիկը:

– Տես, այսքան բարձր էր ինձանից: – Նա ձեռքը տարավ դեպի գլուխը և կես արշինի չափ վեր բռնեց: – Մինչև այսօր էլ Գյուլին ինձ հետ ոխ ունի, ասում է` քեզ մի օր պետք է սպանեմ: Հո՜ղեմ դրա սարսաղ գլուխը, լա՜վ մարդու է սպանում… Ի՜նչ նրա ատամների խարջն եմ…

Վերջին խոսքերը Մարոն արտասանեց մի առանձին հպարտությամբ: Նա շարունակեց.

– Ախար, քրդերը ամենն այսպես են, հենց որ նրանցից վախենում ես, գլխիդ նստում են: Մի անգամ ձեռքիդ ուժը ցույց տվեցիր, էլ մոտ չեն գա: Այն օրից մեր հավերից և ոչ մեկը չի կորել: Է՜հ, ինչքան խոսեցի ես… հիմա դու կասես` կոտրած ջաղացի պես չըխկչըխկում է…

– Չէ՛, ես այսպես չեմ ասի. ես կասեմ` դու շատ լավ աղջիկ ես:

– Դրո՞ւստ:

– Քո արևը գիտենա:

– Բաս բե՛ր ականջիդ մի բան ասեմ:

Ես ականջս մոտ տարա նրա բերնին. նա ինչ-որ փսփսաց, և ես զգացի, որ ջերմ շրթունքները կպան իմ երեսին…