Czytaj książkę: «Վերք Հայաստանի», strona 11

Czcionka:
 
«Փշրեցե՛ք, ջարդեցե՛ք, ոտն ու ձեռ կտրեցե՛ք,
Առաջ փորն, հետո գլուխն էրեցե՛ք, շամփրեցե՛ք,
Մատները հաղըհան, ձեռները կաշըհան
Արե՛ք, մեջքն կրակին դեմ արե՛ք, խանձեցե՛ք,
Կտրած ձեռն, ոտն ու մատն եղումը դաղեցե՛ք,
Ով շուտով սպանի, իր գլուխը կթռչի:
Ուսուլով ու յավաշ կամ կաշին հանեցե՛ք,
Կամ գլուխը քերթեցե՛ք, կամ աչքերն փորեցե՛ք:
Թո՛ղ ոտներն էրվելիս՝ աչքը տեսնի, սիրտն էրվի.
Թո՛ղ ձեռներն կտրելիս՝ բալքի թե ահ ընկնի,
Սիրտները ու դարձ գան, մեր հավատն ընդունին,
Խաչը թողան, ղուռանին գլուխ տան, մերն ըլին»:
Հասան խանն անիրավ՝ էս հրամանն ասելով,
Կրակին էր տալիս սուրբ մանկանցն՝ տանջելով:
Բայց արդարքն, վաղուց էր, տվել էին սուրբ հոգին,
Սուրբ արյան պատարագն նվիրել երկնքին:
Ողջակեզ, անուշ հոտն բարձրացել առ վերինն.
Սև ամպերն հեռացան, երկնային լիսն իջավ,
Նրանց մարմինն ամփոփեց, պատեց, բարձրացավ:
Ու հանկարծ՝ սոսկալի վերևիցը ձեն էկավ.
«Հասան խա՛ն, դու գազա՛ն, անօրե՛ն, դիվակա՛ն.
Բա՛ց չար սիրտդ, կա՛ց, կանգնի՛ր, որ ինձ տաս պատասխան:
Ո՛չ գետինն քեզ կպահի, ո՛չ անդունդն քեզ կքաշի,
Ո՛չ դժոխք թուլ կտան, ո՛չ գեհյանն սոսկալի.
Կենդանի դու պետք է քրքրվիս ու տանջվիս,
Մինչև էդ անմեղաց սուրբ արինն վճարես:
Թե շանթ քեզ հանդիպի, թե կայծակ քեզ էրի,
Իմացի՛ր, որ ե՛ս եմ, որ քեզ տամ տանջանքի.
Երերյա՛լ մնասցես, տատանյա՛լ մաշեսցիս,
Փուշ, տատասկ քեզ պա՛տի, թե հողն էլ դու մտնիս»:
 
 
Հանգիստ ու խաղաղ մնա՛ք, սիրելի՛ք,
Մինչև օրն վերջին, լիսն գեղեցիկ.
Անմե՛ղ երեխեք, արդա՛ր դուք հոգիք:
Քանի Ապարան տեսնիմ, անց կենամ,
Քանի շունչս առնիմ, ձեր անունը տամ.
Ա՛խ, իմ ազգի դուք հրեշտա՛կ, սո՛ւրբ որդիք,
Որ էդպես կանուխ դուք թառամեցիք:
Երբ երեսս հողին, ծնկներս չոքած,
Աչքս ծով դառած, սիրտս արնով լցված՝
Ընկնիմ, ա՜խ, գլուխս բաց ձեր առաջի,
Համբուրեմ ձեր հողն, մնամ վրա գետնի.
Քաղեմ ձեր ծաղիկն, հիշեմ ձեր հոգին.
Ո՜վ սուրբ հոգիք ջան, երկնային բեմին,
Աստուծո ատենին, սրբոց խորանին
Տարե՛ք իմ խնդիրս, տարե՛ք արտասունքս,
Որ մեր խեղճ ազգը, մեր սուրբ աշխարքը,
Որ ձեզ պես մատաղ տվեց աստծուն,
էլ չի՛ ավերվի, չմնանք գերի,
Սրի մատաղ ու եսիր թշնամուն,
Անտեր ու անճար, անտեղ ու անտուն:
 
 
ՎԱԽՃԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԻՆ
 

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

1

Հայաստան աշխարքը շատ վախտ էր նեղության, ավերման, տակ ընկել, ամա էս ամենիցը անց կացավ: Սար ու ձոր դառել էր գողի, ավազակի բնակարան: Ամեն կողմից պարսիկք է՛նպես ոտը բարձրացրին հանկարծ, որ էլ դեմ կենալու ճար չկար: Բայց է՛ս նեղությունն էր, որ հայոց էլ է՛ն հոգին էր տվել, որ թե մեկ կողմից իրանց ազգին ոտի տակ էին տալիս, մյուս կողմից իրանք էին թշնամու արինը ծծելով ման գալիս: Սաղ Պարսկաստան պոկ էր էկել, սաղ Կավկազ` դռնմիշ էլել: էրակլի որդի Ալեքսանդրեն, որ Վրաստան առնելուցը ետը փախել, պարսից դուռն էր ընկել ու հարիր անգամ գլուխը քարեքար տվել, որ իր աշխարքը էլ ետ ձեռք քցի, էլ սար չէր մնացել, որ անց չկենա, որ բալքի թե իր, սրտի մուրազը կատարի: Լազգի, Չաչան, Չերքեզ, Ղազախ, Բոռչալու, Շամշադին, բոլոր Կասպից գավառները՝ ձեռըները հինա էին դրել, թև առել, որ թռչին ու ռսի իշխանությունը ստանան: Հայ ազգին յա կրակ էին խոստանում, յա սուր. յա կոտորում, յա թալանում: Ինչքան թույն ունեին, մեր ազգի գլխին էին թափում: Յա պատիվ, մեծություն խոստանում, որ խաբեն նրանց, յա պատիժ, պատուհաս տալիս, որ վախենան ռսիցը ձեռք վերցնեն: Շահիցը, սարդարիցը ֆարման ֆարմանի վրա էր գալիս, բայց հայոց արդար սիրտը, ուղիղ սերը, որ ռուսաց հետ ունեւն, է՛ն ժամանակն էլ նրանց չթողեց, երբ թուրը գլխըներին խաղում, որդի ու զավակ դոշըներին, առաջներին սուրն էր քաշվում յա կրակումն էրվում: Ինչ որ Պարսից կռվի ժամանակին հայք արին, աստուծո է հայտնի, ու ամենողորմած կայսրն էլ շնորհակալությունով ու հրովարտակներով, խաչով ու նշանով էս արած լավության տեղը շատ անգամ լցրեց: Թո՛ղ բազի հիմար, անաստված մարդ հայոց ոտը ձգի. թե մարդ չիմանա, քարերը վկայաթյուն կտան: Հալբաթ որ մեկ օր մեկ արդար, անաչառ մարդ Վրաստանու պատմությունը կգրի, էն ժամանակը կերևի, թե հայք ի՞նչ արին, ի՞նչ հավատարմություն են ցույց տվել տերությանը, ի՞նչ արին են վեր ածել:

Ո՞վ չգիտի, որ էս հադաղին, ինչ ժամանակ Հասան խանը՝ արևմտից, Աբաս Միրզեն` արևելից, ավազակի պես հանկարծ էկան, մեր սահմանը մեր կողմը ամենևին խաբար չունեին: Ընչանք ռուսք իրանց զորքը կհավաքեին, ղզլբաշը կարող էր սաղ Վրաստան ոտի տակ տալ եթե հայք չէին ամեն տեղ նրա ճամփեն կտրել: Միմիայն Ներսես ու Գրիգոր եպիսկոպոսաց, Մատաթովի ու Բեհդուբովի արածը բավական է, որ աշխարք իմանա, թե ի՞նչ հոգի ուներ էն ժամանակը մեր ազգը:

Առաջին՝ խաչը ձեռին, հայոց քարոզում, զորք էր հավաքում, որ գնան, արին վեր ածեն իրանց ազգի համար, երկրորդը՝ Երմալովի խնդրքովը եպիսկոպոսության շորերը փոխած, չերքեզի շոր հաքած, յարաղ – ասպաբ կապած՝ որ Թիֆլիզու, Ղազախ-Բոռչալվի միջովը չէր անց կենում, հենց իմանում էր խալխը, թե իրանց փրկիչն էր գալիս:

էն ժամանակը, որ Շամշադինի մովրովը հարիր մարդով հենց հասավ Մատուշկի ասած կարմունջը ու սարսափելով էլ ետ ե՛տ դառավ, չկարաց առաջ գնալ, էս հսկա եպիսկոպոսը երկու մարդով հազար արինակեր հարամու գլուխ ջարդելով՝ Ղազախ-Բոռչալու անց կացավ, հասավ Շամշադին՝ իր հայրենիքը, իր ընտանյաց մեջը, գրաֆ Սիմոնիչին, որ Գյանջուցը փախած՝ գալիս էր, իր բոլոր զորքովը իրանց տանը երկար պահեց ու Երմալովի թղթովը բոլոր կառավարությունն ստացավ, մինչև Թիֆլիզուցը օգնություն գար: … Գեղը, որ պարսիկք էկան, քանդեցին, գերի արին, ուր յոթանասուն տանից ավելի էր, երեսուն մարդով հինգ հազար մարդի մեջ մտավ, առյուծի պես իր ժողովուրդն ազատեց, նրանց եսիրը ետ բերեց: էս միջոցին Երմալովն էլ էկավ, հասավ: Մեկ պաս օր եպիսկոպոսիցը խնդրում ա, որ կռվի ժամանակին էլ պասին մտիկ չանի, բայց նա հսկայաբար պատասխան է տալիս.

– Պարսից միսը թողած` ի՞նչ հարկավոր է տավարի միս ուտիլ: Էս միջումը Ալեքսանդր վալին ու Զոհրաբ խանը էկան, Շամշադինը կոխեցին, ու քիչ էր մնացել, որ բոլորը տակ ու գլուխ անեն, քաջ եպիսկոպոսը իր ընտիր հայերով նրանց քամակը կտրեց, զորքըները կոտորեց ու հինգ պարսիկ իր ձեռովը բերեց ու Երմալովին փեշքաշ արեց: Սա էլ ճակատը համբուրեց ու շատ անգամ խնդրեց, որ իրան ասի, թե ի՞նչ պարգև ա ուզում թագավորիցը, բերիլ տա: Անմահ եպիսկոպոսը է՛ն խնդրեց, որ Շամշադինու ու Ղազախ-Բոռչալվի հայ ազգը թուրքի ձեռիցն ազատվի, չունքի մինչև էն ժամանակը նրանց ձեռին շատ նեղություն էին քաշում: Խնդիրքը կատարվեցավ, ու ինքն էլ արքայական պսակին ու թոշակին (պենսիա) արժանացավ:

Ո՞վ չի զարմանալ, որ սրա ախպեր Գալուստը ինչ ժամանակ Հասան խանի ձեռը գերի ընկավ, ու ուզում էին, որ գլուխը տան, Նաղի խանը մեջ ընկավ ու նրան արձակիլ տվեց: Սարդարն էլ Էն պայմանով նրան թողեց ու ֆարման տվեց, որ Շամշադնու, Ղազախ-Բոռչլավի մեծությունը որդոց-որդիս նրան կբաշխեր, թե կարողանար հայերի սիրտն առնիլ, նրանց դարձնիլ, որ ղզլբաշին ծառայեն: Հրամանն Էնպես էր տված, որ թե չորս օրվա միջի խարար չբերի, գլուխը հազար կտոր պետք է ըլեր: Բայց նա էս բոլոր արինը աչքի տակն առած՝ Էկավ ու թղթերը Մատաթովին տվեց: Հասան խանը հազար ոսկի նրա գլուխը բերողին, երկու հազար` նրան սաղ-սաղ բռնողին էր խոստացել: Շամշադնու սարերը, ձորերը գիշեր-ցերեկ գող ու ավազակ ղլվլում էին, որ նրան բռնեն, իրանց պարգևն առնին, բայց շատին ինքը իր թրին պարգև արեց: Է՛սքան անվանի, է՛սքան քաջության տեր էր էս օջախը, բայց էլի ով Գրիգոր եպիսկոպոսին տեսներ, հոգին հետը կերթար. Է՛ն զարմանալի սրտի տերն էր, է՛ն քաղցր լեզուն, է՛ն անուշ բնությունն ուներ: Երեխի պես կնստեր, կպատմեր, ինչ գլխովն անց էր կացել: Բայց ի՞նչ հարկավոր է բանը երկարացնիլ: Քանի Կավկասյան սարը կա, Մատաթովի ու սրանց արածը հավիտյան կհիշվի, կասվի: Միթե Ներսես եպիսկոպոսը չէ՞ր, որ գրաֆ Պասքևիչի հետ մտավ Հայաստան ու հայոց մեծ մասը քարոզելով, հորդորելով, ռսի ձեռի տակը բերեց: Քանի՜, քանի՜ քաղաքներ, գեղեր դարտակվեցան ղզլբաշի ու օսմանցվի երկրումը ու քանի՜սն էր Հայաստան, Վրաստան նրանցով լցվել:

Ո՞ւր թողանք էն մեր հոյակապ իշխանքը՝ Բարսեղ, Մանուկ, Մկրտիչ աղեքն բայազդցի, աշխարհահռչակ տունն Տիգրանյան ղարսցի, որ, ինչպես հայր, իրանց բոլոր հարստությունը վատնեցին, փչացրին ու իրանց աղքատ ժողովուրդը պահելով՝ բերին էս կողմը: էսօր էլ նրանց անուն տալիս՝ բայազդցիք ու ղարսցիք ուզում են երեսներին խաչ հանեն, էնքան անթիվ է նրանց հերությունն ու լավությունը ազգի վրա:

Միթե էս բայազդցի՞ք չէին, որ երբ մեր զորքը նրանց քաղաքն առավ, մեկ քանի օրից ետը հանկարծ Վանա փաշեն մեծ ղոնշունով որ էկավ, Բայազդի չորս կողմը բռնեց, էս քաջ հայերը հոգին ատամների տակն առած, է՛ն տղամարդությունը ցույց տվին, որ դեռ Երևան չեկած՝ շատը աստիճան, խաչ ստացավ: էսօր էլ որ էս ողորմելիքը Թիֆլիզումը, մշակություն անելիս կամ բաղնսներումը ծառայելիս, խոսք ա ընկնում, էն կտրատված շորըներիցը էլի իրանց խաչերը հանում, գոռոզությունով ցույց են տալիս իրանց արնի գինը:

Կարելի է, թե պատմությունը, որ հայի համար քոռացել, մեծ-մեծ ազգերի ա ղուլուղ անում, էլի մոռանա, բայց աղգասեր հայն ի՞նչպես չպաշտի Էն արծափեցի Մանուկ աղայի գերօրինակ քաջությունը ու հըսկայությունը, որ դեռ Բայազիդ չառած՝ առյուծի պես, քառասուն քաջ հայազգի քամակին, Մասսա սարին նայելով, իր ազգի մեծությունը միտքը բերելով՝ թև էր առել, սար ու ձոր ոտնատակ տալիս, փաշին ու բոլոր Բայազդու գավառը պահում, քրդերին քարեքար տալիս, հալածում: Տասը տարուց ավելի Էսպես իր աշխարքին տիրություն էր անում. վաթսուն մարդով շատ անգամ երկու-իրեք հարիր քրդի մեջ մտել, ջախըբուրդ արել, դուրս էր Էկել, ու ինչ ժամանակ Պարսից կռիվը բաց էլավ, արծվի պես ընկել էր Մասսա էս կողմը ու Հասան խանի ղոնշունը շատ տեղ կոտորել, ջնջել էր: էնպես որ, խանը անճարացած՝ գրեց փաշին, որ յա Մանուկին կորցնի, յա թե չէ հազրվի, որ վրեն կռիվ կգնա: Հսկա, բայց տարաբախտ Մանուկ աղեն էն օրը, որ էս խաբարն ընկնում ա քաղաքը, գալիս ա, որ բարութ առնի: Փաշեն, որ նրան աչքի լսի պես էր սիրում, կանչում, աղի արտասընքով խնդրում ա, որ անպատճառ գլուխն առնի, քաշվի, բայց քաջասիրտն Մանուկ իր տղամարդությանն ապավինելով` ասածն անկաջըվեր անում ու գալիս, մեկ դուքանի առաջի զրից տալիս, որ տասը ղզլբաշ հանկարծ վրա չեն թափվում, վեցին էլ սպանում ա ու հետո ա հոգին տալիս ու խաչվում: Էսօր էլ ինչ բայազդցի նրա անունը տալիս ա, ծուխը քթիցը դուս ա գալիս: Լիս կտրի՛ գերեզմանդ ու հողդ, անպարտելի՛ հսկա: Ա՜խ, ե՞րբ կըլի, որ քո հոգին գա, մեր ազգի վրա իջանի, որ մենք էլ մեր ազգին քե՛զ պես տիրություն անենք, քե՛զ պես մեռնինք:

Ո՞ւր թողանք ղարաբաղցոց, երևանցոց ու լոռըցոնց արածները, որ քար ու հող ղզլբաշի արնովը լվացել, արին են թափել: Ղորդ ա, Էն վաղուցվան հիանալի մելիքները չկային, ամա նրանց հոգին շա՛տ տեղ էր մնացել: Ղզլբաշի շատ ղոնշունի գլուխը սրանք կերան:

Ա՜խ, ո՞ւմ մտքից կերթա է՛ն հսկա կերպարանքը, է՛ն գեղեցիկ պատկերը, Էն անոշ լեզուն ու անօրինակ ռաշիդությունն ու սիրտը, որ շուլավերցի Սոսի աղեն ու մելիք Հոհանջանն ունեին: Հրեղեն վիշապի պես ընկել էին Քաշվեթու ու Բոլնիսի սարերը, որ թշնամու առաջը կտրեն, տեղ չտան, ու ինչ ժամանակ խաբարը նրանց է հասնում, թե Նեմեցի Կոլոնիեն տվին, քառասուն կտրիճ տղերք քամակին, իրանց մովրովն էլ մեջըներումը` է՛ն վախտն են վրա հասնում, որ քուրդ Օքյուզ աղեն վաղուց Կոլոնիեն քանդել ու իրեք հազար մարդով եսրների կեսը կոտորել, կեսը առաջն արել, տանում ա: Արինն աչքներն առած՝ ընկնում են էս մեկ բուռը զորքը էն անթիվ բազմությունի ետևիցը: Քուրդ ու ղարափափախ` եսրները տալիս են մեկ քանի մարդի ձեռք ու իրանք ետ դառնում: Էս միջոցումը մովրովը հայի ղոնշունն առնում, փախչում ա, որ իր գլուխը, պրծացնի, միմիայն քաջն Սոսի մեկ քարի տակի, իր կտրիճ ընկեր մելիք Հոհանջանի հետ ղայիմանում, ու մեկը մեկին ձեն են տալիս.

– Նամարդությունն ու թուլությունն տղամարդի համար ամոթ ա, քաջությամբ մեռնինք, որ մեր որդիքն էլ իմանան, թե մենք էլ ենք սիրտ, ունեցել ու մեր երկրի թասիբը քաշել, մեր աշխարհի սիրով մեռել: Էս մուռտառ արինն էլ ընչի՞ ա պետքը, որ էսպես օրը չենք թափիլ: Չոլումը մեռնիլը տղամարդություն է:

Ճանանչ թուրքեր ձեն են տալիս.

– Սո՛սի աղա, քո աղ ու հացը շատ ենք կերել, մեր աչքը կբռնի, թե քեզ վրա թուր բարձրացնենք: Մենք քեզ կտանինք, սաղ – սալամաթ ճամփու կքցենք, մի՛ անիր, գլուխդ մահու մի՛ տար, քե՛զ ենք ափսոս գալիս, արի՛, քեզ խնայի՛ր:

Բայց հսկայն Սոսի՝ կասկած ունելով, թե իրանց կբռնեն, եսիր կա՛նեն, նրանց խոսքին չի՛ նայում ու առաջի թվանքը որ չի քցում, Օքյուզ աղի տղեն է սֆթա ձիու շլինքովն ընկնում: Կատաղած հարամին ընչանք վրա կհասներ, մեկ տասնըհինգ մարդ էլ սպանում են էս կտրիճ հսկայքը ու թուրըները հանած, երբ բարութները հատնում ա, ընկնում են գազանների մեջը, առյուծի պես: Ընչանք իրանց հողին կտային, մեկ տասը հոգի էլ թրի են մատաղ անում ու իրանք աստծուն մատաղ ըլում:

Հանգի՛ստ ձեր սուրբ ոսկերացը, ո՜վ քաջ նահատակք: Ձեր ջիվան ջանի արինն ա, որ էսպես սիրտս կրակում ա: Ի՞նչ հայ ձեր անունը լսի ու ձեր լիս գերեզմանին ողորմի չասի, ձեր հիշատակը իր սրտումը չգրի: Մի՛ իմանաք, թե ձեր ազիզ արինը նհախ տեղը թափվեցավ. Էդպես պատվական արինն էր, որ աստուծո սիրտը գութ քցեց, մեր աշխարհն ազատեց ու Էսօր էլ է՛ն ձեր նահատակության քարի տակիցը ձեն ա տալիս.

– Հա՛յք, մե՛զ պես մեռեք, որ անուն ճարե՛ք:

Էսպես օրինակներ հազարները կան, բայց էլի մենք մեր պատմության տուտն սկսենք: Բարեխնամ կառավարությունը տեսնելով, որ աշխարքն Էսպես ոտի տակ ընկավ, հրամայեց, որ Փամբակ, Շորագյալ քոչին, գան Լոռի, որ իրանց պրծացնեն: Աստված հեռու տանի, ինչ խալխի հալն էր: Որի ախպերը չկար, որի հերը, որի որդիքը, որի մերը: Ղարաքիլիսեն, ինչ տեղ որ իշխանն Սավարզամիրզա կենում էր, դառել էր սգատուն, գողադարան: Անօրեն պարսիկքն ու թուրքերը ձորից, սարից, օրը ճաշին, մեր աչքի առաջին, մեկ թվանքի մանգզիլ տեղ, վրա էին տալիս գազանի պես ու տավար, մարդ եսիր անում՝ կամ տանում, կամ գլուխը կտրում: Ո՛չ ցերեկն ունեինք քուն, ո՛չ գիշերը: Մեկ ձիու ոտի կամ թվանքի ձեն մերուցը գալիս` աշխարքն աշխարքով էր դիպչում: Հերը որդին ուրանում էր ու աչքը ջուր կտրած, շլինքը ծուռը՝ մտիկ անում, թե հրես, որտեղ որ ա, հարամին կգա, նրան սուրը կքաշի: Մեկ դաստա սալդաթ ու մեկ քանի ղազախ, որ գնացել էին ճամփեն բռնեն, Էնպես ջարդված, յարալու-փարալու ետ Էկան, որ մարդի գլխին կրակ էր վառվում: Մեկ օր Նաղի խանը էսպես վրա տվեց, Ղշլաղ ասած գեղն էրեց ու Ղարաքիլիսու վրա էկավ: էլած-չէլած ղոնշունը թոփերն առած՝ քաղաքի առաջը կտրեց, խալխն էլ տուն ու տեղ բաց թողին ու իրանց էրեխեքանց ձեռը բռնած՝ գնացին, թոփի տակը մտան: Ռուսաց քաջ հոգին էր, որ մեզ ազատեց: – Վաղուց էինք սրբություն առել ու մեր սև օրին աչքըներս կթել: Խալխը քոչիլ չէր ուզում, չունքի սրի ձեռիցը, սովի ձեռը պետք է ընկնեին, ու չէին ուզում էլ, որ իրանց քաղցր հողիցը բաժանվին: Մըտքիցս չի գնալ էն դառն օրը, որ հրամանն էկավ, թե անպատճառ քոչին: Ո՞վ կուզեր ախր է՛ն տունն էրել, որտեղ որ իր հերնըմերը կացել, իրան կաթը տվել, պահել, մեծացրել, մեռել էին. է՛ն իգին իր ձեռովը քանդիլ, որ դառը քրտնքով բհամ բերել, էն տեղն էր հասցրել: Հաջաթ, զարդ, տան կայենք, ինչ կար չկար, բոլոր կրակ տվին, ինչ ժամանակ ռսի ժամի մուխը տեսան, որը որ մեծավորը ի՛ր ձեռովը կրակ տվեց, ու սկսեցին լալով, սգով իր քաղցր, ազիզ սիրելյաց գերեզմանը համբուրի, բարով մնա ասիլ իրանց հողին, ջրին, թոփի, սալդաթի մեջն ընկնիլ ու Դվալի սարի է՛ն կողմն անցնիլ. Դեռ կիսաճամփի էինք, որ Նաղի խանը իր ղոնշունովը էկավ, մտավ Ղարաքիլիսա, ու սարի դոշիցը ամեն մարդ իր տան Կրակի ծուխը տեսնելով՝ քթի ծուխն էլ հետն էր դուս գալիս, ու աչքը խփում էր, որ էս կսկիծն էլա չտեսնի: Քոչվորի մեկ տուտը Ջալալօղլի էր հասել, մեկը դեռ հլա սարի էն կողմն էր: Թուրքերը շամդաքակեր գիլի պես գլխըներիս պտիտ էին գալիս ու սարից, ձորից թվանքները մեզ վրա կրակում: Էն օրը գնա, ո՛չ ետ գա, ինչ մեր հալն էր: Լացի, սգի ձենը երկինքն էր հասել, լսողի, տեսնողի սիրտը էրում, փոթոթում: Խալխը սար ու ձոր լցվել, իրար վրա էր թափել. ո՛չ տուն կար, ո՛չ տեղ, ո՛չ հաց, ո՛չ ապրուստ: Ով բարեկամ կամ ծանոթ ուներ Լոռի, գնաց, նրա մոտ վեր Էկավ. ով հարուստ էր, գլուխը պահում էր. ով մեկ աստվածասեր ռաստ էր գալիս, գեղարենքումը իր քյուլֆաթին մեկ տաք գոմ էլա ճարում, նրանց տեղավորում էր, ով չէ՛, սարում, ձորում, էրում, քարափում բուն փորում, մեջը մտնում ու գլուխն ու մեջքը լեռ քարին տալիս: Լոռվա ձորի մեջը, էս գլխիցը էն գլուխը, խալխ էր, որ իրար վրա վեր էր թափել. շատը հողն էր ծակել, մեջը մտել, շատը փետեր իրար վրա տվել տակին կուչ էկել, բայց հաց, շոր, ապրուստ ո՞րդիանց ստանային ողորմելիքը: Հացի կոտը դաոավ օխտը-ութ մանեթ, էն էլ չէր ճարվում: Սարերումն` էլ բանջար, խոտ չէր մնացել, քաղել, կերել էին: Ձուկը բռնելով, ֆորս անելով ի՞նչպես կարելի էր տուն պահիլ. Քչիցը, ամեն մեկ տան տասը ջան կըլեին: էլ սատկած տավար չմնաց, որ չմորթեն, չուտեն: Շատ հեր, շատ ախպեր իրանց օղլուշաղի, քոռփա էրեխեքանց ձենին չդիմանալով` տասնով, քսանով հավաքվում, գլխըները փեշըներին էին դնում, էլ ետ թաքուն Փամբակ գնում, որ հաց բերեն, բայց, ա՜խ, որը եսիր էր ընկնում, որը գլուխը թշնամուն տալիս, իր տունը քանդում:

Ձմեռն էլ էկավ, վրա հասավ: Մարդ, անասուն սովի, ցրտի ձեռիցը ազար ընկավ: Աստված ո՛չ շհանց տա, ի՜նչ էս խեղճերի հալն էր: Քար էր, որ գերեզման էր դառնում, հող էր, որ ջիվան-ջիվան երեխեք, իրեք – չորս օր սոված, թաղաթը կտրած՝ տակովն անում: Մեկ հացի ֆոտ դուս գալիս, հազար աղքատ` շլինքը ծուռը, դուռըդ կտրում, չտայիր, սիրտդ էր էրվում, տայիր, երեխեքդ մնում սոված, կարոտ էինք մնացել, որ ցամաք հացն էլա կուշտ փորով ուտենք: Ով ինչ զարդ, զինքս ու զարդարանք, արծաթեղեն կամ մարգարտեղեն ուներ, որը ծախեց, որը գրավ դրեց: Շատը որդիքը տարան Շուլավեր, Բոռչալու, եսիր տվին: Իմ տան տերը դերձիկ էր: Որ գնում չէր, բանում ու մեկ քանի շաբթից ետը մեզ համար հաց բերում, հենց իմանում էինք, թե երկնքիցը հրեշտակ է գալիս: էսպես՝ հազարավորք մեռան, սովամահ էլան, ու շատ փայն էլ էկավ, ընկավ Վրաստանու հողը ու գլուխը պրծացրեց: էսպես ա հայն իր խեղճ օրը հազար տարի պահել իրան էս տեղ հասցրել, մեկ թշնամի ոտը բարձրացնելիս՝ նրա գլուխը ջարդվել, նրա տունն ու տեղը քանդվել էլ ի՞նչ անօրեն, անգութ մարդ պետք է ըլի, որ հայի միսն ուտի ու նրան չխղճա: Հիմիկ էս թողա՛նք, գնա՛նք էլի մեր սիրելի Աղասու մոտ, տեսնինք ո՞ւր մնաց, ու ի՞նչպես պետքը նրա բանը վերջանա:

2

Էս խառը, դառը, ալեկոծյալ ժամանակին էր, որ մեր իգիթ Աղասին հինգ տարի սարեսար, քարեքար ընկած, հինգ ընկերիցը իրեքը կորցրած, երկուսը քամակին, մեկի անունը Կարո, մյուսինը՝ Մուսա, մեկ տասըքսան քրդստանցի հայ էլ իր թրի տակը բերել, սար ու ձոր չափելով՝ ման էր գալիս: Մեկ օր Անի ըլում, մեկ օր` Ղոշուվանք, ու էստեղ – էնտեղ չափմիշ անելով՝ գլուխը պահում էր, որ յա իր ջիգրը հանի, յա մեկ հազար մարդ էլա սպանի, հետո հողը մտնի, որ սրտումը դարդ չըմնա: Ավելի Անի էր նրա բնակության տեղը, որտեղ որ հարիրավոր ղզլբաշի գլուխ էր թրին մատաղ արել: Էստեղից էր, որ վրա հասավ ու իր չար թշնամի Հասան խանին ճանկեց, ամա ջահելությունն ու խաչապաշտությունը նրան գլխից հանեցին, նա խաբվեց ու հազիր ձեռն ընկած ֆորսը էլ ետ բաց թողեց:

Մեր կարդացողների լավ մտքին կըլի, որ նա, երբ Քանաքեռ սարդարի ֆառաշներին սպանեց, ինքն էլ Էնպես մնաց ազիզ թագուհու ու իր արածի վրա սառած, կանգնած: Ընկերներն էլ Ժամանակ չկորցրին. գիտեին, որ բոլորի վերջը մահն է, էլ ո՛չ հոր մտիկ արին, ո՛չ մոր, Աղասուն կապեցին ձիու վրա ու ընկան Ապարանու սարը, որ կամ Փամբակ փախչին, կամ Ղարս, կամ Ախլցխա, որ իրանց գլուխը թափեն: էրկու սհաթից ետը ի՞նչ Քանաքռու հալն էր, աստված ո՛չ նշանց տա: Սուգ ու շիվանն ընկավ գեղը. տուն էր, որ քանդում էին. մարդ էր, որ փետ ու միս էին արել, փախածներին պտրտում, նրանց հերնըմերը, օղլուշաղը թրի տակ արած` մեկ սհաթի միջումն որի շլինքը թոկ քցած, որի ձեռները ետևին կապած` ոչխարի պես առաջ արին, որ տանին սարդարի դուռը:

Որդի էր առաջները գալիս, որ հոր ճտովն ընկնի ու իր վերջին բարովն առնի, աղջիկ էր մոր դոշին ընկնում, որ հոգին տա. հարսն էր մեջ ընկնում, փեսա էր ոտնըներովը փաթաթվում, որին թրով էին յարալու անում, որին թվանքի ոռքով ջարդում: Քար էր ընկնում ձեռըները, վրըներն էին քցում, փետ էր պատահում, գլխըներին խփում: Շատին էլ տան սներիցը կապել, Էնպես էին չիփ-չիփլախ ոտին, գլխին վեր հատում, որ մեկ ձենը երկինքն էր հասել, մեկը՝ գետինը: Սաղ գեղը պոկ էր Էկել. որը գլխաբաց, որը բոպիկ ոտով, որը յարալու, որը կուռը կոտրած` արնաթաթախ, երեսը պռճոկելով, գլխին, դոշին տալով, որը ջուրն էր ուզում ընկնի, որը քարափնըվեր: Քեդխուդեքն էլ հո, ձեռ-ձեոի կապած, Էնքան ոտի թվանքի տակ էին ընկել, որ ջանըներումն էլ սաղ տեղ չկար:

էս հալին մտան Երևան, գնացին բերդը: Կնանոնցը քարով, փետով դեն արին, մարդկերանցը ներս քաշեցին, ու անկուշտ Երևանի բերդը ատամները սրեց, որ էս նոր Էկած ղոնաղներին էլ փորումը լավ տեղ տա, մարսի: Երկար վախտ դեռ նրանց ձենը բերդիցը, կնանոնցը՝ դրսիցը, իրար էին հասնում, իրար գլուխ լալիս, մինչև քամին բոլորի ձենն էլ կտրեց, – աշխարքը դինջացավ, դահիճքը կատաղեցին: Էս միջոցին խաբար հասավ Սահակ աղին: Էս Երևանու հայերի փրկիչը, որ ազգով, պապով Էնքան հոգի, տուն ազատել էին բանտից, մահից, սրից, թրից, որ թիվ ու համար չկա: Ձին թամքած՝ տանը հազիր էր. թռավ ձիու քամակը ու նոքար, բեքար առաջն արած՝ է՛ն սհաթին հասավ բերդի դուռը, որ կնիկ, օղլուշաղ, քար, հող ուզում էին պոկեն, գլխըներին տան, բայց քարն Էնքան անիրավ չէր, որքան անաստված ֆառաշները: Ձին որ չքշեց մեկի վրա ու ղամշով գլխին տրաքացրեց, տասը տեղ գունդ ու կծիկ անելով մնաց քամակի վրա ընկած:

– Հենց է՛ս սհաթին փորդ վեր կածեմ, – ասեց, – սա՛տկած շուն, քո ի՞նչ հադդն ա կնիկարմատի ձեռ վրա բերես: Կապեցե՛ք էդ շներին, հենց էս սհաթին դրանց թոզը քամուն տալ տամ, դրանց սոյին նա՛լլաթ:

էս խոսքի վրա նոքարները էլ վախտ չի՛ կորցրին, վրա թափեցին ու հենց, էն ա, էստեղ-էնտեղ շատին բողմիշ արել, ուզում էին ոտ ու ձեռ կապեն, որ բիրդան Սվանղուլի խանը բերդիցը դուս էկավ: Թուրքերի միջին, կարելի է, մեկն էլա էնքան հայի թասիբը չէր քաշում, ինչքան էս օրհնած խանը: Նրան էլ որ էն դհիցը դուս գալիս չտեսան, թուրք, հայ մնացին փետացած, կանգնած: Բայց ո՞վ էր կարող էս հադաղին էն նաչար, ջրատար եսըրների օղլուշաղի ձեռ ու ոտ կապիլ: Հարայ տվին ու ընկան ձիու ոտը.

– Խա՛ն, գլխովդ ման տանք, ոտիդ հո՛ղ դառնանք, մեր ձեռն ա, քո` փեշը, վերևումն` աստված, ներքևումը` դու. մեզ տա՛ր, ջուրն ածի՛ր, մեզ էստեղ սպանի՛ր, սուրը քաշի՛ր, ձիուդ ոտի տակին մատաղ արա , մեզ մի ճար արա՛:

Բարեսիրտ խանը ձին ետ քաշեց, ֆառաշներին ղամշելով դեն արեց, որին իսկույն վեր քցիլ, բերանը հող ածիլ տվեց, որի ատամներն ու գլուխը մաշկի նալչով լավ տրորիլ տվեց, մյուսներին էլ բերդն արեց ու ինքը աղլուխը աչքին դրած՝ սկսեց ձեռը մելիք Սհակի գոտիկը քցիլ ու ասիլ.

– Ա՜խ, ճամփեն փուշ ու տատասկ դառնար էս անիծած ղաջարի, որ մեր հողը չմտներ: Աշխարքը քանդեցին, աստված մեկ քար էլա չի՛ քցում սրանց գլխին, որ սատկին, փչանան: էս ի՞նչ ա էս խեղճ խալխի հալը: Մեկ աղջկա խաթեր էսքան տուն քանդիլն աստված ի՞նչպես ա ղաբուլ անում: Աստված մեր թուրը մեկ օր մեր սիրտը կցցի, էս զուլումին քարը չի՛ դիմանալ, ո՞ւր մնա մարդը: Գնա՛նք, Մա՛լիք, գնա՛նք, կես սհաթ որ ետի վրա հասնինք, էն խեղճ բռնվածների տունը կքանդեն՝ յա աչքները կհանեն, յա գլխըները կկտրեն: Աֆա՛րիմ, Ա՛ղասի. էս սհաթին էստեղ ըլի, աչքին պաչ կանեմ: Ռաշիդ տղեն էնպես կըլի, ամա ի՞նչ անես, որ անօրենի ձեռի ենք մնացել: Գնա՛նք, վախտ կորցնիլ պետքը չի:

էսպես խոսեց էս արժանահիշատակ թուրքը, որ ամեն սհաթի հայելի համար գլուխը ետ էր դրած: Նոքարներին հրամայեց, որ էն կնանոնցն ու Թագուհուն իր տունը տանին, ընչանք ինքը գա, ու ինքը Սհակ աղի հետ մտավ բերդը: Ղարավուլները սրանց որ տեսան, մնացին փետացած կանգնած: Երևանու բնիկ թուրքերը, որ հայի հետ մեկտեղ մեծացել, ախպոր պես էին վարվում, սարդարին, Հասան խանին անիծելով, թքելով, ղզլբշի վրա ատամները ղրճտացնելով՝ քիչ-քիչ քաշվեցին ու դեմը գնում էին, դեմը ասում.

– Տե՛ր աստված, ե՞րբ կըլի, որ քո ողորմության դուռը բացվի, ու մենք էս անիծած ղզլբաշի ձեռիցը մեկ օր ազատվինք:

Չունքի սրանք երլու ըլելով` չէին ուզում մեկ օր էլա նրանց ծառայեն, ու շատ անգամ հայերի հետ միացել, քշել էին նրանց, ամա թրի զոռով էկել, էլ ետ երկիրը զավթել էին:

– Սարդա՛ր գլխի՛դ ղուրբան, – ասացին Սվանդուլի խանն ու Սհակ աղեն ու ձեռ-ձեռի տված՝ ընկան դիվանխանեն հենց է՛ն սհաթին, որ խեղճ հայերի կռներն ու աչքերը կապել, չոքացրել էին, որ գլխըները տան:

Դահիճները թուրըները սրել, գլխըներին կանգնել էին: – Սա՛րդար, մեր գլուխն էլ սրանցի հետ տո՛ւր, – ասեցին, չոքեցին ու ուզում էին իրանց ձեռովն իրանց աչքը կապեն: – Տուն, մալ, դովլաթ, օղլուշաղ, ղովում, ղարդաշ՝ գլխիդ եսիր ըլին: Ձեռըներիցը բռնի՛ր, ջուրն ածի՛ր, մեր հոգին ա՛ռ ու էս անմեղ խալխին սուրը մի՛ քաշիր: Սարը քո առաջին գլուխ չի բարձրացնիլ, ծովը, քեզ տեսնելիս, բերանը կփակի, ոտդ թափ տաս` երկիրը թև կառնի, կթռչի. արարած աշխարքը թրիդ առաջին ղուլ ա դառել. անունդ երկնքումն ա ձեն տալիս, ոտդ որտեղ դնում ես, ծաղիկ է դուս գալիս, աչքդ որտեղ քցում ես, արեգակ է բաց ըլում. Ի՞նչպես ես մեկ լաչար աղջկա խաթեր, մեկ-երկու նոքարի խոսքով՝ Էսքան տուն քանդում. Բաս ո՞ւր մնա քո ռահմն ու քյարամաթը, որ ալամ աշխարք տեսել, զարմացել ա: Ի՞նչպես էս Էդ հալալ բերնիդ լայեղ տեսնում, որ սրանց արինը վեր ածիլ տաս: Քո քոշք ու սարեն ողորմության դուռն ա, ընչի՞ ես արնի տեղ շինում: Սրանց ծեր հասակին, սրանց խեղճ եթըմներին խնայի՛ր: Սրանք ի՞նչ են արել, որ մեկ տղի, մեկ թուլի, հարամու գլխին եսիր ես անում: Երկինքն էլ ա քոնը, ի՜նչ թե երկիրս: Արարած աշխարքս քե՛զ ա գլուխ վեր բերում. մեկ աղջիկն ի՞նչ ա, որ նրա խաթեր քո խալխի տունն ուզում ես քանդես: Աղջիկ ես ուզում, հազարը կա: Ո՞ւմ աչքդ առնի, որ քեզ մատաղ չըլի: Մեր ջանն ուզի, որ քեզ տանք, աղջիկն ո՞ւմ շունն ա: Դո՞ւ չես, որ հալալ բերնովդ ամեն օր ասում ես. Հայերը քո աջու թևն են, քո երկիրը շենացնողը, խազինեդ լցնողը. քո թուրը կտրուկ, երեսդ պարզ անողը նրանք են: Ի՞նչ կըլի, որ էս սհաթին քո ցասումդ մեզ վրա թափես, սրանց խեղճ գաս: Ասլանին ի՞նչ փառք՝ գառի գլուխը ջարդի: Չէ՛, սրանք քո չրաղն են, քո ըմբրիդ դվաչին. Ընչի՞ ես նհախ տեղը կորցնում: Անողը պետք է բռնած, սրանք ի՞նչ մեղք ունին: Ում ձեռն արնոտ ա, նրա աչքը պետք է հանած, սրանք ի՞նչ են արել: Սա՛րդար, երկնքի, երկրի տե՛ր, սա՛րդար. Դու չես մեր շլինքը տալ, մե՛նք մեր թուրը մեր սիրտը կխրենք: Թե մեր արինը քեզ համար թանկ ա, սրանց գլուխը մեզ բաշխի՛ր: Քո դռան շունն ենք, մեզ մի՛ կորցնի՛ր:

էսպես աղաչանք արին ու չոքըչոք, թրըները տարան, սարդարի առաջին դրին, ոտի տակն ու փեշը համբուրեցին, երեսներին քսեցին ու գլխները գետնին կպցրին, որ տեսնին, թե բանն ինչպես ա վերջանում:

– Ձեռներս կապում եք, Խա՛ն, Մալի՛ք, – սկսեց սարդարը բերանը բանալ, – ի՞նչ անեմ. Ի՞նչ կըլեր, մի քիչ ետի էիք էկել: Ինչքան բարկացած էլ որ ըլիմ, ձեզ տեսնելիս՝ թուրը ձեռիս, ձեռս թուլանում ա: Մինչև ե՞րբ էս կրակը մեր երկիրն էրի: Հայ ազգը ո՛չ թրից ա վախենում, ո՛չ թվանքից, ո՛չ թոփից: Կրակն ես քցում, էլի իր հավատն ա պաշտում, ծառին ես կախ անում, միսը պոկում, բերանը տալիս, էլի իր խաչն ա պաշտում, իր Քրիստոսի անունը տալիս: էս մեկ կտոր փետն ի՞նչ ա ախր, որ սրանք էսպես ապավինել են. որդին ես քշում, ինքն ա հետը կրակն ընկնում, հորն ես բռնում, որդին ա գլուխը մահի տալիս: Սրանց մեկ կնիկ են տալիս, մեր օրենքը՝ քանի որ քեֆդ ուզի: Ռահաթություն, մշակություն են անում, բուրդ հաքնում, ցամաք հացի կարոտ, մենք սրանց խանություն, բեկություն, աշխարք, պատիվ, դովլաթ, մեծություն ենք տալիս, ախր ընչի՞ համար չեն խելքի գալիս, մեր մասսաբին, օրենքին հավանում, մեր հավատը ընդունում, պաշտում: Բոլորը ջնջես՝ աշխարքը կքանդվի, չունքի երկիր շենացնողը, հաց տվողը սրանք են: Արևի, անձրևի, կոռի, բեգյարի տակին չորացել, չոփ են դառել, էլի որ մեկի մազին դիպչում ես, ասլան ա դառնում, մարդի պատռում: էսքան մեր ազգը սրանց կոտորեց, եսիր տարավ, աշխարքը քանդեց, էլի խելքի չէկան: Շահություն էլ որ խոստանում ես, իրանց գլուխն են դեմ անում, էլ ի՞նչ ասես: Մեկ մարդ փլավի, մսի տեղ խոտ, բանջար ուտի, ամսներով պաս պահի, ցամաք հացի ապով մնա, ախր էն գլխումն էլ ի՞նչ խելք կըլի: Ախր ի՞նչ սատանա է սրանց սիրտը մտել, սրանց ճամփից հանում:

Մեր փեղամբար Մահմադն ասում ա` թշնամուդ աչքը հանի՛ր. սրանց Քրիստոսն հրամայում, որ նրան սիրես, քո աչքդ հանես, նրան տաս, նրան օրհնես, թե քեզ հալածի: էս խե՞լք ա: Հավն էլ իր ճուտը ուրուրին չի տալիս, սրանք ո՞նց են իրանց որդիքը իրանց ձեռովը մատաղ անում: Մեկ սիրտ անեն, մեր հավատն ընդունին, տեսնին՝ մեր շահն ի՞նչ փառքի սրանց կհասցնի: Ջաֆար խանին թո՛ղ մտիկ անեն, մեկ ղարաբաղցի հոտաղի տղա էր, որ եսիր արի, հմիկ աշխարքի տեր ա դառել: Խոսրով խանն ո՞վ էր, ո՞ւմ որդի, Էնպես էլ՝ Մանուչար-խանը. հմիկ սաղ Իրանը զավթել են. շահն էլ են նրանք, Շահզադեն էլ: Շահի հոգին նրանց ձեռին ա. Ասեն` նստի, կնստի, վե՛ր կա՛ց, վեր կկենա, ինձ նման հարիր սարդար, խան, շահզադա նրանց ձեռին են մտիկ տալիս: Ստամբոլ են գնում հայի տղերքը՝ վազիր ու փաշա են դառնում. Թեհրան են ընկնում՝ նազիր ու խան. սրանից ավելի էլ ի՞նչ պատիվ կուզի մարդ, որ ստանա, ու սրանք Էսպես քարացել, ոչինչ չեն ընդունում: Մեր կուռը բեզարեց՝ սրանց կոտորելով, մեր թուրը գլացավ` սրանց սպանելով, սրանք էլի, հենց գիտես, թե խիարի սերմ ըլին. մեկ ղրաղիցը կտրում ես, մյուս ղրաղիցը դուս են գալիս, էլի հասնում. էլի կտրածի տեղը բռնում:

Մարդ կուզի՝ օր քաշի, կյանք վայելի, սրանք իրանց կյանքը իրանք են մահու տալիս, իրանց օրը իրանք խավարացնում: Մեռնին իրանց հավատովը` դժոխքը պետք է գնան, սատանի ձեռքը: Մեկ կտոր պանիր ուտիլն, մեկ ուշունց տալն, մեկ արած մեղքը չասիլն ի՞նչ զատ է, որ սրանք Էնպես կարծում են, թե իրանք դևի փայ կըլին, թե որ չպահեն: Մեր հավատովը՝ կե՛ր, քանդի՛ր, խլի՛ր, սպանի՛ր, քեֆ արա՛, աշխարքի վայելչությունը քաշի՛ր: Կնիկդ փիս ա, դո՛ւս արա, ուրիշն ա՛ռ. Ո՛չ պաս, ո՛չ ծում, աչքդ ի՞նչ սիրի, Էն կե՛ր, Էն հաքի՛ր, մաշի՛ր. մեկ չոռ ասողի աղիքը վե՛ր ածա, քեզ ծուռը մտիկ անողի աչքը հանի՛ր, էլի որ մեռնիս, գնա՛ Էն կյանքը, ի՞նչ դժոխք, ի՞նչ պատիժ, առաջիդ էլի հազար մոյդա ու աղջիկ պար կգան, քեզ քեֆ շհանց կտան, վարդի ջուրն երեսիդ կթափի, ոսկեջուրն տակովդ կերթա, սրանից ավելի փա՜ռք: Էստոնք թողած՝ հոգի ու հավատ կորցրել են էս հիմարները, էս դինումը ջոկ են տանջվում, էն դինումը հո, էլ ի՞նչ ասիլ կուզի, չունքի դրախտի բանալիքը մեր փեղամբարի ձեռին ա: Ո՛չ սրից են վախում, ո՛չ փառքից խաբվում: Ծծկեր երեխեն էլ, թուրքի անունը տալիս, ուզում ա՝ մարդի կտրատի: էլ ի՞նչպես համբերես, համբերությունը մեկ օր կըլի, երկու օր: Սաղ Իրան հարիր անգամ սրանց գլխին փուլ էկավ, էլի տակիցը դուս էկան, շունչ առան ու տեղն ընկած վախտը մարդի սաղ-սաղ ուտում են, սրանց արածին ո՞վ կդիմանա: Հմիկ էլ մեկ գյադա իմ ղլերին (ծառա) ա սպանել. ախր ի՞նչ անեմ. սիրտս բերնովս դուս ա գալիս, ի՞նչպես չի սրանց ղիմա-ղիմա անես: Ախր նա էս օձերի ճուտն ա. ընչանք մորը չսպանես ձագը ձե՞ռ կընկնի:

Խա՛ն, Մա՛լիք, էլի ասում եմ՝ սրանց արածը տանելու չի, ամա դո՛ւք եք Էկել իմ դուռը, ի՞նչ անեմ, ի՞նչպես ետ դարձնեմ: Որ սիրտս ուզեք գիտեք, որ կհանեմ, ձեզ կտամ: Սրանց գլուխը ձեր արևին սադաղ. թո՛ղ բխով քցեն դրանց ոտներն ու շլինքը, ու բերդումն ընչանք մնան, մինչև սուչլուն ինքն իրան ետ գա: Հորնըմոր արինը քաղցր ա, վաթանի հողն ու ջուրն՝ անոշ: Թո՛ղ սրանք գրեն իրանց տղերքանցը, խրատեն, որ ետ դառնան, թե չէ բանը փիս կգա: Կուզեմ, որ է՛ն, է՛ն, է՛ն բեդովլաթ Աղասուն մեկ էլ տեսնիմ, մեկ էլ էն սուրահի բոյին նայեմ, հետո միսը բերանը տամ, որ սրտումս դարդ չմնա: Թո՛ղ նա էլ, ուրիշներն էլ լա՛վ իմանան, թե սարդարի հրամանը գետինը չի՛ պետք է քցած, սրբի պես պաշտած, որ մեկն էլա չի՛ համարձակի էսպես բանն անիլ: Թե չէ՝ հայերը գել կդառնան, մեզ կուտեն: էլ էս երկրումը կենալ չի՛ ըլիլ:

Ասում եմ ձեզ, ա՜յ աղսախկալուք (ծերունիք), ղուռանի զորությունը գիտենա, թև առնին ձեր որդիքը, երկինքը թռչին, էլի նրանց վեր բերիլ կտամ, գետնի տակը մտնին յա ծովի, կհանեմ, թիքա-թիքա կանեմ, նրանք որ չգան, սաղ հայ ազգը թոփի բերնին կապիլ, քցիլ կտամ, թե խելք ունին, ձեզ խեղճ գան, ետ դառնան: Հազար ձիավոր նրանց ետևիցն ընկած` սար ու ձոր ոտի տակ են տալիս, ղազախ, ղարափափախ՝ նրանց արինը խմում, թե մեկ ձեռս են ընկել, մեծ թիքեն անկաջները կմնա, ձիու պոչից կապիլ, քաշ տալ կտամ, թո՛ղ ձեզ խաթր անեն, ետ գան, թե չէ, որ ես բերիլ տվի, ո՛չ դուք կպրծնիք, ո՛չ նրանք: Քյաբ ու ղուռանով, շահի գլխովն օրթում եմ ատում, ասածս ասած ա, դուք գիտեք: Գնացե՛ք, էսօր կգան ազատ եք, էգուց կգան՝ նմանապես: Ձեր ու ձեր խալխի կյանքը նրանցիցն ա կախ. թե ետ գան, բալքի թե սիրտս ռահմ ըլի ընկած, բարկությունս անց կենա, նրանց սպանեմ. Սար ու ձոր առաջիս դողում են, նրա՞նք պետք է ինձ դեմ կենան: Գնացե՛ք, միտք արե՛ք, ձեր գլխի դարդը քաշեցե՛ք:

էս խոսքի վրա Սվանղուլի խանն ու Սհակ աղեն վեր կացան, աթոռի ոտն ու սարդարի փեշը համբուրեցին ու հազար անգամ գլուխ տալով, ոռըոռ անելով դուս գնացին:

Բանտը բաց արին, ու մեր խեղճ քեդխուդեքը մտան ներս, դուռը վրըները փակեցին, նրանք աչքըները բաց արին: Թագուհին էլ էնքան ոտին-գլխին տվել, երեսը չանգռել էր, որ էլ սարդարի երեսը չկարացին բերել: Սվանղուլի խանը տարավ իր տունը, որ նրա հոգսն էլ քաշի, նրան էլ ճար անի: